Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.06.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
08.04.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2022

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/3323/02/20

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/3323/02/20

Նախագահող դատավոր՝  Տ Նազարյան

Դատավորներ՝

 Հ Ենոքյան

 Ն Բարսեղյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Հ. Բեդևյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի ապրիլի 08-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Յունիբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27112020 թվականի որոշման դեմ` ըստ Բանկի դիմումի, գործի ելքով շահագրգռված անձինք ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ՝ Հաշտարար) և Արմեն Ադամյանի` Հաշտարարի 03.06.2020 թվականին Երևան քաղաքում կայացրած թիվ 15-4497/20 պահանջը բավարարելու մասին որոշման չեղարկման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 Դիմելով դատարան` Բանկը պահանջել է անվավեր ճանաչել Հաշտարարի 03.06.2020 թվականին Երևան քաղաքում կայացրած թիվ 15-4497/20 պահանջը բավարարելու մասին որոշումը։

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Վ. Հովնանյան) (այսուհետ` Դատարան) 02092020 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին դիմումն ամբողջությամբ մերժելու մասին» որոշմամբ դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 27112020 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 02092020 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին դիմումը ամբողջությամբ մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ՝ Նուրիջան Կիրակոսյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հաշտարարը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է և չի կիրառել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 364-րդ հոդվածի 3-րդ մասը, 379-րդ հոդվածի 2-րդ մասը, 379-րդ հոդվածի 2-րդ մասը, 380-րդ հոդվածի 5-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը՝ կապված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի հետ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն իր հիմնավորումներում եզրահանգել է, որ օրենսդիրը կանոնակարգել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթը և նախանշել հստակ սահմաններ, ուստի քննարկվող դիմումներով վարույթը ենթակա է իրականացման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կանոնների համաձայն, որպիսի պայմաններում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումն ըստ էության վիճարկման ենթակա չէ:

 Անհիմն է Վերաքննիչ դատարանի՝ գործի քննությունը կասեցնելու մասին միջնորդությունն ըստ էության չքննելը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27112020 թվականի որոշումը և փոփոխել այն։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումն ըստ էության վերանայելու դեպքում պարզ չէ, թե որոնք են այն չեղյալ ճանաչելու հիմքերը, կամ ինչ ծավալով դատարանը պետք է վերանայի ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը։

Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման ըստ էության վիճարկման վերաբերող կարգավորումների բացակայության պայմաններում այն ըստ էության վերանայելը կարող է խախտել հաճախորդի իրավունքները, մասնավորապես՝ ներկայացված հայցից արդյունավետ պաշտպանվելու իրավունքը։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Արմեն Ադամյանի և Բանկի միջև կնքվել է թիվ U-card 001UC-2973 վարկային պայմանագիրը, որով Արմեն Ադամյանին տրամադրվել է 193,600 ՀՀ դրամի վարկ։ Պայմանագրի 234 կետի համաձայն՝ վարկային քաղվածքների և «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պարտադիր ներկայացման ենթակա տեղեկատվության ստացման եղանակ «Բանկի տարածքում՝ առձեռն», «Էլեկտրոնային եղանակով», «Փոստային կապի միջոցով» տարբերակներից Արմեն Ադամյանն ընտրել է «Բանկի տարածքում՝ առձեռն» եղանակը թ 23)։

2) Արմեն Ադամյանը 01.10.2019 թվականին բողոք-պահանջ է ներկայացրել Բանկին՝ պահանջելով վճարել 300000 ՀՀ դրամ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքի խախտման համար, որը մերժվել է Բանկի 16102019 թվականի 5/2047 գրությամբ թ 23)։

3) Արմեն Ադամյանը 07.02.2020 թվականին Հաշտարարին հասցեագրված դիմումով խնդրել է կայացնել որոշում «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավունքի խախտման համար Բանկից հօգուտ իրեն 300.000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ թ 23)։

4) Հաշտարարի կողմից Բանկին հասցեագրված 10.02.2020 թվականի գրությամբ պահանջվել է ներկայացնել համապատասխան փաստաթղթեր և տեղեկություններ, ինչպես նաև պարզաբանումներ, բացատրություններ և /կամ/ առարկություններ Արմեն Ադամյանի պահանջ-դիմումի վերաբերյալ թ 24)։

5) Հաշտարարին հասցեագրած 22.04.2020 թվականին գրավոր դիրքորոշմամբ Բանկը հայտնել է, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով քաղվածքի տրամադրումը սպառողին սահմանող նորմը կրեդիտավորողի համար հանդիսանում է ընթացակարգային պարտականություն, սակայն դրա չկատարումը չի կարող համարվել սպառողի իրավունքների խախտում թ 24)։

6) Հաշտարարի 03.06.2020 թվականի թիվ 15-4497/20 որոշմամբ Արմեն Ադամյանի՝ Բանկի դեմ ուղղված 07022020 թվականի թիվ 07-311/20 պահանջը բավարարվել է՝ 300.000 ՀՀ դրամ գումարի չափով թ 35)։

7) Դատարան ներկայացված դիմումով Բանկը խնդրել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 03062020 թվականին Երևան քաղաքում կայացված թիվ 15-4497/20 որոշումըթ 6)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կիրառած ‹‹Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին›› ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգավման խնդիր, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հաստատվում է ստորև ներկայացվող հիմնավորումներով։

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը արդյո՞ք ֆինանսական կազմակերպության և Ֆինանսական համակարգի հաշտարարի միջև վերջինիս որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնության բացակայության պայմաններում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները կարող են դատական կարգով վիճարկվել ու վերանայվել նաև ըստ էության՝ վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները։

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

 ՀՀ Սահմանադրության 74-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները տարածվում են նաև իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքները և ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները (…), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է՝ քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):

Անդրադառնալով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` ՀՀ սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. հայցը կամ դիմումը դատարան իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ:

Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը և պայմանները սահմանում է օրենսդիրը: Օրենսդիրն այս գործընթացում օժտված է գնահատման որոշակի ազատությամբ, սակայն սա չի նշանակում, որ օրենսդիրն իրավասու է սահմանել դատարան դիմելու իրավունքի իրացմանը վերաբերող ցանկացած իրավակարգավորում: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը և պայմանները նախատեսող իրավակարգավորումները պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով` արդարադատության պատշաճ իրականացումը և անձանց իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են վիճարկել դատական կարգով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը դիմումի քննության ժամանակ պարզում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը։

Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են վիճարկել իրավասու դատարան ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:

Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Կազմակերպությունը կարող է Գրասենյակի հետ կնքված գրավոր համաձայնագրով հրաժարվել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից:

Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավասու դատարանը չեղյալ է ճանաչում Ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը, եթե՝

1) պահանջը ենթակա չէ քննության Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից,

2) Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացրել նույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ,

3) բացահայտվել են Ֆինանսական համակարգի հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ։

ՀՀ սահմանադրական դատարանը 09.10.2012 թվականի թիվ ՍԴՈ-1051 որոշման մեջ մանրամասն վերլուծության է ենթարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների բողոքարկման ինստիտուտը՝ արձանագրելով հետևյալը «Սահմանադրական դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ Կազմակերպությունը Հաշտարարի գրասենյակի հետ կնքված գրավոր համաձայնագրով, այսինքն՝ իր ազատ կամահայտնությամբ, հրաժարվում է Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից, օրենքով սահմանված հիմքերով Հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը վիճարկելու սահմանափակ հնարավորություն նախատեսելն իրավաչափ է և սահմանադրականության խնդիր չի հարուցում։ Իսկ այն դեպքում, երբ առկա չէ հիշյալ գրավոր համաձայնագիրը, Հաշտարարի որոշումներն իրավասու դատարան վիճարկելու հիմքերի սահմանափակումը՝ այնքանով, որքանով չի նախատեսում այդ որոշումները դատական կարգով ըստ էության վիճարկելու հնարավորություն, իրավաչափ չէ և հանգեցնում է ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով սահմանված իրավունքների իրացման արգելափակմանը։ Իսկ մարդու և քաղաքացու հիշյալ իրավունքներն ու ազատությունները, ինչպես և սահմանված է ՀՀ Սահմանադրության 42.1-րդ հոդվածով, տարածվում են իրավաբանական անձանց վրա՝ այնքանով, որքանով այդ իրավունքներն ու ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ․․․»:

Մեկ այլ՝ 11122020 թվականին կայացրած թիվ ՍԴՈ-1571 որոշման շրջանակներում 09022018 թվականին ընդունված և 09042018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորման համատեքստում դարձյալ անդրադառնալով նույն խնդրին՝ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է հետևյալը «․․․օրենսդրի կողմից կատարված փոփոխության արդյունքում ներկայիս գործող կարգավորումը, դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը համահունչ չեն Սահմանադրական դատարանի 09.10.2012թ. ՍԴՈ-1051 որոշման մեջ Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշմանը, քանի որ Սահմանադրական դատարանը հստակորեն արձանագրել էր, որ Հաշտարարի որոշումներն իրավասու դատարան վիճարկելու հիմքերի սահմանափակումն այնքանով, որքանով չի նախատեսում այդ որոշումները դատական կարգով ըստ էության վիճարկելու հնարավորություն, իրավաչափ չէ և հանգեցնում է Սահմանադրության 61-րդ հոդվածով սահմանված իրավունքի իրացման արգելափակմանը, որի արդյունքում և Օրենսդիրը պետք է կարգավորումը ձևակերպեր այնպես, որ Կազմակերպությանն ընձեռեր Հաշտարարի որոշումն ըստ էության վիճարկելու հնարավորություն, քանի որ ՍԴՈ-1051 որոշման ամբողջ էությունը հանդիսացել է տվյալ պահին գործող կարգավորմամբ առկա ոչ իրավաչափ սահմանափակման վերացումը»: Արդյունքում ՀՀ սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ նշված դրույթը չի սահմանափակում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած Կազմակերպության՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը:

Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի վկայակոչված դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու վերաբերյալ սահմանված կարգավորումները որևէ կերպ չեն սահմանափակում դատական պաշտպանության մատչելիության իրավունքը։ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումներն ըստ էության կարող են վերանայվել, եթե ֆինանսական կազմակերպության և ֆինանսական համակարգի հաշտարարի միջև առկա չէ գրավոր համաձայնագիր, որով կազմակերպությունը հրաժարվել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից: Այսինքն՝ համակարգային վերլուծության ենթարկելով Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի և 17-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումները, ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ֆինանսական կազմակերպությունը, կնքելով գրավոր համաձայնություն ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ, իր իսկ կամահայտնությամբ հրաժարվում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները հետագայում ըստ էության վիճարկելու իր իրավունքից, և կարող է վիճարկել միայն ընթացակարգային կանոնների խախտման հիմքով։ Մինչդեռ բոլոր այն դեպքերում, երբ նման համաձայնագիր առկա չէ, ապա Ֆինանսական համակարգի որոշումները դատական կարգով կարող են վիճարկվել ու վերանայվել նաև ըստ էության (տե՛ս, ըստ դիմումի «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի, գործի ելքով շահագրգռված անձինք ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի և Արմինե Քառյանի թիվ ԼԴ2/0173/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.02.2022 թվականի որոշումը):

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Արմեն Ադամյանը 07.02.2020 թվականին Հաշտարարին հասցեագրված դիմումով խնդրել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավունքի խախտման համար Բանկից հօգուտ իրեն 300.000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ որոշում կայացնել։ Հաշտարարի 03.06.2020 թվականի թիվ 15-4497/20 որոշմամբ Արմեն Ադամյանի Բանկի դեմ ուղղված պահանջը բավարարվել է 300.000 ՀՀ դրամ գումարի չափով։ Դատարան ներկայացրած դիմումով Բանկը խնդրել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 03.06.2020 թվականին Երևան քաղաքում կայացված թիվ 15-4497/20 որոշումը։

Դատարանը մերժել է Բանկի դիմումը՝ արձանագրելով, որ «բացակայում են ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմքերը, հետևաբար «Յունիբանկ» ԲԲ ընկերության դիմումը՝ ֆինանսական համակարգի հաշտարարի կայացրած թիվ 15-4497/20 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, ամբողջությամբ ենթակա է մերժման»։

Վերաքննիչ դատարանը մերժել է Բանկի բողոքը՝ պատճառաբանելով, որ «ՀՀ սահմանադրական դատարանի 09.10.2012 թվականի թիվ ՍԴՈ-1051 որոշումը և ՀՀ Վճռաբեկ դատարանի 09.10.2012 թիվ ԵԿԴ/5370/02/14 թվականի որոշումը կայացնելուց հետո օրենսդիրը կանոնակարգել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթը և նախանշել հստակ սահմաններ, ուստի քննարկվող դիմումներով վարույթը ենթակա է իրականացման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կանոնների համաձայն, որպիսի պայմաններում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ըստ էության վիճարկման ենթակա չէ: Ընդ որում, կարևոր է, որ օրենսդիրը նշված իրավակարգավորումները սահմանել է Սահմանադրական դատարանի վկայակոչված որոշումից հետո, ինչը ենթադրում է դրանում արտահայտված իրավական դիրքորոշումները հաշվի առած լինելը:

Ամփոփելով շարադրվածը՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը դիմողի կողմից, ի թիվս այլնի, վիճարկվել է կիրառված նյութաիրավական օրենքի կապակցությամբ՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հետ չհամաձայնվելու պատճառաբանությամբ, մինչդեռ Օրենքի 17-րդ հոդվածով սահմանված ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման չեղյալ ճանաչման հիմքերը, այդ թվում՝ չեղյալ ճանաչման հիմք հանդիսացող ընթացակարգային կանոնները կարող են գնահատման առարկա դառնալ բացառապես Օրենքի համատեքստում, նույն օրենքով սահմանված իրավակարգավորումները պահպանված լինել-չլինելու վերաբերյալ դիմողի ներկայացրած իրավական և փաստական հիմնավորումների շրջանակներում եզրակացության հանգելու արդյունքում: Իսկ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից կիրառված նյութաիրավական նորմերը Դատարանի կողմից գնահատման ենթակա չեն, հետևաբար Դատարանի կողմից կայացված որոշումը Վերաքննիչ դատարանը գնահատում է իրավաչափ և հիմնավորված»։

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Բանկի կողմից Հաշտարարի որոշումը վիճարկվել է ըստ էության, սակայն և՛ Դատարանը, և՛ Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափորեն եզրահանգել են, որ Հաշտարարի որոշումը կարող է վիճարկվել միայն ընթացակարգային կանոնների խախտումների հիմքով՝ այդպես էլ ըստ էության չվերանայելով վիճարկվող որոշումը։

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների համատեքստում Հաշտարարի որոշումը Բանկը կարող է վիճարկել նաև ըստ էության, քանի որ սույն գործում բացակայում է Բանկի և Հաշտարարի միջև գրավոր համաձայնագիրը՝ Հաշտարարի որոշումը վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ։ Հետևաբար ստորադաս դատարանները պետք է հաշվի առնեին նշված հանգամանքը և քննարկման առարկա դարձնեին Բանկի կողմից հաշտարարի որոշումներն ըստ էության վիճարկելու հիմքերը։

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

Վճռաբեկ դատարանը գործը նոր քննության ուղարկելու պայմաններում չի անդրադառնում բողոքում ներկայացված մյուս հիմքին։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն՝ սույն որոշմամբ ներկայացված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ գործի փաստական հանգամանքները պարզելու նպատակով:

 

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27112020 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Հ. Բեդևյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

   

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԼԴ/3323/02/20 քաղաքացիական գործով 2022 թվականի ապրիլի 08-ի կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

08042022 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի ապրիլի 08-ին գրավոր ընթացակարգով քննելով «Յունիբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27112020 թվականի որոշման դեմ` ըստ Բանկի դիմումի, գործի ելքով շահագրգռված անձինք ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ՝ Հաշտարար) և Արմեն Ադամյանի` Հաշտարարի 03.06.2020 թվականին Երևան քաղաքում կայացրած թիվ 15-4497/20 պահանջը բավարարելու մասին որոշման չեղարկման պահանջի մասին, նույն պալատի ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27112020 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Վճռաբեկ դատարանի դատավորներ Էդ. Սեդրակյանս, Ս Անտոնյանս, Տ Պետրոսյանս, Ա Բարսեղյանս և Ն Տավարացյանս համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է անվավեր ճանաչել Հաշտարարի 03.06.2020 թվականին Երևան քաղաքում կայացրած թիվ 15-4497/20 պահանջը բավարարելու մասին որոշումը։

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Վ. Հովնանյան) (այսուհետ` Դատարան) 02092020 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին դիմումն ամբողջությամբ մերժելու մասին» որոշմամբ դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 27112020 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 02092020 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին դիմումը ամբողջությամբ մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ՝ Նուրիջան Կիրակոսյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հաշտարարը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է և չի կիրառել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 364-րդ հոդվածի 3-րդ մասը, 379-րդ հոդվածի 2-րդ մասը, 379-րդ հոդվածի 2-րդ մասը, 380-րդ հոդվածի 5-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը՝ կապված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի հետ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն իր հիմնավորումներում եզրահանգել է, որ օրենսդիրը կանոնակարգել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթը և նախանշել հստակ սահմաններ, ուստի քննարկվող դիմումներով վարույթը ենթակա է իրականացման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կանոնների համաձայն, որպիսի պայմաններում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումն ըստ էության վիճարկման ենթակա չէ:

 Անհիմն է Վերաքննիչ դատարանի՝ գործի քննությունը կասեցնելու մասին միջնորդությունն ըստ էության չքննելը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27112020 թվականի որոշումը և փոփոխել այն։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումն ըստ էության վերանայելու դեպքում պարզ չէ, թե որոնք են այն չեղյալ ճանաչելու հիմքերը, կամ ինչ ծավալով դատարանը պետք է վերանայի ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը։

Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման ըստ էության վիճարկման վերաբերող կարգավորումների բացակայության պայմաններում այն ըստ էության վերանայելը կարող է խախտել հաճախորդի իրավունքները, մասնավորապես՝ ներկայացված հայցից արդյունավետ պաշտպանվելու իրավունքը։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Արմեն Ադամյանի և Բանկի միջև կնքվել է թիվ U-card 001UC-2973 վարկային պայմանագիրը, որով Արմեն Ադամյանին տրամադրվել է 193,600 ՀՀ դրամի վարկ։ Պայմանագրի 234 կետի համաձայն՝ վարկային քաղվածքների և «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պարտադիր ներկայացման ենթակա տեղեկատվության ստացման եղանակ «Բանկի տարածքում՝ առձեռն», «Էլեկտրոնային եղանակով», «Փոստային կապի միջոցով» տարբերակներից Արմեն Ադամյանն ընտրել է «Բանկի տարածքում՝ առձեռն» եղանակը թ 23)։

2) Արմեն Ադամյանը 01.10.2019 թվականին բողոք-պահանջ է ներկայացրել Բանկին՝ պահանջելով վճարել 300000 ՀՀ դրամ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքի խախտման համար, որը մերժվել է Բանկի 16102019 թվականի 5/2047 գրությամբ թ 23)։

3) Արմեն Ադամյանը 07.02.2020 թվականին Հաշտարարին հասցեագրված դիմումով խնդրել է կայացնել որոշում «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավունքի խախտման համար Բանկից հօգուտ իրեն 300.000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ թ 23)։

4) Հաշտարարի կողմից Բանկին հասցեագրված 10.02.2020 թվականի գրությամբ պահանջվել է ներկայացնել համապատասխան փաստաթղթեր և տեղեկություններ, ինչպես նաև պարզաբանումներ, բացատրություններ և /կամ/ առարկություններ Արմեն Ադամյանի պահանջ-դիմումի վերաբերյալ թ 24)։

5) Հաշտարարին հասցեագրած 22.04.2020 թվականին գրավոր դիրքորոշմամբ Բանկը հայտնել է, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով քաղվածքի տրամադրումը սպառողին սահմանող նորմը կրեդիտավորողի համար հանդիսանում է ընթացակարգային պարտականություն, սակայն դրա չկատարումը չի կարող համարվել սպառողի իրավունքների խախտում թ 24)։

6) Հաշտարարի 03.06.2020 թվականի թիվ 15-4497/20 որոշմամբ Արմեն Ադամյանի՝ Բանկի դեմ ուղղված 07022020 թվականի թիվ 07-311/20 պահանջը բավարարվել է՝ 300.000 ՀՀ դրամ գումարի չափով թ 35)։

7) Դատարան ներկայացված դիմումով Բանկը խնդրել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 03062020 թվականին Երևան քաղաքում կայացված թիվ 15-4497/20 որոշումըթ 6)։

 

4. Հատուկ կարծիքի հիմնավորումները`

Սույն գործի փաստերի համաձայն՝ Արմեն Ադամյանը 07.02.2020 թվականին Հաշտարարին հասցեագրված դիմումով խնդրել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավունքի խախտման համար Բանկից հօգուտ իրեն 300.000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ որոշում կայացնել։ Հաշտարարի 03.06.2020 թվականի թիվ 15-4497/20 որոշմամբ Արմեն Ադամյանի Բանկի դեմ ուղղված պահանջը բավարարվել է 300.000 ՀՀ դրամ գումարի չափով։ Դատարան ներկայացրած դիմումով Բանկը խնդրել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 03.06.2020 թվականին Երևան քաղաքում կայացված թիվ 15-4497/20 որոշումը։

Դատարանը մերժել է Բանկի դիմումը՝ արձանագրելով, որ «բացակայում են ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմքերը, հետևաբար «Յունիբանկ» ԲԲ ընկերության դիմումը՝ ֆինանսական համակարգի հաշտարարի կայացրած թիվ 15-4497/20 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, ամբողջությամբ ենթակա է մերժման»։

Վերաքննիչ դատարանը մերժել է Բանկի բողոքը՝ պատճառաբանելով, որ «ՀՀ սահմանադրական դատարանի 09.10.2012 թվականի թիվ ՍԴՈ-1051 որոշումը և ՀՀ Վճռաբեկ դատարանի 09.10.2012 թիվ ԵԿԴ/5370/02/14 թվականի որոշումը կայացնելուց հետո օրենսդիրը կանոնակարգել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթը և նախանշել հստակ սահմաններ, ուստի քննարկվող դիմումներով վարույթը ենթակա է իրականացման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կանոնների համաձայն, որպիսի պայմաններում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ըստ էության վիճարկման ենթակա չէ: Ընդ որում, կարևոր է, որ օրենսդիրը նշված իրավակարգավորումները սահմանել է Սահմանադրական դատարանի վկայակոչված որոշումից հետո, ինչը ենթադրում է դրանում արտահայտված իրավական դիրքորոշումները հաշվի առած լինելը:

Ամփոփելով շարադրվածը՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը դիմողի կողմից, ի թիվս այլնի, վիճարկվել է կիրառված նյութաիրավական օրենքի կապակցությամբ՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հետ չհամաձայնվելու պատճառաբանությամբ, մինչդեռ Օրենքի 17-րդ հոդվածով սահմանված ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման չեղյալ ճանաչման հիմքերը, այդ թվում՝ չեղյալ ճանաչման հիմք հանդիսացող ընթացակարգային կանոնները կարող են գնահատման առարկա դառնալ բացառապես Օրենքի համատեքստում, նույն օրենքով սահմանված իրավակարգավորումները պահպանված լինել-չլինելու վերաբերյալ դիմողի ներկայացրած իրավական և փաստական հիմնավորումների շրջանակներում եզրակացության հանգելու արդյունքում: Իսկ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից կիրառված նյութաիրավական նորմերը Դատարանի կողմից գնահատման ենթակա չեն, հետևաբար Դատարանի կողմից կայացված որոշումը Վերաքննիչ դատարանը գնահատում է իրավաչափ և հիմնավորված»։

Վճռաբեկ դատարանն արձանագրել է որ սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների համատեքստում Հաշտարարի որոշումը Բանկը կարող է վիճարկել նաև ըստ էության, քանի որ սույն գործում բացակայում է Բանկի և Հաշտարարի միջև գրավոր համաձայնագիրը՝ Հաշտարարի որոշումը վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ։ Հետևաբար ստորադաս դատարանները պետք է հաշվի առնեին նշված հանգամանքը և քննարկման առարկա դարձնեին Բանկի կողմից հաշտարարի որոշումներն ըստ էության վիճարկելու հիմքերը»։

 

Վճռաբեկ դատարանի դատավորներ Էդ. Սեդրակյանս, Ս Անտոնյանս, Տ Պետրոսյանս, Ա Բարսեղյանս և Ն Տավարացյանս համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը դրա վերաբերյալ:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Հայաստանի Հանրապետությունում Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը ներդրվել է 2008 թվականի հունիսի 17-ին ընդունված և 2008 թվականի օգոստոսի 2-ին ուժի մեջ մտած «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքով՝ հիմք ընդունելով «Դատարանների աշխատանքի չափազանց ծանրաբեռնվածությունը կանխելու և նվազեցնելու միջոցառումների վերաբերյալ» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1986 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ R (86)12 հանձնարարականը (Recommendation No R (86) 12 Of The Committee of Ministers to Member States Worklood in the courts) և «Սպառողների վեճերի արտադատական լուծման համար պատասխանատու մարմինների վրա տարածվող սկզբունքների մասին» Եվրոպական հանձնաժողովի 1998 թվականի մարտի 30-ի թիվ 98/257/EC հանձնարարականում (Commission Recommendation of 30 March 1998 on The Principles Applicable Responsible for Out-Of-) ամրագրված սկզբունքները։ Վերջինս, ի թիվս այլնի, նախատեսում է արդյունավետության սկզբունքը, որը մասնավորապես ենթադրում է, որ պահանջի ներկայացման և որոշման կայացման միջև կարճ ժամանակ պետք է լինի։ Ընդ որում, օրենքի ընդունման հիմնավորումներում նշվել է, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի նպատակը ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանությունն է, նրանց բողոքների արագ, արդյունավետ և անվճար քննությունը, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը և ֆինանսական միջնորդության ավելացումը։

 ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1051 որոշման համաձայն՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի պարտադիր դարձած որոշումը՝

1) կարող էր վիճարկվել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված սահմանափակ հիմքերով՝ անկախ նրանից Կազմակերպությունը հրաժարվել է պարտադիր դարձած որոշումը վիճարկելու հնարավորությունից, թե ոչ,

2) իսկ ըստ էության կարող էր վիճարկվել միայն այն Կազմակերպության կողմից, ով չէր հրաժարվել Ֆինանսական համակարգի հաշտարարի պարտադիր դարձած որոշումը վիճարկելու իրավունքից։

ՀՀ Սահմանադրական դատարանի 09102012 թվականի թիվ ՍԴՈ-1051 որոշման կայացումից հետո՝ 2016 թվականի դեկտեմբերի 2-ին, թիվ ԵԿԴ/5370/02/14 քաղաքացիական գործով կայացրած որոշմամբ Վճռաբեկ դատարանը կիրառել է Սահմանադրական դատարանի նշված որոշումը և այդ նույն որոշման հիման վրա եզրահանգել, որ Հաշտարարի որոշումը հաճախորդի կողմից ընդունելու պարագայում դառնում է պարտադիր, և Կազմակերպությունն այդ որոշումը կարող է ըստ էության վիճարկել դատական կարգով, եթե նա Հաշտարարի գրասենյակի հետ կնքած գրավոր համաձայնագրով չի հրաժարվել Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից, իսկ այն դեպքում, երբ առկա է նման գրավոր համաձայնություն, ապա Կազմակերպությունը Հաշտարարի որոշումը կարող է վիճարկել ոչ թե ըստ էության, այլ միայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված սահմանափակ հիմքերով։

09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականից ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են վիճարկել դատական կարգով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:

 Նույն օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատարանը դիմումի քննության ժամանակ պարզում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը:

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վիճարկել իրավասու դատարան ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ իրավասու դատարանը չեղյալ է ճանաչում Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը, եթե՝

1) պահանջը ենթակա չէ քննության Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից.

2) Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացրել սույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ.

3) բացահայտվել են Ֆինանսական համակարգի հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ:

Այսինքն՝ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսվել են այն սահմանները, որի շրջանակում դատարանը պետք է քննի Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը։ Մասնավորապես, դատարանը պարզում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու՝ օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը և չեղյալ է ճանաչում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը, եթե պարզում է, որ պահանջը ենթակա չէ քննության Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից կամ Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացրել օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ կամ բացահայտվել են Ֆինանսական համակարգի հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ:

Այլ կերպ ասած` դատարանն իրավասու չէ վերոնշյալ սահմաններից դուրս անդրադառնալ Հաշտարարի որոշման հիմնավորվածությանը և քննության առարկա դարձնել որոշման նյութաիրավական հիմնավորվածությունը և դիմումը քննելիս պարզում է միայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված այն հիմքերի առկայությունը կամ բացակայությունը, որը դիմումատուն վիճարկում է դատարան ներկայացված դիմումով։

Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումներն ըստ էության վիճարկելու անթույլատրելիությունը բխում է վեճերի այլընտրանքային, արտադատական լուծման մեխանիզմների էությունից։ Նույն մոտեցումն օրենսդիրը որդեգրել է ոչ միայն Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների, այլ նաև օրինակ, արբիտրաժի վճիռների վիճարկման հարցում։ Վեճերի լուծման այլընտրանքային ձևերի էությունը հենց դատարանները շրջանցելն է՝ բացառությամբ խիստ սահմանափակ դեպքերի, երբ կասկած է առաջացնում ոչ թե վեճի լուծումը նյութաիրավական իմաստով, այլ վեճը լուծելու գործընթացի օրինականությունը։

Այսպիսով, ելնելով այն հանգամանքից, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի նպատակը ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների և շահերի պաշտպանությունն է, նրանց պահանջների արագ, արդյունավետ և անվճար քննությունը, գտնում ենք, որ 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականից ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանվել են այնպիսի կանոնակարգումներ, որոնք ուղղված են նշված նպատակի իրագործմանը։ Հաշվի առնելով վերոհիշյալ նպատակները և դրանց կենսագործման անհրաժեշտությունը՝ հենց Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1051 որոշմամբ նշել է, որ կարևորում է Հաշտարարի ինստիտուտի դերը և նշանակությունը անձանց իրավունքների պաշտպանության, խախտված իրավունքների վերականգնման և վեճերի լուծման գործում՝ որպես 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներով սահմանված իրավունքների իրացումն ապահովող այլընտրանքային, իրավական հնարավորություն։

ՀՀ Սահմանադրական դատարանի 08122020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել այն դեպքում, երբ Կազմակերպությունը Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից կամովին հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր է կնքել վերջինիս գրասենյակի հետ, իսկ այն դեպքում, երբ առկա չէ գրավոր համաձայնագիր, Հաշտարարի որոշումներն իրավասու դատարան վիճարկելու հիմքերի՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները չեն գործում, և Կազմակերպությունն ունի Հաշտարարի որոշումները դատական կարգով ըստ էության վիճարկելու հնարավորություն։

ՀՀ Սահմանադրական դատարանի 08122020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշմամբ մասնավորապես արձանագրվել է, որ «(․․․) օրենսդրի կողմից կատարված փոփոխության արդյունքում ներկայիս գործող կարգավորումը, դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը համահունչ չեն Սահմանադրական դատարանի 09.10.2012թ. ՍԴՈ-1051 որոշման մեջ Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշմանը, քանի որ Սահմանադրական դատարանը հստակորեն արձանագրել էր, որ Հաշտարարի որոշումներն իրավասու դատարան վիճարկելու հիմքերի սահմանափակումն այնքանով, որքանով չի նախատեսում այդ որոշումները դատական կարգով ըստ էության վիճարկելու հնարավորություն, իրավաչափ չէ և հանգեցնում է Սահմանադրության 61-րդ հոդվածով սահմանված իրավունքի իրացման արգելափակմանը, որի արդյունքում և Օրենսդիրը պետք է կարգավորումը ձևակերպեր այնպես, որ Կազմակերպությանն ընձեռեր Հաշտարարի որոշումն ըստ էության վիճարկելու հնարավորություն, քանի որ ՍԴՈ-1051 որոշման ամբողջ էությունը հանդիսացել է տվյալ պահին գործող կարգավորմամբ առկա ոչ իրավաչափ սահմանափակման վերացումը:

Դատարան դիմելու իրավունքը դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի անքակտելի տարրն է։ Միաժամանակ վեճերի այլընտրանքային լուծման մարմինների ստեղծումն ուղղված է վեճերի արագ և արդյունավետ լուծմանը և հենց արդարադատության արդյունավետության և մատչելիության ապահովման տեսանկյունից կարևորվում է վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացումը։ Նման պայմաններում անհրաժեշտ է օրենսդրությամբ հավասարակշռել վեճերի լուծման այլընտրանքային եղանակների արդյունավետ գործունեությունը դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների հետ։ Գործող օրենսդրական կարգավորումն ապահովում է Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով վեճերի այլընտրանքային, արտադատական լուծման արդյունավետության և դատական պաշտպանության իրավունքի միջև արդարացի հավասարակշռությունը՝ ապահովելով ինչպես հաճախորդի կողմից իր իրավունքների արդյունավետ պաշտպանությունը, այնպես էլ կազմակերպության կողմից իր սահմանադրական իրավունքների արդյունավետ իրացումը։

Նշվածից հետևում է, որ այն պայմաններում, երբ կազմակերպությունը սեփական կամքով հրաժարվում է վեճը դատարանում քննարկման առարկա դարձնելու իր իրավունքից, նման պայմաններում չի խաթարվում կազմակերպությունների դատական պաշտպանության իրավունքի բուն էությունը, քանի որ նրանք ոչ թե ընդհանրապես զրկված են դատարան դիմելու իրավունքից, այլ միայն Հաշտարարի որոշումը պարտադիր դառնալուց հետո զրկվում են նույն վեճը նյութաիրավական առումով դատական քննության առարկա դարձնելու հնարավորությունից։

Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից չհրաժարված կազմակերպություններն ընդհանրապես զրկված չեն իրենց և Հաշտարարին պահանջ ներկայացրած հաճախորդի միջև առկա վեճը դատարանում ըստ էության քննարկման առարկա դարձնելու հնարավորությունից, ուստի մինչև Հաշտարարի կողմից պահանջի քննության ավարտը սեփական կամքով այդ իրավունքից չօգտվելու դեպքում հետագայում Հաշտարարի որոշումը դատարանում սահմանափակ՝ միայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հստակ հիմքերով վիճարկելու հնարավորություն ընձեռելն իրավաչափ է։

Ընդ որում, նման սահմանափակումը բխում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դրույթից։ Հետևաբար, պետք է նշել, որ դատական պաշտպանության արդյունավետության մասին կարելի է խոսել, եթե ի թիվս այլնի, ապահովված է նաև իրավունքների և ազատությունների՝ ողջամիտ ժամկետներում արդյունավետ պաշտպանությունը։ Մինչդեռ այն դեպքում, երբ Հաշտարարի կողմից պահանջի քննության արդյունքներով կայացված որոշումն ըստ էության բողոքարկելու և դատական կարգով նույն վեճը կրկին քննելու հնարավորություն է նախատեսվում, խախտվում է իրավունքների և ազատությունների ողջամիտ ժամկետներում, հետևաբար նաև արդյունավետ դատական պաշտպանության իրավունք ունենալու՝ Սահմանադրությամբ նախատեսված պահանջն այնքանով, որքանով որ անձը, ով դիմում է իրավունքի պաշտպանության այլընտրանքային մարմնին՝ Ֆինանսական համակարգի հաշտարարին, զրկվում է ողջամիտ ժամկետում իրավունքի պաշտպանության հնարավորությունից և ավելի երկար ժամանակում է հասնում վեճի վերջնական հանգուցալուծմանը, քան անմիջապես դատական պաշտպանության դիմելու դեպքում։ Մինչդեռ վեճերի լուծման այլընտրանքային մարմինները, ինչպիսին է նաև Ֆինանսական համակարգի հաշտարարը, կոչված են ապահովելու պահանջների արդյունավետ և արագ քննությունը։

09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականից ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված դրույթները կազմակերպության համար ապահովում են անհրաժեշտ երաշխիքները։ Նախ, կազմակերպությունը սեփական կամահայտնությամբ է հրաժարվում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից։ Ընդ որում, նկատի ունենալով, որ Կենտրոնական բանկը և Գրասենյակն իրենց ինտերնետային կայքերում հրապարակում են այն կազմակերպությունների ցանկը, որոնք Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագրեր չեն կնքել (հիմք՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մաս), կազմակերպությունը նախքան համաձայնագիր կնքելու կամ չկնքելու մասին որոշում կայացնելը հնարավորություն է ունենում գնահատելու մրցակցային շուկայում իր ռիսկերը, հետագայում հաճախորդներ ներգրավելու հնարավորությունը և ըստ այդմ կայացնել իր որոշումը՝ հրաժարվել կամ չհրաժարվել որոշումների վիճարկման հնարավորությունից։ Բացի այդ, կազմակերպությունը Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից պահանջի քննության ընթացքում իրավունք ունի դատարանում հայց ներկայացնելու միջոցով բացառել հաշտարարի կողմից պահանջի քննությունը։

Այսպիսով՝ նման պայմաններում պետք է արձանագրել, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից պահանջի քննությունն ինքնին չի արգելափակում կազմակերպությունների՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորությունը՝ հաշվի առնելով այն, որ նման իրավունքից կազմակերպությունը կարող է անարգել օգտվել մինչև Հաշտարարի կողմից պահանջի քննության ավարտը, հետևաբար՝ նաև նման սահմանափակմամբ վնաս չի հասցվի դատարանի մատչելիության իրավունքի բուն էությանը։ Հաշտարարի որոշումը «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմքերով վիճարկելու իրավական պահանջը հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է՝ ողջամիտ ժամկետներում իրավունքի պաշտպանության հնարավորության ապահովումը։

Այսինքն՝ Հաշտարարի կողմից պահանջի քննության ողջ ընթացքում կազմակերպությունը կարող է դիմել դատարան և պահանջել գործի ըստ էության քննություն, որի դեպքում կազմակերպության դեմ ուղղված նույն պահանջի քննությունը Հաշտարարի կողմից բացառվում է, ուստի կազմակերպությունները չեն զրկվում գործի ըստ էության քննության իրավունքից։

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանն իր 08122020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշման եզրափակիչ մասում բողոքաբերի կողմից վճռաբեկ բողոքում վիճարկվող օրենքի դրույթը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը, չի ճանաչվել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր, կամ որոշման եզրափակիչ մասում, դրա սահմանադրաիրավական բովանդակությունը չի բացահայտել։

Միաժամանակ, արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի օրենքի գերակայության լույսի ներքո, որով պահանջվում է, որ դատավարության մասնակիցներն ունենան դատական պաշտպանության արդյունավետ միջոցներ, որոնք նրանց թույլ կտան պաշտպանել իրենց քաղաքացիական իրավունքները։ Վերոնշյալ հիմնավորումների համատեքստում դիտարկելով ՍԴՈ-1571 որոշման հիմքով Հաշտարարի որոշումն ըստ էության վիճարկելու իրավունքի իրացման իրավաչափությունը՝ գտնում ենք, որ, թեև Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ կազմակերպությունը կարող է վիճարկել Հաշտարարի որոշումը ըստ էության, եթե չի կնքել այն վիճարկելու իրավունքից հրաժարվելու համաձայնագիր, այդուհանդերձ, այդ իրավունքի կենսագործումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանի Հաշտարարի որոշման ըստ էության վիճարկմանը վերաբերող իրավակարգավորումներ: Իսկ այդպիսի կարգավորումների բացակայության դեպքում այն ըստ էության վերանայելը հանգեցնում է իրավական որոշակիության սկզբունքի խախտման: Վերջին դեպքում, Հաշտարարի որոշումն ըստ էության վերանայող դատարանը չունի որևէ օրենսդրական հիմք, իսկ այդպիսին «ստեղծելը» դուրս է դատական մեկնաբանման շրջանակներից, և, ըստ էության, օրենսդիր մարմնի լիազորություն է:

Այլ խոսքով՝ Հաշտարարի որոշման ըստ էության վերանայմանը վերաբերող օրենսդրական բացը հնարավոր չէ հաղթահարել դատական մեկնաբանմամբ, այլ միայն օրինաստեղծ գործունեությամբ: Նշված օրենսդրական բացով պայմանավորված՝ Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու դիմում ներկայացրած անձի դատավարական հակառակորդ կողմ(եր)ի համար պարզ և կանխատեսելի չեն դատարանի գործողությունները և ներկայացված հայցից (պահանջից) պաշտպանվելու իրավական հնարավորությունները: Մասնավորապես, պարզ չէ, թե որոնք են Հաշտարարի որոշումը ըստ էության վերանայելու դեպքում այն չեղյալ ճանաչելու հիմքերը կամ ինչ ծավալով դատարանը պետք է վերանայի Հաշտարարի որոշումը և այլն, որոնք կարող են հանգեցնել օրենքով չսահմանափակված անհարկի լայն մեկնաբանությունների: Այսպիսով, թեև ՍԴՈ-1571 որոշմամբ ճանաչվել է Հաշտարարի որոշումն ըստ էության վիճարկելու իրավունքը, այդուհանդերձ, դրանով Հաշտարարի որոշման ըստ էության վերանայմանը վերաբերող իրավակարգավորումներ սահմանված չեն և չէին էլ կարող լինել: Միաժամանակ, նկատի ունենալով Հաշտարարի որոշումը բացառապես քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վիճարկելու օրենսդրի Սահմանադրությանը համապատասխանող ճանաչված կարգավորումը, ՍԴՈ-1571 արտահայտված մոտեցումը կարող է կյանքի կոչվել միայն այդ իրավունքի կենսագործման համար անհրաժեշտ նյութական և ընթացակարգային հիմքերի ամրագրման դեպքում:

ՀՀ սահմանադրական դատարանի 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող՝ սահմանադրաիրավական այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ նշված դրույթը չի սահմանափակում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած կազմակերպության՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը:

Մինչդեռ՝ դատարան դիմելուց չհրաժարվելը դեռևս չի նշանակում, որ դիմումը պետք է քննվի ըստ էության։ Առավել ևս, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումներն ըստ էության վիճարկելու հնարավորությունը մի շարք օրենսդրական նորմերի կիրառման ընթացքում կարող է առաջացնել խնդիրներ, (օրինակ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 343-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննության ժամանակ դատարանը պարզում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը, ուստի պարզ չէ, թե արդյոք կազմակերպությունն իրավունք ունի հաճախորդի կողմից ներկայացված՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննության ժամանակ բարձրացնել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը նյութական նորմերի (ըստ էության) խախտման հիմքով չեղյալ ճանաչելու հարց, որի հիմնավոր լինելու դեպքում դատարանը պետք է կատարողական թերթ տալու դիմումը մերժի և չեղյալ ճանաչի Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մաս):

Բացի այդ, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված է հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու հիմքերի սպառիչ ցանկը: Այսինքն՝ մի կողմից ունենք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված իրավակարգավորում, որի համաձայն՝ «Դատարանը դիմումի քննության ժամանակ պարզում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը», մյուս կողմից ունենք «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու հիմքերի սպառիչ ցանկ, որում նախատեսված է՝ պահանջը Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից քննության ենթակա չլինելու, Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից նույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ որոշում կայացնելու և Ֆինանսական համակարգի հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ բացահայտվելու դեպքերը:

Հաշվի առնելով, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջը չի կարող քննվել շրջանցելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված իրավակարգավորումը, միաժամանակ նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի դիսպոզիցիան իր բնույթով բլանկետային է և հղում է պարունակում «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքին, ուստի այդ օրենքում առկա իրավակարգավորումը ևս չի կարող շրջանցվել, հետևաբար նման իրավիճակում առաջանում է իրավական կոլիզիա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի (հաշվի առնելով նորմի սահմանադրաիրավական մեկնաբանությունը) և «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի միջև (հաշվի առնելով չեղյալ ճանաչելու հիմքերի սպառիչ լինելը), որպիսի իրավիճակի լուծման համար, գտնում ենք, որ պետք է կիրառվի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված կանոնը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքը կարգավորում է նորմատիվ իրավական ակտի հանրային քննարկման, կարգավորման ազդեցության գնահատման, փորձաքննության, հրապարակման, ուժի մեջ մտնելու, գործողության, փոփոխման, լրացման և գործողության դադարեցման, ինչպես նաև իրավական հակասությունների (իրավական կոլիզիաների) և օրենսդրական բացերի դեպքում իրավական ակտերի նորմերի կիրառման, մեկնաբանման, պարզաբանման հետ կապված հարաբերությունները և օրենսդրական տեխնիկայի կանոնները:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Նշված նորմերի վերլուծությունից բխում է նաև, որ իրավական ակտերի համապատասխան նորմերը ենթակա են մեկնաբանման և(կամ) պարզաբանման միայն այն դեպքում, երբ առկա է իրավական հակասություն (իրավական կոլիզիա) և (կամ) օրենսդրական բաց: Ընդ որում, նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանելիս պարտադիր պետք է հաշվի առնել նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով այդ նորմում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի կարգավորման համատեքստից:

Այսինքն՝ Սահմանադրությանը հակասող չճանաչված նորմը կարող է կիրառվել այլ մեկնաբանությամբ, սակայն գրավոր ձևակերպված նորմը չի կարող կիրառվել այդ նորմում պարունակվող կարգադրությանն ուղղակի հակասող մեկնաբանությամբ։ Այլ խոսքով, եթե Սահմանադրական դատարանի որոշմամբ սահմանափակ հիմքերով դիմումը քննելու դատարանի պարտականությունը սահմանող նորմը շարունակում է գործել, ապա այն չի կարող կիրառվել այդ նորմում նշվածին ուղիղ հակառակ մեկնաբանությամբ, այն է ՝ չի կարող օրենքը սահմանել, որ դիմումը քննվում է սահմանափակ հիմքերով (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մաս), սակայն դատարանները պարտավորված լինեն դիմումը քննել առանց որոշակի հիմքերի սահմանափակման (ըստ էության)։

 Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանի վերլուծությունները բխում են գործող օրենքի պահանջներից, հետևաբար իրավաչափ են:

 

Հետևաբար սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` վճռաբեկ բողոքը մերժելու և դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` նկատի ունենալով, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27112020 թվականի որոշումը բեկանելու հիմքեր առկա չեն:

 

Դատավորներ`

 ԷԴ. ՍԵԴՐԱԿՅԱՆ
   Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
   Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
   Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
   Ն ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան