Գլխավոր տեղեկություն
Համար
N 971-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.06.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.06.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

30 հունիսի 2022 թվականի N 971-Ն

 

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱՐԳԸ, ԱՅԴ ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՇԵՆՔԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԵՂԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-334 օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել բազմաբնակարան շենքի կառավարման և պահպանման բնագավառում պետական նպատակային ծրագրերի իրականացման պայմանները, առանձնահատկությունները, կարգը, այդ ծրագրերի ֆինանսավորմանը պետության, ինչպես նաև շենքի շինությունների սեփականատերերի մասնակցության չափը և եղանակը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

30.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

   

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

հունիսի 30-ի N 971-Ն որոշման

 

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱՐԳԸ, ԱՅԴ ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՇԵՆՔԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԵՂԱՆԱԿԸ

 

1. Սույն հավելվածով հաստատվում են «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 31-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ բազմաբնակարան շենքի կառավարման և պահպանման բնագավառում անձանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին սպառնացող վտանգի (այսուհետ՝ վտանգ) վերացմանն ուղղված պետական նպատակային ծրագրերի (այսուհետ՝ նպատակային ծրագիր) իրականացման պայմանները, առանձնահատկությունները, կարգը, այդ ծրագրերի ֆինանսավորմանը պետության, ինչպես նաև շենքի շինությունների սեփականատերերի մասնակցության չափը և եղանակը:

2. Սույն հավելվածի իմաստով վտանգ են հանդիսանում`

1) ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի հետ կապված վթարները և պատահարները, որոնք ունեն հրատապ վթարավերականգնողական աշխատանքների կարիք.

2) ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի այնպիսի մաշվածությունը կամ վնասվածությունը, որը կարող է հանգեցնել վտանգի առաջացման:

3. Նպատակային ծրագրերի իրականացման հիմնական պայմաններն են՝

1) սույն հավելվածի 2-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետում նշված դեպքերում՝ բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի ահազանգի առկայություն,

բ. 2-րդ ենթակետում նշված դեպքերում՝ բազմաբնակարան շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության ոլորտում լիցենզավորված անձանց կողմից տրված եզրակացությունը՝ վտանգի առկայության մասին.

2) բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերի կողմից ընտրված՝ կառավարման մարմնի առկայությունը.

3) օրենքով սահմանված պարտադիր վճարները և այլ վճարները շինությունների սեփականատերերի կողմից անկանխիկ եղանակով կատարելու նպատակով տվյալ բազմաբնակարան շենքի համար առանձին, բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի անվամբ բացված բանկային հաշվի առկայությունը.

4) սեփականատերերի պարտադիր մասնակցությունը։

4. Նպատակային ծրագրերի իրականացման հիմնական առանձնահատկություններն են՝

1) նպատակային ծրագրերին մասնակցելու համար բազմաբնակարան շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ սույն հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված եզրակացությունը պատվիրվում է բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից՝ ոչ ուշ, քան նպատակային ծրագրին մասնակցության հայտը ներկայացնելուն նախորդող մեկ տարվա ընթացքում, սեփականատերերի կողմից կատարվող պարտադիր վճարների շրջանակներում.

2) նպատակային ծրագրում ընդգրկվելու դեպքում սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված եզրակացությունը պատվիրելու համար վճարված գումարը դիտարկվում է որպես սեփականատերերի կողմից ապահովվող ֆինանսական մասնակցության մաս.

3) սույն հավելվածի 3-րդ կետով նշված պայմաններին բավարարելու դեպքում առաջնահերթությունը տրվում է այն բազմաբնակարան շենքին, որի սեփականատերերի մասնակցությունն ամենաբարձրն է:

5. Նպատակային ծրագրի բնույթից և ծավալից ելնելով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են սահմանվել լրացուցիչ պայմաններ և առանձնահատկություններ՝ կախված բազմաբնակարան շենքերի խոցելիության (բազմաբնակարան շենքերի կառուցման տարեթիվ, կոնստրուկտիվ տարրերի կամ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի այլ տարրերի վիճակ և այլն) աստիճանից:

6. Վտանգի վերացման աշխատանքները կազմակերպվում և ֆինանսավորվում են՝

1) սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքերում՝

ա. օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից՝ շինությունների սեփականատերերի կողմից կատարված պարտադիր նորմերի շրջանակներում, կամ

բ. օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ շինության սեփականատիրոջ կողմից և միջոցներով, նախօրոք՝ սույն օրենքով նախատեսված կարգով, իրազեկելով շենքի կառավարման մարմնին կամ շինության սեփականատերերին (կատարված ծախսերը պետք է հատուցվեն շինությունների սեփականատերերի կողմից այն չափով, որքան դրանք կլինեն հիմնավորված, համաչափ և չեն գերազանցի պատճառվելիք վնասի չափը թերությունները չվերացնելու դեպքում), կամ

գ. օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ համապատասխան համայնքի ղեկավարի կողմից՝ համայնքի միջոցներով, ստուգման կամ ահազանգ ստանալու դեպքում՝ նախօրոք այդ մասին ծանուցելով շինության սեփականատերերին և շենքի կառավարման մարմնին: Կատարված ծախսերը պետք է հատուցվեն շենքի շինությունների սեփականատերերի կողմից այն չափով, որքանով դրանք կլինեն հիմնավորված, համաչափ և չեն գերազանցի թերությունները չվերացնելու դեպքում պատճառվելիք վնասի չափը.

2) սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքերում՝

ա. Հայաստանի Հանրապետության մարզերի բնակավայրերի բազմաբնակարան շենքերի համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգով, իսկ պետության և բազմաբնակարան շենքի սեփականատերերի նվազագույն մասնակցության չափը՝ նույն կարգի 24-24.5-րդ կետերի համաձայն,

բ. Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի համար՝ սեփականատերերի մասնակցության չափը դիտարկվում է ոչ պակաս, քան Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-24.5-րդ կետերով նախատեսված չափը, իսկ պետության մասնակցության չափը՝ սույն որոշման 7-րդ կետով սահմանված կարգով և միջոցների հաշվին:

7. Երևանի քաղաքապետի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգով՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցով, Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացվում առաջարկություն՝ նպատակային ծրագրերի ֆինանսավորման նպատակով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 282-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն ֆինանսական միջոցներ տրամադրելու մասին:

              

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

           

30.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

            

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան