Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-206-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.01.2007-01.07.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.12.25/66(521) Հոդ.1358
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
28.11.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.01.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի նոյեմբերի 28-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 55. Գույքի բռնագրավումը

 

1. Գույքի բռնագրավումը դատապարտյալի սեփականությունը համարվող գույքը կամ դրա մի մասը հարկադրաբար և անհատույց վերցնելն է` ի սեփականություն պետության:

2. Գույքի բռնագրավման չափը դատարանը որոշում է` նկատի ունենալով հանցագործությամբ հասցված գույքային վնասի, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի չափը: Գույքի բռնագրավման չափը չի կարող գերազանցել հանցագործությամբ հասցված վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված օգուտի չափը:

3. Գույքի բռնագրավումը կարող է նշանակվել շահադիտական դրդումներով կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում, բացառությամբ սույն հոդվածի չորրորդ և հինգերորդ մասերով նախատեսված դեպքերի:

4. Հանցավոր ճանապարհով ստացված գույքի, այդ թվում` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և սույն օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված արարքների կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ձեռք բերված գույքի, ներառյալ` այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտների կամ այլ տեսակի օգուտների, այդ արարքների կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիքների, իսկ հանցավոր ճանապարհով ստացված գույքի չհայտնաբերման դեպքում` այդ գույքին համարժեք այլ գույքի բռնագրավումը պարտադիր է: Այդ գույքը ենթակա է բռնագրավման` անկախ դատապարտյալի կամ որևէ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրանց կողմից տիրապետելու հանգամանքից:

5. Ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույքի, այդ թվում` սույն օրենսգրքի 217-րդ հոդվածով նախատեսված արարքների ֆինանսավորման նպատակով օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գույքի, ներառյալ` այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտների կամ այլ տեսակի օգուտների, այդ արարքների կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիքների, իսկ ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույքի չհայտնաբերման դեպքում այդ գույքին համարժեք այլ գույքի բռնագրավումը պարտադիր է: Այդ գույքը ենթակա է բռնագրավման` անկախ դատապարտյալի կամ որևէ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրանց կողմից տիրապետելու հանգամանքից:

6. Բռնագրավման ենթակա չէ դատապարտյալի կամ նրա խնամքի տակ գտնվող անձանց համար անհրաժեշտ գույքն այն ցանկին համապատասխան, որը սահմանված է օրենքով, ինչպես նաև սույն հոդվածի չորրորդ և հինգերորդ մասերով նախատեսված` բարեխիղճ երրորդ անձի գույքը:

7. Սույն հոդվածի իմաստով բարեխիղճ երրորդ անձ է հանդիսանում այն անձը, որը գույքն այլ անձի հանձնելիս չգիտեր և չէր կարող իմանալ, որ այդ գույքն օգտագործվելու է կամ նախատեսվում է օգտագործել հանցավոր նպատակներով, ինչպես նաև այն անձը, որը ձեռք է բերել գույք, բայց չգիտեր և չէր կարող իմանալ, որ այդ գույքը ստացվել է հանցավոր ճանապարհով:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 190-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 190. Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)

 

1. Հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկումը (կոնվերտացումը) կամ փոխանցումը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում), որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը կամ օժանդակել որևէ անձի, որպեսզի նա խուսափի իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից, կամ գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, իրավունքները կամ պատկանելիությունը թաքցնելը կամ խեղաթյուրելը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում) կամ գույք ձեռք բերելը կամ տիրապետելը կամ օգտագործելը կամ տնօրինելը (եթե այդ գույքի ստացման պահին հայտնի էր, որ այն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում)`

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով` սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված գույքի բռնագրավմամբ:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) խոշոր չափերով,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով` սույն օրենսգրքի
55-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված գույքի բռնագրավմամբ:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) առանձնապես խոշոր չափերով,

2) կազմակերպված խմբի կողմից,

3) պաշտոնեական դիրքն օգտագործելով`

պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով` սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված գույքի բռնագրավմամբ:

4. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը), իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

5. Սույն հոդվածի իմաստով հանցավոր ճանապարհով ստացված գույք է հանդիսանում ցանկացած գույքը, ներառյալ` դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում` քաղաքացիական իրավունքների այլ օբյեկտներ, որոնք ուղղակի կամ անուղղակի առաջացել կամ ստացվել են սույն օրենսգրքի 104-րդ, 112-113-րդ, 117-րդ, 122-րդ, 131-134-րդ, 166-րդ, 168-րդ, 175-224-րդ, 233-235-րդ, 238-րդ, 261-262-րդ, 266-270-րդ, 281-րդ, 284-րդ, 286-289-րդ, 291-292-րդ, 295-րդ, 297-298-րդ, 308-313-րդ, 329-րդ, 352-րդ, 375-րդ, 383-րդ, 388-րդ և 389-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների կատարման արդյունքում:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 217.1 -րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 217. Ահաբեկչության ֆինանսավորումը

 

1. Ահաբեկչության ֆինանսավորումը` ահաբեկչության կատարման համար ֆինանսական միջոցների տրամադրումը կամ հավաքումը`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով` սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի հինգերորդ մասով նախատեսված գույքի բռնագրավմամբ:

2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ` ութից տասներկու տարի ժամկետով` սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի հինգերորդ մասով նախատեսված գույքի բռնագրավմամբ:

3. Սույն հոդվածի իմաստով ահաբեկչության ֆինանսավորման առարկա է հանդիսանում ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույքը, այդ թվում` սույն օրենսգրքի 217-րդ հոդվածով նախատեսված արարքների ֆինանսավորման նպատակով օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գույքը, ինչպես նաև ահաբեկչության կատարման համար նախատեսված և դատապարտյալի սեփականությունը հանդիսացող հանցագործության գործիքները, իսկ ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույքի չհայտնաբերման դեպքում` այդ գույքին համարժեք այլ գույքը:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 308-րդ հոդվածի չորրորդ մասում երկրորդ և երրորդ կետերի` «որի անդամ է Հայաստանի Հանրապետությունը» բառերը հանել:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. դեկտեմբերի 16
Երևան
ՀՕ-206-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան