Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 76
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.11.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.09.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
14.09.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 2018 թվականի

թիվ 76

քաղ. Մոսկվա

 

ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 39-րդ հոդվածի իրագործման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Երրորդ կողմերի հետ առևտրում սահմանափակող միջոցների վերացման նպատակով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխգործակցության կարգը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Մամին

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2018 թվականի սեպտեմբերի 14-ի

թիվ 76 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

երրորդ կողմերի հետ առևտրում սահմանափակող միջոցների վերացման նպատակով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխգործակցության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը մշակված է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 39-րդ հոդվածի իրագործման նպատակով, և դրանով սահմանվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) միջև՝ անդամ պետությունների և Միության նկատմամբ երրորդ կողմի սահմանափակող միջոցների մոնիթորինգի և նման միջոցների վերացման նպատակով երրորդ կողմի հետ խորհրդակցությունների անցկացման շրջանակներում փոխգործակցության ընթացակարգը:

2. Սույն կարգի նպատակներով՝ օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

անդամ պետության նկատմամբ երրորդ կողմի սահմանափակող միջոց՝ նորմատիվ իրավական ակտի (ակտի նախագծի), կանոնների, ընթացակարգերի, պաշտոնատար անձանց գործողությունների (անգործության) ձևով կամ որևէ այլ ձևով երրորդ կողմի միջոցը, եթե այդ միջոցը պարունակում է անդամ պետության նկատմամբ երրորդ կողմի միջազգային պարտավորությունների խախտման նշաններ, կամ դրանով սահմանափակվում է անդամ պետության ապրանքների մուտքը երրորդ կողմի շուկաներ.

Միության նկատմամբ երրորդ կողմի սահմանափակող միջոց՝ նորմատիվ իրավական ակտի (ակտի նախագծի), կանոնների, ընթացակարգերի, պաշտոնատար անձանց գործողությունների (անգործության) ձևով կամ որևէ այլ ձևով երրորդ կողմի միջոցը, եթե նման միջոցը պարունակում է Միության նկատմամբ երրորդ կողմի միջազգային պարտավորությունների խախտման նշաններ:

3. Երրորդ կողմերի սահմանափակող միջոցների վերացման նպատակով անդամ պետությունների և Հանձնաժողովի միջև փոխգործակցությունն իրականացվում է Առևտրի հարցերով խորհրդատվական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) շրջանակներում:

 

II. Անդամ պետությունների և (կամ) Միության նկատմամբ երրորդ կողմի սահմանափակող միջոցների մոնիթորինգը

 

4. Հանձնաժողովն անցկացնում է անդամ պետությունների և (կամ) Միության նկատմամբ երրորդ կողմի սահմանափակող միջոցների մոնիթորինգը, որի շրջանակներում իրականացնում է նման սահմանափակող միջոցների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումն ու վերլուծությունը՝ հասանելի աղբյուրներից ստացված և անդամ պետությունների կողմից տրամադրված տեղեկությունների հիման վրա:

Բավարար տեղեկատվության առկայության դեպքում անդամ պետությունները տեղեկացնում են Հանձնաժողովին երրորդ կողմերի կողմից սահմանված՝ անդամ պետությունների և (կամ) Միության նկատմամբ երրորդ կողմերի բացահայտված սահմանափակող միջոցների մասին, որոնց վերաբերյալ Միության մարմինների կողմից որոշում է ընդունվել առևտրի ոլորտում միջազգային պայմանագրերի նախագծերի շուրջ բանակցություններ անցկացնելու կամ ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման նպատակահարմարության հարցը քննարկելու համար համատեղ հետազոտական խումբ ձևավորելու մասին:

Այն դեպքում, երբ մոնիթորինգի ընթացքում Հանձնաժողովը բացահայտում է անդամ պետությունների և (կամ) Միության նկատմամբ երրորդ կողմերի կողմից սահմանափակող միջոցների սահմանում կամ անդամ պետությունների և (կամ) Միության նկատմամբ երրորդ կողմերի գործող սահմանափակող միջոցների կիրառման փոփոխություն, Հանձնաժողովն այդ մասին տեղեկացնում է անդամ պետություններին և բավարար տեղեկատվության առկայության դեպքում առաջարկներ է ներկայացնում այդպիսի միջոցները վերացնելու վերաբերյալ:

5. Հանձնաժողովն ապահովում է անդամ պետությունների և (կամ) Միության նկատմամբ երրորդ կողմերի սահմանափակող միջոցների ռեեստրի վարումը՝ Հանձնաժողովի կոլեգիայի կողմից հաստատված ձևով, ռեեստրի տեղադրումը Միության պաշտոնական կայքում՝ սահմանափակ մուտքի ռեժիմով, և կանոնավոր կերպով դրա թարմացումը:

6. Յուրաքանչյուր տարի Հանձնաժողովը զեկույց է նախապատրաստում նախորդ տարվա ընթացքում անդամ պետությունների և (կամ) Միության նկատմամբ երրորդ կողմերի սահմանափակող միջոցների մասին, որը պարունակում է դրանք վերացնելու ուղղությամբ Հանձնաժողովի և անդամ պետությունների համատեղ աշխատանքի մասին տեղեկատվությունը և Հանձնաժողովի համապատասխան առաջարկները:

Հանձնաժողովը նշված զեկույցը համաձայնեցնում է անդամ պետությունների հետ և դրա վերջնական տարբերակն ուղարկում է դրանց՝ հաշվետու տարվան հաջորդող տարվա առաջին եռամսյակում:

 

III. Միության նկատմամբ երրորդ կողմերի սահմանափակող միջոցները վերացնելու հարցերի շուրջ անցկացվող խորհրդակցությունները և մյուս միջոցառումները

 

7. Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ խորհրդակցություններ է անցկացնում երրորդ կողմի հետ և մասնակցում է երրորդ կողմի հետ մյուս միջոցառումներին՝ տվյալ երրորդ կողմի կողմից Միության նկատմամբ սահմանափակող միջոցառումներ կիրառելու կամ կիրառման վտանգի առկայության դեպքում:

Երրորդ կողմի հետ խորհրդակցությունները և մյուս միջոցառումներն անցկացվում են Հանձնաժողովի, անդամ պետությունների նախաձեռնությամբ կամ երրորդ կողմի առաջարկով:

8. Այն դեպքում, երբ Հանձնաժողովն անհրաժեշտ է համարում երրորդ կողմի հետ խորհրդակցությունների անցկացումը, Հանձնաժողովն անդամ պետություններին ուղարկում է համապատասխան առաջարկ՝ դրա հիմնավորմամբ:

Անդամ պետություններն իրենց դիրքորոշման մասին տեղեկատվությունը Հանձնաժողով են ներկայացնում Հանձնաժողովի առաջարկն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում:

9. Այն դեպքում, երբ խորհրդակցություններ անցկացնելու մասին առաջարկը Հանձնաժողով է ներկայացնում անդամ պետությունը կամ երրորդ կողմը, Հանձնաժողովն այդ մասին տեղեկատվությունն ուղարկում է բոլոր անդամ պետություններ այն ստանալու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Անդամ պետություններն իրենց դիրքորոշման մասին տեղեկատվությունը Հանձնաժողով են ներկայացնում ստացված առաջարկների մասին տեղեկատվությունը Հանձնաժողովից ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում:

10. Երրորդ կողմի կողմից առաջարկված խորհրդակցությունների անցկացման ժամկետների պահպանումն ապահովելու նպատակով՝ Հանձնաժողովի պատճառաբանված պահանջով անդամ պետությունները ձգտում են իրենց դիրքորոշման մասին տեղեկատվությունը ներկայացնել ավելի սեղմ ժամկետներում:

11. Սույն կարգի 8-րդ կամ 9-րդ կետով նախատեսված ժամկետներում անդամ պետությունների կողմից իրենց դիրքորոշման մասին տեղեկատվությունը ներկայացնելուց հետո Հանձնաժողովն ու անդամ պետությունները խորհրդակցություններ են անցկացնում Կոմիտեի շրջանակներում՝ Միության նկատմամբ երրորդ կողմի կողմից սահմանափակող միջոցներ կիրառելու հարցով համաձայնեցված դիրքորոշում ձևավորելու նպատակով:

Երրորդ կողմի առաջարկած խորհրդակցությունների անցկացման ժամկետների պահպանումն ապահովող ժամկետներում Կոմիտեի նիստն անցկացնելու անհնարինության դեպքում Հանձնաժողովը և անդամ պետությունները ձգտում են ձևավորել համաձայնեցված դիրքորոշում՝ Հանձնաժողովի և անդամ պետությունների լիազորված մարմինների ներկայացուցիչների միջև խորհրդակցական նիստեր անցկացնելու միջոցով, որոնց արդյունքները ձևակերպվում են համապատասխան արձանագրությամբ:

Երրորդ կողմի հետ խորհրդակցությունների ընթացքում Հանձնաժողովը և անդամ պետությունները ղեկավարվում են համաձայնեցված դիրքորոշմամբ:

12. Այն դեպքում, երբ սույն կարգի 11-րդ կետով նախատեսված խորհրդակցական նիստերի անցկացման ընթացքում չի հաջողվում համաձայնեցված դիրքորոշում ձևավորել, այդպիսի դիրքորոշումը պետք է ձևավորվի Կոմիտեի շրջանակներում:

13. Սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված խորհրդակցությունները և խորհրդակցական նիստերն անցկացնելու համար Հանձնաժողովը նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք, ի թիվս այլոց, ներառում են Միության նկատմամբ երրորդ կողմի սահմանափակող միջոցի նկարագրությունը, Միության նկատմամբ երրորդ կողմի միջազգային պարտավորությունների՝ այդպիսի սահմանափակող միջոցով պայմանավորված խախտման նշանների նկարագրությունը, տվյալ միջոցով Միությանը հասցվող կամ հնարավոր վնասի փորձագիտական գնահատականը, անդամ պետությունների կողմից սույն կարգի 8-րդ կամ 9-րդ կետին համապատասխան ներկայացված՝ դիրքորոշումների մասին տեղեկատվությունը, Միության նկատմամբ երրորդ կողմի կողմից սահմանափակող միջոցներ կիրառելու հարցով համաձայնեցված դիրքորոշման նախագիծը՝ անհրաժեշտության դեպքում ներառելով Միության կողմից հնարավոր զիջումների և (կամ) Միության հնարավոր պատասխան քայլերի, ինչպես նաև երրորդ կողմի հետ խորհրդակցությունների անցկացման հնարավոր վայրի և ժամանակի մասին տեղեկատվությունը:

14. Այն դեպքում, երբ մեկ կամ մի քանի անդամ պետությունների ներկայացուցիչներ չեն կարող մասնակցել երրորդ կողմի հետ խորհրդակցություններին, Հանձնաժողովը տեղեկացնում է այդ անդամ պետություններին տվյալ խորհրդակցությունների անցկացման արդյունքների մասին:

15. Երրորդ կողմի հետ խորհրդակցությունների անցկացման արդյունքները ներկայացվում են Կոմիտեի քննարկմանը՝ Միության նկատմամբ երրորդ կողմի համապատասխան սահմանափակող միջոցի վերացման նպատակով Հանձնաժողովի և անդամ պետությունների հետագա համատեղ գործողությունները համաձայնեցնելու նպատակով:

 

IV. Անդամ պետությունների նկատմամբ երրորդ կողմերի սահմանափակող միջոցների վերացման հարցերի շուրջ անցկացվող խորհրդակցությունները և մյուս միջոցառումները

 

16. Այն դեպքում, երբ երրորդ կողմի սահմանափակող միջոցը կիրառվում է մեկ, մի քանի կամ բոլոր անդամ պետությունների նկատմամբ, Հանձնաժողովը, այդ անդամ պետության (անդամ պետությունների) հարցմամբ, կարող է մասնակցել երրորդ կողմի հետ այդ անդամ պետության կամ անդամ պետությունների կողմից անցկացվող խորհրդակցություններին:

17. Այն դեպքում, երբ երրորդ կողմը հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման քննություն է անցկացնում մեկ, մի քանի կամ բոլոր անդամ պետություններից ծագող ապրանքների մասով, այդ անդամ պետության (անդամ պետությունների) հարցմամբ Հանձնաժողովը, այդ անդամ պետության (անդամ պետությունների) հետ համատեղ և դրա (դրանց) հետ համաձայնեցված դիրքորոշման հիման վրա, կարող է մասնակցել այդ քննությանը, խորհրդակցություններին կամ մյուս միջոցառումներին և մեթոդաբանական օգնություն ցուցաբերել:

Այն դեպքում, երբ այդպիսի քննությունն անցկացվում է մեկ, մի քանի կամ բոլոր անդամ պետություններից ծագող ապրանքների մասով, այդ անդամ պետությունները ձգտում են համակարգել իրենց գործողությունները՝ Հանձնաժողովի մասնակցությամբ:

18. Սույն կարգի 16-րդ և 17-րդ կետերում նշված խորհրդակցություններին և մյուս միջոցառումներին մասնակցող անդամ պետությունները և Հանձնաժողովը փոխանակվում են նշված խորհրդակցությունների (միջոցառումների) նախապատրաստման համար անհրաժեշտ տեղեկատվությամբ, ինչպես նաև դրանց անցկացման ընթացքում ստացվող տեղեկատվությամբ:

19. Սույն կարգի 16-րդ կամ 17-րդ կետում նշված հարցումն ստանալու դեպքում Հանձնաժողովն այն ստանալու օրվանից 15 օրացուցային օրվա ընթացքում այդպիսի հարցում չուղարկած անդամ պետություններին ուղարկում է այն ստանալու մասին ծանուցում, որը պարունակում է տեղեկատվություն սահմանափակող միջոցը կիրառող կողմի, ապրանքի և սահմանափակող միջոցի տեսակի մասին (առկայության դեպքում):

20. Այն դեպքում, երբ Հանձնաժողովը երրորդ կողմից ստանում է ծանուցում մեկ, մի քանի կամ բոլոր անդամ պետություններից ծագող ապրանքների նկատմամբ հակագնագցման, փոխհատուցման կամ հատուկ պաշտպանական միջոց կիրառելու անհրաժեշտության մասին դիմում ստանալու վերաբերյալ, Հանձնաժողովը հնարավորինս սեղմ ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան նման ծանուցումն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում, այն ուղարկում է համապատասխան անդամ պետությանը (անդամ պետություններին):

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: