ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 2019 թվականի |
թիվ 48 |
քաղ. Երևան |
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ կետին և 221-րդ հոդվածի 2-ին կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 109 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկը, որոնց ժամանակավոր գտնվելը և օգտագործումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում` «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման, լրացնել հետևյալ բովանդակությամբ կետով՝
«6. Քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռները՝ օդանավերի թռիչքային պիտանելիությունը պահպանելու համար պատասխանատու լիազորված մարմնի կողմից հաստատված՝ ուղևորների տեղավորման սխեմայում (LOPA) նշված, սակայն ոչ ավելի, քան 19 մարդու համար ուղևորատեղերով, 28 000 կգ-ից ոչ ավելի հանդերձված դատարկ ինքնաթիռի զանգվածով (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 30 000 2, 8802 40 001 1 և 8802 40 003 4 ծածկագրեր), հետևյալ պայմանների միաժամանակ պահպանման դեպքում՝
այդպիսի ինքնաթիռներն օտարերկրյա անձանց սեփականություն են,
այդպիսի ինքնաթիռներն օգտագործվում են Եվրասիական տնտեսական միության տարածքում ոչ կանոնավոր (առևտրային չվացուցակից դուրս) չվերթներում,
այդպիսի ինքնաթիռներն օգտագործվում են ոչ եկամուտ ստանալու նպատակով,
եթե այդպիսի ինքնաթիռները նախկինում ձևակերպվել են «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով, այդ թվում՝ բազմիցս և (կամ) տարբեր հայտարարատուների կողմից, ապա ժամկետը, որի ընթացքում այդ ինքնաթիռներն ընթացիկ օրացուցային տարում գտնվել են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, և ժամկետը, որի սահմաններում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ինքնաթիռներն ընթացիկ օրացուցային տարում կարող են ժամանակավորապես գտնվել և օգտագործվել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման, միասին չեն գերազանցում 180 օրացուցային օրը։
Այդպիսի ինքնաթիռների՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության տարածքում ժամանակավոր գտնվելու և օգտագործելու առավելագույն ժամկետը կազմում է նշված մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից 30 օրացուցային օր:»։
2. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային ընթացակարգերի կիրառմանն առնչվող որոշ հարցերի մասին» թիվ 375 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) 1-ին կետի 11-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած.
բ) նշված որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկի 6-րդ կետից, որոնց նկատմամբ սահմանվում են ժամանակավոր ներմուծման ավելի երկար վերջնաժամկետներ, քան Մաքսային միության Մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետները, «բացառությամբ այն ապրանքների, որոնք ներառված են այն ապրանքների կատեգորիաների ցանկում, որոնց նկատմամբ սահմանվում են ժամանակավոր ներմուծման ավելի կարճ վերջնաժամկետներ, քան Մաքսային միության Մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետները» բառերը հանել։
3. Ուժը կորցրած ճանաչել՝
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավոր ներմուծվող ապրանքների ցանկը հաստատելու, ինչպես նաև այդ ազատման պայմանների, ներառյալ՝ դրա վերջնաժամկետների մասին» թիվ 331 որոշմամբ հաստատված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավորապես ներմուծվող ապրանքների ցանկի 27-րդ կետը.
Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 19-ի՝ «Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի թիվ 331 որոշմամբ հաստատված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավորապես ներմուծվող ապրանքների ցանկում լրացումներ կատարելու և Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 375 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 662 որոշման 1-ին կետը և 2-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը.
Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող փոփոխությունների (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 14-ի՝ «Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 375 որոշման և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21 թիվ 30 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 147 որոշման հավելված) 1-ին կետի «ժբ» ենթակետը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|