Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 109
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
09.07.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հուլիսի 2018 թվականի

թիվ 109

քաղ. Մոսկվա

 

2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ 76-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԽԱԽՏՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան (այսուհետ` Հանձնաժողով) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված` Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի ուսումնասիրման կարգի (այսուհետ` Գործերի ուսումնասիրման կարգ) 44-րդ կետին համապատասխան, քննել է 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) 76-րդ հոդվածի խախտման մասին հարցը` անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործով (այսուհետ` գործ), որը քննարկման է առաջադրվել Հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Մ.Ա. Կուսայինովի կողմից:

Գործերի ուսումնասիրման կարգի 23-րդ կետին համապատասխան, 2018թ. հունվարի 23-ին գործի ուսումնասիրման հանձնաժողովի նախագահը` անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման վերահսկողություն իրականացնելու համար լիազորված՝ Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող հակամենաշնորհային կարգավորման վարչության (այսուհետ` Վարչություն) տնօրեն Ա.Գ. Սուշկևիչը հայտարարել է գործի ուսումնասիրման ավարտի մասին գործի ուսումնասիրման հանձնաժողովի հետևյալ անդամների ներկայությամբ`

Վարչության տնօրենի տեղակալ՝ Ժ.Է. Բիրիչի.

Վարչության տնօրենի տեղակալ՝ Ա.Ա. Կալիևի.

Վարչության դիմումների (նյութերի) քննարկման և շուկաների ուսումնասիրությունների բաժնի պետ՝ Ա.Բ. Մուհամեդիևայի.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար` Միություն, անդամ պետություններ) պետական իշխանության այն մարմինների աշխատակիցների, որոնց լիազորությունների մեջ է մտնում մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրագործումն ու (կամ) վարումը և որոնք պատասխանատու են Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար (այսուհետ` լիազորված մարմիններ).

Դաշնային հակամենաշնորհային ծառայության (Ռուսաստանի ԴՀԾ) Գովազդի վերահսկողության և անբարեխիղճ մրցակցության վարչության անբարեխիղճ մրցակցությունից պաշտպանության բաժնի պետ Ն.Վ. Կոնոնովայի.

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հակամենաշնորհային կարգավորման պետական գործակալության մրցակցության ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ փոխգործակցության սեկտորի գլխավոր մասնագետ Ս.Օ. Ումարբեկովայի.

Դիմող` «STAHLBAU» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Ղազախստանի Հանրապետություն, քաղ. Աստանա, Ինդուստրիալնի պարկ, Ա 207 փ., հ. 5) ներկայացուցչի (այսուհետ` դիմող), «STAHLBAU» մետաղական կոնստրուկցիաների արտադրման գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Ղազախստանի Հանրապետություն, քաղ. Աստանա, Ա 207 փ., հ. 5) ներկայացուցիչ Օ.Օ. Յովովի.

Պատասխանողներ`

«Ուրալի հաստոցա-արդյունաբերական ընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` «ՈւՀԱԸ» ՍՊԸ) (Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Եկատերինբուրգ, Մալիշևի փող., շ. 51, գր. 30/01) կորպորատիվ և իրավական հարցերով ղեկավար Ս.Մ. Նեմիտովի.

«ՈՒՀԱԸ» ՍՊԸ-ի ֆինանսական-իրավաբանական վարչության ղեկավարի տեղակալ Ս.Վ. Եֆրեմովայի:

Գործի ուսումնասիրման արդյունքներով պարզվել է հետևյալը:

Ընդհանուր սկզբունքների և մրցակցության կանոնների մասին արձանագրության (Պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ` թիվ 19 հավելված) 58-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողով է ստացվել Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության դիմումը` ելից թիվ 34-9/457-Ի առ 2-ը մարտի 2017թ. (մտից թիվ 3760 առ 20 մարտի 2017թ.) իր հավելվածներով, ներառյալ դիմողի թիվ 05 դիմումն առ 2-ը փետրվարի 2017թ. և «ՈՒՀԱԸ» ՍՊԸ-ի գործողություններում Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի խախտման հատկանիշների հնարավոր առկայությունը մատնանշող փաստաթղթերը (այսուհետ` նյութեր):

Դիմողի կարծիքով, «ՈՒՀԱԸ» ՍՊԸ-ն խախտել է իր իրավունքները և օրինական շահերը` իր [պատասխանողի] կայքում (http://ur-spk.ru) և կատալոգներում ապօրինի օգտագործելով դիմողի ֆիրմային անվանումը, գործարանի լուսանկարներն ու նկարագրությունը` առանց նրա համաձայնության:

2017թ. ապրիլի 3-ին Վարչությունը` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 97 որոշմամբ հաստատված` Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ դիմումների (նյութերի) ուսումնասիրման կարգի (այսուհետ` Դիմումների ուսումնասիրման կարգ) 12-րդ կետին ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013թ. մայիսի 14-ի թիվ 112 որոշման 1-ին կետին համապատասխան, ծանուցել է լիազորված մարմիններին (Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարությանը, Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարությանը, Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հակամենաշնորհային կարգավորման պետական գործակալությանը, Ռուսաստանի ԴՀԾ-ին) նյութերն ուսումնասիրման առնելու մասին:

Դիմումների ուսումնասիրման կարգի 13-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողով են ստացվել լիազորված մարմինների պատասխանատու թեկնածուների վերաբերյալ առաջարկություններ:

Ներկայացված նյութերի ուսումնասիրման արդյունքներով անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների քննության անցկացման մասին 2017թ. մայիսի 2-ի որոշմամբ` թիվ 19 հավելվածի 10-րդ կետի 1-ին ենթակետին, Դիմումների ուսումնասիրման կարգի 14-րդ կետի 1-ին ենթակետին, 15-րդ և 16-րդ կետերին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների քննության անցկացման կարգի (այսուհետ` Քննության կարգ) 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան ու թիվ 19 հավելվածի 12-րդ կետի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013թ. մայիսի 14-ի թիվ 112 որոշման 1-ին կետի, Քննության կարգի 5-րդ կետի հիման վրա Վարչության կողմից սկսվել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների քննության անցկացումը (այսուհետ` քննություն), որը, Քննության կարգի 6-րդ կետին համապատասխան, անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների հատկանիշների առկայության կամ բացակայության մասին եզրակացություն կատարելու համար տեղեկություններն անբավարար լինելու կապակցությամբ, Հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամի (նախարարի) կողմից երկարաձգվել է 60 աշխատանքային օրով` անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների քննության անցկացման ժամկետը երկարաձգելու մասին 2017թ. սեպտեմբերի 4-ի որոշմամբ:

Քննության անցկացման ընթացքում Վարչության կողմից` թիվ 19 հավելվածի 10-րդ կետի 4-րդ ենթակետին և 13-րդ կետին, Քննության կարգի III բաժնին համապատասխան ֆիզիկական և իրավաբանական անձանցից, անդամ պետությունների պետական իշխանության մարմիններից գրավոր պահանջվել են քննության անցկացման համար անհրաժեշտ տեղեկատվություն, փաստաթղթեր, տեղեկություններ, պարզաբանումներ, այդ թվում կոնֆիդենցիալ` նյութերում շարադրված փաստերի մասին առկա փաստաթղթերի, տեղեկությունների վերաբերյալ, այդ թվում՝ «ՈՒՀԱԸ» ՍՊԸ-ի կողմից վերջինիս կայքում և կատալոգներում դիմողին վերաբերող տեղեկատվությունը զետեղելու, ինչպես նաև այդպիսի տեղեկատվության բովանդակության և այն զետեղելու իրավական հիմքերի մասին, «ՈՒՀԱԸ» ՍՊԸ-ի և դիմողի կողմից աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը հաստատող պայմանագրերի պատճենները, նյութերում շարադրված փաստարկների մասով «ՈՒՀԱԸ» ՍՊԸ-ի և դիմողի ծառայությունների սպառողների դիրքորոշումները և քննության անցկացման նպատակների համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն:

Քննության արդյունքներով` «ՈՒՀԱԸ» ՍՊԸ-ի գործողություններում Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի խախտման հատկանիշների առկայության կապակցությամբ և թիվ 19 հավելվածի 10-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերին, Քննության կարգի 11-րդ կետի 1-ին ենթակետին, 12-րդ և 13-րդ կետերին ու Գործերի ուսումնասիրման կարգի 2-րդ կետին համապատասխան` Հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամի (նախարարի) կողմից ընդունվել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործ հարուցելու և ուսումնասիրելու վերաբերյալ 2017թ. նոյեմբերի 27-ի որոշումը (այսուհետ` գործ հարուցելու մասին որոշում) և ստեղծվել է գործի ուսումնասիրման հանձնաժողով:

Քննության կարգի 17-րդ կետին համապատասխան գործ հարուցելու մասին որոշման պատճենները սահմանված կարգով ուղարկվել են լիազորված մարմիններ:

Հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամի (նախարարի) կարգադրությամբ՝ գործի ուսումնասիրման հանձնաժողովի նախագահ է նշանակվել Վարչության տնօրեն Ա.Գ. Սուշկևիչը` Գործերի ուսումնասիրման կարգի 5-րդ կետին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թ. մայիսի 14-ի թիվ 112 որոշման 1-ին կետին համապատասխան:

Գործերի ուսումնասիրման կարգի 17-րդ կետին համապատասխան, 2017թ. նոյեմբերի 27-ի գործ հարուցելու մասին որոշմամբ գործի ուսումնասիրմանը մասնակցող անձինք ծանուցվել են գործի ուսումնասիրման ամսաթվի և վայրի մասին:

2017թ. դեկտեմբերի 11-ին գործի ուսումնասիրման հանձնաժողովի նախագահի կողմից ապահովվել է Գործերի ուսումնասիրման կարգի 19-րդ կետի դրույթների իրագործումը:

Գործերի ուսումնասիրման կարգի 20-րդ կետին համապատասխան՝ գործի ուսումնասիրման ընթացքում լսել են գործի ուսումնասիրմանը մասնակցող անձանց, ուսումնասիրվել և քննարկվել են ստացված միջնորդությունները, որոնց մասով ընդունվել են համապատասխան որոշումներ, ինչն արտացոլված է գործի ուսումնասիրման հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ, հետազոտվել են ապացույցները, լսվել են գործի ուսումնասիրմանը մասնակցող անձանց կարծիքներն ու պարզաբանումները` գործին մասնակցող այլ անձանց կողմից ներկայացված ապացույցների վերաբերյալ:

Քննարկվել են նաև լրացուցիչ ապացույցներ ստանալու անհրաժեշտության հետ կապված՝ գործի ուսումնասիրումը հետաձգելու հիմնավորումների ու նպատակահարմարության վերաբերյալ հարցեր:

Կատալոգների նախագծերի, «ՈՒՀԱԸ» ՍՊԸ-ի աշխատանքների (ծառայությունների) հետ փոխարինելի աշխատանքները (ծառայությունները) դիմողի կողմից կատարվելու կարգը կանոնակարգող և այլ լրացուցիչ ապացույցներ ստանալու նպատակով, գործի ուսումնասիրման հանձնաժողովը` Գործերի ուսումնասիրման կարգի 27-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն, համապատասխան տեղեկատվություն է պահանջել, իսկ գործի ուսումնասիրումը հետաձգվել է և նշանակվել 2018թ. հունվարի 23-ին` Գործերի ուսումնասիրման կարգի 32-րդ կետի և 41-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն:

Հանձնաժողովի կողմից գործերի ուսումնասիրման կարգի 19-րդ կետի դրույթներն իրագործվելուց հետո՝ 2018թ. հունվարի 23-ին գործի ուսումնասիրման հանձնաժողովի նախագահի կողմից գործի ուսումնասիրումը շարունակվել է, այդ թվում՝ ստուգվել է լրացուցիչ ներկայացված փաստաթղթերի (տեղեկությունների և պարզաբանումների) լրիվ լինելը, գործի ուսումնասիրմանը մասնակցող անձանց հարցեր են ուղղվել գործունեության հիմնական տեսակների, դիմողի և պատասխանողի միջև մրցակցային հարաբերությունների, իրականացված նախագծերի ծավալների և այլնի վերաբերյալ ու ստացվել են պատասխաններ, ինչն արտացոլված է գործի ուսումնասիրման հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ:

Գործի ուսումնասիրման հանձնաժողովի նիստի արդյունքներով 2018թ. հունվարի 23-ին գործով ապացուցները հետազոտելուց, գործի ուսումնասիրմանը մասնակցող անձանց կարծիքներն արտահայտելուց, գործի ուսումնասիրման հանձնաժողովի կողմից հետազոտվող հանգամանքների վերաբերյալ տեղեկություններին տիրապետող անձանց հարցաքննելուց հետո Գործերի ուսումնասիրման կարգի 23-րդ կետի համաձայն՝ պարզվել է հետևյալը.

«ՈՒՀԱԸ» ՍՊԸ-ն իր գործունեությունն իրականացրել է Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության տարածքներ ներկող-չորացնող խցերի մատակարարման պայմանագրեր կնքելու եղանակով (պայմանագրեր թիվ 29-02-2016 առ 29 փետրվարի 2016 թ., թիվ АБЗ Пос Act 141առ 23 հունվարի 2016 թ., թիվ 30-06-2016 առ 30 հունիսի 2016 թ., թիվ 27/07/15 առ 27 հուլիսի 2015 թ., թիվ 2207-2015 առ 4 օգոստոսի 2015 թ., թիվ 217 առ 1 հունիսի 2015 թ., թիվ 22-1802-2015 առ 18 փետրվարի 2015 թ., թիվ 01-210-2014 առ 13 հոկտեմբերի 2014 թ., թիվ 02-210-2014 առ 13 հոկտեմբերի 2014 թ., թիվ 03-2010-2014 առ 13 հոկտեմբերի 2014 թ., թիվ 04-2010-2014 առ 13 հոկտեմբերի 2014 թ., թիվ 06-2010-2014 առ 13 հոկտեմբերի 2014 թ., թիվ 2807-2014 առ 1 օգոստոսի 2014 թ., թիվ 103-2014 առ 24 հունիսի 2014 թ.):

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 29 որոշմամբ հաստատված` Շուկան որպես անդրսահմանային որակելու չափորոշիչների (այսուհետ` Չափորոշիչներ) 2-րդ կետի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հունվարի 30-ի թիվ 7 որոշմամբ հաստատված` Մրցակցության վիճակի գնահատման մեթոդիկայի (այսուհետ` Մեթոդիկա) 2-րդ կետի «բ» ենթակետի և 26-րդ կետի հիման վրա պարզվել է, որ ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանները որոշվել են ըստ Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության սահմանների, իսկ շուկան անդրսահմանային է:

Բացի այդ՝ ապրանքի (ծառայության) վերաբերյալ կնքված պայմանագրերի և անդամ պետությունների տարածքներում ընդունված տնտեսական գործունեության, արտադրանքի, աշխատանքների և ծառայությունների տեսակների դասակարգիչների վերլուծության հիման վրա, Մեթոդիկայի 2-րդ կետի «ա» ենթակետին, 4-րդ կետի երկրորդ պարբերությանը և 15-րդ կետին համապատասխան ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմանները սահմանվել են որպես ներկող-չորացնող խցերի մատակարարման ծառայություններ:

Ապրանքային շուկայի հետազոտման ժամանակային միջակայքը, այդ թվում՝ մրցակցության վիճակի գնահատման նպատակներով, Մեթոդիկայի 6-րդ կետին համապատասխան, որոշվել է որպես նյութերում նշված` անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների ենթադրյալ խախտման ժամանակահատված` 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի հունիսի 30-նն ընկած ժամանակահատվածը:

Պարզվել է նաև, որ «ՈՒՀԱԸ» ՍՊԸ-ն (ՀՊԳՀ` 1106672019475, ՀՎՀՀ` 6672326438, հասցեն` 620075, Ռուսաստանի Դաշնություն, Սվերդլովի մարզ, քաղ. Եկատերինբուրգ, Մալիշևի փ., շ. 51, գր. 30/01, «Վիսոցկի» բիզնես-կենտրոն, գրանցման ամսաթիվը` 25 նոյեմբերի 2010թ.) Ռուսաստանի Դաշնության տնտեսավարող սուբյեկտ է:

Դիմողը (ԲՆՀ` 060440003930, հասցեն` քաղ. Աստանա, Եսիլ շրջան, Դ. Կունաևի փ., շ. 12/2, բն. 15, սկզբնական գրանցման ամսաթիվը` 20 ապրիլի 2006թ.) և դրա հետ անձանց մեկ խմբի մեջ մտնող «STAHLBAU» մետաղական կոնստրուկցիաների գործարան» ՍՊԸ-ն (Ղազախստանի Հանրապետություն, քաղ. Աստանա, Ինդուստրիալնի պարկ, Ա 207 փ., համար 5) Ղազախստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտներ են և թիվ 19 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի իններորդ պարբերության դրույթներին համապատասխան՝ դիտարկվում են որպես մեկ տնտեսավարող սուբյեկտ:

Հաշվի առնելով շարադրվածը և Չափորոշիչների 3-րդ կետին համապատասխան, սահմանվել է, որ Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի խախտման հատկանիշներով «ՈՒՀԱԸ» ՍՊԸ-ին առնչվող գործի ուսումնասիրումը վերագրվում է Հանձնաժողովի իրավասությանը:

Գործի ուսումնասիրման ընթացքում որպես «ՈՒՀԱԸ» ՍՊԸ-ի ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ ապացույցներ՝ դիմողը ներկայացրել է կատալոգների բնօրինակները, որոնց առաջին էջերում նշված է «Ուրալի հաստոցա-արդյունաբերական ընկերություն. SPK Group», 64-րդ և 72-րդ էջերում «Մեր արտադրությունը» բաժնում ներկայացված է քաղ. Աստանայում (Ղազախստանի Հանրապետություն) SPK Group - STAHLBAU (Ստալբաու) մետաղական կոնստրուկցիաների արտադրման գործարանի մասին տեղեկատվություն, քաղ. Աստանայում և քաղ. Եկատերինբուրգում կոնտակտային տվյալներ, գործարանի արտադրամասերի լուսանկարներ և ընդհանուր նկարագրություն (գործարանի տարածքը, արտադրվող արտադրանքի ցանկը):

Դիմողը նշել է, որ տվյալ տեղեկատվությունն «ՈՒՀԱԸ» ՍՊԸ-ի կողմից օգտագործելու համաձայնություն և (կամ) թույլտվություն չի տվել:

Հանձնաժողովը նշել է, որ դիմողի կողմից ներկայացրած կատալոգներում առկա չեն դրա տպաքանակի և տպելու վայրի մասին տեղեկություններ:

Գործի ուսումնասիրման ընթացքում դիմողը` իր կողմից ներկայացված կատալոգները «ՈՒՀԱԸ» ՍՊԸ-ի կողմից տպվելու փաստը հաստատող փաստաթղթեր չի ներկայացրել:

Միաժամանակ «ՈՒՀԱԸ» ՍՊԸ-ն` որպես նշված մասով իր գործողություններում անբարեխիղճ մրցակցության հատկանիշների բացակայության ապացույց՝ ներկայացրել է հետևյալ կատալոգները. «Արդունաբերական ձեռնարկությունների նախագծում, շինարարություն և արդիականացում (2014 - 2015 թթ.)», «Լվացման խցեր (2015թ.)», «Մակերեսի նախապատրաստման և ներկման համալիրի մասին. արդյունաբերական ձեռնարկությունների նախագծում, շինարարություն և արդիականացում (2015թ. 1-ին կիսամյակ)», «Մակերեսի նախապատրաստման և ներկման համալիրի մասին. ներկման արտադրությունների նախագծում, շինարարություն և արդիականացում (2015 թ.)», «Լվացման խցեր. ֊ ներկման արտադրությունների նախագծում, շինարարություն և արդիականացում (2016 թ.)», «Ոչ ստանդարտ սարքավորում. ներկման արտադրությունների նախագծում, շինարարություն և արդիականացում (2016 թ.)», «Արդյունաբերական ձեռնարկությունների համար ներկման համալիր լուծման մասին. ներկման արտադրությունների նախագծում, շինարարություն և արդիականացում (2016 թ.)», «Նախագծեր` ներկման արտադրությունների նախագծում, շինարարություն և արդիականացում (2016 թ.)», «Նախագծեր. ներկման արտադրությունների նախագծում, շինարարություն և արդիականացում (2017 թ.)»։

Նշված կատալոգների ուսումնասիրման արդյունքներով գործի ուսումնասիրման հանձնաժողովի կողմից չի պարզվել, որ կատալոգներում առկա է տեղեկատվություն այն մասին, որ դիմողը «ՈՒՀԱԸ» ՍՊԸ-ի մասնաճյուղ, ներկայացուցչություն կամ դուստր ընկերություն է:

Ընդ որում՝ կատալոգի 28-րդից մինչև 37-րդ էջերի վրա «Նախագծեր. արդյունաբերական ձեռնարկությունների նախագծում, շինարարություն և արդիականացում (2014-2015 թթ.)» «Իրականացված նախագծեր» բաժնում ներկայացված են «ՈՒՀԱԸ» ՍՊԸ-ի կողմից դիմողի հասցեով մատակարարված ներկող-չորացնող խցի լուսանկարները և դրա տեխնիկական բնութագրերը:

Նշված էջերի վերին հատվածներում առկա է նաև ««STAHLBAU» (Ստալբաու) մետաղական կոնստրուկցիաների արտադրման գործարան, քաղ. Աստանա (Ղազախստան)։ Ներկող-չորացնող խուց» գրառումը:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ հնարավոր չէ դիմողի կողմից ներկայացված կատալոգները և «ՈՒՀԱԸ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված կատալոգները որակել որպես «ՈՒՀԱԸ» ՍՊԸ-ի գործողություններում Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի խախտման հատկանիշների առկայության ապացույցներ:

«ՈՒՀԱԸ» ՍՊԸ-ի կայքում (http://ur-spk.ru) դիմողի մասին տեղեկատվության զետեղմամբ արտահայտված «ՈՒՀԱԸ» ՍՊԸ-ի գործողությունների մասով պարզվել է, որ դիմողը ներկայացրել է նոտար Ու.Ս. Մոհամեդժանովայի կողմից կազմված` իրեղեն ապացույցների զննման և հետազոտման արձանագրությունն առ 2016թ. հուլիսի 20-ը, որից հետևում է, որ «ՈՒՀԱԸ» ՍՊԸ-ն 2016թ. հուլիսի 20-ի դրությամբ իր կայքում (http://ur-spk.ru) «Մեր արտադրությունը» բաժնում զետեղել է դիմողի գործարանի լուսանկարները (ճակատամասը, ներքին վիճակը, սարքավորումները և մեխանիզմները), դրա նկարագրությունը, կոնտակտները և նշել է, որ Ղազախստանի Հանրապետությունում SPK Group ընկերության սեփական արտադրությունը ներկայացված է քաղ. Աստանայում (Ղազախստանի Հանրապետություն) SPK Group - STAHLBAU (Ստալբաու) մետաղական կոնստրուկցիաների արտադրման գործարանի արտադրական հարթակով:

Միաժամանակ «ՈՒՀԱԸ» ՍՊԸ-ն իր՝ 2017 թ. դեկտեմբերի 21-ի թիվ 327 նամակով հայտնել է, որ մոտավորապես 2016թ. ապրիլի 4-ից մինչև հոկտեմբերի 1-ն իր կայքում (http://ur-spk.ru) «Մեր արտադրությունը» բաժնում զետեղել է քաղ. Աստանայում (Ղազախստանի Հանրապետություն) SPK Group - STAHLBAU (Ստալբաու) մետաղական կոնստրուկցիաների արտադրման գործարանի մասին տեղեկատվություն, գործարանի արտադրամասերի լուսանկարներ և ընդհանուր նկարագրություն (գործարանի տարածքը, արտադրվող արտադրանքի ցանկը), ինչը հաստատվում է նոտար Օ.Վ. Ֆիլիպովայի կողմից 2017թ. դեկտեմբերի 21-ին կազմված` ապացույցների զննման արձանագրությամբ:

Այսպիսով` գործի ուսումնասիրման հանձնաժողովը պարզել է, որ «ՈՒՀԱԸ» ՍՊԸ-ն իր կայքում (http://ur-spk.ru) զետեղել է քաղ. Աստանայում (Ղազախստանի Հանրապետություն) SPK Group - STAHLBAU (Ստալբաու) մետաղական կոնստրուկցիաների արտադրման գործարանի մասին տեղեկատվություն, գործարանի արտադրամասերի լուսանկարներ և ընդհանուր նկարագրություն (գործարանի տարածքը, արտադրվող արտադրանքի ցանկը):

Համաձայն «ՈՒՀԱԸ» ՍՊԸ-ի պարզաբանումների՝ դիմողը և «ՈՒՀԱԸ» ՍՊԸ-ն իրականացվող գործունեության ոչ մի տեսակի առումով մրցակիցներ չեն, ի հաստատումն որի «ՈՒՀԱԸ» ՍՊԸ-ն ներկայացրել է պայմանագրերի, համապատասխանության հավաստագրերի պատճեններ և այլն, որոնք կցվել են գործի նյութերին և որոնց բովանդակությունից հետևում է, որ «ՈՒՀԱԸ» ՍՊԸ-ի գործունեության հիմնական տեսակը ոչ ստանդարտ սարքավորումների, այդ թվում՝ ներկող-չորացնող խցերի արտադրությունն է:

Ընդ որում՝ ներկող-չորացնող խցերի համար մետաղական կոնստրուկցիաների արտադրություն «ՈՒՀԱԸ» ՍՊԸ կողմից չի իրականացվում, տվյալ տեսակի աշխատանքներն իրականացվում են կապալի պայմանագրերի շրջանակներում:

Դիմողի կողմից 2018թ. հունվարի 9-ի թիվ 2 նամակով ներկայացվել են գրավոր պարզաբանումներ և այլ նյութեր, համաձայն որոնց՝ դիմողը 2014թ. հունվարի 1-ից մինչև 2017թ. հունիսի 30-ը չի իրականացրել ներկող-չորացնող խցերի արտադրության գործունեություն:

Դրա հետ մեկտեղ՝ դիմողը ներկայացրել է «Ագրոսերվիս-Բատիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և դիմողի միջև 2016թ. սեպտեմբերի 14-ին կնքված թիվ 140916 մատակարարման պայմանագրի 2016թ. դեկտեմբերի 12-ի թիվ 1 լրացուցիչ համաձայնագիրը, համաձայն որի, պայմանագրի գործողության ժամկետն ու ներկող-չորացնող խցի պատրաստման համար պատվիրատուի կողմից գծագրեր ներկայացվելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2018թ. օգոստոսի 31-ը (ժամկետը դուրս է մնում խախտման ենթադրվող ժամկետի սահմաններից):

Այդ թվում գործի ուսումնասիրման ընթացքում դիմողը ներկայացրել է հաշիվ-ապրանքագրերի, պաշարների դուրսգրման ապրանքագրերի, արտադրվող արտադրանքի գծագրերի, հաշվարկների ստուգման ակտերի պատճեններ, համաձայն որոնց, դիմողի կողմից իրականացվող գործունեության տեսակները (աշխատանքների իրականացում, ծառայությունների մատուցում) նույնական չեն «ՈՒՀԱԸ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող գործունեության տեսակների հետ։

Միաժամանակ, գործի ուսումնասիրման շրջանակներում, դիմողի ներկայացուցչի միջնորդությամբ գործի նյութերին են կցվել այն փաստաթղթերի պատճենները, որոնց բովանդակությունից հետևում է, որ «Պոլիստիրոլ Աստանա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2016 թվականին դիմողին դիմել է ներկող-չորացնող խցի մատակարարման կոմերցիոն առաջարկությամբ:

Հետագայում «Պոլիստիրոլ Աստանա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մենեջերների կողմից «Ինտերնետ» տեղեկատվական-հաղորդակցական ցանցում դիմողի` ռուսաստանյան SPK Group ձեռնարկության սեփականություն հանդիսանալու մասին տեղեկատվությունը հայտնաբերելուց հետո նշված ընկերությունը ձեռնարկատիրական և իրավաբանական ռիսկերից խուսափելու նպատակով որոշում է կայացրել չհամագործակցելու ոչ դիմողի, ոչ էլ ռուսաստանյան SPK Group ձեռնարկության հետ:

Հաշվի առնելով վերոշարադրյալը, ինչպես նաև այն փաստը, որ կոմերցիոն առաջարկություն ներկայացնելը չի հանգեցնում իրավաբանորեն նշանակալի հետևանքների և չի ստիպում շուկայի մասնակիցներին պայմանագիր կնքել, գործի ուսումնասիրման հանձնաժողովը հանգել է այն եզրակացությանը, որ նշված գործողությունները չեն կարող դիտարկվել որպես մրցակից այլ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտներին) վնաս հասցրած կամ հնարավոր վնաս հասցնող գործողություններ: Բացի այդ՝ գործի ուսումնասիրման հանձնաժողովը գործի նյութերին է կցել Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների` «ՈՒՀԱԸ» ՍՊԸ-ի և դիմողի կողմից արտադրվող ապրանքների (ծառայությունների) սպառողներ կամ պոտենցիալ սպառողներ հանդիսացող շուկայի 39 մասնակիցների հարցումը:

Պատասխաններ են ստացվել 19 տնտեսավարող սուբյեկտներից, համաձայն որոնց`

այն հարցին, թե արդյո՞ք իրենք «ՈՒՀԱԸ» ՍՊԸ-ին և դիմողին մրցակիցներ են համարում, 14 տնտեսավարող սուբյեկտներ հայտնել են տվյալ հարցի վերաբերյալ իմացության կամ տեղեկատվության բացակայության մասին, 4 տնտեսավարող սուբյեկտներ համարում են, որ մետաղական կոնստրուկցիաների շուկայում «ՈՒՀԱԸ» ՍՊԸ-ն և դիմողը մրցակիցներ չեն.

այն հարցին, թե արդյո՞ք իրենք համարում են, որ կայքում և գովազդային կատալոգներում զետեղված տեղեկատվությունից հետևում է, որ դիմողը «ՈՒՀԱԸ» ՍՊԸ-ի մասնաճյուղ է (ներկայացուցչություն), 6 տնտեսավարող սուբյեկտներ հայտնել են տվյալ հարցի վերաբերյալ իմացության կամ անհրաժեշտ տեղեկատվության բացակայության մասին, 3 տնտեսավարող սուբյեկտներ գտնում են, որ դա հնարավոր է, և 10 տնտեսավարող սուբյեկտներ դիմողին «ՈՒՀԱԸ» ՍՊԸ-ի մասնաճյուղ (ներկայացուցչություն) չեն համարում:

Բացի այդ՝ հարցված տնտեսավարող սուբյեկտներից ոչ մեկի կողմից չեն ներկայացվել քաղ. Աստանայում (Ղազախստանի Հանրապետություն) SPK Group - STAHLBAU (Ստալբաու) մետաղական կոնստրուկցիաների արտադրման գործարանի մասին տեղեկատվություն, գործարանի արտադրամասերի լուսանկարներ և ընդհանուր նկարագրություն (գործարանի տարածքը, արտադրվող արտադրանքի ցանկը) պարունակող կատալոգներ:

Թիվ 19 հավելվածի 2-րդ կետի 14-րդ ենթակետին համապատասխան, անբարեխիղճ մրցակցությունը տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) (անձանց խմբի) կամ մի քանի տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) (անձանց խմբերի) ձեռնարկատիրական գործունեության մեջ առավելություններ ձեռքբերելուն ուղղված գործողություններն են, որոնք հակասում են անդամ պետությունների օրենսդրությանը, գործարար շրջանառության ավանդույթներին, բարեվարքության, ողջամտության և արդարության պահանջներին և վնաս են պատճառել կամ կարող են վնաս պատճառել մրցակից այլ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտներին) կամ կարող են վնասել նրանց գործարար համբավին:

Հաշվի առնելով գործի նշված հանգամնանքները՝ գործի ուսումնասիրման հանձնաժողովը պարզել է, որ 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի հունիսի 30-նն ընկած ժամանակահատվածում ՈՒՀԱԸ» ՍՊԸ-ն և դիմողը մրցակիցներ չեն եղել ներկող-չորացնող խցերի, կոտորակաշիթավոր խցերի իրացման, տարբեր մոդիֆիկացիայի մետաղական կոնստրուկցիաների պատրաստման շուկաներում: Այս կապակցությամբ, գործի ուսումնասիրման հանձնաժողովի կարծիքով, «ՈՒՀԱԸ» ՍՊԸ-ի գործողությունները` իր կայքում (http://ur-spk.ru) «Մեր արտադրությունը» բաժնում դիմողի գործարանի լուսանկարների (ճակատամասի, ներքին վիճակի, սարքավորումների և մեխանիզմների), դրա նկարագրության, կոնտակտների զետեղումը և նշումն առ այն, որ Ղազախստանի Հանրապետությունում SPK Group ընկերության սեփական արտադրությունը ներկայացված է քաղ. Աստանայում (Ղազախստանի Հանրապետություն) SPK Group - STAHLBAU (Ստալբաու) մետաղական կոնստրուկցիաների արտադրման գործարանի արտադրական հարթակով, չեն կարող ճանաչվել որպես Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում, քանի որ անդրսահմանային շուկաներում «ՈՒՀԱԸ» ՍՊԸ-ի և դիմողի միջև մրցակցային հարաբերությունների վերաբերյալ ապացույցներ չեն ներկայացվել:

Հաշվի առնելով շարադրվածը՝ 2018 թվականի հունվարի 23-ին գործի ուսումնասիրման հանձնաժողովը Գործերի ուսումնասիրման կարգի 23-րդ կետին համապատասխան, հայտարարել է գործի ուսումնասիրման ավարտի և Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագծի նախապատրաստման, այն Հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամին (նախարարին) ուղարկելու մասին` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգով նախատեսված կարգով Հանձնաժողովի կոլեգիայի ուսումնասիրմանը ներկայացնելու նպատակով:

Ղեկավարվելով թիվ 19 hավելվածի 10-րդ կետի 3-րդ ենթակետով, Գործերի ուսումնասիրման կարգի 44-րդ կետով և 46-րդ կետի 1-ին ենթակետով, Հանձնաժողովի կոլեգիան որոշեց․

1. Դադարեցնել «ՈՒՀԱԸ» ՍՊԸ-ի կողմից Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետը խախտելու մասին գործի ուսումնասիրումը` վերջինիս գործողություններում անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման բացակայության կապակցությամբ:

2. Սույն որոշումը սահմանված կարգով կարող է բողոքարկվել Միության դատարանում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան