Գլխավոր տեղեկություն
Համար
N 98-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (10.07.2022-19.09.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.08.02/42(497) Հոդ.298
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.02.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.02.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 փետրվարի 2008 թվականի N 98-Ն

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳՆ ՈՒ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 747-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 12.11.21 N 1288-Ն)

 

Հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման նպատակով`

1. Ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով:

2. Հաստատել`

1) հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի կազմը` համաձայն N 2 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 12.11.21 N 1288-Ն)

3. Սահմանել, որ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի աշխատանքային գործունեության կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմը:

4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովներ:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետին կից` հաշմանդամների հարցերով զբաղվող խորհուրդ ստեղծելու մասին» N 747-Ն որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան

 

2008 թ. փետրվարի 25

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2008 թ.

փետրվարի 25-ի

N 98-Ն որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) խորհրդակցական մարմին է, որի գործունեության նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանն աջակցելն է:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ, ինչպես նաև սույն աշխատակարգով:

3. Հանձնաժողովը հաստատում է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովների գործունեության կարգը:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`

1) հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանն աջակցելը.

2) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման ընթացքում ծագած խնդիրները վերլուծելը և դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ մշակելը.

3) հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար պայմանների, հասարակական կյանքում նրանց առավելագույնս ներգրավվածության ապահովման, սոցիալական հիմնախնդիրների լուծմանն աջակցելը.

4) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության համար պատասխանատու պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների և այդ ոլորտում գործող հասարակական, գիտական և այլ կազմակերպությունների համագործակցությանն աջակցելը.

5) (ենթակետն ուժը կորցրել է 28.04.17 N 397-Ն)

(4-րդ կետը փոփ. 28.04.17 N 397-Ն)

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

5. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների լուծման համար`

1) համապատասխան պետական լիազոր մարմիններ և տեղական ինքնակառավարման մարմիններ է ներկայացնում առաջարկություններ Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության և սոցիալական ներառման տարեկան և համալիր ծրագրերի իրականացման վերաբերյալ.

2) ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը և դրա վերաբերյալ լիազորած մարմնին ներկայացնում իր առաջարկությունները.

3) համապատասխան ոլորտների լիազոր մարմիններ է ներկայացնում առաջարկություններ հաշմանդամություն ունեցող և հաշմանդամություն չունեցող անձանց համար հավասար պայմանների ստեղծման և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ.

4) քննարկում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ընթացքը և ներկայացնում առաջարկություններ դրանց արդյունավետ իրականացման վերաբերյալ.

5) քննարկում է հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը և դրանց վերաբերյալ տալիս եզրակացություն.

6) ուսումնասիրում և վերլուծում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտման պատճառները և համապատասխան ոլորտի լիազոր մարմիններ ներկայացնում առաջարկություններ.

7) ուսումնասիրում և վերլուծում է հաշմանդամության առաջացման պատճառները և ներկայացնում համապատասխան առաջարկություններ.

8) նախապատրաստում է նախորդ տարվա ընթացքում հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների մասին հաշվետվություն Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու համար.

9) քննարկում և Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարներին, մարզպետներին (Երևանի քաղաքապետին), տեղական ինքնակառավարման մարմիններ է ներկայացնում քաղաքացիների դիմումների և բողոքների վերաբերյալ առաջարկություններ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված դեպքերի.

10) տվյալ ոլորտի լիազոր պետական մարմին է ներկայացնում առաջարկություն հաշմանդամություն ունեցող և հաշմանդամություն չունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովման գործընթացների զարգացումները վերահսկելու, որոշակի խնդիրներ հետազոտելու և վերլուծելու նպատակով.

11) քննարկում է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովների նախորդ տարվա ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվությունները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության և սոցիալական ներառմանն ուղղված՝ նախորդ տարվա ընթացքում մարզերում (Երևան քաղաքում) կատարված աշխատանքների մասին հաշվետվությունները.

12) անհրաժեշտության դեպքում առաջարկներ է ներկայացնում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովների գործունեության կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ.

13) կարող է հանդես գալ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների կարգավորման վերաբերյալ հայտարարություններով:

(5-րդ կետը խմբ., լրաց. 28.04.17 N 397-Ն)

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Հանձնաժողովի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

(6-րդ կետը փոփ. 12.11.21 N 1288-Ն)

7. Հանձնաժողովը կազմված է հանձնաժողովի նախագահից, անդամներից և քարտուղարից:

8. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է հասարակական հիմունքներով:

9. Հանձնաժողովի որոշումներն ունեն երաշխավորական բնույթ:

10. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, հանձնաժողովի նախագահի կամ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ: Տարվա ընթացքում առնվազն յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ նիստերը գումարվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ:

(10-րդ կետը փոփ. 28.04.17 N 397-Ն, 12.11.21 N 1288-Ն, խմբ. 29.06.22 N 750-Ն)

11. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը կամ, նրա հանձնարարությամբ, հանձնաժողովի անդամներից որևէ մեկը: Հանձնաժողովի նիստի oրակարգն ու քննարկվելիք հարցերին վերաբերող անհրաժեշտ նյութերը հանձնաժողովի անդամներին են ուղարկվում նիստն սկսվելուց 7 օր առաջ: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող նյութերի հիման վրա հանձնաժողովն ընդունում է որոշում: Հանձնաժողովի ընդունած որոշումների մասին կազմվում է արձանագրություն:

12. Հանձնաժողովը պետական կառավարման մարմիններից կարող է ստանալ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության հարցերին առնչվող նյութեր, եթե Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

13. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հանձնաժողովի նիստն արձանագրվում է: Նիստի արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: Հանձնաժողովի որոշմանը դեմ քվեարկած հանձնաժողովի անդամների հատուկ գրավոր կարծիքները կցվում են արձանագրությանը: Հավասար ձայների առկայության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Արձանագրությունը հանձնաժողովի անդամներին է ուղարկվում նիստից ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում:

14. Հանձնաժողովի անդամների առաջարկությամբ և նախագահի հրավերով նիստին կարող են մասնակցել պետական մարմինների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

15. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը.

2) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման oրը, վայրը և հաստատում նիստի oրակարգը.

3) հրավիրում է հանձնաժողովի նիստերը.

4) ստորագրում է հանձնաժողովի ընդունած որոշումներն ու արձանագրությունները, ինչպես նաև հանձնաժողովի գործունեության հետ կապված գրությունները.

5) ներկայացնում է հանձնաժողովն այլ մարմինների և անձանց հետ հարաբերություններում.

6) իրականացնում է սույն աշխատակարգից բխող այլ լիազորություններ:

16. Հանձնաժողովի անդամը`

1) մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին.

2) հարցեր և առաջարկություններ է ներկայացնում հանձնաժողովի քննարկմանը.

3) ներկայացնում է առաջարկություններ հանձնաժողովի գործունեության և նիստի oրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.

4) ծանոթանում է հանձնաժողովի նիստերի արձանագրություններին.

5) կատարում է հանձնաժողովի և նրա նախագահի հանձնարարականները:

17. Հանձնաժողովի քարտուղարը`

1) ապահովում է հանձնաժողովի աշխատանքների, նիստերի, oրակարգերի, անհրաժեշտ նյութերի, ինչպես նաև որոշումների նախագծերի նախապատրաստումը և դրանք տրամադրում հանձնաժողովի անդամներին.

2) հանձնաժողովի անդամներին իրազեկում է հանձնաժողովի նիստերի անցկացման oրվա, վայրի և ժամի մասին, անհրաժեշտության դեպքում իրազեկում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովների նիստերի անցկացման օրակարգի, օրվա, վայրի և ժամի մասին.

3) ստորագրում է հանձնաժողովի որոշումներն ու արձանագրությունները.

4) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

5) նիստերի որոշումները և արձանագրությունները մեկշաբաթյա ժամկետում ուղարկում է հանձնաժողովի անդամներին, անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի անդամներին է ուղարկում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովների նիստերի արձանագրություններն ու որոշումները:

(17-րդ կետը լրաց. 28.04.17 N 397-Ն)

18. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են՝

1) նրա աշխատանքից ազատվելու դեպքում.

2) նրա մահվան դեպքում.

3) իր դիմումի համաձայն.

4) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշումով, եթե նա մեկ տարվա ընթացքում 2 անգամ բացակայել է անհարգելի պատճառներով, կամ մեկ տարվա ընթացքում բացակայել է հանձնաժողովի բոլոր նիստերից:

(18-րդ կետը լրաց. 28.04.17 N 397-Ն)

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 28.04.17 N 397-Ն, փոփ. 12.11.21 N 1288-Ն, խմբ. 29.06.22 N 750-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

Հավելված N 2 

ՀՀ վարչապետի 2008 թ.

 փետրվարի 25-ի N 98-Ն

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(վերնագիրը խմբ. 12.11.21 N 1288-Ն)

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ոլորտը համակարգող փոխնախարար

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)

Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ

«Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

«Մենք կարող ենք» մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների և նրանց ընտանիքների շահերի պաշտպանության հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

«Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

«Քայլ առաջ» սոցիալական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

«Սկարպ» առողջական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

«Հավատ» վատ լսող երեխաների մայրերի հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

«Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

«Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

«Աուտիզմ ազգային հիմնադրամ» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

(հավելվածը փոփ. 20.08.08 N 649-Ն, 25.08.09 N 715-Ն, փոփ., լրաց. 21.04.10 N 265-Ն, փոփ. 04.08.10 N 618-Ն, 23.03.11 N 218-Ն, փոփ., լրաց. 16.08.12 N 781-Ն, փոփ. 30.07.13 N 651-Ն, փոփ., լրաց. 25.09.14 N 933-Ն, խմբ. 28.04.17 N 397-Ն, 28.06.19 N 848-Ն, 07.12.20 N 1321-Ն, 12.11.21 N 1288-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան