Գլխավոր տեղեկություն
Համար
N 1098-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.07.11-2022.07.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.07.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.07.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

21 հուլիսի 2022 թվականի N 1098-Ն

 

ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 525-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում սովորելու համար թեկնածուների ընտրության կարգը հաստատելու մասին» N 525-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

21.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 21-ի N 1098-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատությունների (այսուհետ՝ նաև ՌՈՒՀ) ընդունելության գործընթացի, ինչպես նաև օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում սովորելու համար զինծառայողների ընտրության (այսուհետ՝ ընտրություն) կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի համաձայն ՌՈՒՀ ընդունելությունը կազմակերպվում է բարձրագույն ռազմամասնագիտական, բարձրագույն ռազմական, բարձրագույն ռազմավարական և հետբուհական մասնագիտական կրթությամբ կամ լրացուցիչ կրթական ծրագրերով մասնագետների պատրաստման նպատակով:

3. Սույն կարգի իմաստով՝

1) բարձրագույն ռազմամասնագիտական կրթություն՝ համապատասխան զինվորական հաշվառման մասնագիտություններով (այսուհետ՝ ռազմահաշվառական մասնագիտություններ) մարտավարական օղակի կրտսեր սպայական կազմի կադրերի պատրաստում.

2) բարձրագույն ռազմական կրթություն՝ համապատասխան ռազմահաշվառական մասնագիտություններով բարձր որակավորմամբ կամ վերաորակավորմամբ օպերատիվ-մարտավարական օղակի ավագ սպայական կազմի կադրերի պատրաստում.

3) բարձրագույն ռազմավարական կրթություն՝ ռազմաքաղաքական ոլորտում բարձր որակավորմամբ օպերատիվ-ռազմավարական օղակի ավագ և բարձրագույն սպայական կազմերի կադրերի պատրաստում.

4) հետբուհական մասնագիտական կրթություն՝ բարձրագույն ռազմամասնագիտական կամ բարձրագույն ռազմական կամ բարձրագույն ռազմավարական կամ բարձրագույն մասնագիտական կրթությամբ բարձր և (կամ) գիտական որակավորմամբ սպայական կազմի կադրերի պատրաստում.

5) լրացուցիչ կրթական ծրագիր՝ մասնագիտական որակները կատարելագործող կամ առանց մասնագիտական որակավորման աստիճանի շնորհման լրացուցիչ որակավորմամբ սպայական կազմի կադրերի պատրաստում:

 

II. ՌՈՒՀ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

4. Բարձրագույն ռազմավարական կրթական ծրագրով ընդունելությանը (ընտրությանը) կարող են մասնակցել զորամիավորման հրամանատարի տեղակալի և միավորման հրամանատարի, ինչպես նաև դրանց հավասար պաշտոն զբաղեցնող, բարձրագույն ռազմական կրթության մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան ունեցող մինչև 50 տարեկան սպայական կազմի զինծառայողները: Բարձրագույն ռազմավարական կրթական ծրագրով ընդունելությունը (ընտրությունը) իրականացվում է հարցազրույցի միջոցով:

5. Բարձրագույն ռազմական կրթական ծրագրով ընդունելությանը (ընտրությանը) կարող են մասնակցել`

1) գումարտակի, դիվիզիոնի կամ էսկադրիլիայի հրամանատարի, ինչպես նաև դրանց հավասար պաշտոն զբաղեցնող՝ մինչև 40 տարեկան սպայական կազմի զինծառայողները.

2) գումարտակի, դիվիզիոնի կամ էսկադրիլիայի հրամանատարի տեղակալի, ինչպես նաև դրանց հավասար պաշտոն զբաղեցնող՝ մինչև 37 տարեկան սպայական կազմի զինծառայողները:

6. Բարձրագույն ռազմական կրթական ծրագրով ընդունելությանը (ընտրությանը) մասնակցելու համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը`

1) բարձրագույն ռազմամասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական կրթություն.

2) համապատասխան կամ հարակից ռազմահաշվառական մասնագիտություն.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի ավագ սպայական պաշտոններում ոչ պակաս, քան 2 տարվա ծառայության ստաժ:

7. Բարձրագույն ռազմական կրթական ծրագրով ընդունելությունը (ընտրությունը) իրականացվում է մրցութային եղանակով:

8. Բարձրագույն ռազմամասնագիտական կրթական ծրագրով ընդունելությանը (ընտրությանը) կարող են մասնակցել հանրակրթական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրով ավարտական վկայական ունեցող՝

1) մինչև 18 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.

2) օրենքով սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած կամ պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայություն անցած կամ անցնող՝ մինչև 23 տարեկան պահեստազորայինները կամ զինծառայողները.

3) միջազգային պայմանագրերով սահմանված դեպքում՝ օտարերկրյա պետությունների քաղաքացիները:

9. Բարձրագույն ռազմամասնագիտական կրթական ծրագրով ընդունելությունը (ընտրությունը) իրականացվում է մրցութային եղանակով:

10. Հետբուհական կրթական ծրագրով ընդունելությանը (ընտրությանը) կարող են մասնակցել բարձրագույն ռազմամասնագիտական, բարձրագույն ռազմական կամ բարձրագույն մասնագիտական կրթության մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական կամ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանք ունեցող, իսկ կլինիկական օրդինատուրա՝ բժշկական ծառայության սպայական պաշտոններում ոչ պակաս, քան 2 տարվա ծառայության ստաժ ունեցող՝ մինչև 50 տարեկան սպայական կազմի զինծառայողները: Հետբուհական կրթական ծրագրով ընդունելությունը (ընտրությունը) իրականացվում է դիմորդ զինծառայողների հետ հարցազրույցի միջոցով կամ մրցութային եղանակով՝ ըստ տվյալ հաստատությունում համապատասխան կրթական ծրագրով գործող ընդունելության կարգի:

11. Լրացուցիչ կրթական ծրագրով ընդունելությանը (ընտրությանը) կարող են մասնակցել բոլոր կազմերի զինծառայողները՝ անկախ տարիքից: Լրացուցիչ կրթական ծրագրով ընդունելությունը (ընտրությունը) իրականացվում է դիմորդ զինծառայողների հետ հարցազրույցի միջոցով կամ մրցութային եղանակով՝ ըստ տվյալ հաստատությունում համապատասխան կրթական ծրագրով գործող ընդունելության կարգի:

12. Սույն կարգի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 10-րդ կետերով սահմանված տարիքներն ու 6-րդ և 10-րդ կետերով սահմանված ժամկետները հաշվարկվում են համապատասխան ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ:

 

III. ՌՈՒՀ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

13. Համապատասխան կրթական ծրագրով ընդունելությանը (ընտրությանը) մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և ներկայացնելու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը (այսուհետ` նախարար): Բարձրագույն ռազմամասնագիտական կրթական ծրագրով ընդունելությանը (ընտրությանը) մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և ներկայացնելու ժամկետները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում և լրատվամիջոցներով, իսկ մյուս կրթական ծրագրերով ընդունելությանը (ընտրությանը) մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և ներկայացնելու ժամկետները նախարարության համակարգի զինծառայողներին տեղեկացվում են նախարարի հրամանով:

14. Բարձրագույն ռազմամասնագիտական, բարձրագույն ռազմական, բարձրագույն ռազմավարական և հետբուհական կրթական ծրագրերով ընդունելությունը (ընտրությունը) իրականացվում է համապատասխան ընդունելության հանձնաժողովի կողմից:

15. Բարձրագույն ռազմական և բարձրագույն ռազմամասնագիտական կրթական ծրագրերով ընդունելության հանձնաժողովներում գործում են քննական ենթահանձնաժողովներ՝ ըստ սույն կարգի 19-րդ և 20-րդ կետերի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված առարկաների: Ընդունելության հանձնաժողովների և քննական ենթահանձնաժողովների կազմերը, սույն կարգի 19-րդ և 20-րդ կետերով նախատեսված թեստերը և սույն կարգի 23-րդ կետով նախատեսված եզրակացությունների ու անվանացուցակների օրինակելի ձևերը հաստատում է նախարարը` մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 30-ը:

16. Բարձրագույն ռազմական կրթական ծրագրով ընդունելության հանձնաժողովը համապատասխան քննական ենթահանձնաժողովների միջոցով՝

1) ստուգում է դիմորդի ֆիզիկական պատրաստվածությունը` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ֆիզիկական պատրաստության նորմատիվներին համապատասխան.

2) գնահատում է դիմորդի ընդհանուր և մասնագիտական գիտելիքները:

17. Բարձրագույն ռազմամասնագիտական կրթական ծրագրով ընդունելության հանձնաժողովը կազմակերպում է դիմորդի ռազմաբժշկական փորձաքննությունը` ՌՈՒՀ-երի ընդունելության ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից, և համապատասխան քննական ենթահանձնաժողովների միջոցով՝

1) ստուգում է դիմորդի ֆիզիկական պատրաստվածությունը` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ֆիզիկական պատրաստության նորմատիվներին համապատասխան.

2) գնահատում է դիմորդի ընդհանուր գիտելիքները և զարգացվածության աստիճանը:

18. Բարձրագույն ռազմական և բարձրագույն ռազմամասնագիտական կրթական ծրագրերով ընդունելությանը (ընտրությանը) մասնակցելու իրավունք են ստանում այն դիմորդները, ովքեր ճանաչվել են պիտանի՝ ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար:

19. Բարձրագույն ռազմական կրթական ծրագրով ընդունելության (ընտրության) համար սահմանվում է`

1) ֆիզիկական պատրաստության գործնական քննություն.

2) հայերենի, իսկ օտարերկրյա պետությունների ՌՈՒՀ-երի համար` նաև հրավիրող կողմի ուսուցման լեզվի թեստավորում՝ թեստային առաջադրանքների կատարման միջոցով.

3) ընդհանուր և ռազմամասնագիտական (ընդհանուր կամ զորատեսակների մարտավարություն, տեխնիկական կամ մասնագիտական պատրաստություն) գիտելիքների թեստավորում՝ համակցված թեստային առաջադրանքների կատարման միջոցով):

20. Բարձրագույն ռազմամասնագիտական կրթական ծրագրով ընդունելության (ընտրության) համար սահմանվում է`

1) ֆիզիկական պատրաստության գործնական քննություն.

2) հայերենի, իսկ օտարերկրյա պետությունների ՌՈՒՀ-երի համար` նաև հրավիրող կողմի ուսուցման լեզվի թեստավորում՝ թեստային առաջադրանքների կատարման միջոցով.

3) ընդհանուր գիտելիքների և զարգացվածության աստիճանի թեստավորում՝ համակցված թեստային առաջադրանքների կատարման միջոցով կամ մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից միասնական պետական քննության արդյունքներով:

21. Սույն կարգի 19-րդ և 20-րդ կետերի 2-րդ ենթակետերով նախատեսված թեստերը բաղկացած են 50, իսկ 3-րդ ենթակետերով նախատեսված թեստերը՝ 80 առաջադրանքից:

22. Յուրաքանչյուր կրթական ծրագրով հաստատված ընդունելության տեղերի թվի շրջանակներում` սույն կարգի 19-րդ և 20-րդ կետերով նախատեսված թեստավորումների արդյունքներով առավելագույն միավորից նվազման կարգով մինչև անհրաժեշտ թիվը լրանալը, ՌՈՒՀ ընդունվելու համար հաղթող են ճանաչվում այն դիմորդները, ովքեր ապահովել են ֆիզիկական պատրաստության համապատասխան տարիքային նորմատիվները: Հավասար միավորների դեպքում առավելությունը տրվում է ֆիզիկական պատրաստության գործնական քննությունից առավել բարձր արդյունք ցույց տված դիմորդին:

23. Ընդունելության հանձնաժողովներն ընդունելության արդյունքներն ամփոփում են դրանց ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ կայացնելով համապատասխան եզրակացություններ և կազմելով քննություններին ու թեստավորումներին մասնակցած և հաղթող ճանաչված ու հաղթող չճանաչված դիմորդների անվանացուցակներ և մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնում են նախարարին, ինչպես նաև նույն ժամկետի ընթացքում ապահովում են յուրաքանչյուր դիմորդի մասով ընդունելության (ընտրության) արդյունքների և կայացված եզրակացության մասին գրավոր տեղեկացումն անմիջապես դիմորդին:

24. Դիմորդը կարող է իր մասով ընդունելության (ընտրության) արդյունքները և կայացված եզրակացությունը բողոքարկելու դիմում ներկայացնել համապատասխան ընդունելության հանձնաժողովին՝ դրանք ստանալու պահից 24 ժամվա ընթացքում:

25. Համապատասխան ընդունելության հանձնաժողովը բողոքարկման դիմումը քննարկում է այն ստանալու պահից 24 ժամվա ընթացքում և արդյունքների մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է դիմումատուին:

26. Բողոքարկման դիմումի քննարկման ժամանակ քննությունների և թեստերի վերահանձնում չի իրականացվում: Բողոքարկման դիմումի քննարկման արդյունքներով համապատասխան ընդունելության հանձնաժողովը կայացնում է ընդունելության (ընտրության) արդյունքները և կայացրած եզրակացությունն անփոփոխ թողնելու կամ դրանք վերանայելու և դիմորդին հաղթող ճանաչելու կամ հաղթող ճանաչված դիմորդի ընդունելության (ընտրության) արդյունքներն ու նախկին եզրակացությունը վերանայելու եզրակացություններ:

27. Բողոքարկման արդյունքներով կայացված եզրակացությունները դիմորդի կողմից կարող են բողոքարկվել նախարարին՝ ներկայացնելով դիմում: Դիմումի քննարկման արդյունքներով ընդունված որոշման մասին դիմորդին տեղեկացվում է դիմումն ստանալու պահից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում: Դիմումի քննարկման արդյունքներով նախարարն ընդունում է դիմումը բավարարելու կամ մերժելու որոշում՝ սույն կարգի 26-րդ կետով նախատեսված բովանդակություններով: Բողոքարկման դիմումի արդյունքներով կայացված որոշումները դիմորդի կողմից կարող են բողոքարկվել նաև դատարան՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

28. Դիմորդները համապատասխան կրթական ծրագրով ՌՈՒՀ ընդունված են համարվում նախարարի հրամանով:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

             

 

21.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան