ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունիսի 2018 թվականի |
թիվ 103 |
քաղ. Մոսկվա |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ՀԵՏԱՁԳՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի 16-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու կարգը։
2. Ուժը կորցրած ճանաչել՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու ընթացակարգի կիրառման կարգը հաստատելու մասին» 2016 թվականի ապրիլի 12-ի թիվ 32 որոշումը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու ընթացակարգի կիրառման կարգի մեջ փոփոխություններ կատարելու մասին» 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 133 որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի |
ԿԱՐԳ
ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում են ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու դեպքերը, ներմուծվող ապրանքների հետ գործարքի արժեքի մասով մեթոդի կիրառման առանձնահատկությունները (մեթոդ 1)՝ ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելը կիրառելու դեպքում, ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծության մասին տեղեկությունների հայտագրման առանձնահատկությունները, ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծության հայտագրման կարգը և ժամկետները, ապրանքների մաքսային արժեքի մաքսային հսկողության առանձնահատկությունները։
2. Ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելը կիրառելու դեպքում հայտագրվում է՝
ա) ապրանքների մաքսային հայտարարագրման դեպքում՝ ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծությունը.
բ) ապրանքների բացթողումից հետո՝ ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը։
3. Թույլատրվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 39-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված պայմանները պահպանելու դեպքում հետաձգել ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը որոշելը հետևյալ դեպքերում՝
ա) եթե ներմուծվող ապրանքները, որոնց առուվաճառքն իրականացվում է միջազգային ապրանքային բորսաներում, ձևակերպվում են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով և արտաքին տնտեսական այն պայմանագրի պայմաններին համապատասխան, որին համապատասխան՝ ապրանքները վաճառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանման համար, սահմանված չէ այդ ապրանքների դիմաց վճարման ենթակա հաստատագրված գին, սակայն միևնույն ժամանակ սահմանված են բորսային գներից (բորսային գնանշումներից, բորսային ինդեքսներից) ապրանքների գնի կախվածությունը և արտաքին տնտեսական պայմանագրի կողմերի կողմից համաձայնեցված՝ բորսային գներով (բորսային գնանշումներով, բորսային ինդեքսներով) ապրանքների գնի հաշվարկման կարգը (ալգորիթմը, բանաձևը)՝ ապրանքների հայտարարագրի գրանցման օրվանից հետո այդ պայմանագրում սահմանված կոնկրետ ամսաթվով.
բ) եթե ներմուծվող ապրանքները ձևակերպվում են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով և այն պայմանագրի պայմաններով, որը հաշվի առնելով՝ պետք է որոշվի ներմուծվող ապրանքների հետ գործարքի արժեքը (օրինակ՝ լիցենզիոն համաձայնագիր, հեղինակային իրավունքների փոխանցման մասին պայմանագիր և այլն), սահմանված չեն մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար լիցենզիոն և այլ նման վճարների հաստատագրված գումարները (ներառյալ՝ արտոնագրային վճարները, ապրանքային նշանների օգտագործման համար սահմանված վճարները, հեղինակային իրավունքներից օգտվելու համար սահմանված վճարները), որոնք վերաբերում են ներմուծվող ապրանքներին, և որոնք գնորդն ուղղակի կամ անուղղակի կերպով պետք է կատարի՝ որպես ներմուծվող ապրանքների վաճառքի պայման, սակայն միևնույն ժամանակ պայմանագրով սահմանված է այն տեղեկությունների հիման վրա դրանց հաշվարկման կարգը, որոնք ապրանքների հայտարարագրի գրանցման օրը հայտնի չեն.
գ) եթե այն պայմանագրի պայմաններով, որը հաշվի առնելով՝ պետք է որոշվի ներմուծվող ապրանքների հետ գործարքի արժեքը, նախատեսված է, որ ներմուծվող ապրանքների հետագա իրացման, այլ կերպ տնօրինման կամ օգտագործման արդյունքում ստացված եկամտի (հասույթի) մի մասը վաճառողին ուղղակիորեն կամ անուղղակիորեն հասանելիքն է, և միևնույն ժամանակ սահմանված է եկամտի (հասույթի) այդ մասն այն տեղեկությունների հիման վրա հաշվարկելու կարգը, որոնք ապրանքների հայտարարագրի գրանցման օրը հայտնի չեն։
4. Ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը որոշելը և հայտագրելը թույլատրվում է հետաձգել այն ժամկետով, որի ընթացքում սույն կարգի 3-րդ կետի համապատասխանաբար «ա», «բ» կամ «գ» ենթակետում նշված պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) պայմաններին համապատասխան պետք է ստացվեն փաստաթղթերով հաստատված տեղեկություններ, որոնք թույլ կտան որոշել և հայտագրել ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը։ Ընդ որում, ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը որոշելու և հայտագրելու ժամկետը չի կարող գերազանցել ապրանքների հայտարարագրի գրանցման օրվանից 15 ամիսը։
II. Ներմուծվող ապրանքների հետ գործարքի արժեքի մասով մեթոդի կիրառման առանձնահատկությունները (մեթոդ 1)՝ ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելը կիրառելու դեպքում
5. Ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծությունը, Օրենսգրքի 39-րդ հոդվածին համապատասխան, որոշվում է.
ա) սույն կարգի 3-րդ կետի «ա» ենթակետում նշված դեպքում՝ բորսային գների (բորսային գնանշումների, բորսային ինդեքսների) հիման վրա, ապրանքների հայտարարագրի գրանցման ամսաթվին առավել մոտ ամսաթվով՝ ելնելով պայմանագրով սահմանված հաշվարկման (ալգորիթմի, բանաձևի) կարգից.
բ) սույն կարգի 3-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում նշված դեպքերում՝ ապրանքների ներմուծման, ապրանքների իրացման պլանավորվող ծավալը, ապրանքների այլ կերպ օգտագործումն արտացոլող ցուցանիշների կամ բիզնես-պլաններում, գնի պլանային հաշվարկներում, գնացուցակներում, կատալոգներում և նմանատիպ այլ փաստաթղթերում նշված պլանավորված այլ ցուցանիշների հիման վրա, կամ այդպիսի ցուցանիշների բացակայության դեպքում՝ նախորդող որոշակի ժամանակահատվածի (ամիս, եռամսյակ, տարի) համար հաշվապահական հաշվառման տվյալների հիման վրա։ Ընդ որում, լրացուցիչ հաշվեգրումների մեծության հաշվարկն իրականացվում է՝ ելնելով պայմանագրով սահմանված հաշվարկման կարգից։ Ներմուծվող ապրանքների դիմաց փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին լրացուցիչ հաշվեգրումների մեծության հաշվարկման համար օգտագործվում են այդպիսի լրացուցիչ հաշվեգրումների առավելագույն հնարավոր մեծությանը համապատասխանող առկա ցուցանիշների արժեքները։
6. Ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը որոշվում է՝
ա) սույն կարգի 3-րդ կետի «ա» ենթակետում նշված դեպքում՝ ներմուծվող ապրանքների դիմաց փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի հիման վրա, որը հաշվարկվում է պայմանագրում սահմանված ամսաթվով բորսային գների (բորսային գնանշումների, բորսային ինդեքսների) հիման վրա.
բ) սույն կարգի 3-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում նշված դեպքերում՝ ապրանքների ներմուծման, ապրանքների իրացման փաստացի ծավալի, պայմանագրով սահմանված կարգով հաշվապահական հաշվառման տվյալների հիման վրա որոշված այլ ցուցանիշների հիման վրա։
7. Ապրանքների մաքսային արժեքի նախնական և ճշգրիտ մեծությունների հաշվարկման համար օգտագործվող տեղեկությունները պետք է փաստաթղթերով հաստատվեն։
III. Ապրանքների մաքսային արժեքի նախնական և ճշգրիտ մեծությունների հայտագրումը
8. Ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծության մասին տեղեկությունները հայտագրվում են՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները։
Սույն կարգի 5-րդ կետին համապատասխան որոշված՝ ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծությունը հայտագրվում է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 376 որոշմանը համապատասխան ՄԱՀ-1-ի (այսուհետ՝ ՄԱՀ-1) ձևով կազմված՝ մաքսային արժեքի հայտարարագրում և ապրանքների հայտարարագրում։
ՄԱՀ-1-ի «Լրացուցիչ տվյալներ» վանդակում հայտարարատուի կողմից նշվում է սույն կարգի 4-րդ կետին համապատասխան որոշված՝ ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծության հայտագրման ժամկետը։
Ապրանքների հայտարարագրի 43-րդ վանդակի առաջին ենթաբաժնում նշվում է ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու ծածկագիրը՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշմամբ հաստատված՝ մաքսային արժեքը որոշելու մեթոդների դասակարգչին համապատասխան:
Ապրանքների հայտարարագրի 43-րդ վանդակի առաջին ենթաբաժնում հայտարարատուի կողմից ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու ծածկագրի նշումն ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու կիրառման մասին հայտարարատուի հայտագիրն է։
Ապրանքների մաքսային արժեքի հայտագրված նախնական մեծությունը հաստատելու համար հայտարարատուի կողմից ներկայացվում են փաստաթղթեր, որոնց հիման վրա որոշվել է ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծությունը, այդ թվում՝ փաստաթղթեր, որոնց հիման վրա կատարվել են հաշվարկներ՝ հաշվի առնելով սույն կարգի 5-րդ կետի դրույթները։ Նշված փաստաթղթերը կարող են չներկայացվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետության մաքսային մարմին (այսուհետ՝ համապատասխանաբար անդամ պետություն, մաքսային մարմին), եթե այդպիսի փաստաթղթերն արդեն ներկայացվել են այդ մաքսային մարմին, կամ եթե այդպիսի փաստաթղթերի մասին տեղեկությունները և (կամ) դրանցից տեղեկությունները մաքսային մարմինը կարող է ստանալ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերից, ինչպես նաև անդամ պետությունների պետական մարմինների (կազմակերպությունների) տեղեկատվական համակարգերից՝ անդամ պետությունների պետական մարմինների (կազմակերպությունների) և մաքսային մարմինների տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում։
9. Մինչ սույն կարգի 14-րդ կետին համապատասխան սահմանված ժամկետի լրանալը հայտարարատուն պարտավոր է հայտագրել ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը։ Ընդ որում, մաքսային մարմին ներկայացվում են ՄԱՀ-1-ը՝ ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծության հաշվարկի հետ միասին, ապրանքների հայտարարագրի ճշգրտված տարբերակը, ինչպես նաև ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը հաշվարկելու համար օգտագործված փաստաթղթերը։ Ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծության հայտարարագրման ժամանակ հայտարարատուի կողմից մաքսային մարմին արդեն ներկայացված փաստաթղթերը կրկին չեն ներկայացվում։
IV. Ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծության մաքսային հսկողության առանձնահատկությունները
10. Ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծության մաքսային հսկողություն անցկացնելիս մաքսային մարմինը ստուգում է՝
ա) սույն օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված պայմանների պահպանումը.
բ) սույն կարգի 3-րդ կետով նախատեսված պայմաններին պայմանագրի պայմանների համապատասխանությունը.
գ) ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծությունը որոշելու ճշտությունը, այդ թվում՝ սույն կարգի 5-րդ կետին համապատասխան՝ այն որոշելու ճշտությունը և դրա փաստաթղթային հաստատումը։
11. Ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծությունը դիտարկվում է որպես ըստ մեթոդ 1-ի հայտագրված ապրանքների մաքսային արժեք՝ առանց ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու կիրառման այն դեպքում, երբ ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծության մաքսային հսկողություն անցկացնելիս մաքսային մարմնի կողմից հայտնաբերվել է, որ.
ա) չեն պահպանվել Օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված պայմանները.
բ) պայմանագրի պայմանները չեն համապատասխանում սույն կարգի 3-րդ կետով նախատեսված պայմաններին.
գ) չեն ներկայացվել սույն կարգի 8-րդ կետի վեցերորդ պարբերությամբ նախատեսված փաստաթղթերը.
դ) առկա են ապրանքների մաքսային արժեքը ոչ հավաստի կերպով որոշելու հատկանիշներ (բացառությամբ այն դեպքերի, երբ ճշգրիտ տեղեկությունների բացակայությունն ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու պատճառ է)։
12. Սույն կարգի 11-րդ կետում նշված հիմքերի առկայության դեպքում ապրանքների մաքսային արժեքի մաքսային հսկողությունն իրականացվում է Օրենսգրքին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մարտի 27-ի թիվ 42 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի մաքսային հսկողության անցկացման առանձնահատկությունների մասին» հիմնադրույթին համապատասխան։
13. Այն դեպքում, երբ ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծության մաքսային հսկողություն անցկացնելիս մաքսային մարմնի կողմից հայտնաբերվել է, որ ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծության մասին ոչ հավաստի տեղեկություններ են հայտագրվել, այդ թվում՝ չեն պահպանվել սույն կարգի 5-րդ կետի դրույթները, ապա ապրանքների հայտարարագրում հայտագրված՝ ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծության մասին տեղեկությունները պետք է փոփոխվեն (լրացվեն) հայտարարատուի կողմից մաքսային մարմնի պահանջով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 289 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգին համապատասխան։
Եթե ապրանքների հայտարարագրում հայտագրված՝ ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծության մասին տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելիս ապրանքների մաքսային արժեքը որոշվում է Օրենսգրքի 41-45-րդ հոդվածներով սահմանված՝ ապրանքների մաքսային արժեքը որոշելու մեթոդների կիրառման միջոցով (մեթոդներ 2-6), ապա ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելը չի կիրառվում։
Եթե ապրանքների հայտարարագրում հայտագրված՝ ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծության մասին տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելիս ապրանքների մաքսային արժեքը որոշվում է մեթոդ 1-ի կիրառման միջոցով, ապա ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծությունը փոփոխությունների (լրացումների) այդպիսի կատարման ժամանակ որոշված՝ ապրանքների մաքսային արժեքի նախնական մեծությունն է։
14. Սույն կարգի 3-5-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված պահանջները պահպանելու և սույն կարգի 11-րդ կետում նշված՝ ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելը չկիրառելու համար հիմքերի բացակայության դեպքում մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից ՄԱՀ-1-ի «Մաքսային մարմնի նշումների համար» դաշտում նշվում է՝ «Ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը որոշելը հետաձգված է մինչև», և սահմանվում է սույն կարգի 4-րդ կետին համապատասխան սահմանված՝ ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծության հայտագրման ժամկետը։
V. Ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծության մաքսային հսկողության առանձնահատկությունները
15. Ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծության մաքսային հսկողություն անցկացնելիս մաքսային մարմինն ստուգում է.
ա) ՄԱՀ-1-ում ստորև նշվածների հաշվարկման ճշտությունը՝
սույն կարգի 3-րդ կետի «ա» ենթակետում նշված դեպքում՝ ներմուծվող ապրանքների դիմաց փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի՝ պայմանագրում սահմանված ամսաթվով բորսային գների (բորսային գնանշումների, բորսային ինդեքսների) հիման վրա,
սույն կարգի 3-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում նշված դեպքերում՝ ներմուծվող ապրանքների դիմաց փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին լրացուցիչ հաշվեգրումների մեծության՝ ապրանքների ներմուծման, ապրանքների իրացման փաստացի ծավալի, պայմանագրով սահմանված կարգով հաշվապահական հաշվառման տվյալների հիման վրա որոշված այլ ցուցանիշների հիման վրա.
բ) ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծության հաշվարկման համար օգտագործվող տեղեկությունների փաստաթղթային հաստատումը.
գ) ապրանքների հայտարարագրի ճշգրտման ձևի լրացման ճշտությունը։
16. Ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծության մաքսային հսկողության անցկացման արդյունքների հիման վրա մաքսային մարմինն ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծության հայտագրման և դրա հաշվարկման համար օգտագործված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի ներկայացման օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում՝
ա) գրանցում է ապրանքների հայտարարագրի ճշգրտումն այն դեպքում, երբ մաքսային մարմնի կողմից չի հայտնաբերվել, որ ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծության մասին տեղեկությունները ոչ հավաստի են.
բ) ընդունում է ապրանքների հայտարարագրում հայտագրված՝ ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին որոշում՝ Ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգին համապատասխան, այն դեպքում, երբ մաքսային մարմնի կողմից հայտնաբերվել է, որ ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծության մասին տեղեկությունները ոչ հավաստի են։
17. Այն դեպքում, երբ սահմանված ժամկետում հայտարարատուի կողմից չի հայտագրվել ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը, կամ չեն ներկայացվել դրա հաշվարկման համար օգտագործված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը, ապրանքների մաքսային արժեքի հայտագրված նախնական մեծությունը դիտարկվում է որպես ըստ մեթոդ 1-ի հայտագրված ապրանքների մաքսային արժեք՝ առանց ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու կիրառման։ Այդ դեպքում ապրանքների մաքսային արժեքի մաքսային հսկողությունն իրականացվում է Օրենսգրքին և «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի մաքսային հսկողության անցկացման առանձնահատկությունների մասին» հիմնադրույթին համապատասխան։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.04.2021, թիվ 42 | 09.05.2021, թիվ 103 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|