Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.06.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
08.04.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ՍնԴ/0064/02/20

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ՍնԴ/0064/02/20

Նախագահող դատավոր՝  Դ. Սերոբյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի ապրիլի 08-ին

գրավոր ընթացակարգով քննելով Նոնա Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Նոնա Սարգսյանի ընդդեմ «Կոմս Արտի» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանի, Միքայել Խչեյանի, երրորդ անձինք ՀՀ կադաստրի կոմիտեի, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի՝ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 57 շենքի թիվ 83 հասցեի անշարժ գույքի 23.04.2020 թվականի աճուրդն անվավեր ճանաչելու, որպես հետևանք՝ 23.04.2020 թվականի աճուրդի արդյունքների մասին կազմված արձանագրությունը, 08.05.2020 թվականին կնքված անշարժ գույքի աճուրդային առուվաճառքի պայմանագիրն ու այդ պայմանագրի հիման վրա Միքայել Խչեյանի անվամբ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 57 շենքի թիվ 83 հասցեի անշարժ գույքի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Նոնա Սարգսյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 57 շենքի թիվ 83 հասցեի անշարժ գույքի 23.04.2020 թվականի աճուրդը, որպես հետևանք՝ 23.04.2020 թվականի աճուրդի արդյունքների մասին կազմված արձանագրությունը, 08.05.2020 թվականին կնքված անշարժ գույքի աճուրդային առուվաճառքի պայմանագիրն ու այդ պայմանագրի հիման վրա Միքայել Խչեյանի անվամբ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 57 շենքի թիվ 83 հասցեի անշարժ գույքի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Ա. Կուբանյան) 21.05.2020 թվականի որոշմամբ Նոնա Սարգսյանի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարվել է:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Ա. Կուբանյան) 06.07.2020 թվականի որոշմամբ Միքայել Խչեյանի՝ հակընդդեմ ապահովում կիրառելու մասին միջնորդությունը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Դ Սերոբյան) 25.08.2020 թվականի որոշմամբ Միքայել Խչեյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և ՀՀ սնանկության դատարանի «Հակընդդեմ ապահովում կիրառելու մասին միջնորդությունը քննության առնելու մասին» 06.07.2020 թվականի որոշումը վերացվել է, և Միքայել Խչեյանի միջնորդությունը՝ հակընդդեմ ապահովում կիրառելու մասին, բավարարվել է։

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Ս. Թադևոսյան) 28.09.2020 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին» որոշմամբ Միքայել Խչեյանի միջնորդությունը բավարարվել է, և ՀՀ սնանկության դատարանի 21.05.2020 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը վերացվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան) 11.11.2020 թվականի որոշմամբ Նոնա Սարգսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և ՀՀ սնանկության դատարանի 28.09.2020 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին» որոշումը վերացվել է, և հարցն ուղարկվել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության։

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Ս. Թադևոսյան) (այսուհետ՝ Դատարան) 20.01.2021 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին» որոշմամբ Միքայել Խչեյանի միջնորդությունը բավարարվել է, և ՀՀ սնանկության դատարանի 21.05.2020 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը վերացվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.02.2021 թվականի որոշմամբ Նոնա Սարգսյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Նոնա Սարգսյանը (ներկայացուցիչ՝ Էդիկ Ոսկանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 134-րդ, 200-րդ, 361-րդ, 370-րդ, 372-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանի կողմից նույն որոշման դեմ ներկայացված երկու բողոքների արդյունքում կայացվել են երկու իրարամերժ որոշումներ՝ մի դեպքում վարույթ ընդունելու և վերացնելու, մյուս դեպքում վարույթ ընդունելը մերժելու մասին՝ այն հիմնավորմամբ, որ տվյալ դատական ակտը չի կարող բողոքարկվել վերաքննության կարգով՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով այդպիսի հնարավորություն նախատեսված չլինելու պատճառաբանությամբ:

Արդյունքում բողոքաբերի դատական պաշտպանության իրավունքն է խախտվում, անհիմն սահմանափակման ենթարկվում, որի արգելքը նախատեսված է և որը պաշտպանվում է թե՛ ՀՀ Սահմանադրությամբ և թե՛ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 18.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ և 372-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է հետևյալ պատճառաբանություններով

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ): Մինչդեռ Եվրոպական դատարանի տեսանկյունից՝ դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև՝ համաչափության առումով (տե՛ս, Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ): Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հայցի ապահովման ինստիտուտը նպատակ է հետապնդում երաշխավորելու հետագայում ընդունվող դատական ակտի կատարումը: Հայցի ապահովում կիրառելու համար անհրաժեշտ է ապացուցել հայցի ապահովում չկիրառելու դեպքում դատական ակտի կատարման դժվարացման կամ անհնարինության հանգամանքը (տե՛ս, ըստ դիմումի «Բի լայն» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/0677/05/08 վարչական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 21.04.2008 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հայցի ապահովումն օրենսդրությամբ նախատեսված՝ անձանց իրավունքների պաշտպանության կարևոր երաշխիքներից մեկն է: Այն ուղղված է անձանց խախտված գույքային իրավունքների իրական ու ամբողջ ծավալով վերականգնելուն: Հայցի ապահովման ինստիտուտի նշանակությունը կայանում է նրանում, որ դրանով պաշտպանվում են հայցվորի օրինական շահերն այն դեպքերից, երբ պատասխանողը կարող է գործել անբարեխիղճ, կամ երբ այդպիսի միջոցները չկիրառելն անհնարին կարող է դարձնել դատական ակտի կատարումը:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է հայցի ապահովման դատավարական ինստիտուտի սահմանման օրենսդրական նպատակին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ նման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ կարող է վատթարացնել վեճի առարկա գույքի վիճակը (տե'ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի հարկային տեսչությունն ընդդեմ «Ալնես Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/3511/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2011 թվականի որոշումը):

Այսպիսով, հայցի ապահովման դատավարական ինստիտուտը կոչված է դատարանի կողմից նախապես ձեռնարկվող որոշակի միջոցներով հնարավոր բացասական հետևանքներից պաշտպանելու հայցվորի (ապագա հնարավոր պահանջատիրոջ) իրավունքները և օրինական շահերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում իր նախաձեռնությամբ կարող է վերացնել հայցի ապահովման միջոցը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննության կարգով բողոքարկման են ենթակա առաջին ատյանի դատարանի հետևյալ որոշումները` (...) հայցի ապահովման միջոց կիրառելու, հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունները մերժելու, հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումները (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վերաքննության կարգով։

Վերոգրյալ նորմերի համակարգային մեկնաբանությունից հետևում է, որ կողմերն անմիջական կարգով իրավունք ունեն բողոքարկելու միայն այն դատական ակտերը, որոնց բողոքարկման հնարավորությունն ուղղակիորեն նախատեսված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Ըստ այդմ, օրենսդիրը նախատեսել է այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման վերաքննության կարգով:

Հարկ է նշել, որ բողոքարկման ենթակա դատական ակտերի հստակ նախատեսումն ինքնանպատակ չէ. այն մի կողմից ապահովում է իրավական որոշակիության սկզբունքն այնքանով, որքանով դատավարության մասնակիցներին որոշակի է դառնում, թե որ դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով, իսկ մյուս կողմից նման սահմանափակումն ապահովում է դատավարության բնականոն ընթացքը, քանի որ հակառակ պարագայում յուրաքանչյուր դատական ակտի բողոքարկման դեպքում դատավարության բնականոն ընթացքը կարող է խաթարվել:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, հաշվի առնելով հայցի ապահովման դատավարական ինստիտուտի առանձնահատկությունները, հստակ սահմանել է, որ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու, հայցի ապահովումը վերացնելու, ինչպես նաև հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ հայցի ապահովման միջոցը ձևափոխելու լիազորությամբ օժտված է բացառապես դատարանը, որն իր այդ լիազորությունն իրականացնում է համապատասխան որոշում ընդունելով: Օրենսդիրը միաժամանակ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա որոշումների շարքում, ի թիվս այլնի, նախատեսել է նաև հայցի ապահովումը վերացնելու մասին որոշման բողոքարկման հնարավորությունը: Հետևաբար հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման, քանի որ ընդգրկված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ցանկում և դրա համար նախատեսված է ուղղակի բողոքարկման հնարավորություն:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Նոնա Սարգսյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Կոմս Արտի» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանի, Միքայել Խչեյանի, երրորդ անձինք ՀՀ կադաստրի կոմիտեի, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 57 շենքի թիվ 83 հասցեի անշարժ գույքի 23.04.2020 թվականի աճուրդը, որպես հետևանք՝ 23.04.2020 թվականի աճուրդի արդյունքների մասին կազմված արձանագրությունը, 08.05.2020 թվականին կնքված անշարժ գույքի աճուրդային առուվաճառքի պայմանագիրն ու այդ պայմանագրի հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը։

ՀՀ սնանկության դատարանի 21.05.2020 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և նույն օրվա «Հայցի ապահովման մասին» որոշմամբ բավարարվել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին Նոնա Սարգսյանի միջնորդությունը (Հավելված, հատոր 1-ին, գ.թ. 15-17):

Պատասխանող Միքայել Խչեյանը ներկայացրել է հակընդդեմ ապահովում պահանջելու մասին միջնորդություն, որը ՀՀ սնանկության դատարանի 06.07.2020 թվականի «Հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ մերժվել է (Հավելված, հատոր 1-ին, գ.թ. 29-30):

Միքայել Խչեյանը վերոնշյալ որոշման դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.08.2020 թվականի որոշմամբ բավարարվել է. այն է՝ վերացվել է ՀՀ սնանկության դատարանի «Հակընդդեմ ապահովում կիրառելու մասին միջնորդությունը քննության առնելու մասին» 06.07.2020 թվականի որոշումը, իսկ Միքայել Խչեյանի միջնորդությունը՝ հակընդդեմ ապահովում կիրառելու մասին, բավարարվել է: Տվյալ որոշմամբ Նոնա Սարգսյանը պարտավոր էր որոշումը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում ՀՀ սնանկության դատարանի դեպոզիտ փոխանցել 7.560.000 ՀՀ դրամ՝ որպես հակընդդեմ ապահովման գումար և դատարան ներկայացնել փոխանցման փաստը հավաստող ապացույց (Հավելված, հատոր 1-ին, գ.թ. 43-47):

Միքայել Խչեյանը 02.09.2020 թվականին ներկայացրել է հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդություն, որը ՀՀ սնանկության դատարանի 28.09.2020 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին» որոշմամբ բավարարվել է. վերացվել է ՀՀ սնանկության դատարանի 21.05.2020 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը (Հավելված, հատոր 1-ին, գ.թ. 57-58)։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.11.2020 թվականի որոշմամբ Նոնա Սարգսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և ՀՀ սնանկության դատարանի 28.09.2020 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին» որոշումը վերացվել է (Հավելված, հատոր 1-ին, գ.թ. 95-97)։

Դատարանի 20.01.2021 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին» որոշմամբ Միքայել Խչեյանի ներկայացրած միջնորդությունը բավարարվել է, և ՀՀ սնանկության դատարանի 21.05.2020 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը վերացվել է (Հավելված, հատոր 1-ին, գ.թ. 120-122)։

Վերոնշյալ որոշման դեմ Վերաքննիչ դատարանի 18.02.2021 թվականի որոշմամբ Նոնա Սարգսյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է հետևյալ պատճառաբանությամբ. «(...) Դատարանը 20.01.2021թ. որոշումը վերացրել է ոչ թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, այլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հիմքով՝ այն է՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված այլ դեպքում: Մասնավորապես, Դատարանը «Հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին» 20.01.2021թ. որոշումը կայացրել է հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածը (Հակընդդեմ ապահովում):

Հետևաբար, այն պայմաններում, երբ Նոնա Սարգսյանի կողմից բողոքարկված «Հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին» 20.01.2021թ. որոշման հիմքում չի դրվել հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը վերացած լինելու հանգամանքը, տվյալ դատական ակտը չի կարող բողոքարկվել վերաքննության կարգով՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով այդպիսի հնարավորություն նախատեսված չլինելու պատճառաբանությամբ:

Ուստի վերոգրյալը հիմք ընդունելով Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի ընդունումը պետք է մերժել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված՝ որոշումը բողոքարկման ենթակա չլինելու հիմքով»:

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Սույն գործի փաստերից հետևում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից Նոնա Սարգսյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ Դատարանի 20012021 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին» որոշումը չի կարող բողոքարկվել վերաքննության կարգով, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով այդպիսի հնարավորություն նախատեսված չէ:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ևս մեկ անգամ արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա որոշումների շարքում հստակ նախատեսել է հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու իրավական հնարավորությունը: Հետևաբար Դատարանի 20012021 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին» որոշումը ենթակա է բողոքարկման, քանի որ ընդգրկված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերի ցանկում և դրա համար նախատեսված է ուղղակի բողոքարկման հնարավորություն: Ընդ որում, հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին որոշման անմիջական բողոքարկումն օրենսդիրը չի պայմանավորել հակընդդեմ ապահովման միջնորդության հետ կապված լինելու կամ չլինելու որևէ նախապայմանով։

ՀՀ սահմանադրական դատարանը 12.07.2016 թվականի թիվ ՍԴՈ-1293 որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ իրավունքի ցանկացած սահմանափակում` որպես ժողովրդավարական ինստիտուտների և կոնկրետ անձի շահերի միջև հավասարակշռության ապահովման միջոց, պետք է կիրառվի խիստ բացառիկ դեպքերում: Որպեսզի «բացառիկ դեպքեր» հասկացությունը չմեկնաբանվի շատ լայն կամ կամայականորեն, Կոնվենցիան սահմանում է, որ անձի իրավունքները կարող են սահմանափակվել միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում և բխում է պետական անվտանգության, հասարակական կարգի, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ ուրիշ այնպիսի շահերից, որոնք ավելի մեծ հանրային կարևորություն ունեն, քան անձի համար նշված իրավունքների ապահովումն է:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով առաջին հերթին պետք է առաջնորդվեր անձի արդարադատության մատչելիության իրավունքի ապահովման սկզբունքով և ելներ այդ իրավունքը ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում ապահովելու նպատակից:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Նոնա Սարգսյանի` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքը, քանի որ ոչ իրավաչափորեն մերժելով վերաքննիչ բողոքի ընդունումը՝ սահմանափակել է անձի՝ բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը՝ արդյունքում զրկելով վերջինիս վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2022 թվական: