Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-209-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.01.2007-04.07.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.04.26/24.1 Հոդ.1361
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
27.11.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.01.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի նոյեմբերի 27-ին

ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին) և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆիզիկական ու իրավաբանական անձանց հարաբերությունները բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության բնագավառում:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

բույսեր՝ բույսերն ամբողջությամբ և բույսերի առանձին մասերը, այդ թվում` սերմերը, սաղմը.

բույսերի կարանտին՝ բույսերի պաշտպանության պետական միջոցառումների համալիր, որի նպատակն է կանխել բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների համար առանձնապես վնասակար օրգանիզմների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք, ինչպես նաև բացահայտել, մեկուսացնել և վերացնել դրանցով վարակված օջախները.

բույսերի պաշտպանության միջոցներ՝ բույսերի վնասակար օրգանիզմների կանխարգելման, դրանց դեմ պայքարի և վերացման համար կիրառվող քիմիական, կենսաբանական միջոցներ.

բուսական արտադրանք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարանտինային անվտանգության ապահովման նպատակով կարանտինային օբյեկտ հանդիսացող բույսերի, բուսական արտադրանքի, սերմերի և տնկանյութի անվանացանկում ընդգրկված չմշակված բնական բուսական հումքեր (այդ թվում` հացահատիկային բույսերը) և դրանցից մշակված արտադրանք, որոնք իրենց բնական կամ վերամշակված վիճակով կարող են վտանգ ստեղծել վնասատուի ներթափանցման և (կամ) տարածման համար.

բուսասանիտարական հավաստագիր՝ հավաստագիր, որը հավաստում է բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների համապատասխանությունը ներմուծող երկրի բուսասանիտարական կանոններին և նորմերին.

բուսասանիտարական վտանգի վերլուծություն՝ կենսաբանական կամ գիտական և տնտեսական գործընթացի տվյալների գնահատում՝ վնասակար օրգանիզմների տարածվածությունը որոշելու նպատակով.

բուսասանիտարական կանոններ և նորմեր՝ բույսերի կարանտինի համապատասխան պահանջներ, որոնք բույսերի կարանտինի բնագավառում կարգավորում են ֆիզիկական և իրավաբանական անձանց գործունեությունը.

բույսերի պաշտպանություն՝ բույսերի, բուսական արտադրանքի աճեցման, փորձարկման, պահպանման և փոխադրման վայրերում (այդ թվում` վնասակար օրգանիզմների դեմ) քիմիական և կենսաբանական պայքարի միջոցների օգտագործում, ինչպես նաև շրջակա միջավայրի, բույսերի և կենդանիների պաշտպանությանն ուղղված վնասակար օրգանիզմների դեմ պայքարի, միջոցառումների համալիր.

բույսերի զննում՝ բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ակնադիտական հետազոտություն՝ վնասակար օրգանիզմների առկայությունը կամ բացակայությունը հայտնաբերելու նպատակով.

բույսերի կարանտին վնասակար օրգանիզմներ՝ տնտեսական պոտենցիալ վնաս ներկայացնող վնասակար օրգանիզմ, որը դեռևս բացակայում է խոցելի տարածքներում կամ առկա է, բայց լայն տարածում չի ստացել և հսկվում է պետականորեն.

բույսերի վնասակար օրգանիզմ՝ բույսերի, բուսական արտադրանքի համար վնասակար օրգանիզմների՝ հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի ցանկացած տեսակ.

բույսերի կարանտին գոտի՝ տարածք, որտեղ գոյություն ունեն կարանտին վնասակար օրգանիզմներ, որոնց հետագա տարածումը կանխարգելու և վերացնելու նպատակով սահմանվել է կարանտին հսկողություն և անցկացվում են բուսասանիտարական պայքարի միջոցառումներ.

բույսերի կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմ՝ ոչ կարանտին վնասակար օրգանիզմ, որի առկայությունը տնտեսական վնաս է հասցնում սերմանյութի և տնկանյութի նպատակային օգտագործմանը և որը հսկվում է ներմուծող երկրի կողմից.

բույսերի ներմուծման թույլտվություն՝ տվյալ ապրանքի ներմուծման համար ներմուծող երկրի բուսասանիտարական կանոնների պահանջները ապահովելու նպատակով արտահանող երկրին տրվող պաշտոնական փաստաթուղթ.

բույսերի վնասակար օրգանիզմների դեմ պայքար՝ կարանտին վնասակար օրգանիզմների սերնդատվության ճնշման, տեղայնացման կամ վերացման, ինչպես նաև կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների կառավարման նպատակով բուսասանիտարական կանոնների պարտադիր կիրառում.

բուսասանիտարական վերահսկողություն՝ կազմակերպական և իրավական պետական միջոցառումների համալիր, որոնց նպատակն է ապահովել ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից բույսերի կարանտինի վերաբերյալ օրենսդրության կիրառումը.

բույսերի սահմանային կարանտին հսկիչ կետ՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցման կետերում գործող բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության պետական տեսչության ստորաբաժանում, որը պետական սահմանում իրականացնում է բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման և արտահանման ժամանակ բուսասանիտարական վերահսկողություն, ինչպես նաև պաշտպանում է Հայաստանի Հանրապետության տարածքն օտարերկրյա պետություններից բույսերի համար վնասակար օրգանիզմների ներթափանցումից.

կարգավորվող առարկա (կարանտին օբյեկտ)` ցանկացած բույս, բուսական արտադրանք, պահեստային տարածք, փաթեթավորման նյութ, տրանսպորտային միջոց, բեռնարկղ, հող և ցանկացած այլ օբյեկտ կամ նյութ, որը կարող է պարունակել կամ տարածել վնասակար օրգանիզմ, և որի նկատմամբ անհրաժեշտ է կիրառել բուսասանիտարական միջոցառումներ.

բուսասանիտարական փորձաքննություն` բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների լաբորատոր հետազոտություն՝ վնասակար օրգանիզմների առկայությունը կամ բացակայությունը հայտնաբերելու նպատակով.

բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ստուգում` բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների զննում և բուսասանիտարական փորձաքննության համար նմուշառում՝ վնասակար օրգանիզմների առկայությունը կամ բացակայությունը որոշելու նպատակով.

ներմուծման (արտահանման) բուսասանիտարական հավաստագիր՝ հավաստագիր, որը բուսասանիտարական ստուգման դրական արդյունքների դեպքում տրվում է մաքսային սահմանի անցումային կետերում և հավաստում է ներմուծման (արտահանման) թույլտվությունը:

Հոդված 3. Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության օրենսդրությունը

 

1. Հայաստանի Հանրապետությունում բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության բնագավառում հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և իրավական այլ ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ դրույթներ, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի դրույթները:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ


Հոդված 4. Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

 

Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններն են՝

1) պետական քաղաքականության իրականացման ապահովումը.

2) բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության միջազգային համագործակցության պետական ծրագրերի հաստատումը.

3) բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության բուսասանիտարական կանոնների հաստատումը.

4) բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգի սահմանումը.

5) բույսերի պաշտպանության միջոցների փորձաքննության անցկացման կարգի և բույսերի պաշտպանության միջոցների ներմուծման կամ արտահանման եզրակացության ձևերի սահմանումը.

6) բույսերի կարանտինի սահմանումը և կարանտինի չեղյալ հայտարարումը.

7) բույսերի կարանտինի պետական տեսուչի համազգեստի կրման կարգի և ձևի սահմանումը.

8) սույն օրենքից բխող այլ իրավական ակտերի ընդունումը:


Հոդված 5. Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության բնագավառում լիազորված մարմնի իրավասությունները

 

Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության բնագավառում լիազորված մարմինը`

1) հաստատում է բույսերի կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ցանկը.

2) հաստատում է բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների կարանտին վնասակար օրգանիզմների դեմ պայքարի, վարակի օջախի, դրա նկատմամբ պաշտպանության ու վերահսկողության ենթակա տարածքների սահմանները.

3) հաստատում է ֆիզիկական և իրավաբանական անձանց սույն օրենքին համապատասխան լիազորված մարմնի կողմից տրվող փաստաթղթերի օրինակելի ձևերը՝ նմուշառման, վարակազերծման, վերադարձման, ոչնչացման ակտերի, կարանտին փորձաքննության վկայագրի, փորձարկման արձանագրության, ներմուծվող ապրանքի և վնասակար օրգանիզմների հանդեպ արգելքի ծանուցման և այլն.

4) հաստատում է բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բուսասանիտարական փորձաքննության արդյունքների գրանցամատյանի օրինակելի ձևը.

5) հաստատում է բուսասանիտարական հսկողության ենթակա բույսերի և բուսական արտադրանքի ցանկը.

6) հաստատում է ներմուծման համար արգելված բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ցանկը.

7) վերահսկողություն է իրականացնում բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության բուսասանիտարական կանոնների պահանջների կատարման նկատմամբ.

8) փորձաքննության միջոցով ֆիզիկական և իրավաբանական անձանց տալիս է եզրակացություն` բույսերի պաշտպանության միջոցների արտադրության, պահպանման, իրացման, ներմուծման և արտահանման համար.

9) կազմակերպում է բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության միջոցառումներ.

10) ուսումնասիրում և վերլուծում է բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտադրության, վերամշակման, պահպանման, փոխադրման և իրացման գործընթացները.

11) համագործակցում է միջազգային և այլ կազմակերպությունների հետ.

12) ապահովում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը.

13) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԸ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ


Հոդված 6. Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության խնդիրները

 

Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության խնդիրներն են՝

1) Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերումը և ոչնչացման կազմակերպումը.

2) Հայաստանի Հանրապետության տարածք բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների ներթափանցման և տարածման կանխարգելումը՝ բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների զննման, փորձաքննության համար նմուշառման և բույսերի պաշտպանության նպատակով միջոցառումների իրականացումը.

3) բուսասանիտարական կանոնների պահպանումը` բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներկրման, արտահանման, վերաարտահանման և տարանցման ժամանակ.

4) բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտադրության և վերամշակման ընթացքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրացման կետերում բուսասանիտարական կանոնների և նորմերի ապահովումը.

5) բույսերի վնասակար օրգանիզմների զանգվածային բազմացումն ու տարածումը ժամանակին կանխատեսելու, ախտորոշելու և կանխարգելու նպատակով միջոցառումների իրականացումը.

6) գյուղատնտեսական, գեղազարդային մշակաբույսերի, անտառի բուսասանիտարական վիճակի բարելավման, օրգանական բերքի ստացման, շրջակա միջավայրին, բուսական և կենդանական աշխարհին սպառնացող վնասի բացառման ապահովումը:

Հոդված 7. Բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցումը

 

1. Բույսերի պաշտպանության միջոցները պարտադիր ենթակա են պետական գրանցման:

2. Բույսերի պաշտպանության միջոցների գրանցումն իրականացնում է լիազորված մարմինը՝ բույսերի պաշտպանության միջոցների գրանցման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) եզրակացության հիման վրա: Հանձնաժողովի կազմը և լիազորությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Բույսերի պաշտպանության նոր միջոցների պետական գրանցումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է, եթե՝

1) դրանք երկու տարի անընդմեջ փորձարկվել են հանրապետության տարբեր բնակլիմայական գոտիներում.

2) առկա է դրանց մասին հանձնաժողովի դրական եզրակացությունը:

4. Օտարերկրյա պետություններում արտադրված ու փորձարկված և գործածության մեջ գտնվող բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է, եթե առկա է դրանց մասին հանձնաժողովի դրական եզրակացությունը:

5. Բույսերի պաշտպանության միջոցների գրանցման մասին եզրակացություն տալու համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը՝

1) բույսերի պաշտպանության նոր սինթեզված, փորձարկված միջոցների համար՝

ա) տեղեկանք` Հայաստանի Հանրապետության տարբեր հողակլիմայական պայմաններում դրանց երկու տարվա դաշտային և լաբորատոր փորձարկման արդյունքների մասին,

բ) առողջապահության, բնապահպանության, գյուղատնտեսության, գիտության և կրթության լիազոր մարմնի մասնագիտական դրական եզրակացությունները.

2) օտարերկրյա պետություններում արտադրված ու փորձարկված և գործածության մեջ գտնվող բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման համար՝

ա) բույսերի պաշտպանության միջոցի առևտրային անվանումը, ազդող նյութը, ձևը, արտադրող ֆիրման,

բ) գրանցող երկիրը, գրանցման տարեթիվը և համարը, ընդգրկվածությունը գործող անվանացանկում,

գ) բույսերի պաշտպանության միջոցի ծախսի նորման, մշակվող օբյեկտը, վնասակար օրգանիզմը, մշակման ժամկետը, եղանակը և առանձնահատկությունները, մշակումների քանակը, սպասման ժամկետը, կիրառման սահմանափակումները,

դ) բույսերի պաշտպանության միջոցի հիգիենիկ նորմատիվները (մարդու օրգանիզմում օրվա թույլատրելի սահմանային չափաբաժինը, հողում թույլատրելի սահմանային քանակը, ջրամբարների ջրում թույլատրելի սահմանային քանակը, աշխատանքային գոտում օդում թույլատրելի սահմանային քանակը, մթնոլորտային օդում թույլատրելի քանակը և թույլատրելի առավելագույն մակարդակը սննդամթերքում),

ե) բույսերի պաշտպանության միջոցի քիմիական փորձաքննության, մնացորդային քանակների որոշման մեթոդիկաները, բույսերի պաշտպանության տվյալ միջոցի՝ ազդող նյութի բյուրեղային տիպօրինակը (ստանդարտը):

6. Հանձնաժողովի եզրակացության և ներկայացվող փաստաթղթերի ձևերը հաստատում է լիազորված մարմինը:

7. Բույսերի պաշտպանության նոր միջոցների փորձարկումն իրականացվում է դրանք գրանցման ներկայացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջոցների հաշվին:

8. Լիազորված մարմինը հանձնաժողովի կողմից բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման դրական եզրակացությունն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, ընդունում է բույսերի պաշտպանության միջոցները Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում ընդգրկելու մասին որոշում:

9. Լիազորված մարմինը հայտատուին բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կամ գրանցումը մերժելու մասին տեղյակ է պահում հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում:

Հոդված 8. Բույսերի պաշտպանության միջոցների ներմուծման եզրակացություն տալու կարգը

 

1. Բույսերի պաշտպանության միջոցների ներմուծման նպատակով լիազորված մարմինը հայտատուի դիմումում նշված բույսերի պաշտպանության միջոցների յուրաքանչյուր տեսակի համար բույսերի պաշտպանության միջոցների փորձաքննության արդյունքներն ստանալուց հետո` 24 ժամվա ընթացքում, տալիս է եզրակացություն:

2. Բույսերի պաշտպանության միջոցների փորձաքննությունն իրականացվում է ներմուծող ֆիզիկական և իրավաբանական անձանց միջոցների հաշվին:

3. Բույսերի պաշտպանության միջոցների ներմուծման եզրակացությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվում է միայն Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում ընդգրկված բույսերի պաշտպանության միջոցների մասին:

4. Եզրակացություն ստանալու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք ներկայացնում են`

1) դիմում,

2) ֆիզիկական անձինք` անձնագրի, իսկ անհատ ձեռնարկատերերը՝ վկայականի պատճենները,

3) իրավաբանական անձինք՝ պետական գրանցման վկայականի պատճենը,

4) ներմուծվող բույսերի պաշտպանության միջոցների նկարագրությունը (անվանումը, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագիրը, քանակը, թողարկման տարեթիվը, ձեռքբերման վայրը):

5. Բույսերի պաշտպանության միջոցների ներմուծման մասին եզրակացությունը կազմվում է երեք օրինակից, որի մեկ օրինակը մնում է լիազորված մարմնի մոտ, մյուս օրինակները տրվում են հայտատուին:

6. Բույսերի պաշտպանության միջոցների ներմուծման մասին եզրակացություն ստանալու համար դիմողն իր կողմից ներկայացված սխալ տեղեկությունների համար պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

7. Բույսերի պաշտպանության միջոցների ներմուծման մասին եզրակացություն տալու մերժումը հայտատուն կարող է բողոքարկել դատական կարգով:

8. Բույսերի պաշտպանության միջոցների ներմուծման մասին եզրակացություն տալու մերժման հիմք են հանդիսանում սույն օրենքով նախատեսված փաստաթղթերի բացակայությունը կամ բույսերի պաշտպանության միջոցների փորձաքննության բացասական արդյունքները:
 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Հոդված 9. Հողերի մշակությունը, պարարտանյութերի ու բույսերի պաշտպանության միջոցների օգտագործումը, մոլախոտային բուսականության դեմ տարվող պայքարը

 

1. Գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են իրականացնել`

1) հողի հիմնական, նախացանքային, հետցանքային և միջշարքային մշակության համալիր միջոցառումներ.

2) հողի հողատարումը կանխարգելող համալիր միջոցառումներ.

3) հողի երկրորդային աղակալումը և ճահճացումը կանխարգելող համալիր միջոցառումներ.

4) հողի խորքային ջրերի թույլատրելի մակարդակի պահպանումը, ինչպես նաև մշակաբույսերի ոռոգման ընթացքում գերխոնավության կանխարգելումը.

5) հողի օգտակար հատկանիշների պահպանման համալիր միջոցառումներ.

6) հողը պարարտանյութերի, թունանյութերի և կենսապատրաստուկների վնասակար մնացորդների աղտոտումից պաշտպանելու միջոցառումներ.

7) հողի հիմնական սննդատարրերի (ազոտ, ֆոսֆոր, կալիում) պակասը լրացնող համալիր միջոցառումներ.

8) պարարտացման համալիր միջոցառումների կատարման ընթացքում բուսասանիտարական անվտանգության ապահովումը:

2. Արգելվում է`

1) Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում չընդգրկված, ինչպես նաև ընդգրկված, բայց ժամկետանց թունանյութերի և կենսաբանական միջոցների իրացումը, ներմուծումն ու օգտագործումը.

2) բուսասանիտարական նորմերին չհամապատասխանող պահեստներում ու շինություններում թունանյութերի և կենսապատրաստուկների պահպանումը.

3) պահեստներում պարարտանյութերի, թունանյութերի, կենսապատրաստուկների և սննդամթերքի համատեղ պահպանումը, փոխադրամիջոցներով դրանց միաժամանակյա փոխադրումը.

4) բուսաբուծական այն մթերքի իրացումը, որը պարունակում է թունանյութերի, պարարտանյութերի անթույլատրելի քանակություն:

Հոդված 10. Սերմնանյութի և տնկանյութի արտադրությունը, ներմուծումը, իրացումն ու որակի պահպանումը

 

1. Գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել`

1) սերմնանյութի ու տնկանյութի արտադրության համար հողի տեղանքի ընտրությունը.

2) մշակաբույսերի ցանքափոխանակությունը.

3) սերմնանյութի ու տնկանյութի սորտայնության (սորտ, հիբրիդ, վերարտադրություն) դասի և որակի վկայականի առկայությունը.

4) սորտերի շրջանացվածությունը.

5) սերմնանյութի և տնկանյութի նախացանքային մշակությունը` զտումը, տեսակավորումը, ախտահանումը.

6) սերմնադաշտերի և տնկարանների գնահատման (ապրոբացիա) հատուկ միջոցառումների իրականացումը՝ դաշտային հետազոտություններ՝ սերմնադաշտերի և տնկարանների տեսակային և սորտային մաքրության ու միատարրության, վնասատուներով, հիվանդություններով և մոլախոտերով վարակվածության որոշման միջոցառումներ.

7) սերմնանյութի ու տնկանյութի ներմուծման, փոխադրման, պահպանման, իրացման և օգտագործման համալիր միջոցառումների (փաթեթավորում, պիտակավորում, որակի և կարանտին վկայական) իրականացումը:

2. Արգելվում է անհայտ ծագում ունեցող սերմնանյութի և տնկանյութի օգտագործումը:

Հոդված 11. Բույսերի կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների դեմ տարվող պայքարը

 

1. Գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել`

1) գյուղատնտեսական հողատեսքերի, ցանքերի և տնկարկների առավել վտանգավոր՝ կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների՝ հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարի համալիր միջոցառումների իրականացումը.

2) հողում և բուսական արտադրանքում թունանյութերի թույլատրելի մնացորդային առավելագույն քանակի չգերազանցումը.

3) կարանտին օբյեկտ հանդիսացող ներմուծվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների, սերմնանյութի, տնկանյութի զննումն ու բուսասանիտարական փորձաքննությունը:

2. Արգելվում է`

1) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում չստացած, օգտագործումից հանված, ժամկետանց և արգելված, բնակչության առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր բույսերի պաշտպանության միջոցների օգտագործումը.

2) մինչև 18 տարեկան, բժշկական քննություն չանցած անձանց և հղի կանանց ներգրավումը թունանյութերի հետ կատարվող աշխատանքներում.

3) ախտահանված սերմերի` որպես սնունդ, անասնակեր օգտագործումը.

4) հանրապետության կարանտին հայտարարված տարածքներից առանց կարանտին վկայագրի բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների, սերմնանյութի և տնկանյութի ներմուծումն ու արտահանումը:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Հոդված 12. Ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները

 

1. Բույսերի պաշտպանություն կարող է իրականացնել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ:

2. Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության բնագավառում ֆիզիկական և իրավաբանական անձինք իրավունք ունեն՝

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության պետական տեսչության գործողությունները.

2) վերահսկողություն իրականացնող մարմնից ստանալու համապատասխան պարզաբանումներ իր իրավունքների մասին.

3) չենթարկվելու բույսերի կարանտինի պետական տեսուչի այն պահանջներին, որոնք չեն համապատասխանում նրա իրավասություններին:

Հոդված 13. Ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտականությունները

 

Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտադրությամբ, վերամշակմամբ, պահպանմամբ, տեղափոխմամբ կամ իրացմամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են՝

1) ապահովել օրենսդրությամբ սահմանված բուսասանիտարական կանոնների պահանջների կատարումը.

2) չխոչընդոտել բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության պետական տեսչության կողմից ուսումնասիրությունների և բուսասանիտարական այլ միջոցառումների իրականացմանը.

3) բուսասանիտարական փորձաքննության անցկացման համար օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրել փորձանմուշներ.

4) ապահովել բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների վնասակար օրգանիզմների կանխարգելմանն ու վարակի օջախների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացումը.

5) բույսեր, բուսական արտադրանք և կարգավորվող առարկաներ ներմուծել, արտահանել, վերաարտահանել կամ տարանցիկ փոխադրումն իրականացնել սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան.

6) բուսասանիտարական հսկողության ենթակա բույսեր և բուսական արտադրանք ներմուծել, արտահանել բուսասանիտարական հավաստագրերի առկայության դեպքում.

7) բույսեր, բուսական արտադրանք և կարգավորվող առարկաներ ներմուծել արտահանող երկրում դրանց գրանցումը և օգտագործումը հաստատող բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության համապատասխան ուղեկցող փաստաթղթերի առկայությամբ.

8) ներմուծել, արտահանել, արտադրել, վերամշակել, իրացնել և տեղափոխել միայն բուսասանիտարական փորձաքննության ենթարկված բույսեր, բուսական արտադրանք և կարգավորվող առարկաներ.

9) ներմուծել, արտահանել և իրացնել Հայաստանի Հանրապետությունում գրանցված, օգտագործման համար թույլատրվող և պահանջվող բնութագրին համապատասխանող բույսերի պաշտպանության միջոցներ.

10) իրականացնել սույն օրենքով նախատեսված այլ գործողություններ:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ


Հոդված 14. Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության պետական տեսչության գործառույթները

 

Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության պետական տեսչությունը իրականացնում է՝

1) բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության ծրագրեր.

2) վերահսկում է ներմուծվող, տարանցիկ փոխադրվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտահանող երկրի տված բուսասանիտարական փաստաթղթերի համապատասխանությունը.

3) իր լիազորությունների սահմաններում վերահսկում է բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի պահպանման, փոխադրման, իրացման, օգտագործման գործընթացը, ինչպես նաև ստուգում է բուսական արտադրանքում պեստիցիդների, նիտրատների և քիմիական այլ միջոցների մնացորդային թույլատրելի քանակը.

4) Հայաստանի Հանրապետության տարածքում կարանտին վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու և դրանց հետագա տարածումը պայքարի համապատասխան միջոցառումներով կանխարգելու նպատակով պարբերաբար անցկացնում է մոնիթորինգ.

5) վերլուծում է գյուղատնտեսական, գեղազարդային մշակաբույսերի և անտառի բուսասանիտարական վիճակը, անհրաժեշտության դեպքում իրազեկում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ վնասակար օրգանիզմների հայտնաբերման, կանխարգելման, տարածման, դրանց դեմ պայքարի համալիր միջոցառումների կիրառման մասին.

6) բուսասանիտարական վտանգի վերլուծության հիման վրա նախապատրաստում է Հայաստանի Հանրապետության տարածքում բացակայող կամ սահմանափակ տարածում ունեցող կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ցանկը և այն ներկայացնում լիազորված մարմին՝ հաստատման.

7) կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկում Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում չստացած, օգտագործումից հանված, ժամկետանց և արգելված, բնակչության առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր բույսերի պաշտպանության միջոցների իրացման, օգտագործման և ագրարային կանոնների խախտմամբ կատարվող պայքարի աշխատանքների իրականացման ուղղությամբ.

8) աջակցում է իրավաբանական և ֆիզիկական անձանց հողային, արտադրական, առևտրային և պահեստային տարածքներում, այլ կարգավորվող առարկաներում բույսերի պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացմանը.

9) ֆիզիկական և իրավաբանական անձանց տալիս է բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման թույլտվություն և ներմուծման, արտահանման և վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիր, որոնց ձևերը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

10) վերահսկողություն է իրականացնում հողերի մշակության, սերմնանյութերի, տնկանյութերի արտադրության, ներմուծման, իրացման, դրանց որակի ստուգման, պարարտանյութերի օգտագործման, բույսերի տարածված և կարանտին հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ տարվող պայքարի նկատմամբ:


Հոդված 15. Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության պետական տեսուչի իրավունքները

 

Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության պետական տեսուչն իրավունք ունի՝

1) վերահսկելու ֆիզիկական և իրավաբանական անձանց հողային, արտադրական, առևտրային, պահեստային տարածքներում և կարգավորվող առարկաներում բուսասանիտարական կանոններով սահմանված միջոցառումների իրականացումը.

2) բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման ժամանակ ֆիզիկական և իրավաբանական անձանցից պահանջելու տվյալ երկրի բուսասանիտարական հավաստագիր.

3) բուսասանիտարական կանոններին համապատասխան` վերահսկելու բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների վարակազերծման իրականացումը.

4) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան կատարելու ստուգումներ.

5) սույն օրենքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում կատարելու բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների տարանցիկ և վերաարտահանվող բեռների բուսասանիտարական կանոններին համապատասխանության ստուգումներ.

6) ստուգելու Հայաստանի Հանրապետության տարածքում բուսական արտադրանք, սերմնանյութ և տնկանյութ իրացնող կետերում բուսասանիտարական կանոնների պահպանումը, դրա իրականացման համար համապատասխան պայմանների առկայությունը, արգելելու բուսասանիտարական կանոններին չհամապատասխանող բուսական արտադրանքի, սերմնանյութի և տնկանյութի իրացումը: Բուսասանիտարական տեսակետից ոչ պիտանի ճանաչված բուսական արտադրանքն ուղարկելու տեխնիկական վերամշակման կամ ոչնչացման, իսկ սերմնանյութն ու տնկանյութը՝ վարակազերծման կամ ոչնչացման.

7) իրականացնելու մաքսային սահմանով տեղափոխվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բուսասանիտարական պետական վերահսկողությունը.

8) բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության բնագավառի օրենսդրության բացահայտված խախտումները և թերությունները վերացնելու նպատակով կարանտին հայտարարված գոտում տալու առաջադրանքներ և հսկողություն իրականացնելու դրանց կատարման նկատմամբ:

Հոդված 16. Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության պետական տեսուչի պարտականությունները և պատասխանատվությունը

 

1. Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության պետական տեսուչը պարտավոր է՝

1) Հայաստանի Հանրապետության բույսերի կարանտինի սահմանային հսկիչ կետում զննել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և արտահանվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների համապատասխանությունը ներկայացվող փաստաթղթերին, բուսասանիտարական փորձաքննության համար սահմանված կարգով վերցնել փորձանմուշներ.

2) բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտահանման, ներմուծման և վերաարտահանման ժամանակ իրավաբանական ու ֆիզիկական անձանց տալ բուսասանիտարական հավաստագիր և ներմուծման թույլտվություն.

3) չհրապարակել ֆիզիկական և իրավաբանական անձանց մասին օրենսդրությամբ գաղտնիք հանդիսացող տեղեկություններ.

4) հատուցել սեփական մեղքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառած վնասը.

5) վերլուծել գյուղատնտեսական, գեղազարդային մշակաբույսերի և անտառի բուսասանիտարական վիճակը, անհրաժեշտության դեպքում իրազեկել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ վնասակար օրգանիզմների հայտնաբերման, կանխարգելման, տարածման, դրանց դեմ պայքարի համալիր միջոցառումների կիրառման մասին.

6) վերահսկել Հայաստանի Հանրապետության տարածքում պետական գրանցում չստացած, օգտագործման համար ոչ պիտանի, ժամկետանց և արգելված բույսերի պաշտպանության միջոցների իրացումը և օգտագործումը.

7) ստուգել բուսական արտադրանքում պեստիցիդների, նիտրատների և քիմիական այլ միջոցների մնացորդային քանակների առկայությունը իրացման ժամանակ.

8) կարանտին վնասակար օրգանիզմների ներթափանցումը կանխարգելու նպատակով վերահսկել Հայաստանի Հանրապետության տարածք բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման գործընթացը.

9) ներմուծող երկրի բուսասանիտարական պահանջներին համապատասխանությունն ապահովելու նպատակով վերահսկել Հայաստանի Հանրապետությունից բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտահանման գործընթացը.

10) իր պարտականությունները կատարելիս կրել համազգեստ:

2. Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության տեսուչն իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, իրավասությունները վերազանցելու, պետական և առևտրային գաղտնիք համարվող տեղեկությունները հրապարակելու դեպքերում պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

Հոդված 17. Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության բնագավառում բույսեր, բուսական արտադրանք և կարգավորվող առարկաներ արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող և արտահանող ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական հաշվառումը

 

1. Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության բնագավառում բույսեր, բուսական արտադրանք և կարգավորվող առարկաներ առևտրային նպատակով արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող և արտահանող ֆիզիկական և իրավաբանական անձինք պետք է հաշվառվեն լիազորված մարմնի բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության պետական տեսչության կողմից հաշվառման գրանցամատյանում (այսուհետ` հաշվառման գրանցամատյան) գրառման միջոցով:

2. Հաշվառման գրանցամատյանի տվյալները թարմացվում են յուրաքանչյուր տարի:

3. Հաշվառման գրանցամատյանի ձևը և վարման կարգը սահմանում է լիազորված մարմինը:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ


Հոդված 18. Բույսերի կարանտինի սահմանումը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի կարանտին օրգանիզմների հայտնաբերման, վերացման և տարածման կանխարգելման նպատակով բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության պետական տեսչության իրականացրած մոնիթորինգի և դրա արդյունքում տրված եզրակացության հիման վրա լիազորված մարմինը կարանտին սահմանելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

2. Բույսերի կարանտինը սահմանվում է հանրապետության, մարզի, համայնքի, բնակավայրերի կամ կազմակերպության տարածքում կամ դրանց մի մասում:

3. Եզրակացության մեջ նշվում են հայտնաբերված վնասակար օրգանիզմները, դրանց տարածման աստիճանը, հնարավոր վնասի գնահատումը, կարանտինի սահմանները, առաջարկվող միջոցառումների ցանկը, դրանք իրականացնող մարմինները, իրավաբանական ու ֆիզիկական անձանց մասնակցությունը կարանտին միջոցառումներին:

4. Լիազորված մարմնի որոշմամբ ստեղծվում է ժամանակավոր աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկվում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

5. Լիազորված մարմինը հաստատում է կարանտին միջոցառումների ցանկը:

6. Բույսերի կարանտին սահմանման դեպքում արգելվում և սահմանափակվում է բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտածումը, ինչպես նաև դրանց հետ առնչվող փոխադրամիջոցների ելքն ու մուտքը կարանտին գոտի:

7. Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության պետական տեսչության տարածքային ստորաբաժանումը կարանտին գոտում իրականացնում է բուսասանիտարական միջոցառումներ` ուղղված կարանտին օրգանիզմների ոչնչացմանը, կարգավորվող առարկաների վարակազերծմանը` կանխելով կարանտին օրգանիզմների տարածումը Հայաստանի Հանրապետության տարածք:

8. Բույսերի կարանտին հսկողություն սահմանված գոտիներից բույսերի և բուսական արտադրանքի, սերմերի, տնկանյութի արտահանումը կատարվում է միայն բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության պետական տեսչության հսկողության ներքո:

9. Առանց բուսասանիտարական հավաստագրի առկայության արգելվում է կարանտին սահմանված գոտուց սերմերի, տնկանյութի արտածումը: Առանց հավաստագրի արտածված ապրանքները ենթակա են վարակազերծման, անհրաժեշտության դեպքում՝ ոչնչացման:

10. Արգելվում է կարանտին գոտում առանց բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության պետական տեսչության տված ակտի, չհետազոտված, կարանտին վնասակար օրգանիզմներով, ինչպես նաև վարակված բազմամյա տնկարկներին հարող տարածքներում տնկարանի հիմնումը և չհետազոտված տարածքներից պատվաստակալների և պատվաստացուների մթերումը:

11. Յուրաքանչյուր տնկարանային տնտեսություն պարտադիր պետք է ունենա կարանտին հսկողության մատյան` աճեցված և իրացված տնկանյութի կարանտին հետազոտությունների արդյունքները և կարանտին վնասակար օրգանիզմների բացակայության, պարտադիր կատարման միջոցառումների վերաբերյալ տեղեկությունները գրանցելու համար:

12. Կարանտին օբյեկտ հանդիսացող բույսերի, բուսական արտադրանքի, սերմերի և տնկանյութի արտադրությամբ, մթերմամբ, փոխադրմամբ, պահեստավորմամբ և իրացմամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք կարանտին վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումները կազմակերպում և անցկացնում են բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության պետական տեսչության անմիջական հսկողության ներքո:


Հոդված 19. Բույսերի կարանտինի գոտում կիրառվող պայքարի միջոցառումները, կարանտինի չեղյալ հայտարարումը

 

1. Բույսերի կարանտինի գոտում իրականացվում է՝

1) բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների պարտադիր ախտահանում (վարակազերծում) կամ ոչնչացում.

2) Բույսերի կարանտինի գոտում սահմանափակվում կամ արգելվում են բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտածումը, ինչպես նաև դրանց հետ առնչվող փոխադրամիջոցների ելքն ու մուտքը:

2. Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության պետական տեսուչը պարտավոր է կարանտին գոտում ֆիզիկական և իրավաբանական անձանց տալ առաջադրանքներ սույն օրենքի պահանջների կատարման վերաբերյալ և հսկողություն իրականացնել դրանց կատարման նկատմամբ:

3. Բույսերի կարանտինը չեղյալ է հայտարարվում վնասակար օրգանիզմների օջախների ոչնչացման և համապատասխան միջոցառումների իրականացման դեպքում` բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության պետական տեսչության եզրակացության հիման վրա՝ լիազորված մարմնի առաջարկությամբ:

4. Բույսերի կարանտինի սահմանման և կարանտինի չեղյալ հայտարարման մասին տեղեկությունները տրվում են ռադիոյի, հեռուստատեսության, մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՏԱՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ


Հոդված 20. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից վերաարտահանվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բուսասանիտարական վերահսկողությունը

 

1. Հայաստանի Հանրապետության սահմանային կետերից բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծումը թույլատրվում է միայն բուսասանիտարական ստուգում անցկացնելուց հետո:

2. Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների մաքսային ձևակերպումը կատարվում է միայն բուսասանիտարական ստուգումից հետո` բուսասանիտարական կանոնների պահանջները բավարարող հավաստագրի առկայության դեպքում:

3. Գյուղատնտեսական, անտառային ու գեղազարդային բույսերի և դրանց արտադրանքի Հայաստանի Հանրապետություն ներմուծումը թույլատրվում է արտահանող երկրի տված բուսասանիտարական հավաստագրի, բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության պետական տեսչության տված ներմուծման բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում` բացառությամբ մինչև 50 կգ (բացի սերմնանյութից ու տնկանյութից) ուղեկցող բեռների:

4. Ցուցահանդեսում ցուցադրության նպատակով ներմուծվող բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները բուսասանիտարական ստուգում ու բուսասանիտարական փորձաքննություն են անցնում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցումային կետերում և ցուցահանդեսի կազմակերպման վայրերում:

5. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցումային կետերում ֆիզիկական անձինք պարտավոր են իրենց ձեռքի ուղեբեռներում եղած 10 կգ և ավելի քաշով բույսերը, բուսական արտադրանքն ու կարգավորվող առարկաները ներկայացնել բուսասանիտարական ստուգման:

6. Հայաստանի Հանրապետություն ժամանող ֆիզիկական անձանց մոտ առկա բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների մեջ կարանտին օրգանիզմներ հայտնաբերելիս բույսերի կարանտինի պետական տեսուչն արգելում է դրանց ներմուծումը:

7. Բույսերի կարանտինի պետական տեսուչը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցումային կետերով ներմուծվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների յուրաքանչյուր տեսակի բեռան համար անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց և փորձանմուշներ վերցնելուց հետո կարանտին օրգանիզմների առկայությունն ստուգում է 24 ժամվա ընթացքում և անմիջապես տալիս ներմուծման բուսասանիտարական հավաստագիր:

8. Բույսերի կարանտինի պետական տեսուչը մաքսային սահմանի անցումային կետերում ներմուծվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների զննումը կատարում է մինչև մաքսային զննման նպատակով տրանսպորտային միջոցների բեռնաթափումը, իսկ բուսասանիտարական փորձաքննության համար փորձանմուշ վերցվում է բեռնաթափումից հետո` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:

9. Բույսերի կարանտին և վնասակար այլ օրգանիզմներով վարակված բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները, որոնց նկատմամբ հնարավոր չէ ձեռնարկել վարակազերծման և մաքրման արդյունավետ միջոցներ, բեռան տիրոջ ընտրությամբ ենթակա են վերադարձման կամ ոչնչացման, որի մասին բույսերի կարանտինի պետական տեսուչը Հայաստանի Հանրապետության սահմանային անցումային կետում կազմում է լիազորված մարմնի սահմանած ձևի ակտ:

10. Բույսերի կարանտինի պետական տեսուչը ներմուծվող բուսասանիտարական ստուգում անցած բեռներն ուղեկցող փաստաթղթերի վրա դնում է համապատասխան դրոշմակնիք:

11. Այն երկրներից, որտեղ տարածված են Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կարանտին վնասակար օրգանիզմներ, ներմուծվող բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները բուսասանիտարական ստուգման են ենթարկվում ինչպես Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցումային կետերում, այնպես էլ ստացման վերջնակետերում:

12. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցումային կետում բույսերի կարանտինի պետական տեսուչի կազմած փաստաթղթերի (հավաստագիր, ակտ) մեկ օրինակը կցվում է ապրանքն ուղեկցող փաստաթղթերին, իսկ մեկ օրինակը պահվում է բույսերի կարանտինի պետական տեսուչի մոտ:

13. Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների վերաարտահանման դեպքում վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիրը տրամադրվում է ներկրող երկրի բուսասանիտարական պահանջներին համապատասխան:

Հոդված 21. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բուսասանիտարական վերահսկողությունը

 

1. Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտահանումն իրականացվում է ներկրող երկրի բուսասանիտարական պահանջներին համապատասխան և թույլատրվում է արտահանման բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում, որը տրվում է յուրաքանչյուր տեսակի բեռան համար բույսերի կարանտինի պետական տեսուչի կողմից:

2. Արտահանման բուսասանիտարական հավաստագիր ստանալու համար բեռնատերը դրա մասին հայտ է ներկայացնում բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության պետական տեսչություն, որը հայտն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, քննարկում է այն և քննարկման արդյունքների մասին տեղեկացնում հայտատուին:

3. Արտահանվող բեռների բուսասանիտարական հսկողությունն իրականացվում է սկզբնական բեռնման տեղերում կամ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցումային կետերում:

4. Արտահանման բուսասանիտարական հավաստագիրը կազմվում է 3 օրինակից, որոնցից առաջին օրինակը տրվում է առաքողին, իսկ մյուսները մնում են սահմանի մաքսային մարմնում և պետական տեսչությունում:

5. Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտահանման բուսասանիտարական հավաստագիրը տրվում է, եթե դա համապատասխանում է ներկրող երկրի բուսասանիտարական պահանջներին:

6. Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտահանման բուսասանիտարական հավաստագիրը համարվում է անվավեր, եթե դրանում առկա են չվավերացված փոփոխություններ և ուղղումներ:

7. Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտահանման բուսասանիտարական հավաստագիրն ուժի մեջ է 14 օր՝ տրված օրվանից մինչև երկրի սահմաններից դուրս բերելը:

8. Բույսերի կարանտինի պետական տեսուչն արտահանվող բուսասանիտարական ստուգում անցած բեռներն ուղեկցող փաստաթղթերի վրա դնում է համապատասխան դրոշմակնիք:

Հոդված 22. Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ տեղափոխվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բուսասանիտարական վերահսկողությունը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ տեղափոխվող բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները սահմանային հսկիչ կետերում ենթակա չեն բուսասանիտարական վերահսկողության, եթե դրանք գտնվում են կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների արտածումը բացառող, կնիքով զմռսված և փակ բեռնատարաներում:

2. Եթե բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները գտնվում են այնպիսի տարաներում, որոնցից հնարավոր է վնասակար օրգանիզմների ներթափանցումը շրջակա միջավայր, ապա դրանք նույնպես ենթակա են պարտադիր բուսասանիտարական ստուգման:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՈՒՄՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ


Հոդված 23. Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների վարակազերծումն ու ոչնչացումը

 

1. Բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների մուտքը, տարածումն ու վարակի օջախները վերացնելու նպատակով բուսասանիտարական փորձաքննության արդյունքում բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության պետական տեսուչի տված եզրակացության հիման վրա վարակակիր կամ հիվանդության կասկած առաջացնող բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները վարակազերծվում կամ ոչնչացվում են՝ բուսասանիտարական կանոններին համապատասխան:

2. Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների վարակազերծման անհրաժեշտությունը, կատարման վայրը (մաքսային սահման, առաքման կամ ստացման վայրեր) և եղանակը որոշում է բույսերի կարանտինի պետական տեսուչը:

3. Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների վարակազերծման և ոչնչացման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ


Հոդված 24. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

 

Սույն օրենքի խախտման համար մեղավոր անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով: Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության բնագավառի օրենսդրության խախտման համար կիրառված պատասխանատվությունը չի ազատում օրենքով սահմանված կարգով խախտումները վերացնելու և հասցված վնասը հատուցելու պարտավորությունից:

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 25. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մարտի 20-ի ՀՕ-46 օրենքը:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. դեկտեմբերի 16
Երևան
ՀՕ-209-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.06.2014, ՀՕ-140-Ն 09.08.2014, ՀՕ-209-Ն
19.03.2012, ՀՕ-147-Ն 25.07.2012, ՀՕ-209-Ն
18.05.2009, ՀՕ-136-Ն 04.07.2009, ՀՕ-209-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան