ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2022 թվականի N 1072-Ա
«ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ «ՀԱՅԿ» ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 417 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին ու 4-րդ կետերը և 64-րդ հոդվածի 2-րդ կետը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետը, 24-րդ հոդվածի 1-ին կետը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ ու 7-րդ մասերը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Սահմանել, որ՝
1) «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է.
2) «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն են անցնում «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.
3) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 417 որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.2-րդ կետով.
«3.2. «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 271.210.02487) միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը՝ 271.210.02511):».
2) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սահմանել, որ՝
1) սույն որոշմամբ մշակութային գործունեությունն է մշակութային արժեքների և առարկաների (օբյեկտների) պահպանումը, ստեղծումը, տարածումը և մեկնաբանումը, մշակութային բարիքների՝ ծառայությունների մատուցումը և արտադրանքի (ապրանքների) իրացումը.
2) «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան է՝
ա. մշակութային գործունեության իրականացումը,
բ. ազգային կինոնկարների (այդ թվում՝ խաղարկային, մուլտիպլիկացիոն և վավերագրական ֆիլմեր՝ ներառյալ մանկապատանեկան ֆիլմերը, կինոնկար-դեբյուտները և կինոտարեգրության փաստավավերագրությունը) արտադրությանն աջակցությունը,
գ. կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանումը, վերականգնումը, թվայնացումն ու տարածումը.
3) «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակներն են`
ա. կինոարվեստի բնագավառում հանդիսատեսի հոգևոր և մշակութային պահանջների ձևավորումն ու բավարարումը,
բ. կինոարվեստի բարձրարժեք և որակյալ գործերի ստեղծմանն աջակցությունը,
գ. Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ազգային կինոարվեստի հանրահռչակումը,
դ. միջազգային կինոկազմակերպությունների հետ համագործակցությունը և համատեղ արտադրությամբ իրականացվող կինոնկարներին աջակցությունը,
ե. կինոոլորտի զարգացմանն ուղղված կինոծրագրերի իրականացումը.
4) «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա. կինոտարեգրության արտադրություն և արտադրանքի իրացում,
բ. հրատարակչական գործունեություն,
գ. տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխում և հարակից գործունեություն, վեբ-պորտալների հետ կապված գործողություններ.
5) «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մշակութային գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:».
3) ուժը կորցրած ճանաչել որոշման 41-ին և 42-րդ կետերը.
4) որոշման 5-րդ կետում «կազմակերպությունների» բառը փոխարինել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել՝
1) «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվnղ գույքի հանձնման- ընդունման աշխատանքների կատարումը, հաստատել գույքի կազմը, արժեքը, միացման պայմանագիրը և գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ` վիճարկվող) պարտավորությունների փոխանցման ակտի հաստատումը.
2) «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը.
3) «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը.
4) Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Երևան քաղաքի Գ. Չաուշի փողոցի 50 հասցեում գտնվող՝ 222.380.567 դրամ հաշվեկշռային արժեքով, 701,6 քառ. մետր ընդհանուր մակերեսով գլխավոր մասնաշենքի, 146,5 քառ. մետր ընդհանուր մակերեսով տաղավարների, 83,9 քառ. մետր ընդհանուր մակերեսով պահեստի, 25,811984 հեկտար մակերեսով ընդհանուր բաժնային սեփականությամբ հողատարածքի և պահեստային մասնաշենքից 53,3 քառ. մետր մակերեսով տարածքի (19.02.2021 թ. N 19022021-01-0138 անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի գրանցման վկայական) հանձնումը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
14.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |