ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/0501/02/192022 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/0501/02/19 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ս. Անտոնյան | |
Ա. Բարսեղյան | ||
Հ. Բեդևյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Ա. Մկրտչյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2022 թվականի մայիսի 12-ին
գրավոր ընթացակարգով քննելով Դոնարա Նազարյանի և Ռուբեն Բաբակեխյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01․12․2020 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արտակ Գալստյանի ընդդեմ Կարեն Թումիկյանի, Արթուր Անդրեասյանի, Դոնարա Նազարյանի, Ռուբեն Բաբակեխյանի` առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Արտակ Գալստյանը պահանջել է 31.08.2010 թվականին Վեներա Գալստյանի, Արտակ Գալստյանի և Կարեն Թումիկյանի միջև կնքված և 12.04.2011 թվականին Կարեն Թումիկյանի, Արթուր Անդրեասյանի և «Յունիբանկ» ՓԲԸ-ի միջև կնքված առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրերի նկատմամբ կիրառել շինծու առոչինչ գործարքների անվավերության հետևանքներ, որպես շինծու առոչինչ գործարքի անվավերության հետևանք անվավեր ճանաչել Կարեն Թումիկյանի անվամբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 01-003 4-94 մատյանի 203 համարի տակ 02.09.2010 թվականին կատարված պետական գրանցումը, Արթուր Անդրեասյանի՝ իրավունքների պետական գրանցման միասնական 01-003 4-94 մատյանի 203 համարի տակ 20.12.2011 թվականին կատարված պետական գրանցումը, 07.11.2012 թվականին Արթուր Անդրեասյանի և Դոնարա Նազարյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, Դոնարա Նազարյանի՝ 12.11.2012 թվականին թիվ 01-003-01223-0150 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Կ․ Պետրոսյան) (այսուհետ՝ Դատարան) 06.05.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 01․12․2020 թվականի որոշմամբ Դոնարա Նազարյանի և Ռուբեն Բաբակեխյանի վերաքննիչ բողոքը մերժվել է՝ Դատարանի 06.05.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Դոնարա Նազարյանի և Ռուբեն Բաբակեխյանը (ներկայացուցիչ Կարեն Հակոբյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով։
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 60-րդ հոդվածը, 61-րդ հոդվածի 3-րդ մասը, 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետը, 381-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի «բ ենթակետը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սույն քաղաքացիական գործով և թիվ ԵԱՔԴ/1112/02/13 և թիվ ԵԱՔԴ/1107/02/16 քաղաքացիական գործերով նույնն են թե՛ գործին մասնակցող անձինք, թե՛ հայցի հիմքը, թե՛ հայցի առարկան: Հետևաբար տվյալ պարագայում առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ, ինչը հիմք է գործի վարույթը կարճելու համար: Ավելին՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ երեք քաղաքացիական գործերով հայցվորները որպես վերջնական արդյունք ակնկալել են վեճի առարկա հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնում, և նշված պահանջների հիմքում դրվել են միևնույն հիմքերը:
Այսպիսով, թե՛ Դատարանի վճիռը և թե՛ Վերաքննիչ դատարանի որոշումը կայացնելիս թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը․ մասնավորապես՝ գործի վարույթը կարճելու հիմքի առկայությամբ գործի քննությունը հանդիսանում է դատական ակտի անվերապահ բեկանման հիմք, որի պարագայում ինքնին խաթարվում է արդարադատության բուն էությունը, խախտվել է իրավական որոշակիությունը, այսինքն՝ թույլատրվել է թիվ ԵԱՔԴ/1112/02/13 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի քողարկված բողոքարկում, ինչն անթույլատրելի է իրավունքի գերակայության բաղադրիչ հանդիսացող դատական ակտերի վերջնականության res judicata սկզբունքի տեսանկյունից, խախտվել է մրցակցության սկզբունքը, որն ամբողջությամբ կանխորոշում է քաղաքացիական դատավարության էությունը, այսինքն՝ Վերաքննիչ դատարանը հրաժարվել է ըստ էության վերաքննիչ բողոքի փաստական և իրավական հիմքերը քննարկելուց, խախտվել է պատասխանողի սեփականության սահմանադրական իրավունքը, քանի որ թույլ է տրվել իրավունքի չարաշահմամբ միևնույն փաստական հիմքերով միևնույն գործարքների պարբերական վիճարկում։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01․12․2020 թվականի որոշումը և գործի վարույթը կարճել, իսկ չկարճելու դեպքում բեկանել և փոփոխել որոշումը հայցը՝ մերժել։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Թիվ ԵԱՔԴ/1112/02/13 քաղաքացիական գործով, ըստ հայցի Վեներա Գալստյանի ընդդեմ Արթուր Անդրեասյանի, Դոնարա Նազարյանի, Ռուբեն Բաբակեխյանի, երրորդ անձ Կարեն Թումիկյանի, «Յունիբանկ» ՓԲԸ, «Ամերիաբանկ» ՓԲԸ, Արտակ Գալստյանի, Կենտրոն նոտարական տարածքի նոտար Է.Դանիելյանի, Նոր-Նորք նոտարական տարածքի նոտար Է.Մակարյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման)` 31.02.2010 թվականի Արտակ Գալստյանի, Վեներա Գալստյանի և Կարեն Թումիկյանի միջև Նոր Նորք նոտարական տարածքի նոտար Է.Մակարյանի կողմից վավերացված առուվաճառքի պայմանագիրը, 12.04.2011 թվականի Կարեն Թումիկյանի, Արթուր Անդրեասյանի և «Յունիբանկ» ՓԲԸ-ի միջև կնքված առուվաճառքի և հիփոթեքի պայմանագիրը, 07.11.2012 թվականի Արթուր Անդրեասյանի և Դոնարա Նազարյանի միջև կնքված գույքի առուվաճառքի պայմանագիրը, 02.05.2013 թվականի Ռուբեն Բաբակեխյանի, Կարեն Բաբակեխյանի, Դոնարա Նազարյանի և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի միջև կնքված անշարժ գույքի գրավադրմամբ վարկային պայմանագիրը անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու` Արտակ Գալստյանի և Վեներա Գալստյանի Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի թիվ 8 անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03․06․2014 թվականի վճռով հայցվորի հայցը մերժվել է (վճիռը թողնվել է անփոփոխ նույն գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28․10․2014 թվականի որոշմամբ, իսկ նշված որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքի ընդունումը ՀՀ Վճռաբեկ դատարանի 17.12.2014 թվականի որոշմամբ մերժվել է) (հատոր 1-ին գ․թ 80-104)։
2) Թիվ ԵԱՔԴ/1107/02/16 քաղաքացիական գործով ըստ հայցի Արտակ Գավրուշայի Գալստյանի ընդդեմ Արթուր Վասիլի Անդրեասյանի, Դոնարա Հենրիկի Նազարյանի, Ռուբեն Կարենի Բաբակեխյանի, երրորդ անձինք՝ Կարեն Նորայրի Թումիկյանի, «Յունիբանկ» ՓԲԸ, «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Երևանի տարածքային ստորաբաժանման, Վեներա Ֆարոսի Գալստյանի, Երևան քաղաքի «Նոր Նորք» նոտարական տարածքի նոտար` Էդ. Մակարյանի, 12.04.2011 թվականի Կարեն Թումիկյանի, Արթուր Անդրեասյանի և «Յունիբանկ» ՓԲԸ-ի միջև կնքված 12.04.2011 թվականի թիվ 849 անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագիրը և դրա հիման վրա ք. Երևան, Բաղրամյան պողոտայի 77 շենքի թիվ 8 բնակարան գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 01-003 4-94 մատյանի 203 համարի տակ 20.12.2011 թվականին կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանք կիրառելու և 07.11.2012 թվականի Արթուր Անդրեասյանի և Դոնարա Նազարյանի միջև կնքված գույքի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա 12.11.2012թ. թիվ 01-003-01223-0150 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը անվավեր ճանաչելու, Վեներա Գալստյանի, Արտակ Գալստյանի և Կարեն Թումիկյանի միջև 31.08.2010 թվականին կնքված և Նոր-Նորք նոտարական տարածքի նոտար Էդվարդ Մակարյանի կողմից վավերացված` սեղանամատյանում թիվ 4314 համարի տակ գրանցված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա Կարեն Թումիկյանի անվամբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 01-003 4-94 մատյանի 203 համարի տակ 02.09.2010 թվականին կատարված պետական գրանցումն առոչինչ ճանաչելու, Արտակ Գալստյանի և Վեներա Գալստյանի սեփականության իրավունքը վերականգնելու պահանջների մասին, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06․05․2017 թվականի վճռով գործի վարույթը կարճվել է (վճռին օրինական ուժ է տրվել նույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.01.2019 թվականի որոշմամբ) (հատոր 1-ին գ․թ 105-111)։
3) Սույն՝ թիվ ԵԴ/0501/02/19 քաղաքացիական գործով Արտակ Գալստյանի հայցն ընդդեմ Կարեն Թումիկյանի, երրորդ անձինք Արթուր Անդրեասյանի, Դոնարա Նազարյանի՝ Վեներա Գալստյանի, Արտակ Գալստյանի և Կարեն Թումիկյանի միջև 31․08․2010 թվականի առուվաճառքի պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես կեղծ գործարք առոչինչ ճանաչելու և որպես առոչինչ գործարքի անվավերության հետևանք անվավեր ճանաչել Կարեն Թումիկյանի, Արթուր Անդրեասյանի և «Յունիբանկ» ՓԲԸ միջև 12․04․2011 թվականին կնքված առուվաճառքի և հիփոթեքի պայմանագիրը, Արթուր Անդրեասյանի և Դոնարա Նազարյանի միջև 07․11․2012 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը և վերականգնել Արտակ Գալստյանի սեփականության իրավունքը ք․Երևան, Բաղրամյան 77-րդ շենքի թիվ 8 բնակարանի նկատմամբ պահանջների մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 22․01․2019 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (հատոր 1-ին գ․թ 1)։
4) Հայցվորի ներկայացուցիչը 16․05․2019 թվականի միջնորդությամբ խնդրել է երրորդ անձ Արթուր Անդրեասյանին և Դոնարա Նազարյանին ներգրավել որպես պատասխանողներ, որը Դատարանի 10․06․2019 թվականի որոշմամբ բավարարվել է և վերջիններս ներգրավվել են որպես պատասխանողներ (հատոր 1-ին գ․թ 119, 120, 135-136)։
5) Պատասխանողի ներկայացուցիչը 23․07․2019 թվականի նախնական դատական նիստի ընթացքում ներկայացրել է միջնորդություն՝ Ռուբեն Բաբակեխյանին պատասխանող ներգրավելու մասին, որը Դատարանի 23․07․2019 թվականի որոշմամբ բավարարվել է (հատոր 1-ին գ․թ 154-156, 161-162)։
6) Հայցվորի ներկայացուցչի կողմից 01․08․2019 թվականին ներկայացվել է հայցապահանջի հստակեցում, որով հայցվորի ներկայացուցիչը խնդրել է Վեներա Գալստյանի, Արտակ Գալստյանի և Կարեն Թումիկյանի միջև 31․08․2010 թվականին կնքված առուվաճառքի և Կարեն Թումիկյանի, Արթուր Անդրեասյանի և «Յունիբանկ» ՓԲԸ միջև 12․04․2011 թվականի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրերի նկատմամբ կիրառել շինծու առոչինչ գործարքների անվավերության հետևանքներ, որպես այդպիսի հետևանքներ անվավեր ճանաչել նշված գործարքներից բխող իրավունքների պետական գրանցումները, Արթուր Անդրեասյանի և Դոնարա Նազարյանի միջև 07․11․2012 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, դրանից բխող պետական գրանցումը, իսկ Արտակ Գալստյանի սեփականության իրավունքը ք․ Երևան, Բաղրամյան 77-րդ շենքի թիվ 8 բնակարանի նկատմամբ վերականգնելու պահանջը չի ներառվել (հանվել է)։
7) Թիվ ԵԿԴ/0200/01/13 քրեական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 10․08․2015 թվականի օրինական ուժի մեջ մտած դատավճիռը (հատոր 1-ին գ․թ 34-54)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումերը, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության հիմքով գործի վարույթը կարճելու իրավական հարցին։
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարան դիմելու կամ արդարադատության մատչելիության իրավունքը մարդու՝ սահմանադրաիրավական և միջազգային իրավական նորմերով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների կարևորագույն բաղադրիչն է։
ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:
Այսպես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է՝ դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ):
Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանի տեսանկյունից՝ դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև՝ համաչափության առումով (տե՛ս, Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն հարաբերակցվում է հայց հարուցելու իրավունքի նախադրյալների հետ: Դրանք այն հանգամանքներն են, որոնց առկայության կամ բացակայության հետ օրենսդիրը կապում է կոնկրետ գործով դատարան հայց ներկայացնելու սուբյեկտիվ իրավունքի ծագումը: Հայց հարուցելու իրավունքի բացասական նախադրյալ է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի առկայությունը: Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե` նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ, բացառությամբ հայցը (դիմումը) առանց քննության թողնելու մասին որոշման։
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության հիմքով գործի վարույթը կարճելու հիմքին, արձանագրել է, որ գործի վարույթը կարող է կարճվել միայն այն դեպքում, երբ նույնն են օրինական ուժի մեջ մտած վճռով լուծված և տվյալ քաղաքացիական գործերի
1. կողմերը, այսինքն` քաղաքացիական վարույթում հակադիր շահերով օժտված անձինք,
2. հայցի առարկան, այսինքն` հայցվորի կողմից պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը,
3. հայցի հիմքը, այսինքն` այն հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները` բացառությամբ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի (տե՛ս, ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքն ընդդեմ «Գ. Արշակյան» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0407/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2012 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ օրենսդրի կողմից նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած վճռի պարագայում դատարան դիմելու իրավունքի սահմանափակումն ինքնանպատակ չէ, այլ նպատակաուղղված է դատավարական իրավունքների չարաշահման կանխարգելմանը, ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի, իրավական որոշակիության, դատական խնայողության սկզբունքների ապահովմանը: Շահագրգիռ անձը, դատարան դիմելով, իրացնում է դատական պաշտպանության, արդար դատաքննության իր իրավունքը, որը միաժամանակ ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունք է նաև դատավարության մյուս կողմի համար: Հետևաբար չնայած հայցվորի տնօրինչական իրավունքն է հայց հարուցելը, սակայն այս իրավունքն ուղղակիորեն առնչվում է նաև պատասխանողի դատավարական իրավունքների հետ, ուստի օրենսդիրը նախատեսել է որոշակի երաշխիքներ նաև պատասխանողի համար` դատական պաշտպանության իր իրավունքն իրացնելու հարցում: Մասնավորապես՝ դատական պաշտպանության իրավունքը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ենթադրում է նաև իրավականորեն որոշակի, կանխատեսելի դատական ակտի առկայություն: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին և այդ սկզբունքի շրջանակներում՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշին: Մասնավորապես՝ արձանագրվել է, որ արդար դատաքննության իրավունքը պահպանված է այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ, ու կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի: Իրավական որոշակիության սկզբունքի բովանդակության մեջ, ի թիվս այլնի, ներառվում է նաև դրույթն այն մասին, որ կողմերից ոչ մեկը չի կարող պահանջել վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայում՝ միայն կրկնակի քննության իրականացման և նոր ակտի կայացման նպատակով (տե'ս, օրինակ, Գայանե Վարդանյանն ընդդեմ Վարդան ու Միշա Վարդանյանների և մյուսների թիվ ԱՐԴ/0062/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը): Հետևաբար նաև այս սկզբունքի հաշվառմամբ է, որ օրենսդիրն արգելում է նույն հայցով կրկին դատարան դիմելն օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պայմաններում` օրենքով սահմանված որոշակի բացառություններով հանդերձ:
Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով սույն բողոքի հիմքում բարձրացված հարցադրումը, վերստին հարկ է համարում անդրադառնալ «նույն անձինք» արտահայտության բովանդակության բացահայտմանը: Թիվ ԵԿԴ/0407/02/11 որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը «նույն անձինք» արտահայտությունը մեկնաբանել է որպես քաղաքացիական վարույթում հակադիր շահերով օժտված անձինք: Հաշվի առնելով դատական պրակտիկայի միտումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում զարգացնել իր մեկնաբանությունը՝ արձանագրելով, որ տվյալ իրավիճակում հակադիր շահերով օժտված անձինք բացառապես չեն նույնանում դատավարությունում կողմերի՝ հայցվորի և պատասխանողի դատավարական կարգավիճակ ունեցող անձանց հետ: Գործին մասնակցող անձինք են նաև երրորդ անձինք, որոնք ևս վեճի ելքով կարող են ունենալ նյութական և դատավարական շահագրգռվածություն, իսկ առանձին դեպքերում նաև ընդհանուր շահ՝ հայցվորի կամ պատասխանողի կողմում հանդես եկող սուբյեկտի հետ: Հետևաբար «նույն անձինք» արտահայտության մեկնաբանությունը չի կարող սահմանափակվել միայն դատավարության կողմերով և պետք է ներառի նաև երրորդ անձանց, իսկ որպես ուղղորդող չափանիշ պետք է դիտարկվի հակադիր շահերի առկայությունը գործին մասնակցող անձանց միջև: Նման մեկնաբանությունն արդարացված է, քանի որ դատական պրակտիկայում հանդիպում են իրավիճակներ, երբ վեճի կողմերը, ցանկանալով վերաբացել նախկինում քննված գործը, ձևականորեն փոփոխում են քաղաքացիական դատավարության մասնակիցների դատավարական կարգավիճակը և նոր հայց հարուցում:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության հիմքով քաղաքացիական գործի վարույթը կարճելու հարցը լուծելիս դատարանը չպետք է միայն հաշվի առնի հայցվորի և պատասխանողի կողմում հանդես եկող անձանց նույնական լինելու հանգամանքը, այլ գործին մասնակցող անձանց կազմը համընկնելու պարագայում, անկախ դատավարական կարգավիճակից, հաշվի առնելով նյութաիրավական հարաբերության բնույթը, պաշտպանության ենթակա օբյեկտը՝ պետք է պարզի, թե արդյոք նույնն են նախկինում քննված և տվյալ պահին քննվող գործերով հակադիր շահերով օժտված անձինք:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով Դատարանը, հայցը բավարարելով պատճառաբանել է, որ «Թիվ ԵԿԴ/0200/01/13 քրեական գործով օրինական ուժ ստացած դատավճռով հաստատված փաստերը համադրելով սույն քաղաքացիական գործով դատաքննությամբ հետազոտված ապացույցներին, դատարանը հաստատված է համարում, որ 31.08.2010 թվականին Վեներա Գալստյանի, Արտակ Գալստյանի և Կարեն Թումիկյանի միջև կնքված և 12.04.2011 թվականին Կարեն Թումիկյանի, Արթուր Անդրեասյանի և «Յունիբանկ» ՓԲԸ-ի միջև կնքված առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրերի կողմերի իրական մտադրությունը չի համապատասխանում գործարքում արտահայտվածին, քանի որ ք.Երևան, Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի հ. 8 տարածքի շինծու սեփականատեր է գրանցվել սկզբում Կարեն Թումիկյանը, հետագայում՝ Արթուր Անդրեասյանը, իսկ շինծու գործարքները կնքվել են բացառապես անշարժ գույքի գրավադրմամբ վարկային միջոցներ ներգրավելու համար, այսինքն՝ ի սկզբանե վիճարկվող գործարքներում դրանցում նշված քաղաքացիական իրավահարաբերություններից տարբերվող` իրականում այլ քաղաքացիական իրավահարաբերություններ են առկա եղել և վիճարկվող գործարքով կողմերը քողարկել են իրենց իրական նպատակը: Վերը նշվածի համատեքստում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորի խախտված իրավունքի պաշտպանությունը ենթակա է իրականացման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածով սահմանված համապատասխան եղանակներով, դատարանն արձանագրում է, որ Արտակ Գալստյանի հայցը՝ 31.08.2010 թվականին Վեներա Գալստյանի, Արտակ Գալստյանի և Կարեն Թումիկյանի միջև ստորագրված և 12.04.2011 թվականին Կարեն Թումիկյանի, Արթուր Անդրեսյանի և «Յունիբանկ» ՓԲԸ-ի միջև ստորագրված առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրերի նկատմամբ շինծու առոչինչ գործարքների անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին հիմնավոր է և ենթակա բավարարման: (․․․) Պատասխանող 1-ի և պատասխանող 2-ի միջնորդությունը՝ թիվ ԵԴ/0501/02/19 քաղաքացիական գործը կարճելու պահանջի մասին, դատարանը հիմնավոր չի գնահատում հետևյալ փաստարկներով․ (․․․) թիվ ԵԱՔԴ/1112/02/13, և թիվ ԵԱՔԴ/1107/02/16 քաղաքացիական գործերի հայցերի առարկաների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանցում 31.08.2010 թվականին ստորագրված և 12.04.2011 թվականին ստորագրված առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրերը դիտարկվել են որպես առանձին գործարքներ, ուստի և այդ գործերով առնվազն հայցի առարկան տարբեր է սույն քաղաքացիական գործի հայցի առարկայից, որպիսի հանգամանքը նկատի ունենալով դատարանն արձանագրում է, որ առկա չէ քաղաքացիական գործի վարույթը կարճելու իրավական հնարավորությունը և անհրաժեշտ չի համարում անդրադառնալ մյուս պայմաններին»:
Վերաքննիչ դատարանը, վերահաստատելով Դատարանի դիրքորոշումը վճիռն անփոփոխ թողնելու մասին որոշմամբ նշել է, որ «(․․․) Դատարանի կողմից սույն գործով կատարվել է պատշաճ քննություն, նյութական և դատավարական իրավունքի նորմերը մեկնաբանվել և կիրառվել են ճիշտ, ինչի արդյունքում կատարվել են իրավաչափ եզրահանգումներ, և կայացվել է օրինական ու հիմնավորված դատական ակտ, որը ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակներում ենթակա չէ բեկանման: Ուստի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված լիազորությունների շրջանակում պետք է մերժել Դոնարա Նազարյանի և Ռուբեն Բաբակեխյանի անունից բերված վերաքննիչ բողոքը՝ ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/0501/02/19 քաղաքացիական գործով 06.05.2020 թվականի վճիռը թողնելով անփոփոխ»:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ․
Թե՛ թիվ ԵԱՔԴ/1112/02/13 քաղաքացիական գործով, թե՛ թիվ ԵԱՔԴ/1107/02/16 քաղաքացիական գործով և թե՛ սույն գործով Արտակ Գալստյանի և Վեներա Գալստանի պահանջներն ուղղված են եղել և ուղղված են Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի թիվ 8 անշարժ գույքի նկատմամբ իրենց սեփականության իրավունքի ճանաչմանը, որոնք թիվ ԵԱՔԴ/1112/02/13 և թիվ ԵԱՔԴ/1107/02/16 քաղաքացիական գործերով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով արդեն իսկ մերժվել են, ինչն, ի դեպ, արձանագրվել է նաև ԵԱՔԴ/1107/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08․01․2019 թվականի որոշմամբ։ Վերը նշված թվով 3 գործերով զուտ ձևական առումով տարբեր են կողմերը (տես՝ Վճռաբեկ դատարանի վերը նշված որոշումը), իսկ հայցի իրավական հիմքը, կեղծ կամ շինծու գործարքների իրավակարգավորումներ են վկայակոչվել։
Նման պայմաններում, հայցի առարկան նույնացնելով հայցի հիմքերի հետ, ընդամենը վկայակոչելով և բառացի մեջբերելով «Վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը» բաժնի 1-ին և 2-րդ կետերը թիվ ԵԱՔԴ/1112/02/13 և թիվ ԵԱՔԴ/1107/02/16 քաղաքացիական գործերի վերաբերյալ, առանց սեփական իրավական վերլուծության և համապատասխան հիմնավորումների, Վերաքննիչ դատարանը համարել է, որ «Դատարանն իրավամբ արձանագրել է, որ առկա չէ քաղաքացիական գործի վարույթը կարճելու իրավական հնարավորությունը»։ Այնուհետև, սակայն հստակ չբացահայտելով սեփական դիրքորոշումը և կրկին առանց որևէ բովանդակային իրավական վերլուծության և համապատասխան հիմնավորումների, ընդամենը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի շարադրանքի մեջբերմամբ, համարվել է, որ նշված նորմի չկիրառման վերաբերյալ բողոք բերած անձի պնդումն անհիմն է։
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վերաքննիչ բողոքի տվյալ հիմքին և դրա հիմնավորմանը, ըստ որի՝ Դատարանը գործը քննել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված գործի վարույթը կարճելու հիմքերի առկայության պայմաններում՝ հաշվի առնելով թիվ ԵԱՔԴ/1107/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08․01․2019 թվականի որոշմամբ արված իրավական եզրահանգումները, և միաժամանակ նաև դրա ներքո դիտարկելով հայցվորի կողմից 01․08․2019 թվականին ներկայացված «հայցապահանջի հստակեցում» վերտառությամբ փաստաթուղթը (հատոր 1-ին, գ․թ 174-175) և դրա վերաբերյալ պատասխանողի ներկայացուցչի (հատոր 1-ին, գ․թ 180-182) առարկությունը։
Թիվ ԵԱՔԴ/1107/02/16 քաղաքացիական գործով որպես հայցվոր հանդես է եկել Արտակ Գալստյանը, որպես պատասխանողներ՝ Արթուր Անդրեասյանը, Դոնարա Նազարյանը, Ռուբեն Բաբակեխյանը, իսկ երրորդ անձինք՝ Կարեն Թումիկյանը, «Յունիբանկ» ՓԲԸ, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, Կադաստրը, Վեներա Գալստյանը, Երևանի Նոր Նորք նոտարական տարածքի նոտար Էդվարդ Մակարյանը:
Թիվ ԵԱՔԴ/1112/02/13 քաղաքացիական գործով որպես հայցվոր հանդես է եկել Վեներա Գալստյանը, որպես պատասխանողներ՝ Արթուր Անդրեասյանը, Դոնարա Նազարյանը, Ռուբեն Բաբակեխյանը, իսկ երրորդ անձինք՝ Կարեն Թումիկյանը, Բանկը, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, Կադաստրը, Արտակ Գալստյանը, Երևանի Նոր Նորք նոտարական տարածքի նոտար Էդվարդ Մակարյանը, Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Է. Դանիելյանը:
ՀՀ վճռաբեկ դատարանը 08.01.2019 թվականի թիվ ԵԱՔԴ/1107/02/16 քաղաքացիական գործով կայացրած որոշմամբ՝ երկու քաղաքացիական գործերով գործին մասնակցող անձանց կազմի ուսումնասիրության արդյունքում արձանագրել է, որ դրանք, ըստ էության, համընկնում են (միակ տարբերությունը կայանում է նրանում, որ թիվ ԵԱՔԴ/1112/02/13 քաղաքացիական գործով երրորդ անձ Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Է. Դանիելյանը սույն գործին չի մասնակցում, սակայն նշված հանգամանքն էական նշանակություն ունենալ չի կարող՝ հաշվի առնելով, որ վերջինիս մասնակցությունը նախորդ գործին պայմանավորված է եղել միայն ածանցյալ պահանջի մասով): Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ թիվ ԵԱՔԴ/1107/02/16 քաղաքացիական գործով հայցվորն Արտակ Գալստյանն է, իսկ թիվ ԵԱՔԴ/1112/02/13 քաղաքացիական գործով՝ Վեներա Գալստյանը, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարել փաստել, որ սույն քաղաքացիական գործով Վեներա Գալստյանը հանդես է գալիս որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ, իսկ Արտակ Գալստյանը նույն կարգավիճակով մասնակցել է թիվ ԵԱՔԴ/1112/02/13 քաղաքացիական գործին: Այդուհանդերձ, դատավարական կարգավիճակի տարբերությունը չի կարող բացառել սույն գործի վարույթը կարճելու «նույն անձանց» պայմանի առկայությունը, քանի որ Վեներա Գալստյանը և Արտակ Գալստյանը վեճի առարկա գույքի ընդհանուր սեփականության մասնակիցներն են, փոխկապակցված են նյութաիրավական շահերով և իրենց դատարան դիմելու իրավունքն իրացրել են նույն առարկայի կապակցությամբ: Մասնավորապես՝ վերջիններս հանդիսացել են Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի թիվ 8 բնակարանի համասեփականատերեր, երկու քաղաքացիական գործերով էլ Վեներա Գալստյանը և Արտակ Գալստյանն ակնկալել են վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնում, ինչից հետևում է, որ վերջիններիս իրավական շահերը փոխկապակցված են, համընկնում են և հակադրվում են գործին մասնակցող մյուս անձանց շահերին: Նման պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ երկու քաղաքացիական գործերով էլ հանդես են եկել հակադիր շահերով օժտված նույն անձինք, իսկ վերջիններիս կարգավիճակի փոփոխումը կրել է զուտ ձևական բնույթ:
Սույն՝ թիվ ԵԴ/0501/02/19 քաղաքացիական գործով հայցվորը կրկին Արտակ Գալստյանն է, սկզբնապես պատասխանողը Կարեն Թումիկյանը, երրորդ անձինք՝ Արթուր Անդրեասյանը, Դոնարա Սարգսյանը, սկզբնական պահանջը կրկին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով (կեղծ գործարք) Վեներա Գալստյանի, Արտակ Գալստյանի և Կարեն Թումիկյանի միջև 31․08․2010 թվականի առուվաճառքի պայմանագիրն առոչինչ ճանաչելը և որպես առոչինչ գործարքի անվավերության հետևանք Կարեն Թումիկյանի, Արթուր Անդրեասյանի և «Յունիբանկ» ՓԲԸ միջև 12․04․2011 թվականին կնքված առուվաճառքի և հիփոթեքի պայմանագիրը, Արթուր Անդրեասյանի և Դոնարա Նազարյանի միջև 07․11․2012 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելն, ու Արտակ Գալստյանի սեփականության իրավունքը ք․ Երևան, Բաղրամյան 77-րդ շենքի թիվ 8 բնակարանի նկատմամբ վերականգնելն են եղել։
Այսինքն՝ այս պարագայում նույնպես Արտակ Գալստյանի դատական պաշտպանության իրավունքի իրացումը նպատակաուղղված է եղել Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի թիվ 8 անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչմանը: Ընդ որում, այս պարագայում խմբագրական բնույթի փոփոխություններն օրենքի տեսանկյունից չեն կարող կարևորվել, քանի որ վերջնական արդյունքում Արտակ Գալստյանի կողմից կրկին ակնկալվել է վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերում:
Սույն գործով հայցվորի և պատասխանողի ներկայացուցիչների կողմից ներկայացված միջնորդությունների հիման վրա Դատարանի համապատասխանաբար 10․06․2019 թվականի և 23․07․2019 թվականի որոշումներով սկզբնապես երրորդ անձ ներգրավված Արթուր Անդրեասյանը և Դոնարա Սարգսյանը ներգրավվել են որպես պատասխանող, պատասխանող է ներգրավվել նաև Ռուբեն Բաբակեխյանը։
Հայցվորի նյութաիրավական պահանջները վերջինիս ներկայացուցչի կողմից 01․08․2019 թվականին ներկայացված հայցապահանջի հստակեցում վերտառությամբ փաստաթղթով պահանջվել է Վեներա Գալստյանի, Արտակ Գալստյանի և Կարեն Թումիկյանի միջև 31․08․2010 թվականին կնքված առուվաճառքի և Կարեն Թումիկյանի, Արթուր Անդրեասյանի և «Յունիբանկ» ՓԲԸ միջև 12․04․2011 թվականի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրերի նկատմամբ կիրառել շինծու առոչինչ գործարքների անվավերության հետևանքներ, որպես այդպիսի հետևանքներ անվավեր ճանաչել նշված գործարքներից բխող իրավունքների պետական գրանցումները, Արթուր Անդրեասյանի և Դոնարա Նազարյանի միջև 07․11․2012 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, դրանից բխող պետական գրանցումը, իսկ Արտակ Գալստյանի սեփականության իրավունքը ք․ Երևան, Բաղրամյան 77-րդ շենքի թիվ 8 բնակարանի նկատմամբ վերականգնելու պահանջը չի ներառվել (հանվել է)։
Այսինքն, վերը հիշատակված առաջին երկու պայմանագրերը (01․08․2010 թվականի և 12․04․2011 թվականի) խմբավորվել են և դիտարկվել որպես շինծու։
Վերը նշվածի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է՝
1․ ինչպես թիվ ԵԱՔԴ/1107/02/16 քաղաքացիական գործով, այնպես էլ սույն գործով հայցվոր է հանդիսանում Արտակ Գալստյանը,
2․ թիվ ԵԱՔԴ/1107/02/16 և թիվ ԵԱՔԴ/1112/02/13 քաղաքացիական գործերով պատասխանողներ են Արթուր Անդրեասյանը, Դոնարա Նազարյանը, Ռուբեն Բաբակեխյանը, երրորդ անձ՝ Կարեն Թումիկյանը (ի թիվս այլոց), իսկ սույն գործով պատասխանողներ են Կարեն Թումիկյանը, Արթուր Անդրեասյանը, Դոնարա Նազարյանը, Ռուբեն Բաբակեխյանը, երրորդ անձ չկա։ Այսինքն, միակ տարբերությունը Կարեն Թումիկյանի մասով է, որը սույն գործով ներգրավվել է որպես պատասխանող։
3․ Թիվ ԵԱՔԴ/1107/02/16 և սույն քաղաքացիական գործերով հայցվոր Արտակ Գալստյանի պահանջները ուղղված են Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի թիվ 8 բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի վերականգմանը՝ անկախ հայցվորի ներկայացուցչի կողմից 01․08․2019 թվականին ներկայացված հայցապահանջի հստակեցում փաստաթղթում այն չներառելուց, որովհետև անվավերության հետևանքն ուղղակիորեն ենթադրում է սեփականության իրավունքի ճանաչում։
4․ Թե թիվ ԵԱՔԴ/1107/02/16 և թե թիվ ԵԱՔԴ/1112/02/13 քաղաքացիական գործերով և թե սույն գործով փաստերը, որոնց վրա հիմնվում են հայցի առարկաններն, ամբողջությամբ նույնն են, այն է՝
4․1 Վեներա Գալստյանի, Արտակ Գալստյանի և Կարեն Թումիկյանի միջև 31․08․2010 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիր,
4․2 Կարեն Թումիկյանի, Արթուր Անդրեասյանի և «Յունիբանկ» ՓԲԸ-ի միջև 12․04․2011 թվականի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագիր,
4․3 Արթուր Անդրեասյանի և Դոնարա Նազարյանի միջև 07․11․2012 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր։
Հետևաբար, ղեկավարվելով թիվ ԵԱՔԴ/1107/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08․01․2019 թվականի որոշմամբ նախկինում արված իրավական եզրահանգումներով և դրանց ներքո դիտարկելով վերը նշված փաստական հանգամանքները, Վճռաբեկ դատարանը գալիս է այն համոզմանը, որ սույն գործով ևս նույն կողմերն են, վեճը նույն առարկային է վերաբերում՝ միևնույն փաստական հիմքերով, ինչ թիվ ԵԱՔԴ/1107/02/16 և թիվ ԵԱՔԴ/1112/02/13 քաղաքացիական գործերով, որոնց մասով կան օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր։
Սույն գործով հայցվոր Արտակ Գալստյանը սկզբնական հայցադիմումում նույն իրավական հիմքերը, մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին կետը և 304-րդ հոդվածն է վկայակոչել, ինչ թիվ ԵԱՔԴ/1107/02/16 քաղաքացիական գործով (ի թիվս այլնի, նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ կետը, 306-րդ հոդվածի 1-ին կետը)` պնդելով որ իր և Կարեն Թումիկյանի միջև 31.08.2010 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը կրել է ձևական բնույթ, եղել է կեղծ, քանի որ կնքվել է առանց իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության:
Այնուհետև, 01․08․2019 թվականի «հայցադիմումի հստակեցում» վերտառությամբ փաստաթղթով հայցվորի ներկայացուցիչը փոփոխել է հայցի իրավական հիմքը՝ խնդրելով 01․08․2010 թվականի և 12․04․2011 թվականի պայմանագրերի նկատմամբ կիրառել շինծու առոչինչ գործարքների անվավերության հետևանքներ՝ ըստ երևույթին փորձելով հայցի իրավական հիմքերի մասով ստեղծել ձևական տարբերություն։
Դատարանը, անտեսելով այդ հանգամանքը, նշելով, որ Վեներա Գալստյանի, Արտակ Գալստյանի և Կարեն Թումիկյանի միջև 31․08․2010 թվականի առուվաճառքի պայմանագրի շարունակությունն է Կարեն Թումիկյանի, Արթուր Անդրեասյանի և «Յունիբանկ» ՓԲԸ-ի միջև 12․04․2011 թվականին կնքված առուվաճառքի և հիփոթեքի պայմանագիրը, կողմերի շինծու գործարք կնքելն արտահայտվել է ոչ թե մեկ առանձին վերցված գործարքով, այլ երկու գործարքներով, գտել է, որ թիվ ԵԱՔԴ/1112/02/13 և թիվ ԵԱՔԴ/1107/02/16 քաղաքացիական գործերով հիշատակված պայմանագրերը դիտարկվել են առանձին-առանձին, ուստի այդ գործերով առնվազն հայցի առարկան տարբեր է սույն գործի հայցի առարկայից, որպիսի հանգամանքն էլ բացառում է գործի վարույթի կարճման իրավական հնարավորությունը։ Նույնաբովանդակ եզրահանգում վերջնարդյունքում արձանագրվել է նաև Վերաքննիչ դատարանի որոշմամբ։
Վերը նշված եզրահանգումները Վճռաբեկ դատարանի գնահատմամբ անհիմն են, քանի որ ցանկացած գործարքի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին (կեղծ գործարք) կամ 2-րդ (շինծու գործարք) կետերով սահմանված հիմքերով առոչնչության հարց առաջ քաշելիս, առաջնային ապացուցման և բացահայտման ենթակա է կողմերի մտադրությունը, նպատակը, առանց որոնց պարզաբանման առհասարակ հնարավոր չէ պնդել գործարքի կեղծ կամ շինծու լինելու մասին։
Ըստ թիվ ԵԿԴ/0200/01/13 քրեական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 10․08․2015 թվականի օրինական ուժի մեջ մտած դատավճռի, վկա՝ 31․08․2010 թվականի առուվաճառքի պայմանագիրը որպես ստորագրած Կարեն Թումիկյանի ցուցմունքի համաձայն՝ Արտակ Գալստյանին և նրա կնոջը՝ Վեներա Գալստյանին պատկանող՝ քաղաք Երևան Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի թիվ 8 հասցեում գտնվող տարածքը ձևականորեն գրանցված է եղել իր անվամբ՝ վարկավորման նպատակով, ինչը չի ստացվել։ Նույնը նշել է հայցվոր կողմը իր հայցադիմումում։ Այսինքն՝ նշված գործարքի իրական նպատակը եղել է վարկավորումը։ Նույն փաստը արձանագրվել է նաև թիվ ԵԱՔԴ/1107/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08․01․2019 թվականի որոշմամբ․ «Նշված պայմանագիրը կնքելու նպատակը եղել է Կարեն Թումիկյանից հիփոթեքային վարկով բնակարանն իր անվամբ վերաձևակերպելը»։
Ակնհայտ է, որ այս գործարքի մասով Արթուր Անդրեասյանի մասին առհասարակ անգամ ակնարկ չկա։
Ըստ նույն՝ թիվ ԵԿԴ/0200/01/13 քրեական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 10․08․2015 թվականի օրինական ուժի մեջ մտած դատավճռով՝ հիմք ընդունելով նաև ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի կողմից տրված ցուցմունքը հաստատվել է՝ որ «ք.Երևանի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի հ. 8 տարածքին, ապա այն պատկանել է Արտակին, սակայն ձևականորեն գրանցված է եղել Կարեն Թումիկյանի անունով։ Քանի որ 2012թ-ին որոշած է եղել (Արթուր Անդրեասյանը) ռեստորան բացել «որի կողքն էլ պետք է բուքմեյքերական կետ լիներ, Արտակի հետ պայմանավորվել են, որ նա այդ տարածքը վաճառի իրեն։ Այն գնելու համար որոշել է այդ տարածքը գրավ դնել բանկում և ստացած վարկով վճարել տարածքի արժեքը»։ Նույնը նշված քրեական գործով նշել է նաև վկա Կարեն Թումիկյանը․ «2011թ. ապրիլին Արտակ Գալստյանն իրեն հայտնել է, որ այդ տարածքը վաճառում է ամբաստանյալին, ով իր պսակադրության քավորն է։ Նա ասել է, որ տարածքը 250.000 ԱՄՆ դոլարով տալիս է ամբաստանյալին, ով պետք է տարածքը գրավադնի «Յունիբանկ»-ում, վարկ ստանա, վարկի գումարը շրջանառության մեջ դնի իր ունեցած տարադրամի փոխանակման կետում, իսկ տարածքի գինը՝ 250.000 ԱՄՆ դոլարը, երկու տարի անց վճարի՝ ամսեկան այդ գումարի դիմաց վճարելով նաև 3.000 ԱՄՆ դոլար»։ Գործով տուժող Արտակ Գալստյանը ևս նույնաբովանդակ ցուցմունք է տվել․ «2011թ-ին ամբաստանյալը, տեղեկանալով, որ ինքը ցանկանում է վաճառել իրեն պատկանող, սակայն իր ընկեր Կարեն Թումիկյանի անվամբ ձևակերպված՝ ք.Երևանի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի հ. 8 հասցեում գտնվող տարածքը, առաջարկել է այն տալ իրեն։ Պայմանավորվել են, որ առուվաճառքի պայմանագրով նշված տարածքը կանվանափոխվի նրա անվամբ, նա այն կգրավադրի «Յունիբանկ»-ում, ստացած գումարը կդնի շրջանառության մեջ, 21 ամիս հետո տարածքի պայմանավորված արժեքը՝ 250.000 ԱՄՆ դոլարը, կվճարի իրեն և ամսեկան՝ որպես վարձավճար, իրեն կվճարի նաև 3.000 ԱՄՆ դոլար, որովհետև նա այդ տարածքում պետք է ռեստորան ու բուքմեյքերական կետ բացեր, իսկ գումարի մի մասն էլ ներդներ ավազահանքում, քանի որ նա սկսել էր ներդրումներ կատարել այնտեղ»։ Նույնը նշել է նաև հայցվորն իր հայցադիմումում։
Այսինքն վերը նշված փաստերի ներքո՝ Կարեն Թումիկյանի, Արթուր Անդրեասյանի և «Յունիբանկ» ՓԲԸ միջև 12․04․2011 թվականի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրի կնքման նպատակը հենց Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի թիվ 8 բնակարանի օտարումն էր՝ տարաժամկետ վճարման եղանակով, իսկ վաճառքն էլ նախատեսվել էր իրականացվել հիփոթեքային վարկավորման եղանակով, որը քաղաքացիական շրջանառությունում գործարքի տարածված տեսակ է։
Հետևաբար, համադրելով նշված փաստական հանգամանքները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միայն այն հանգամանքը, որ 31․08․2010 թվականի առուվաճառքի պայմանագրի իրական նպատակը եղել է վարկավորումը, իսկ Կարեն Թումիկյանի, Արթուր Անդրեասյանի և «Յունիբանկ» ՓԲԸ-ի միջև 12․04․2011 թվականին կնքված առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրի (ի դեպ, կնքված 31․08․2010 թվականի պայմանագրից մոտավորապես ութ ամիս անց) նպատակը եղել է քաղաք Երևանի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի թիվ 8 հասցեում գտնվող տարածքի վաճառքը, որը, վերը նշված փաստական հանգամանքների ուժով ամբողջությամբ համապատասխանել է հայցվոր Արտակ Գալստյանի կամքին և ցանկությանը, միանգամից բացառում են հիշատակված պայմանագրերը միմյանց հետ կապված լինելու կամ միմյանց շարունակությունը հանդիսանալու որևէ ողջամիտ վարկած, հետևաբար չի կարող նաև խոսք անգամ գնալ դրանք որպես մեկ ամբողջություն դիտելու, հաջորդիվ նաև շինծու որակելու մասին։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև արձանագրել, որ Կարեն Թումիկյանի, Արթուր Անդրեասյանի և «Յունիբանկ» ՓԲԸ-ի միջև 12․04․2011 թվականին կնքված առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրի կողմ է հանդիսանում «Յունիբանկ» ՓԲԸ՝ որպես գործարքի իրականացումը ֆինանսավորող, որի ենթադրյալ շինծու գործարքին մասնակցության վերաբերյալ որևէ փաստական հանգամանք առկա չէ, և անհասկանալի է, թե Դատարանն առանց գործարքի կողմ հանդիսացող բանկի խաթարված կամքի վերաբերյալ ապացույցներ ունենալու, ինչ հանգամանքներից ելնելով է եռակողմ գործարքը դիտարկել շինծու, այլն էլ այն նախորդիվ կնքված մեկ այլ ավարտված գործարքի շարունակություն համարելու պարագայում։
Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ գործարքների շինծու լինելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումների վկայակոչմամբ արված հետևությունները, որևէ իրական ընդհանրություն չունեն ոչ գործի փաստական հանգամանքների հետ և ոչ էլ կիրառելի իրավական նորմերի հետ։
Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, առաջին ատյանի դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ, բացառությամբ հայցը (դիմումը) առանց քննության թողնելու մասին որոշման։
17․06․1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, դատարանը կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, բացառությամբ սույն օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցադիմումի կամ դիմումի հիման վրա: Դրա հետ միաժամանակ օրենսդիրը, քաղաքացիական դատավարության հենց մեկնարկի պահից, հստակությունն ապահովելու նկատառումներից ելնելով, նույն օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել է հայցադիմումին ներկայացվող պարտադիր վավերապայմանները, որոնց թվում են՝ (ա) փաստերը, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները (նույն մասի 5-րդ կետ), (բ) պատասխանողին ուղղված հայցվորի նյութաիրավական պահանջը՝ հայցի առարկան (նույն մասի 7-րդ կետ)։
Նշվածից ակնհայտ է, որ հայցի հիմքը բացառապես փաստերն են, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները և հենց դրանք են հանդիսանում իրավական արժեքավորման առարկա ՀՀ քաղաքացիական դատվարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառման իմաստով, իսկ վիճելի իրավահարաբերության նկատմամբ հայցվորի կարծիքով կիրառելի իրավական նորմերը, այլ կերպ ասած՝ հայցի իրավական հիմքերը որևէ էական նշանակություն չունեն նույն օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառման հարցը որոշելու համար։
Այսինքն, նույն կողմերի միջև գործարքը միևնույն հիմքերով դատական կարգով կարող է վիճարկվել ընդամենը մեկ անգամ։ Այս մոտեցումն ամբողջությամբ համահունչ է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասով ամրագրված իրավակարգավորմանը․ քաղաքացիական դատավարությունը իրականացվում է գործի քննության կամ առանձին դատավարական գործողության կատարման ժամանակ գործող օրենքով։
Վերը նշված իրավական վերլուծությունների և հատկապես ԵԱՔԴ/1107/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08․01․2019 թվականի որոշմամբ նախկինում արված իրավական եզրահանգումների ներքո դիտարկելով գործով առկա փաստական հանգամանքները և հայցի իրավական հիմքերը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի վարույթը ենթակա էր կարճման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով։
Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ երրորդ անգամ նույն կողմերի միջև, նույն առարկայի վերաբերյալ և նույն փաստական հիմքերով, այն է՝ Վեներա Գալստյանի, Արտակ Գալստյանի և Կարեն Թումիկյանի միջև 31․08․2010 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի, Կարեն Թումիկյանի, Արթուր Անդրեասյանի և «Յունիբանկ» ՓԲԸ միջև 12․04․2011 թվականի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրի, Արթուր Անդրեասյանի և Դոնարա Նազարյանի միջև 07․11․2012 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի, հիման վրա հարուցված քաղաքացիական գործի վարույթը ենթակա էր կարճման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված լիազորությունը, որի համաձայն` Վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքի քննության արդյունքով Վճռաբեկ դատարանը բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումն ենթակա է բեկանման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իրավակարգավորումը, հարկ է համարում արձանագրել հետևյալը՝
- Արտակ Գալստյանից հօգուտ Դոնարա Նազարյանի և Ռուբեն Բաբակեխյանի ենթակա է բռնագանձման 40.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքը դատարան ներկայացնելու համար սահմանված և վերջիններիս կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
- Արտակ Գալստյանից հօգուտ Դոնարա Նազարյանի և Ռուբեն Բաբակեխյանի ենթակա է բռնագանձման 80.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և Դավիթ Դավթյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01․12․2020 թվականի որոշումը և քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի Արտակ Գալստյանի ընդդեմ Կարեն Թումիկյանի, Արթուր Անդրեասյանի, Դոնարա Նազարյանի, Ռուբեն Բաբակեխյանի` առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին՝ կարճել։
2․ Արտակ Գալստյանից հօգուտ Դոնարա Նազարյանի և Ռուբեն Բաբակեխյանի բռնագանձել 40․000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքը դատարան ներկայացնելու համար սահմանված և վերջիններիս կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար։
Արտակ Գալստյանից հօգուտ Դոնարա Նազարյանի և Ռուբեն Բաբակեխյանի բռնագանձել 80․000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և վերջիններիս կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար։
3․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան Հ. Բեդևյան Մ. Դրմեյան Գ. Հակոբյան Ս. Միքայելյան Ա. Մկրտչյան Է. Սեդրակյան Ն. Տավարացյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|