ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 ապրիլի 2018 թվականի |
թիվ 62 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 11-րդ հոդվածի 15-րդ կետի 9-րդ ենթակետին, 17-րդ և 18-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք օդային տրանսպորտով ներմուծելու համար նախատեսվող ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվության ներկայացման կարգը:
2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի 2015 թվականի դեկտեմբերի 1-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք օդային տրանսպորտով ներմուծվող ապրանքների վերաբերյալ պարտադիր նախնական տեղեկացում սահմանելու մասին» թիվ 158 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հոկտեմբերի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի ապրիլի 24-ի թիվ 62 որոշմամբ |
ԿԱՐԳ
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք օդային տրանսպորտով ներմուծելու համար նախատեսվող ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվության ներկայացման
1. Սույն կարգով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք օդային տրանսպորտով ներմուծելու համար նախատեսվող ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվության (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, նախնական տեղեկատվություն) կազմը, անձինք, որոնք պարտավոր են կամ իրավունք ունեն ներկայացնելու այդ տեղեկատվությունը, դրա ներկայացման ժամկետները, ինչպես նաև այն դեպքերը, երբ նախնական տեղեկատվությունը կարող է չներկայացվել:
2. Ապրանքների ներմուծում իրականացնող փոխադրողը պարտավոր է նախնական տեղեկատվությունը ներկայացնել սույն կարգի 5-րդ կետով նախատեսված տեղեկությունների ծավալով: Փոխադրողի անունից նախնական տեղեկատվությունը կարող է ներկայացվել նրա հանձնարարությամբ գործող անձի կողմից:
3. Սույն կարգի 6-րդ կետի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված տեղեկությունների ծավալով նախնական տեղեկատվությունն իրավունք ունի ներկայացնելու փոխադրողը կամ նրա հանձնարարությամբ գործող անձը:
Սույն կարգի 6-րդ կետի «դ»-«ժ» ենթակետերով նախատեսված տեղեկությունների ծավալով նախնական տեղեկատվությունն իրավունք ունեն ներկայացնելու Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 82-րդ հոդվածի 4-րդ կետում և 83-րդ հոդվածում նշված անձինք:
Օրենսգրքի 11-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ մաքսային մարմիններն իրավունք չունեն սույն կետի առաջին և երկրորդ պարբերություններում նշված անձանցից պահանջելու ներկայացնել սույն կարգի 6-րդ կետով սահմանված կազմով նախնական տեղեկատվություն:
4. Նախնական տեղեկատվությունը ներկայացվում է ոչ ուշ, քան Միության մաքսային տարածք օդանավի ժամանումից 2 ժամ առաջ:
Այն դեպքում, երբ օդանավի կատարվող թռիչքի տևողությունը կազմում է 2 ժամ 30 րոպեից պակաս, նախնական տեղեկատվությունը ներկայացվում է սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված անձանց կողմից ոչ ուշ, քան օդանավի արտաթիռի (մեկնման) օդանավակայանից Միության մաքսային տարածք օդանավի ժամանման օդանավակայան փաստացի արտաթիռից 30 րոպե հետո:
5. Օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված նպատակներով ներկայացվող նախնական տեղեկատվությունը ներառում է հետևյալ տեղեկությունները.
ա) նախնական տեղեկատվություն ներկայացրած անձի մասին տեղեկություններ (փոխադրողի հանձնարարությամբ գործող անձի կողմից այդ տեղեկատվության ներկայացման դեպքում) (իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), հասցեն).
բ) մաքսային ներկայացուցիչների ռեեստրում իրավաբանական անձի ներառումը հաստատող փաստաթղթի համարը (մաքսային ներկայացուցչի կողմից նախնական տեղեկատվության ներկայացման դեպքում).
գ) ապրանքները փոխադրողի մասին տեղեկություններ (իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), հասցեն).
դ) օդանավի մասին տեղեկություններ՝
շահագործողի լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը և նրա հասցեն,
ազգային պատկանելության նշանները և գրանցման նշանները,
մեկնման չվերթի համարը,
դեպի Միության մաքսային տարածքում ժամանման օդանավակայան կատարվող արտաթիռի փաստացի ամսաթիվն ու ժամը (առկայության դեպքում),
ժամանման պլանավորվող (հաշվարկային) ժամը,
թռիչքի երթուղին (արտաթիռի, ժամանման, միջանկյալ վայրէջքների (առկայության դեպքում) օդանավակայանների ծածկագրերը).
ե) օդանավում այն ապրանքների առկայությունը (բացակայությունը), որոնց ներմուծումը Միության մաքսային տարածք արգելված և (կամ) սահմանափակված է, թմրանյութեր, ուժեղ ազդեցություն ունեցող միջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) և թունավոր նյութեր պարունակող դեղամիջոցների, ինչպես նաև զենքի, զինամթերքի առկայությունը (բացակայությունը) (այդպիսի տեղեկատվության առկայության դեպքում).
զ) ապրանքների մասին տեղեկություններ՝ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերին համապատասխան (յուրաքանչյուր փաստաթղթի մասով)՝
տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի համարը և կազմելու ամսաթիվը,
ապրանքների անվանումները,
ապրանքների բեռնման և բեռնաթափման օդանավակայանների ծածկագրերը,
ապրանքներն ուղարկողի և ստացողի մասին տեղեկությունները (անվանումներն ու հասցեները),
տեղերի քանակը,
ապրանքների ծածկագրերը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) համապատասխան՝ առնվազն առաջին 6 նիշերի մակարդակով (առկայության դեպքում),
ապրանքների համաքաշը (կիլոգրամներով),
ապրանքների զտաքաշը (կիլոգրամներով) (առկայության դեպքում),
ապրանքների ծավալը (խորանարդ մետրերով) (առկայության դեպքում):
6. Օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված նպատակներով ներկայացված նախնական տեղեկատվությունը ներառում է տեղեկություններ այն մաքսային գործառնությունների մասին, որոնց կատարումն արագացնելու համար է ներկայացվում այդ տեղեկատվությունը, ինչպես նաև հետևյալ տեղեկությունները.
ա) Օրենսգրքի 88-րդ հոդվածին համապատասխան՝ Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վերաբերյալ ծանուցման հետ կապված մաքսային գործառնություններ կատարելու համար նախնական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում՝
օդանավի անձնակազմի անդամների թիվը և կազմը.
օդանավում գտնվող ուղևորների թիվը, ազգանունները և անվան սկզբնատառերը.
օդանավում գտնվող կամ դրանից դատարկվող օդանավային պաշարների մասին (արտաթիռի օդանավակայանից օդանավի արտաթիռի պահի դրությամբ).
օդանավում միջազգային փոստային առաքանիների առկայությունը (բացակայությունը).
բեռնարկղերի նույնականացման համարները (առկայության դեպքում).
Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան՝ արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերի մասին տեղեկություններ (առկայության դեպքում)՝
ապրանքների ներմուծման կամ տարանցման թույլտվության համարը և տրման ամսաթիվը, թույլտվությունը տրամադրած՝ անասնաբուժության բնագավառում Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) լիազորված մարմնի անվանումը (այն դեպքում, երբ այդ թույլտվությունը պահանջվում է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու միասնական կարգի մասին» հիմնադրույթին (այսուհետ՝ Հիմնադրույթ) համապատասխան).
անասնաբուժական հավաստագրի համարը և տրամադրման ամսաթիվը, արտահանող երկրի՝ հավաստագիրը տրամադրած իրավասու մարմնի անվանումը (այն դեպքում, երբ այդ հավաստագիրը պահանջվում է Հիմնադրույթին համապատասխան).
արտահանող (վերաարտահանող) երկրի՝ բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմնի կողմից բարձր բուսասանիտարական ռիսկ պարունակող՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի համար տրված արտահանման (վերաարտահանման) բուսասանիտարական հավաստագրի համարը, տրման ամսաթիվը և երկիրը.
այն ապրանքների ցանկում ներառված ապրանքների համար լիցենզիայի կամ եզրակացության (թույլատրագրի) համարը և տրման ամսաթիվը, գործողության ժամկետը (գործողության մեկնարկի և ավարտի ամսաթվերի նշմամբ), որոնց մասով սահմանվել է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 2 հավելված), փաստաթուղթը տրամադրած մարմնի անվանումը, ապրանքների ծածկագրերը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան.
արտադրանքի պետական գրանցման վկայականի ձևաթղթի համարը, տրման ամսաթիվը և տպագրական համարը (պետական գրանցման ենթակա արտադրանքի համար).
ապրանքի ծագման հավաստագրի և (կամ) այն փաստաթղթի համարներն ու տրման ամսաթվերը, որով հաստատվում է, որ արտադրանքը (ապրանքները) համապատասխանում է այն փաստաթղթերի պահանջներին, որոնց համապատասխան այն արտադրվել է (որակի հավաստագրի կամ անվտանգության (որակի) անձնագրի կամ որակի վկայականի կամ ազատ վաճառքի հավաստագրի).
բ) Օրենսգրքի 278-րդ հոդվածին համապատասխան՝ նախնական տեղեկատվությունը որպես միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցի հայտարարագիր ներկայացնելու դեպքում՝
սույն կետի «ա» ենթակետում նշված տեղեկությունները.
միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցի ներմուծման նպատակը.
այն պահեստամասերի և (կամ) սարքավորումների անվանումները, որոնք տեղափոխվում են միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցի վերանորոգման և (կամ) շահագործման համար.
գ) Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան՝ միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների և անձանց նկատմամբ սանիտարահամաճարակային վերահսկողության (հսկողության) իրականացման մասով արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատելու համար նախնական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում՝
վերջին միջատազերծումը (կամ այլ սանիտարական մշակում) կատարելու ամսաթիվը և պատրաստուկի անվանումը.
չվերթի ժամանակ հայտնաբերված հիվանդության դեպքերի կամ այն անձանց առկայության (բացակայության) մասին տեղեկություններ, որոնց առնչությամբ առկա է վարակիչ հիվանդությունների վերաբերյալ կասկած (առկայության դեպքում).
դ) անդամ պետության՝ բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության բնագավառում լիազորված մարմնի կողմից սանիտարահամաճարակային վերահսկողության (հսկողության) ենթակա ապրանքների վերաբերյալ որոշման ընդունում պահանջող մաքսային գործառնությունները Միության մաքսային սահմանին կատարելու համար նախնական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում՝
նախնական տեղեկատվություն ներկայացրած անձի մասին տեղեկություններ (իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), հասցեն).
ապրանքներն ուղարկողի և ստացողի մասին տեղեկություններ (անվանումներն ու հասցեները՝ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերին համապատասխան).
Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վայրը (Միության մաքսային սահմանի անցակետի ծածկագիրը).
օդանավի ազգային պատկանելության նշանները և գրանցման նշանները (առկայության դեպքում).
տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի համարը և կազմելու ամսաթիվը.
ապրանքների ծագման երկիրը, ուղարկման երկիրը և նշանակման երկիրը (առկայության դեպքում).
ապրանքների ծածկագրերը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան՝ առնվազն առաջին 6 նիշերի մակարդակով.
արտադրանքի պետական գրանցման վկայականի ձևաթղթի համարը, տրման ամսաթիվը և տպագրական համարը (պետական գրանցման ենթակա արտադրանքի համար).
ապրանքի ծագման հավաստագրի և (կամ) այն փաստաթղթի համարներն ու տրման ամսաթվերը, որով հաստատվում է, որ արտադրանքը (ապրանքը) համապատասխանում է այն փաստաթղթերի պահանջներին, որոնց համապատասխան այն արտադրվել է (որակի հավաստագրի կամ անվտանգության (որակի) անձնագրի կամ որակի վկայականի կամ ազատ վաճառքի հավաստագրի) (առկայության դեպքում).
ապրանքների նշանակության և կիրառման ոլորտի մասին տեղեկություններ (առկայության դեպքում).
ապրանքներն արտադրողի անվանումը և հասցեն.
բեռնարկղերի նույնականացման համարները (առկայության դեպքում).
ե) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման հետ կապված մաքսային գործառնություններ կատարելու, այդ թվում՝ որպես տարանցման հայտարարագիր օգտագործելու համար նախնական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում՝ Օրենսգրքի 107-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները.
զ) ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու հետ կապված մաքսային գործառնությունները Օրենսգրքի 100-րդ հոդվածին համապատասխան կատարելու համար նախնական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում՝
նախնական տեղեկատվություն ներկայացրած անձի մասին տեղեկություններ (իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), հասցեն).
ապրանքների ժամանակավոր պահպանման պլանավորվող վայրը (ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրում իրավաբանական անձի ներառումը հաստատող փաստաթղթի կամ այլ վայրում ժամանակավոր պահպանման թույլտվության անվանումը, համարը և տրման ամսաթիվը).
ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու պլանավորվող ամսաթիվը.
ապրանքներն ուղարկողի և ստացողի մասին տեղեկություններ (իրավաբանական անձանց, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպությունների լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումները կամ ֆիզիկական անձանց ազգանունները, անունները, հայրանունները (առկայության դեպքում) հասցեները).
տրանսպորտային (փոխադրման) և (կամ) առևտրային փաստաթղթերի համարներն ու կազմելու (տրամադրելու) ամսաթվերը (առկայության դեպքում).
բեռնատեղիների քանակը.
ապրանքների անվանումները՝ տրանսպորտային (փոխադրման) և (կամ) առևտրային փաստաթղթերին համապատասխան.
ապրանքների համաքաշը (կիլոգրամներով) կամ ծավալը (խորանարդ մետրերով).
ապրանքների քանակը՝ լրացուցիչ չափման միավորներով (առկայության դեպքում).
ապրանքների ծածկագրերը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան՝ առնվազն առաջին 6 նիշերի մակարդակով (առկայության դեպքում).
ապրանքների արժեքը՝ տրանսպորտային (փոխադրման) և (կամ) առևտրային փաստաթղթերին համապատասխան (առկայության դեպքում).
ապրանքների ժամանակավոր պահպանման հատուկ պայմաններ ապահովելու անհրաժեշտությունը (անհրաժեշտության բացակայությունը).
է) էքսպրես բեռների մաքսային հայտարարագրման հետ կապված մաքսային գործառնությունների կատարման համար նախնական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում՝ Օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետին և 106-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան սահմանված տեղեկությունները.
ը) փոխադրողի կողմից որպես էքսպրես բեռ առաքվող անձնական օգտագործման ապրանքների ազատ շրջանառության նպատակով մաքսային հայտարարագրման հետ կապված մաքսային գործառնությունների կատարման համար նախնական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում՝ Օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան սահմանված տեղեկությունները.
թ) անդամ պետության՝ անասնաբուժության բնագավառում լիազորված մարմնի կողմից անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների վերաբերյալ որոշման ընդունում պահանջող մաքսային գործառնությունները Միության մաքսային սահմանին կատարելու համար նախնական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում՝
նախնական տեղեկատվություն ներկայացրած անձի մասին տեղեկություններ (իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), հասցեն).
Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վայրը (Միության մաքսային սահմանի անցակետի ծածկագիրը).
տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի համարը և կազմելու ամսաթիվը.
ապրանքների ծածկագրերը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան՝ առնվազն առաջին 6 նիշերի մակարդակով.
ապրանքների ներմուծման կամ տարանցման թույլտվության համարը և տրման ամսաթիվը, թույլտվությունը տրամադրած՝ անասնաբուժության բնագավառում անդամ պետության լիազորված մարմնի անվանումը (այն դեպքում, երբ այդ թույլտվությունը պահանջվում է Հիմնադրույթին համապատասխան).
անասնաբուժական հավաստագրի համարը և տրման ամսաթիվը, արտահանող երկրի՝ հավաստագիրը տրամադրած իրավասու մարմնի անվանումը (այն դեպքում, երբ այդ հավաստագիրը պահանջվում է Հիմնադրույթին համապատասխան).
ապրանքների դրոշմավորման մասին տեղեկություններ.
անասնաբուժական հսկողության (վերահսկողության) վերցված ապրանքները շրջանառության մեջ դրած ձեռնարկության համարը և (կամ) անվանումը.
անասնաբուժական կիրառման համար նախատեսված դեղապատրաստուկ ներմուծելու դեպքում՝ տվյալ պատրաստուկի գրանցման վկայականից տեղեկություններ (դեղապատրաստուկի առևտրային անվանումը, գրանցման վկայականի համարը, պետական գրանցման ամսաթիվը, գրանցման վկայականի գործողության ժամկետը, արտադրողի անվանումն ու հասցեն).
կենդանիների համար նախատեսված կերային հավելում ներմուծելու դեպքում՝ տվյալ հավելման պետական գրանցման վկայականից տեղեկություններ (կերային հավելման անվանումը, հաշվառման սերիան, գրանցման համարը, գրանցման ամսաթիվը, վկայականի գործողության ժամկետը, արտադրողի անվանումն ու հասցեն).
գենային ինժեներիայի եղանակով ձևափոխված օրգանիզմներից ստացված կեր ներմուծելու դեպքում՝ տվյալ կերի պետական գրանցման վկայականից տեղեկություններ (կերի անվանումը, հաշվառման սերիան, գրանցման համարը, գրանցման ամսաթիվը, վկայականի գործողության ժամկետը, արտադրողի անվանումն ու հասցեն).
բեռնարկղերի նույնականացման համարները (առկայության դեպքում).
ժ) անդամ պետության՝ բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմնի կողմից կարանտինային հսկողության վերցված արտադրանքի վերաբերյալ որոշման ընդունում պահանջող մաքսային գործառնությունները Միության մաքսային սահմանին կատարելու համար նախնական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում՝
նախնական տեղեկատվություն ներկայացրած անձի մասին տեղեկություններ (իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), հասցեն).
ապրանքներն ուղարկողի և ստացողի մասին տեղեկություններ (անվանումներն ու հասցեները՝ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերին համապատասխան).
տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի համարը և կազմելու ամսաթիվը.
Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վայրի մաքսային մարմնի ծածկագիրը.
բարձր բուսասանիտարական ռիսկ պարունակող՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանք ներմուծելու դեպքում՝ արտահանող (վերաարտահանող) երկրի՝ բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմնի կողմից տրված արտահանման (վերաարտահանման) բուսասանիտարական հավաստագրի համարը, տրման ամսաթիվն ու երկիրը.
գիտահետազոտական նպատակներով կարանտինային օբյեկտներ ներմուծելու դեպքում՝ կարանտինային օբյեկտների ներմուծման թույլտվության համարը և տրման ամսաթիվը, թույլտվությունը տրամադրած՝ բույսերի կարանտինի հարցերով անդամ պետության լիազորված մարմնի անվանումը.
ապրանքների անվանումները.
ապրանքների ծածկագրերը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան՝ առնվազն առաջին 4 նիշերի մակարդակով.
ապրանքների զտաքաշը (համաքաշը) (կիլոգրամներով).
ապրանքների ծագման երկիրը և վայրը.
ապրանքների բեռնառաքման վայրը և ամսաթիվը.
ապրանքների դրոշմավորման մասին տեղեկություններ.
նշանակման մաքսային մարմնի ծածկագիրը (առկայության դեպքում).
ապրանքների վարակազերծման մասին տեղեկություններ.
բեռնարկղերի նույնականացման համարները (առկայության դեպքում):
7. Նախնական տեղեկատվությունը, որը պարունակում է սույն կարգի 6-րդ կետով նախատեսված՝ ապրանքների մասին տեղեկությունները, և որը չի պարունակում սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկությունները, պետք է պարունակի հետևյալ նույնականացուցիչներից առնվազն մեկը.
ա) սույն կարգի 5-րդ կետին համապատասխան՝ այդ ապրանքների մասով ներկայացված նախնական տեղեկատվության գրանցման համարը.
բ) չվերթի համարը, տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի համարը և կազմելու ամսաթիվը, ինչպես նաև այն բեռնարկղի համարը, որով տեղափոխվում են ապրանքները (բեռնարկղային փոխադրում իրականացնելու դեպքում):
8. Այն դեպքում, երբ այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որի տարածքում է տեղակայված Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վայրը, գրանցվել է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով մաքսային հայտարարագիր, որը ներկայացվել է Օրենսգրքի 114-րդ հոդվածով սահմանված մաքսային հայտարարագրման առանձնահատկություններին համապատասխան, նախնական տեղեկատվությունը ներառում է այդ հայտարարագրի գրանցման համարը և սույն կարգի 5-րդ և (կամ) 6-րդ կետով նախատեսված տեղեկությունները (մաքսային հայտարարագրում դրանց բացակայության դեպքում):
Նախնական մաքսային հայտարարագրում նշված տեղեկությունները նախնական տեղեկատվության ձևավորման դեպքում կրկնակի չեն ներկայացվում:
9. Սույն կարգի 5-րդ կետին և 6-րդ կետի մեկ կամ մի քանի ենթակետերի համապատասխան՝ միևնույն անձի կողմից նախնական տեղեկատվության ներկայացման դեպքում տեղեկությունները չեն կրկնվում:
10. Նախնական տեղեկատվությունը կարող է չներկայացվել հետևյալ դեպքերում.
ա) օդանավի հարկադրված վայրէջքի կատարում.
բ) օդանավի միջանկյալ կամ տեխնիկական վայրէջքի կատարում՝ առանց ապրանքների բեռնաթափման (դատարկման).
գ) օդանավում ապրանքների բացակայություն.
դ) օդանավային պաշարների ներմուծում:
11. Այն դեպքում, երբ նախնական տեղեկատվության գրանցումից հետո այդ տեղեկատվությունը ներկայացրած անձը հայտնաբերում է դրանում պարունակվող տեղեկությունների և տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերում նշված տեղեկությունների միջև անհամապատասխանություն, այդ անձը պարտավոր է կրկնակի ներկայացնել նախնական տեղեկատվությունը նախքան Միության մաքսային տարածք ապրանքների ժամանումը (նախնական տեղեկատվության՝ նախկինում ստացված գրանցման համարի մասին տեղեկությունների նշմամբ):
12. Փոխադրողը կամ նրա հանձնարարությամբ գործող անձը մեկ հաղորդագրությամբ ներկայացնում է սույն կարգի 5-րդ կետով նախատեսված տեղեկությունները և սույն կարգի 6-րդ կետում նշված տեղեկությունները:
13. Սույն կարգի 5-րդ կետի «զ» ենթակետում նշված՝ էքսպրես բեռների վերաբերյալ նախնական տեղեկատվություն ներկայացնելիս որպես տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթեր կիրառվում է Ավիաբեռնագրի լրացման ստանդարտներին (Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի 600ա բանաձևի А և В հավելվածներ) համապատասխան լրացված ընդհանուր բեռնագիրը:
Օրենսգրքի 100-րդ հոդվածին համապատասխան՝ ըստ ընդհանուր բեռնագրի տեղափոխվող էքսպրես բեռները ժամանակավոր պահպանման հանձնելու հետ կապված մաքսային գործառնություններ կատարելիս ապրանքների անվանումները նշվում են էքսպրես բեռների փոխադրման բեռնառաքման մասնագրերի հիման վրա՝ այդ բեռների նույնականացման համար տեղեկությունների բավարար լինելու պայմանով: ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան՝ ապրանքների ծածկագրերի և դրանց արժեքի մասին տեղեկությունները նշվում են այն դեպքում, երբ այդ տեղեկությունների ներկայացումը նախատեսված է ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելիս մաքսային կարգավորման վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրությամբ:
14. Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված անձանց հայեցողությամբ նախնական տեղեկատվությունը կարող է ներկայացվել էլեկտրոնային փաստաթղթի տեսքով:
15. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով նախնական տեղեկատվությունը պետք է համապատասխանի այն անդամ պետության՝ էլեկտրոնային տեսքով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր ենթակառուցվածքի պահանջներին, որի մաքսային մարմին է այն ներկայացվում:
16. Անդամ պետության մաքսային մարմինը գրանցում է ներկայացված նախնական տեղեկատվությունը կամ մերժում է դրա գրանցումը՝ Օրենսգրքի 11-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան սահմանվող կարգով և ժամկետներում:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
31.07.2018, թիվ 124 | 02.09.2018, թիվ 62 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|