ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
1 հուլիսի 1998 թ.
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Հայաստանի Հանրապետության դատախազության մասին օրենսդրությունը |
Հայաստանի Հանրապետության դատախազության (այսուհետ` դատախազություն) լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, իսկ կազմակերպման և գործունեության կարգը` նաև սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության, քաղաքացիական դատավարության, քրեական կատարողական օրենսգրքերով և այլ իրավական ակտերով:
Հոդված 2. | Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Դատախազ` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, նրա տեղակալները, օգնականները, բոլոր ստորադաս դատախազները, նրանց տեղակալներն ու օգնականները, վարչությունների և բաժինների պետերը, նրանց տեղակալները և դրանց կառուցվածքում գործող դատախազները:
Դատախազության մարմիններ` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, գլխավոր դատախազության վարչությունները, Երևան քաղաքի դատախազությունը, մարզային դատախազությունները, Երևան քաղաքի համայնքների (համայնքի) դատախազությունները, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազությունը և զինվորական կայազորների դատախազությունները:
Դատախազության աշխատակից` դատախազներ, դատախազության քննիչներ, դատախազության գիտաուսումնական հաստատությունների աշխատողներ, որոնց շնորհվում է դասային աստիճան:
Հոդված 3. | Դատախազության խնդիրները |
Դատախազությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում`
1) հանցավոր ոտնձգություններից պաշտպանում է քաղաքացիների, իրավաբանական անձանց և պետության իրավունքներն ու օրինական շահերը.
2) հանցավոր ոտնձգություններից պաշտպանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, հասարակական կարգը և անվտանգությունը.
3) միջոցներ է ձեռնարկում օրինականությունն ամրապնդելու, օրենքների կատարումն ապահովելու, օրինախախտումների պատճառներն ու դրանց կատարմանը նպաստող պայմանները բացահայտելու և վերացնելու համար:
Հոդված 4. | Դատախազության լիազորությունները |
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 103 հոդվածին համապատասխան դատախազությունը`
1) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում.
2) հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ.
3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը.
4) պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան.
5) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները.
6) հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ:
Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով նախատեսված լիազորություններն իրականացնելիս դատախազն ապահովում է համապատասխան մարմինների համագործակցությունը: Դատախազության մարմինների վրա չեն կարող դրվել պարտականություններ, որոնք չեն բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից և սույն օրենքից:
Հոդված 5. | Դատախազության կազմակերպման և գործունեության սկզբունքները |
Դատախազությունը միասնական կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը:
Դատախազական գործունեությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով կարգավորվող պետական գործունեության ինքնուրույն տեսակ է:
Դատախազության գործունեությունը հիմնվում է աստիճանակարգված ենթակայության սկզբունքի վրա:
Գլխավոր դատախազը և նրա տեղակալները վերադաս են մարզի դատախազի, Երևան քաղաքի դատախազի, համայնքի դատախազի, կայազորի զինվորական դատախազի համար:
Դատախազության յուրաքանչյուր կառուցվածքային ստորաբաժանման գործունեությունը ղեկավարում է այն գլխավորող դատախազը:
Դատախազության մարմինները`
1) իրենց լիազորություններն իրականացնելիս անկախ են և ղեկավարվում են միայն օրենքով.
2) գործում են հրապարակայնորեն այնքանով, որքանով դա չի հակասում մարդու և քաղաքացու իրավունքների, ազատությունների և օրինական շահերի, ինչպես նաև պետական և օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների պահպանությանը:
Գլխավոր դատախազը Հանրապետության Նախագահին և Ազգային ժողով է ներկայացնում ամենամյա հաղորդում դատախազության գործունեության մասին:
Դատախազության մարմիններում չի թույլատրվում կուսակցությունների գործունեություն:
Դատախազության մարմինների աշխատակիցները չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ, զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
Հոդված 6. | Դատախազության գործունեությանը միջամտելու անթույլատրելիությունը |
Ապօրինի որոշում ընդունելու նպատակով դատախազի նկատմամբ ներգործության, ինչպես նաև դատախազության գործունեությունը խոչընդոտող ցանկացած դրսևորում առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Դատախազը, քննիչը պարտավոր չեն բացատրություններ տալ իրենց վարույթում գտնվող գործերի, նյութերի վերաբերյալ, ինչպես նաև դրանք տրամադրել ծանոթանալու այլ կերպ, քան օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով:
Հոդված 7. | Դատախազի պահանջների կատարման պարտադիր լինելը |
Դատախազի լիազորություններից բխող նրա օրինական պահանջները ենթակա են պարտադիր կատարման:
Դատախազը սահմանադրական իր լիազորությունների շրջանակում իրավունք ունի քրեական դատավարության և քաղաքացիական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգով անվճար ծանոթանալ անհրաժեշտ փաստաթղթերի բնագրերին, պատճենահանել դրանք և ստանալ պահանջվող տեղեկություններ:
Վերոհիշյալ պահանջները չկատարելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
Հոդված 8. | Դատախազի մասնակցությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին |
Գլխավոր դատախազն իրավունք ունի մասնակցել Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին: Դատախազն իրավունք ունի մասնակցել տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին:
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 9. | Դատախազության մարմինների համակարգը |
Հայաստանի Հանրապետության դատախազությունը կազմված է գլխավոր դատախազությունից և ստորև նշված կառուցվածքային ստորաբաժանումներից`
1) Երևան քաղաքի դատախազությունից.
2) Երևան քաղաքի Էրեբունի, Նուբարաշեն համայնքների դատախազությունից.
3) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազությունից.
4) Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների դատախազությունից.
5) Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազությունից.
6) Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազությունից.
7) Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազությունից.
8) Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունից.
9) Կոտայքի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Հրազդան.
10) Արարատի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Արտաշատ.
11) Արմավիրի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Արմավիր.
12) Արագածոտնի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Աշտարակ.
13) Շիրակի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Գյումրի.
14) Լոռու մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Վանաձոր.
15) Տավուշի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Իջևան.
16) Գեղարքունիքի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Գավառ.
17) Վայոց ձորի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Եղեգնաձոր.
18) Սյունիքի մարզի դատախազությունից, կենտրոնը` քաղաք Կապան.
19) Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազությունից, կենտրոնը` քաղաք Երևան.
20) կայազորների զինվորական դատախազություններից` ըստ զինված ուժերի տեղաբաշխման:
Հոդված 10. | Գլխավոր դատախազությունը |
Գլխավոր դատախազությունը կազմված է վարչություններից, դրանց կազմի մեջ մտնող բաժիններից, ինչպես նաև այլ բաժիններից:
Գլխավոր դատախազության վարչություններն են`
1) պետական շահերի պաշտպանության վարչությունը.
2) նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունը.
3) դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչությունը.
4) պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունը.
5) քննչական վարչությունը:
Գլխավոր դատախազության վարչությունների կազմի մեջ մտնող բաժինները, ինչպես նաև այլ բաժիններ ստեղծվում են գլխավոր դատախազի հրամանով:
Գլխավոր դատախազության վարչություններում և բաժիններում գործում են ավագ դատախազներ և դատախազներ:
Գլխավոր դատախազն ունի ավագ օգնականներ և օգնականներ, իրեն առընթեր հատկապես կարևոր գործերի քննիչներ:
Գլխավոր դատախազության նստավայրը Երևան քաղաքն է:
Հոդված 11. | Գլխավոր դատախազը |
Դատախազության մարմինների ղեկավարումն իրականացնում է գլխավոր դատախազը:
Գլխավոր դատախազի հրամանները, ցուցումները, կարգադրությունները պարտադիր են դատախազության բոլոր աշխատողների համար:
Գլխավոր դատախազը կատարում է աշխատանքի բաժանում իր տեղակալների միջև:
Գլխավոր դատախազը սահմանում է դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների կազմակերպման կառուցվածքը և հաստիքները` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` դատախազության աշխատողների թվաքանակի և աշխատավարձի ֆոնդի շրջանակներում, ինչպես նաև դատախազության համակարգում հաշվետվությունների ձևավորման, ներկայացման և քննիչների ատեստավորման կարգը:
Բացի այդ, գլխավոր դատախազը`
1) պաշտպանում է բողոքը վճռաբեկ դատարանում կամ բողոքը պաշտպանելու համար լիազորում է այլ դատախազի.
2) առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում պաշտպանում է մեղադրանքը կամ մասնակցում է պետական շահերի պաշտպանության հայցերի քննությանը կամ պաշտպանում է վերաքննիչ դատարան բերված բողոքը, ինչպես նաև մեղադրանքը պաշտպանելու կամ պետական շահերի պաշտպանության հայցի քննությանը մասնակցելու կամ վերաքննիչ դատարան բերված բողոքը պաշտպանելու համար լիազորում է այլ դատախազի.
3) իրականացնում է սույն օրենքի 3-րդ գլխով նախատեսված լիազորությունները:
Հոդված 12. | Գլխավոր դատախազի տեղակալը |
Գլխավոր դատախազի տեղակալը`
1) համակարգում է գլխավոր դատախազի կողմից իրեն հանձնարարված բնագավառի աշխատանքները.
2) պաշտպանում է իր բերած բողոքը վճռաբեկ դատարանում կամ բողոքը պաշտպանում է գլխավոր դատախազի հանձնարարությամբ.
3) պաշտպանում է իր բողոքը վերաքննիչ դատարանում կամ բողոքը պաշտպանելու համար լիազորում է այլ ստորադաս դատախազի.
4) գլխավոր դատախազի հանձնարարությամբ կամ իր նախաձեռնությամբ առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանում պաշտպանում է մեղադրանքը կամ մասնակցում է պետական շահերի պաշտպանության հայցի քննությանը կամ պաշտպանում է վերաքննիչ դատարան բերված բողոքը.
5) իրականացնում է սույն օրենքի 3-րդ գլխով նախատեսված լիազորությունները:
Հոդված 13. | Գլխավոր դատախազության վարչության պետը |
Գլխավոր դատախազության վարչության պետը`
1) կազմակերպում է իր ղեկավարած վարչության աշխատանքները.
2) ապահովում է գլխավոր դատախազի հրամանների, կարգադրությունների և ցուցումների կատարումը.
3) անհրաժեշտության դեպքում վճռաբեկ դատարանում պաշտպանում է գլխավոր դատախազի բերած բողոքները.
4) առաջարկներ է ներկայացնում բնագավառը ղեկավարող գլխավոր դատախազի տեղակալին` վարչության աշխատակիցներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Գլխավոր դատախազության վարչության պետն իր ղեկավարած վարչության գործունեության համար պատասխանատվություն է կրում գլխավոր դատախազի և բնագավառը ղեկավարող նրա տեղակալի առջև:
Հոդված 14. | Մարզի (Երևան քաղաքի) դատախազությունը |
Մարզի (Երևան քաղաքի) դատախազությունը կազմված է`
1) մարզի (Երևան քաղաքի) դատախազից.
2) դատախազի տեղակալներից.
3) դատախազության աշխատակազմից:
Դատախազն ունի ավագ օգնականներ և օգնականներ: Դատախազությունում գործում են ավագ քննիչներ և քննիչներ:
Մարզի դատախազությունը մարզի ենթատարածքներում կարող է ունենալ նստավայրեր:
Հոդված 15. | Մարզի (Երևան քաղաքի) դատախազը |
Մարզի (Երևան քաղաքի) դատախազը`
1) ղեկավարում է մարզի դատախազության (Երևան քաղաքի դատախազը` Երևան քաղաքի դատախազության և Երևան քաղաքի համայնքների դատախազությունների) աշխատանքները.
2) առաջին ատյանի դատարանում և վերաքննիչ դատարաններում պաշտպանում է մեղադրանքը կամ մասնակցում է պետական շահերի պաշտպանության հայցի քննությանը կամ մեղադրանքի պաշտպանությունը կամ պետական շահերի պաշտպանության հայցի քննությանը մասնակցելը հանձնարարում է այլ ստորադաս դատախազի.
3) պաշտպանում է իր կամ վերադաս դատախազի բերած բողոքը վերաքննիչ դատարանում կամ վճռաբեկ դատարանում.
4) իրականացնում է սույն օրենքի 3-րդ գլխով նախատեսված լիազորությունները:
Հոդված 16. | Երևան քաղաքի համայնքների (համայնքի) դատախազությունը |
Երևան քաղաքի համայնքների (համայնքի) դատախազությունը կազմված է`
1) Երևան քաղաքի համայնքների (համայնքի) դատախազից.
2) համայնքների (համայնքի) դատախազի տեղակալից.
3) դատախազության աշխատակազմից:
Դատախազն ունի ավագ օգնականներ և օգնականներ:
Դատախազությունում գործում են ավագ քննիչներ և քննիչներ:
Հոդված 17. | Երևան քաղաքի համայնքների (համայնքի) դատախազը |
Երևան քաղաքի համայնքների (համայնքի) դատախազը`
1) ղեկավարում է համայնքների (համայնքի) դատախազության աշխատանքները.
2) առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում պաշտպանում է մեղադրանքը կամ մասնակցում է պետական շահերի պաշտպանության հայցի քննությանը կամ մեղադրանքի պաշտպանություն կամ պետական շահերի պաշտպանության հայցի քննությանը մասնակցելը հանձնարարում է այլ ստորադաս դատախազի.
3) պաշտպանում է իր կամ վերադաս դատախազի բերած բողոքը վերադաս դատարանում.
4) իրականացնում է սույն օրենքի 3-րդ գլխով նախատեսված լիազորությունները:
Հոդված 18. | Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազությունը |
Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազությունը կազմված է`
1) Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազից.
2) դատախազի տեղակալներից.
3) բաժիններից:
Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազն ունի ավագ օգնականներ, օգնականներ և հատկապես կարևոր գործերի քննիչներ:
Զինվորական դատախազության բաժինների կազմում գործում են ավագ դատախազներ և դատախազներ:
Հոդված 19. | Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազը |
Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալն է:
Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազը`
1) ղեկավարում է զինվորական դատախազության մարմինների աշխատանքները.
2) պաշտպանում է իր բերած բողոքը վճռաբեկ դատարանում կամ բողոքը պաշտպանում է գլխավոր դատախազի հանձնարարությամբ.
3) պաշտպանում է իր կամ ստորադաս դատախազի բերած բողոքը վերաքննիչ դատարանում կամ բողոքը պաշտպանելու համար լիազորում է այլ ստորադաս դատախազի.
4) գլխավոր դատախազի հանձնարարությամբ կամ իր նախաձեռնությամբ առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում պաշտպանում է մեղադրանքը կամ մասնակցում է պետական շահերի պաշտպանության հայցի քննությանը կամ պաշտպանում է վերաքննիչ դատարան բերված բողոքը.
5) իրականացնում է սույն օրենքի 3-րդ գլխով նախատեսված լիազորությունները:
Հոդված 20. | Կայազորի զինվորական դատախազությունը |
Կայազորի զինվորական դատախազությունը կազմված է`
1) կայազորի զինվորական դատախազից.
2) դատախազի տեղակալից.
3) դատախազության աշխատակազմից:
Դատախազն ունի ավագ օգնականներ և օգնականներ:
Դատախազությունում գործում են ավագ քննիչներ և քննիչներ:
Հոդված 21. | Կայազորի զինվորական դատախազը |
Կայազորի զինվորական դատախազը`
1) ղեկավարում է կայազորի դատախազության աշխատանքները.
2) առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում պաշտպանում է մեղադրանքը կամ մասնակցում է պետական շահերի պաշտպանության հայցի քննությանը կամ մեղադրանքի պաշտպանությունը կամ պետական շահերի պաշտպանության հայցի քննությանը մասնակցելը հանձնարարում է այլ ստորադաս դատախազի.
3) պաշտպանում է իր կամ վերադաս դատախազի բերած բողոքը վերադաս դատարանում.
4) իրականացնում է սույն օրենքի 3-րդ գլխով նախատեսված լիազորությունները:
Հոդված 22. | Դատախազների և քննիչների նշանակման և ազատման կարգը |
Գլխավոր դատախազին նշանակում և ազատում է Հանրապետության Նախագահը` վարչապետի առաջարկությամբ:
Գլխավոր դատախազի տեղակալներին և դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազներին նշանակում և ազատում է Հանրապետության Նախագահը` Սահմանադրության 55 հոդվածով նախատեսված կարգով:
Մյուս դատախազներին և քննիչներին նշանակում և ազատում է գլխավոր դատախազը` սույն օրենքով սահմանված կարգով:
Դատախազ կամ քննիչ չի կարող լինել հանցագործության համար դատապարտված անձը:
Գլխավոր դատախազի տեղակալ, Երևան քաղաքի դատախազ, մարզի դատախազ կամ համայնքների (համայնքի) դատախազ կարող է լինել 30 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի իրավաբանական բարձրագույն կրթություն, իրավաբանի առնվազն հինգ տարվա մասնագիտական ստաժ և ընդգրկվել է դատախազների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակներում:
Այլ դատախազ կարող է լինել 25 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի իրավաբանական բարձրագույն կրթություն, իրավաբանի առնվազն երեք տարվա մասնագիտական ստաժ և ընդգրկվել է դատախազների պաշտոնեական պիտանիության ցուցակում:
Քննիչ կարող է լինել ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի իրավաբանական բարձրագույն կրթություն, ըստ մասնագիտության գործնական աշխատանքի փորձ չունենալու դեպքում` մեկ տարվա ընթացքում անցել է ստաժավորում և հանձնել համապատասխան քննություն:
Պաշտոնեական պիտանիության ցուցակներում ընդգրկվելու համար դատախազություն դիմած քաղաքացիներից արդարադատության խորհրդին թեկնածուներ առաջարկում է գլխավոր դատախազը:
Գլխավոր դատախազի տեղակալը կամ այլ ստորադաս դատախազն ազատվում է զբաղեցրած պաշտոնից`
1) իր ցանկությամբ.
2) առողջական վիճակի պատճառով` աշխատանքային օրենսդրությանը համապատասխան.
3) այլ պաշտոնում ընտրվելու կամ իր ցանկությամբ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ.
4) 65 տարին լրանալու դեպքում.
5) նրա նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն ուժի մեջ մտնելու կապակցությամբ.
6) ծառայողական անհամապատասխանության դեպքում:
Հոդված 23. | Դատախազության կոլեգիան |
Դատախազությունում, գլխավոր դատախազի գլխավորությամբ, ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են գլխավոր դատախազի տեղակալները և գլխավոր դատախազի կողմից նշանակվող այլ դատախազներ:
Դատախազության կոլեգիան խորհրդակցական մարմին է, որի որոշումները կենսագործվում են գլխավոր դատախազի հրամաններով:
Դատախազության կոլեգիայի գործունեության կարգը սահմանում է գլխավոր դատախազը:
Գ Լ ՈՒ Խ 3
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 24. | Քրեական հետապնդում հարուցելը |
Հայաստանի Հանրապետությունում դատախազը հարուցում է քրեական հետապնդում` ներառյալ քրեական գործ, քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:
Քրեական հետապնդման հարուցման հիմքերի բացակայության և օրենքով նախատեսված այլ դեպքերում դատախազը մերժում է քրեական հետապնդման հարուցումը:
Դատախազը քրեական հետապնդում հարուցում է իր նախապատրաստած նյութերով կամ դատարանի միջնորդության հիման վրա: Դատախազը կարող է քրեական հետապնդում հարուցել նաև հետաքննության մարմնի կամ քննիչի նախապատրաստած նյութերով:
Դատախազությունը պարտավոր է ստուգել հանցագործությունների վերաբերյալ հայտարարություններն ու հաղորդումները կամ դրանց ստուգումը հանձնարարել հետաքննության մարմնին:
Քրեական հետապնդում հարուցելիս դատախազը գործով նախաքննության կատարումը հանձնարարում է քննիչին կամ գործն ընդունում է իր վարույթ:
Հոդված 25. | Հսկողությունը նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ |
Դատախազությունը նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս, բացի քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված լիազորություններից, իրականացնում է նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում:
Նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը սահմանված է քրեական դատավարության օրենսգրքով:
Հոդված 26. | Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում |
Դատախազը քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով պաշտպանում է մեղադրանքն առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում:
Քրեական գործի կարճման վերաբերյալ գանգատի առկայության դեպքում դատախազը քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանում պաշտպանում է գործի կարճման հիմնավորվածությունը:
Քրեական գործը դատարանում քննելիս դատախազը կրում է ապացուցման պարտականություն, և նրա մասնակցությունը պարտադիր է:
Հոդված 27. | Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելը |
Պետության գույքային շահերի (այսուհետ` շահեր) խախտումներ հայտնաբերելիս դատախազը կամ նրա պահանջով` համապատասխան լիազորված պետական մարմինը կամ պաշտոնատար անձը հայց է հարուցում դատարան:
Մինչև պետական շահերի պաշտպանության հայց հարուցելը դատախազն իրավունք ունի նախազգուշացնել համապատասխան մարմիններին և անձանց հայց հարուցելու մասին և պահանջ ներկայացնել պատճառված վնասը սահմանված կարգով հատուցելու մասին:
Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համար նյութեր նախապատրաստելիս դատախազն իրավունք ունի`
1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջել նորմատիվ և այլ իրավական ակտեր, փաստաթղթեր և այլ տեղեկություններ.
2) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանցից ստանալ բացատրություններ, քաղաքացիներից` պարզաբանումներ.
3) անհրաժեշտության դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց ենթակա կազմակերպություններում ստուգել պետական շահերի խախտումների մասին հայտարարություններում շարադրված հանգամանքները.
4) պետական մարմինների և կազմակերպությունների ղեկավարներին առաջարկել կատարելու ստուգումներ, մասնագիտական փորձաքննություններ և ներկայացնել բացատրություններ.
5) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց ենթակա կազմակերպություններում կատարել ստուգումներ և նշանակել փորձաքննություններ:
Հոդված 28. | Դատարանների վճիռների, դատավճիռների և որոշումների բողոքարկումը |
Գլխավոր դատախազը, ինչպես նաև իրենց իրավասության շրջանակներում նրան ենթակա դատախազները բողոքարկում են դատարանի վճիռները, դատավճիռները և որոշումները քրեական դատավարության և քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
Դատախազն իր սահմանադրական լիազորությունների շրջանակում իրավունք ունի դատարանից պահանջել ցանկացած գործ, որի վերաբերյալ վճիռը, դատավճիռը կամ որոշումը մտել են օրինական ուժի մեջ:
Դատախազը դատարանի վճիռը, դատավճիռը կամ որոշումը համարելով անօրինական կամ չհիմնավորված, բողոք է բերում վերադաս դատարան, իսկ եթե դա դուրս է գալիս իր իրավասության սահմաններից` բողոք բերելու միջնորդությամբ դիմում է վերադաս դատախազին:
Դատարանի վճռի, դատավճռի կամ որոշման դեմ բերված բողոքը կարող է հետ վերցնել բողոք բերող դատախազը կամ գլխավոր դատախազը` մինչև դատարանի կողմից բողոքի քննությունը:
Հոդված 29. | Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ հսկողությունը |
Գլխավոր դատախազը և նրան ենթակա դատախազները հսկողություն են իրականացնում ձերբակալվածներին պահելու, նախնական կալանքի և ազատազրկման վայրերում, ինչպես նաև ազատազրկման հետ կապ չունեցող պատիժների և դատարանի կողմից նշանակվող հարկադրանքի այլ միջոցների կիրառման ընթացքում օրենքների պահպանման նկատմամբ:
Վերոհիշյալ լիազորությունն իրականացնելիս դատախազն իրավունք ունի`
1) ցանկացած ժամանակ անարգել այցելել պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման վայրերը.
2) ծանոթանալ այն փաստաթղթերին, որոնց հիման վրա անձը ձերբակալվել կամ կալանավորվել է, դատապարտվել կամ ենթարկվել է հարկադրանքի միջոցների.
3) ստուգել պատիժները և հարկադրանքի այլ միջոցներ կիրառող մարմինների վարչակազմերի հրամանների, կարգադրությունների և որոշումների համապատասխանությունը գործող օրենսդրությանը, կասեցնել օրենքին հակասող ակտերի կատարումը և վերացնել դրանք, դրանց կապակցությամբ բացատրություններ պահանջել համապատասխան պաշտոնատար անձանցից.
4) հարցման ենթարկել ձերբակալվածներին, կալանավորվածներին, դատապարտյալներին, հարկադիր բուժման և դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների ենթարկված անձանց.
5) վերացնել կալանավորված, ինչպես նաև ազատազրկման վայրերում պահվող անձանց նկատմամբ օրենսդրության խախտմամբ նշանակված կարգապահական տույժերը, իր որոշմամբ անհապաղ ազատել նրանց տուգանային և կարգապահական մեկուսարաններից:
Դատախազը պարտավոր է իր որոշմամբ անհապաղ ազատել ազատազրկման վայրերում կամ հարկադրական բնույթի միջոցներ կիրառող հիմնարկներում ապօրինի պահվող, ինչպես նաև ձերբակալման, նախնական կալանքի վայրերում կամ դաստիարակչական հիմնարկներում անօրինական պահվող յուրաքանչյուր անձի:
Ձերբակալվածներին, կալանավորվածներին, ազատազրկման և այլ պատժամիջոցների դատապարտվածներին, ինչպես նաև հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձանց պահելու` օրենքով սահմանված կարգի և պայմանների կիրառման վերաբերյալ դատախազի որոշումներն ու պահանջները ենթակա են պարտադիր կատարման համապատասխան հաստատությունների ղեկավարների կողմից:
Գ Լ ՈՒ Խ 4
ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ
Հոդված 30. | Դատախազական ակտերը |
Իր լիազորություններն իրականացնելիս դատախազն անում է նախազգուշացում, ընդունում որոշում, բերում բողոք, ներկայացնում միջնորդագիր և հայցային դիմում:
Հոդված 31. | Դատախազի նախազգուշացումը |
Նախապատրաստվող կամ կատարվող իրավախախտման մասին տվյալների առկայության դեպքում դատախազն օրենքի խախտման անթույլատրելիության մասին գրավոր նախազգուշացնում է պաշտոնատար անձանց կամ քաղաքացիներին:
Հոդված 32. | Դատախազի միջնորդագիրը |
Իրավախախտում ծնող պատճառների և նպաստող պայմանների վերացման նպատակով դատախազը միջնորդագիր է ներկայացնում դրանք վերացնելու լիազորություն ունեցող մարմիններ կամ պաշտոնատար անձանց:
Միջնորդագիրը ենթակա է անհապաղ քննարկման, որի արդյունքների և ձեռնարկված միջոցառումների մասին մեկամսյա ժամկետում գրավոր հայտնվում է դատախազին:
Հոդված 33. | Դատախազի որոշումը |
Իրավախախտումների բնույթից ելնելով` դատախազը որոշում է ընդունում քրեական հետապնդում կամ վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին:
Դատախազը որոշում է ընդունում նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Քրեական հետապնդում հարուցելու մասին դատախազի որոշումը կայացվում է սույն օրենքի 24 հոդվածով նախատեսված կարգով:
Վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու դատախազի որոշումը ենթակա է քննարկման իրավասու մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից ոչ ուշ, քան որոշումն ընդունելուց հետո տասնօրյա ժամկետում, եթե այն չի գանգատարկվում վերադաս դատախազին:
Որոշման գանգատարկումը չի կասեցնում դրա կատարումը:
Քննարկման արդյունքների մասին գրավոր հայտնվում է դատախազին:
Հոդված 34. | Դատախազի բողոքը |
Իր իրավասության սահմաններում դատախազը բողոք է բերում դատարանի անօրինական և չհիմնավորված վճռի, դատավճռի ու որոշման դեմ:
Դատարանների վճիռների, դատավճիռների և որոշումների բողոքարկումը կատարվում է սույն օրենքի 28 հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 35. | Հայցային դիմում |
Դատախազն իր իրավասության սահմաններում, առանց պետական տուրք վճարելու, կարող է պետական շահերի պաշտպանության հայց հարուցել դատարան:
Պետական շահերի պաշտպանության հայցի հարուցումն իրականացվում է սույն օրենքի 27 հոդվածով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 5
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 36. | Դատախազության աշխատողների դասային աստիճանները |
Դատախազության աշխատողներին, ներառյալ` դատախազության գիտաուսումնական հաստատությունների աշխատողները, իրենց զբաղեցրած պաշտոնների և աշխատանքային ստաժի համաձայն շնորհվում են դասային աստիճաններ:
Դատախազության աշխատողների համար սահմանվում են հետևյալ դասային աստիճանները`
Հայաստանի Հանրապետության արդարադատության պետական խորհրդական. |
Հայաստանի Հանրապետության արդարադատության պետական խորհրդականի, արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանները շնորհում է Հանրապետության Նախագահը` արդարադատության խորհրդի առաջարկությամբ:
Մյուս դասային աստիճանները շնորհվում են գլխավոր դատախազի հրամանով:
Դատախազության դասային աստիճան ունեցող աշխատողները սահմանված կարգով ստանում են լրացուցիչ վարձատրություն:
Հոդված 37. | Դատախազների և քննիչների անձեռնմխելիությունը |
Դատախազի կամ քննիչի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցել միայն գլխավոր դատախազը:
Դատախազների և քննիչների կողմից հանցագործություն կատարելու մասին հաղորդումների ու դիմումների ստուգումը և քրեական գործի քննությունը մտնում է գլխավոր դատախազության բացառիկ իրավասության մեջ:
Հոդված 38. | Դատախազության աշխատողի անձնական պաշտպանության միջոցները |
Դատախազները, քննիչները, ինչպես նաև գլխավոր դատախազի որոշմամբ դատախազության մյուս աշխատողներն ունեն ծառայողական հրազեն և հատուկ միջոցներ ունենալու, կրելու, պահելու և կիրառելու իրավունք:
Ծառայողական հրազենի և հատուկ միջոցների հատկացման ու պահպանման կարգը որոշվում է գլխավոր դատախազի հրամանով:
Հոդված 39. | Դատախազության աշխատողների նկատմամբ կիրառվող խրախուսման և տույժի միջոցները |
Դատախազության աշխատողների նկատմամբ կիրառվում են հետևյալ խրախուսման միջոցները`
1) շնորհակալություն.
2) դրամական պարգևատրում.
3) «Հայաստանի Հանրապետության դատախազության պատվավոր աշխատող» կրծքանշանով պարգևատրում.
4) դասային ավելի բարձր աստիճանի շնորհում:
Դատախազության աշխատողների նկատմամբ կիրառվում են հետևյալ տույժի միջոցները`
1) դիտողություն.
2) նկատողություն.
3) աշխատանքից ազատում:
Խրախուսման միջոցները կիրառում է գլխավոր դատախազը: «Հայաստանի Հանրապետության դատախազության պատվավոր աշխատող» կրծքանշանով պարգևատրելու մասին կանոնադրությունը հաստատում է գլխավոր դատախազը:
Գլխավոր դատախազի տեղակալների, դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազների նկատմամբ դիտողություն կամ նկատողություն կարող է կիրառել գլխավոր դատախազը:
Քննիչների, ինչպես նաև սույն հոդվածի չորրորդ մասում չնշված դատախազների նկատմամբ գլխավոր դատախազը կարող է կիրառել տույժի ցանկացած միջոց:
Հոդված 40. | Դատախազության աշխատողների նյութական և սոցիալական ապահովությունը |
Դատախազների և քննիչների աշխատավարձը բաղկացած է աշխատավարձի պաշտոնեական դրույքից, որակավորման դասի, երկարամյա ծառայության և գիտական աստիճանի համար տրվող դրամական հավելավճարներից:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի, նրա տեղակալների, Երևան քաղաքի դատախազի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչության պետի և Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումը գլխավորող դատախազի պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչության պետի տեղակալի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի ավագ օգնականի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության բաժնի պետի, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալի և Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 150000 դրամ:
Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումը գլխավորող դատախազի տեղակալի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի օգնականի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ քննիչի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչության և բաժնի ավագ դատախազի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 135000 դրամ:
Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության բաժնի պետի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչության և բաժնի դատախազի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության քննչական վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 120000 դրամ:
Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության բաժնի պետի տեղակալի պաշտոնային դրույքաչափը սահմանել 115000 դրամ:
Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի ավագ օգնականի, Երևան քաղաքի դատախազի ավագ օգնականի, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության բաժնի ավագ դատախազի և ՀԿԳ քննիչի, Երևան քաղաքի դատախազության ավագ քննիչի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 110000 դրամ:
Հայաստանի Հանրապետության դատախազության գիտաուսումնական կենտրոնի գիտաշխատողի, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի օգնականի, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության բաժնի դատախազի, Երևան քաղաքի դատախազի օգնականի, Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումը գլխավորող դատախազի ավագ օգնականի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 100000 դրամ:
Երևան քաղաքի դատախազության քննիչի, Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումը գլխավորող դատախազի օգնականի, Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ավագ քննիչի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 90000 դրամ:
Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանման քննիչի պաշտոնային դրույքաչափը սահմանել 85000 դրամ:
Հայաստանի Հանրապետության դատախազության` սույն օրենքով չսահմանված աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով յուրաքանչյուր տարվա համար նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում:
Դատախազության աշխատակիցների դասային աստիճանների հավելավճարները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Երկարամյա ծառայության համար տրվող հավելավճարներն են`
իրավաբանի մասնագիտության աշխատանքային ստաժը |
հավելավճարի չափը |
1) մինչև 5 տարի` |
3 տոկոսի չափով. |
2) 5-10 տարի` |
5 տոկոսի չափով. |
3) 10-15 տարի` |
10 տոկոսի չափով. |
4) 15-20 տարի` |
15 տոկոսի չափով. |
5) 20-25 տարի` |
20 տոկոսի չափով. |
6) 25 տարուց ավելի` |
25 տոկոսի չափով: |
20 տարվա ծառայությունից հետո յուրաքանչյուր տարի հավելավճարի չափն աճում է մեկ տոկոսով, սակայն դրա ընդհանուր չափը չի կարող 50 տոկոսից ավելի լինել:
Դատախազների և քննիչների թոշակավորումն իրականացվում է ներքին գործերի մարմիններում ծառայություն անցնող ղեկավար կազմի անձանց համար կիրառվող պայմաններով, նորմերով և կարգով: Դատախազներին և քննիչներին աշխատանքային ստաժի կամ հաշմանդամության, ինչպես նաև առողջության կամ հաստիքային փոփոխությունների կապակցությամբ կենսաթոշակի ուղարկելու դեպքում վճարվում է միանվագ նպաստ հետևյալ կարգով`
10 տարուց պակաս աշխատանքային ստաժի դեպքում` 12 ամսվա աշխատավարձի չափով.
10-20 տարի աշխատանքային ստաժի դեպքում` 18 ամսվա աշխատավարձի չափով.
20 տարուց ավելի աշխատանքային ստաժի դեպքում` 24 ամսվա աշխատավարձի չափով:
Դատախազներին և քննիչներին աշխատանքից հեռացնելու դեպքում միանվագ նպաստ չի վճարվում:
Դատախազները և քննիչները ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, ծառայողական վկայականը ներկայացնելով, անվճար օգտվում են հասարակական տրանսպորտի բոլոր տեսակներից (բացի տաքսի ավտոմեքենայից):
Դատախազներին և քննիչներին այլ բնակավայր մշտական աշխատանքի նշանակելիս տրվում է իրենց և իրենց ընտանիքների անդամների տեղափոխման հետ կապված ծախսերի հատուցում:
Դատախազին կամ քննիչին պաշտոնում նշանակելուց հետո տարածքային կառավարման մարմինները մեկ ամսվա ընթացքում պարտավոր են ապահովել նրան բարեկարգ բնակելի տարածությունով, եթե նա ունի դրա կարիքը:
Դատախազները և քննիչներն ապահովվում են անվճար համազգեստով: Համազգեստի նկարագրությունը և հատկացման կարգը գլխավոր դատախազի ներկայացմամբ որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: (40-րդ հոդվածը խմբ. 20.02.01 ՀՕ-147, 26.12.02 ՀՕ-507-Ն)
Հոդված 41. | Դատախազների և քննիչների ապահովագրական երաշխիքներն ու նրանց պատճառված վնասների հատուցման իրավունքները |
Դատախազների և քննիչների կյանքն ու առողջությունը ենթակա են պարտադիր պետական ապահովագրության պետական բյուջեի միջոցների հաշվին` նրանց ամսական միջին աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Ապահովագրական գումարները վճարվում են հետևյալ դեպքերում`
1) դատախազի կամ քննիչի մահը ծառայության ընթացքում կամ ազատվելուց հետո, եթե դա վրա է հասել դատախազին կամ քննիչին ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ մարմնական վնասվածքներ հասցնելու հետևանքով: Այս դեպքում մահացած դատախազի կամ քննիչի ընտանիքին և նրա խնամքի տակ գտնվող անձանց տրվում է նրա ամսական միջին աշխատավարձի հարյուրապատիկի չափով ապահովագրական գումար.
2) դատախազին կամ քննիչին` կապված նրա ծառայողական գործունեության հետ, մարմնական վնասվածքներ հասցնելիս, որոնք բացառում են մասնագիտական գործունեությամբ նրա հետագա զբաղվելը, վճարվում է նրա ամսական միջին աշխատավարձի հիսնապատիկի չափով ապահովագրական գումար.
3) դատախազին կամ քննիչին` կապված նրա ծառայողական գործունեության հետ, մարմնական վնասվածքներ հասցնելիս, որոնք չեն հանգեցրել նրա աշխատունակության կայուն կորստի և (կամ) մասնագիտական գործունեությամբ զբաղվելու անհնարինությանը` վճարվում է նրա ամսական աշխատավարձի քսանապատիկի չափով ապահովագրական գումար:
Դատախազին կամ քննիչին` նրա մասնագիտական գործունեության հետ կապված մարմնական վնասվածքներ հասցնելիս, որոնք բացառում են հետագայում մասնագիտական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը, վճարվում է փոխհատուցում` նրա միջին աշխատավարձի և այդ կապակցությամբ նշանակված կենսաթոշակի չափերի միջև տարբերության տեսքով` առանց հաշվի առնելու պարտադիր պետական ապահովագրության վճարած գումարները:
Ծառայության ժամանակ կամ դրանից հետո դատախազի կամ քննիչի մահվան դեպքում, եթե այն նրան հասցված մարմնական վնասվածքների հետևանք է, կապված դատախազի, դատախազության աշխատակազմի ծառայողի կամ քննիչի ծառայողական գործունեության հետ, նրա խնամքի տակ գտնվող ընտանիքի անաշխատունակ անդամներին ամեն ամիս վճարվում է փոխհատուցում մահացածի աշխատավարձից նրանց բաժին ընկնող մասի և կերակրողին կորցնելու համար նշանակված կենսաթոշակի չափերի միջև տարբերության տեսքով` առանց հաշվելու պետական պարտադիր ապահովագրությունից ստացած վճարները: Աշխատավարձի նշված մասը որոշելու համար մահացածի միջին աշխատավարձը բաժանվում է նրա խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների, ներառյալ` աշխատունակները, թվի վրա:
Դատախազին կամ քննիչին կամ նրա ընտանիքին պատկանող գույքի ոչնչացումը կամ վնասվածքը` կապված նրա ծառայողական գործունեության հետ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով ենթակա է հատուցման լրիվ ծավալով, ներառյալ` բաց թողնված օգուտը:
Սույն հոդվածի երրորդից հինգերորդ մասերով նախատեսված վնասները հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:
Գ Լ ՈՒ Խ 6
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 42. | Դատախազության գիտաուսումնական հաստատությունները |
Գլխավոր դատախազը կարող է դատախազության կադրերի որակավորման բարձրացման նպատակով ստեղծել կամ կազմավորել գիտաուսումնական հաստատություններ:
Դատախազության կազմակերպման և գործունեության բարելավմանն ուղղված գիտական առաջարկություններ մշակելու, իրավական փաստաթղթեր նախապատրաստելու և այլ մեթոդական օգնություն ցույց տալու համար գլխավոր դատախազն իրեն կից ստեղծում է գիտամեթոդական խորհուրդ:
Հոդված 43. | Դատախազության ֆինանսավորումը |
Դատախազության ֆինանսավորումը և նյութատեխնիկական ապահովումը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:
Հոդված 44. | Դատախազության մարմինների կնիքը |
Դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներն ունեն կնիք` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իրենց անվանմամբ:
Հոդված 45. | Դատախազության տպագիր մարմինը |
Դատախազության տպագիր մարմինը «Օրինականություն» տեղեկագիրն է:
Հոդված 46. | Դատախազության արտաքին կապերը |
Դատախազության փոխհարաբերություններն այլ պետությունների դատախազությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ որոշվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Հոդված 47. | Սույն օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 12-ից:
Հոդված 48. | Անցումային դրույթներ |
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում, գլխավոր դատախազը, ինչպես նաև իրենց իրավասության շրջանակներում նրան ենթակա դատախազները բողոքարկում են ցանկացած գործով դատարանների վճիռները և որոշումները:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
Երևան 3 օգոստոսի 1998 թ. ՀՕ-245 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.12.2010, ՀՕ-291-Ն | 09.01.2011, ՀՕ-245 | |
22.02.2007, ՀՕ-126-Ն | 01.05.2007, ՀՕ-245 | |
01.06.2006, ՀՕ-110-Ն | 16.07.2006, ՀՕ-245 | |
20.05.2005, ՀՕ-134-Ն | 09.07.2005, ՀՕ-245 | |
26.12.2002, ՀՕ-507-Ն | 01.07.2003, ՀՕ-245 | |
20.02.2001, ՀՕ-147 | 01.01.2002, ՀՕ-245 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|