Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 95
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.12.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
05.12.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
05.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 դեկտեմբերի 2018 թվականի

թիվ 95

քաղ. Սանկտ Պետերբուրգ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՌՉԱԿԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ««Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման մասին» հռչակագրի իրագործման միջոցների վերաբերյալ» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրը։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Մամին

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ
ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

« » -ի 20 թվականի

թիվ

քաղ.

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՌՉԱԿԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ մշակել եվրասիական տնտեսական ինտեգրումը մինչև 2025 թվականը զարգացնելու ռազմավարական ուղղությունները սահմանող և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման մասին» հռչակագրի իրագործման կոնկրետ մեխանիզմներն ու միջոցառումները մանրամասնող փաստաթղթի նախագիծը և մինչև 2019 թվականի վերջը նշված նախագիծը ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրը:

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

ՀՌՉԱԿԱԳԻՐ

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման մասին

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների անունից (ԵԱՏՄ)

եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակի և ԵԱՏՄ-ի մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 5-ամյակի նախաշեմին,

հաստատելով ԵԱՏՄ-ի մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում ամրագրված նպատակներին և սկզբունքներին հավատարմությունը,

նշելով ԵԱՏՄ հաջող զարգացումը, որը կարճ ժամանակահատվածում զբաղեցրել է համաշխարհային տնտեսության լիիրավ սուբյեկտի դիրք,

արձանագրելով, որ ԵԱՏՄ-ի ստեղծումը որակապես նոր հիմունքներով լրացուցիչ խթան է դարձել անդամ պետությունների տնտեսական համագործակցության զարգացման համար, թույլատրել է նվազագույնի հասցնել մեր երկրների համար համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները և նպաստել է արտաքին շուկաներին դրանց հասանելիության պայմանների բարելավմանը,

ընդունելով, որ ԵԱՏՄ-ի մասին պայմանագրով սահմանված ոլորտներում պայմանավորվածությունների ամբողջական իրագործումը, ԵԱՏՄ գործունեության հետագա կատարելագործումը և ինտեգրացիոն ներուժի բացահայտումը պահանջում են ինտեգրման զարգացման, տնտեսական համագործակցության բնագավառների ընդլայնման և ԵԱՏՄ ինստիտուտների կատարելագործման հավակնոտ որոշումների ընդունում,

նշելով, որ այսօր ԵԱՏՄ-ում ինտեգրումը զարգանում է նոր համաշխարհային գիտատեխնոլոգիական, հասարակական-տնտեսական և գեոտնտեսական մարտահրավերների պայմաններում,

ուսումնասիրելով արտաքին գործընկերների հետ տնտեսական հարաբերությունների բազմակողմ զարգացումը որպես ԵԱՏՄ հաջող գործունեության առանցքային բաղադրիչներից մեկը,

հատուկ կարևորելով ներառական զարգացումը, որը ենթադրում է յուրաքանչյուր մարդու ներուժի իրագործում, մեր երկրների քաղաքացիներին մասնագիտական, հասարակական-մշակութային և տնտեսական զարգացման այլ ասպեկտների լայն հնարավորություններով ապահովում և ապագա սերունդների համար առաջադիմական, նորարարական և բարձր տեխնոլոգիական պայմանների ձևավորում,

արտահայտելով համոզմունք առ այն, որ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության զարգացումը բավարարում է յուրաքանչյուր անդամ պետության ազգային շահերը և նպաստում է մեր ընդհանուր նպատակին հասնելուն՝ դարձնել ԵԱՏՄ-ն բարգավաճող, տնտեսապես կայուն, հասարակական ուղղվածություն ունեցող ինտեգրացիոն միավորում, միջազգային հարթակում հեղինակավոր և մրցունակ,

մենք հայտարարում ենք ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման մասին՝ հիմք ընդունելով հետևյալ առանցքային ուղղությունները.

1. ԵԱՏՄ միասնական շուկայի առավելագույն արդյունավետության ապահովում ու բիզնեսի և սպառողների համար դրա հնարավորությունների իրագործում հետևյալի միջոցով՝

խոչընդոտների ամբողջական վերացում և ԵԱՏՄ ներքին շուկայում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար բացառությունների և սահմանափակումների առավելագույն կրճատում.

շուկայական ինստիտուտների, վարչական ընթացակարգերի կատարելագործում, գործարար և ներդումային կլիմայի բարելավում՝ հաշվի առնելով լավագույն միջազգային և ազգային փորձը.

ձեռնարկատիրության զարգացման համար բարենպաստ մրցակցային միջավայրի ձևավորում, փոքր և միջին բիզնեսի ներուժի բացահայտում.

ապրանքների շուկաների ձևավորման արդյունավետության բարձրացում՝ ելնելով որակի երաշխիքների, շրջանառվող ապրանքների անվտանգության, սպառողների իրազեկության և նրանց իրավունքների պատշաճ պաշտպանության ապահովման անհրաժեշտությունից.

ավելի մեծ թվով ոլորտներում ծառայությունների միասնական շուկայի ձևավորում՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման և սպառողների իրավունքների պատշաճ պաշտպանության երաշխիքների ապահովման պայմանով.

ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորում.

ընդհանուր էներգետիկ շուկաների՝ որպես ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերական, գյուղատնտեսական և տրանսպորտային քաղաքականությունների զարգացման համար տարրերից մեկի արագացված ձևավորում.

արտադրական կոոպերացիաների արդյունավետ համակարգի, այդ թվում՝ «բիզնեսից բիզնես» սկզբունքով հորիզոնական միջերկրային կապերի ստեղծում.

արտադրության տեղայնացման խթանում և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև կոոպերացիոն կապերի զարգացման համար ավելացված արժեքի տարածաշրջանային արտադրական շղթաներ ստեղծող նախագծերի խրախուսում.

ագրոարդյունաբերական ոլորտում ինտեգրացիոն գործընթացների զարգացում՝ գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ավելացման և պարենային անվտանգության ապահովման նպատակով.

եվրասիական տարածքում կարևոր ենթակառուցվածքային նախագծերի համատեղ իրագործում, տրանսպորտային, այդ թվում՝ անդրմայրցամաքային և միջպետական միջանցքների ստեղծում, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ավելացում՝ ԵԱՏՄ տարանցիկ փոխադրման և լոգիստիկ ներուժի իրագործման նպատակով.

ԵԱՏՄ առավելագույն գործուն ինստիտուցիոնալ այնպիսի համակարգի ապահովում, որը երաշխավորում է ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, և դրա արդյունավետության բարձրացում.

բիզնես համայնքի հետ փոխգործակցության գործիքների կատարելագործում:

2. «Նորարարությունների տարածքի» ձևավորում և գիտատեխնիկական առաջընթացի խթանում հետևյալի միջոցով՝

տնտեսության բարձրարտադրողական, այդ թվում՝ արտահանմանն ուղղված ոլորտների ստեղծում և զարգացում, նորարարությունների և թվային տեխնոլոգիաների արագացված ներդրում՝ առաջին հերթին արդյունաբերության և գյուղատնտեսության ոլոտներում.

մաքսային կարգավորման և ԵԱՏՄ արդյունավետ գործունեությունն ապահովող՝ տնտեսական գործունեության պետական վարչարարության այլ ոլորտներում թվային տեխնոլոգիաների կիրառման ընդլայնում.

նոր տեխնոլոգիաների և նորարարությունների ստեղծմանը և օգտագործմանն ուղղված ջանքերի միավորում՝ ներառյալ գիտատեխնիկական զարգացման համատեղ նախագծերի և միջոցառումների մշակումը, այդ թվում՝ կանաչ տեխնոլոգիաների, էներգախնայողության, էներգաարդյունավետության, էներգիայի վերականգնվող աղբյուրների, կենսաինժեներիայի և նանոտեխնոլոգիաների ոլորտներում, շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հասանելի լավագույն տեխնոլոգիաների կիրառումը.

անդամ պետությունների ջանքերի միավորում՝ համատեղ գիտահետազոտական աշխատանքներ անցկացնելը խթանելու համար.

մոտեցումների ներդաշնակեցման և տեխնոլոգիաների համատեղելիության հիման վրա ընդհանուր թվային բիզնես տարածքի ստեղծում, այդ թվում՝

վստահության անդրսահմանային տարածքի զարգացում, թվային գործընթացների և ծառայությունների իրավաբանական նշանակելիության փոխադարձ ճանաչում.

անդամ պետությունների առաջատար IT-պարկերի ներուժի օգտագործում՝ թվային ենթակառուցվածքների և էկոհամակարգերի ձևավորման համար.

անդրսահմանային էլեկտրոնային առևտրի վարման կանոնների մասով համակարգված քաղաքականության իրականացում, թվային ձևաչափով բիզնեսի վարման խթանում, մտավոր սեփականության իրավունքների և թվային շուկայի սպառողների իրավունքների պաշտպանություն, ԵԱՏՄ թվային օրակարգի իրագործման արագացում.

ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից համատեղ մասշտաբային բարձր տեխնոլոգիական այնպիսի նախագծերի իրականացում, որոնք կարող են դառնալ եվրասիական ինտեգրման խորհրդանիշներ.

ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից ինտեգրացիոն բաղադրիչով (կոոպերացիոն) նախագծերի իրականացում, այդ թվում՝ այնպիսի ոլոտներում, ինչպիսիք են գյուղատնտեսական արտադրությունը և մեքենաշինությունը, ավտոմեքենաշինությունը, հաստոցաշինությունը, ավիաշինությունը և տիեզերական գործունեությունը, թեթև արդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը, փայտանյութի մշակումը և փայտից արտադրատեսակների արտադրությունը, էներգետիկ մեքենաշինությունը և էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը, էլեկտրամոբիլները և լիցքավորման ենթակառուցվածքը, երկաթուղային տրանսպորտի համար արդյունաբերական արտադրանքը, սև ու գունավոր մետալուրգիան, շինարարական նյութերի արտադրությունը, ոսկերչական արդյունաբերությունը, դեղագործական արդյունաբերությունը, միջուկային և ճառագայթային տեխնոլոգիաների ոլորտում.

ինտերնետ-թրաֆիկի անարգել թողունակության ապահովում՝ ներառյալ տարանցիկը՝ օպերատորների միջև կնքված պայմանագրերի հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով ցանցերի տեխնիկական հնարավորությունները.

համատեղ կոոպերացիոն նախագծերի կառավարման և ֆինանսավորման արդյունավետ համակարգի ստեղծում, այդ թվում՝ Զարգացման եվրասիական բանկի, Կայունացման ու զարգացման եվրասիական հիմնադրամի և ԵԱՏՄ-ում գործունեություն իրականացնող զարգացման այլ ինստիտուտների, ինչպես նաև «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի ներուժի օգտագործման միջոցով,

ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական զարգացմանը նպատակային օժանդակության ճկուն մեխանիզմների մշակում,

ազգային վճարային համակարգերի փոխգործակցության և փոխադարձ առևտրում հաշվարկներում ազգային արժույթների օգտագործման ընդլայնման համար պայմանների ստեղծում։

3. Մարդկանց համար ինտեգրման ներուժի բացահայտում, նրանց բարեկեցության և կյանքի որակի բարձրացում հետևյալի միջոցով՝

քաղաքացիներին ԵԱՏՄ անդամ պետությունների շրջանակներում ոչ միայն ազատ աշխատելու, այլև սովորելու, ճանապարհորդելու հնարավորության տրամադրում.

ԵԱՏՄ անդամ պետությունների միջտարածաշրջանային առևտրային-տնտեսական համագործակցության ակտիվացում և զարգացում.

գնային կայունության պահպանում, զբաղվածության բարձրացում, հասարակական երաշխիքների տրամադրում, ինչպես նաև մարդկային ներուժի՝ որպես ԵԱՏՄ կայուն և հավասարակշռված տնտեսական աճի հիմնական գործոնի զարգացում.

կրթության և գիտության ոլորտում տնտեսական համագործակցության ընդլայնում՝ հաշվի առնելով ծառայությունների առևտրի, առողջապահության, տուրիզմի, սպորտի ազատականացման համաձայնեցված սկզբունքները՝ ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների համար տվյալ ոլորտներում ժամանակակից նվաճումներին հասանելիության ապահովման նպատակներով.

անդամ պետությունների քաղաքացիների, հասարակական միավորումների և բիզնես ասոցիացիաների լայն ներգրավվածություն ԵԱՏՄ գործունեության հետ կապված գործընթացներում և նրանց մասնակցությունը եվրասիական ինտեգրման զարգացման հետագա ուղղությունների որոշմանը.

ԵԱՏՄ գործունեության մասին տեղեկատվությանը բնակչության ավելի լայն հասանելիության ապահովում՝ զանգվածային լրատվական միջոցներով։

4. ԵԱՏՄ-ի՝ որպես արտաքին գործընկերների հետ փոխշահավետ և իրավահավասար համագործակցության և փոխգործակցության նոր ձևաչափերի ստեղծման համար բաց՝ ժամանակակից աշխարհի զարգացման ամենանշանակալի կենտրոններից մեկի ձևավորում՝ հետևյալի միջոցով՝

ԱՊՀ երկրների, ինչպես նաև այլ այնպիսի պետությունների հետ համակողմանի երկխոսության և բազմաձևաչափային համագործակցության զարգացում, որոնց հետ փոխգործակցությունը ներկայացնում է փոխադարձ տնտեսական հետաքրքրություն՝ ներառյալ ԵԱՏՄ-ին առընթեր դիտորդ պետության ինստիտուտի ներուժի օգտագործումը.

ՇՀԿ-ի, ՀԱԱՊԱ-ի, Եվրոպական միության, ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի, ԱՀԿ-ի, ՏՀԶԿճ-ի, այլ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ակտիվացում, ինչը թույլ կտա, այդ թվում, ապահովել ԵԱՏՄ-ի միջազգային լայն ճանաչում, համալիր կերպով լուծել տնտեսական հարաբերությունների համաշխարհային ճարտարապետության մեջ ԵԱՏՄ-ն ներառելու խնդիրը, արտահանման աշխարհագրության և ծավալի ընդլայնում, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների և տեխնոլոգիաների ներգրավում.

միջազգային կառույցներում ներկայացվածության, այդ թվում՝ ՄԱԿ-ի և դրա մասնագիտացված կառույցների հետ փոխգործակցության ընդլայնում, ինչպես նաև համաշխարհային առաջատար նախաձեռնությունների իրագործմանը մասնակցություն.

եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների փոխկապակցման հարցերով համակարգված աշխատանքի անցկացում, ներառյալ՝

մասնակիցների միջև առևտրային հարաբերությունների ազատականացում, տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքի համատեղ զարգացում և Մեծ եվրասիական գործընկերության գաղափարի շրջանակներում տնտեսական փոխգործակցության այլ հարցեր։

Մենք ամբողջապես նպաստելու ենք ԵԱՏՄ նպատակների և խնդիրների իրագործմանը, այդ թվում՝ ապահովելով անդամ պետությունների կողմից ԵԱՏՄ իրավունքի անվերապահ կատարումը՝ բարձր տեխնոլոգիական և նորարարական եվրասիական տարածքի ձևավորման, անդամ պետությունների տնտեսությունների թվային փոխակերպման, գործնական ակտիվության խթանման և մեր քաղաքացիների կյանքում դրական փոփոխությունների ապահովման համար։

ԵԱՏՄ-ի նպատակներին հասնելու համար կընդունվի փաստաթուղթ, որը կսահմանի մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները և կմանրամասնի սույն հռչակագրի իրագործման կոնկրետ մեխանիզմներն ու միջոցառումները։

 

Սանկտ Պետերբուրգ, 2018 թվականի դեկտեմբերի 6

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ՝

Բելառուսի Հանրապետության
նախագահ՝

Ղազախստանի Հանրապետության նախագահ՝

Ղրղզստանի Հանրապետության նախագահ՝

Ռուսաստանի Դաշնության նախագահ՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: