Գլխավոր տեղեկություն
Համար
N 50-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 01.07.2022
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
30.06.2022
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

30 հունիսի 2022 թ.
ք. Երևան

N 50-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական oրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով և 51-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Սահմանել ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ կազմակերպելու, անցկացնելու և որակավորում շնորհելու կարգը` համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2022 թ. հունիսի 30-ի N 50-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ (այսուհետ` դասընթացներ) կազմակերպելու և անցկացնելու նպատակը տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող անձանց սույն կարգի 13-րդ կետով սահմանված իրավական ակտերի ուսուցումն է և ստուգարքի միջոցով նրանց գիտելիքների ստուգումն ու որակավորում շնորհելը:

2. Դասընթացներին կարող են մասնակցել 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

3. Դասընթացների կազմակերպումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

2. ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

4. Դասընթացները կազմակերպվում են Երևանում և մարզերում՝ տարին առնվազն մեկ անգամ:

5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) դասընթացներ կազմակերպելու մասին հայտարարություն է տարածում զանգվածային լրատվության միջոցներով, հայտարարությունը տեղադրվում է նաև Հանձնաժողովի համացանցային կայքում:

6. Հայտարարությունում նշվում է.

1) դասընթացներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիներին ներկայացվող պահանջները,

2) փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը,

3) անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,

4) դիմում ներկայացնելու և դասընթացն անցկացնելու վայրը:

7. Դասընթացին մասնակցելու համար քաղաքացին, կուսակցությունը ներկայացնում են սույն Կարգի ձև 1-ով և ձև 2-ով սահմանված դիմում:

8. Դասընթացներին մասնակցել ցանկացող քաղաքացիների հաշվառումը վարում է Հանձնաժողովի տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչությունը՝ «Ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին մասնակցելու հայտերի առցանց ներկայացման համակարգ»-ի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով (https://eapp.elections.am):

9. Կուսակցության դիմումը ստանալուց հետո Հանձնաժողովը մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է կուսակցության տվյալները Համակարգում, որից հետո Համակարգը կուսակցության դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեով կուսակցության լիազորված ներկայացուցչին տրամադրում է գործարկողի անվանում և գաղտնաբառ:

10. Կուսակցության լիազոր ներկայացուցիչը մուտք է գործում Համակարգ համապատասխան դաշտերում լրացնելով իրեն տրամադրված գործարկողի անվանումը և գաղտնաբառը և մուտքագրում է կուսակցության կողմից ներկայացվող քաղաքացիների անձնական տվյալները (անուն, ազգանուն, անձը հաստատող փաստաթղթի համար, մասնագիտական դասընթացի անցկացման վայր, էլեկտրոնային փոստի հասցե և հեռախոսահամար):

Կուսակցությունը դասընթացների անցկացման համար կարող է առաջարկել դասընթացի անցկացման ժամկետ և վայր, եթե դիմումին կից ցուցակում ընդգրկված, դասընթացներին մասնակցել ցանկացող քաղաքացիների թիվը ավել է 20-ից:

11. Դիմում ներկայացրած քաղաքացիների անձնական տվյալները (անուն, ազգանուն, անձը հաստատող փաստաթղթի համար, մասնագիտական դասընթացի անցկացման վայր, էլեկտրոնային փոստի հասցե և հեռախոսահամար) մուտքագրվում են Համակարգ Հանձնաժողովի տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության կողմից:

12. Համակարգում գրանցված անձինք մասնակցում են մասնագիտական դասընթացներին՝ Հանձնաժողովի կողմից նախապես հրապարակված ժամանակացույցին (օր, ժամ, վայր) համապատասխան: Ժամանակացույցը տեղադրվում է Հանձնաժողովի համացանցային կայքում:

Քաղաքացիները կարող են տեղեկանալ իրենց դիմումի կամ որևէ կուսակցության հայտի հիման վրա Համակարգում գրանցված լինելու մասին Հանձնաժողովի համացանցային կայքից՝ որոնման հնարավորությամբ (https://search.elections.am/)։

Համակարգում գրանցված անձինք Հանձնաժողովի համացանցային կայքից կարող են տեղեկանալ իրենց դասընթացի օրվա և տեղի մասին։

13. Դասընթացների ծրագիրը և ստուգարքի հարցաշարերը կարող են վերաբերվել հետևյալ իրավական ակտերի դրույթներին.

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն,

2) «Հայաստանի Հանրապետության ընտրական oրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենք,

3) «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական oրենք,

4) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներ:

14. Մեկ դասընթացի տևողությունը` ներառյալ ստուգարքը, 7 ակադեմիական ժամ է, որից 3 ակադեմիական ժամ` դասախոսության, 1 ակադեմիական ժամ` գործնական պարապմունքի, 1 ակադեմիական ժամ` ստուգարքի անցկացման և 2 ակադեմիական ժամ` գիտելիքի գնահատման համար:

15. Դասընթացներ անցկացնող դասախոսական կազմում կարող են ընդգրկվել բարձրագույն կրթություն ունեցող, դասավանդման կամ ընտրական համակարգում աշխատանքային փորձ ունեցող համապատասխան մասնագետներ, ինչպես նաև Հանձնաժողովի, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ, Հանձնաժողովի աշխատակիցներ:

 

3. ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼԸ

 

16. Որակավորում շնորհվում է ստուգարքի արդյունքում: Ստուգարքն անցկացվում է դռնբաց, կարող են ներկա լինել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև կուսակցության ներկայացուցիչներ, եթե կուսակցությունը ներկայացրել է քաղաքացիների ցուցակներ:

17. Ստուգարքն անցկացվում է դասընթացի ավարտից հետո, հայերեն լեզվով, համակարգչային կամ թեստային գրավոր եղանակով: Ստուգարքին թույլատրվում է մասնակցել անձնագրի կամ նույնականացման քարտի առկայության դեպքում:

18. Թեստը բաղկացած է 2 մասից` հարցերից և խնդրից: Թեստի առաջին մասը ներառում է սույն կարգի 13-րդ կետով սահմանված իրավական ակտերին վերաբերվող 30 հարց` առնվազն 3 ենթադրյալ պատասխանով, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է, իսկ երկրորդ մասում` քվեարկության արդյունքների արձանագրություն կազմելու վերաբերյալ մեկ խնդիր: Կազմվում է թեստերի առնվազն 7 տարբերակ, ստուգարքի ժամանակ բաժանվում է առնվազն 3 տարբերակ:

19. Թեստը լրացնելու համար սահմանվում է մինչև 40 րոպե, որից հետո մասնակիցը թեստը հանձնում է դասընթացն անցկացնող դասախոսին: Համակարգչային եղանակի դեպքում մասնակիցը հրահանգում է հիշել իր կատարած նշումները:

20. Ստուգարքը գնահատվում է առավելագույնը 35 միավոր: Թեստի յուրաքանչյուր հարցի ճիշտ պատասխանը 1 միավոր է, սխալ պատասխանը` զրո: Սխալ պատասխան է համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխան նշելը, նշած պատասխանը փոփոխելը (ուղղելը), որևէ պատասխան չնշելը: Քվեարկության արդյունքների արձանագրություն կազմելու վերաբերյալ խնդրի լուծումը գնահատվում է առավելագույնը 5 միավոր:

21. Ստուգարքի մասնակցի խնդրանքով նրան կարող է տրամադրվել թեստի նույն տարբերակի մեկ լրացուցիչ oրինակ: Լրացուցիչ oրինակ ստացած մասնակիցը դասընթացն անցկացնող դասախոսին է հանձնում թեստի երկու oրինակները՝ նշելով թե որ օրինակն է ներկայացվում գնահատելու համար:

22. Ստուգարքի հիման վրա ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորում շնորհվում և ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայական տրվում է այն մասնակցին, որը հավաքել է առնվազն 31 միավոր:

23. Ստուգարքի արդյունքները հրապարակվում են Հանձնաժողովի համացանցային կայքում, յուրաքանչյուր դասընթացի ավարտից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ որոնման հնարավորությամբ։

24. Ստուգարքի արդյունքները Հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվելուց հետո 7-օրյա ժամկետում կարող են բողոքարկվել Հանձնաժողով: Բողոքարկման ժամկետի մեկնարկն ազդարարվում է բոլոր դասընթացների ավարտից հետո, ինչի մասին Հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվում է հայտարարություն։

25. Որակավորում ստացած անձանց համար Համակարգի միջոցով ձևավորվում է որակավորման վկայականի էլեկտրոնային տարբերակը, որն իրենից ներկայացնում է յոթանիշ համար, որի առաջին 2 նիշերը ցույց են տալիս վկայականի տրման տարեթվի վերջին 2 նիշերը։ Վկայականն ուժի մեջ է 3 տարի ժամկետով: Որակավորման վկայականները թղթային եղանակով չեն տպագրվում և չեն տրամադրվում։

26. Որակավորման վկայականը համարվում է ուժը կորցրած որակավորման վկայականի ժամկետը լրանալու, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից այն ուժը կորցրած ճանաչելու դեպքում։ Վկայականի ժամկետը կարող է երկարաձգվել կամ կրճատվել Հանձնաժողովի որոշմամբ:

27. Որակավորում ստացած քաղաքացիների ցուցակները՝ որակավորման վկայականներով, տեղադրվում են Հանձնաժողովի համացանցային կայքում:

28. Որակավորման վկայականների հաշվառումը վարում է Հանձնաժողովի տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչությունը:

29. Հանձնաժողովը յուրաքանչյուր ընտրության համար, ոչ ուշ քան ընտրության օրվանից 40 օր առաջ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի համար կարող է սահմանել գիտելիքների և հմտությունների ստուգելու լրացուցիչ ստուգարք, որը հանձնաժողովի նախագահը և քարտուղարը պետք է հանձնեն ոչ ուշ քան ընտրության օրվանից 3 օր առաջ:

 

Ձև 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովին

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին մասնակցելու

 

__________________________________________________________________________________

ազգանուն, անուն, հայրանուն, անձնագիր N

___________________________________________________________________________________

բնակության վայր, ծննդյան օր, ամիս, տարեթիվ

 

Հեռ. +374 ______________________, էլ. փոստ

__________________________@_______________

 

Խնդրում եմ ինձ ընդգրկել ________________________________________________________________

նշվում է մասնագիտական դասընթացի վայրը

 

տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների համար կազմակերպված մասնագիտական դասընթացին:

 

Կից ներկայացնում եմ իմ անձը հաստատող փաստաթղթի պատճենը։

 

Առդիր՝        թերթ։

 

Դիմող ________________________

                           ազգանուն, անուն

 

_______________

ստորագրություն

 «____» _____________ 20 թվական    

 

Ձև 2

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովին

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացին (ստուգարքին) մասնակցել ցանկացող քաղաքացիների հայտերը «Ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին մասնակցելու հայտերի առցանց ներկայացման համակարգ»-ում գրանցելու համար խնդրում եմ __________________________________________________ կուսակցության լիազորված ներկայացուցչին տրամադրել համակարգի գործարկողի անվանում և գաղտնաբառ:

 

_____________________________________

կուսակցության 

լիազորված ներկայացուցչի ազգանուն, անուն

____________

ստորագրություն

 

_____________________________________

հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե

 

«____» _____________ 20    թվական

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 01 հուլիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան