ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հուլիսի 2022 թվականի N 1041-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 662-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Երևան համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերը Երևան համայնքին սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու մասին» N 662-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման վերնագիրը «հողամասերը» բառից հետո լրացնել «և դրանցում առկա` իրենց նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործման համար ոչ պիտանի շենքերը, շինությունները» բառերով.
2) որոշման 1-ին կետը «1.65861 հեկտար» բառերից հետո լրացնել «և դրանցում առկա` իրենց նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործման համար ոչ պիտանի շենքերը, շինությունները» բառերով.
3) որոշումը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 2-րդ կետով՝
«2. Լիազորել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում նշված հողամասերում շենքեր, շինություններ քանդված լինելու դեպքում ապահովել շինության քանդման (ոչնչացման) հիմքով դրա նկատմամբ գրանցված սեփականության իրավունքի դադարման պետական գրանցումը և մեկամսյա ժամկետում Երևանի քաղաքապետի հետ կնքել գույքերի (հողամասերի և դրանցում առկա շենքերի, շինությունների) նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ գործարքի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվում են Երևան համայնքի բյուջեի միջոցների հաշվին:»:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
07.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |