Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 37
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.05.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
24.04.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 ապրիլի 2017 թվականի

թիվ 37

քաղ. Մոսկվա

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ, ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 1-ին հավելված) 7-րդ և 44-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ «Տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցառումների իրականացման հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» հիմնադրույթը:

2. Ուժը կորցրած ճանաչել՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի սեպտեմբերի 18-ի «Տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցառումների իրականացման հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» թիվ 161 որոշման 1-ին կետի երկրորդ պարբերությունը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2013 թվականի մարտի 26-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2012 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 161 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 56 որոշման 1-ին կետի «ա» ենթակետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի ապրիլի 24-ի

թիվ 37 որոշմամբ

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ

 

Տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցառումների իրականացման հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցառումների իրականացման հարցերով խորհրդատվական կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ստեղծվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային առընթեր (այսուհետ համապատասխանաբար՝ Հանձնաժողով, Կոլեգիա)՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 7-րդ և 44-րդ կետերին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված):

Կոմիտեն Հանձնաժողովի խորհրդատվական մարմին է, որն ապահովում է տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման, համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման, Միության շրջանակներում չափումների միասնականության ապահովման և սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման հարցերով առաջարկների, առաջարկությունների նախապատրաստումը և խորհրդակցությունների անցկացումը:

2. Կոմիտեն իր գործունեությունն իրականացնելիս առաջնորդվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերով և ակտերով, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգով, ինչպես նաև սույն հիմնադրույթով։

 

II. Կոմիտեի հիմնական խնդիրները

 

3. Կոմիտեի հիմնական խնդիրներն են՝

ա) Հանձնաժողովի համար առաջարկների նախապատրաստումը հետևյալ հարցերի շուրջ.

Միության իրավունքի մաս կազմող ակտերի կատարելագործումը` տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման, համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման, Միության շրջանակներում չափումների միասնականության ապահովման և սանիտարական, անասնաբուժասանիտարական ու կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման ոլորտներում,

Միության անդամ պետությունների պետական իշխանության այն մարմինների համաձայնեցված գործողությունների ապահովումը, որոնք լիազորված են տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման, առողջապահության, բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության, անասնաբուժության, բույսերի կարանտինի, գյուղատնտեսության, Միության շրջանակներում չափումների միասնականության ապահովման, համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման ոլորտներում, Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու համար, ինչպես նաև Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, լիազորված մարմիններ), «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման, համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման, Միության շրջանակներում չափումների միասնականության ապահովման և սանիտարական, անասնաբուժասանիտարական ու կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման ոլորտներում՝ Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի իրագործման ժամանակ,

նորմատիվ իրավական կարգավորման վիճակի և կատարելագործման ուղղությունների գնահատումը՝ տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման, համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման, Միության շրջանակներում չափումների միասնականության ապահովման և սանիտարական, անասնաբուժասանիտարական ու կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման ոլորտներում.

բ) տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման, համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման, Միության շրջանակներում չափումների միասնականության ապահովման և սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման ոլորտներում պահանջների սահմանման, կիրառման, փոփոխության կամ գործողության դադարեցման հարցերի վերաբերյալ ակտերի նախագծերի մասով առաջարկների նախապատրաստումը.

գ) Միության տեխնիկական կանոնակարգերի նախագծերի (դրանցում փոփոխություններ կատարելու) և տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման, համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման, Միության շրջանակներում չափումների միասնականության ապահովման և սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման ոլորտների ակտերի նախագծերի մասով առաջարկների նախապատրաստումը Հանձնաժողովի համար, ինչպես նաև լիազորված մարմինների միջև նշված նախագծերի վերաբերյալ տարաձայնություններ առաջացնող հարցերի քննարկումը.

դ) խորհրդակցությունների անցկացումը լիազորված մարմինների հետ և Հանձնաժողովի համար առաջարկությունների նախապատրաստումն այն հարցերի վերաբերյալ, որոնք ընդգրկված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մարտի 17-ի թիվ 7 կարգադրությամբ հաստատված հարցերի ցանկում (այսուհետ՝ հարցերի ցանկ), որոնց մասով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան պարտավոր է անցկացնել խորհրդակցություններ՝ Տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման հարցերով խորհրդատվական կոմիտեի շրջանակներում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կամ խորհրդի կողմից որոշում ընդունվելուց առաջ.

ե) Միության շրջանակներում սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման ոլորտում Միության մարմինների ակտերի փորձաքննության իրականացումը՝ միջազգային ստանդարտներին, որոշումներին և առաջարկություններին համապատասխանության մասով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 212 որոշմամբ հաստատված՝ «Սանիտարական, անասնաբուժական ու բուսասանիտարական միջոցառումների իրականացման ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի փորձաքննություն անցկացնելու միասնական կարգի մասին» հիմնադրույթին համապատասխան.

զ) տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման, համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման, Միության շրջանակներում չափումների միասնականության ապահովման և սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման ոլորտներում այլ հարցերի քննարկումը:

 

III. Կոմիտեի կազմը

 

4. Կոմիտեի կազմը ձևավորվում է լիազորված մարմինների ղեկավարներից (ղեկավարների տեղակալներից)՝ անդամ պետությունների առաջարկների հիման վրա։

5. Անդամ պետությունների առաջարկներով Կոմիտեի կազմում կարող են ընդգրկվել գործարար համայնքի, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ անկախ փորձագետներ (յուրաքանչյուր անդամ պետությունից, 3 մարդուց ոչ ավելի):

Կոմիտեի կազմը հաստատվում է Հանձնաժողովի կոլեգիայի կարգադրությամբ:

6. Լիազորված մարմինների և Կոմիտեի անդամների առաջարկներով՝ Կոմիտեի նիստերին կարող են մասնակցել անդամ պետությունների այն փորձագետները, որոնց իրավասությանն են վերապահված Կոմիտեի գործունեության ուղղություններին առնչվող հարցերը:

Կոմիտեի նախագահի հրավերով՝ Կոմիտեի նիստերին կարող են մասնակցել Հանձնաժողովի այն պաշտոնատար անձինք և աշխատակիցները, որոնց իրավասությանն են վերապահված Կոմիտեի նիստում քննարկվող հարցերը:

Կոմիտեի նիստերին կարող են մասնակցել նաև Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների այն ներկայացուցիչները, որոնք իրականացրել են Հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկման համար նախատեսվող՝ Հանձնաժողովի ակտերի նախագծերի նկատմամբ կարգավորող ազդեցության գնահատում:

7. Կոմիտեի նիստերին նախագահում և Կոմիտեի աշխատանքի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Կոլեգիայի այն անդամը, որի իրավասությանն են վերապահված տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման հարցերը (այսուհետ՝ Կոմիտեի նախագահ):

8. Կոմիտեի նախագահը՝

ա) ղեկավարում է Կոմիտեի գործունեությունը և կազմակերպում է Կոմիտեի վրա դրված խնդիրների կարգավորման աշխատանքները.

բ) Կոմիտեի նիստին մասնակցող Կոմիտեի անդամների հետ համաձայնեցմամբ հաստատում է Կոմիտեի նիստի օրակարգը և որոշում է դրա անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը.

գ) վարում է Կոմիտեի նիստը.

դ) ստորագրում է Կոմիտեի նիստերի արձանագրությունները.

ե) տեղեկացնում է Հանձնաժողովի կոլեգիային և խորհրդին Կոմիտեի կողմից մշակված առաջարկությունների մասին.

զ) ներկայացնում է Կոմիտեն Հանձնաժողովի կոլեգիայի նիստերին և այլ մարմինների ու կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.

է) նշանակում է Կոմիտեի պատասխանատու քարտուղարին:

9. Կոմիտեի պատասխանատու քարտուղարը նշանակվում է Կոմիտեի որոշմամբ՝ Հանձնաժողովի այն պաշտոնատար անձանց թվից, որոնց իրավասությանն են վերապահված Կոմիտեի գործունեության ուղղություններին առնչվող հարցերը:

Կոմիտեի պատասխանատու քարտուղար նշանակելու վերաբերյալ տեղեկատվությունն ընդգրկվում է Կոմիտեի նիստի արձանագրության մեջ:

10. Կոմիտեի պատասխանատու քարտուղարը՝

ա) ապահովում է Կոմիտեի նիստի օրակարգի նախագծի նախապատրաստումը, և այն ներկայացնում է Կոմիտեի նախագահի հաստատմանը.

բ) ուղարկում է Կոմիտեի նիստի օրակարգի նախագիծը և դրան առնչվող նյութերը Կոմիտեի անդամներին.

գ) տեղեկացնում է Կոմիտեի անդամներին Կոմիտեի նիստի անցկացման ամսաթվի, ժամի և վայրի մասին.

դ) իրականացնում է հսկողություն Կոմիտեի օրակարգի նախագծին ու նիստին առնչվող նյութերի նախապատրաստման և դրանց ներկայացման նկատմամբ.

ե) ապահովում է Կոմիտեի նիստի արձանագրության վարումը, և այն ներկայացնում է Կոմիտեի նախագահի ստորագրմանը.

զ) կազմակերպում է Կոմիտեի նիստի արդյունքների հիման վրա նախապատրաստված ամփոփիչ փաստաթղթերի նախապատրաստումը և դրանց ուղարկումը Կոմիտեի անդամներին.

է) իրականացնում է հսկողություն Կոմիտեի արձանագրային որոշումների կատարման նկատմամբ.

ը) Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ կատարում է սույն հիմնադրույթի 8-րդ կետի «ա»-«զ» ենթակետերով նախատեսված գործառույթները:

 

IV. Կոմիտեի ենթակոմիտեները, փորձագիտական և աշխատանքային խմբերը

 

11. Կոմիտեի որոշմամբ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին չհակասող մասով՝ Կոմիտեում կարող են ստեղծվել ենթակոմիտեներ՝ ըստ Կոմիտեի գործունեության հետևյալ ուղղությունների՝ ՝

ա) տեխնիկական կանոնակարգեր և ստանդարտներ.

բ) չափումների միասնականության ապահովում.

գ) հավատարմագրում և համապատասխանության գնահատում.

դ) Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն).

ե) սանիտարական միջոցառումներ.

զ) անասնաբուժասանիտարական միջոցառումներ.

է) կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ.

ը) տեխնիկական կանոնակարգում շինարարության ոլորտում.

թ) Կոմիտեի գործունեության այլ ուղղություններ:

12. Անհրաժեշտության դեպքում, Կոմիտեի որոշմամբ, Կոմիտեին առընթեր կարող են ստեղծվել փորձագիտական և աշխատանքային խմբեր՝ կոնկրետ խնդիրների կարգավորման նպատակով:

13. Ենթակոմիտեների, փորձագիտական և աշխատանքային խմբերի մասին հիմնադրույթները, դրանց կազմերը և նախագահները հաստատվում են Կոմիտեի որոշմամբ՝ անդամ պետությունների լիազորված մարմինների և փորձագետների առաջարկների հիման վրա:

 

V. Կոմիտեի աշխատակարգը

 

14. Կոմիտեի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան եռամսյակը 1 անգամ։

15. Կոմիտեի նիստի անցկացման մասին որոշումն ընդունվում է Կոմիտեի նախագահի կողմից:

16. Կոմիտեի նիստի օրակարգի նախագիծը ձևավորվում է ըստ թեմատիկ բլոկների՝ Կոմիտեի նախագահից, ինչպես նաև լիազորված մարմիններից ստացված առաջարկների հիման վրա և, որպես կանոն, ընդգրկում է 10 հարցից ոչ ավելի: Կոմիտեի նիստի օրակարգում նշվում են Կոմիտեի նիստի անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը:

17. Կոմիտեի նիստի օրակարգին առնչվող նյութերն ընդգրկում են՝

ա) քննարկվող հարցերին առնչվող տեղեկանքներ.

բ) քննարկման համար առաջարկվող փաստաթղթերի նախագծեր (առկայության դեպքում).

գ) արձանագրային որոշումների նախագծեր.

դ) Միության մարմինների ակտերի նախագծեր (անհրաժեշտության դեպքում).

ե) անհրաժեշտ տեղեկատվական և վերլուծական նյութեր ու կանխատեսումներ։

18. Կոմիտեի պատասխանատու քարտուղարը Կոմիտեի նիստի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 30 օրացուցային օր առաջ ուղարկում է (այդ թվում՝ էլեկտրոնային ձևով՝ էլեկտրոնային փոստի հասցեներին էլեկտրոնային բաշխման միջոցով (բացառությամբ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան պետական գաղտնիքին (պետական գաղտնիքներին) դասված կամ սահմանափակ տարածման ենթակա տեղեկություններին վերաբերող տեղեկություններ պարունակող փաստաթղթերի))`

Կոմիտեի անդամներին՝ Կոմիտեի նիստի օրակարգի նախագիծը (Կոմիտեի նիստի օրակարգի նախագծին առնչվող նյութերը տեղադրվում են Միության պաշտոնական կայքում՝ Կոմիտեի անդամների անձնական տիրույթներում).

անդամ պետությունների կառավարություններ՝ Կոմիտեի նիստի օրակարգի նախագիծը և դրան առնչվող նյութերը.

անդամ պետությունների պետական իշխանության այն մարմիններ, որոնց ղեկավարները (ղեկավարների տեղակալները) Կոմիտեի անդամներ չեն՝ այն դեպքում, երբ նրանց իրավասությանն են վերապահված Կոմիտեի նիստի օրակարգի նախագծում ընդգրկված հարցերը՝ Կոմիտեի նիստի օրակարգի նախագիծը և դրան առնչվող նյութերը՝ այդ մարմինների իրավասությանը վերապահված հարցերի մասով:

Կոմիտեի պատասխանատու քարտուղարն ապահովում է Կոմիտեի նիստի օրակարգի նախագծի և քննարկվող հարցերին վերաբերող տեղեկանքների տեղադրումը Միության պաշտոնական կայքում:

19. Կոմիտեի անդամներն իրավունք ունեն ներկայացնելու առաջարկներ Կոմիտեի նիստի օրակարգի նախագծում լրացուցիչ հարցեր ընդգրկելու վերաբերյալ (կցելով սույն հիմնադրույթի 17-րդ կետում նշված նյութերը)՝ ոչ ուշ, քան Կոմիտեի նիստի անցկացման օրվանից 15 օրացուցային օր առաջ: Նշված ժամկետից ավելի ուշ ստացված առաջարկներն ընդգրկվում են Կոմիտեի հաջորդ նիստի օրակարգում: Կոմիտեի պատասխանատու քարտուղարը Կոմիտեի նիստի օրակարգի նախագծում լրացուցիչ հարցերի ընդգրկման վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկում է Կոմիտեի անդամներին՝ ոչ ուշ, քան Կոմիտեի նիստի անցկացման օրվանից 10 օրացուցային օր առաջ:

20. Կոմիտեի անդամները կարող են առաջարկել Կոմիտեի քննարկումից հանել հարցը՝ ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ, եթե, նրանց կարծիքով, տվյալ հարցը պահանջում է լրացուցիչ մշակում:

21. Կոմիտեի նիստերը, որպես կանոն, անցկացվում են Հանձնաժողովի տարածքներում: Հանձնաժողովի տարածքներում անցկացվող Կոմիտեի նիստերի կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից:

Կոմիտեի նիստը կարող է անցկացվել անդամ պետություններից յուրաքանչյուրում՝ լիազորված մարմինների կողմից ներկայացված առաջարկների հիման վրա ընդունվող՝ Կոմիտեի նախագահի որոշմամբ։ Այդ դեպքում ընդունող անդամ պետությունը աջակցություն է ցուցաբերում Կոմիտեի նիստի կազմակերպման և անցկացման հարցում:

Կոմիտեի նախագահի և անդամների առաջարկներով Կոմիտեի նիստերը կարող են անցկացվել տեսաժողովի ռեժիմով:

22. Կոմիտեի նիստը ճանաչվում է իրավազոր, եթե դրան մասնակցում են ոչ պակաս, քան Կոմիտեի անդամների ընդհանուր թվի կեսը, ընդ որում, ապահովվում է յուրաքանչյուր անդամ պետության ներկայացուցչությունը:

Կոմիտեի անդամները Կոմիտեի նիստերին մասնակցում են անձամբ։

Բացառիկ դեպքում, երբ Կոմիտեի նիստին Կոմիտեի անդամի ներկայությունն անհնարին է, նա իրավունք ունի ոչ ուշ, քան Կոմիտեի նիստն անցկացնելու օրվանից 2 աշխատանքային օր առաջ, Կոմիտեի նախագահին գրավոր ներկայացնելու իր դիրքորոշումը քննարկվող հարցերի վերաբերյալ և (կամ) լիազորված մարմնի լիազորված պաշտոնատար անձին ուղարկելու՝ Կոմիտեի նիստին առանց ձայնի իրավունքի մասնակցելու համար:

23. Կոմիտեի նախագահի որոշմամբ՝ օպերատիվ քննարկում պահանջող առանձին հարցերով քվեարկությունը կարող է անցկացվել հեռակա կարգով: Այդ դեպքում Կոմիտեի պատասխանատու քարտուղարը Կոմիտեի անդամներին էլեկտրոնային ձևով ուղարկում է սույն հիմնադրույթի 17-րդ կետով նախատեսված նյութերը:

Քննարկվող հարցերի վերաբերյալ Կոմիտեի անդամների դիրքորոշումները գրավոր ներկայացվում են Կոմիտեի նախագահին՝ նշված նյութերն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Հեռակա կարգով անցկացված քվեարկության արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ, որում նշվում են Կոմիտեի նիստի անդամների դիրքորոշումները՝ Կոմիտեի նախագահի կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ տեղեկատվությամբ՝ Կոմիտեի անդամի վերջին նամակն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվանից ոչ ուշ:

24. Կոմիտեի որոշումներն ընդունվում են Կոմիտեի՝ նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ յուրաքանչյուր անդամ պետություն ունի 1 ձայնի իրավունք՝ անկախ յուրաքանչյուր անդամ պետությունից Կոմիտեի անդամների թվից:

Կոմիտեի նիստին հարցերի քննարկման ժամանակ Կոմիտեի անդամներն ունեն հավասար իրավունքներ։

Կոմիտեի նիստի արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ, որում նշվում են Կոմիտեի անդամների դիրքորոշումները:

Արձանագրությունը ստորագրում է Կոմիտեի նախագահը՝ Կոմիտեի նիստի ավարտի օրը Կոմիտեի նիստին մասնակցող Կոմիտեի անդամների կողմից այն մակագրելուց հետո: Ընդ որում, ստորագրված արձանագրության պատճենները Կոմիտեի նիստին մասնակցող Կոմիտեի անդամներին ներկայացվում են նույն օրը:

Կոմիտեի նիստը տեսաժողովի ռեժիմով անցկացնելու դեպքում Կոմիտեի պատասխանատու քարտուղարն էլեկտրոնային փոստի միջոցով ապահովում է Կոմիտեի նիստի արձանագրության նախագծի ուղարկումը Կոմիտեի նիստին մասնակցող Կոմիտեի անդամներին:

Կոմիտեի անդամներն իրավունք ունեն նախագծի վերաբերյալ իրենց առաջարկները ներկայացնելու Կոմիտեի պատասխանատու քարտուղարին էլեկտրոնային փոստի միջոցով՝ Կոմիտեի նիստի արձանագրության նախագիծը Կոմիտեի պատասխանատու քարտուղարի կողմից ուղարկվելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Կոմիտեի պատասխանատու քարտուղարը Կոմիտեի անդամներից առաջարկներ ստանալու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է Կոմիտեի նիստի արձանագրության լրամշակումը՝ հաշվի առնելով ստացված առաջարկները, և դրա ներկայացումը Կոմիտեի նախագահի ստորագրմանը:

Կոմիտեի նիստը տեսաժողովի ռեժիմով անցկացնելու դեպքում Կոմիտեի նիստի արձանագրությունը ստորագրվում է Կոմիտեի նախագահի կողմից՝ Կոմիտեի նիստի անցկացման օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում:

25. Այն դեպքում, երբ Կոմիտեի անդամը Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվող հարցի առնչությամբ ունի հատուկ կարծիք, այն շարադրվում է գրավոր և կցվում է Կոմիտեի նիստի արձանագրությանը:

Կոմիտեի անդամների կողմից ներկայացված առաջարկները չեն կարող դիտարկվել որպես անդամ պետությունների վերջնական դիրքորոշում:

Կոմիտեի նիստի արձանագրությանը կարող են կցվել նաև Հանձնաժողովի ակտերի նախագծերի վերաբերյալ առաջարկները, տեղեկատվական և վերլուծական նյութերն ու համապատասխան հիմնավորումները:

26. Կոմիտեի պատասխանատու քարտուղարն ապահովում է Կոմիտեի նիստի արձանագրության պատճենների ուղարկումն անդամ պետությունների կառավարություններ, ինչպես նաև Կոմիտեի անդամներին՝ Կոմիտեի նախագահի կողմից արձանագրությունն ստորագրելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում (արձանագրությունը Կոմիտեի նիստի օրն ստորագրվելու դեպքում) և Կոմիտեի նախագահի կողմից արձանագրությունն ստորագրելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում (Կոմիտեի նիստը տեսաժողովի ռեժիմով անցկացնելու դեպքում): Կոմիտեի նախագահի առաջարկով՝ Կոմիտեի նիստին մասնակցելու համար հրավիրված անձանց կարող է ուղարկվել Կոմիտեի նիստի արձանագրության պատճենը կամ դրանից քաղվածք:

Պատասխանատու քարտուղարն ապահովում է Կոմիտեի նիստի արձանագրության տեղադրումը Միության պաշտոնական կայքում:

Կոմիտեի նիստերի արձանագրությունները պահվում են Կոմիտեի պատասխանատու քարտուղարի մոտ:

27. Կոմիտեն կարող է առաջարկել հանել հարցը Հանձնաժողովի կոլեգիայի կողմից քննարկումից՝ ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ, այդ թվում՝ նշելով դրա հետագա մշակման ընթացակարգերը:

28. Կոմիտեի նիստերին Կոմիտեի անդամների և լիազորված մարմինների ներկայացուցիչների մասնակցության հետ կապված ծախսերը հոգում են նրանց ուղարկող լիազորված մարմինները:

Կոմիտեի նիստերին գործարար համայնքների, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, այլ անկախ փորձագետների մասնակցության հետ կապված ծախսերը նշված անձինք հոգում են ինքնուրույն:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան