ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
30 հունիսի 2022 թ. |
N 31-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի ԹԻՎ 38-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 17-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված ընտրական փաստաթղթերի և այլ պարագաների պահպանման կարգը սահմանելու մասին» N 38-Ն որոշման
1) «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 34-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով» բառերով,
2) հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ընտրությունների (հանրաքվեների) ժամանակ քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, ինքնասոսնձվող դրոշմանիշերը, համարակալված կտրոնները, տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքը և տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների անհատական կնիքները տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում են քվեարկության նախորդ օրը։ Ինքնասոսնձվող դրոշմանիշերը, համարակալված կտրոնները, տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքը և տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների անհատական կնիքները տեղադրվում են պահարանում:»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հուլիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|