Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 136
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.09.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
06.08.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.09.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 օգոստոսի 2019 թվականի

թիվ 136

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒՂԵԿՑՄԱՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 27-րդ կետի իրագործման նպատակով և 30-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց՝

1. Հաստատել կից ներկայացված՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ուղեկցման ու տեխնիկական սպասարկման կանոնակարգը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի օգոստոսի 6-ի

թիվ 136 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ուղեկցման ու տեխնիկական սպասարկման

 

 I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կանոնակարգով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, ինտեգրված համակարգ) ուղեկցմանն ու տեխնիկական սպասարկմանն ուղղված միջոցառումների կազմը, բովանդակությունը և իրականացման որակի պարամետրերը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) և Միության անդամ պետությունների լիազորված մարմինների (այսուհետ՝ լիազորված մարմիններ) տեխնիկական աջակցության ծառայությունների կողմից իրականացվող գործառույթները և դրանց փոխգործակցության կարգը։

2. Սույն կանոնակարգի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը.

հայտ՝ օգտատիրոջ ցանկացած հարցում՝ խորհրդատվություն ստանալու, տեղեկատվական համակարգի (դրա ենթահամակարգի, բաղադրիչի) գործունեությունը վերականգնելու կամ դրա գործառույթը փոխելու մասին.

միջադեպ՝ ցանկացած իրադարձություն, որը հանգեցնում է տեղեկատվական համակարգի (դրա ենթահամակարգի, բաղադրիչի) գործունեության խախտմանը կամ ունի կամ կարող է ունենալ բացասական ազդեցություն դրա գործունեության վրա.

օգտատեր՝ անձ, որը մասնակցում է տեղեկատվական համակարգի գործունեությանը կամ օգտագործում է դրա գործառույթները.

տեխնիկական աջակցության ծառայություն՝ սերվիսային կառուցվածք, որն իրականացնում է տեղեկատվական համակարգերի ուղեկցումն ու տեխնիկական աջակցությունը.

ուղեկցում՝ կազմակերպական և տեխնիկական միջոցառումների համալիր՝ ուղղված տեղեկատվական համակարգի կայուն գործունեությանն ու զարգացմանը.

տեխնիկական սպասարկում՝ կազմակերպական և տեխնիկական միջոցառումների համալիր՝ ուղղված տեղեկատվական համակարգի շահագործման պատրաստականության պահպանմանը։

Սույն կանոնակարգում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և Միության մարմինների՝ ինտեգրված համակարգի ստեղծման ու զարգացման հարցերը կարգավորող ակտերով սահմանված իմաստներով:

3. Ինտեգրված համակարգի ուղեկցումն ու տեխնիկական սպասարկումն իրականացվում են դրա կայուն գործունեությունն ու զարգացումն ապահովելու նպատակով։

4. Ինտեգրված համակարգի ուղեկցման ու տեխնիկական սպասարկման օբյեկտներն են Հանձնաժողովի ինտեգրացիոն սեգմենտի և Միության անդամ պետությունների ազգային սեգմենտների (այսուհետ՝ ազգային սեգմենտներ) կազմում դրա ենթահամակարգերը և բաղադրիչները, ինչպես նաև դրանք միավորող տեղեկատվական-հաղորդակցական ենթակառուցվածքը։

5. Հանձնաժողովի կողմից ապահովվում են՝

ա) ինտեգրված համակարգի ենթահամակարգերի ու բաղադրիչների ուղեկցման ու տեխնիկական սպասարկման կազմակերպումը՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն սեգմենտի կազմում.

բ) ինտեգրված համակարգի ստեղծմանն ու զարգացմանն ուղղված աշխատանքների շրջանակներում մշակված և ազգային սեգմենտների կազմում օգտագործման համար ազգային սեգմենտների պատվիրատուի կողմից փոխանցված ծրագրային ապահովման ուղեկցման կազմակերպումը․

գ) Միության տեղեկատվական պորտալի հասանելիության կազմակերպումը՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի միջոցով.

դ) տվյալների փոխանակման կազմակերպումը՝ ինտեգրված համակարգի սեգմենտների միջև.

ե) Հանձնաժողովի ինտեգրացիոն սեգմենտի և միջազգային կազմակերպությունների ու երրորդ երկրների տեղեկատվական համակարգերի միջև տվյալների փոխանցման կազմակերպումը՝ Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի իրագործման շրջանակներում.

զ) խորհրդատվական աջակցության կազմակերպումը՝ ազգային սեգմենտների վստահված երրորդ կողմերի այն ինտեգրացիոն անցուղիների ու ենթահամակարգերի տեխնիկական սպասարկման հարցերով, որոնք մշակվել են վստահված երրորդ կողմի տիպային ինտեգրացիոն անցուղու և տիպային ենթահամակարգի հիման վրա.

է) ինտեգրված համակարգի գործունեության նկատմամբ մոնիթորինգը։

6. Ազգային սեգմենտների պատվիրատուների կողմից ապահովվում են՝

ա) ինտեգրված համակարգի ենթահամակարգերի ու բաղադրիչների ուղեկցման ու տեխնիկական սպասարկման կազմակերպումը՝ ազգային սեգմենտի կազմում

բ) Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործմանը մասնակցող լիազորված մարմինների (այսուհետ համապատասխանաբար՝ ընդհանուր գործընթացներ, ընդհանուր գործընթացների մասնակից հանդիսացող լիազորված մարմիններ) տեղեկատվական համակարգերի՝ ազգային սեգմենտին միացման համակարգումը

գ) ազգային սեգմենտի կազմում՝ ինտեգրված համակարգի այն ենթահամակարգերի և բաղադրիչների (այդ թվում՝ ընդհանուր գործընթացների բազային իրագործման բաղադրիչների) տեխնիկական սպասարկման կազմակերպումը, որոնք իրագործվել են Հանձնաժողովից ստացված ծրագրային ապահովման օգտագործմամբ.

դ) ազգային սեգմենտի գործունեության նկատմամբ մոնիթորինգի անցկացումը (մոնիթորինգի միջոցներն ու մոնիթորինգի օբյեկտները որոշվում են ազգային սեգմետների օպերատորների կողմից ինքնուրույնաբար)։

7. Սույն կանոնակարգի 6-րդ կետում նշված գործառույթների իրականացման համար ազգային սեգմենտի պատվիրատուն ընտրում է մասնագիտացված կազմակերպություններ (ազգային սեգմենտի օպերատորին, ինտեգրացիոն անցուղու օպերատորին, վստահված երրորդ կողմի օպերատորին և այլն) և Հանձնաժողովին այդ մասին տեղեկացնում է նշված կազմակերպություններն ընտրելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Նշված մասնագիտացված կազմակերպությունների կողմից իրականացվող՝ տարբեր օպերատորների ֆունկցիաները կարող են համատեղվել՝ անդամ պետության օրենսդրության պահանջներին համապատասխան։

8. Ընդհանուր գործընթացների մասնակից հանդիսացող լիազորված մարմինների կողմից ապահովվում են՝

ա) ընդհանուր գործընթացների իրագործման համար օգտագործվող՝ լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերի միացումն ազգային սեգմենտին (ազգային սեգմենտի պատվիրատուի համակարգմամբ և սույն կանոնակարգի 7-րդ կետում նշված մասնագիտացված կազմակերպությունների հետ փոխգործակցությամբ).

բ) ընդհանուր գործընթացների իրագործման համար օգտագործվող՝ լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերի ուղեկցումն ու տեխնիկական սպասարկումը.

գ) օգտատերերին խորհրդատվական աջակցությունը՝ ընդհանուր գործընթացների իրագործման ֆունկցիոնալ հարցերով։

9. Ինտեգրված համակարգի ուղեկցման ու տեխնիկական սպասարկման և ընդհանուր գործընթացների իրագործման նպատակով՝ Հանձնաժողովի, ազգային սեգմենտների պատվիրատուների (ազգային սեգմենտների պատվիրատուների կողմից ընտրված մասնագիտացված կազմակերպությունների) և ընդհանուր գործընթացների մասնակից հանդիսացող լիազորված մարմինների կողմից կազմակերպվում է միմյանց հետ փոխգործակցող՝ տեխնիկական աջակցության ծառայությունների գործունեությունը (Հանձնաժողովի տեխնիկական աջակցության ծառայության համակարգմամբ)։

 

II. Ինտեգրված համակարգի տեխնիկական սպասարկումը

 

10. Ինտեգրված համակարգի տեխնիկական սպասարկումը ներառում է՝

ա) ինտեգրված համակարգի ենթահամակարգերի և բաղադրիչների գործունեության նկատմամբ մոնիթորինգի անցկացումը՝ ներառյալ հաշվողական ու հաղորդակցական ենթակառուցվածքի արտադրողականության ցուցանիշների վերլուծությունը, այդ թվում՝ ազգային սեգմենտների տեխնիկական աջակցության ծառայությունների կողմից էլեկտրոնային եղանակով Հանձնաժողով ներկայացվող կանոնակարգող հաշվետվությունների հիման վրա.

բ) օգտատերերին տեխնիկական աջակցությունը.

գ) ինտեգրված համակարգի ենթահամակարգերի ու բաղադրիչների ծրագրային ապահովման հասանելիության տրամադրումն օգտատերերին.

դ) ինտեգրված համակարգի ենթահամակարգերի ու բաղադրիչների ծրագրային ապահովման լրամշակման մասին հայտերի ձևավորումը.

ե) ինտեգրված համակարգի ենթահամակարգերի ու բաղադրիչների ծրագրային ապահովման լրամշակումն իրագործելու նկատմամբ վերահսկողությունը.

զ) ինտեգրված համակարգի ենթահամակարգերի ու բաղադրիչների ռեգլամենտային սպասարկման իրականացումը՝ ներառյալ տվյալների (մետատվյալների) պահուստային պատճենահանման գործողությունները՝ այդպիսի ենթահամակարգերի ու բաղադրիչների վերաբերյալ շահագործման փաստաթղթերին համապատասխան, որը տեղադրվում է Միության տեղեկատվական պորտալում՝ տեխնիկական աջակցության ծառայության մասնագետների համար կանոնակարգված հասանելիության ապահովմամբ։ Շահագործման փաստաթղթերի մեջ նշվում են ինտեգրված համակարգի ենթահամակարգերի ու բաղադրիչների ռեգլամենտային սպասարկման աշխատանքների տեսակները.

է) ինտեգրված համակարգի ենթահամակարգերի ու բաղադրիչների շահագործման ժամանակ առաջացող միջադեպերի վերլուծությունն ու վերացումը.

ը) ինտեգրված համակարգի ենթահամակարգերի ու բաղադրիչների տեղեկատվության և աշխատունակության վերականգնումը խափանումներից ու ընդհատումներից հետո, տեղեկատվության ամբողջականության ստուգումը խափանումներն ու ընդհատումները վերացնելուց հետո՝ այդպիսի ենթահամակարգերի ու բաղադրիչների վերաբերյալ շահագործման փաստաթղթերին համապտաասխան.

թ) տվյալների (տեղեկատվական ռեսուրսների) բազաների պահուստային պատճենների ձևավորման ընթացակարգերի կարգավորումն ու վերահսկողությունը.

ժ) տվյալների բազաների կառուցվածքի տրամաբանական և ֆիզիկական ամբողջականության նկատմամբ պարբերական վերահսկողությունը՝ ինտեգրված համակարգի ենթահամակարգերի ու բաղադրիչների վերաբերյալ շահագործման փաստաթղթերին համապատասխան.

ժա) օգտատերերի դերերի և հասանելիության իրավունքների կարգավորումը.

ժբ) ինտեգրված համակարգի ենթահամակարգերում և բաղադրիչներում օգտագործվող տեղեկատուների ու դասակարգիչների արդիականացումը.

ժգ) ինտեգրված համակարգի ենթահամակարգերում և բաղադրիչներում պատմական տվյալների համախմբի ներբեռնման աշխատանքների կատարումը.

ժդ) ինտեգրված համակարգի տեխնիկական սպասարկման հետ կապված այլ աշխատանքների կատարումը՝ դրա աշխատունակությունը պահպանելու նպատակով.

ժե) ազգային սեգմենտի բաղադրիչների ծրագրային ապահովման և տեխնիկական սպասարկման լրամշակման կազմակերպումը՝ անդամ պետության օրենսդրության պահանջներին համապատասխան (այդ թվում՝ այն դեպքում, երբ այդպիսի բաղադրիչները մշակվել են անդամ պետության կողմից ինքնուրույնաբար).

11. Օգտատերերին տեխնիկական աջակցության շրջանակներում Հանձնաժողովի տեխնիկական աջակցության ծառայության և ազգային սեգմենտների պատվիրատուների տեխնիկական աջակցության ծառայությունների կողմից ապահովվում է հետևյալ խնդիրների իրագործումը.

ա) օգտատերերից հայտերի ընդունում.

բ) խորհրդատվությունների անցկացում, օգտատերերին տեղեկությունների տրամադրում՝ ինտեգրված համակարգի սեգմենտների միջև տվյալների էլեկտրոնային փոխանակման գործընթացների գործունեության և լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերը ազգային սեգմենտներին միացնելու հետ կապված հարցերի շուրջ.

գ) ինտեգրված համակարգի ենթահամակարգերի և բաղադրիչների լրամշակման մասին հայտերի գրանցում և վերահսկողություն դրանց կատարման նկատմամբ.

դ) օգտատերերին ծանուցում՝ ինտեգրված համակարգի ենթահամակարգերի և բաղադրիչների ժամանակավոր անհասանելիության, օգտատերերի հայտերի ուսումնասիրման, մշակման և կատարման արդյունքների մասին՝ այդպիսի ենթահամակարգերի ու բաղադրիչների վերաբերյալ շահագործման փաստաթղթերին համապատասխան։

 

III. Ինտեգրված համակարգի ուղեկցումը

 

12. Ինտեգրված համակարգի ուղեկցումը ներառում է՝

ա) ինտեգրված համակարգի ենթահամակարգերի և բաղադրիչների կարգավորումը՝ նախագծային և շահագործման փաստաթղթերին համապատասխան.

բ) ինտեգրված համակարգի ենթահամակարգերի և բաղադրիչների հուսալիության և արտադրողականության տրված պարամետրերի ապահովումը.

գ) ինտեգրված համակարգի ենթահամակարգերի և բաղադրիչների գործունեության վերլուծությունը.

դ) ինտեգրված համակարգի ենթահամակարգերի և բաղադրիչների փաստացի շահագործման բնութագրերի նշանակությունների՝ նախագծային նշանակություններից շեղումների հայտնաբերումը և այդպիսի շեղումների պատճառների պարզումը.

ե) հայտնաբերված թերությունների վերացումն ու ինտեգրված համակարգի ենթահամակարգերի և բաղադրիչների շահագործման բնութագրերի տրված պարամետրերի ապահովումը.

զ) ինտեգրված համակարգի ենթահամակարգերի և բաղադրիչների լրամշակումը՝ օգտատերերի հայտերի հիման վրա.

է) անհրաժեշտ փոփոխությունների կատարումը՝ ինտեգրված համակարգի ենթահամակարգերի և բաղադրիչների վերաբերյալ նախագծային ու շահագործման փաստաթղթերում։

 

IV. Ինտեգրված համակարգի գործունեության որակի պարամետրերը

 

13. Ինտեգրված համակարգի գործունեությունը պետք է ապահովվի շուրջօրյա ռեժիմով՝ դրա սպասարկման կամ աշխատունակության վերականգնման համար թույլատրելի ընդմիջումներով՝ տարեկան առավելագույնը 44 ժամ ընդհատումներով. մեկ ընդհատման տևողությունը չպետք է գերազանցի միջինում 4 ժամը։

14. Ինտեգրված համակարգի սեգմենտների միջև տվյալների փոխանցման կապուղիների գործունեությունը պետք է ապահովվի՝ օրը 24 ժամ, շաբաթը 7 օր, տարին 365 (366) օր: Ընդ որում, պետք է ապահովվի տվյալների փոխանցման կապուղիների հասանելիության 0,995-ից ոչ ցածր գործակից։

15. Տվյալների փոխանցման կապուղիների աշխատունակության վերականագնման ժամանակը չպետք է գերազանցի 4 ժամը։ Կապուղու անհասանելիության ընդհանուր ժամանակը՝ օրացուցային ամսվա 0,85 տոկոսից ոչ ավելի։ Կապուղու՝ պրոֆիլակտիկ աշխատանքների հետ կապված անհասանելիությունը՝ օրացուցային ամսվա 0,3 տոկոսից ոչ ավելի։ Ինտեգրված համակարգի սեգմենտների միջև տվյալների փոխանցման կապուղիների թողունակությունը՝ 50 Մբիթ/վ-ից ոչ պակաս։

16. Տեխնիկական աջակցության ծառայությունների կողմից հայտի կատարման առավելագույն ժամկետը որոշվում է 1-ին և 2-րդ աղյուսակներին համապատասխան։

 

Աղյուսակ 1

 

Հայտի առաջնությունը

 

Առաջնությունը

Նկարագրությունը

Բլոկավորող

ինտեգրված համակարգի ենթահամակարգը (բաղադրիչը) ամբողջովին անհասանելի է բոլոր կատեգորիաների օգտատերերի համար

Կրիտիկական

ինտեգրված համակարգի ցանկացած ենթահամակարգի (բաղադրիչի) մեկ կամ մի քանի գործառույթներ ամբողջովին անհասանելի են բոլոր կատեգորիաների օգտատերերի համար

Բարձր

նկատվում է ինտեգրված համակարգի ենթահամակարգի (բաղադրիչի) մեկ կամ մի քանի գործառույթների աշխատունակության խախտում օգտատերերի որոշակի խմբի համար

Միջին

նկատվում է ինտեգրված համակարգի ենթահամակարգի (բաղադրիչի) մեկ կամ մի քանի գործառույթների աշխատունակության խախտում առանձին օգտատերերի համար

Ցածր

ինտեգրված համակարգի ենթահամակարգի (բաղադրիչի) գործառույթների կատարումը հնարավոր է դիտողություններով (օրինակ՝ արձագանքի ժամանակն ավելացվել է)

 

Աղյուսակ 2

 

Հայտի կատարման ժամկետը

 

Հայտի տեսակը

Կատարման ժամկետը

Միջադեպը

առավելագույնը 2 ժամ՝ «բլոկավորող» առաջնությամբ հայտի կատարման համար

առավելագույնը 4 ժամ՝ «կրիտիկական» առաջնությամբ հայտի կատարման համար

առավելագույնը 8 ժամ՝ «բարձր» առաջնությամբ հայտի կատարման համար

առավելագույնը 24 ժամ՝ «միջին» առաջնությամբ հայտի կատարման համար

առավելագույնը 48 ժամ՝ «ցածր» առաջնությամբ հայտի կատարման համար

Սպասարկման հայտը

հայտը «աշխատանքի մեջ է» կարգավիճակի փոխակերպելու ժամանակը՝ առավելագույնը 1 ժամ

հայտը «հետաձգվել է» կամ «չեղարկվել է» կարգավիճակի փոխակերպելու ժամանակը՝ առավելագույնը 4 ժամ

հայտը կատարելու ժամանակը՝ առավելագույնը 48 ժամ

Լրամշակման հայտը

հայտը կատարելու ժամանակը՝ առավելագույնը 12 ժամ

ինտեգրված համակարգի ենթահամակարգը (բաղադրիչը) լրամշակելու ընդհանուր ժամանակը կանոնակարգված չէ և յուրաքանչյուր հայտի համար որոշվում է անհատական

Կանոնակարգային աշխատանքները

կանոնակարգային աշխատանքների համաձայնեցման ժամկետը՝ առավելագույնը 4 ժամ

կանոնակարգային աշխատանքների կատարման ժամկետը՝ առավելագույնը 4 ժամ

 

V. Տեխնիկական աջակցության ծառայությունների փոխգործակցությունը

 

17. Տեխնիկական աջակցության ծառայությունների փոխգործակցությունն իրականացվում է հետևյալ նպատակներով.

ա) օգտատերերի հայտերի կատարման ապահովում՝ սահմանված ժամկետներում.

բ) փոխադարձ տեղեկացում՝ միջադեպերի և ինտեգրված համակարգի ենթահամակարգերի և բաղադրիչների գործունեության մեջ ընդմիջումների մասին.

գ) ինտեգրված համակարգի ենթահամակարգերի և բաղադրիչների տեխնիկական սպասարկման միջոցառումների կազմի ու անցկացման ժամկետների համաձայնեցում.

դ) ծրագրային ապահովման կազմի ու թարմեցման ժամկետների համաձայնեցում.

ե) այլ օպերատիվ խնդիրների կարգավորում՝ ինտեգրված համակարգի գործունեության, զարգացման և օգտագործման ապահովման մասով.

զ) գիտելիքների բազայի ձևավորում՝ ինտեգրված համակարգի գործունեության, զարգացման և օգտագործման ապահովման մասով։

18. Հանձնաժողովի տեխնիկական աջակցության ծառայության և ազգային սեգմենտների պատվիրատուների ու ընդհանուր գործընթացների մասնակից հանդիսացող լիազորված մարմինների տեխնիկական աջակցության ծառայությունների կողմից ապահովվում է օգտատերերին տեխնիկական աջակցությունը՝ «թեժ գծի» հեռախոսահամարներով և էլեկտրոնային փոստով։

19. «Թեժ գծի» հեռախոսահամարներով հայտերի ընդունումն ու տեղեկատվության տրամադրումն ապահովվում են աշխատանքային օրերին՝ 7:00-ից մինչև 21:00-ն (տեղական ժամանակով)։ Էլեկտրոնային փոստով տեղեկատվության տրամադրումն ապահովվում է շուրջօրյա՝ տարին 365 (366) օր։

20. Ինտեգրված համակարգի ուղեկցման ու տեխնիկական սպասարկման աշխատանքների արդյունավետ կազմակերպման և Հանձնաժողովի, ազգային սեգմենտների և ընդհանուր գործընթացների մասնակից հանդիսացող լիազորված մարմինների տեխնիկական աջակցության ծառայությունների՝ ինտեգրված համակարգի տեխնոլոգիական պորտալի շրջանակներում օպերատիվ փոխգործակցության ապահովման նպատակով նախատեսվում են սերվիսներ՝ ուղեկցման հայտերի հաշվառման ու մշակման գործիքներին, արտակարգ իրավիճակների կարգավորման նպատակով օպերատիվ փոխգործակցության և միջադեպերի վերլուծության գործիքներին, մեթոդական նյութերին ու շահագործման փաստաթղթերին հասանելիության մասով։

21. Ինտեգրված համակարգի տեխնոլոգիական պորտալում ապահովվում են ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների գործունեության և ինտեգրված համակարգի օգտագործմամբ միջպետական տեղեկատվական փոխգործակցության իրականացման հետ կապված հայտերի գրանցման սերվիսներին հասանելիությունը և դրանց կատարման կարգավիճակի հետագծելիությունը։

22. Ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների գործունեության հետ չկապված և ինտեգրված համակարգի օգտագործմամբ միջպետական տեղեկատվական փոխգործակցության իրականացման վրա չազդող հայտերի հաշվառման նպատակով՝ Հանձնաժողովի, ազգային սեգմենտների և ընդհանուր գործընթացների մասնակից հանդիսացող լիազորված մարմինների տեխնիկական աջակցության ծառայությունների կողմից կարող են օգտագործվել հայտերի հաշվառման սեփական համակարգերը, որոնց նկատմամբ սույն կանոնակարգով պահանջներ չեն սահմանվում։

23. Ինտեգրված համակարգի տեխնոլոգիական պորտալի գործունեության ապահովումը կազմակերպվում է Հանձնաժողովի կողմից։

24. Ազգային սեգմենտի գործունեության նկատմամբ մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունն ազգային սեգմենտի պատվիրատուի (ազգային սեգմենտի պատվիրատուի կողմից ընտրված մասնագիտացված կազմակերպությունների) կողմից, ինտեգրված համակարգի տեխնոլոգիական պորտալի սերվիսների օգտագործմամբ, ամփոփման նպատակով Հանձնաժողով է ներկայացվում յուրաքանչյուր ամիս՝ հաշվետու ամսվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրվանից ոչ ուշ։

25. Ինտեգրված համակարգի գործունեության նկատմամբ մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունն ինտեգրված համակարգի տեխնոլոգիական պորտալում Հանձնաժողովի կողմից տեղադրվում է յուրաքանչյուր ամիս՝ հաշվետու ամսվան հաջորդող ամսվա տասներորդ աշխատանքային օրվանից ոչ ուշ։

26. Ինտեգրված համակարգի տեխնոլոգիական պորտալին կանոնակարգված հասանելիությունը տրամադրվում է Հանձնաժողովի, ազգային սեգմենտների և ընդհանուր գործընթացների մասնակից հանդիսացող լիազորված մարմինների տեխնիկական աջակցության ծառայությունների աշխատակիցներին։

27. Ինտեգրված համակարգի տեխնոլոգիական պորտալում տեղադրվում է տեղեկատվություն ինտեգրված համակարգի ստեղծման ու զարգացման աշխատանքների շրջանակներում մշակված ծրագրային ապահովման (ինտեգրացիոն անցուղու, վստահված երրորդ կողմի ենթահամակարգի, ադապտերների, ընդհանուր գործընթացների բազային իրագործման բաղադրիչների և այլն) վերաբերյալ, որով նախատեսվում է ազգային սեգմենտի կազմում այն օգտագործելու հնարավորությունը և որը փոխանցվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունվարի 26-ի թիվ 10 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիոն սեգմենտի ծրագրային ապահովումը փոխանցելու և այն օգտագործելու կարգին համապատասխան։

28. Ինտեգրված համակարգի տեխնոլոգիական պորտալում տեղադրվում է սույն կանոնակարգի 27-րդ կետում նշված ծրագրային ապահովման ռեեստրը, ինչպես նաև ծրագրային ապահովման նոր տարբերակների և (կամ) թարմացումների թողարկման վերաբերյալ տեղեկատվությունը, ազգային սեգմենտների պատվիրատուներին և օպերատորներին տրամադրվում է հասանելիություն ծրագրային ապահովման տարբերակների և (կամ) թարմացումների ներբեռնման սերվիսներին և հետադարձ կապի սերվիսներին՝ ծրագրային ապահովման օգտագործման ընթացքում հայտնաբերված ընդհատումների, խափանումների կամ այլ թերությունների մասին տեղեկացնելու նպատակով։

29. Տեխնիկական աջակցության ծառայությունների «թեժ գծի» կոնտակտային հեռախոսահամարների և էլեկտրոնային փոստի հասցեների, ինչպես նաև ազգային սեգմենտի պատվիրատուի և ընդհանուր գործընթացների մասնակից հանդիսացող լիազորված մարմինների տեխնիկական աջակցության ծառայությունների պատասխանատու աշխատակիցների վերաբերյալ արդիական տեղեկատվությունն ազգային սեգմենտի պատվիրատուի կողմից պաշտոնական գրությամբ ներկայացվում է Հանձնաժողով, ինչպես նաև ուղարկվում է Հանձնաժողովի այն դեպարտամենտի էլեկտրոնային փոստի հասցեին, որի իրավասության շրջանակներում է գտնվում ինտեգրված համակարգի ստեղծման ու զարգացման աշխատանքների համակարգումը։

30. Ինտեգրված համակարգի տեխնոլոգիական պորտալում տեխնիկական աջակցության ծառայությունների «թեժ գծի» կոնտակտային հեռախոսահամարների և էլեկտրոնային փոստի հասցեների վերաբերյալ տեղեկատվության տեղադրումն ապահովվում է Հանձնաժողովի կողմից՝ ազգային սեգմենտի պատվիրատուի կողմից այդպիսի տեղեկատվություն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Նշված տեղեկատվության արդիականությունն ապահովվում է համապատասխան ազգային սեգմենտի պատվիրատուի կողմից։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան