ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
28 դեկտեմբերի 1998 թ.
ՄԱՔՍԱՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում մաքսավճար վճարողների շրջանակը, մաքսավճարի չափը, հաշվարկման և վճարման կարգը:
Հոդված 2. | Մաքսավճարի հասկացությունը |
Մաքսավճարը սույն օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է:
Հոդված 3. | Մաքսավճարի դրույքաչափերը |
1. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և այլ առարկաների, ինչպես նաև բանկերի կողմից տեղափոխվող արժույթի և արտարժույթի մաքսային ձևակերպումների իրականացման (բացառությամբ բեռնային գործողությունների) համար գանձվում է 3.500 դրամ մաքսավճար:
2. Բեռնային գործողությունների համար մաքսատուրքը գանձվում է`
ա) մինչև մեկ տոննա քաշով ապրանքների մաքսային հսկողության համար` 1.000 դրամ.
բ) մեկ տոննայից ավելի յուրաքանչյուր լրացուցիչ կամ ոչ լրիվ տոննայի համար` 300 դրամ:
3. Մաքսային մարմինների կողմից սահմանված տեղերից դուրս ապրանքների մաքսային ձևակերպումների կամ դրանց հետ կապված առանձին գործողությունների կատարման համար մաքսավճարը գանձվում է սույն հոդվածով սահմանված դրույքաչափերի կրկնապատիկի չափով:
4. Մաքսային մարմինների կողմից փաստաթղթերի (ձևաթղթերի) տրամադրման համար գանձվում է 1.000 դրամ մաքսավճար:
5. Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների մաքսային ուղեկցման համար յուրաքանչյուր հարյուր կիլոմետրի համար գանձվում է 10.000 դրամ մաքսավճար: Ընդ որում, ապրանքների տարանցիկ փոխադրման և մաքսային ապահովման վնասված լինելու դեպքում ապրանքների մաքսային ուղեկցումը կատարվում է պարտադիր, իսկ մնացած դեպքերում` փոխադրողի ցանկությամբ` նրա գրավոր դիմումի հիման վրա:
6. Մաքսային մարմինների կողմից ապրանքների պահպանման համար մաքսավճարը գանձվում է`
ա) մինչև մեկ տոննայի համար` օրական 1.000 դրամ, բայց ոչ ավելի դրանց մաքսային արժեքի 0,01 տոկոսից.
բ) մեկ տոննայից ավելի յուրաքանչյուր լրացուցիչ կամ ոչ լրիվ տոննայի համար` օրական 1.000 դրամ, բայց ոչ ավելի դրանց մաքսային արժեքի 0,01 տոկոսից:
7. Փոխադրամիջոցների մաքսային հսկողության համար մաքսավճարը գանձվում է`
ա) մինչև 10 նստատեղով մարդատար ավտոմեքենաների համար` 2.000 դրամ.
բ) այլ փոխադրամիջոցների համար` 5.000 դրամ:
Հոդված 4. | Մաքսավճարի արտոնությունները |
Մաքսավճարից ազատվում են`
ա) այն ապրանքները, որոնք մուտք են գործում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում: Օրենսդրությամբ (այդ թվում` միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի տարբերակումն ըստ բնույթի որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնությունը կոորդինացնող լիազորված մարմինը.
բ) ֆիզիկական անձանց (բացառությամբ անհատ ձեռներեցների) կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող` օրենքով սահմանված ուղեկցվող իրերը` բացառությամբ անհատական օգտագործման փոխադրամիջոցների.
գ) ֆիզիկական անձանց (բացառությամբ անհատ ձեռներեցների) կողմից ներմուծվող ապրանքները` «Մաքսատուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածով սահմանված չափերը չգերազանցող մասով.
դ) օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավորապես արտահանվող և հետադարձ ներմուծվող մշակութային արժեքները.
ե) միջազգային կանոնավոր փոխադրումներ իրականացնող փոխադրամիջոցները` այդ փոխադրումներն իրականացնելիս:
Հոդված 5. | Մաքսավճարի գումարի ինդեքսավորումը |
Սկսած 2000 թվականի փետրվար ամսից` յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածի համար մաքսավճարի` սույն օրենքի 3 հոդվածով բացարձակ մեծությամբ (դրամով) սահմանված չափերն ավելացվում են տոկոսային արտահայտությամբ նախորդ տարվա ընթացքում արձանագրված դրամի միջին փոխարժեքի փոփոխության ամբողջ թվի չափով:
Հոդված 6. | Մաքսավճար վճարելը և վերադարձնելը, պատասխանատվությունն այն չվճարելու համար |
1. Մաքսավճարի վճարումն իրականացվում է համապատասխան ծառայությունների մատուցման պահից եռօրյա ժամկետում:
2. Մաքսավճարը վճարվում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական արժույթով` դրամով:
3. Սահմանված չափից ավելի վճարված մաքսավճարի գումարի վերադարձը վճարողը կարող է պահանջել դրանց վճարումից հետո` երեք տարվա ընթացքում: Այդ գումարը մաքսային մարմինների կողմից հաշվանցվում է վճարողի` առաջիկա վճարումների հաշվին կամ վերադարձվում է վճարողին` նրա դիմումն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում:
4. Մաքսավճարի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարողից գանձվում է տույժ` ժամանակին չմուծված մաքսավճարի գումարի 0,2 տոկոսի չափով:
Հոդված 7. |
2000 թվականին գանձված մաքսավճարների գումարների հաշվին գոյացած միջոցների օգտագործման կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(7-րդ հոդվածը խմբ. 29.12.99 ՀՕ-26)
Հոդված 8. | Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.07.2000, ՀՕ-83 | 01.01.2001, ՀՕ-278 | |
29.12.1999, ՀՕ-26 | 31.12.1999, ՀՕ-278 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|