Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1656
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.07.25-2022.08.07 Պաշտոնական հրապարակման օրը 13.07.2022
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
12.07.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.07.2022

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

12 հուլիսի 2022 թ.

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

ՀՀ կառավարության ներկայացուցիչ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռ. Խաչատրյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի սեպտեմբերի 28-ին Դուշանբեում ստորագրված «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ Պետությունների Համագործակցության» կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

ՀՀ կառավարությունն իր` 2022 թվականի մայիսի 5-ի N 603-Ա որոշմամբ հավանություն է տվել «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ Պետությունների Համագործակցության» կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Կառավարության՝ 2022 թվականի մայիսի 12-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով վերոնշյալ կոնվենցիան, սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ Պետությունների Համագործակցության» կոնվենցիան (այսուհետ` Կոնվենցիա) ստորագրվել է 2018 թվականի սեպտեմբերի 28-ին Դուշանբեում` խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետագա հետազոտման և օգտագործման, ինչպես նաև տիեզերական տեխնիկայի և տիեզերական տեխնոլոգիաների կիրառման ոլորտում համագործակցությունն ի շահ Կոնվենցիայի կողմ հանդիսացող պետությունների ժողովուրդների զարգացնելու նպատակով:

 

2. ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 5-ի N 603-Ա որոշման հավելվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը վավերացնում է Կոնվենցիան վերապահումով՝ պայմանով, որ Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում առանձին որոշում կայացնելու «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ Պետությունների Համագործակցության» կոնվենցիայի դրույթների տարածման վերաբերյալ այն պետությունների նկատմամբ, որոնք միացել են Կոնվենցիային 2018 թվականի սեպտեմբերի 28-ից հետո:

 

3. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության հիման վրա ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- նպաստել Կողմերի հետ համագործակցության զարգացմանը՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածով սահմանված ուղղություններով (հոդված 5),

- խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման համատեղ գործունեությունն իրականացնել միջպետական նախագծերի և ծրագրերի հիման վրա (հոդված 6),

- որպես շահագրգիռ Կողմ` միջպետական նախագծերի և ծրագրերի ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության բյուջեով նախատեսված միջոցների և արտաբյուջետային աղբյուրների հաշվին (հոդված 8):

 

4. Կողմերի միջև հարաբերություններում Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո դադարում են գործել «Տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման համատեղ գործունեության մասին» 1991 թվականի դեկտեմբերի 30-ի համաձայնագիրը (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1991 թվականի դեկտեմբերի 30-ին) և «Տիեզերական ծրագրերի կատարման շահերից ելնելով՝ տիեզերական ենթակառուցվածքի օբյեկտների պահպանման և օգտագործման կարգի մասին» 1992 թվականի մայիսի 15-ի համաձայնագիրը (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի մայիսի 15-ին):

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «2018 թվականի սեպտեմբերի 28-ին Դուշանբեում ստորագրված «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ Պետությունների Համագործակցության» կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

ՆԱԽԱԳԱՀող

Ա. ԴիլանՅԱՆ

 

12 հուլիսի 2022 թվականի

ՍԴՈ-1656

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հուլիսի 2022 թվական: