Գլխավոր տեղեկություն
Համար
N 128-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (05.08.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.12.09/24(567).1 Հոդ.318.10
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
09.11.2016
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.12.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 նոյեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60616394

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

9 նոյեմբերի  2016 թ.
ք. Երևան

N 128-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ, ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, 51-րդ հոդվածի 2-րդ մասի 24-րդ կետով և 63-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

(նախաբանը փոփ. 03.08.22 N 56-Ն)

1. Սահմանել քրեակատարողական հիմնարկներում հաշվառված ընտրողների թիվը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու, քրեակատարողական հիմնարկներում քվեարկությունը նախապատրաստելու, կազմակերպելու և անցկացնելու կարգը` համաձայն Հավելվածի:

2. Քրեակատարողական հիմնարկներում ընտրողի անձը հաստատող փաստաթուղթ է համարվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի կողմից հաստատված` կալանավորված անձի քվեարկությանը մասնակցելու անձը հաստատող վկայականը` կալանավորված անձանց համար, դատապարտյալի քվեարկությանը մասնակցելու անձը հաստատող վկայականը` դատապարտյալների համար:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2016 թ. նոյեմբերի 9-ի N 128-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ, ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Ազգային ժողովի ընտրությունների, հանրաքվեի ժամանակ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում (այսուհետ` քրեակատարողական հիմնարկ) հաշվառված ընտրողների թիվը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու և քրեակատարողական հիմնարկներում քվեարկությունը նախապատրաստելու, կազմակերպելու և անցկացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Կալանավորված անձանց և դատապարտյալների քվեարկությունը նախապատրաստում է քրեակատարողական հիմնարկի պետը: Կալանավորված անձանց և դատապարտյալների քվեարկությունը կազմակերպվում և անցկացվում է քրեակատարողական հիմնարկում կազմավորված տեղամասային կենտրոնում:

3. Քրեակատարողական հիմնարկի պետը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 43 օր առաջ սահմանում է տեղամասային կենտրոն և այդ մասին տեղեկացնում համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին:

(3-րդ կետը փոփ. 03.08.22 N 56-Ն) 

4. Քրեակատարողական հիմնարկում հաշվառված ընտրողների ցուցակում ընդգրկվում են քվեարկության օրը 18 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կալանավորված անձինք և ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների համար դատապարտված և ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալները (այսուհետ` ընտրողներ):

(4-րդ կետը փոփ. 11.01.17 N 10-Ն)

5. Քրեակատարողական հիմնարկի պետը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր, 5 օր և 3 օր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում Քրեակատարողական հիմնարկում հաշվառված ընտրողների թիվը:

Քրեակատարողական հիմնարկում հաշվառված ընտրողների թիվը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում` ըստ քրեակատարողական հիմնարկների` քրեակատարողական հիմնարկի պետի ստորագրությամբ վավերացված գրությամբ:

6. Քրեակատարողական հիմնարկում հաշվառված ընտրողների ցուցակը կազմում է քրեակատարողական հիմնարկի պետը` քվեարկության օրվանից 3 օր առաջ` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան: Քրեակատարողական հիմնարկում հաշվառված ընտրողների ցուցակում «Հաշվառման վայրի հասցեն» սյունակում լրացվում է համապատասխան քրեակատարողական հիմնարկի հասցեն:

Քրեակատարողական հիմնարկում կազմվող ընտրողների ցուցակը էջակալում, ցուցակի յուրաքանչյուր էջ ստորագրում և կնքում է քրեակատարողական հիմնարկի պետը: Քրեակատարողական հիմնարկում կազմվող ընտրողների ցուցակներն էլեկտրոնային եղանակով չեն կազմվում:

Քրեակատարողական հիմնարկի պետը քվեարկության օրվանից 2 օր առաջ ընտրողների ցուցակը հանձնում է քրեակատարողական հիմնարկում կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին:

7. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրվանից 10 օր առաջ քրեակատարողական հիմնարկ է ուղարկում Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական քարոզչության, ինչպես նաև հանրաքվեի վերաբերյալ հանձնաժողովի տրամադրության տակ գտնվող նյութերը:

(7-րդ կետը փոփ. 03.08.22 N 56-Ն)

8. Յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկի համար քվեարկության սկիզբը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Քրեակատարողական հիմնարկում քվեարկությունն անցկացվում է ժամը 9.00-ից հետո` կախված ընտրողների թվից, սակայն այն հաշվարկով, որ քվեարկությունն ավարտված լինի ժամը 20.00-ին:

Քրեակատարողական հիմնարկում տեղամասային ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքների ամփոփումն սկսում է ժամը 20.00-ին` անկախ ընտրողների թվից:

9. Քրեակատարողական հիմնարկներում կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովներին տեխնիկական սարքավորումներ չեն տրամադրվում և ընտրողների գրանցումն իրականացվում է առանց տեխնիկական սարքավորման կիրառման:

Քրեակատարողական հիմնարկում քվեարկությունը կազմակերպելու նպատակով. հանձնաժողովի անդամն ստուգում է ընտրողի ինքնությունը, քրեակատարողական հիմնարկում հաշվառված ընտրողների ցուցակում գտնում է ընտրողի տվյալները, որից հետո ընտրողն ստորագրում է իր անվան դիմաց, հանձնաժողովի անդամը դնում է իր անհատական կնիքը ստորագրության դիմաց, որից հետո հանձնաժողովի անդամը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով լրացնում է համարակալված կտրոնը` նշելով, թե որ ցուցակի ընտրող է, ցուցակում ընտրողի հերթական համարը, անհատական կնիքով կնքում է քվեարկության կտրոնը և հանձնում ընտրողին:

Քվեարկության կտրոնը ստանալուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է հանձնաժողովի` քվեաթերթիկների և քվեարկության ծրարների տրամադրման համար պատասխանատու անդամին և ներկայացնում քվեարկության կտրոնը, որից հետո հանձնաժողովի անդամն ընտրողին է տրամադրում ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մեկական քվեաթերթիկ և քվեարկության մեկ ծրար (հանրաքվեի քվեարկության դեպքում` մեկ քվեաթերթիկ և քվեարկության մեկ ծրար): Ընտրողը չի կարող հրաժարվել բոլոր քվեաթերթիկներն ստանալուց: Ընտրողն անցնում է քվեարկության խցիկ` քվեարկելու:

Ընտրողն ընտրություններին մասնակցող կուսակցություններից որևէ մեկին ընտրում է այդ կուսակցության քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դնելու միջոցով: (նախադասությունը հանվել է 11.05.21 N 16-Ն) Քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դրվում է առանց ծալելու: Չօգտագործված քվեաթերթիկները գցվում են քվեարկության խցիկում տեղադրված առանձին տուփի մեջ:

Քվեարկելուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է քվեատուփի մոտ ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու անդամին և նրան է հանձնում քվեարկության կտրոնը: Հանձնաժողովի անդամն ստուգում է կտրոնը, որից հետո առանց քվեարկության ծրարն ընտրողից վերցնելու քվեարկության ծրարի կտրվածքի միջով քվեաթերթիկին է փակցնում ինքնասոսնձվող դրոշմանիշը, բացում է քվեատուփի ճեղքը և ընտրողին հնարավորություն է ընձեռում քվեարկության ծրարը գցելու քվեատուփի մեջ:

(9-րդ կետը փոփ. 11.05.21 N 16-Ն)

 10. Վստահված անձինք, դիտորդները, այցելուները և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվելու քրեակատարողական հիմնարկում կազմավորված տեղամասային կենտրոնում անցկացվող քվեարկությանը և/կամ արդյունքների ամփոփման նիստին, քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացնում գրավոր հայտ` նշելով հայտատուի անունը, ազգանունը, տվյալ ընտրական գործընթացում հայտատուի կարգավիճակը, այն քրեակատարողական հիմնարկի անվանումը, որում կազմավորված տեղամասային կենտրոնում հայտատուն ցանկանում է ներկա գտնվել: Հայտին կից ներկայացվում են.

1) հայտատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

2) տվյալ ընտրական գործընթացում հայտատուի կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը:

(10-րդ կետը փոփ. 03.08.22 N 56-Ն)

11. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրվանից 5 օր առաջ քրեակատարողական հիմնարկ մուտքի իրավունք ստանալու նպատակով քրեակատարողական հիմնարկի պետին է ներկայացնում այն վստահված անձանց, դիտորդների, այցելուների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ցուցակը, որոնք ցանկություն են հայտնել ներկա գտնվելու քրեակատարողական հիմնարկում կազմավորված տեղամասային կենտրոնում` քվեարկության ընթացքին հետևելու նպատակով, և արդյունքների ամփոփման նիստին:

(11-րդ կետը փոփ. 03.08.22 N 56-Ն)

12. Յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկում կազմավորված տեղամասային կենտրոնում անցկացվող քվեարկությանը հետևելու, ինչպես նաև ամփոփման նիստին ներկա գտնվելու իրավունք ունի յուրաքանչյուր զանգվածային լրատվության միջոցը ներկայացնող մեկ լրագրող և մեկ լուսանկարիչ կամ տեսաձայնագրման մեկ օպերատոր, յուրաքանչյուր միջազգային կազմակերպությունից` մինչև երկու դիտորդ` թարգմանչի ուղեկցությամբ, իսկ տեղական դիտորդների դեպքում` յուրաքանչյուր կազմակերպությունից մեկ դիտորդ, իսկ համատեղ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններից միասնական՝ երկու դիտորդ:

(12-րդ կետը լրաց. 03.08.22 N 56-Ն)

13. Վստահված անձինք, դիտորդները, այցելուները և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները քրեակատարողական հիմնարկ մուտքի և ելքի ժամանակ պարտավոր են պահպանել քրեակատարողական հիմնարկ մուտքի և ելքի սահմանված կարգը և ենթարկվել քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից ներկայացվող պահանջներին:

(հավելվածը փոփ. 11.01.17 N 10-Ն, 11.05.21 N 16-Ն, փոփ., լրաց. 03.08.22 N 56-Ն)