ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/0453/05/182021 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/0453/05/18 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահող Ռ. Հակոբյան Տ. Պետրոսյան Ս. Անտոնյան Հ. Բեդևյան Մ. Դրմեյան Գ. Հակոբյան Ա. Մկրտչյան Ն. Տավարացյան
զեկուցող
Ա. Բարսեղյան
Ս. Միքայելյան
Է. Սեդրակյան
2022 թվականի մայիսի 13-ին
գրավոր ընթացակարգով քննելով Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.08.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վրեժ Օհանյանի ընդդեմ Քաղաքապետարանի` 13.12.2017 թվականի թիվ Վ-47/1 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Վրեժ Օհանյանը պահանջել է անվավեր ճանաչել Քաղաքապետարանի 13.12.2017 թվականի թիվ Վ-47/1 որոշումը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 25.07.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.08.2019 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի. Դատարանի 25.07.2018 թվականի վճիռը պետական տուրքի մասով բեկանվել է և փոփոխվել` պետական տուրքի մասով դատական ծախսերի հարցը համարելով լուծված, իսկ մնացած մասով վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.07.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ լիազոր մարմնի կողմից «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված նախազգուշացում ուղարկելու կամ չուղարկելու հանգամանքը, ինչպես նաև կառուցապատողի կողմից համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետն ավարտվելուց հետո ժամկետը երկարաձգելու դիմումի առկայությունն արգելք չեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ իրավախախտումը կատարելուց, այն է` 18.11.2017 թվականից հետո, կառուցապատող Վրեժ Օհանյանի կողմից 22.11.2017 թվականին վարչական մարմնին դիմելը չէր կարող ազատել վերջինիս օրենքով սահմանված պատասխանատվությունից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.08.2019 թվականի որոշումը և այն փոփոխել՝ հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Երևանի քաղաքապետի կողմից 17.11.2015 թվականին Վրեժ Օհանյանին տրվել է թիվ 01/18-Օ-462-982 շինարարական թույլտվությունը՝ Շենգավիթ վարչական շրջանի Վերին Շենգավիթ 2-րդ փողոց թիվ 5/3 հողամաս և թիվ 3/3 շինություն հասցեներում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման շինարարական աշխատանքների կատարման համար, այդ թվում՝ կառուցապատվող հողամասի գլխավոր հատակագծի վրա նշված ոչ հիմնական կառույցների տեղադրման համար: Շինարարական թույլտվությամբ նախատեսվել է շինարարական աշխատանքները կատարել 24 ամսվա ընթացքում՝ ներառյալ շինարարական օբյեկտ ընդունող հանձնաժողովի աշխատանքի համար նախատեսված ժամկետը (հատոր 1-ին, գ.թ. 9)։
2) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 1-ին բաժնի գլխավոր մասնագետ Զավեն Փեփոյանի կողմից 27.11.2017 թվականին կազմված թիվ 026478 արձանագրության համաձայն` Երևանի քաղաքապետարանի կողմից 17.11.2015 թվականին տրվել է թիվ 01/18-Օ-462-982 շինարարական թույլտվությունը` Վ. Շենգավիթ 2-րդ փողոցի թիվ 5/3 և 3/3 հասցեներում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար, որով սահմանվել է 24 ամիս ժամկետ: Սակայն 27.11.2017 թվականին կատարված տեղատեսությամբ պարզվել է, որ շինարարական աշխատանքներն այդ հատվածում դեռևս ավարտված չեն: Նույն արձանագրության համաձայն՝ իրավախախտումը կատարվել է Վրեժ Օհանյանի կողմից, թիվ 026478 արձանագրության օրինակը վերջինս ստորագրել և ստացել է առձեռն (հատոր 1-ին, գ.թ. 10)։
3) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի պետի և առաջին բաժնի գլխավոր մասնագետի կողմից 27.11.2017 թվականին կազմված արձանագրության համաձայն. «Կառուցապատող Վրեժ Օհանյանի կողմից Երևանի քաղաքապետին հասցեագրված 22.11.2017 թվականի թիվ 0-552 դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակում՝ հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի պահանջը, սույն թվականի նոյեմբերի 22-ին կառուցապատող Վրեժ Օհանյանը հրավիրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություն՝ Շենգավիթ վարչական շրջանի, Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի թիվ 5/3 և 3/3 հասցեներում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար Երևանի քաղաքապետարանի կողմից կառուցապատող՝ Վրեժ Օհանյանին 17.11.2017 թվականին տրված թիվ 01/18-0-462-982 շինարարության թույլտվությամբ սահմանված՝ 24 ամիս ժամկետում շինարարական աշխատանքները չավարտելու, այդ ժամկետում սահմանված կարգով ավարտված շինարարական օբյեկտի ընդունող հանձնաժողովի աշխատանքները չկազմակերպելու ու դրա արդյունքում օբյեկտը շահագործման չընդունելու փաստի կապակցությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում բացատրություններ և /կամ/ միջնորդություններ ներկայացնելու համար (հատոր 1-ին, գ.թ. 32)։
4) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետի 13.12.2017թ. թիվ Վ-47/1 որոշման համաձայն` կառուցապատող Վրեժ Գրիշայի Օհանյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ նշանակվել է վարչական տույժ՝ 380.415 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 11-12)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/1876/05/13 վարչական գործով 28.11.2014 թվականի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է հետևյալ իրավական խնդրին. արդյո՞ք շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում շինարարական աշխատանքները չավարտելու դեպքում կառուցապատողը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի հիմքով կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության վերջինիս կողմից շինարարության թույլտվության սահմանված ժամկետը երկարաձգելու համար շինարարության թույլտվություն տվող մարմին դիմելու պայմաններում:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիuի գործողությունը կամ անգործությունը, որի համար oրենuդրությամբ նախատեuված է վարչական պատաuխանատվություն։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելն առաջացնում է տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոսի չափով:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի իրավանորմի մեկնաբանությանը։ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասում իրավախախտումը (զանցանքը) դրսևորվում է` կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելով: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը կատարված (սկսված և ավարտված) է համարվում կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետն ավարտվելու հաջորդ օրը: Նշված իրավախախտման տեսանկյունից որևէ արժեք չի տրվում իրավախախտումից հետո անձի դրսևորած վարքագծին: Հետևաբար, եթե իրավախախտում թույլ տված անձը դիմել է շինարարության թույլտվությունը երկարացնելու խնդրանքով, ապա այդ գործողությունը չի վերացնում իրավախախտում թույլ տալու փաստը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև հավելել է, որ վարչական իրավախախտման գործով քննություն և համապատասխան որոշում կայացնող վարչական մարմինը պարտավոր է իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում արձագանքելու վարչական իրավախախտման փաստին, և վարչական իրավախախտում կատարած անձի նկատմամբ վարչական տույժ կիրառելը չի կարող պայմանավորվել այլ հանգամանքներով, քան վարչական իրավախախտման կատարման փաստի առկայությամբ (տե´ս, Արտաշես Մելիքյանն ընդդեմ Քաղաքապետարանի թիվ ՎԴ/1876/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):
Վերահաստատելով վկայակոչված դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում շինարարական աշխատանքները չավարտելու դեպքում կառուցապատողը ենթակա է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի հիմքով` անկախ վերջինիս կողմից շինարարության թույլտվության սահմանված ժամկետը երկարաձգելու համար շինարարության թույլտվություն տվող մարմին դիմելու հանգամանքից: Ավելին, իրավախախտումը կատարելուց հետո շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգելու համար վարչական մարմին դիմելը չի կարող կառուցապատողին ազատել արդեն իսկ թույլ տված ժամկետի խախտման համար սահմանված վարչական պատասխանատվությունից:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևանի քաղաքապետի կողմից 17.11.2015 թվականին Վրեժ Օհանյանին տրվել է թիվ 01/18-Օ-462-982 շինարարական թույլտվությունը՝ Շենգավիթ վարչական շրջանի Վերին Շենգավիթ 2-րդ փողոց թիվ 5/3 հողամաս և թիվ 3/3 շինություն հասցեներում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման շինարարական աշխատանքների կատարման համար, այդ թվում՝ կառուցապատվող հողամասի գլխավոր հատակագծի վրա նշված ոչ հիմնական կառույցների տեղադրման համար: Շինարարական թույլտվությամբ նախատեսվել է շինարարական աշխատանքները կատարել 24 ամսվա ընթացքում՝ ներառյալ շինարարական օբյեկտ ընդունող հանձնաժողովի աշխատանքի համար նախատեսված ժամկետը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 1-ին բաժնի գլխավոր մասնագետ Զավեն Փեփոյանի կողմից 27.11.2017 թվականին կազմված թիվ 026478 արձանագրության համաձայն` Երևանի քաղաքապետարանի կողմից 17.11.2015 թվականին տրվել է թիվ 01/18-Օ-462-982 շինարարական թույլտվությունը` Վ. Շենգավիթ 2-րդ փողոցի թիվ 5/3 և 3/3 հասցեներում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար, որով սահմանվել է 24 ամիս ժամկետ: Սակայն 27.11.2017 թվականին կատարված տեղատեսությամբ պարզվել է, որ շինարարական աշխատանքներն այդ հատվածում դեռևս ավարտված չեն: Նույն արձանագրության համաձայն՝ իրավախախտումը կատարվել է Վրեժ Օհանյանի կողմից, թիվ 026478 արձանագրության օրինակը վերջինս ստորագրել և ստացել է առձեռն:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի պետի և առաջին բաժնի գլխավոր մասնագետի կողմից 27.11.2017 թվականին կազմված արձանագրության համաձայն. «Կառուցապատող Վրեժ Օհանյանի կողմից Երևանի քաղաքապետին հասցեագրված 22.11.2017 թվականի թիվ 0-552 դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակում՝ հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի պահանջը, սույն թվականի նոյեմբերի 22-ին կառուցապատող Վրեժ Օհանյանը հրավիրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություն՝ Շենգավիթ վարչական շրջանի, Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի թիվ 5/3 և 3/3 հասցեներում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար Երևանի քաղաքապետարանի կողմից կառուցապատող՝ Վրեժ Օհանյանին 17.11.2017 թվականին տրված թիվ 01/18-0-462-982 շինարարության թույլտվությամբ սահմանված՝ 24 ամիս ժամկետում շինարարական աշխատանքները չավարտելու, այդ ժամկետում սահմանված կարգով ավարտված շինարարական օբյեկտի ընդունող հանձնաժողովի աշխատանքները չկազմակերպելու ու դրա արդյունքում օբյեկտը շահագործման չընդունելու փաստի կապակցությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում բացատրություններ և /կամ/ միջնորդություններ ներկայացնելու համար:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետի 13.12.2017թ. թիվ Վ-47/1 որոշման համաձայն` կառուցապատող Վրեժ Գրիշայի Օհանյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ նշանակվել է վարչական տույժ՝ 380.415 ՀՀ դրամի չափով:
Վրեժ Օհանյանը, դիմելով Դատարան, պահանջել է անվավեր ճանաչել Քաղաքապետարանի 13.12.2017 թվականի թիվ Վ-47/1 որոշումը:
Դատարանը, հայցը բավարարելով, արձանագրել է, որ տվյալ դեպքում, հասարակական նշանակության օբյեկտի շինարարության տևողության նորմերով հաշվարկված ու շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներում կառուցապատումը չավարտելու դեպքում շինարարության թույլտվություն տվող մարմինը, տվյալ դեպքում՝ Երևանի քաղաքապետարանը, պարտավոր էր գրավոր նախազգուշացնել կառուցապատողին՝ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ:
Դատարանը փաստել է, որ Քաղաքապետարանի կողմից կառուցապատողը գրավոր չի նախազգուշացվել՝ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և վերը նշված մյուս հնարավորությունների վերաբերյալ: Փոխարենը, կառուցապատողն իր նախաձեռնությամբ Քաղաքապետարան է ներկայացրել թիվ 01/18-Օ-462-982 շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու մասին դիմում, որի քննարկման, ժամկետի երկարաձգման, նոր ժամկետի սահմանման վերաբերյալ առկա չէ որևէ ապացույց: Այսինքն՝ վարչական մարմինը չկատարելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ նախատեսված ժամկետում կառուցապատումը չավարտելու դեպքում կառուցապատողին գրավոր նախազգուշացնելու պարտականությունը, չքննարկելով կառուցապատողի կողմից ներկայացված՝ թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու մասին դիմումը, հաստատված է համարել Վրեժ Օհանյանի կողմից թիվ 01/18-Օ-462-982 շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում շինարարական աշխատանքները չավարտելու փաստը և վերջինիս ենթարկել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1 հոդվածի 1-ին մասով: Դատարանը գտել է, որ հայցվորի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1 հոդվածով սահմանված՝ քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետների խախտում թույլ չի տրվել, քանի որ ենթադրյալ վարչական իրավախախտման փաստի հայտնաբերման պահին՝ 27.11.2017 թվականին, արդեն իսկ հայցվորի կողմից 22.11.2017 թվականին ներկայացված է եղել ժամկետի երկարաձգման մասին դիմում, որի քննարկման պարագայում վարչական մարմինը կարող էր երկարաձգել շինարարական աշխատանքների իրականացման ժամկետը՝ մինչև չիրականացված աշխատանքների համար շինարարության տևողության նորմերով հաշվարկված ժամկետի չափով, այնուհետև, սահմանված նոր ժամկետի կետանցի դեպքում միայն հայցվորին ենթարկեր վարչական պատասխանատվության նշված հիմքով:
Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, գտել է, որ սույն գործի փաստական և իրավական հանգամանքների վերաբերյալ Դատարանի դիրքորոշումներն իրավաչափ են` հավելելով, որ այն դեպքում, երբ կառուցապատողի կողմից վարչական մարմին ժամկետի երկարաձգման դիմում է ներկայացվում, ապա վարչական մարմինը պարտավոր է դիմումի քննարկման արդյունքում երկարաձգել ժամկետը, իսկ երկարաձգված ժամկետում շինարարությունը չավարտելու դեպքում միայն անձին ենթարկել վարչական պատասխանատվության։
Վերոնշյալ իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ և գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Գործում առկա նյութերի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանը հաստատված է համարում կառուցապատողի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցանքի կատարման փաստը, ինչը հիմք ընդունելով` Երևանի քաղաքապետը` որպես նշված իրավախախտման գործով քննություն և համապատասխան որոշում կայացնող պաշտոնատար անձ, պարտավոր էր իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում արձագանքելու նշված իրավախախտմանը։ Ընդ որում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված չէ վարչական պատասխանատվության կիրառումը բացառող կամ հետաձգող այնպիսի հիմք, ինչպիսին կառուցապատողի վրա դրված որոշակի պարտականության կատարումն է։ Հետևաբար, 22.11.2017 թվականի դրությամբ Վրեժ Օհանյանի կողմից արդեն իսկ կատարված է եղել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը, իսկ իրավախախտումը կատարելուց հետո շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգելու համար դիմելը չի կարող կառուցապատողին ազատել պատասխանատվությունից։
Ինչ վերաբերում է ստորադաս դատարանների այն եզրահանգմանը, որ վարչական մարմինը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով կառուցապատողին վարչական պատասխանատվության կարող էր ենթարկել նախազգուշացմամբ սահմանված ժամկետն ավարտվելուց հետո, ապա այն չի բխում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի դրույթներից:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքի 6-րդ հոդվածի չորրորդ մասի «ժ» կետով նախատեսված ժամկետներում կառուցապատումը (բացառությամբ գյուղական բնակավայրերում իրականացվող կառուցապատման և անհատական բնակելի տների) չավարտվելու դեպքում, շինարարության թույլտվություն տվող մարմինը գրավոր նախազգուշացնում է կառուցապատողին շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ: Ընդ որում, շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից շինարարության տևողությունը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան տվյալ օբյեկտի չիրականացված աշխատանքների համար շինարարության տևողության նորմերով հաշվարկված ժամկետի չափով:
Նշված պահանջը չկատարելու դեպքում կառուցապատողը շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ենթարկվում է վարչական պատասխանատվության:
Եթե նախազգուշացումն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, կառուցապատողը չի դիմում շինարարության թույլտվություն տվող մարմին` շինարարության ժամկետը երկարաձգելու հայտով, կամ շինարարության թույլտվությամբ սահմանված նոր ժամկետում չի ավարտում կառուցապատումը, կամ չի օտարում սեփականության իրավունքով իրեն պատկանող օբյեկտը, ապա շինարարության թույլտվություն տվող մարմինը նրան կրկին անգամ ենթարկում է վարչական պատասխանատվության և դիմում է դատարան տվյալ օբյեկտը վաճառելու հայցով` դատարանի սահմանած կարգով և գնով, բայց ոչ պակաս, քան օբյեկտի կադաստրային արժեքի 75 տոկոսի չափով:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի՝ վերը նշված դրույթների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ դրանցով նախատեսված է կառուցապատողին օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու երկու դեպք.
1. Երբ կառուցապատողը, վարչական մարմնից ստանալով նախազգուշացումը, անհապաղ չի դիմում վերջինիս՝ շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգելու համար,
2. Երբ կառուցապատողը, վարչական մարմնից ստանալով նախազգուշացումը, մեկամսյա ժամկետում չի դիմում վարչական մարմնին՝ շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգելու համար:
Այսինքն` «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումները դրսևորվում են` նույն հոդվածով նախատեսված նախազգուշացումը ստանալուց հետո շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգելու համար վարչական մարմին չդիմելով, հետևաբար միայն նշված զանցանքի համար վարչական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման դեպքում էական նշանակություն ունի վարչական մարմնի՝ վերը նշված նախազգուշացումն ուղարկելու պարտականության պատշաճ կատարումը:
Մինչդեռ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը համարվում է կատարված համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետն ավարտվելու հաջորդ օրը, եթե այդ ժամկետում կառուցապատումը չի ավարտվել, հետևաբար վարչական մարմնի կողմից կառուցապատողին «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված նախազգուշացում ուղարկելը չի կարող որևէ նշանակություն ունենալ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման կապակցությամբ կառուցապատողին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման համար:
Ամփոփելով վերոնշյալ իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ սույն գործով ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել և կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի դրույթները, դրանք մեկնաբանվել են թիվ ՎԴ/1876/05/13 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշման մեջ միևնույն նորմերին տրված հակասող մեկնաբանությամբ, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է (...) մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։ Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին։
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում Գագիկ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1390/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշմամբ արված իրավական հետևությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության հիմքով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված հայցվորի վրա չի կարող դրվել պատասխանող վարչական մարմնի կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի փոխհատուցման պարտականություն՝ անկախ վճռաբեկ բողոքի քննության արդյունքում գործի ելքն ի վնաս հայցվորի փոխվելու հանգամանքից, քանի որ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտերի վիճարկման համար օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտները չեն կարող կրել պետական տուրք վճարելու կամ վճարված պետական տուրքի գումարները փոխհատուցելու պարտականություն՝ թե՛ վարչական դատարանում, թե՛ դատական բողոքարկման փուլերում՝ անկախ գործի ելքից:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ վճռաբեկ բողոքի համար Քաղաքապետարանի կողմից նախապես վճարված պետական տուրքի հատուցման գծով դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված:
Վճռաբեկ դատարանի վերը շարադրված եզրահանգումը վերաբերում է նաև վերաքննիչ բողոքի համար Քաղաքապետարանի կողմից նախապես վճարված պետական տուրքի հատուցման հարցին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.08.2019 թվականի որոշումը և այն փոփոխել. Վրեժ Օհանյանի հայցը մերժել։
2. Վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի բաշխման հարցը համարել լուծված:
Վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի բաշխման հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Տ. Պետրոսյան Ս. Անտոնյան Հ. Բեդևյան Մ. Դրմեյան Գ. Հակոբյան Ս. Միքայելյան Ա. Մկրտչյան Է. Սեդրակյան Ն. Տավարացյան
Ա. Բարսեղյան
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
13.05.2022թ.
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/0453/05/18 վարչական գործով 13.05.2022 թվականին կայացված որոշման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 13.05.2022 թվականին գրավոր ընթացակարգով քննելով Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 07.08.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Վրեժ Օհանյանի ընդդեմ Քաղաքապետարանի` 13.12.2017 թվականի թիվ Վ-47/1 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել Վերաքննիչ դատարանի 07.08.2019 թվականի որոշումը և այն փոփոխել՝ Վրեժ Օհանյանի հայցը մերժել։
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս, Հովսեփ Բեդևյանս, Գոռ Հակոբյանս և Արսեն Մկրտչյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:
Սույն գործը հարուցվել է Վրեժ Օհանյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել Քաղաքապետարանի 13.12.2017 թվականի թիվ Վ-47/1 որոշումը։
ՀՀ վարչական դատարանը (այսուհետ՝ Դատարան) հայցը բավարարել է՝ արձանագրելով, որ տվյալ դեպքում, հասարակական նշանակության օբյեկտի շինարարության տևողության նորմերով հաշվարկված ու շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներում կառուցապատումը չավարտելու դեպքում շինարարության թույլտվություն տվող մարմինը, տվյալ դեպքում՝ Երևանի քաղաքապետարանը, պարտավոր էր գրավոր նախազգուշացնել կառուցապատողին՝ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ:
Դատարանը փաստել է, որ Քաղաքապետարանի կողմից կառուցապատողը գրավոր չի նախազգուշացվել՝ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և վերը նշված մյուս հնարավորությունների վերաբերյալ: Փոխարենը կառուցապատողն իր նախաձեռնությամբ Քաղաքապետարան է ներկայացրել թիվ 01/18-Օ-462-982 շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու մասին դիմում, որի քննարկման, ժամկետի երկարաձգման, նոր ժամկետի սահմանման վերաբերյալ առկա չէ որևէ ապացույց: Այսինքն՝ վարչական մարմինը, չկատարելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ նախատեսված ժամկետում կառուցապատումը չավարտելու դեպքում կառուցապատողին գրավոր նախազգուշացնելու պարտականությունը, չքննարկելով կառուցապատողի կողմից ներկայացված՝ թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու մասին դիմումը, հաստատված է համարել Վրեժ Օհանյանի կողմից թիվ 01/18-Օ-462-982 շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում շինարարական աշխատանքները չավարտելու փաստը և վերջինիս ենթարկել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը գտել է, որ հայցվորի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածով սահմանված՝ քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետների խախտում թույլ չի տրվել, քանի որ ենթադրյալ վարչական իրավախախտման փաստի հայտնաբերման պահին՝ 27.11.2017 թվականին, արդեն իսկ հայցվորի կողմից 22.11.2017 թվականին ներկայացված է եղել ժամկետի երկարաձգման մասին դիմում, որի քննարկման պարագայում վարչական մարմինը կարող էր երկարաձգել շինարարական աշխատանքների իրականացման ժամկետը՝ մինչև չիրականացված աշխատանքների համար շինարարության տևողության նորմերով հաշվարկված ժամկետի չափով, այնուհետև, սահմանված նոր ժամկետի կետանցի դեպքում միայն հայցվորին ենթարկեր վարչական պատասխանատվության նշված հիմքով:
Վերաքննիչ դատարանը մերժել է վերաքննիչ բողոքը՝ գտնելով, որ սույն գործի փաստական և իրավական հանգամանքների վերաբերյալ Դատարանի դիրքորոշումներն իրավաչափ են` հավելելով, որ այն դեպքում, երբ կառուցապատողի կողմից վարչական մարմին ժամկետի երկարաձգման դիմում է ներկայացվում, ապա վարչական մարմինը պարտավոր է դիմումի քննարկման արդյունքում երկարաձգել ժամկետը, իսկ երկարաձգված ժամկետում շինարարությունը չավարտելու դեպքում միայն անձին ենթարկել վարչական պատասխանատվության։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը (ներկայացուցիչ՝ Հարություն Թունյան)։
Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել՝ բեկանել Վերաքննիչ դատարանի 07.08.2019 թվականի որոշումը և այն փոփոխել` Վրեժ Օհանյանի հայցը մերժել։
Ի հիմնավորումն վերոգրյալ եզրահանգման՝ Վճռաբեկ դատարանը վկայակոչել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, 154.1-րդ հոդվածի 1-ին մասը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի իրավանորմի մեկնաբանության վերաբերյալ Արտաշես Մելիքյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1876/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը և անդրադառնալով այն իրավական հարցադրմանը, թե արդյո՞ք շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում շինարարական աշխատանքները չավարտելու դեպքում կառուցապատողը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի հիմքով կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության վերջինիս կողմից շինարարության թույլտվության սահմանված ժամկետը երկարաձգելու համար շինարարության թույլտվություն տվող մարմին դիմելու պայմաններում, արձանագրել է հետևյալը.
«(...) շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում շինարարական աշխատանքները չավարտելու դեպքում կառուցապատողը ենթակա է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի հիմքով` անկախ վերջինիս կողմից շինարարության թույլտվության սահմանված ժամկետը երկարաձգելու համար շինարարության թույլտվություն տվող մարմին դիմելու հանգամանքից: Ավելին, իրավախախտումը կատարելուց հետո շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգելու համար վարչական մարմին դիմելը չի կարող կառուցապատողին ազատել արդեն իսկ թույլ տված ժամկետի խախտման համար սահմանված վարչական պատասխանատվությունից»:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով կառուցապատման սահմանված ժամկետը խախտելու դեպքում կառուցապատողին վարչական պատասխանատվության ենթարկելուց առաջ նրան գրավոր նախազգուշացնելու վարչական մարմնի պարտականության վերաբերյալ սույն գործով ստորադաս դատարանի եզրահանգման հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է.
«Գործում առկա նյութերի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանը հաստատված է համարում կառուցապատողի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցանքի կատարման փաստը, ինչը հիմք ընդունելով` Երևանի քաղաքապետը` որպես նշված իրավախախտման գործով քննություն և համապատասխան որոշում կայացնող պաշտոնատար անձ, պարտավոր էր իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում արձագանքելու նշված իրավախախտմանը։ Ընդ որում, (...) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված չէ վարչական պատասխանատվության կիրառումը բացառող կամ հետաձգող այնպիսի հիմք, ինչպիսին կառուցապատողի վրա դրված որոշակի պարտականության կատարումն է։ Հետևաբար, 22.11.2017 թվականի դրությամբ Վրեժ Օհանյանի կողմից արդեն իսկ կատարված է եղել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը, իսկ իրավախախտումը կատարելուց հետո շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգելու համար դիմելը չի կարող կառուցապատողին ազատել պատասխանատվությունից։
(…) սույն գործով ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել և կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի դրույթները, դրանք մեկնաբանվել են թիվ ՎԴ/1876/05/13 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշման մեջ միևնույն նորմերին տրված հակասող մեկնաբանությամբ, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման»:
Համակարծիք չենք Վճռաբեկ դատարանի վերոգրյալ վերլուծությունների և եզրահանգումների հետ և գտնում ենք, որ սույն գործով ստորադաս դատարանները Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի դրույթների ճիշտ մեկնաբանման և կիրառման արդյունքում կայացրել են պատճառաբանված, հիմնավորված և օրինական դատական ակտեր, ուստի վճռաբեկ բողոք բերող անձի փաստարկներն ու հիմնավորումները չէին կարող բավարար լինել Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու, այն փոփոխելու և Վրեժ Օհանյանի հայցը մերժելու համար։
Այսպես.
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի «ժ» կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն ավարտել տվյալ քաղաքաշինական գործունեության համար շենքերի և կառուցվածքների շինարարության տևողության նորմերով հաշվարկված ու շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներում և ապահովել ավարտված շինարարական օբյեկտի շահագործման փաստագրումը:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի 6-րդ հոդվածի չորրորդ մասի «ժ» կետով նախատեսված ժամկետներում կառուցապատումը (բացառությամբ գյուղական բնակավայրերում իրականացվող կառուցապատման և անհատական բնակելի տների) չավարտվելու դեպքում, շինարարության թույլտվություն տվող մարմինը գրավոր նախազգուշացնում է կառուցապատողին շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ: Ընդ որում, շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից շինարարության տևողությունը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան տվյալ օբյեկտի չիրականացված աշխատանքների համար շինարարության տևողության նորմերով հաշվարկված ժամկետի չափով:
Նշված պահանջը չկատարելու դեպքում կառուցապատողը շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ենթարկվում է վարչական պատասխանատվության:
Եթե նախազգուշացումն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, կառուցապատողը չի դիմում շինարարության թույլտվություն տվող մարմին` շինարարության ժամկետը երկարաձգելու հայտով, կամ շինարարության թույլտվությամբ սահմանված նոր ժամկետում չի ավարտում կառուցապատումը, կամ չի օտարում սեփականության իրավունքով իրեն պատկանող օբյեկտը, ապա շինարարության թույլտվություն տվող մարմինը նրան կրկին անգամ ենթարկում է վարչական պատասխանատվության և դիմում է դատարան տվյալ օբյեկտը վաճառելու հայցով` դատարանի սահմանած կարգով և գնով, բայց ոչ պակաս, քան օբյեկտի կադաստրային արժեքի 75 տոկոսի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոսի չափով:
Վերոգրյալ իրավակարգավորումների վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ վարչական մարմնի կողմից կառուցապատողին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը՝
- կառուցապատողը շինարարության թույլտվությամբ նախատեսված ժամկետներում չի ավարտել կառուցապատումը,
- շինարարության թույլտվություն տվող մարմինը գրավոր նախազգուշացրել է կառուցապատողին շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ,
- գրավոր նախազգուշացումից հետո շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու պահանջը կառուցապատողը չի կատարել։
Այսպիսով, պետք է արձանագրել, որ վարչական մարմնի կողմից կառուցապատողը կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության միայն վերոնշյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում։
Ըստ այդմ, հարկ ենք համարում արձանագրել, որ Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները չէին կարող հանգեցնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի այնպիսի մեկնաբանմանը, ըստ որի՝ շինարարության թույլտվությամբ նախատեսված ժամկետում շինարարական աշխատանքները կառուցապատողի կողմից չավարտելը հիմք է նրան վարչական պատասխանատվության ենթարկելու համար՝ անկախ վարչական մարմնի կողմից «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով իր պարտականությունը կատարած լինելու կամ չլինելու հանգամանքից:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:
Վերոգրյալ կանոնով սահմանված կարգով մեկնաբանելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասը՝ հարկ ենք համարում նշել, որ օրենսդրի նպատակը միտված չի եղել նրան, որ օրենքով սահմանված ժամկետներում կառուցապատումը (բացառությամբ գյուղական բնակավայրերում իրականացվող կառուցապատման և անհատական բնակելի տների) չավարտվելու դեպքում կառուցապատողն անպայման և անմիջապես ենթարկվի վարչական պատասխանատվության:
Ընդ որում, օրենսդրի վերոգրյալ նպատակն ամբողջությամբ համահունչ է ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածում ամրագրված համաչափության սկզբունքին, որի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:
Ըստ այդմ, օրենքով սահմանված ժամկետներում կառուցապատումը (բացառությամբ գյուղական բնակավայրերում իրականացվող կառուցապատման և անհատական բնակելի տների) չավարտվելու դեպքում կառուցապատողին անպայման և անմիջապես վարչական պատասխանատվության ենթարկելն օրենսդիրը չի համարել պիտանի և անհրաժեշտ Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար, ինչի հաշվառմամբ օրենսդրորեն նախատեսել է կառուցապատողին շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ գրավոր նախազգուշացնելու շինարարության թույլտվություն տվող մարմնի պարտականությունը, որպիսի պարտականությունը կատարելու փաստով էլ պայմանավորել է վարչական պատասխանատվություն կիրառելու վերջինիս իրավունքի իրացումը:
Այսպիսով, վերոգրյալ իրավակարգավորումների վերաբերյալ վերլուծությունների հաշվառմամբ գտնում ենք, որ կառուցապատողը պարտավոր է կառուցապատման աշխատանքներն ավարտել օրենքով սահմանված կարգով իրեն տրված շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում։ Այն դեպքում, երբ կառուցապատողը նախատեսված ժամկետներում կառուցապատումը չի ավարտում, շինարարության թույլտվություն տվող մարմինը նախևառաջ պետք է գրավոր նախազգուշացնի կառուցապատողին շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ, որից հետո միայն կարողանա իրացնել վարչական պատասխանատվություն կիրառելու իր իրավունքը և կառուցապատողին ենթարկել վարչական պատասխանատվության՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևանի քաղաքապետի կողմից 17.11.2015 թվականին Վրեժ Օհանյանին տրվել է թիվ 01/18-Օ-462-982 շինարարական թույլտվությունը՝ Շենգավիթ վարչական շրջանի Վերին Շենգավիթ 2-րդ փողոց թիվ 5/3 հողամաս և թիվ 3/3 շինություն հասցեներում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման շինարարական աշխատանքներ կատարման համար, այդ թվում՝ կառուցապատվող հողամասի գլխավոր հատակագծի վրա նշված ոչ հիմնական կառույցների տեղադրման նպատակով: Շինարարական թույլտվությամբ նախատեսվել է շինարարական աշխատանքները կատարել 24 ամսվա ընթացքում՝ ներառյալ շինարարական օբյեկտ ընդունող հանձնաժողովի աշխատանքի համար նախատեսված ժամկետը:
Համաձայն 22.11.2017 թվականի ծանուցման՝ Երևանի քաղաքապետարանի գրասենյակում 22.11.2017 թվականի ժամը 12.30-ին գրանցվել է Վրեժ Օհանյանի դիմումը (շին.թույլտվության ժամկետի երկարաձգում՝ Վ. Շենգավիթ 2-րդ փող. 3/3 և 5/3 հասցեներում), բանալի՝ 1254372, ծածկագիր՝ 1254372201711222: Ծանուցմամբ նշվել է, որ դիմումի պատասխանը կտրվի 10 օրվա ընթացքում:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ՔՀՎ վարչության տարածքային 1-ին բաժնի գլխավոր մասնագետ Զ. Փեփոյանը 27.11.2017 թվականին կազմել է թիվ 026478 արձանագրությունն այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի կողմից 17.11.2015 թվականին տրվել է թիվ 01/18-Օ-462-982 շինարարական թույլտվությունը` Վ. Շենգավիթ 2-րդ փողոցի հ. 5/3 և 3/3 հասցեներում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար, որով սահմանվել է 24 ամիս ժամկետ: Սակայն 27.11.2017 թվականին կատարված տեղատեսությամբ պարզվել է, որ շինարարական աշխատանքներն այդ հատվածում դեռևս ավարտված չեն: Նույն արձանագրության համաձայն՝ իրավախախտումը կատարվել է Վրեժ Օհանյանի կողմից:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի պետ Ն. Գրիգորյանի և աշխատակից Զ. Փեփոյանի կողմից 27.11.2017 թվականին կազմվել է արձանագրության հետևյալի մասին. «Կառուցապատող Վրեժ Օհանյանի կողմից Երևանի քաղաքապետին հասցեագրված 22.11.2017թ. թիվ 0-552 դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակում՝ հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի պահանջը, սույն թվականի նոյեմբերի 22-ին կառուցապատող Վրեժ Օհանյանը (093939388 հեռախոսահամար) հրավիրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություն (Բուզանդի փողոց հ. 1/3 շենքի Երևանի քաղաքապետարանի վարչական 2-րդ մասնաշենքի հատված, 6-րդ հարկ, հ.610 աշխատասենյակ) Շենգավիթ վարչական շրջանի, Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի թիվ 5/3 և 3/3 հասցեներում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար Երևանի քաղաքապետարանի կողմից կառուցապատող՝ Վրեժ Օհանյանին 17.11.2017 թվականին տրված թիվ 01/18-0-462-982 շինարարության թույլտվությամբ սահմանված՝ 24 ամիս ժամկետում շինարարական աշխատանքները չավարտելու, այդ ժամկետում սահմանված կարգով ավարտված շինարարական օբյեկտի ընդունող հանձնաժողովի աշխատանքները չկազմակերպելու ու դրա արդյունքում օբյեկտը շահագործման չընդունելու փաստի կապակցությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում բացատրություններ և /կամ/ միջնորդություններ ներկայացնելու համար։
Կառուցապատող՝ Վրեժ Օհանյանը ներկայացել է 27.11.2017 թվականին վարչական վարույթի շրջանակներում հրավիրված քննարկումներին, որի ընթացքում ուսումնասիրելով փաստական հանգամանքները պարզվեց, որ Շենգավիթ վարչական շրջանի, Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի թիվ 5/3 և 3/3 հասցեներում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար Երևանի քաղաքապետարանի կողմից կառուցապատող՝ Վրեժ Օհանյանին 17.11.2017թ. տրված թիվ 1/18-0-462-982 շինարարության թույլտվությամբ սահմանվել է 24 ամիս ժամկետ, սակայն 22.11.2017 թվականին հայտնաբերվել է, որ շինարարական աշխատանքները դեռևս ավարտված չեն։ Ելնելով վերոնշյալ փաստական հանգամանքներից՝ աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից 27.11.2017 թվականին կազմվեց վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 026478 արձանագրությունն, իսկ կառուցապատող Վրեժ Օհանյանին տրվող արձանագրության օրինակը վերջինս ստորագրեց և ստացավ առձեռն»:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետի 13.12.2017 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-47/1 որոշման համաձայն` Վրեժ Օհանյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության` նշանակվել է վարչական տույժ 380.415 ՀՀ դրամի չափով։
Նույն որոշման համաձայն՝ գործի քննության ընթացքում ուսումնասիրվել է թիվ 026478 արձանագրությունը, 17.11.2015 թվականի շինարարական թույլտվությունը, Երևանի քաղաքապետարանի ՔՀՎ վարչության տարածքային բաժնի պետի և աշխատակցի կազմած արձանագրությունը, «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված՝ կառուցվող օբյեկտի նախահաշվարկային արժեքի մասին տեղեկատվությունը և իրավախախտման լուսանկարը:
Կառուցապատող Վրեժ Օհանյանը բացատրություն է տվել այն մասին, որ շինարարական աշխատանքները ժամկետում չի ավարտել, սակայն դիմել է ժամկետը երկարաձգելու համար: Նույն որոշման համաձայն՝ գործի քննության արդյունքում հիմնավորվել է, որ կառուցապատող Վրեժ Օհանյանի կողմից Վ. Շենգավիթ 2-րդ փողոցի հ. 5/3 և հ. 3/3 հասցեներում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման շինարարական աշխատանքները չեն ավարտվել համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետում, որով թույլ է տվել Օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետը, անտեսելով նաև այն հանգամանքը, որ դեռևս 22.11.2017 թվականին, այսինքն՝ մինչև վարչական իրավախախտման վերաբերյալ 27.11.2017 թվականին թիվ 026478 արձանագրությունը կազմելը Վրեժ Օհանյանը դիմում է ներկայացրել շին.թույլտվության ժամկետը երկարաձգելու խնդրանքով, 13.12.2017 թվականին կայացրել է թիվ Վ-47/1 որոշումը, որի համաձայն` կառուցապատող Վրեժ Գրիշայի Օհանյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ նշանակվել է վարչական տույժ՝ 380.415 ՀՀ դրամի չափով:
Վերոգրյալ փաստերից երևում է, որ վարչական մարմինը, չկատարելով օրենքով սահմանված՝ կառուցապատողին նախազգուշացնելու իր պարտականությունը, ըստ այդմ իրավունք չունենալով իրացնելու վարչական պատասխանատվություն կիրառելու իր իրավունքը, այդուհանդերձ կառուցապատող Վրեժ Գրիշայի Օհանյանին ենթարկել է վարչական պատասխանատվության՝ շինարարության թույլտվությամբ նախատեսված ժամկետներում կառուցապատումը չավարտելու համար, ինչն անտեսվել է Վճռաբեկ դատարանի կողմից:
Գտնում ենք, որ կառուցապատողին նախազգուշացնելու «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պարտականությունը չկատարելու պայմաններում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պատասխանատվության միջոցը կիրառելու վարչական մարմնի գործելաոճն ուղղակի հակասում է ոչ միայն ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածում ամրագրված համաչափության սկզբունքին, այլ նաև արդյունք է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասի սխալ մեկնաբանման, որպիսի պարագայում Քաղաքապետարանի 13.12.2017 թվականի թիվ Վ-47/1 որոշումն անվավեր ճանաչելու հայցվորի պահանջը մերժելով՝ Վճռաբեկ դատարանը փաստացի իրավաչափ է գնահատել ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները խախտելու վարչական մարմնի գործելաոճը:
Վերոգրյալի հաշվառմամբ գտնում ենք, որ Դատարանը, բավարարելով Վրեժ Օհանյանի հայցն ընդդեմ Քաղաքապետարանի՝ 13.12.2017 թվականի թիվ Վ-47/1 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, կայացրել են օրինական և հիմնավորված դատական ակտեր, իսկ վճռաբեկ բողոքով ներկայացված փաստարկները բավարար չեն Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, որպիսի պարագայում տվյալ դեպքում կիրառման է ենթակա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված վճռաբեկ բողոքը մերժելու և դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
Դատավորներ |
Ռ. հակոբՅԱՆ |
Հ. Բեդևյան | |
Գ. Հակոբյան | |
Ա. Մկրտչյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հունիսի 2022 թվական: