Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 9
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.10.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
25.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հոկտեմբերի 2019 թվականի

թիվ 9

քաղ. Մոսկվա

 

ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 18 կարգադրության 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց՝

1. Հաստատել կից ներկայացվող՝ Միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասությունների կենտրոնների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցության կարգը:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ՝ 4-ամսյա ժամկետում հաստատել Եվրասիական տնտեսական միության անդամ պետության իրավասությունների կենտրոնի մասին տիպային հիմնադրույթը, որը կրում է հանձնարարական բնույթ:

3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ Միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում փոխգործակցության համար իրենց պետությունների իրավասությունների կենտրոններին համապատասխան լիազորություններ վերապահելուց հետո մեկամսյա ժամկետում տեղեկացնել դրա մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական միջկառավարական խորհրդի

2019 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 9 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասությունների կենտրոնների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը մշակվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 18 կարգադրության 2-րդ կետին համապատասխան, և դրանով սահմանվում են Միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասությունների կենտրոնների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ, Հանձնաժողով) փոխգործակցության կանոնները:

2. Սույն կարգում գործածվող հասկացությունները կիրառվում են Միության թվային օրակարգի իրագործման հարցերով Միության մարմինների ակտերով սահմանված իմաստներով:

3. Միության թվային օրակարգի շրջանակներում համատեղ նախագծերի իրագործման և թվային վերափոխման, կոոպերացիայի նոր մեխանիզմների ձևավորման, ինչպես նաև թվային իրավասությունների զարգացման նպատակներով՝ անդամ պետությունը սահմանում և համապատասխան լիազորություններ է վերապահում իրավասությունների կենտրոնին կամ մի քանի այդպիսի կենտրոններին՝ ըստ առանձին նախագծային ուղղությունների կամ Միության թվային օրակարգի առաջնահերթությունների:

4. Համապատասխան լիազորություններ ստանձնելու դեպքում անդամ պետության իրավասությունների կենտրոնը՝ նախաձեռնությունների մշակման ժամանակ, ինչպես նաև նախագծային և այլ գործունեության շրջանակներում փոխգործակցություն է իրականացնում Հանձնաժողովի հետ:

5. Նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խմբի նիստերի շրջանակներում փոխգործակցությունը կարգավորվում է այդ նախագծի փաստաթղթերով:

 

II. Փոխգործակցությունը նախաձեռնությունը մշակելիս

 

6. Անդամ պետության իրավասությունների կենտրոնը նախաձեռնությունը մշակելիս Հանձնաժողովի հետ փոխգործակցության շրջանակներում կարող է իրականացնել հետևյալ գործառույթները.

ա) նախաձեռնությունը մշակելու առնչությամբ հարցման ձևավորում.

բ) ազգային մակարդակով նախաձեռնությունների կառավարում.

գ) մեթոդական և փորձագիտական օժանդակության ցուցաբերում.

դ) փորձագիտական հարթակների շրջանակներում գործունեության, նախաձեռնության մշակման հարցերով միջոցառումների կազմակերպման աջակցություն.

ե) նախաձեռնությունը մշակելու առնչությամբ հարցման գնահատում.

զ) նախագծի նախաձեռնման համար փաստաթղթերի փաթեթի նախապատրաստում.

է) նախաձեռնությունը գնահատելու համար փորձագետների ներգրավում.

ը) առաջարկների նախապատրաստում՝ նախագծի նախաձեռնումը հիմնավորելու նպատակով հետազոտության անցկացման տեխնիկական առաջադրանքի նախագծի մեջ ներառելու համար.

թ) ազգային մակարդակով հետազոտությունների համակարգում և դրանցում մասնակցություն.

ժ) նախագծի նախաձեռնման հիմնավորման համար փորձագիտական կարծիքի ձևավորում.

ժա) նախաձեռնության մշակման գործընթացի բարելավման մասով առաջարկների ձևավորում.

ժբ) այլ գործառույթներ՝ իր իրավասության սահմաններում:

 

III. Փոխգործակցությունը նախագծային գործունեություն իրականացնելիս

 

7. Անդամ պետության իրավասությունների կենտրոնը նախագծային գործունեության իրականացման ժամանակ Հանձնաժողովի հետ փոխգործակցության շրջանակներում կարող է իրականացնել հետևյալ գործառույթները՝

ա) նախագծի և դրա առանձին միջոցառումների նախաձեռնում կամ իրագործում.

բ) մեթոդական և փորձագիտական օժանդակության ապահովում՝ նախագծային գործունեության իրականացման ժամանակ և ըստ նախագծի արդյունքների.

գ) փորձագիտական հարթակների շրջանակներում գործունեության, նախագծային գործունեությանը վերաբերող հարցերի մասով միջոցառումների կազմակերպման աջակցություն.

դ) նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խմբերի գործունեությանը մասնակցություն.

ե) նախագծերի իրականացման մշտադիտարկում.

զ) նախագծերի իրականացման ընթացքի մասին հաշվետվությունների նախապատրաստում.

է) մասնակցություն նորմատիվ-մեթոդական փաստաթղթերի մշակման գործում.

ը) այլ անդամ պետությունների իրավասությունների կենտրոնների հետ փոխգործակցություն՝ խնդիրների լուծման միասնական մոտեցումներ մշակելու նպատակով.

թ) անդամ պետությունում նախագծային գործունեության պոտենցիալ մասնակիցներին Միության թվային օրակարգի շրջանակներում նախաձեռնությունների մշակման և նախագծերի իրագործման մեխանիզմների մասին տեղեկացման կազմակերպում.

ժ) նախագծային գործունեության տեղեկատվական ուղեկցում.

ժա) մասնակցություն փորձնական նախագծերին և «կարգավորիչ ավազահրապարակներ» մեխանիզմի օգտագործմամբ նախագծերին.

ժբ) փոխգործակցություն Միության թվային օրակարգի շրջանակներում նախագծեր իրագործելիս ներդրումներ իրականացնող հիմնադրամների հետ.

ժգ) նախագծային գործունեության շրջանակներում նախագծերի բարելավման առնչությամբ առաջարկների ձևավորում.

ժդ) այլ գործառույթներ՝ իր իրավասության սահմաններում:

 

IV. Փոխգործակցության կանոնները

 

8. Անդամ պետությունների իրավասությունների կենտրոնները և Հանձնաժողովը նշանակում են փոխգործակցության համակարգման և տեղեկատվության փոխանակման համար պատասխանատու անձանց:

Այդ անձանց մասին տեղեկությունները հրապարակվում են «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում անդամ պետությունների իրավասությունների կենտրոնների տեղեկատվական ռեսուրսներում և Միության տեղեկատվական պորտալում:

9. Անդամ պետությունների իրավասությունների կենտրոնների և Հանձնաժողովի փոխգործակցության շրջանակներում Հանձնաժողովի կողմից ստացված տեղեկատվության մշակումն ու փոխանցումն իրականացվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

10. Անդամ պետության իրավասությունների կենտրոնը՝ ըստ Հանձնաժողովի հարցման, ներկայացնում է տեղեկատվությունը՝ հարցումն ստանալու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում:

11. Հանձնաժողովը՝ ըստ անդամ պետության իրավասությունների կենտրոնի հարցման, ներկայացնում է տեղեկատվությունը՝ հարցումն ստանալու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում:

 

V. Փոխգործակցությունը փորձագիտական հարթակի շրջանակներում

 

12. Փորձագիտական հարթակն օգտագործվում է կոնկրետ նախաձեռնությունների, հետազոտությունների կամ նախագծերի, ինչպես նաև նախագծային գործունեության հետ կապված հարցերի քննարկման համար:

13. Անդամ պետության իրավասությունների կենտրոնը փորձագիտական հարթակի շրջանակներում կարող է հանդես գալ Հանձնաժողովի հետ փոխգործակցության նախաձեռնող և ներառել առաջարկներ ուսումնասիրման համար ներկայացվող հարցերի ցանկում:

14. Փորձագիտական հարթակի շրջանակներում կարող են փոխգործակցել Հանձնաժողովի, իրավասությունների կենտրոնների և անդամ պետությունների պետական իշխանության մարմինների ներկայացուցիչները, ինչպես նաև գործարար ընկերակցություններից, գիտական, միջազգային և հասարակական կազմակերպություններից անկախ փորձագետները, որոնց մասին տեղեկությունները ներառված չեն իրավասությունների ռեեստրում:

15. Փորձագիտական հարթակի շրջանակներում փոխգործակցության մասնակիցների կազմի մեջ են մտնում համակարգողը, քարտուղարը և մասնակիցները:

Փորձագիտական հարթակի շրջանակներում մասնակիցների կազմը հաստատելը պարտադիր չէ:

16. Համակարգողը, որը Հանձնաժողովի պաշտոնատար անձ կամ աշխատակից է, վարում է նիստերը:

17. Քարտուղարն ընտրվում է համակարգողի կողմից՝ մասնակիցների թվից, և իրականացնում է փորձագիտական հարթակի շրջանակներում փոխգործակցության փաստաթղթային ապահովումը:

18. Փորձագիտական հարթակի շրջանակներում փոխգործակցությունը կարող է իրականացվել տեսակոնֆերանսի ռեժիմով:

19. Քարտուղարը՝ ոչ ուշ, քան նիստն անցկացնելու օրվանից 10 աշխատանքային օր առաջ, ծանուցում է անդամ պետությունների իրավասությունների կենտրոններին նիստն անցկացնելու մասին և տրամադրում է տեղեկատվություն նախաձեռնությունը մշակելու մասին կամ այլ՝ քննարկման համար առաջարկվող հարցերի վերաբերյալ:

20. Մասնակիցները ձևավորում են դիրքորոշումներ նախաձեռնության և ուսումնասիրվող այլ հարցերի վերաբերյալ:

21. Մասնակիցների կարծիքը և փորձագիտական եզրակացությունը՝ ըստ նիստի անցկացման արդյունքների, չի կարող դիտարկվել որպես անդամ պետության դիրքորոշում:

22. Նիստի արդյունքները, համակարգողի որոշման համաձայն, ձևակերպվում են արձանագրության տեսքով:

Նիստերի արձանագրությունների պահպանումն ապահովվում է Հանձնաժողովի կողմից:

23. Հանձնաժողովի կողմից Միության տեղեկատվական պորտալում ստեղծվում է բաժին, որը պարունակում է փորձագիտական հարթակի շրջանակներում գործունեության մասին տեղեկություններ, այդ թվում՝ այդ գործունեության նկարագրությունը, մասնակիցների կազմը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, փորձագիտական հարթակի շրջանակներում նիստերի և այլ միջոցառումների մասին տեղեկատվությունը, նիստերի արձանագրություններն ու այլ տեղեկատվական նյութեր, որոնց կազմը որոշվում է համակարգողի կողմից: Այդ բաժինը վարում է քարտուղարը:

Նշված բաժնին հասանելիությունը տրամադրվում է անդամ պետությունների լիազորված մարմիններին և իրավասությունների կենտրոններին:

24. Իրավասությունների կենտրոնների, անդամ պետությունների պետական իշխանության մարմինների ներկայացուցիչների, գործարար ընկերակցություններից, գիտական, միջազգային և հասարակական կազմակերպություններից անկախ փորձագետների՝ փորձագիտական հարթակի շրջանակներում անցկացվող նիստերի մասնակցության հետ կապված ծախսերը կրում է դրանց ուղարկող կողմը:

 

VI. Փոխգործակցության այլ ձևեր

 

25. Հանձնաժողովը և անդամ պետությունների իրավասությունների կենտրոնները կարող են կազմակերպել և անցկացնել սույն կարգով չնախատեսված համատեղ միջոցառումներ՝ շահագրգիռ անձանց մասնակցությամբ, և իրականացնել տեղեկատվության փոխանակում այդպիսի միջոցառումների շրջանակներում:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: