ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 նոյեմբերի 2019 թվականի |
թիվ 193 |
քաղ. Մոսկվա |
«ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 7-րդ և 44-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ «Էլեկտրաէներգետիկայի հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» հիմնադրույթը:
2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հունիսի 28-ի «Էլեկտրաէներգետիկայի հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» թիվ 194 որոշման 2-րդ կետը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 193 որոշմամբ |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
Էլեկտրաէներգետիկայի հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին
I. Ընդհանուր դրույթներ
1. Էլեկտրաէներգետիկայի հարցերով խորհրդատվական կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ստեղծվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային (այսուհետ համապատասխանաբար՝ Հանձնաժողով, Կոլեգիա) առընթեր՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 7-րդ և 44-րդ կետերին համապատասխան՝ խորհրդակցություններ անցկացնելու, ինչպես նաև Հանձնաժողովի համար էլեկտրաէներգետիկայի բնագավառի այնպիսի հարցերով առաջարկություններ և հանձնարարականներ նախապատրաստելու նպատակով, որոնք վերապահված են Հանձնաժողովի իրավասությանը:
2. Կոմիտեն իր գործունեությունն իրականացնելիս առաջնորդվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի մաս կազմող միջազգային այլ պայմանագրերով և ակտերով, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգով, ինչպես նաև սույն Հիմնադրույթով։
II. Կոմիտեի գործառույթները
3. Կոմիտեն, իր իրավասության շրջանակներում, իրականացնում է հետևյալ գործառույթները՝
ա) քննարկում է այն հարցերը, որոնց շուրջ Կոլեգիան պարտավոր է Կոմիտեի շրջանակներում անցկացնել խորհրդակցություններ` մինչև Հանձնաժողովի կողմից որոշում կայացնելը.
բ) նախապատրաստում է Հանձնաժողովի համար առաջարկություններ և հանձնարարականներ հետևյալ հարցերով՝
Միության շրջանակներում միջազգային պայմանագրերի և էլեկտրաէներգետիկայի (այդ թվում՝ Միության էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորմանը, գործունեությանը և զարգացմանը վերաբերող) բնագավառում Միության մարմինների ակտերի կատարելագործում.
Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ)՝ էլեկտրաէներգետիկայի բնագավառում օրենսդրության ներդաշնակեցում՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի XX բաժնով նախատեսված ակտերին համապատասխան.
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման և գործունեության մշտադիտարկում.
գ) քննարկում և հավանություն է տալիս Հանձնաժողովի այն դեպարտամենտի առաջարկություններին, որի իրավասությանն են վերապահված Կոմիտեի գործունեության ուղղությունների (այսուհետ՝ պատասխանատու դեպարտամենտ), էլեկտրաէներգետիկայի բնագավառում ծրագրվող գիտահետազոտական աշխատանքների մշակման հարցերը, քննարկում է նշված աշխատանքների նախնական արդյունքները և անհրաժեշտության դեպքում պատրաստում է հանձնարարականներ դրանց լրամշակման վերաբերյալ.
դ) նախապատրաստում է եզրակացություններ իր իրավասության շրջանակներում ընդգրկված հարցերի վերաբերյալ.
գ) իրականացնում է այլ գործառույթներ իր իրավասության սահմաններում:
III. Կոմիտեի կազմը
4. Կոմիտեի կազմը ձևավորվում է անդամ պետությունների պետական իշխանության մարմինների ներկայացուցիչներից, այդ թվում՝ այդ մարմինների (այսուհետ՝ լիազոր ներկայացուցիչներ) ղեկավարներից (ղեկավարների տեղակալներից)։
Անդամ պետությունների առաջարկով Կոմիտեի կազմում կարող են ընդգրկվել անդամ պետությունների գործարար համայնքների, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ անկախ փորձագետներ:
Անդամ պետությունները Կոլեգիային ժամանակին տեղեկացնում են Կոմիտեում իրենց ներկայացուցիչների փոխարինման անհրաժեշտության մասին, ինչպես նաև ներկայացնում առաջարկություններ դրա կազմում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Կոմիտեի կազմը հաստատվում է Կոլեգիայի կարգադրությամբ:
5. Կոմիտեի նիստերին նախագահում և Կոմիտեի աշխատանքների ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Կոլեգիայի այն անդամը, որի իրավասությանն են վերապահված էլեկտրաէներգետիկայի բնագավառին առնչվող հարցերը (այսուհետ՝ Կոմիտեի նախագահ):
6. Կոմիտեի նախագահի հրավերով կամ լիազոր ներկայացուցիչների առաջարկություններով Կոմիտեի նիստերին կարող են մասնակցել պետական իշխանության մարմինների, անդամ պետությունների գործարար համայնքների, հասարակական և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ անկախ փորձագետներ, ինչպես նաև Հանձնաժողովի պաշտոնատար անձինք և աշխատակիցներ:
7. Կոմիտեին առընթեր կարող են ստեղծվել ենթակոմիտեներ և (կամ) աշխատանքային (փորձագիտական) խմբեր՝ Կոմիտեի գործունեության ուղղությունների հետ կապված հարցերի կարգավորման համար:
Ենթակոմիտեների և (կամ) աշխատանքային (փորձագիտական) խմբերի կազմերը ձևավորվում են Կոմիտեի կողմից անդամ պետությունների առաջարկություններով՝ պետական իշխանության մարմինների, անդամ պետությունների գործարար համայնքների, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից, այլ անկախ փորձագետներից:
8. Կոմիտեի նախագահը՝
ա) ղեկավարում է Կոմիտեի գործունեությունը և կազմակերպում է Կոմիտեի վրա դրված խնդիրների կատարման աշխատանքները.
բ) համաձայնեցնում և հաստատում է Կոմիտեի նիստի օրակարգը, Կոմիտեի անդամների՝ սույն Հիմնադրույթի 14-րդ կետի համաձայն ուղարկած առաջարկությունների հիման վրա կատարում է փոփոխություններ նշված օրակարգում, ինչպես նաև որոշում է Կոմիտեի նիստի անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը.
գ) վարում է Կոմիտեի նիստերը.
դ) հաստատում է Կոմիտեի նիստերի արձանագրությունները.
ե) տեղեկացնում է Կոլեգիային և Հանձնաժողովի խորհրդին՝ Կոմիտեի կողմից մշակված և Կոմիտեի իրավասությանը վերապահվող հարցերի վերաբերյալ հանձնարարականների ու առաջարկությունների մասին.
զ) հաստատում է ենթակոմիտեների, աշխատանքային (փորձագիտական) խմբերի վերաբերյալ դրույթները և դրանց կազմը .
է) ներկայացնում է Կոմիտեն Կոլեգիայի և Հանձնաժողովի խորհրդի նիստերին, ինչպես նաև անդամ պետությունների պետական իշխանության մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.
ը) իրականացնում է այլ գործառույթներ Կոմիտեի իրավասության սահմաններում:
9. Կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվում պատասխանատու դեպարտամենտի ղեկավարը:
10. Կոմիտեի նախագահի տեղակալը կատարում է Կոմիտեի նախագահի գործառույթները վերջինիս բացակայության դեպքում՝ կապված նրա ժամանակավոր անաշխատունակության, արձակուրդի կամ գործուղման հետ:
IV. Կոմիտեի աշխատակարգը
11. Կոմիտեի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության:
Կոմիտեի նիստի անցկացման մասին որոշումն ընդունվում է Կոմիտեի նախագահի կողմից:
12. Կոմիտեի նիստի օրակարգի նախագիծը և դրան կից նյութերը Կոմիտեի անդամներին ուղարկվում են ոչ ուշ, քան Կոմիտեի նիստի անցկացման օրվանից 15 օրացուցային օր առաջ:
13. Կոմիտեի նիստի օրակարգի վերաբերյալ նյութերը ներառում են՝
ա) քննարկվող հարցերին առնչվող տեղեկանքներ.
բ) քննարկմանն առաջարկվող փաստաթղթերի նախագծեր (առկայության դեպքում).
գ) անհրաժեշտ տեղեկատվական և վերլուծական նյութեր։
14. Կոմիտեի անդամներն իրավունք ունեն ներկայացնելու առաջարկություններ Կոմիտեի նիստի օրակարգում լրացուցիչ հարցեր ընդգրկելու վերաբերյալ ոչ ուշ, քան Կոմիտեի նիստի անցկացման օրվանից 10 օրացուցային օր առաջ: Նշված ժամկետից ուշ ստացված առաջարկությունները Կոմիտեի նիստի օրակարգում ներառվում են բոլոր անդամ պետությունների լիազոր ներկայացուցիչների համաձայնությամբ:
Կոմիտեի անդամները կարող են ներկայացնել առաջարկություններ հարցը Կոմիտեի քննարկումից հանելու վերաբերյալ ոչ ուշ, քան Կոմիտեի նիստի անցկացման օրվանից 5 օրացուցային օր առաջ, եթե նրանց կարծիքով տվյալ հարցը պահանջում է լրացուցիչ մշակում (ներկայացնելով համապատասխան հիմնավորում):
15. Կոմիտեի նիստերը, որպես կանոն, անցկացվում են Հանձնաժողովի շինություններում:
Կոմիտեի նիստը կարող է անցկացվել ցանկացած անդամ պետությունում՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմինների առաջարկությունների հիման վրա ընդունվող՝ Կոմիտեի նախագահի որոշման հիման վրա: Այդ դեպքում ընդունող անդամ պետությունն աջակցություն է ցուցաբերում Կոմիտեի նիստի կազմակերպման և անցկացման հարցում:
Կոմիտեի նախագահի որոշմամբ Կոմիտեի նիստը կարող է անցկացվել տեսաժողովի ռեժիմով:
16. Կոմիտեի անդամները Կոմիտեի նիստերին մասնակցում են անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով։
Կոմիտեի նիստին Կոմիտեի անդամի մասնակցության անհնարինության դեպքում նրա փոխարեն կարող է մասնակցել անդամ պետության պետական իշխանության այն մարմնի կամ կազմակերպության ներկայացուցիչը, ում կողմից պատվիրակված է Կոմիտեի այդ անդամը:
17. Կոմիտեի նիստում հարցեր քննարկելիս Կոմիտեի անդամներն ունեն հավասար իրավունքներ:
Կոմիտեի որոշումներն ընդունվում են փոխհամաձայնությամբ:
Որոշում կայացնելիս յուրաքանչյուր անդամ պետությունից ընտրված Կոմիտեի անդամները՝ միասին վերցված, ունեն մեկ ձայն:
18. Կոմիտեի նիստի արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ:
Այն դեպքում, երբ Կոմիտեի անդամը Կոմիտեի կողմից քննարկվող հարցի վերաբերյալ ունի հատուկ կարծիք, այն գրավոր շարադրվում և կցվում է Կոմիտեի նիստի արձանագրությանը
Կոմիտեի նիստի արձանագրությունը Կոմիտեի նախագահի կողմից հաստատվում է Կոմիտեի նիստի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Պատասխանատու դեպարտամենտը Կոմիտեի անդամներին ուղարկում է Կոմիտեի նիստի արձանագրության պատճենը՝ Կոմիտեի նախագահի կողմից այն հաստատվելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Կոմիտեի նիստին անդամ պետության ներկայացուցիչների՝ հարգելի պատճառներով բացակայության դեպքում պատասխանատու դեպարտամենտը Կոմիտեի նիստի արձանագրության նախագիծն ուղարկում է այդ անդամ պետության էներգետիկայի բնագավառում լիազորված մարմին՝ Կոմիտեի նիստի անցկացման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Էներգետիկայի բնագավառում անդամ պետության լիազորված մարմինը Կոմիտեի նիստի արձանագրության նախագիծն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանատու դեպարտամենտ է ուղարկում Կոմիտեի՝ այդ անդամ պետության պատվիրակված անդամների համախմբված դիրքորոշումը՝ ընդունման համար առաջարկվող որոշումների առնչությամբ:
Ընդունման համար առաջարկվող որոշումների առնչությամբ առարկությունների բացակայության դեպքում Կոմիտեի համապատասխան որոշումները համարվում են ընդունված փոխհամաձայնությամբ:
Կոմիտեի նիստերի արձանագրությունները պահվում են պատասխանատու դեպարտամենտում։
19. Կոմիտեի նիստերին Կոմիտեի անդամների կողմից ներկայացվող առաջարկությունները չեն կարող դիտարկվել որպես անդամ պետությունների վերջնական դիրքորոշում:
20. Կոմիտեի որոշումները կրում են հանձնարարական բնույթ և պարտադիր են կատարման համար՝ Կոմիտեին առընթեր ստեղծված ենթակոմիտեների և (կամ) աշխատանքային (փորձագիտական) խմբերի շրջանակներում:
21. Կոմիտեի (ենթակոմիտեի, աշխատանքային (փորձագիտական) խմբի) աշխատանքներին լիազորված ներկայացուցիչների մասնակցության հետ կապված ծախսերը կրում են իրենց ուղարկող անդամ պետությունները:
Կոմիտեի (ենթակոմիտեի, աշխատանքային (փորձագիտական) խմբի) աշխատանքներին անդամ պետությունների գործարար համայնքների, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, այլ անկախ փորձագետների մասնակցության հետ կապված ծախսերը նշված անձինք կրում են ինքնուրույն:
Կոմիտեի աշխատանքներին Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների մասնակցության հետ կապված ծախսերը հոգում է Հանձնաժողովը։
22. Կոմիտեի գործունեության կազմակերպչական-տեխնիկական ապահովումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից:
23. Կոմիտեի գործունեությունը դադարեցնելու համար հիմք է ծառայում Կոլեգիայի որոշումը:
24. Ենթակոմիտեի և(կամ) աշխատանքային (փորձագիտական) խմբի գործունեությունը դադարեցնելու համար հիմք է ծառայում Կոմիտեի որոշումը։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: