Գլխավոր տեղեկություն
Համար
N 355-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.08.2022-02.06.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 28.03.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.03.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մարտի 2020 թվականի N 355-Լ

   

Տնտեսության արդիականացման միջոցառումը հաստատելու մասին

(ՎԵՐՆԱԳԻՐԸ ԽՄԲ. 27.01.22 N 106-Լ)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել տնտեսության արդիականացման միջոցառումը՝ համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը խմբ. 27.01.22 N 106-Լ, փոփ. 04.08.22 N 1224-Լ)

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներկայացնել սույն որոշման հավելվածի 9-րդ կետով սահմանված օժանդակության գործիքների կիրառման կարգը՝ այնտեղ ամրագրելով նաև գործընթացի հրապարակային և թափանցիկ իրականացման մեխանիզմներ, այդ թվում՝ օժանդակությունից օգտվող տնտեսավարողների ցանկի հրապարակումը:

3. Հաստատել բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման միջոցառումը՝ համաձայն N 2 հավելվածի։

(3-րդ կետը լրաց. 04.08.22 N 1224-Լ)

4. Սույն որոշման 3-րդ կետով հաստատված միջոցառումների իրականացումը վերապահել «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին կամ դրա իրավահաջորդին։

(4-րդ կետը լրաց. 04.08.22 N 1224-Լ)

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կամ դրա իրավահաջորդի հետ կնքել սույն որոշման 3-րդ կետով հաստատված միջոցառումների իրականացման վերաբերյալ պայմանագիր:

(5-րդ կետը լրաց. 04.08.22 N 1224-Լ)

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. մարտի 26

Երևան

 

   

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 26-ի N 355-Լ որոշման

(գլխագիրը փոփ. 04.08.22 N 1224-Լ)

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

(վերնագիրը խմբ. 27.01.22 N 106-Լ, 04.08.22 N 1224-Լ

 

1․ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

1. Միջոցառման նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները և խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, որը կբերի արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակության բարձրացման և աշխատանքի արտադրողականության աճի։

 

2․ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

 

2. Սույն միջոցառման իմաստով տնտեսավարող է համարվում Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող մասնավոր առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որն ապահովում է ստորև թվարկված բոլոր չափանիշներին համապատասխանությունը:

(2-րդ կետը խմբ. 04.08.22 N 1224-Լ)

 

3․ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ

 

3. Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսուհետ՝ ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային վարկերի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Ընդ որում, վարկերի/լիզինգի վերադարձի ռիսկն ամբողջությամբ կրում է ֆինանսական կազմակերպությունը:

4. Տնտեսավարողը հնարավորություն ունի սույն միջոցառման 6-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված առավելագույն գումարի սահմաններում սույն միջոցառմամբ սահմանված նպատակներով ստանալ վարկեր կամ կնքել լիզինգի պայմանագիր։

 

4․ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ՆԵՐՔՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ՎԱՐԿԵՐԻ/ԼԻԶԻՆԳԻ ՆՊԱՏԱԿԸ

 

5. Օժանդակությունը կիրառելի է այն վարկերի/լիզինգի համար, որոնք տրամադրվում են տնտեսավարողներին հետևյալ նպատակով՝

1) նոր (չօգտագործված) սարքերի և սարքավորումների գնում կամ ներմուծում, պայմանով, որ  գնորդի և մատակարարի միջև պայմանագիրը կնքվել է 2021 թվականի փետրվարի 1-ից հետո, և տվյալ սարքերը և սարքավորումները պետք է օգտագործվեն Հայաստանի Հանրապետությունում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով (այսուհետ՝ սարքավորումների վարկեր/լիզինգ):

(5-րդ կետը լրաց. 04.08.22 N 1224-Լ)

 

5․ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ՆԵՐՔՈ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԵՐԻ/ԼԻԶԻՆԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԵՐ/ԼԻԶԻՆԳ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ

 

6. Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկերը/լիզինգը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝

1) արժույթը՝ դրամով կամ արտարժույթով.

 

2) ժամկետը՝

Տեսակը

Տրամադրվող վարկի/լիզինգի գումարը

Սուբսիդավորման ժամանակահատվածը

Վարկի/լիզինգի ժամկետը

Մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասեր

մինչև 200 մլն դրամին համարժեք գումար

մինչև 42 ամիս

մինչև 120 ամիս

 

ավելի քան 200 մլն դրամին համարժեք գումար

մինչև 36 ամիս

մինչև 120 ամիս

 

3) դրամով և արտարժույթով վարկի/լիզինգի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված՝ մինչև 6 ամիս․

4) մեկ տնտեսավարողի՝ օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի/լիզինգի՝ սույն միջոցառման շրջանակներում սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը՝ 1 մլրդ դրամով կամ համարժեք արտարժույթով․

5) վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով.

6) վարկի/լիզինգի առարկայի արժեքը ներառում է վարկի/լիզինգի առարկայի ձեռքբերման գինը, Հայաստանի Հանրապետություն ներմուծման հետ կապված ծախսերը (տեղափոխում, այդ թվում՝ տեղափոխման հետ կապված այլ ծախսեր, մաքսազերծում, ավելացված արժեքի հարկ և այլն).

7) այն դեպքում, երբ կառուցվածքը (կոնստրուկցիան) կազմում է վարկով/լիզինգով ձեռք բերվող տեխնոլոգիական սարքավորման անբաժանելի մաս, ապա կառուցվածքը կարող է դիտարկվել որպես վարկի/լիզինգի առարկա.

8) վարկի/լիզինգի տրամադրման և սպասարկման ընթացքում միջնորդավճարներ, վաղաժամկետ մարման համար տույժեր/տուգանքներ կամ այլ վճարներ չեն կիրառվում․

9) մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման հաշվարկումը՝

ա. լիզինգի պայմանագրի շրջանակներում լիզինգի առարկայի ձեռքբերման համար ֆինանսական կազմակերպությունների կողմից վճարված գումարների (արտարժույթի դեպքում՝ համարժեք դրամի) և լիզինգառուի կողմից որպես կանխավճար վճարված գումարների դրական տարբերության վրա՝ սկսած վերոնշյալ գումարների վճարման օրվանից մինչև լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտերի ստորագրման օրը հաշվարկվում է տոկոս, որը չի կարող գերազանցել լիզինգի՝ պայմանագրով սահմանված տարեկան տոկոսադրույքը,

բ. սույն ենթակետի «ա» պարբերությունում հաշվարկված տոկոսագումարը սուբսիդավորվում է մեքենասարքավորման և դրա բաղկացուցիչ մասերի հանձնման ընդունման ակտի ստորագրումից հետո միանվագ՝ ծրագրով սահմանված ընթացակարգով: Ընդ որում, մատակարարման փուլի սուբսիդավորումը կատարվում է մինչև 180 օր ժամկետի համար՝ սկսած լիզինգի պայմանագրի կնքման օրվանից, իսկ 180 օր ժամկետը գերազանցող ժամկետի համար տոկոսների վճարման պարտականությունը կրում է լիզինգառուն,

գ. լիզինգի առարկան չմատակարարվելու կամ այլ հանգամանքներով պայմանավորված հանձնման-ընդունման ակտը չստորագրվելու դեպքում՝ սույն ենթակետի «բ» պարբերությունում նշված տոկոսագումարը ենթակա չէ սուբսիդավորման, և տոկոսագումարի վճարման պարտականությունը կրում է լիզինգառուն,

դ. վարկային պայմանագրի շրջանակներում մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերման համար վարկառուի կողմից որպես կանխավճար վճարված գումարի վրա կանխավճարի վճարման օրվանից մինչև վարկի առարկայի հանձնման-ընդունման ակտի ստորագրման (կամ մաքսային հայտարարագրի) ամսաթիվը հաշվարկվում է տոկոսադրույք (կամ դրան հավասարեցված վճար)։ Նշված տոկոսադրույքը (կամ դրան հավասարեցված վճարը) սուբսիդավորվում է մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի հանձնման-ընդունման ակտի ստորագրումից հետո միանվագ՝ ծրագրով սահմանված ընթացակարգով և չի կարող գերազանցել վարկի պայմանագրով սահմանված տարեկան տոկոսադրույքը: Ընդ որում, մատակարարման փուլի սուբսիդավորումը կատարվում է մինչև 180 օր ժամկետի համար՝ սկսած վարկի պայմանագրի կնքման օրվանից, իսկ 180 օր ժամկետը գերազանցող օրերի համար տոկոսների վճարման պարտականությունը կրում է վարկառուն,

ե. մեքենասարքավորումները և դրանց բաղկացուցիչ մասերը չմատակարարվելու դեպքում սույն ենթակետի «դ» պարբերությունում նշված տոկոսագումարը ենթակա չէ սուբսիդավորման, իսկ տոկոսագումարի վճարման պարտականությունը կրում է վարկառուն:

(6-րդ կետը խմբ., փոփ., լրաց. 04.08.22 N 1224-Լ)

7. Տոկոսադրույքների սուբսիդավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից՝ ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի հիման վրա։

 

6․ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ

 

8. Սույն միջոցառման շրջանակում վարկ/լիզինգ ստանալու նպատակով ցանկացած տնտեսավարող, որը համապատասխանում է սույն միջոցառմամբ նախատեսված պայմաններին, կարող է հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում սույն միջոցառմամբ սահմանված կանոնների համաձայն կիրականացվի սուբսիդավորում՝ տվյալ վարկի/լիզինգի տոկոսների` սույն հավելվածի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված չափերով, վարկի/լիզինգի մարման ժամկետի՝ սույն հավելվածի 6-րդ կետում նշված ժամանակահատվածի համար։

8.1. Սույն հավելվածի 6-րդ կետի 9-րդ ենթակետի «ա» և «դ» պարբերություններով նախատեսված հանձնման-ընդունման ակտի ստորագրումից հետո վարկի/լիզինգի սուբսիդավորումն իրականացվում է սույն հավելվածի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված չափերով, վարկի/լիզինգի մարման ժամկետի՝ սույն հավելվածի 6-րդ կետում նշված ժամանակահատվածի համար:

(8.1-ին կետը լրաց. 04.08.22 N 1224-Լ)

9. Հայաստանի Հանրապետության դրամով վարկերի սուբսիդավորման չափերը, կախված նպատակից, հետևյալն են՝«

 

Նպատակը

Սուբսիդավորման չափը

մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի վարկ

8%

մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի լիզինգ

10%

(9-րդ կետը փոփ. 04.08.22 N 1224-Լ)

10. Արտարժույթով վարկերի սուբսիդավորման չափերը, կախված նպատակից, հետևյալն են՝

 

Նպատակը

Սուբսիդավորման չափը

մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի վարկ

6%

մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի լիզինգ

8%

(10-րդ կետը փոփ. 04.08.22 N 1224-Լ)

 

7․ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ ՆԵՐԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Տնտեսավարողը, որի կանոնադրական կապիտալում 200 մլն դրամ և ավելի գումարի չափով ներդրում է կատարվել 2021 թվականի հունվարի 1-ից մինչև աջակցության հայտը ներկայացնելու պահը, կարող է օգտվել հետևյալ հավելյալ արտոնությունից՝

1) սույն հավելվածի 6-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի/լիզինգի սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը սահմանվում է կանոնադրական կապիտալում կատարված ներդրման հնգապատիկի չափով, բայց ոչ ավելի, քան 10 մլրդ դրամ, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում՝ 5 մլրդ դրամին համարժեք:

12. Սույն հավելվածի 11-րդ կետում նշված կանոնադրական կապիտալի ավելացումները պետք է իրականացված լինեն դրամական միջոցների տեսքով ներդրումների հաշվին: Ընդ որում, սուբսիդավորման ամբողջ ժամանակահատվածում կանոնադրական կապիտալի նվազեցում չի թույլատրվում:

13. Սույն միջոցառման 11-րդ կետով նախատեսված արտոնությունից օգտվող տնտեսավարողները մինչև վարկի/լիզինգի պայմանագրի ստորագրումը պարտավոր են ֆինանսական կազմակերպությանը ներկայացնել կանոնադրական կապիտալի համալրումը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև պայմանագրի ստորագրմանը հաջորդող տարվա ընթացքում և դրան հաջորդող սուբսիդավորման տարիների ամբողջ ընթացքում պարտավորվում են ներկայացնել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան հաշվետվություններ, ինչպես նաև 500 մլն դրամ և ավելի շրջանառություն ունեցող աուդիտորական ընկերությունների կողմից արտաքին աուդիտի եզրակացություն։

(13-րդ կետը փոփ. 04.08.22 N 1224-Լ)

14․ Սույն հավելվածի 12-րդ և 13-րդ կետերում նշված պայմանի խախտման դեպքում տվյալ տնտեսավարողին տրամադրված վարկը/լիզինգը ենթակա է մարման բացահայտումից հետո անհապաղ, իսկ պետության կողմից վճարված սուբսիդավորման գումարները բանկի միջոցով ենթակա են վերադարձման՝ ֆինանսական կազմակերպության և տնտեսավարողի միջև կնքվող պայմանագրով ամրագրված կարգով։

 

8․ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

 

15․ Սույն միջոցառման իմաստով նպատակային է համարվում այն վարկ/լիզինգը, որը տրամադրվել է ստորև աղյուսակում ներկայացված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված՝ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների և որոշման 5-րդ կետով սահմանված օգտագործման նպատակների համադրությամբ՝

 

Գործունեության նպատակ

Օգտագործման նպատակ

C (ՍԻ) «ՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ»

մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում

B (ԲԻ) «ՀԱՆՔԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՑԱՀԱՆՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» (բացառությամբ 7-րդ հատվածի)

մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում

J (ՋԵՅ) «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՊ»

մեքենասարքավորումների և դրանց
բաղկացուցիչ մասերի ձեռքբերում

F (ԷՖ) «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ»

մեքենասարքավորումների և դրանց
բաղկացուցիչ մասերի ձեռքբերում

H (ԷՅՋ) «ՓՈԽԱԴՐՈՒՄ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ»

մեքենասարքավորումների և դրանց
բաղկացուցիչ մասերի ձեռքբերում

M (ԷՄ) «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ»

մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում

P (ՓԻ) «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ»

մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում

Q (ՔՅՈՒ) «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ»

մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում

 

Ընդ որում, որոշման համատեքստում որպես տնտեսական գործունեության դասակարգիչ է դիտարկվում այն ոլորտային դասակարգիչը, որի համար շահառուն դիմում է ֆինանսավորման։

(15-րդ կետը խմբ. 04.08.22 N 1224-Լ)

15.1. Սույն միջոցառման շրջանակներում վարկ է համարվում նաև փաստաթղթային ակրեդիտիվը, և փաստաթղթային ակրեդիտիվի միջոցով տրամադրվող ֆինանսավորումը ևս ենթակա է սուբսիդավորման՝ սույն միջոցառմամբ սահմանված վարկի պայմաններով։

(15.1-ին կետը լրաց. 04.08.22 N 1224-Լ)

16․ Սույն միջոցառումը գործելու է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։

17․ Սույն միջոցառմանը կարող են մասնակցել հավելվածում նշված պայմանները բավարարող բոլոր տնտեսավարողները՝ անկախ նախկինում պետական աջակցության միջոցառումներին մասնակցած լինելու փաստից։

18. Սույն հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված սուբսիդավորման ժամկետները և այլ պայմաններն արդյունաբերության գերակա ոլորտներում կատարվող կապիտալ ներդրումների համար կարող են փոփոխվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

(հավելվածը փոփ. 03.04.20 N 464-Լ, լրաց., փոփ., խմբ. 09.04.20 N 503-Լ, խմբ. 14.04.20 N 554-Լ, լրաց., փոփ. 22.04.20 N 586-Լ, փոփ. 29.04.20 N 640-Լ, խմբ. 12.05.20 N 725-Լ, փոփ., լրաց. 19.05.20 N 769-Լ, լրաց. 12.06.20 N 947-Լ, լրաց., խմբ. 09.09.20 N 1480-Լ, խմբ. 22.07.21 N 1184-Լ, 27.01.22 N 106-Լ, փոփ., խմբ., լրաց. 04.08.22 N 1224-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 26-ի N 355-Լ որոշման

 

ԲԱՐՁՐ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

1. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

1. Միջոցառման նպատակն է բարձրացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ընկերությունների արտադրողականությունը:

2. Միջոցառման խնդիրն է աջակցել տնտեսավարողներին ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների:

 

2. ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

 

3. Սույն միջոցառման իմաստով՝

1) տնտեսավարող են համարվում Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք աջակցության համարf դիմելու պահին նախորդող 12 ամսվա ընթացքում ներգրավել են սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված բարձր որակավորում ունեցող մասնագետների (այսուհետ` ԲՈՈՒՄ).

2) ԲՈՈՒՄ է համարվում այն մասնագետը, ով տնտեսավարողի կողմից ծրագրին դիմելու պահին նախորդող 30 ամսից առնվազն 12-ը ապրել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և բավարարում է հետևյալ պայմաններից գոնե մեկին՝

i. ավարտել է ծրագրին դիմելու տարում հրապարակված QS համաշխարհային համալսարանների վարկանիշի (QS World University Rankings) առաջատար 400 (չորս հարյուր) ԲՈՒՀ-երից որևէ մեկը և ստացել է բակալավրի, մագիստրոսի և/կամ դոկտորի որակավորում/աստիճան (կամ տվյալ երկրում ընդունված համապատասխան այլ բարձրագույն կրթական որակավորում/աստիճան),

ii. ունի նվազագույնը 10 (տասը) տարվա աշխատանքային փորձ հետևյալ վարկանիշային կամ ինդեքս թողարկող ընկերությունների կողմից թողարկված վարկանիշի կամ ինդեքսի մաս կազմող ընկերություններում՝ Forbes, Fortune, HeadHunter, NIFTY, Dow Jones, FTSE, S&P, SSE Composite, SZSE, KOSPI, KOSDAQ, BSE SENSEX, NSE of India, BOVESPA, IBrX, ITEL, Nikkei, TOPIX, DAX, MDAX, MOEX Russia.

3) միջոցառման իմաստով ԲՈՈՒՄ-ներին վճարված աշխատավարձեր և դրան հավասարեցված այլ վճարումներ են համարվում վերջիններիս համար պայմանագրերով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով սահմանված աշխատավարձերը և դրանց հավասարեցված այլ վճարումները (ներառյալ հարկերը, պարտադիր այլ վճարները):

 

3. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ

 

4. Միջոցառմամբ նախատեսվում է փոխհատուցել տնտեսավարողների կողմից ներգրավված ԲՈՈՒՄ-երին վճարված աշխատավարձերը և դրան հավասարեցված այլ վճարումները 1 ԲՈՈՒՄ-ի համար համաձայն հետևյալ սանդղակի`

1) սույն միջոցառման 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ԲՈՈՒՄ-երին վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների առավելագույնը 20%-ը, սակայն ոչ ավելի, քան ամսական 1 000 000 (մեկ միլիոն) դրամ և ոչ ավելի, քան փոխհատուցման ժամանակահատվածի համար վճարված եկամտային հարկը.

2) բացառություն են կազմում դոկտորական աստիճան ունեցող ԲՈՈՒՄ-երը, որոնց դեպքում կփոխհատուցվի վճարված աշխատավարձերի և դրան հավասարեցված այլ վճարումների առավելագույնը 50%-ը, սակայն ոչ ավելի, քան ամսական 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամը, իսկ վերջիններիս կողմից նաև Հայաստանի Հանրապետության ԲՈՒՀ-երում դասավանդելու դեպքում հիմնական աշխատավայրի աշխատավարձի նշյալ փոխհատուցումից բացի, կփոխհատուցվի նաև բարձրագույն ուսումնական հաստատության կողմից վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 70%-ը, սակայն ոչ ավելի, քան գումարային ամսական 2 000 000 (երկու միլիոն) դրամը:

 

4. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Աջակցություն ստանալու նպատակով տնտեսավարողները պարտավոր են իրականացնող մարմին ներկայացնել`

1) սույն միջոցառման շահառու դառնալու մասին դիմում-հայտ, որում պարտադիր նշվում է ընկերության անվանումը, ՀՎՀՀ-ն, գտնվելու վայրի հասցեն և բանկային տվյալները.

2) սույն միջոցառման 3-րդ կետում նշված պայմանները բավարարող ԲՈՒՀ-երից որևէ մեկի բարձրագույն կրթությունը կամ գիտական աստիճանը հիմնավորող վկայականի բնօրինակը կամ պաշտոնական պատճենը և/կամ 3-րդ կետում նշված պայմանները բավարարող ընկերություններում աշխատելու հետևյալ հիմքերը`

i. պաշտոնական տեղեկանք նշված ընկերություններից որևէ մեկից, որում պետք է հստակ նշված լինի քանի տարի է տվյալ մասնագետն աշխատել այդ ընկերությունում և ինչ պաշտոններ է զբաղեցրել,

ii. մասնագետի նախկին աշխատավայրի ղեկավար անձնակազմից համապատասխան անձի/անձանց անունը, ազգանունը, պաշտոնը, էլ․ հասցեն, հեռախոսահամարը` սույն միջոցառման 3-րդ կետում նշված տեղեկությունները հաստատելու համար.

3) ԲՈՈՒՄ-ի հետ կնքված աշխատանքային պայմանագրի (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի) պատճենը Հայաստանի Հանրապետությունում գտնվող ընկերությունից.

4) ԲՈՈՒՄ-ի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

5) ԲՈՈՒՄ-ի համաձայնությունը սույն միջոցառման շրջանակներում իրականացնող մարմնի, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` ՊԵԿ) կողմից անձնական տվյալների, այդ թվում՝ աշխատավարձի չափի, վճարված հարկերի վերաբերյալ տեղեկությունների փոխանցման, ստացման, մշակման վերաբերյալ:

6. Սույն միջոցառման 7-րդ կետում նշված փաստաթղթերը և տեղեկությունները միջոցառման պահանջները բավարարելու դեպքում իրականացնող մարմինը ՊԵԿ-ին պաշտոնական գրությամբ ներկայացնում է հարցում, որի հիման վրա ՊԵԿ-ը 5 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնող մարմնին է ներկայացնում ԲՈՈՒՄ-ի եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներով հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների, եկամտային հարկի չափի վերաբերյալ տեղեկություններ` ըստ ամիսների:

7. Սույն միջոցառման պահանջները բավարարող դիմում-հայտերի փոխհատուցումները փոխանցվում են տնտեսավարողների դիմում-հայտում նշված բանկային հաշիվներին` մինչև յուրաքանչյուր եռամսյակի ավարտին հաջորդող 15 օրվա ընթացքում:

8. Փոխհատուցումները տրամադրվում են միայն դիմումի բավարարման պահից հետո ԲՈՈՒՄ-ներին վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների դիմաց և չեն տրամադրվում դիմումին նախորդող շրջանում վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների համար։

9. Փոխհատուցման տրամադրումը մերժվում է, եթե տնտեսավարողի կողմից ներկայացված փաստաթղթերով տրամադրված տեղեկությունները և տվյալները չեն համապատասխանում իրականությանը կամ սույն միջոցառման պահանջներին։

10. Փոխհատուցումները տրամադրվում են դիմումի հաստատումից սկսած իրար հաջորդող 36 ամիսների համար:

 

5. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

11. Աջակցությունը տրամադրվում է սույն միջոցառմամբ սահմանված պահանջները բավարարող տնտեսավարողներին` պայմանով, որ աջակցության համար դիմելուն նախորդող առնվազն 2 ամսվա (անընդմեջ) ընթացքում ԲՈՈՒՄ-ը հանդիսացել է տվյալ տնտեսավարողի աշխատակից:

12. Սույն միջոցառման վերջնաժամկետ է սահմանվում 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։

(հավելվածը խմբ. 04.08.22 N 1224-Լ)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան