Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 18
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.03.2017-13.08.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
31.01.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հունվարի 2017 թվականի

թիվ 18

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԵՆԹԱՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ԴՐԱ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍՈՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 94 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների ագրոարդյունաբերական համաձայնեցված (համակարգված) քաղաքականության հայեցակարգի իրագործման միջոցառումների պլանի VII բաժնի 16-րդ կետի իրագործման նպատակներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի ենթահամակարգին ներկայացվող պահանջները և դրա ձևավորման մասով փոխգործակցության կանոնները։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2017 թվականի հունվարի 31-ի թիվ 18 որոշմամբ

 

Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի ենթահամակարգին ներկայացվող պահանջները և դրա ձևավորման մասով փոխգործակցության կանոնները

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի ենթահամակարգը (այսուհետ՝ ենթահամակարգ) նախատեսված է տրամադրելու համար տեղեկատվություն, որը պարունակվում է միասնական ռեեստրներում և ինդիկատիվ ցուցանիշների ցանկին և պահանջարկի ու առաջարկի հաշվեկշիռների ցուցանիշներին համապատասխան ագրոարդյունաբերական համալիրի ընթացիկ վիճակն ու զարգացման կանխատեսումն արտացոլող ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներում, այդ թվում՝ գյուղատնտեսական բույսերի սորտերի միասնական ռեեստրում, տոհմային կենդանիների և տոհմային անասնաբուծության բնագավառում սելեկցիոն ձեռքբերումների մասին տվյալների ռեսուրսում, գիտահետազոտական մշակումների ռեսուրսում, ինչպես նաև գների, զգայուն ապրանքների և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության մասին տեղեկատվության մեջ։

2. Ենթահամակարգն ստեղծվում է՝ հաշվի առնելով հետևյալ փաստաթղթերը՝

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիր.

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 21-ի «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության հայեցակարգի իրագործման միջոցառումների պլանի մասին» թիվ 94 որոշում.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի փետրվարի 4-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի զարգացման ինդիկատիվ ցուցանիշների ցանկի մասին» թիվ 2 որոշում.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում արտադրվող այն գյուղատնտեսական արտադրանքի և սննդի արդյունաբերության արտադրանքի անվանացանկի մասին, որի նկատմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը գնային մոնիթորինգ և մրցունակության վերլուծություն է իրականացնում» թիվ 15 որոշում.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի «Զգայուն գյուղատնտեսական այն ապրանքների ցանկի մասին, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից իրականացվում է արտադրության զարգացման պլանների (ծրագրերի) փոխադարձ տրամադրում, և «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 2-րդ կետի իրագործման մասին» թիվ 66 որոշում.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի սեպտեմբերի 6-ի «Գյուղատնտեսական արտադրանքի, պարենի, վուշի մանրաթելի, կաշվի հումքի, բամբակի մանրաթելի և բրդի մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պահանջարկի և առաջարկի ամփոփ կանխատեսումային հաշվեկշիռների հաշվարկման մեթոդաբանության մասին» թիվ 134 կարգադրություն.

Միության իրավունքի մաս կազմող՝ համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության իրագործման հարցերին առնչվող այլ ակտեր։

3. Սույն փաստաթղթի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

ազգային բաղադրիչ՝ անդամ պետության լիազորված մարմինների տեղեկատվական համակարգ (տեղեկատվական համակարգերի ամբողջություն), որը Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի՝ անդամ պետության ազգային հատվածի շրջանակներում ապահովում է ենթահամակարգի գործառույթների իրագործումը.

ինտեգրացիոն բաղադրիչ՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ենթահամակարգերի ամբողջություն, որը Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի շրջանակներում ապահովում է ենթահամակարգի գործառույթների իրագործումը։

Մյուս հասկացությունները սույն փաստաթղթում կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված իմաստներով:

 

II. Ենթահամակարգի կառուցվածքին ներկայացվող պահանջները

 

4. Ենթահամակարգը փոխգործակցող ազգային բաղադրիչների ամբողջություն է՝ ըստ անդամ պետությունների և ինտեգրացիոն բաղադրիչի թվի։

5. Ազգային բաղադրիչները պետք է համապատասխանեն սույն փաստաթղթով սահմանված պահանջներին և մշակվեն առանձին տեխնիկական առաջադրանքների հիման վրա:

Անդամ պետությունները կարող են որպես ազգային բաղադրիչ սահմանել ավելի վաղ մշակված՝ սույն փաստաթղթով սահմանված պահանջներին համապատասխանող տեղեկատվական համակարգերը:

6. Ազգային բաղադրիչի նախագծումը, մշակումը և շահագործումն իրականացվում են անդամ պետության լիազորված մարմնի կամ լիազորված կազմակերպության կողմից՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

Ազգային բաղադրիչի կազմը և դրա ենթահամակարգերի գործառույթները սահմանվում են անդամ պետությունների կողմից՝ հաշվի առնելով անդամ պետություններում տեղեկատվական համակարգերի գործառման ձևավորված փորձը և համապատասխան նորմատիվ-իրավական բազայի առկայությունը։

7. Ազգային բաղադրիչների կազմում պետք է ստեղծվեն այնպիսի տեղեկատվական ռեսուրսներ, որոնցով կապահովվի համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության խնդիրների լուծման համար նախատեսված տեղեկությունների փոխանակումը։

8. Ինտեգրացիոն բաղադրիչի գործառույթներն իրագործվում են Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ ինտեգրված համակարգ) հետևյալ ենթահամակարգերի միջոցներով՝

ա) նորմատիվ-տեղեկատվական տեղեկություններ, ռեեստրների և ռեգիստրների վարման ենթահամակարգ.

բ) ընդհանուր գործընթացների կառավարման ենթահամակարգ.

գ) տեղեկատվական-վերլուծական ենթահամակարգ.

դ) Միության պաշտոնական կայք.

ե) ինտեգրացիոն հարթակ:

 

III. Փոխգործակցության կանոնները ենթահամակարգ ձևավորելիս

 

9. Ազգային բաղադրիչի տեղեկատվական համակարգերի՝ միմյանց միջև եւ մյուս տեղեկատվական համակարգերի հետ տեղեկատվական փոխգործակցությունը պետք է իրականացվի էլեկտրոնային եղանակով՝ անդամ պետությունում կիրառվող՝ միջգերատեսչական փոխգործակցության համակարգի միջոցների օգտագործմամբ՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

10. Ազգային բաղադրիչների՝ միմյանց միջև, ինչպես նաև ինտեգրացիոն բաղադրիչի հետ տեղեկատվական փոխգործակցությունը պետք է իրականացվի էլեկտրոնային եղանակով՝ ինտեգրված համակարգի միջոցների օգտագործմամբ, այդ թվում՝ Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման միջոցով՝ այդ տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի ընդունմանը զուգահեռ։

 

IV. Ենթահամակարգի հիմնական գործառույթներին ներկայացվող պահանջները

 

11. Ենթահամակարգի գործառույթները տեղեկությունները ձևավորելը, մշակելը, պահելը, ինչպես նաև սույն փաստաթղթով սահմանված՝ ենթահամակարգը ձևավորելիս փոխգործակցության կանոններին համապատասխան դրանք ներկայացնելն է հետևյալ ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներից՝

ա) գյուղատնտեսական բույսերի սորտերի միասնական ռեեստր.

բ) անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի կանխատեսումային ցուցանիշների տվյալների ընդհանուր տեղեկատվական ռեսուրս.

գ) անդամ պետություններում արտադրվող գյուղատնտեսական արտադրանքի և սննդի արդյունաբերության արտադրանքի գների մասին տվյալների ընդհանուր տեղեկատվական ռեսուրս.

դ) զգայուն գյուղատնտեսական ապրանքների մասով արտադրության զարգացման ազգային պլանների (ծրագրերի) տվյալների ընդհանուր տեղեկատվական ռեսուրս.

ե) անդամ պետություններում ագրոարդյունաբերական համալիրի գիտահետազոտական աշխատանքների ընդհանուր տեղեկատվական ռեսուրս.

զ) տոհմային անասնաբուծության բնագավառում տոհմային կենդանիների և սելեկցիոն ձեռքբերումների մասին տվյալների ընդհանուր տեղեկատվական ռեսուրս.

է) անդամ պետություններում գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության հարցերով ընդհանուր տեղեկատվական ռեսուրս։

12. Ազգային բաղադրիչի շնորհիվ պետք է ապահովվի հետևյալ գործառույթների իրականացումը՝

ա) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետներին և ձևերին համապատասխան հետևյալ տեղեկությունները պահպանելը, մշակելը և փոխանցելը՝

գյուղատնտեսական բույսերի սորտերի մասին.

անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի կանխատեսումային ցուցանիշների մասին.

անդամ պետություններում արտադրվող գյուղատնտեսական արտադրանքի և սննդի արդյունաբերության արտադրանքի գների մասին.

զգայուն գյուղատնտեսական ապրանքների արտադրության զարգացման ազգային պլանների (ծրագրերի) մասին.

հեռանկարային գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների, ագրոարդյունաբերական համալիրի զարգացման հարցերով անցկացվող և պլանավորվող հետազոտությունների (նախագծերի) մասին.

անդամ պետությունների միջև տեղափոխվող տոհմային կենդանիների և անդամ պետություններում տոհմային անասնաբուծության բնագավառում սելեկցիոն ձեռքբերումների մասին.

անդամ պետություններում գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության ծավալների և ուղղությունների մասին.

բ) տեղեկատվական փոխգործակցության հետևյալ տեսակների իրագործում՝

մյուս անդամ պետությունների ազգային բաղադրիչների հետ.

ինտեգրացիոն բաղադրիչի հետ.

անդամ պետությունների լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերի հետ։

13. Ինտեգրացիոն բաղադրիչի շնորհիվ պետք է ապահովվի Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործումը համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության ոլորտում, ինչպես նաև փոխգործակցությունը ենթահամակարգի բաղադրիչների միջև՝

ա) նորմատիվ-տեղեկատվական տեղեկություններ ձևավորելիս և մշակելիս.

բ) վերլուծական հաշվետվություն կազմելիս.

գ) այլ դեպքերում ինտեգրված համակարգի միջոցներով ազգային բաղադրիչների միջև տվյալներ փոխանակելիս։

14. Ենթահամակարգը պետք է ապահովի հետևյալ տեղեկությունների պահպանումը՝

ա) գյուղատնտեսական բույսերի սորտերի միասնական ռեեստրում ներառված գյուղատնտեսական բույսերի սորտերի մասին.

բ) գյուղատնտեսության տնտեսական և արտադրական ցուցանիշների մասին.

գ) պարենային ապրանքների և գյուղատնտեսական հումքի առևտրի ծավալների մասին.

դ) գյուղատնտեսական արտադրանքի, սննդի և վերամշակող արդյունաբերության արտադրանքի ու պարենային ապրանքների հիմնական տեսակների բացթողման միջին գների, միջին սպառողական գների և միջին պայմանագրային գների մասին.

ե) զգայուն գյուղատնտեսական ապրանքների արտադրության պլանավորվող զարգացման (նպատակային կողմնորոշիչների) մասին.

զ) հեռանկարային գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մասին, ագրոարդյունաբերական համալիրի զարգացման հարցերով անցկացվող և պլանավորվող հետազոտությունների (նախագծերի) մասին.

է) անդամ պետությունների միջև տեղափոխվող տոհմային կենդանիների և անդամ պետություններում տոհմային անասնաբուծության բնագավառում սելեկցիոն ձեռքբերումների մասին.

ը) գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության պլանավորվող և փաստացի ծավալների ու ուղղությունների մասին։

15. Ենթահամակարգ ստեղծելիս պետք է ապահովվի չթույլատրված հասանելիությունից կուտակվող, մշակվող և փոխանցվող տեղեկատվության պաշտպանությունը, ինչի համար առանձնացվում են օգտատերերի հետևյալ կատեգորիաները՝

ա) իրավազորված օգտատերեր, որոնց տրամադրվում է հասանելիություն պաշտպանվող տեղեկություններին (սահմանվում են ազգային և ինտեգրացիոն բաղադրիչների օպերատորների կողմից).

բ) անանուն օգտատերեր, որոնք իրավունք ունեն ծանոթանալու բաց հասանելիություն ունեցող տեղեկատվության հետ։

16. Չթույլատրված հասանելիությունից պաշտպանության են ենթակա տեղեկությունների առնվազն հետևյալ կատեգորիաները՝

ա) տոհմային կենդանիների մասին զոոտեխնիկական հաշվետվության առաջնային տվյալներ.

բ) գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության պլանավորվող և փաստացի ծավալներն ու ուղղությունները։

17. Ենթահամակարգում տեղեկատվության պաշտպանությունը պետք է ապահովվի ինտեգրված համակարգի տեղեկատվական անվտանգության ենթահամակարգի միջոցներով։

18. Ենթահամակարգի ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներում պարունակվող տեղեկությունները ենթակա են հրապարակման Միության տեղեկատվական պորտալում։

19. Ինտեգրված համակարգի տեղեկատվական-վերլուծական ենթահամակարգը պետք է ապահովի հետևյալ տեղեկությունների հավաքումը, մշակումն ու պահպանումը՝

ա) գյուղատնտեսության տնտեսական և արտադրական ցուցանիշների մասին.

բ) պարենային ապրանքների և գյուղատնտեսական հումքի առևտրի ծավալների մասին.

գ) գյուղատնտեսական արտադրանքի, սննդի և վերամշակող արդյունաբերության արտադրանքի և պարենային ապրանքների հիմնական տեսակների բացթողման միջին գների, միջին սպառողական գների և միջին պայմանագրային գների մասին.

դ) զգայուն գյուղատնտեսական ապրանքների արտադրության պլանավորվող զարգացման (նպատակային կողմնորոշիչների) մասին.

ե) գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության պլանավորվող և փաստացի ծավալների ու ուղղությունների մասին։

20. Ինտեգրված համակարգի տեղեկատվական-վերլուծական ենթահամակարգը պետք է ապահովի վերլուծական հաշվետվությունների կազմումը՝ սույն փաստաթղթի 2-րդ կետում նշված ակտերին համապատասխան։

21. Նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների, ինտեգրված համակարգի ռեեստրների և ռեգիստրների վարման ենթահամակարգը պետք է ապահովի ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում օգտագործվող տեղեկատուներում և դասակարգիչներում պարունակվող տեղեկությունների պահպանումն ու ներկայացումը։

22. Համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության ոլորտում Միության իրավունքի զարգացման դեպքում ենթահամակարգը պետք է հնարավորություն տա ձևավորել և վարել նոր ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներ։

 

V. Ենթահամակարգի ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներին ներկայացվող պահանջները

 

23. Ենթահամակարգի ընդհանուր տեղեկատվական ռեսուրսները ձևավորվում են համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության իրագործման լիազորություն ունեցող՝ անդամ պետությունների մարմինների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացվող տեղեկությունների հիման վրա՝ էլեկտրոնային եղանակով։

Էլեկտրոնային եղանակով փոխանցվող տեղեկատվության կառուցվածքին և ձևաչափին ներկայացվող պահանջները սահմանվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից։

 

VI. Ենթահամակարգի տեխնիկական պարամետրերին ներկայացվող պահանջները

 

24. Ենթահամակարգի բաղադրիչները պետք է ապահովեն շուրջօրյա ռեժիմով տեղեկատվության մշտական հասանելիությունը պրոֆիլակտիկայի, վերակարգաբերման համար թույլատրելի ընդմիջումներով և անսարքության հետ կապված ոչ ավելի, քան տարեկան 44 ժամ պարապուրդներով՝ պարապուրդի հանգեցրած անսարքության վերացման ոչ ավելի, քան 4 ժամ միջին ժամանակով:

25. Ազգային բաղադրիչները պետք է սույն փաստաթղթով նախատեսված տեղեկատվությունը պահեն անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված ժամկետների ընթացքում։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.07.2023, թիվ 98 13.08.2023, թիվ 18
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան