ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/11106/05/172022 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/11106/05/17 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Մ. Դրմեյան | |
Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան | ||
Հ. Բեդևյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Ա. Մկրտչյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2022 թվականի ապրիլի 08-ին
գրավոր ընթացակարգով քննելով Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.10.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Քնարիկ Հարությունյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Ա. Մարտիրոսյանի 13.09.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-34/1 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Քնարիկ Հարությունյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի 13.09.2017 թվականի թիվ Վ-34/1 որոշումը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ս. Հովակիմյան) (այսուհետ՝ Դատարան) 28.06.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 23.10.2019 թվականի որոշմամբ Քնարիկ Հարությունյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 28.06.2018 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը բավարարվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետարանը (ներկայացուցիչ՝ Հարություն Թունյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, ճիշտ չի հետազոտել գործում առկա բոլոր ապացույցները։
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ կատարված իրավախախտման օրվա, ժամի և վայրի մասին իրավախախտման դեպքը հայտնաբերելու պահին կատարված լուսանկարները քննվող գործով վերաբերելի և թույլատրելի ապացույցներ են:
Բացի այդ, անհիմն և չպատճառաբանված է Վերաքննիչ Դատարանի կողմից արձանագրության վերաբերյալ կատարված դատողությունը, քանի որ, վարչական վարույթի նյութերում առկա «Արձանագրություն» վերտառությամբ 29.08.2017 թվականին կազմված փաստաթղթի համաձայն՝ թիվ 025536 արձանագրությունը կազմվել է իրավախախտման վայրում՝ Ամիրյան փողոցի թիվ 8 շենքի տարածք և թիվ 3 բնակարան հասցեում, որի արդյունքում որոշվել է արձանագրության օրինակը առաքել իրավախախտում կատարած անձ Քնարիկ Միքայելի Հարությունյանի հաշվառման հասցեով:
Միաժամանակ, ՀՀ կառավարություն 19.03.2015 թվականի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 596-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն` հայցվոր Քնարիկ Միքայելի Հարությունյանի կողմից իրականացված շինարարական աշխատանքների համար պահանջվում է համապատասխան շինարարության թույլտվություն, ինչը տվյալ դեպքում բացակայել է:
Փաստորեն, վիճարկվող վարչական ակտն իրավաչափ է, և հայցվորն իրավաչափորեն է ենթարկվել վարչական պատասխանատվության, և ստորադաս դատարանը եկել է սխալ եզրահանգման` խախտելով վերոհիշյալ իրավանորմերը և փաստական հանգամանքները, որի արդյունքում կայացրել է սխալ դատական ակտ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.10.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 28.06.2018 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 3-րդ բաժնի գլխավոր մասնագետ Արամ Կարապետյանի կողմից 26.01.2017 թվականին կազմվել է թիվ 025227 արձանագրությունը, համաձայն որի` Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծով» 25.01.2017 թվականին ստացված ահազանգի հիման վրա կատարված տեղատեսությամբ հայտնաբերվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում, մասնավորապես` քաղաքացի Քնարիկ Միքայելի Հարությունյանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող Ամիրյան փողոցի թիվ 8 շենքի տարածք և թիվ 3 բնակարան հասցեում ինքնակամ իրականացվել է ներքին կրող պատի քանդման և այդ հատվածում բացվածքի իրականացման շինարարական աշխատանքներ, որոնք իրականացվել են 2017 թվականի հունվարի 24-ին և 25-ին (հատոր 1-ին, գ.թ. 44-45):
2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ` Ա. Մարտիրոսյանի կողմից 08.02.2017 թվականին կայացված «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-4/1 որոշմամբ քաղաքացի Քնարիկ Միքայելի Հարությունյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ենթարկվել է վարչական պատասխանատվության` նշանակելով վարչական տույժ` 200.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 41-42)։
3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 3-րդ բաժնի գլխավոր մասնագետ Արամ Կարապետյանի կողմից 29.08.2017 թվականին կազմվել է թիվ 025536 արձանագրությունը, համաձայն որի` 26.01.2017 թվականին քաղաքացի Քնարիկ Հարությունյանի նկատմամբ կազմված թիվ 025227 արձանագրության հիման վրա Երևանի քաղաքապետարանի կողմից 08.02.2017 թվականին ընդունված թիվ Վ-4/1 որոշմամբ նշանակված տուգանքից հետո` 2017 թվականի հուլիս ամսվա վերջին, կատարված լրացուցիչ տեղատեսությամբ պարզվել է, որ Ամիրյան փողոցի թիվ 8 շենքի տարածք և թիվ 3 բնակարանում` առանց համապատասխան թույլտվության, շարունակվել են շինարարական աշխատանքները, մասնավորապես` բացվածքների իրականացման աշխատանքները հասցվել են ավարտին և իրականացվել է տարածքի վերահատակագծման (վերակառուցման) աշխատանքներ (հատոր 1-ին, գ.թ. 37-38)։
4. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ` Ա. Մարտիրոսյանի կողմից 13.09.2017 թվականին կայացված «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-34/1 որոշմամբ քաղաքացի Քնարիկ Միքայելի Հարությունյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ենթարկվել է վարչական պատասխանատվության` նշանակելով վարչական տույժ` 2.500.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 6-7)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը կարևորում է հետևյալ իրավական հարցադրման պարզաբանումը. արդյո՞ք անձը ենթակա է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով, եթե ինքնակամ շինարարական աշխատանքների համար առաջին անգամ վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո շարունակել է կատարել ինքնակամ շինությունն ավարտին հասցնելուն և դրա բնականոն շահագործումն ապահովելուն ուղղված շինարարական աշխատանքներ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, (...) առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքներ կատարել շարունակելը նույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հազար հինգ հարյուրապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Այդ տվյալները հաստատվում են հետևյալ միջոցներով` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացատրություններով, տուժողի, վկաների ցուցմունքներով, փորձագետի եզրակացությամբ, իրեղեն ապացույցներով, իրեր և փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ արձանագրությամբ, ինչպես նաև այլ փաստաթղթերով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 252-րդ հոդվածի համաձայն` մարմինը (պաշտոնատար անձը) ապացույցները գնահատում է իր ներքին համոզմունքով, որը հիմնված է գործի` իրենց ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա, ղեկավարվելով օրենքով (...):
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում. արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ. արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության. կան, արդյոք, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ. պատճառվել է, արդյոք, գույքային վնաս, (...), ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում հստակ սահմանել է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրները: Դրանցից են՝ յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, գործն օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն իրականացվում են նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման միջոցով, որն իր մեջ ներառում է նաև ապացույցների բացահայտումը, հավաքագրումը և դրանց պատշաճ ձևակերպումը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթում ապացույցներ են համարվում այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով հաստատում են գործի հանգամանքները, վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունն այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Սակայն ցանկացած փաստական տվյալ չէ, որ կարող է համարվել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի ապացույց: Փաստական տվյալները կարող են համարվել ապացույց, եթե, առաջին, բովանդակում են տվյալներ վարչական իրավախախտման կամ դրա բացակայության մասին, տվյալ անձի մեղավորության կամ անմեղության մասին, ինչպես նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների մասին, և երկրորդ` այդ փաստական տվյալների բացահայտման, հավաքագրման և ձևակերպման գործընթացները պետք է համապատասխանեն օրենսդրության պահանջներին: Այսպիսով, օրենսդիրը միանշանակ պարտավորեցնում է վարչական մարմնին պարզելու գործի փաստական հանգամանքները և բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկել դրանք: Վարչական մարմինն օրենքով սահմանված կարգով պետք է պարզի այն բոլոր փաստական հանգամանքները, որոնք, ըստ համապատասխան օրենքի, անհրաժեշտ են կոնկրետ վարչական ակտն ընդունելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս համապատասխան վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է արդյո՞ք վարչական իրավախախտումը, և արդյո՞ք անձը մեղավոր է այն կատարելու մեջ: Նշված հարցերը պարզելու համար վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պետք է ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ և ղեկավարվելով օրենքով` գնահատի գործով ձեռք բերված ապացույցները: Վերը նշվածն իրականացնելու համար համապատասխան վարչական մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս պետք է պատշաճ ձևով լուծի նաև հետևյալ հարցը` արդյո՞ք օրենքին համապատասխան են կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը և մյուս նյութերը (տե´ս, Սուրեն Սիմոնյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4842/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով օրենսդիրը վարչական պատասխանատվություն է նախատեսել շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու համար: Ընդ որում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված են շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու զանցակազմի հետևյալ դրսևորումները.
1) սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը (բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան),
2) գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը,
3) հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը:
ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշմամբ` թեև վկայակոչված իրավախախտումներից յուրաքանչյուրն ունի միայն իրեն բնորոշ առանձնահատկությունները (արարքի կատարման վայրը, կառուցվող շինության տեսակը, արարքը կատարող սուբյեկտը, կիրառվող սանկցիան), սակայն դրանց համար ընդհանուրն այն է, որ բոլոր դեպքերում այդ զանցակազմերը կարող են առկա լինել միայն ինքնակամ կառույցի (շենքի, շինության) կառուցման պարագայում: Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված բոլոր արարքներն ընդգրկվում են շենքեր ու շինություններ ինքնակամ կառուցելու զանցանքի միասնական հասկացության մեջ, որի ոտնձգության օբյեկտը քաղաքաշինության բնագավառում օրենսդրությամբ սահմանված իրավակարգի պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների ամբողջությունն է (տե´ս, Սասունիկ Մշեցյանն ընդդեմ Երևանի քաղաքապետի թիվ ՎԴ/9692/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով օրենսդիրը վարչական պատասխանատվություն է նախատեսել նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների, այդ թվում նաև՝ շենքեր և շինություններ ինքնակամ կառուցման կատարումը շարունակելու համար՝ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո։ Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ այս վարչական իրավախախտումն օբյեկտիվ կողմից դրսևորվում է հետևյալ արարքով. շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու համար վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո անձը շարունակում է կատարել այն նույն ինքնակամ շինարարությունը, որի համար նախկինում ենթարկվել է վարչական պատասխանատվության: Փաստորեն, օրենսդիրը նախատեսել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական պատասխանատվության առաջացման համար անհրաժեշտ պայմանն ինքնակամ շինարարական աշխատանքների համար վարչական պատասխանատվության ենթարկված լինելու և վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո դրանց կատարումը շարունակելու փաստական հանգամանքների միաժամանակյա առկայությունն է:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված վարչական իրավախախտման հասարակական վտանգավորությունը գլխավորապես պայմանավորված է այն հանգամանքով, որ ինքնակամ շինարարական աշխատանքների համար առաջին անգամ վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո անձը շարունակում է նույն օբյեկտի շինարարությունը՝ նպատակ ունենալով այն ավարտին հասցնել և ապահովել այդ ինքնակամ կառույցի շահագործման հնարավորությունը, ինչը քաղաքաշինական տեսանկյունից կարող է լուրջ սպառնալիքներ առաջացնել մարդկանց կյանքի և առողջության համար: Հետևաբար, ինքնակամ շինարարական աշխատանքների համար վարչական պատասխանատվության ենթարկված լինելուց հետո այնպիսի շինարարական աշխատանքի կատարումը, որն ուղղված է տվյալ ինքնակամ շինությունն ավարտական տեսքի բերելուն և շահագործման համար պիտանի դարձնելուն, պետք է որակվի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով (տե´ս, Արտյոմ Խոջոյանն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի թիվ ՎԴ5/0137/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված մեկ այլ որոշմամբ փաստել է, որ օրենսդիրը չի սահմանել ժամանակի որևէ պահ, որից հետո կատարված՝ շենքերի և շինությունների ինքնակամ կառուցման շինարարական աշխատանքները շարունակելու արարքն այլևս չի առաջացնում վարչական պատասխանատվություն: Այսինքն՝ սահմանելով շենքերի և շինությունների ինքնակամ կառուցման շինարարական աշխատանքները շարունակելու արարքի համար վարչական պատասխանատվություն առաջանալու այն պայմանը, որ տվյալ արարքը պետք է կատարվի նախկինում իրականացված ինքնակամ շինարարական աշխատանքների համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո, օրենսդիրը չի սահմանել այդ պահից հաշվարկվող այնպիսի ժամկետ, որի լրանալուց հետո շենքերի և շինությունների ինքնակամ կառուցման շինարարական աշխատանքները շարունակելու արարքի կատարումն այլևս չի առաջացնում վարչական պատասխանատվություն: Այլ կերպ ասած` ամեն դեպքում շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու համար վարչական պատասխանատվության ենթարկված անձի կողմից նշված արարքը շարունակելը ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ բավարար է վերջինիս օրենսդրի կողմից սահմանված առավել խիստ վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Հետևաբար շենքերի և շինությունների ինքնակամ կառուցման շինարարական աշխատանքները շարունակելու արարքի կատարման ժամանակը վարչական պատասխանատվության առաջացման տեսանկյունից էական նշանակություն ունի միայն այն առումով, որ քննարկվող ոչ իրավաչափ արարքը պետք է կատարվի նախկինում իրականացված ինքնակամ շինարարական աշխատանքների համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո՝ ցանկացած ժամանակ (տե´ս, Ֆելիքս Մեխակյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1961/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի դիսպոզիցիայով նախատեսված վարչական իրավախախտման առկայությունը հաստատելու համար անհրաժեշտ է ինքնակամ շինարարական աշխատանքների համար վարչական պատասխանատվության ենթարկված լինելու և վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո դրանց կատարումը շարունակելու փաստական հանգամանքների և վարչական պատասխանատվության ենթարկված անձի մոտ տվյալ ինքնակամ կառույցն ավարտական տեսքի բերելու և շահագործման համար պիտանի դարձնելու նպատակի միաժամանակյա առկայություն:
Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված շարունակվող իրավախախտման բովանդակությունը կազմող ցանկացած շինարարական աշխատանք ենթակա է գնահատման ոչ թե առանձին, այլ արդեն իսկ կատարված ինքնակամ շինարարական աշխատանքների հետ համակցության և միասնականության մեջ՝ որպես մեկ ամբողջական բովանդակություն կազմող գործունեություն` ուղղված տվյալ ինքնակամ կառույցն ավարտական տեսքի բերելուն և շահագործման համար պիտանի դարձնելուն: Հետևաբար, առաջին անգամ իրականացված շինարարական աշխատանքների համար շինարարության թույլտվության անհրաժեշտությունը վերաբերում է նաև այդ ամենի շարունակություն ենթադրող յուրաքանչյուր շինարարական աշխատանքի՝ անկախ այն հանգամանքից, թե առանձին վերցված որևէ շինարարական աշխատանքի համար շինարարության թույլտվություն, ՀՀ օրենսդրությանը համապատասխան, պահանջվում է, թե ոչ։ Այսինքն՝ անկախ կատարված շինարարական աշխատանքի բնույթից` նույն օբյեկտի ավարտական տեսքի բերելուն և շահագործման համար պիտանի դարձնելուն ուղղված, առանց շինարարական թույլտվության իրականացված ցանկացած շինարարական աշխատանքի համար մեկ անգամ վարչական պատասխանատվության ենթարկված անձը ենթակա է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքով:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն վարչական գործը հարուցվել է Քնարիկ Հարությունյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի 13.09.2017 թվականի թիվ Վ-34/1 որոշումը։
Դատարանը, մերժելով հայցը, արձանագրել է, որ գործում առկա լուսանկարներով պարզ տեսանելի է, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 8 շենքի տարածք և թիվ 3 բնակարան հասցեում հայցվորն իրականացրել է շինարարական աշխատանքներ, որի պայմաններում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ` Ա. Մարտիրոսյանի 13.09.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-34/1 որոշումն ընդունվել է օրենքի պահանջների պահպանմամբ, և գտել է, որ հայցվորի փաստարկներն անհիմն են։
Վերաքննիչ դատարանը, բավարարելով հայցվորի բողոքը, պատճառաբանել է, որ վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում ձեռք չի բերել և Դատարանին չի ներկայացրել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող նշված փաստերը հիմնավորող ապացույցներ, այն դեպքում, երբ արձանագրված և հետագայում վիճարկվող որոշման առարկա դարձած իրավախախտումը բնութագրող փաստական հանգամանքների ապացուցման պարտականությունը, ինչպես նաև դրա չապացուցման բացասական հետևանքները կրում է վարչական վարույթ իրականացնող մարմինը։ Նշել է նաև, որ պատասխանողի կողմից ներկայացված լուսանկարի պատճենից հստակ պարզ չէ, թե արդյոք ինքնակամ ներքին կրող պատի քանդման և այդ հատվածում բացվածքի իրականացման աշխատանքների կատարմամբ առաջին անգամ տուգանվելուց հետո շարունակվել և ավարտին են հասցվել ինքնակամ ներքին կրող պատի քանդման և այդ հատվածում բացվածքի իրականացման գործողությունները:
Վերաքննիչ դատարանը գտել է, որ գործում առկա լուսանկարների պատճեններն իրավախախտման փաստը հիմնավորող վերաբերելի ապացույցներ չեն կարող հանդիսանալ, իսկ 29.08.2017 թվականին կազմված թիվ 025536 արձանագրությունն էլ միակողմանի կազմված փաստաթուղթ է, քանի որ գործի նյութերում առկա չէ նաև նշված արձանագրությունը Քնարիկ Հարությունյանի կողմից ստորագրված լինելու փաստը հավաստող որևէ ապացույց։ Միաժամանակ, գործում առկա չեն նաև այնպիսի ապացույցներ, որոնք հետագայում հնարավորություն կտային վարչական մարմնին եզրակացնելու, որ տվյալ շինարարական աշխատանքները շինարարական թույլտվություն պահանջող աշխատանքներ են:
Վերոգրյալ փաստական հանգամանքների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Քնարիկ Հարությունյանը, սեփականության իրավունքով իրեն պատկանող Ամիրյան փողոցի 8-րդ շենքի թիվ 3 բնակարանում իրականացրել է շինարարական աշխատանքներ՝ առանց համապատասխան թույլտվության, մասնավորապես` ներքին կրող պատի քանդման և այդ հատվածում բացվածքների իրականացման աշխատանքներ։ Այնուհետև, Երևանի քաղաքապետարանի կողմից 08.02.2017 թվականին ընդունված թիվ Վ-4/1 որոշմամբ նշանակված տուգանքից հետո` 2017 թվականի հուլիս ամսվա վերջին, կատարված լրացուցիչ տեղատեսությամբ պարզվել է, որ վերը նշված հասցեում` շարունակվել են շինարարական աշխատանքները, մասնավորապես` տեղադրվել է դուռ, բացվածքների իրականացման աշխատանքները հասցվել են ավարտին և իրականացվել են տարածքի վերահատակագծման (վերակառուցման) աշխատանքներ։ Փաստորեն, Քնարիկ Հարությունյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո էլ շարունակել է շինարարական աշխատանքները` դրանք հասցնելով ավարտին։
Ավելին, 26.01.2017 թվականին կազմված թիվ 025227 արձանագրությանը կցված լուսանկարի և 29.08.2017 թվականին կազմված թիվ 025536 արձանագրությանը կցված լուսանկարների համեմատությունից ուղղակիորեն հետևում է, որ Քնարիկ Հարությունյանի կողմից շարունակված շինարարական աշխատանքները նպատակաուղղված են եղել վերը նշված հասցեի շինարարական աշխատանքներն ավարտական տեսքի բերելուն և դրա բնականոն շահագործումն ապահովելուն:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն առ այն, որ գործում առկա լուսանկարների պատճեններն իրավախախտման փաստը հիմնավորող վերաբերելի ապացույցներ չեն կարող հանդիսանալ, և որ գործում առկա չեն նաև այնպիսի ապացույցներ, թե արդյոք տվյալ շինարարական աշխատանքները շինարարական թույլտվություն պահանջող աշխատանքներ են:
Վիճարկվող որոշմամբ նշված շինարարական աշխատանքները` անկախ այն հանգամանքից, թե առանձին վերցված դրանց համար շինարարության թույլտվություն, պահանջվում է, թե ոչ, ուղղված են եղել սկսված ինքնակամ շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելուն, իսկ ըստ սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված իրավական դիրքորոշման՝ այն բոլոր դեպքերում, երբ անձն ինքնակամ շինարարական աշխատանքների համար առաջին անգամ վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո շարունակել է կատարել այնպիսի շինարարական աշխատանքներ, որոնք նպատակաուղղված են ինքնակամ շինությունն ավարտական տեսքի բերելուն և դրա բնականոն շահագործումն ապահովելուն, ապա այդ անձը ենթակա է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված արարքի կատարման համար:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Քնարիկ Հարությունյանի արարքը պարունակում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված զանցակազմի հատկանիշներ, և վերջինս ենթակա էր վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար` գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են` ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով, (...):
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցվոր Քնարիկ Հարությունյանը, ազատված լինելով պետական տուրքի վճարելու պարտականությունից, վերաքննիչ բողոքի համար վճարել է 10.000 ՀՀ դրամ պետական տուրք, իսկ պատասխանող Երևանի քաղաքապետարանը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ պետական տուրք:
Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում Գագիկ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1390/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշմամբ արված իրավական հետևությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության հիմքով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված հայցվոր Քնարիկ Հարությունյանի վրա չի կարող դրվել պատասխանող վարչական մարմնի կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի փոխհատուցման պարտականություն՝ անկախ վճռաբեկ բողոքի քննության արդյունքում գործի ելքն ի վնաս հայցվորի փոխվելու հանգամանքից, քանի որ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտերի վիճարկման համար օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտները չեն կարող կրել պետական տուրք վճարելու կամ վճարված պետական տուրքի գումարները փոխհատուցելու պարտականություն՝ թե՛ վարչական դատարանում, թե՛ դատական բողոքարկման փուլերում՝ անկախ գործի ելքից:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Քնարիկ Հարությունյանի կողմից վերաքննիչ բողոքի համար վճարված 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի հարցը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի կողմից վճռաբեկ բողոքի համար վճարված սահմանված 20.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.10.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 28.06.2018 թվականի վճռին:
2. Պետական տուրքի հարցը համարել լուծված։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Մ. Դրմեյան Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան Հ. Բեդևյան Գ. Հակոբյան Ս. Միքայելյան Ա. Մկրտչյան Տ. Պետրոսյան Ն. Տավարացյան
Է. Սեդրակյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|