Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 32
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.05.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
24.04.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 ապրիլի 2017 թվականի

թիվ 32

քաղ. Մոսկվա

 

«ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 7-րդ և 44-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ «Բնական մենաշնորհների հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» հիմնադրույթը։

2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հունիսի 28-ի «Բնական մենաշնորհների հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» թիվ 97 որոշման 2-րդ կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի ապրիլի 24-ի

թիվ 32 որոշմամբ

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ

 

բնական մենաշնորհների հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Բնական մենաշնորհների հարցերով խորհրդատվական կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ստեղծվում է «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) թիվ 1 հավելված) համապատասխան՝ բնական մենաշնորհների հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) համար առաջարկներ մշակելու և առաջարկություններ նախապատրաստելու նպատակով։

2. Իր գործունեության ընթացքում Կոմիտեն առաջնորդվում է Պայմանագրով, Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերով և ակտերով, ինչպես նաև սույն հիմնադրույթով:

 

II. Կոմիտեի հիմնական խնդիրները

 

3. Կոմիտեի հիմնական խնդիրներն են բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորմանն առնչվող՝ Պայմանագրի դրույթների իրագործման հարցերով խորհրդակցությունների անցկացումը և Հանձնաժողովի համար առաջարկների ու առաջարկությունների ձևավորումը։

4. Իրեն վերապահված խնդիրների իրագործման համար Կոմիտեն ուսումնասիրում է հետևյալ հարցերը՝

ա) բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորմանն առնչվող միջազգային պայմանագրերի և Միության մարմինների ակտերի իրագործում

բ) Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ)՝ բնական մենաշնորհների ոլորտին առնչվող օրենսդրության ներդաշնակեցում և համապատասխան միջոցների իրականացման հետևողականության սահմանում

գ) մոտարկման ենթակա՝ անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի ցանկի ձևավորում

դ) անցկացվող աշխատանքի արդյունքների վերաբերյալ տեղեկատվության նախապատրաստում՝ «Բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների ու կանոնների մասին» արձանագրության 20-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան։

 

III. Կոմիտեի կազմը

 

5. Կոմիտեի կազմը ձևավորվում է անդամ պետությունների պետական իշխանության այն մարմինների ղեկավարներից (ղեկավարների տեղակալներից) ու լիազորված ներկայացուցիչներից, որոնց իրավասությանն են վերապահված բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման հետ կապված հարցերը, ինչպես նաև անդամ պետությունների պետական իշխանության այլ մարմինների, գործարար համայնքների, գիտական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից ու այլ անկախ փորձագետներից։

6. Կոմիտեի կազմը հաստատվում է Հանձնաժողովի կոլեգիայի կարգադրությամբ:

7. Կոմիտեի նիստերը նախագահում և Կոմիտեի աշխատանքի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հանձնաժողովի կոլեգիայի այն անդամը, որի իրավասությանն են վերապահված բնական մենաշնորհների հետ կապված հարցերը (այսուհետ՝ Կոմիտեի նախագահ):

8. Կոմիտեի նախագահը՝

ա) ղեկավարում է Կոմիտեի գործունեությունը և կազմակերպում է Կոմիտեին վերապահված խնդիրների կատարման աշխատանքները.

բ) համաձայնեցնում և հաստատում է Կոմիտեի նիստի օրակարգը, որոշում է դրա անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը.

գ) վարում է Կոմիտեի նիստերը.

դ) հաստատում է Կոմիտեի նիստերի արձանագրությունները.

ե) տեղեկացնում է անհրաժեշտության դեպքում Կոլեգիային և Հանձնաժողովի խորհրդին Կոմիտեի կողմից մշակված արձանագրային որոշումների մասին.

զ) ընդունում է որոշումներ՝ աշխատանքային խմբեր ստեղծելու վերաբերյալ

է) կազմում և հաստատում է Կոմիտեի աշխատանքի ծրագրերը՝ Կոմիտեի անդամների հետ համաձայնեցմամբ

ը) ներգրավում է Կոմիտեի անդամ չհանդիսացող անձանց Կոմիտեի աշխատանքին (անհրաժեշտության դեպքում)։

 

IV. Կոմիտեի աշխատակարգը

 

9. Կոմիտեի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության (այդ թվում՝ Կոմիտեի անդամների նախաձեռնությամբ), սակայն ոչ պակաս, քան տարին 2 անգամ։

10. Կոմիտեի նախագահի բացակայության դեպքում իր՝ սույն հիմնադրույթի 8-րդ կետով նախատեսված գործառույթները կատարում է Հանձնաժողովի այն դեպարտամենտի ղեկավարը, որի իրավասությանն են վերապահված Կոմիտեի գործունեության ուղղությունների հետ կապված հարցերը։

11. Կոմիտեի նիստի օրակարգի նախագիծը, դրան կցվող նյութերը, ինչպես նաև Կոմիտեի նիստի անցկացման ամսաթվի ու վայրի վերաբերյալ տեղեկատվությունը Կոմիտեի անդամներին ուղարկվում է ոչ ուշ, քան համապատասխան նիստի անցկացման օրվանից 30 օրացուցային օր առաջ։

12. Կոմիտեի նիստի օրակարգին կցվող հիմնական նյութերը ներառում են՝

ա) ուսումնասիրվող հարցերին առնչվող տեղեկանքներ.

բ) ուսումնասիրման համար առաջարկվող փաստաթղթերի նախագծեր (առկայության դեպքում).

գ) արձանագրային որոշումների նախագծեր.

դ) անհրաժեշտ տեղեկատվական և վերլուծական նյութեր։

13. Կոմիտեի անդամների առաջարկները, այդ թվում՝ Կոմիտեի նիստի օրակարգում չներառված լրացուցիչ հարցերի ուսումնասիրման վերաբերյալ, և համապատասխան նյութերը Կոմիտեի նախագահին ուղարկվում են ոչ ուշ, քան Կոմիտեի նիստի անցկացման օրվանից 15 օրացուցային օր առաջ։

Կոմիտեի անդամներից ստացված առաջարկների վերաբերյալ տեղեկատվությունը Կոմիտեի անդամներին ուղարկվում է ոչ ուշ, քան առաջարկների ստացման օրվանից 3 աշխատանքային օր հետո։

14. Կոմիտեի անդամները Կոմիտեի նիստերին մասնակցում են անձամբ՝ առանց փոխարինման իրավունքի։

Այն դեպքում, երբ Կոմիտեի անդամի ներկայությունը նիստին հնարավոր չէ, ուսումնասիրվող հարցերի շուրջ իր դիրքորոշումը նա գրավոր ներկայացնում է Կոմիտեի նախագահին ոչ ուշ, քան նիստի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ։

15. Կոմիտեի նիստերի արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ, որը մակագրվում է Կոմիտեի ներկա գտնվող անդամների կողմից և ստորագրվում է Կոմիտեի նախագահի կողմից։

16. Խորհրդի որոշումները հանձնարարական բնույթ են կրում:

17. Կոմիտեի նիստի արձանագրության պատճենները Կոմիտեի անդամներին ուղարկվում են այն ստորագրելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում, բնօրինակը պահվում է Հանձնաժողովի տրանսպորտի ու ենթակառուցվածքի դեպարտամենտի բնական մենաշնորհների բաժնում։

18. Կոմիտեի նիստերը, որպես կանոն, անցկացվում են Հանձնաժողովի շինություններում:

Կոմիտեի նիստը կարող է անցկացվել ցանկացած անդամ պետությունում՝ Կոմիտեի անդամների առաջարկների հիման վրա ընդունվող՝ Կոմիտեի նախագահի որոշմամբ։ Այդ դեպքում ընդունող անդամ պետության լիազորված մարմինն աջակցություն է ցուցաբերում Կոմիտեի նիստի կազմակերպման և անցկացման հարցում:

Կոմիտեի նախագահի որոշմամբ Կոմիտեի նիստը կարող է անցկացվել տեսաժողովի ռեժիմով:

19. Կոմիտեի նիստերին անդամ պետությունների պետական իշխանության մարմինների լիազորված ներկայացուցիչների մասնակցության հետ կապված ծախսերը կրում են նրանց ուղարկող անդամ պետությունները:

Կոմիտեի նիստերին գործարար համայնքների, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, այլ անկախ փորձագետների մասնակցության հետ կապված ծախսերը նշված անձինք հոգում են ինքնուրույն:

20. Կոմիտեի գործունեության կազմակերպատեխնիկական ապահովումն իրականացնում է Հանձնաժողովը:

21. Կոմիտեի գործունեությունը դադարեցնելու համար հիմք է Հանձնաժողովի կոլեգիայի որոշումը:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: