ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0159/02/192022 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0159/02/19 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ն. Տավարացյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Հ. Բեդևյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Ա. Մկրտչյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
2022 թվականի ապրիլի 08-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի (այսուհետ` Բյուրո) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.03.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Բյուրոյի ընդդեմ Սասուն Հախինյանի և Գալուստ Հախինյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Բյուրոն պահանջել է Գալուստ Հախինյանից և Սասուն Հախինյանից համապարտության կարգով հօգուտ իրեն բռնագանձել 230.488 ՀՀ դրամ գումար, որից՝ 221.250 ՀՀ դրամ գումարը` որպես տուժող Աշխեն Եսայանին պատճառված և Բյուրոյի կողմից հատուցված վնասի գումար, իսկ 9.238 ՀՀ դրամ գումարը 27.09.2018 թվականից մինչև դատարան հայց ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկվելիք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների գումար, 221.250 ՀՀ դրամ գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ՝ հաշվարկը սկսած սույն հայցադիմումը դատարան ներկայացնելու հաջորդ օրվանից, 55.000 ՀՀ դրամ գումար՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Վարդանյան) (այսուհետ` Դատարան) 22.10.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 24.03.2021 թվականի որոշմամբ Բյուրոյի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի` Դատարանի 22.10.2020 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է մասնակիորեն։ Սասուն Հախինյանից և Գալուստ Հախինյանից համապարտության կարգով հօգուտ Բյուրոյի բռնագանձվել է 221.250 ՀՀ դրամ՝ որպես տուժողին պատճառված և Բյուրոյի կողմից հատուցված վնասի գումար, ինչպես նաև նշված գումարի վրա հաշվարկվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ՝ սույն դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը։ Սասուն Հախինյանից և Գալուստ Հախինյանից համապարտության կարգով հօգուտ Բյուրոյի բռնագանձվել է 31.01.2019 թվականին թիվ 363957 վճարման հանձնարարականով վճարված 4.425 ՀՀ դրամը՝ որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար և 20.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բյուրոն (ներկայացուցիչ` Փիրուզա Վարդանյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածը, 352-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը, 411-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ հոդվածները, 66-րդ հոդվածի 1-ին մասը, 101-րդ, 105-րդ, 107-րդ և 109-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանի վճռով ոչ թե ստեղծվել է պատասխանողների պարտավորությունը Բյուրոյի նկատմամբ, այլ հաստատվել է օրենքի ուժով վաղուց առկա, պատասխանողների կողմից կատարման ենթակա, սակայն չկատարված պարտավորությունը: Եթե պատասխանողները Բյուրոյի նկատմամբ պարտավորություն չունենային, ապա Դատարանը հատուցված գումարի բռնագանձման մասով ոչ թե կբավարարեր, այլ կմերժեր Բյուրոյի հայցը: Բյուրոն պարտավորությունը կատարելու համար պատասխանողներին տրամադրել է երկու ամիս ժամկետ` առանց որևէ տոկոսների վճարման:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ կետանցի օրը չի կարող կապվել վճիռն օրինական ուժի մեջ մտնելու հետ, քանի որ կետանցի առկայությունը, ըստ էության, վճիռը կայացնելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի համաձայն` տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից: Բյուրոյի համոզմամբ կետանցի օրն սկսվում է պարտավորությունը կատարելու համար տրամադրված ողջամիտ ժամկետի ավարտի օրվան հաջորդող օրը: Այսինքն՝ պատասխանողները, չվճարելով գումարը, ապօրինի պահել են այն և խնայել են Բյուրոյի հաշվին, այդ թվում նաև մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Ուստի, մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառումը լիովին իրավաչափ է:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման պահանջի մերժման մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 24.03.2021 թվականի որոշումը և փոփոխել այն` ամբողջությամբ բավարարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման հայցվորի պահանջը։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) «Նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի գործով վարչական վարույթ իրականացնելու պահանջից հրաժարվելու և ճանապարհատրանսպորտային պատահարի տվյալների մասին» արձանագրություն-համաձայնության համաձայն` 24.04.2018 թվականին ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ Լոռու մարզի Օձուն գյուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում միմյանց են բախվել Կառլեն Սայադյանի վարած «VAZ-21063» մակնիշի 24 OS 440 հ/հ ավտոմեքենան և Գալուստ Հախինյանի կողմից վարած «VAZ-21074» մակնիշի 37 RR 007 հ/հ ավտոմեքենան: Վարորդները պատահարի առաջացման մեջ իրենց մասամբ մեղավոր են համարել (գ.թ. 8-9):
2) ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայության պետ Ե. Կարապետյանի 16.07.2018 թվականի գրության համաձայն` «VAZ-21074» մակնիշի 37 RR 007 հ/հ ավտոմեքենան 18.01.2018 թվականից մինչ գրության տրման օրվա դրությամբ հաշվառված է եղել Սասուն Հախինյանի անվամբ, իսկ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայության պետի տեղակալ Ա. Տոնոյանի 27.07.2018 թվականի գրության համաձայն` «VAZ-21063» մակնիշի 24 OS 440 հ/հ ավտոմեքենան 16․12․2010 թվականից մինչև 11.07.2018 թվականը հաշվառված է եղել Արարատ Եսայանի անվամբ (գ.թ. 10-11):
3) 29.06.2018 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ Արարատ Եսայանի մահից հետո նրա գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում դուստրը՝ Աշխեն Եսայանը (գ.թ. 12):
4) Բյուրոյի 13.07.2018 թվականի տեղեկանքի համաձայն` պատահարի պահին «VAZ-21063» մակնիշի 24 OS 440 հ/հ ավտոմեքենան ունեցել է ԱՊՊԱ պայմանագիր «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի հետ (գ.թ. 13):
5) «VAZ-21063» մակնիշի 24 OS 440 հ/հ ավտոմեքենայի սեփականատեր Աշխեն Եսայանը 14.05.2018 թվականին ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմում է ներկայացրել «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ (գ.թ. 14):
6) «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի 24.05.2018 թվականի վնասների գնահատման փորձաքննություն իրականացնող փորձագետի թիվ SA 18/07436/01 եզրակացության համաձայն` գույքային վնասի չափը կազմել է 442.500 ՀՀ դրամ (գ.թ. 15-16):
7) «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի «Ապահովագրական հատուցումը վճարելու /մերժելու/ վերաբերյալ» 13.07.2018 թվականի որոշում-ծանուցմամբ որոշվել է Աշխեն Եսայանին փոխհատուցել 221.250 ՀՀ դրամ գումար (գ.թ. 17):
8) «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի 25.07.2018 թվականի թիվ 23407 վճարման հանձնարարականի համաձայն՝ «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի կողմից Աշխեն Եսայանին փոխանցվել է 221.250 ՀՀ դրամ (գ.թ. 18):
9) Բյուրոյի կանոններով սահմանված փոխադարձ հաշվարկի իրականացման վերաբերյալ 30.10.2018 թվականի տեղեկանքի համաձայն՝ Բյուրոն «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ին է վճարել 221.250 ՀՀ դրամ գումար (գ.թ. 19):
10) 26.07.2018 թվականին Բյուրոն Սասուն Հախինյանին և Գալուստ Հախինյանին է ուղարկել 221.250 ՀՀ դրամ պարտավորության վերաբերյալ վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման թիվ Բ/18-04693 ծանուցում։ Ծանուցման 2-րդ կետի համաձայն՝ Բյուրոն երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ պատճառված վնասը, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր՝ համապատասխանաբար հետադարձ պահանջի իրավունք ստանալով վնաս պատճառած անձի և ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ, որոնք Բյուրոյի նկատմամբ հանդես են գալիս որպես համապարտ պարտապաններ:
Միաժամանակ, ծանուցման 7-րդ կետի համաձայն՝ որպես պարտավորության մարման հնարավոր 1-ին տարբերակ առաջարկվել է ծանուցման ամսաթվից հետո առավելագույնը 2 ամսվա ընթացքում վճարել պարտավորության ամբողջ գումարն առանց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների: Որպես պարտավորության մարման հնարավոր 2-րդ տարբերակ առաջարկվել է հատուցումը վճարելու որոշման ամսաթվից հետո առավելագույնը 2 ամսվա ընթացքում վճարել առնվազն 75.000 ՀՀ դրամ և Բյուրոյի հետ կնքել համաձայնագիր` պարտավորության մնացորդային գումարը` ներառյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներն առավելագույնը 6 ամսվա ընթացքում` ամսական առնվազն 1/6 չափով հավասարաչափ մարումներ կատարելու միջոցով վճարելու վերաբերյալ (գ.թ. 21):
11) Բյուրոյի կողմից Սասուն Հախինյանին և Գալուստ Հախինյանին ուղարկված ծանուցումները վերջիններիս կողմից ստացվել են 31.07.2018 թվականին (գ.թ. 22):
12) 30.09.2018 թվականի դրությամբ Սասուն Հախինյանի և Գալուստ Հախինյանի կողմից Բյուրոյին որևէ վճարում չի կատարվել։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. ո՞ր պահից է կիրառելի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցն ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի իրավունքի հիման վրա վերջինիս վճարման ենթակա գումարի նկատմամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ: Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են` այլ անձին վնաս պատճառելու հետևանքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է` վնասներ հատուցելով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: Վնասի հատուցման պարտականությունն օրենքով կարող է դրվել վնաս չպատճառած անձի վրա:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ եթե այլ բան նախատեսված չէ ապահովագրության պայմանագրով, ապա ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովադրին (ապահովագրված անձին) պատճառված վնասից բխող նրա (կամ շահառուի) պահանջի իրավունքը վնասը պատճառած անձի նկատմամբ անցնում է ապահովագրողին` նրա կողմից հատուցված գումարի մասով (...):
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի համաձայն՝ ապահովագրական հատուցումը ապահովագրական պատահարի դեպքում ապահովագրական ընկերության կողմից տուժողին կամ օրենքով և (կամ) ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված դեպքերում այլ անձանց վճարման ենթակա գումարն է: Նույն օրենքի իմաստով` ապահովագրական հատուցումը նաև նույն օրենքի 49-րդ հոդվածով նախատեսված դեպքերում Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին Բյուրոյի կողմից` տուժած անձանց պատճառված վնասների հատուցումն է, եթե այլ բան սահմանված չէ նույն օրենքով կամ չի բխում կոնկրետ դրույթի իմաստից:
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի համաձայն՝ Երաշխավորման ֆոնդ՝ նույն օրենքի համաձայն ստեղծված ֆոնդ, որի կառավարիչն է Բյուրոն, և որի հաշվին նույն օրենքով սահմանված դեպքերում վճարվում են հատուցումներ (...):
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի, Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին տուժած անձանց պատճառված վնասները նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գումարների սահմաններում և նույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և 11-18-րդ հոդվածներով սահմանված դրույթներին համապատասխան հատուցվում են, եթե վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր:
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված դեպքերում Բյուրոն վնաս պատճառած անձի, իսկ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում նշված դեպքերում` նաև վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ ունի հետադարձ պահանջի իրավունք, (...):
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վնաս պատճառելու հետևանքով հարաբերությունների ծագման համար անհրաժեշտ պայմանների առկայության հարցին, արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տե´ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապահովագրական հատուցումն ապահովագրական պատահարի դեպքում ապահովագրողի կողմից տուժողին կամ օրենքով և (կամ) ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված դեպքերում այլ անձանց վճարման ենթակա գումարն է: Ընդ որում, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի իմաստով ապահովագրական հատուցում է նաև նույն օրենքի 49-րդ հոդվածով նախատեսված դեպքերում Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին Բյուրոյի կողմից տուժած անձանց պատճառված վնասների հատուցումը, եթե այլ բան սահմանված չէ նույն օրենքով կամ չի բխում կոնկրետ դրույթի իմաստից: Այսինքն՝ օրենսդիրն ամրագրել է տուժած անձանց պատճառված վնասների հատուցման իրավունքը Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին, այն պայմաններում, երբ վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ապահովագրողն օրենքով նախատեսված հիմքերի առկայության պայմաններում հնարավորություն ունի հետադարձ պահանջի միջոցով հետ ստանալու իր կողմից կատարված հատուցումը:
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասով Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին տուժած անձանց պատճառված վնասների հատուցման իրավունքին զուգահեռ, օրենսդիրը նաև սահմանել է ապահովագրողի հետադարձ պահանջի իրավունքը վնաս պատճառած անձի և/կամ վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ:
Այսինքն՝ օրենքով նախատեսված դեպքերում ապահովագրական հատուցումը տրամադրելու պահից սկսած այդ գումարի շրջանակներում հետադարձ պահանջի իրավունքը վնաս պատճառած անձի և/կամ վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ անմիջականորեն փոխանցվում է ապահովագրողին:
Մասնավորապես, օրենսդիրը նման պայման է նախատեսել նաև այն դեպքերի համար, երբ վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր և ապահովագրական հատուցումն իրականացվում է Բյուրոյի կողմից Երաշխավորման ֆոնդի հաշվին: Հետևաբար, տուժող կողմին ապահովագրական ընկերության կողմից հատուցում վճարելու դեպքում վերջինս հետադարձ պահանջ կարող է ներկայացնել բացառապես «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում, որոնք վնաս պատճառած անձի և վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ հետադարձ պահանջով դիմելու իրավունք ձեռք բերելու հիմքերի մեջ, inter alia, ներառում են վնասի պատճառումն այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր:
Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով այն դեպքերին, երբ արդեն իսկ հաստատվել է վնասի առկայությունը, Երաշխավորման ֆոնդի հաշվին հատուցվել է տուժողին պատճառված վնասը և Բյուրոյի մոտ ծագել է հետադարձ պահանջի իրավունքը, այն է` հաստատվել է վնաս պատճառած անձի պարտավորությունը Բյուրոյի հանդեպ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում քննարկման առարկա դարձնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառման համար առանցքային նշանակություն ունեցող հարցը՝ վճարային պարտավորության կետանցի պահը պարզելու հանգամանքը։
Այսպես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե պարտավորությունը նախատեuում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա oրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ oրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ այն դեպքերում, երբ պարտավորությունը կատարման ժամկետ չի նախատեսում և ժամկետի որոշման պայմաններ չի պարունակում, այն պետք է կատարվի պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների: Նույն կետով նախատեսված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով (...):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ պարտավորությունը պետք է կատարվի պատշաճ: Այսպես` պարտավորության ուժով պարտապանը պարտավոր է պարտատիրոջ օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Հակառակ դեպքում` պարտավորությունը խախտողի նկատմամբ առաջանում են որոշակի բացասական հետևանքներ: Մասնավորապես, եթե այդ պարտավորական հարաբերություններն ունեն դրամային բնույթ, և դրա ուժով պարտապանը պարտավոր է վճարել դրամ, ապա այդ դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու համար այդ գումարին վճարվում են նաև տոկոսներ (տե՛ս, «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ն ընդդեմ Հայկանուշ Գրիգորյանի և մյուսների թիվ ԵԿԴ/1060/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի վերլուծությանը: ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, նշել է, որ դրամական պարտավորությունը չկատարելու համար գումարին տոկոսներ վճարելու պարտավորության ծագման հիմքն ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելն է (տե՛ս, օրինակ, Արամ Հայրապետյանն ընդդեմ Նորիկ Գզիրյանի և մյուսների թիվ 3-502/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.09.2008 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը վրա է հասնում հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
- ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում, և
- եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով կամ օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար:
Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման, եթե առկա է դրամային պարտավորություն, որի կատարումը խախտվել է, կամ այն չի կատարվել (տե՛ս, «Գագարին» սերմնաբուծական սպառողական կոոպերատիվն ընդդեմ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ ԵԿԴ/0735/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգավորումը դրամական պարտավորությունը խախտելու համար նախատեսված պատասխանատվության ընդհանուր կանոն է: Այսինքն՝ նշված կարգավորումը գործում է դրամական պարտավորությունների խախտման բոլոր այն դեպքերում, երբ այլ կարգավորում նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Ընդ որում, եթե այլ կարգավորում նախատեսված է կոնկրետ ժամանակահատվածի համար, ապա այդ ժամանակահատվածի ավարտից հետո նույնպես գործում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության ընդհանուր կանոնը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգավորումը՝ որպես ընդհանուր կանոն, չի գործում այն դեպքերում, երբ պատասխանատվության հստակ չափ և կարգավորում նախատեսվում է օրենքով կամ պայմանագրով՝ որպես հատուկ կանոն (տե՛ս, Ռազմիկ Ուզունյանն ընդդեմ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/3908/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
Վերահաստատելով և զարգացնելով վերոգրյալ դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը հստակեցրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվարկը պետք է կատարել սկսած կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` սահմանելով նաև, որ նույն հոդվածով նախատեսված կարգը կիրառելի է բացառապես այն դեպքերի համար, երբ հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Այսինքն` վիճարկվող գումարը վերադարձնելու պարտականության ծագման պահից սկսած, երբ անձը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում այդ պարտականությունը, առաջ է գալիս ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված պարտավորության կատարման կետանցում: Նման պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգավորումները կիրառելու համար էական նշանակություն ունի այն հարցերի պարզաբանումը, թե որ դրամական հարաբերությունների նկատմամբ է կիրառելի նշված իրավանորմի կանոնը և որ պահից է դրամական պարտավորությունը որակվում կետանցված:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը` տոկոսների հաշվարկը և բռնագանձումը, կիրառելի է այնպիսի իրավահարաբերությունների նկատմամբ, որտեղ պարտապանը պարտատիրոջը պարտավոր է վերադարձնել իր մոտ առկա` վերջինիս պատկանող դրամական միջոցը, սակայն խուսափում է դրանք վերադարձնելուց կամ պարտավորությունը կատարում է անպատշաճ։ Նշվածից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսների բռնագանձումը պատասխանատվության միջոց է, որը կիրառելի է պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում: Ընդ որում, նշված հոդվածով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման պարտավորության կատարման ժամկետի ավարտից սկսած մինչև գումարը վերադարձնելու օրը։ Հետևաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերության դրույթը կիրառելու համար հարկ է պարզել, թե որ պահից սկսած է պարտապանի մոտ առաջացել պարտավորության կետանցը, որի արդյունքում վերջինիս մոտ պահվել կամ այլ անձի հաշվին անհիմն ստացվել կամ խնայվել է գումար:
Հաշվի առնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել այն հանգամանքը, թե վիճելի իրավահարաբերության մեջ պարտապանի մոտ որ պահից սկսած է ծագել պարտավորության կետանցը: Նշված հանգամանքը սույն վեճի լուծման համար ունի էական նշանակություն, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածում ամրագրված դրույթների կիրառությունն ուղղակիորեն պայմանավորված է պարտապանի կողմից կետանցման պահի բացահայտմամբ:
Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի իրավունքի հիման վրա վերջինիս վճարման ենթակա գումարի նկատմամբ կետանցի պահից մինչև պարտավորության փաստացի կատարումը ենթակա են վճարման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները:
Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածով օրենսդիրն անդրադարձել է պարտավորության կատարման ժամկետներին` ամրագրելով, որ՝
1. եթե պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ օրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին,
2. այն դեպքերում, երբ պարտավորությունը կատարման ժամկետ չի նախատեսում և ժամկետի որոշման պայմաններ չի պարունակում, այն պետք է կատարվի պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում,
3. ողջամիտ ժամկետում չկատարված պարտավորությունը, ինչպես նաև այն պարտավորությունը, որի կատարման ժամկետը որոշվում է պահանջի պահով, պարտապանը պարտավոր է կատարել այդ մասին պարտատիրոջ պահանջի ներկայացման օրվանից հետո` յոթնօրյա ժամկետում, եթե պարտավորության կատարման այլ ժամկետ չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պարտավորության պայմաններից, գործարար շրջանառության սովորույթներից կամ պարտավորության էությունից:
Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ պարտավորության կատարման համար որևէ ժամկետ նախատեսված չէ կամ նախատեսված է ցպահանջ, ապա պարտավորության ծագումը կախման մեջ է դրվում պարտատիրոջ կողմից պահանջ ներկայացնելու իրավաբանական փաստով (փաստի ծագմամբ): Նման պայմաններում օրենսդիրը հստակեցրել է, որ պարտավորությունները պետք է կատարվեն պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում: Հակառակ պարագայում` պարտավորության չկատարման դեպքում, կիրառելի է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը:
Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված պարտավորության կատարման կետանցումն առաջ է գալիս վիճարկվող գումարը վերադարձնելու պարտականության ծագման պահից սկսած, երբ անձը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում այդ պարտականությունը: Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածում ամրագրված դրույթների կիրառությունն ուղղակիորեն պայմանավորված է պարտապանի կողմից կետանցման պահի բացահայտմամբ: Ընդ որում, այն դեպքում, երբ պարտավորության կատարման համար ժամկետ նախատեսված չէ` դա պետք է կատարվի պարտավորության ծագումից` ողջամիտ ժամկետում: Միաժամանակ` այդ ժամկետում պարտավորության չկատարման դեպքում օրենքով սահմանված կարգով կիրառվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը (տե՛ս, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ն ընդդեմ Արթուր Սարգսյանի և Արմեն Կարապետյանի թիվ ԵԴ/29755/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.03.2021 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ 24.04.2018 թվականին ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ Լոռու մարզի Օձուն գյուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում միմյանց են բախվել Կառլեն Սայադյանի վարած «VAZ-21063» մակնիշի 24 OS 440 հ/հ ավտոմեքենան և Գալուստ Հախինյանի կողմից վարած «VAZ-21074» մակնիշի 37 RR 007 հ/հ ավտոմեքենան: Վարորդները պատահարի առաջացման մեջ իրենց մասամբ մեղավոր են համարել:
ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայության պետ Ե. Կարապետյանի 16.07.2018 թվականի գրության համաձայն` «VAZ-21074» մակնիշի 37 RR 007 հ/հ ավտոմեքենան 18.01.2018 թվականից մինչ գրության տրման օրվա դրությամբ հաշվառված է եղել Սասուն Հախինյանի անվամբ, իսկ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայության պետի տեղակալ Ա. Տոնոյանի 27.07.2018 թվականի գրության համաձայն` «VAZ-21063» մակնիշի 24 OS 440 հ/հ ավտոմեքենան 11.07.2018 թվականից մինչ գրության տրման օրվա դրությամբ հաշվառված է եղել Արարատ Եսայանի անվամբ:
29.06.2018 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ Արարատ Եսայանի մահից հետո նրա գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում դուստրը՝ Աշխեն Եսայանը:
Բյուրոյի 13.07.2018 թվականի տեղեկանքի համաձայն` պատահարի պահին «VAZ-21063» մակնիշի 24 OS 440 հ/հ ավտոմեքենան ունեցել է ԱՊՊԱ պայմանագիր «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի հետ:
«VAZ-21063» մակնիշի 24 OS 440 հ/հ ավտոմեքենայի սեփականատեր Աշխեն Եսայանը 14.05.2018 թվականին ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմում է ներկայացրել «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ:
«Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի 24.05.2018 թվականի վնասների գնահատման փորձաքննություն իրականացնող փորձագետի թիվ SA 18/07436/01 եզրակացության համաձայն` գույքային վնասի չափը կազմել է 442.500 ՀՀ դրամ:
«Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի «Ապահովագրական հատուցումը վճարելու /մերժելու/ վերաբերյալ» 13.07.2018 թվականի որոշում-ծանուցմամբ որոշվել է Աշխեն Եսայանին փոխհատուցել 221.250 ՀՀ դրամ գումար:
«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի 25.07.2018 թվականի թիվ 23407 վճարման հանձնարարականի համաձայն՝ «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի կողմից Աշխեն Եսայանին փոխանցվել է 221.250 ՀՀ դրամ:
Բյուրոյի կանոններով սահմանված փոխադարձ հաշվարկի իրականացման վերաբերյալ 30.10.2018 թվականի տեղեկանքի համաձայն՝ Բյուրոն «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ին է վճարել 221.250 ՀՀ դրամ գումար:
Բյուրոն 26.07.2018 թվականին Սասուն Հախինյանին և Գալուստ Հախինյանին է ուղարկել 221.250 ՀՀ դրամ պարտավորության վերաբերյալ վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրացման ծանուցում։ Ծանուցման 2-րդ կետի համաձայն՝ Բյուրոն երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ պատճառված վնասը, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր՝ համապատասխանաբար հետադարձ պահանջի իրավունք ստանալով վնաս պատճառած անձի և ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ, որոնք Բյուրոյի նկատմամբ հանդես են գալիս որպես համապարտ պարտապաններ:
Միաժամանակ ծանուցման 7-րդ կետի համաձայն՝ որպես պարտավորության մարման հնարավոր 1-ին տարբերակ առաջարկվել է ծանուցման ամսաթվից հետո առավելագույնը 2 ամսվա ընթացքում վճարել պարտավորության ամբողջ գումարն առանց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների: Որպես պարտավորության մարման հնարավոր 2-րդ տարբերակ առաջարկվել է հատուցումը վճարելու որոշման ամսաթվից հետո առավելագույնը 2 ամսվա ընթացքում վճարել առնվազն 75.000 ՀՀ դրամ և Բյուրոյի հետ կնքել համաձայնագիր` պարտավորության մնացորդային գումարը` ներառյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներն առավելագույնը 6 ամսվա ընթացքում` ամսական առնվազն 1/6 չափով հավասարաչափ մարումներ կատարելու միջոցով վճարելու վերաբերյալ: Բյուրոյի կողմից Սասուն Հախինյանին և Գալուստ Հախինյանին ուղարկված ծանուցումները վերջիններիս կողմից ստացվել է 31.07.2018 թվականին:
Սասուն Հախինյանի և Գալուստ Հախինյանի կողմից Բյուրոյին որևէ վճարում 30.09.2018 թվականի դրությամբ չի կատարվել։
Սույն գործով Դատարանը մերժել է հայցը պատճառաբանելով, որ հայցվորն իր պահանջի հիմքում դրել է «VAZ-21074» մակնիշի «37 RR 007» համարանիշի ավտոմեքենայի վերաբերյալ պատահարի պահին ԱՊՊԱ պայմանագիր առկա չլինելու հանգամանքը, սակայն հայցվորի կողմից Դատարան ներկայացված ոչ մի փաստաթղթերով չի ապացուցվում նշված ավտոմեքենայի՝ ապահովագրական պատահարի պահին ԱՊՊԱ պայմանագիր չունենալու հանգամանքը։ Այսինքն՝ հայցվորը չի ապացուցել հետադարձ պահանջի իրավունքի ծագման հիմքերի առկայությունը։
Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ մասնակիորեն բավարարել է Բյուրոյի բողոքը` արձանագրելով, որ «(…) Դատարանի կողմից արված եզրահանգումներն ոչ իրավաչափ են, քանի որ հայցադիմումին կցվել են պահանջը հիմնավորող առավել քան բավարար և արժանահավատ փաստաթղթեր», իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ բռնագանձելու պահանջի մասով Վերաքննիչ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվարկման սկիզբ պետք է համարել սույն գործով պատասխանողներ Սասուն Հախինյանից և Գալուստ Հախինյանից 221.250 ՀՀ դրամ գումարի բռնագանձման մասին Վերաքննիչ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելու օրը, քանի որ պատասխանողների համար հայցվորի դրամական միջոցների հատուցման պարտականությունը սահմանվում է Վերաքննիչ դատարանի որոշմամբ և դրամական միջոցների հատուցում կատարելու պարտականությունը ծագում է տվյալ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրը։
Վճռաբեկ դատարանն անդրադառնալով Վերաքննիչ դատարանի դիրքորոշման հիմնավորվածությանը` արձանագրում է, որ սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունի այն հարցի պարզաբանումը, թե Սասուն Հախինյանի և Գալուստ Հախինյանի մոտ երբ է առաջացել վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքով վիճելի գումարները Բյուրոյին վճարելու պարտականությունը:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն քաղաքացիական գործով կողմերի միջև իրավահարաբերությունները ծագել են ապահովագրության ոլորտում, մասնավորապես` Բյուրոյի, տուժող` Աշխեն Եսայանի, և վնաս պատճառած անձանց` Սասուն Հախինյանի և Գալուստ Հախինյանի միջև: Այսինքն՝ Աշխեն Եսայանին հատուցվել է Գալուստ Հախինյանի կողմից պատճառված վնասը, իսկ Բյուրոն ‹‹Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին›› ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ձեռք է բերել հետադարձ պահանջի իրավունք, ինչը հաստատվել է նաև ստորադաս դատարանի կողմից:
Այսինքն՝ ‹‹Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին›› ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Բյուրոն ունի հետադարձ պահանջի ուժով տուժողին վճարված 221.250 ՀՀ դրամ գումարը Սասուն Հախինյանից և Գալուստ Հախինյանից ստանալու իրավունք, իսկ վերջիններս ունեն այդ գումարը Բյուրոյին հանձնելու պարտականություն:
Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտավորության կատարման պահի առաջ գալը պայմանավորված է կոնկրետ որոշակի ժամանակահատվածի կամ հանգամանքի վրա հասնելով կամ ավարտով և տվյալ դեպքում Սասուն Հախինյանի և Գալուստ Հախինյանի մոտ Բյուրոյի հանդեպ պարտավորությունը ոչ թե ծագել է Վերաքննիչ դատարանի որոշմամբ, այլ որոշմամբ հաստատվել է արդեն իսկ առկա` Սասուն Հախինյանի և Գալուստ Հախինյանի կողմից կատարման ենթակա, սակայն չկատարված պարտավորությունը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վեճին լուծում տալու և պարտավորության կետանցի պահը որոշելու համար, Վերաքննիչ դատարանը պարտավոր էր ելակետային համարել ոչ թե իր կողմից կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, այլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի իրավակարգավորումը:
Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ պարտավորության կետանցը վրա է հասնում պահանջի իրավաբանական փաստի իրացման արդյունքում: Ընդ որում, նույն հոդվածի իրավակարգավորումից հետևում է նաև, որ պարտավորությունը պարտատիրոջ կողմից պահանջված կարող է համարվել բոլոր այն դեպքերում, երբ պարտապանն իրազեկված է պահանջի մասին: Նշվածից բացառություն են կազմում այն դեպքերը, երբ պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը (այսինքն, երբ պարտավորությունը ժամկետային է):
Հետևաբար` սույն վեճի լուծման և պարտավորության կետանցի պահը որոշելու համար, վերը ներկայացված իրավանորմի կիրառմամբ, նախ հարկավոր է տարանջատել Սասուն Հախինյանի և Գալուստ Հախինյանի կողմից Բյուրոյի հետադարձ պահանջի հանդեպ վճարման պարտականության ծագման պահը վճարման ծանուցման պահից:
Տվյալ դեպքում, այն պահից, երբ Սասուն Հախինյանի և Գալուստ Հախինյանի մոտ ծագել է Բյուրոյին վիճարկվող գումարը վերադարձնելու պարտականություն, այդ պարտականության չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը ենթակա է որակման որպես պարտավորության կատարման կետանցում: Այն հարցը, թե երբ է վերջիններիս մոտ ծագել վիճարկվող գումարի վերադարձման պարտականությունը, պայմանավորված է այն ժամանակահատվածի վրա հասնելու հանգամանքով, որի դեպքում պատասխանող կողմը պարտավորված է եղել կատարելու օրենքով նախատեսված գումարի վճարման պահանջը:
«Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի «Ապահովագրական հատուցումը վճարելու /մերժելու/ վերաբերյալ» 13.07.2018 թվականի որոշում-ծանուցմամբ որոշվել է Աշխեն Եսայանին փոխհատուցել 221.250 ՀՀ դրամ գումար: Միաժամանակ Բյուրոյի կողմից վերոնշյալ պարտավորության վերաբերյալ Սասուն Հախինյանին և Գալուստ Հախինյանին ուղարկվել են 26.07.2018 թվականի թիվ Բ/18-04693 վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման ծանուցումները:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բյուրոյի կողմից Սասուն Հախինյանին և Գալուստ Հախինյանին ուղարկված ծանուցումներից հետևում է, որ որպես պարտավորության մարման հնարավոր տարբերակ վերջիններիս առաջարկվել է ծանուցման ամսաթվից հետո առավելագույնը 2 ամսվա ընթացքում վճարել պարտավորության ամբողջ գումարն առանց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների: Որպես պարտավորության մարման այլընտրանքային տարբերակ առաջարկվել է հատուցումը վճարելու որոշման ամսաթվից հետո առավելագույնը 2 ամսվա ընթացքում վճարել առնվազն 75.000 ՀՀ դրամ և Բյուրոյի հետ կնքել համաձայնագիր` պարտավորության մնացորդային գումարը` ներառյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներն առավելագույնը 6 ամսվա ընթացքում` ամսական առնվազն 1/6 չափով հավասարաչափ մարումներ կատարելու միջոցով վճարելու վերաբերյալ։ Մինչդեռ Սասուն Հախինյանը և Գալուստ Հախինյանը 31.07.2018 թվականին ստանալով ծանուցումները՝ 30.09.2018 թվականի դրությամբ (2 ամսվա ընթացքում) Բյուրոյին որևէ վճարում չեն կատարել։ Հետևաբար սույն գործով հայտնի է Սասուն Հախինյանի և Գալուստ Հախինյանի կողմից Բյուրոյի հետադարձ պահանջի համաձայն վճարման պարտականության ծագման պահը (30.09.2018 թվական) և կետանցի օրը (01.10.2018 թվական): Ուստի սույն գործով 221.250 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումը պետք է կիրառել 01.10.2018 թվականից մինչև պարտավորության կատարման օրը։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի ակտն մասնակիորեն բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ․
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում Վերաքննիչ դատարանի դատական ակտը ենթակա է մասնակի բեկանման և փոփոխման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ Սասուն Հախինյանից և Գալուստ Հախինյանից հօգուտ Բյուրոյի պետք բռնագանձել 10.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.03.2021 թվականի որոշումը մասնակիորեն՝ 221.250 ՀՀ դրամի նկատմամբ սկսած դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսի գումարները բռնագանձելու մասով, բեկանել և փոփոխել այն՝ 221.250 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսի գումարները Սասուն Հախինյանից և Գալուստ Հախինյանից համապարտության կարգով հօգուտ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի բռնագանձել սկսած 01.10.2018 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:
2. Սասուն Հախինյանից և Գալուստ Հախինյանից համապարտության կարգով հօգուտ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Ն. Տավարացյան |
Ս. Անտոնյան | |
Ա. Բարսեղյան | |
Հ. Բեդևյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Ս. Միքայելյան | |
Ա. Մկրտչյան | |
Տ. Պետրոսյան | |
Է. Սեդրակյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2022 թվական: