Գլխավոր տեղեկություն
Համար
N 976-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2022-26.05.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.06.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 2022 թվականի N 976-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման NN 1 և 4 հավելվածներով հաստատված կարգերի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Կենտրոն, Մոսկովյան փողոց 37, թիվ 37 տարածք հասցեում գտնվող 319.9 քառ. մետր մակերեսով տարածքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 876.95 քառ. մետր մակերեսով հողամասից 320/2626 բաժնային մաս հանդիսացող հողամասն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 2603819 վկայական, տրված՝ 30.03.2009 թ.) (այսուհետ՝ գույք) օտարել դասական աճուրդով:

2. Սահմանել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2022 թվականի մարտի 22-ի դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքը՝ 113 790 000 դրամ.

2) 876.95 քառ. մետր մակերեսով հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 289 393 500 դրամ, իսկ 320/2626 բաժնեմասին համապատասխան հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 35 265 012 դրամ.

3) աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 113 790 000 դրամ.

4) աճուրդին մասնակցելու նախավճարը՝ գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 5 689 500 դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի (այսուհետ` գնորդ) համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Աճուրդի չհաղթող մասնակցին (մասնակիցներին) նախավճարը վերադարձվում է աճուրդի կայացման օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ իրենց կողմից ներկայացված հաշվեհամարին.

5) գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ 193 164 դրամ գումարը (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում՝ գնահատողի համապատասխան հաշվին ու չի ներառվում աճուրդի արդյունքում գնորդի առաջարկած գնի մեջ.

6) աճուրդի արդյունքում գնորդի առաջարկած գինը ենթակա է վճարման արձանագրությունը ստորագրվելու օրվանից 10 օրվա ընթացքում։

3. Կոմիտեի նախագահին՝

1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ կոմիտեի պաշտոնական և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.

2) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում.

3) սույն որոշման 2-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված վճարումներն իրականացնելուց հետո, մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել գույքի օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը։

4. Գնորդի կողմից սույն որոշման 2-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, և լոտը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով։

5. Սահմանել, որ գնորդը վճարումը կատարում է Հայաստանի Հանրապետության արժույթով, ընդ որում, աճուրդում առաջարկված գինը, նվազեցված վճարման ենթակա հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հատկացված հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը՝ համապատասխան գանձապետական հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

 

30.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.05.2023, N 805-Ա 26.05.2023, N 976-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան