Գլխավոր տեղեկություն
Համար
N 1255-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (08.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.10.25/63(1338) Հոդ.1002
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հոկտեմբերի 2017 թվականի N 1255-Ն

 

ԱՅԼ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 07.07.22 N 1018-Ն)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել այլ հարկ վճարողի գործարքի կամ գործառնության կամ գործունեության վերաբերյալ հարցման միջոցով երրորդ անձանց կողմից հարկային մարմին տեղեկություններ ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը խմբ. 07.07.22 N 1018-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հոկտեմբերի 16

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1255-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՅԼ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

(վերնագիրը խմբ. 07.07.22 N 1018-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են այլ հարկ վճարողի գործարքի կամ գործառնության կամ գործունեության վերաբերյալ հարցման միջոցով երրորդ անձանց կողմից հարկային մարմին տեղեկություններ (այսուհետ` տեղեկատվություն) ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը խմբ. 07.07.22 N 1018-Ն)

2. Սույն կարգի կիրառության իմաստով՝ հարկային մարմին ներկայացվող տեղեկատվություն են համարվում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածով սահմանված երրորդ անձանց կողմից այլ հարկ վճարողների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց մոտ առկա՝ բացառապես հարկերի հաշվարկմանն առնչվող գործարքների, ապրանքների ֆիզիկական ծավալների, դրանց տեղաշարժի, իրացման փաստացի գների, իրենց կողմից և իրենց հաշվին վճարված եկամուտների, պահված հարկերի, գույքի կամ եկամուտների, հարկման նպատակով անհրաժեշտ այլ տվյալների մասին տեղեկությունները:

(2-րդ կետը փոփ. 07.07.22 N 1018-Ն)

3. Սույն կարգի դրույթները չեն տարածվում հարկ վճարողների կողմից ներկայացվող այն տեղեկությունների վրա, որոնք Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ներկայացվում են հարկային մարմին:

 

II. ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

(վերնագիրը փոփ. 07.07.22 N 1018-Ն)

 

4. Երրորդ անձանցից տեղեկատվություն ստանալու համար հարկային մարմնի հարցումը կատարվում է հարկային մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Երրորդ անձանց կողմից տեղեկատվության տրամադրումը կամ մերժումը (մասնակի մերժումը) կատարվում է հարկային մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի անունով՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով:

(4-րդ կետը փոփ. 07.07.22 N 1018-Ն)

5. Երրորդ անձանցից տեղեկատվություն ստանալու համար հարկային մարմնի հարցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝

1) երրորդ անձի լրիվ անվանումը.

2) երրորդ անձի ղեկավարի պաշտոնը (առկայության դեպքում), անունը (կամ անվան սկզբնատառը) և ազգանունը.

3) հարցման նպատակը (նպատակները), ինչի համար պահանջվում է տեղեկատվությունը` պարտադիր հղում կատարելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածին և սույն կարգին.

4) տեղեկատվության նկարագրությունը, ներկայացման ողջամիտ ժամկետը և տրամադրելու ցանկալի ձևաչափը.

5) հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանման անվանումը և հեռախոսահամարը (հեռախոսահամարները), որի աշխատողները պատրաստել են հարցումը:

(5-րդ կետը փոփ. 07.07.22 N 1018-Ն)

6. Երրորդ անձանց կողմից տեղեկատվություն տրամադրելու (մասնակի տրամադրելու) վերաբերյալ պատասխան գրությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝

1) հարկային մարմնի անվանումը.

2) հարկային մարմնի ղեկավարի պաշտոնը, անունը (կամ անվան սկզբնատառը) և ազգանունը.

3) հարցման ամսաթիվը և համարը.

4) տեղեկատվության նկարագրությունը և (կամ) տրամադրվող տեղեկատվությունը, իսկ մերժման (մասնակի մերժման) դեպքում՝ հիմնավոր պատճառը.

5) երրորդ անձի համապատասխան ստորաբաժանման անվանումը, հեռախոսահամարը և գրությունը պատրաստած աշխատողի անունը, ազգանունը, իսկ ստորաբաժանման բացակայության դեպքում՝ պատասխանողի անունը, ազգանունը և հեռախոսահամարը:

(6-րդ կետը փոփ. 07.07.22 N 1018-Ն)

7. Հարկային մարմնի հարցման մերժումը (մասնակի մերժումը) համարվում է հիմնավոր՝

1) եթե հարցման մեջ ապահովված չեն կարգի 5-րդ կետի պահանջները, կամ

2) եթե տեղեկատվությունը պարունակում է պետական, բանկային, ապահովագրական, առողջապահական, վիճակագրական, առևտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկություններ, կամ

3) եթե երրորդ անձի մոտ բացակայում է հարցման մեջ նշված տեղեկատվությունը:

(7-րդ կետը փոփ. 07.07.22 N 1018-Ն)

8. Հարկային մարմնին տեղեկատվության տրամադրումն անվճար է:

(8-րդ կետը փոփ. 07.07.22 N 1018-Ն)

9. Հարկային մարմնին երրորդ անձանց կողմից տեղեկատվության տրամադրման համար այլ անձանց համաձայնությունը պարտադիր չէ, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

(9-րդ կետը փոփ. 07.07.22 N 1018-Ն)

10. Երրորդ անձանցից ստացված տեղեկատվությունն օգտագործվում է բացառապես հարկային հսկողության իրականացման նպատակով և հրապարակման ենթակա չէ:

(10-րդ կետը փոփ. 07.07.22 N 1018-Ն)

(հավելվածը խմբ., փոփ. 07.07.22 N 1018-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան