ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/12665/05/182022 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/12665/05/18 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Է. Սեդրակյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Ա. Մկրտչյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ն. Տավարացյան |
2022 թվականի մայիսի 10-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.01.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «ԱՐՄԵՆ-ՀԱՄԻԿ ԵՂԲԱՅՐՆԵՐ ՀՁ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Հանձնաժողովի՝ 19.10.2018 թվականի թիվ 153-Ա վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել 19.10.2018 թվականի թիվ 153-Ա վարչական ակտը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Էդ. Նահապետյան) (այսուհետ` Դատարան) 12.06.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.01.2021 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 12.06.2019 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել է, և վարչական գործն ուղարկվել է ամբողջ ծավալով նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հանձնաժողովը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ և 14-րդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ, 124-րդ, 144-րդ 146-րդ, 150-րդ, 151-րդ և 152-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սույն գործում առկա ապացույցներով հաստատվել է, որ Ընկերությունը խտացրած կաթ ընդհանրապես ձեռք չի բերել և չի ներմուծել, այլ ձեռք է բերել (ներմուծել է) կաթ պարունակող մթերք: Ընդ որում՝ նշված փաստը հաստատվել է ձեռքբերման և ներմուծման փաստաթղթերով, ինչպես նաև մի շարք փորձարկման արձանագրություններով: Այսինքն՝ հայցվոր Ընկերությունը, նախապես տեղյակ լինելով այն մասին, որ ձեռք է բերել (ներմուծել է) այլ ապրանք (կաթ պարունակող մթերք), դրանք իրացրել է որպես խտացրած կաթ «Ցիկլոիդ», «Գարդմեն» և «Էդել» ընկերություններին, որոնք իրենց հերթին այդ ապրանքները մատակարարել են այլ հաստատություններին, որոնք հայտարարված գնումների արդյունքում նախատեսում էին ձեռք բերել խտացրած կաթ, այլ ոչ թե կաթ պարունակող մթերք:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ կաթ պարունակող մթերքը որպես խտացրած կաթ իրացնելու փաստն ընդունել է նաև հայցվոր Ընկերությունը: Այդ մասին է վկայում հայցվոր Ընկերության կողմից 16.08.2018 թվականին Հանձնաժողով ներկայացված գրությունը, որում Ընկերությունը նշել է, 01.01.2017 թվականից մինչև 31.07.2018 թվականը ներառյալ իր կողմից ԱՏԳԱԱ 0402991000 ծածկագրով խտացրած կաթ չի ներմուծվել, այլ ներմուծվել է կաթ պարունակող մթերք ԱՏԳԱԱ 1901909900 ծածկագրով:
Վերաքննիչ դատարանը գործը նոր քննության է ուղարկել այնպիսի հանգամանքների պարզման նպատակով, որոնք գործի լուծման համար նշանակություն չունեն:
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Հանձնաժողովը անբարեխիղճ մրցակցություն՝ հասարակության մոլորեցում որակել է Ընկերության կողմից «խտացրած կաթ» մակնշմամբ և միաժամանակ բաղադրության մեջ բուսական յուղի առկայությամբ ապրանքն իրացնելը և, ըստ այդմ, Ընկերության նկատմամբ կիրառել է պատասխանատվության միջոց կեղծ մակնշմամբ ապրանքն իրացնելու համար, որպիսի պայմաններում էական չէ տնտեսվարող սուբյեկտի՝ արտադրող կամ ձեռք բերող լինելու հարցը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Հանձնաժողովը հայցվոր Ընկերությունից նմուշ չի պահանջել փորձաքննություն նշանակելու համար, քանի որ Հանձնաժողովը, հանդիսանալով տնտեսական մրցակցության պաշտպանությունն իրականացնող մարմին, իր իրավասության սահմաններում իրականացրել է տնտեսվարող սուբյեկտների կողմից իրացվող և ձեռքբերվող ապրանքների որակի, այլ բնութագրերի, տնտեսվարող սուբյեկտների փաստացի գործողությունների կամ վարքագծի բացահայտման նպատակով դիտանցում, ինչի արդյունքում էլ հայտնաբերել է անբարեխիղճ մրցակցության գործողություն: Ուստի սույն գործի շրջանակներում այլ ապրանքը չէր կարող համարվել վերաբերելի, քանի որ տվյալ դեպքում իրավախախտումը արձանագրվել է դիտանցումների արդյունքում ձեռք բերված և փորձաքննության ուղարկված կոնկրետ ապրանքների մասով, հետևաբար այլ ապրանք փորձաքննության ուղարկելու անհրաժեշտությունը բացակայել է: Իսկ Հանձնաժողովի կողմից դիտանցման արդյունքում վերցված նմուշների՝ հայցվոր Ընկերությանը պատկանելու փաստը ապացուցվում է գործի նյութերում առկա հաշիվ-ապրանքագրերով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.01.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 12.06.2019 թվականի վճռին:
2.1 Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Ընկերության պատասխանի հիմնավորումները
Ընկերության կողմից ներկայացվել են բավարար և արժանահավատ ապացույցներ, որով հիմնավորվում և ապացուցվում է այն փաստը, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի կիրառման համար հիմք հանդիսացած ապրանքները եղել են ոչ թե «կաթ պարունակող մթերք», այլ «խտացրած կաթ», իսկ քանի որ Դատարանը ընդհանրապես անդրադարձ չի կատարել և գնահատականի չի արժանացրել Ընկերության կողմից ներկայացված ապացույցներին և եզրահանգումներին, կայացվել է սխալ դատական ակտ:
Դատարանը, Ընկերության կողմից ներկայացված ապացույցները և եզրահանգումները գնահատման առարկա չդարձնելով, սխալ է կիրառել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը, քանզի Ընկերության ներկայացրած ապացույցներով հաստատվում է, որ այդ ապրանքները եղել են «խտացրած կաթ», որի պարագայում չէր կարող կիրառվեր «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Հանձնաժողովի նախագահի թիվ 90-Ա, 96-Ա, 107-Ա, 114-Ա, 123-Ա, 127-Ա, 129-Ա, 130-Ա, 132-Ա, 135-Ա, 144-Ա հրամանների հիման վրա համապատասխանաբար «ՀՀ ոստիկանության զորքեր» պետական կառավարչական հիմնարկում, «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում, «Երևանի «Մանկան Տուն», «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություններում, «Երևանի Հ. 28 մանկապարտեզ», «Երևանի Հ. 42 մանկապարտեզ», «Երևանի Հ. 69 մանկապարտեզ», «Երևանի Հ. 125 մանկապարտեզ», «Երևանի Հ. 101 մանկապարտեզ», «Երևանի Հ. 17 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում և «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն»-ում Հանձնաժողովի աշխատակիցների կողմից կատարվել են դիտանցումներ (վարչական վարույթի նյութեր, հատոր 1-ին, գ.թ. 1, 26, 62, 88, 109, 142, հատոր 2-րդ, գ.թ. 21, 44, 71, 91, 125).
2) Թիվ 90-Ա հրամանի հիմքով «ՀՀ ոստիկանության զորքեր» պետական կառավարչական հիմնարկում կատարված դիտանցման արդյունքում 02.07.2018 թվականին կազմվել է արձանագրություն, որի համաձայն, ի թիվս այլնի, հիմնարկի սննդամթերքի պահեստում առկա է եղել ‹‹Молоко цельное сгущенное с сахаром›› («Խտացրած անարատ կաթ շաքարով») անվանումով ապրանք: Արձանագրությանը կից՝ նշված ապրանքի ձեռք բերման թիվ Ա0707030827 հարկային հաշվում ապրանքը նշված է որպես խտացրած կաթ շաքարով, որպես մատակարար նշված է «Ցիկլոիդ» ՍՊԸ-ն, իսկ որպես ապրանքը ձեռք բերող՝ ՀՀ ոստիկանության զորքեր» պետական կառավարչական հիմնարկը: (վարչական վարույթի նյութեր, հատոր 2-րդ, գ.թ. 71-76).
3) Թիվ 96-Ա հրամանի հիմքով ‹‹Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն›› ՓԲԸ-ում կատարված դիտանցման արդյունքում 29.06.2018 թվականին կազմվել է արձանագրություն, որի համաձայն՝ ‹‹Հոգեկան առողջության պահմանման ազգային կենտրոն›› ՓԲԸ-ի պահեստում, ի թիվս այլնի, առկա է եղել «Խտացրած անարատ կաթ շաքարով» անվանումով մթերք: Արձանագրությանը կից՝ նշված ապրանքի ձեռք բերման թիվ Ա4148592892 հարկային հաշվում ապրանքը նշված է որպես խտացրած կաթ, որպես մատակարար նշված է «Գարդմեն» ՍՊԸ-ն, իսկ որպես ապրանքը ձեռք բերող՝ ‹‹Հոգեկան առողջության պահմանման ազգային կենտրոն›› ՓԲԸ-ն (վարչական վարույթի նյութեր, հատոր 2-րդ, գ.թ. 21-25).
4) Թիվ 107-Ա հրամանի հիմքով ‹‹Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում կատարված դիտանցման արդյունքում 09.07.2018 թվականին կազմվել է արձանագրություն, որի համաձայն՝ ի թիվս այլնի, կազմակերպության պահեստում առկա է եղել ‹‹Խտացրած անարատ կաթ շաքարով» անվանումով մթերք: Արձանագրությանը կից՝ նշված ապրանքի ձեռք բերման թիվ Ա927333147 հարկային հաշվում ապրանքը նշված է որպես խտացրած կաթ, որպես մատակարար նշված է «Գարդմեն» ՍՊԸ-ն, իսկ որպես ապրանքը ձեռք բերող՝ ‹‹Երևանի «Մանկան տուն»›› պետական ոչ առևտրային կազմակերպությունը: (վարչական վարույթի նյութեր, հատոր 1-ին, գ.թ. 88-93).
5) Թիվ 114-Ա հրամանի հիմքով «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում կատարված դիտանցման արդյունքում 11.07.2018 թվականին կազմվել է արձանագրություն, որի համաձայն՝ ի թիվս այլնի, կազմակերպության պահեստում առկա է եղել ‹‹Խտացրած անարատ կաթ շաքարով» անվանումով մթերք: Արձանագրությանը կից՝ նշված ապրանքի ձեռք բերման թիվ Ա0263677313 հարկային հաշվում ապրանքը նշված է որպես խտացրած կաթ, որպես մատակարար նշված է «Գարդմեն» ՍՊԸ-ն, իսկ որպես ապրանքը ձեռք բերող՝ ‹‹Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (վարչական վարույթի նյութեր, հատոր 2-րդ, գ.թ. 44-50).
6) Թիվ 123-Ա հրամանի հիմքով ‹‹ԵՐԵՎԱՆԻ Հ. 28 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ›› համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում կատարված դիտանցման արդյունքում 24.07.2018 թվականին կազմվել է արձանագրություն, որի համաձայն՝ մանկապարտեզի պահեստում, ի թիվս այլնի, առկա է եղել «Խտացրած անարատ կաթ շաքարով» անվանումով մթերք: Արձանագրությանը կից՝ նշված ապրանքի ձեռք բերման թիվ Ա1557220702 հարկային հաշվում ապրանքը նշված է որպես խտացրած կաթ, որպես մատակարար նշված է «Գարդմեն» ՍՊԸ-ն, իսկ որպես ապրանքը ձեռք բերող՝ ‹‹ԵՐԵՎԱՆԻ Հ. 28 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ›› համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (վարչական վարույթի նյութեր, հատոր 2-րդ, գ.թ. 125-133).
7) Թիվ 127-Ա հրամանի հիմքով ‹‹ԵՐԵՎԱՆԻ Հ. 42 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ›› համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում կատարված դիտանցման արդյունքում 23.07.2018 թվականին կազմվել է արձանագրություն, որի համաձայն՝ մանկապարտեզի պահեստում, ի թիվս այլնի, առկա է եղել «Խտացրած անարատ կաթ շաքարով» անվանումով մթերք: Արձանագրությանը կից՝ նշված ապրանքի ձեռք բերման թիվ Ա8680495844 հարկային հաշվում ապրանքը նշված է որպես խտացրած կաթ, որպես մատակարար նշված է «Գարդմեն» ՍՊԸ-ն, իսկ որպես ապրանքը ձեռք բերող՝ ‹‹ԵՐԵՎԱՆԻ Հ. 42 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ›› համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (վարչական վարույթի նյութեր, հատոր 1-ին, գ.թ. 62-70).
8) Թիվ 129-Ա հրամանի հիմքով ‹‹ԵՐԵՎԱՆԻ Հ. 69 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ›› համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում կատարված դիտանցման արդյունքում 23.07.2018 թվականին կազմվել է արձանագրություն, որի համաձայն՝ մանկապարտեզի պահեստում, ի թիվս այլնի, առկա է եղել ‹‹Молоко цельное сгущенное с сахаром›› («Խտացրած անարատ կաթ շաքարով) անվանումով մթերք: Արձանագրությանը կից՝ նշված ապրանքի ձեռք բերման թիվ Ա0179463567 հարկային հաշվում ապրանքը նշված է որպես խտացրած կաթ, որպես մատակարար նշված է «Գարդմեն» ՍՊԸ-ն, իսկ որպես ապրանքը ձեռք բերող՝ ‹‹ԵՐԵՎԱՆԻ Հ. 69 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ›› համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (վարչական վարույթի նյութեր, հատոր 1-ին, գ.թ. 109-116).
9) Թիվ 130-Ա հրամանի հիմքով ‹‹ԵՐԵՎԱՆԻ Հ. 125 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ›› համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում կատարված դիտանցման արդյունքում 23.07.2018 թվականին կազմվել է արձանագրություն, որի համաձայն՝ մանկապարտեզի պահեստում, ի թիվս այլնի, առկա է եղել ‹‹Молоко цельное сгущенное с сахаром›› («Խտացրած անարատ կաթ շաքարով») անվանումով մթերք: Արձանագրությանը կից՝ նշված ապրանքի ձեռք բերման թիվ Ա3899304067 հարկային հաշվում ապրանքը նշված է որպես խտացրած կաթ, որպես մատակարար նշված է «Գարդմեն» ՍՊԸ-ն, իսկ որպես ապրանքը ձեռք բերող՝ ‹‹ԵՐԵՎԱՆԻ Հ. 125 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ›› համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (վարչական վարույթի նյութեր, հատոր 2-րդ, գ.թ. 91-96).
10) Թիվ 132-Ա հրամանի հիմքով ‹‹ԵՐԵՎԱՆԻ Հ. 101 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ›› համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում կատարված դիտանցման արդյունքում 23.07.2018 թվականին կազմվել է արձանագրություն, որի համաձայն՝ մանկապարտեզի պահեստում, ի թիվս այլնի, առկա է եղել «Խտացրած անարատ կաթ շաքարով» անվանումով մթերք: Արձանագրությանը կից՝ նշված ապրանքի ձեռք բերման թիվ Ա2167358534 հարկային հաշվում ապրանքը նշված է որպես խտացրած կաթ, որպես մատակարար նշված է «Գարդմեն» ՍՊԸ-ն, իսկ որպես ապրանքը ձեռք բերող՝ ‹‹ԵՐԵՎԱՆԻ Հ. 101 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ›› համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (վարչական վարույթի նյութեր, հատոր 1-ին, գ.թ. 26-31).
11) Թիվ 135-Ա հրամանի հիմքով ‹‹ԵՐԵՎԱՆԻ Հ. 17 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ›› համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում կատարված դիտանցման արդյունքում 24.07.2018 թվականին կազմվել է արձանագրություն, որի համաձայն՝ մանկապարտեզի պահեստում, ի թիվս այլնի, առկա է եղել «Խտացրած անարատ կաթ շաքարով» անվանումով մթերք: Արձանագրությանը կից՝ նշված ապրանքի ձեռք բերման թիվ Ա2049050309 հարկային հաշվում ապրանքը նշված է որպես խտացրած կաթ, որպես մատակարար նշված է «Գարդմեն» ՍՊԸ-ն, իսկ որպես ապրանքը ձեռք բերող՝ ‹‹ԵՐԵՎԱՆԻ Հ. 17 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ›› համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (վարչական վարույթի նյութեր, հատոր 1-ին, գ.թ. 1-6).
12) Թիվ 144-Ա հրամանի հիմքով ‹‹ՀՀ ազգային անվտանգության ծառայություն»-ում կատարված դիտանցման արդյունքում 01.08.2018 թվականին կազմվել է արձանագրություն, որի համաձայն՝ ծառայության պահեստում, ի թիվս այլնի, առկա է եղել «Խտացրած անարատ կաթ շաքարով» անվանումով մթերք: Արձանագրությանը կից՝ նշված ապրանքի ձեռք բերման թիվ Ա4527834320 հարկային հաշվում ապրանքը նշված է որպես խտացրած կաթ, որպես մատակարար նշված է «Էդել» ՍՊԸ-ն, իսկ որպես ապրանքը ձեռք բերող՝ ‹‹ՀՀ ազգային անվտանգության ծառայություն»-ը (վարչական վարույթի նյութեր, հատոր 1-ին, գ.թ. 142-147).
13) Հանձնաժողովի կողմից ուսումնասիրությունների արդյունքում իրականացված դիտանցումների ընթացքում Հանձնաժողովի աշխատակիցներին է տրամադրվել «խտացրած կաթ» ապրանքից մեկական տուփ՝ 380 գրամ քաշով, որոնք Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի 02.07.2018 թվականի թիվ ՄՄ-712, 03.07.2018 թվականի թիվ ՄՄ-714, 10.07.2018 թվականի թիվ ՄՄ-755, 16.07.2018 թվականի թիվ ՄՄ-804, 24.07.2018 թվականի թիվ ՄՄ-879, 25.07.2018 թվականի թիվ ՄՄ-895 և 01.08.2018 թվականի թիվ ՄՄ-919 գրություններով ուղարկվել են «Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ-ին՝ յուղայնության և բուսական յուղերի առկայության վերաբերյալ փորձաքննության ենթարկելու նպատակով: «Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ-ն Հանձնաժողով է ներկայացրել 17.07.2018 թվականի թիվ 592, 18.07.2018 թվականի թիվ 600, 18.07.2018 թվականի թիվ 602, 20.07.2018 թվականի թիվ 618, 03.08.2018 թվականի թիվ 682, 07.08.2018 թվականի թիվ 704 և 07.08.2018 թվականի թիվ 705 փորձարկման արձանագրությունները: Համաձայն փորձարկման թիվ 592, 600, 602, 618, 682, 704 և 705 արձանագրությունների՝ «խտացրած կաթ» ապրանքները բուսական յուղի առկայությամբ չեն համապատասխանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 09.10.2013 թվականի թիվ 67 որոշմամբ հաստատված` «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության թիվ ՄՄ ՏԿ 033/2013 տեխնիկական կանոնակարգով (այսուհետ՝ Կանոնակարգ) սահմանված՝ խտացրած կաթի բնութագրին և անվանմանը (վարչական վարույթի նյութեր, հատոր 1-ին, գ.թ. 17-18, 22-25, 53-54, 58-61, 81, 85-87, 101, 106-108, 135, 139-141, 159, 163-164, հատոր 2-րդ, գ.թ. 37, 42-43, 60-61, 66-70, 84, 89-90, 116-117, 121-124, 152-153, 157-160).
14) Հանձնաժողովի նախագահի 06.07.2018 թվականի թիվ ԱՇ-737 գրությամբ «Ցիկլոիդ» ՍՊԸ-ից պահանջվել է Հանձնաժողով ներկայացնել «ՀՀ ոստիկանության զորքեր» պետական կառավարչական հիմնարկի 2018 թվականի կարիքների համար խտացրած կաթ շաքարով (ծածկագիր՝ ՀՀ ԿԱ ՈԶ ԳՀԱՊՁԲ-18/2/Բ/16/ՊԾ/76, չափաբաժին 2) ձեռք բերելու նպատակով հայտարարված գնման ընթացակարգերի շրջանակներում «Ցիկլոիդ» ՍՊԸ-ի կողմից մատակարարված խտացրած կաթի իրացումը և ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթերի (հարկային հաշիվներ, հաշիվ-ապրանքագրեր, մաքսային հայտարարագրեր, ինվոյսներ, գնման ակտեր, ներմուծման հարկային հայտարարագրեր և այլն) և համապատասխանության հայտարարագրերի (սերտիֆիկատների) պատճենները (վարչական վարույթի նյութեր, հատոր 2-րդ, գ.թ. 17).
15) Հանձնաժողովի նախագահի 06.07.2018 թվականի թիվ ԱՇ-738 գրությամբ, 18.07.2018 թվականի թիվ ԱՇ-815 գրությամբ, 26.07.2018 թվականի թիվ ԱՇ-904 գրությամբ «Գարդմեն» ՍՊԸ-ից պահանջվել է Հանձնաժողով ներկայացնել ‹‹Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն›› ՓԲԸ-ին 2018 թվականի կարիքների համար խտացրած կաթ (ծածկագիր՝ ՀԱՊԱԿ-ԳՀԱՊՁԲ-18/1/2, չափաբաժին 53), «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի 2018 թվականի կարիքների համար խտացրած կաթ (ծածկագիր՝ ԱՍՀՆ-ՊՈԱԿ-ԳՀԱՊՁԲ-18/2-Լ-ՄՏ-1, չափաբաժին՝ 49), «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի 2018 թվականի կարիքների համար խտացրած կաթ (ծածկագիր՝ ԱՍՀՆ-ՊՈԱԿ-ԳՀԱՊՁԲ-18/2-Ե-1-ՄՏ-3, չափաբաժին՝ 37), «Երևանի Հ. 28 մանկապարտեզ», «Երևանի Հ. 42 մանկապարտեզ», «Երևանի Հ. 69 մանկապարտեզ», «Երևանի Հ. 101 մանկապարտեզ», «Երևանի Հ. 125 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2018 թվականի կարիքների համար խտացրած կաթ ձեռք բերելու նպատակով հայտարարված գնման ընթացակարգերի շրջանակներում «Գարդմեն» ՍՊԸ-ի կողմից մատակարարված խտացրած կաթի իրացումը և ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթերի (հարկային հաշիվներ, հաշիվ-ապրանքագրեր, մաքսային հայտարարագրեր, ինվոյսներ, գնման ակտեր, ներմուծման հարկային հայտարարագրեր և այլն) և համապատասխանության հայտարարագրերի (սերտիֆիկատների) պատճենները (վարչական վարույթի նյութեր, հատոր 2-րդ, գ.թ. 1-4).
16) Հանձնաժողովի նախագահի 01.08.2018 թվականի թիվ ԱՇ-922 գրությամբ «Էդել» ՍՊԸ-ից պահանջվել է Հանձնաժողով ներկայացնել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության» 2017 թվականի կարիքների համար խտացրած կաթ շաքարով (ծածկագիր՝ ՀՀ ԿԱ ԱԱԾ-ՏՆՏՎ-ԱՊՁԲ-17/1-ԳԱԿ-ՇՀԱՊՁԲ-15/2 N 11/73-2017, չափաբաժին 17) ձեռք բերելու նպատակով հայտարարված գնման ընթացակարգերի շրջանակներում «Էդել» ՍՊԸ-ի կողմից մատակարարված խտացրած կաթի իրացումը և ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթերի (հարկային հաշիվներ, հաշիվ-ապրանքագրեր, մաքսային հայտարարագրեր, ինվոյսներ, գնման ակտեր, ներմուծման հարկային հայտարարագրեր և այլն) և համապատասխանության հայտարարագրերի (սերտիֆիկատների) պատճենները (վարչական վարույթի նյութեր, հատոր 2-րդ, գ.թ. 13).
17) «Ցիկլոիդ» ՍՊԸ-ն 19.07.2018 թվականին Հանձնաժողով է ներկայացրել թիվ ԱՇ-737 գրությամբ պահանջված տեղեկատվությունը, որի ուսումնասիրությունից պարզվել է, որ «Ցիկլոիդ» ՍՊԸ-ն «1901 Խտացրած կաթ ՌԴ 380գ» անվանումով ապրանք է ձեռք բերել սույն գործով հայցվոր Ընկերությունից (հիմք՝ հարկային հաշիվ Ա6044500063) (վարչական վարույթի նյութեր, հատոր 2-րդ, գ.թ. 18, 20).
18) «Գարդմեն» ՍՊԸ-ն 03.08.2018 թվականին ԳՐ N 08-18 գրությամբ Հանձնաժողով է ներկայացրել թիվ ԱՇ-738, թիվ ԱՇ-815 և թիվ ԱՇ-904 գրություններով պահանջված տեղեկատվությունը, որի ուսումնասիրությունից պարզվել է, որ «Գարդմեն» ՍՊԸ-ն «0402 Խտացրած կաթ ՌԴ 380գ» անվանումով ապրանք (հիմք՝ հարկային հաշիվներ Ա8051313430, Ա4373328554, Ա9705710794) և «1901 Խտացրած կաթ ՌԴ 380գ» անվանումով ապրանք (հիմք՝ հարկային հաշիվներ Ա8736471093, Ա5101428080, Ա2848947707) է ձեռք բերել սույն գործով հայցվոր Ընկերությունից (վարչական վարույթի նյութեր, հատոր 2-րդ, գ.թ. 5-12).
19) «Էդել» ՍՊԸ-ն 31.08.2018 թվականին Հանձնաժողով է ներկայացրել թիվ ԱՇ-922 գրությամբ պահանջված տեղեկատվությունը, որի ուսումնասիրությունից պարզվել է, որ «Էդել» ՍՊԸ-ն «0402 Խտացրած կաթ ՌԴ 380գ» անվանումով ապրանք է ձեռք բերել սույն գործով հայցվոր Ընկերությունից (հիմք՝ հարկային հաշիվներ Ա2334722508, Ա5622735582) (վարչական վարույթի նյութեր, հատոր 2-րդ, գ.թ. 14-16).
20) Հանձնաժողովի նախագահի 07.08.2018 թվականի թիվ ԱՇ-952 գրությամբ հայցվորից պահանջվել է Հանձնաժողով ներկայացնել 01.01.2017 թվականից մինչև 31.07.2018 թվականը ներառյալ ընկած ժամանակահատվածում Ընկերության կողմից խտացրած կաթի (ԱՏԳԱԱ 0402991000) և կաթ պարունակող մթերքի (ԱՏԳԱԱ 1901909900) ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթերի (հարկային հաշիվներ, հաշիվ-ապրանքագրեր, մաքսային հայտարարագրեր, ինվոյսներ, գնման ակտեր, ներմուծման հարկային հայտարարագրեր և այլն) և համապատասխանության հայտարարագրերի (սերտիֆիկատների) պատճենները (վարչական վարույթի նյութեր, հատոր 3-րդ, գ.թ. 87).
21) Հայցվորը 14.08.2018 թվականին Հանձնաժողով է ներկայացրել թիվ ԱՇ-952 գրությամբ պահանջված տեղեկատվությունը, որի ուսումնասիրությունից պարզվել է, որ Ընկերությունը 01.01.2017 թվականից մինչև 31.07.2018 թվականը ներառյալ ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնությունից ձեռք է բերել (ներմուծել է) միայն ԱՏԳԱԱ 1901909900 ծածկագրով, մասնավորապես՝ «Продукт молокосодержащий сгущенный с сахаром и заменителем молочного жира» անվանումով ապրանքներ (վարչական վարույթի նյութեր, հատոր 3-րդ, գ.թ. 119-166).
22) 16.08.2018 թվականին Ընկերությունը Հանձնաժողովին է ներկայացրել լրացուցիչ տեղեկություններ 01.01.2017 թվականից մինչև 31.07.2018 թվականն ընկած ժամանակահատվածում Ընկերության կողմից խտացրած կաթի (ԱՏԳԱԱ 0402991000) և կաթ պարունակող մթերքի (ԱՏԳԱԱ 1901909900) ձեռքբերումների վերաբերյալ՝ հայտնելով, որ Ընկերությունը նշված ժամանակահատվածում խտացրած կաթ չի ներմուծել և ներկայացրել է կաթ պարունակող մթերքի ներմուծման հարկային հայտարարագրերի և հարկային հայտարարությունների պատճենները (վարչական վարույթի նյութեր, հատոր 3-րդ, գ.թ. 88-118).
23) Հանձնաժողովի 19.10.2018 թվականի թիվ 153-Ա որոշմամբ Ընկերությանը հասարակության մոլորեցման համար նշանակվել է տուգանք 15 (տասնհինգ) միլիոն ՀՀ դրամի չափով: Որոշմամբ մասնավորապես արձանագրվել է. «Ընկերության կողմից «Ցիկլոիդ» ՍՊԸ-ին Ապրանքը որպես «1901 Խտացրած կաթ ՌԴ 380գ», «Գարդմեն» ՍՊԸ-ին Ապրանքը որպես «0402 Խտացրած կաթ ՌԴ 380գ» և «1901 Խտացրած կաթ ՌԴ 380գ» և «Էդել» ՍՊԸ-ին Ապրանքը որպես «0402 Խտացրած կաթ ՌԴ 380գ» իրացնելն այն դեպքում, երբ Ընկերությունը 01.01.2017 թվականից մինչև 31.07.2018 թվականը ներառյալ ընկած ժամանակահատվածում խտացրած կաթի (ԱՏԳԱԱ 0402991000) ձեռքբերում (ներմուծում) չի իրականացրել, ինչպես նաև փորձաքննությամբ Ապրանքի բաղադրությունում հայտնաբերվել է բուսական յուղ, ուստի Ապրանքը Կանոնակարգի իմաստով չի հանդիսանում «խտացրած կաթ», համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն` հասարակություն մոլորեցում, քանի որ կարող է մոլորեցնել հասարակությանը տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների վերաբերյալ» (հատոր 1-ին, գ.թ. 15-24)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. ա՞րդյոք Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված փորձագիտական եզրակացությունների հակասությունների պատճառների հանգամանքների պարզումը կարող էր ազդել Ընկերության` «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի շրջանակներում հասարակության մոլորեցման համար պատասխանատու սուբյեկտ դիտարկելու հարցի վրա այն պայմաններում, երբ Ընկերությունը պատասխանատու է իրացվող ապրանքների վերաբերյալ իրականությանը համապատասխանող տեղեկատվություն տրամադրելու համար:
ՀՀ Սահմանադրության 59-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը և հակամրցակցային համաձայնություններն արգելվում են:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անբարեխիղճ մրցակցություն է համարվում տնտեսվարող սուբյեկտի ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հակասում է նույն օրենքին, այլ օրենքներին, իրավական ակտերին կամ գործարար շրջանառության սովորույթներին, խախտում է մրցակիցների միջև կամ վերջիններիս ու սպառողների միջև բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության և (կամ) անաչառության սկզբունքները:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անբարեխիղճ մրցակցությունն արգելվում է:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել հասարակությանը տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով մոլորեցումը կարող է ծագել ապրանքների գովազդմանը կամ տարածմանը նպաստող միջոցառումների իրականացման ընթացքում, մասնավորապես, տեղի ունենալ ապրանքի աշխարհագրական ծագման, ինչպես նաև նույն օրենքի 13 հոդվածի 2-րդ մասում թվարկված առանձնահատկությունների նկատմամբ: Մոլորեցում է համարվում նաև ապրանքների որակն անհիմն չափազանցնելը, որակի, քանակի կամ այլ բնութագրերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն չհիշատակելը, որը կարող է հանգեցնել թյուր տպավորության ստեղծման (ապակողմնորոշման), կեղծիքը գովազդատուի անձի վերաբերյալ: Հասարակության մոլորեցում է համարվում նաև ապրանքի արտադրության տարեթվի, ամսվա, օրվա կամ պահպանման ժամկետի, տվյալ ապրանքը արտադրող կամ ներկրող տնտեսվարող սուբյեկտի անվան (անվանման) կամ հասցեի կամ օրենսդրությամբ նախատեսված տվյալների կամ պայմանների վերաբերյալ հայերեն նշումների բացակայությունը կամ օրենքին հակասող նշումների առկայությունը կամ գովազդի մեջ (գովազդման ընթացքում) կամ իրացման ընթացքում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների (տեղեկությունների) նշումը կամ այնպիսի տվյալների (տեղեկությունների) բացակայությունը, որը սպառողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել իրացվող կամ գովազդվող ապրանքի վերաբերյալ կամ օրենքին հակասող գովազդը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հասարակության մոլորեցման առկայության հարցը որոշում է Հանձնաժողովը:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքի խախտման դեպքում Հանձնաժողովն իրավասու է իր որոշմամբ տալու նախազգուշացում կամ նշանակելու տուգանք:
Վերոնշյալ իրավադրույթների համակցությունից հետևում է, որ անբարեխիղճ մրցակցություն է համարվում ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում դրսևորվող ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել հասարակությանը տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների վերաբերյալ։ Մոլորեցնող ցանկացած գործողության կամ վարքագծի դրսևորման արդյունքում հասարակությանը չի տրամադրվում իրական տեղեկատվություն ապրանքների որակական, քանակական և այլ հատկանիշների մասին, ինչը կարող է հանգեցնել հասարակության անդամների մոտ ապրանքի վերաբերյալ թյուր տպավորության ստեղծմանը (ապակողմնորոշմանը)։ Այդպիսի գործունեությունը` որպես անբարեխիղճ մրցակցության դրսևորում, արգելվել է օրենսդրի կողմից` նկատի ունենալով, որ իրավական պետության կողմից որդեգրված ազատ տնտեսական գործունեության քաղաքականությունը նպատակ է հետապնդում ապահովելու արդարացի հավասարակշռություն տնտեսական գործունեություն ծավալող սուբյեկտների շահերի միջև։ Այս առումով պետք է նկատի ունենալ, որ ազատ տնտեսական մրցակցության սկզբունքը բխում է տնտեսական ազատության և հավասարության սկզբունքներից և նշանակում է շուկայական տնտեսության ներսում բոլոր տնտեսվարող սուբյեկտների հավասարություն, պետության կողմից նրանց համար հավասար պայմանների և հնարավորությունների ապահովում (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի` 1999 թվականի հունվարի 27-ի թիվ ՍԴՈ-152 որոշման 7-րդ կետը)։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, ինչպես նաև այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն (...):
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում և դրա ընդունման պահի դրությամբ գործող օրենքների հիման վրա, (...):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ վարչադատավարական օրենսդրության համաձայն՝ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա։ Թեև ներքին համոզմունքը սուբյեկտիվ կատեգորիա է, այդուհանդերձ, օրենսդիրն այն դիտարկում է որպես ապացույցների գնահատման միջոց, որը հանգեցնում է իրավական գնահատականների, հետևաբար և դատավարական օրենսդրությամբ նախատեսել է դրա օբյեկտիվության ապահովմանն ուղղված որոշակի երաշխիքներ, մասնավորապես՝
1) որպես դատարանի ներքին համոզմունքի օբյեկտիվ հիմք պետք է հանդիսանա գործում եղած ամեն մի ապացույցի և ապացույցների համակցության բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունը,
2) դատարանն ազատ է ապացույցների գնահատման գործում:
Ներքին համոզմամբ ապացույցների ազատ գնահատումը ենթադրում է, որ դատարանը կաշկանդված չէ տվյալ ապացույցին գործին մասնակցող և այլ անձանց տված գնահատականներով և արտահայտած կարծիքներով:
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը (տե՛ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Շիրակի տարածքային ստորաբաժանման թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը)։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել 19.10.2018 թվականի թիվ 153-Ա վարչական ակտը:
Հայցի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ 01.01.2017 թվականից մինչև 31.07.2018 թվականը հայցվորը ներմուծել է միայն «կաթ պարունակող մթերք», սակայն վերջին անգամ ներմուծված մթերքը, ինչպես հետագայում պարզվել է, եղել է սխալ պիտակավորված: Հայցվորը տեղյակ չի եղել, որ «խտացրած կաթ» մակնշմամբ ապրանքն իրականում «կաթ պարունակող մթերք» է եղել: Բացի այդ, վարչական վարույթի ողջ ընթացքում Հանձնաժողովը հայցվորից ոչ մի անգամ նմուշ չի պահանջել փորձաքննություն նշանակելու համար:
Դատարանը 12.06.2019 թվականի վճռով մերժել է հայցը՝ պատճառաբանելով, որ «Դատարանի գնահատմամբ պատասխանողի կողմից վարչական վարույթի շրջանակներում ձեռք բերված ապացույցներով, հիմնավորվել է այն փաստը, որ Ընկերության կողմից «Ցիկլոիդ» ընկերությանը Ապրանքը մատակարարվել է որպես «1901 Խտացրած կաթ ՌԴ 380գ», «Գարդմեն» ընկերությանը` որպես «0402 Խտացրած կաթ ՌԴ 380գ» և «1901 Խտացրած կաթ ՌԴ 380գ» և «Էդել» ընկերությանը` որպես «0402 Խտացրած կաթ ՌԴ 380գ» այն դեպքում, երբ Ընկերությունը 01.01.2017 թվականից մինչև 31.07.2018 թվականը ներառյալ ընկած ժամանակահատվածում խտացրած կաթի (ԱՏԳԱԱ 0402991000) ձեռքբերում (ներմուծում) չի իրականացրել: Միաժամանակ Հանձնաժողովն արձանագրել է, որ Ընկերության կողմից «Ցիկլոիդ» ընկերությանը, «Գարդմեն» ընկերությանը, «Էդել» ընկերությանը խտացրած կաթ չմատակարարելու փաստը հաստատվում է նաև «Ստանդարտ Դիալոգ» ընկերության կողմից Հանձնաժողով ներկայացված փորձարկման արձանագրություններով, որոնց համաձայն` Ապրանքը բուսական յուղի առկայությամբ չի համապատասխանում Կանոնակարգով սահմանված խտացրած կաթի բնութագրին, և Ապրանքը Կանոնակարգի իմաստով չի հանդիսանում «խտացրած կաթ»»:
Միաժամանակ Դատարանն անդրադառնալով հայցվորի այն փաստարկին, որ Հանձնաժողովը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ընկերությունը սպառողներին մոլորության մեջ գցելու ուղղակի դիտավորություն չի ունեցել, արձանագրել է, որ այն չի կարող հայցի բավարարման հիմք հանդիսանալ, քանի որ Հանձնաժողովն արձանագրել է, որ 01.01.2017 թվականից մինչև 31.07.2018 թվականը ներառյալ ընկած ժամանակահատվածում խտացրած կաթի (ԱՏԳԱԱ 0402991000) ձեռքբերում (ներմուծում) Ընկերությունը չի իրականացրել: Ավելին, Դատարանն արձանագրել է, որ վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցներով, ինչպես նաև 20.08.2018 թվականին Ընկերության ներկայացուցչի կողմից Հանձնաժողով ներկայացված հաշիվ-ապրանքագրերի ուսումնասիրությունից, Ընկերության ներկայացուցչի կողմից Հանձնաժողովի նիստի ընթացքում արտահայտած դիրքորոշումից պարզվել է, որ Ընկերությունը արտադրողից ձեռք է բերել «Կաթ պարունակող խտացրած մթերք շաքարով, կաթնայուղի փոխարինիչով» անվանումով ապրանք: Վերը նշված հանգամանքը հիմնավորում է այն փաստը, որ Ընկերությունն ի սկզբանե տեղյակ է եղել, որ ձեռք է բերել «Կաթ պարունակող խտացրած մթերք շաքարով, կաթնայուղի փոխարինիչով» անվանումով ապրանք, այլ ոչ թե «խտացրած կաթ» անվանումով ապրանք:
Վերոգրյալի հաշվառմամբ Դատարանը գտել է, որ գործով առկա չէ վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու համար անհրաժեշտ՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որևէ իրավական հիմք:
Վերաքննիչ դատարանը, 14.01.2021 թվականի որոշմամբ մասնակի բավարարելով Ընկերության վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ «Տվյալ դեպքում, հայցվորի կողմից բարձրացվել են, ի թիվս այլնի, այն հարցերը, որ 01.01.2017 թվականից մինչև 31.07.2018 թվականն ընկած ժամանակահատվածում հայցվոր Ընկերությունը ոչ թե արտադրել է, այլ ապրանքները ձեռք է բերել «Վերխովսկիյ մոլոչնո-կոնսերվնիյ զավոդ» ՓԲԸ-ից, ուստի ապրանքի պիտակավորումը իրականացրել է ոչ թե հայցվորը, այլ ապրանքներ արտադրող «Վերխովսկիյ մոլոչնո-կոնսերվնիյ զավոդ» ՓԲԸ-ն: Բողոքաբերը 28.03.2019 թվականին նշանակված նախնական դատական նիստի ընթացքում ներկայացրել է տարբեր փորձագիտական ընկերությունների կողմից, այդ թվում նաև՝ «Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ-ի կողմից նույն խմբաքանակի ապրանքի վերաբերյալ իրարամերժ փորձաքննության եզրակացություններ, ինչը պետք է առնվազն կասկածի տակ դներ «Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ-ի կողմից տրված թիվ 600, 592, 602, 618, 682, 704 փորձարկման արձանագրությունների եզրակացությունները: Այսինքն, գործում առկա են ապացույցներ, որոնք առնվազն կասկած են հարուցում «Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ-ի կողմից տրված փորձագիտական եզրակացությունների արժանահավատությանը: Բողոքաբերը ստորադաս դատարանում հայտնել էր, որ իրենից փորձաքննության նմուշ չեն պահանջել և իր մոտ եղած ապրանքներից Հանձնաժողովը փորձաքննության չի ուղարկել գեթ մեկ նմուշ, ինչը հիմնավորվում է վարչական վարույթով, և դատական նիստի ընթացքում էլ ընդունել էին պատասխանողի ներկայացուցիչները: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այս հարցերը ընդհանրապես քննության առարկա չեն դարձվել ՀՀ վարչական դատարանի կողմից: ՀՀ վարչական դատարանը որևէ գնահատական չի տվել հայցվորի կողմից ներկայացված փորձագիտական եզրակացություններին, քննության առարկա չի դարձվել և գնահատական չի տրվել նմուշ վերցնել-չվերցնելու հարցին, գնահատական չի տրվել վեճի լուծման վրա դրա հնարավոր ազդեցության հարցին: ՀՀ վարչական դատարանը գնահատական չի տվել այն հանգամանքին, թե արդյոք այլ ընկերությունից արդեն պիտակավորված ապրանքի ձեռքբերումը կարող էր ազդեցություն ունենալ վեճի լուծման հարցում, թե ոչ: Վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև, որ վարչական գործի նյութերում առկա են Ռուսաստանի Դաշնությունում իրականացված փորձաքննությունների վերաբերյալ նյութեր, սակայն ՀՀ վարչական դատարանն այս հարցին ևս չի անդրադարձել: Չի պարզվել նաև խմբաքանակների նույնական լինել-չլինելու հարցը»:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունների հիմնավորվածությունը՝ գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործով վիճարկվող վարչական ակտով՝ Հանձնաժողովի 19.10.2018 թվականի թիվ 153-Ա որոշմամբ անբարեխիղճ մրցակցության գործողություն՝ հասարակություն մոլորեցում է համարվել Ընկերության կողմից «Ցիկլոիդ» ՍՊԸ-ին Ապրանքը որպես «1901 Խտացրած կաթ ՌԴ 380գ», «Գարդմեն» ՍՊԸ-ին Ապրանքը որպես «0402 Խտացրած կաթ ՌԴ 380գ» և «1901 Խտացրած կաթ ՌԴ 380գ» ու «Էդել» ՍՊԸ-ին Ապրանքը որպես «0402 Խտացրած կաթ ՌԴ 380գ» իրացնելն այն դեպքում, երբ Ընկերությունը 01.01.2017 թվականից մինչև 31.07.2018 թվականը ներառյալ ընկած ժամանակահատվածում խտացրած կաթի (ԱՏԳԱԱ 0402991000) ձեռքբերում (ներմուծում) չի իրականացրել: Այլ կերպ ասած՝ Հանձնաժողովը Ընկերությանը անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության է ենթարկել այն բանի համար, որ Ընկերությունը, ձեռք բերելով կաթ պարունակող մթերք, այն իրացրել է որպես խտացրած կաթ: Տվյալ դեպքում հայցվոր Ընկերությունը Հանձնաժողովի 19.10.2018 թվականի թիվ 153-Ա որոշումը վիճարկելիս նշել է, որ 01.01.2017 թվականից մինչև 31.07.2018 թվականը հայցվորը ներմուծել է միայն «կաթ պարունակող մթերք», սակայն վերջին անգամ ներմուծված մթերքը, ինչպես հետագայում պարզվել է, եղել է սխալ պիտակավորված: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հայցվոր Ընկերությունը վերոհիշյալ ապրանքը «Ցիկլոիդ» ՍՊԸ-ին, «Գարդմեն» ՍՊԸ-ին և «Էդել» ՍՊԸ-ին մատակարարել է ոչ թե որպես «կաթ պարունակող մթերք», այլ որպես «խտացրած կաթ», ինչը հաստատվում է դիտանցումների արդյունքում ուսումնասիրված ապրանքների ձեռք բերման հարկային հաշիվներով, որոնցում ապրանքները նշված են եղել որպես «խտացրած կաթ»: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ընկերությունը նույնպես ընդունել է, որ իր կողմից «խտացրած կաթ»-ի ներմուծում չի իրականացվել, ինչը հաստատվում է Ընկերության կողմից 16.08.2018 թվականին Հանձնաժողով ներկայացրած գրությունից՝ 01.01.2017 թվականից մինչև 31.07.2018 թվականն ընկած ժամանակահատվածում Ընկերության կողմից խտացրած կաթի (ԱՏԳԱԱ 0402991000) և կաթ պարունակող մթերքի (ԱՏԳԱԱ 1901909900) ձեռքբերումների վերաբերյալ, որով վերջինս մասնավորապես հայտնել է, որ Ընկերությունը նշված ժամանակահատվածում «խտացրած կաթ» չի ներմուծել և ներկայացրել է «կաթ պարունակող մթերք»-ի ներմուծման հարկային հայտարարագրերի և հարկային հայտարարությունների պատճենները:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «խտացրած կաթ»-ի ներմուծում իրականացված չլինելու պայմաններում ներմուծված ապրանքը որպես «խտացրած կաթ» իրացնելն իրավամբ անբարեխիղճ մրցակցության գործողություն է, քանի որ մոլորեցրել է տվյալ ապրանքը սպառող ընկերություններին Ընկերության առաջարկած ապրանքի իրական որակի վերաբերյալ:
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանն առ այն, որ Դատարանը գնահատական չի տվել այն հանգամանքին, թե արդյոք այլ ընկերությունից արդեն պիտակավորված ապրանքի ձեռքբերումը կարող էր ազդեցություն ունենալ վեճի լուծման հարցում, թե ոչ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հանձնաժողովն Ընկերությանը պատասխանատվության է ենթարկել ոչ թե ապրանքը սխալ պիտակավորելու, այլ այն որպես «խտացրած կաթ» իրացնելու համար այն դեպքում, երբ Ընկերությունը «խտացրած կաթ»-ի ներմուծում չի իրականացրել:
Այսպիսով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ընկերությունը, 01.01.2017 թվականից մինչև 31.07.2018 թվականը ներառյալ ներմուծելով «կաթ պարունակող մթերք», այլ ոչ թե «խտացրած կաթ» և տեղյակ լինելով այդ մասին, «Ցիկլոիդ», «Գարդմեն» և «Էդել» ընկերություններին խնդրո ապրանքն իրացրել է որպես «խտացրած կաթ»։ Նման պայմաններում, խտացրած կաթ չհանդիսացող ապրանքը տնտեսական շրջանառության մեջ է դրվել որպես խտացրած կաթ` այդ կերպ այն սպառող ընկերությունների մոտ ապրանքի որակական հատկանիշի վերաբերյալ թյուր տպավորություն ստեղծելով (ապակողմնորոշելով)։
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ վարչական գործի նյութերում առկա են Ռուսաստանի Դաշնությունում իրականացված փորձաքննությունների վերաբերյալ նյութեր, ինչպես նաև հայցվորն առարկել է՝ հայտնելով, որ իրենից փորձաքննության նմուշ չեն պահանջել և իր մոտ եղած ապրանքներից Հանձնաժողովը փորձաքննության չի ուղարկել գեթ մեկ նմուշ, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հանձնաժողովի կողմից իրականացվել են դիտանցումներ, ուստի տվյալ դեպքում ուսումնասիրության առարկա են հանդիսացել դիտանցումների արդյունքում հայտնաբերված ապրանքները, որոնք մատակարարվել են որպես «խտացրած կաթ»՝ իրականում խտացրած կաթ չլինելու պայմաններում:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նույն խմբաքանակի վերաբերյալ մյուս փորձագիտական եզրակացությունները, այդ թվում Ռուսաստանի Դաշնությունում իրականացրած փորձաքննությունները, ինչպես նաև Ընկերության մոտ առկա նմուշների փորձաքննության արդյունքները չեն կարող դիտվել սույն գործով որպես վերաբերելի ապացույցներ, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասը, ինչի արդյունքում կայացվել է սխալ դատական ակտ, քանի որ վերջինս չի հետազոտել և գնահատել գործում առկա ապացույցները, իսկ գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում հաստատված կհամարվեր Ընկերության կողմից անբարեխիղճ մրցակցության գործողություն կատարելու փաստը։
Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից խտացրած կաթ չհանդիսացող ապրանքը որպես այդպիսին իրացնելը համարվում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի շրջանակներում հասարակության մոլորեցում այն պայմաններում, երբ այդ ապրանքն Ընկերության կողմից ներմուծվել է որպես կաթ պարունակող մթերք, իսկ Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված հանգամանքների պարզումը չի կարող ազդել Ընկերության` «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի շրջանակներում հասարակության մոլորեցման համար պատասխանատու սուբյեկտ դիտարկելու հարցի վրա այն պայմաններում, երբ Ընկերությունը պատասխանատու է իրացվող ապրանքների վերաբերյալ իրականությանը համապատասխանող տեղեկատվություն տրամադրելու համար:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 14.01.2021 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` վարչական դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից Դատարանի 12.06.2019 թվականի վճռին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատարանի 12.06.2019 թվականի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև սույն գործով դատական ծախսերի բաշխման հարցին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Նկատի ունենալով, որ Հանձնաժողովը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ, և քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, այսինքն` այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերող անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հանձնաժողովի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Ընկերության կողմից:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.01.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 12.06.2019 թվականի վճռին՝ սույն որոշման պատճառաբանություններով:
2. «ԱՐՄԵՆ-ՀԱՄԻԿ ԵՂԲԱՅՐՆԵՐ ՀՁ» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող |
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Է. Սեդրակյան |
Ս. Անտոնյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Ս. Միքայելյան | |
Ա. Մկրտչյան | |
Տ. Պետրոսյան | |
Ն. Տավարացյան |
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
10.05.2022թ.
Հայաստանի
Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/12665/05/18 վարչական գործով 10.05.2022 թվականին կայացված որոշման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 10.05.2022 թվականին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.01.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «ԱՐՄԵՆ-ՀԱՄԻԿ ԵՂԲԱՅՐՆԵՐ ՀՁ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Հանձնաժողովի՝ 19.10.2018 թվականի թիվ 153-Ա վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել Վերաքննիչ դատարանի 14.01.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 12.06.2019 թվականի վճռին՝ նույն որոշման պատճառաբանություններով:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս և Արսեն Մկրտչյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:
Սույն գործը հարուցվել է Ընկերության կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Հանձնաժողովի 19.10.2018 թվականի թիվ 153-Ա վարչական ակտը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Էդ. Նահապետյան) (այսուհետ` Դատարան) 12.06.2019 թվականի վճռով հայցը մերժվել է հետևյալ պատճառաբանությամբ. «Դատարանի գնահատմամբ պատասխանողի կողմից վարչական վարույթի շրջանակներում ձեռք բերված ապացույցներով, հիմնավորվել է այն փաստը, որ Ընկերության կողմից «Ցիկլոիդ» ընկերությանը Ապրանքը մատակարարվել է որպես «1901 Խտացրած կաթ ՌԴ 380գ», «Գարդմեն» ընկերությանը` որպես «0402 Խտացրած կաթ ՌԴ 380գ» և «1901 Խտացրած կաթ ՌԴ 380գ» և «Էդել» ընկերությանը` որպես «0402 Խտացրած կաթ ՌԴ 380գ» այն դեպքում, երբ Ընկերությունը 01.01.2017 թվականից մինչև 31.07.2018 թվականը ներառյալ ընկած ժամանակահատվածում խտացրած կաթի (ԱՏԳԱԱ 0402991000) ձեռքբերում (ներմուծում) չի իրականացրել: Միաժամանակ Հանձնաժողովն արձանագրել է, որ Ընկերության կողմից «Ցիկլոիդ» ընկերությանը, «Գարդմեն» ընկերությանը, «Էդել» ընկերությանը խտացրած կաթ չմատակարարելու փաստը հաստատվում է նաև «Ստանդարտ Դիալոգ» ընկերության կողմից Հանձնաժողով ներկայացված փորձարկման արձանագրություններով, որոնց համաձայն` Ապրանքը բուսական յուղի առկայությամբ չի համապատասխանում Կանոնակարգով սահմանված խտացրած կաթի բնութագրին, և Ապրանքը Կանոնակարգի իմաստով չի հանդիսանում «խտացրած կաթ»»:
Միաժամանակ Դատարանը, անդրադառնալով հայցվորի այն փաստարկին, որ Հանձնաժողովը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ընկերությունը սպառողներին մոլորության մեջ գցելու ուղղակի դիտավորություն չի ունեցել, արձանագրել է, որ այն չի կարող հայցի բավարարման հիմք հանդիսանալ, քանի որ Հանձնաժողովն արձանագրել է, որ 01.01.2017 թվականից մինչև 31.07.2018 թվականը ներառյալ ընկած ժամանակահատվածում խտացրած կաթի (ԱՏԳԱԱ 0402991000) ձեռքբերում (ներմուծում) Ընկերությունը չի իրականացրել: Ավելին՝ Դատարանն արձանագրել է, որ վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցներով, ինչպես նաև 20.08.2018 թվականին Ընկերության ներկայացուցչի կողմից Հանձնաժողով ներկայացված հաշիվ-ապրանքագրերի ուսումնասիրությունից, Ընկերության ներկայացուցչի կողմից Հանձնաժողովի նիստի ընթացքում արտահայտված դիրքորոշումից պարզվել է, որ Ընկերությունը արտադրողից ձեռք է բերել «Կաթ պարունակող խտացրած մթերք շաքարով, կաթնայուղի փոխարինիչով» անվանումով ապրանք: Վերը նշված հանգամանքը հիմնավորում է այն փաստը, որ Ընկերությունն ի սկզբանե տեղյակ է եղել, որ ձեռք է բերել «Կաթ պարունակող խտացրած մթերք շաքարով, կաթնայուղի փոխարինիչով» անվանումով ապրանք, այլ ոչ թե «խտացրած կաթ» անվանումով ապրանք:
Վերոգրյալի հաշվառմամբ Դատարանը գտել է, որ գործով առկա չէ վիճարկվող ակտն անվավեր ճանաչելու համար անհրաժեշտ՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որևէ իրավական հիմք:
Վերաքննիչ դատարանի 14.01.2021 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 12.06.2019 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել է, և վարչական գործն ուղարկվել է ամբողջ ծավալով նոր քննության:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է հետևյալը. «Տվյալ դեպքում, հայցվորի կողմից բարձրացվել են, ի թիվս այլնի, այն հարցերը, որ 01.01.2017 թվականից մինչև 31.07.2018 թվականն ընկած ժամանակահատվածում հայցվոր Ընկերությունը ոչ թե արտադրել է, այլ ապրանքները ձեռք է բերել «Վերխովսկիյ մոլոչնո-կոնսերվնիյ զավոդ» ՓԲԸ-ից, ուստի ապրանքի պիտակավորումը իրականացրել է ոչ թե հայցվորը, այլ ապրանքներ արտադրող «Վերխովսկիյ մոլոչնո-կոնսերվնիյ զավոդ» ՓԲԸ-ն: Բողոքաբերը 28.03.2019 թվականին նշանակված նախնական դատական նիստի ընթացքում ներկայացրել է տարբեր փորձագիտական ընկերությունների կողմից, այդ թվում նաև՝ «Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ-ի կողմից նույն խմբաքանակի ապրանքի վերաբերյալ իրարամերժ փորձաքննության եզրակացություններ, ինչը պետք է առնվազն կասկածի տակ դներ «Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ-ի կողմից տրված թիվ 600, 592, 602, 618, 682, 704 փորձարկման արձանագրությունների եզրակացությունները: Այսինքն, գործում առկա են ապացույցներ, որոնք առնվազն կասկած են հարուցում «Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ-ի կողմից տրված փորձագիտական եզրակացությունների արժանահավատությանը: Բողոքաբերը ստորադաս դատարանում հայտնել էր, որ իրենից փորձաքննության նմուշ չեն պահանջել և իր մոտ եղած ապրանքներից Հանձնաժողովը փորձաքննության չի ուղարկել գեթ մեկ նմուշ, ինչը հիմնավորվում է վարչական վարույթով, և դատական նիստի ընթացքում էլ ընդունել էին պատասխանողի ներկայացուցիչները: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այս հարցերը ընդհանրապես քննության առարկա չեն դարձվել ՀՀ վարչական դատարանի կողմից: ՀՀ վարչական դատարանը որևէ գնահատական չի տվել հայցվորի կողմից ներկայացված փորձագիտական եզրակացություններին, քննության առարկա չի դարձվել և գնահատական չի տրվել նմուշ վերցնել-չվերցնելու հարցին, գնահատական չի տրվել վեճի լուծման վրա դրա հնարավոր ազդեցության հարցին: ՀՀ վարչական դատարանը գնահատական չի տվել այն հանգամանքին, թե արդյոք այլ ընկերությունից արդեն պիտակավորված ապրանքի ձեռքբերումը կարող էր ազդեցություն ունենալ վեճի լուծման հարցում, թե ոչ: Վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև, որ վարչական գործի նյութերում առկա են Ռուսաստանի Դաշնությունում իրականացված փորձաքննությունների վերաբերյալ նյութեր, սակայն ՀՀ վարչական դատարանն այս հարցին ևս չի անդրադարձել: Չի պարզվել նաև խմբաքանակների նույնական լինել-չլինելու հարցը»:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հանձնաժողովը:
Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել Վերաքննիչ դատարանի 14.01.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 12.06.2019 թվականի վճռին՝ նույն որոշման պատճառաբանություններով:
Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով`
1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.
2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:
Համանման կարգավորում է նախատեսվել նաև «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով, որի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ դատարանի, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ իր կայացրած դատական ակտերը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով`
1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.
2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու նպատակով Վճռաբեկ դատարանը վերանայում է այն դատական ակտերը, որոնք խաթարում են արդարադատության բուն էությունը:
Փաստորեն ՀՀ Սահմանադրությամբ և «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով, ըստ էության, ամրագրվել է Վճռաբեկ դատարանի՝ որպես բարձրագույն դատական ատյանի, տեղն ու դերը դատական իշխանության համակարգում: Գտնում ենք, որ դատական իշխանության համակարգում Վճռաբեկ դատարանի դերով ու նշանակությամբ են պայմանավորված վճռաբեկ բողոքարկման իրավունքի իրացման օրենսդրական առանձնահատուկ կարգավորումները:
Վճռաբեկ դատարանն իրավունքի դատարան է, որի հիմնական գործառույթն օրենքի միատեսակ կիրառության ապահովումն է: Այսինքն՝ դատական այս ատյանի կողմից քննության են առնվում այնպիսի գործեր, որոնցով իրավական ասելիքի անհրաժեշտություն կա՝ օրենքի միատեսակ կիրառություն կամ իրավունքի զարգացում ապահովելու առումներով: Միակ բացառությունն այս ընդհանուր կանոնից սահմանադիրը նախատեսել է այն դեպքի համար, երբ տեղի են ունեցել մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումներ, որոնցով խաթարվել է արդարադատության բուն էությունը:
Վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակի և խնդիրների ամրագրումը սահմանափակում է այդ ատյան մուտք գործելու հնարավորությունը՝ օրենսդրորեն սահմանելով վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հստակ չափորոշիչներ, որոնց առկայության պարագայում միայն կարող է հաղթահարվել վճռաբեկ բողոքի ընդունելիության փուլը:
Վերոգրյալ իրավակարգավորումների վերլուծությունից հետևում է, որ Վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական առանձնահատուկ կարգավիճակով պայմանավորված Վճռաբեկ դատարանի կողմից ընդունելի պետք է համարվեն այն վճռաբեկ բողոքները, որոնցով իրավական ասելիքի անհրաժեշտություն կա՝ օրենքի միատեսակ կիրառություն կամ իրավունքի զարգացում ապահովելու առումներով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը բողոքարկվող դատական ակտը վերանայում է վճռաբեկ բողոքում ներկայացված պահանջների սահմաններում։
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից ուղղակիորեն բխում է, որ Վճռաբեկ դատարանը դատական ակտերը վերանայող, այլ ոչ թե գործն ըստ էության քննող և լուծող դատական ատյան է, հետևաբար վարույթ ընդունված վճռաբեկ բողոքի քննությունը պետք է իրականացվի բողոքարկվող դատական ակտի վերանայման միջոցով։
Այլ կերպ ասած՝ Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հարցով է պայմանավորված դատական ակտի վերանայման նպատակը. արդյոք Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված սխալների ուղղումը հետապնդում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու, թե մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու նպատակ։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի համաձայն՝ վճռաբեկ բողոքում, ի թիվս այլնի, նշվում են նաև բողոք բերած անձի պահանջը` օրենքների, այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, և նշում այն մասին, թե նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմերն են խախտվել կամ սխալ կիրառվել, կամ որոնք են նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը և դրանց հիմնավորումները, նույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի այն կետի առկայության մասին հիմնավորումները, որոնք, ըստ բողոք բերող անձի, հիմք են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար։
Տվյալ դեպքում ներկայացված վճռաբեկ բողոքի հիմք-հիմնավորումներով բողոք բերող անձը Վերաքննիչ դատարանին վերագրել է ՀՀ Սահմանադրության 63-րդ, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ և 14-րդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ, 124-րդ, 144-րդ 146-րդ, 150-րդ, 151-րդ և 152-րդ հոդվածների պահանջների խախտումներ, իսկ որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք վկայակոչել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասը՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, որով էլ Վճռաբեկ դատարանը պայմանավորել է սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը՝ գտնելով, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Հարկ ենք համարում ընդգծել, որ ՎՃռաբեկ դատարանի որոշումը չի պարունակում արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալի, մասնավորապես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի խախտման առկայությունը հիմնավորվող պատճառաբանություններ:
Այսպես. անդրադառնալով այն իրավական հարցադրմանը, թե ա՞րդյոք Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված փորձագիտական եզրակացությունների հակասությունների պատճառների հանգամանքների պարզումը կարող էր ազդել Ընկերության` «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի շրջանակներում հասարակության մոլորեցման համար պատասխանատու սուբյեկտ դիտարկելու հարցի վրա այն պայմաններում, երբ Ընկերությունը պատասխանատու է իրացվող ապրանքների վերաբերյալ իրականությանը համապատասխանող տեղեկատվություն տրամադրելու համար, Վճռաբեկ դատարանն արձանագրել հետևյալը.
«(…) Ընկերությունը, 01.01.2017 թվականից մինչև 31.07.2018 թվականը ներառյալ ներմուծելով «կաթ պարունակող մթերք», այլ ոչ թե «խտացրած կաթ» և տեղյակ լինելով այդ մասին, «Ցիկլոիդ», «Գարդմեն» և «Էդել» ընկերություններին խնդրո ապրանքն իրացրել է որպես «խտացրած կաթ»։ Նման պայմաններում, խտացրած կաթ չհանդիսացող ապրանքը տնտեսական շրջանառության մեջ է դրվել որպես խտացրած կաթ` այդ կերպ այն սպառող ընկերությունների մոտ ապրանքի որակական հատկանիշի վերաբերյալ թյուր տպավորություն ստեղծելով (ապակողմնորոշելով)։
(…) Հանձնաժողովի կողմից իրականացվել են դիտանցումներ, ուստի տվյալ դեպքում ուսումնասիրության առարկա են հանդիսացել դիտանցումների արդյունքում հայտնաբերված ապրանքները, որոնք մատակարարվել են որպես «խտացրած կաթ»՝ իրականում խտացրած կաթ չլինելու պայմաններում:
(…) նույն խմբաքանակի վերաբերյալ մյուս փորձագիտական եզրակացությունները, այդ թվում Ռուսաստանի Դաշնությունում իրականացրած փորձաքննությունները, ինչպես նաև Ընկերության մոտ առկա նմուշների փորձաքննության արդյունքները չեն կարող դիտվել սույն գործով որպես վերաբերելի ապացույցներ, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասը, ինչի արդյունքում կայացվել է սխալ դատական ակտ, քանի որ վերջինս չի հետազոտել և գնահատել գործում առկա ապացույցները, իսկ գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում հաստատված կհամարվեր Ընկերության կողմից անբարեխիղճ մրցակցության գործողություն կատարելու փաստը։
(…) Ընկերության կողմից խտացրած կաթ չհանդիսացող ապրանքը որպես այդպիսին իրացնելը համարվում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի շրջանակներում հասարակության մոլորեցում այն պայմաններում, երբ այդ ապրանքն Ընկերության կողմից ներմուծվել է որպես կաթ պարունակող մթերք, իսկ Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված հանգամանքների պարզումը չի կարող ազդել Ընկերության` «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի շրջանակներում հասարակության մոլորեցման համար պատասխանատու սուբյեկտ դիտարկելու հարցի վրա այն պայմաններում, երբ Ընկերությունը պատասխանատու է իրացվող ապրանքների վերաբերյալ իրականությանը համապատասխանող տեղեկատվություն տրամադրելու համար»:
Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ փաստորեն ոչ թե անդրադարձել է Վերաքննիչ դատարանին վերագրվող դատավարական նորմի խախտման առկայության կամ բացակայության հարցին, այլ՝ որպես գործն ըստ էության լուծող դատարան, գնահատական է տվել գործում առկա ապացույցների մի մասին և, անտեսելով մյուս ապացույցներն ու փաստարկները, կատարել է եզրահանգում։
Վճռաբեկ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանի վճիռը բեկանելու և գործն ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու իր եզրահանգումը Վերաքննիչ դատարանը փաստարկել է հիմնավոր պատճառաբանություններով: Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանն իրավացիորեն գտել է, որ Դատարանը որևէ գնահատական չի տվել հայցվորի կողմից ներկայացված փորձագիտական եզրակացություններին, քննության առարկա չի դարձրել և գնահատական չի տվել նմուշ վերցնել-չվերցնելու հարցին, գնահատական չի տվել վեճի լուծման վրա դրա հնարավոր ազդեցության հարցին: Վերաքննիչ դատարանը գտել է նաև, որ Դատարանի կողմից չի պարզվել հայցվորի այն փաստարկը, որ որոշ ժամանակահատված խնդրո առարկա ապրանքը չի արտադրվել հայցվորի կողմից, այլ ձեռք է բերվել արդեն պիտակավորված վիճակում այլ ընկերությունից: Դատարանը գնահատական չի տվել այն հանգամանքին, թե արդյո՞ք այլ ընկերությունից արդեն պիտակավորված ապրանքի ձեռքբերումը կարող էր ազդեցություն ունենալ վեճի լուծման հարցում, թե՞ ոչ:
Միաժամանակ Վերաքննիչ դատարանն անդրադարձել է գործի նյութերում առկա Ռուսաստանի դաշնությունում իրականացված փորձաքննությունների վերաբերյալ նյութերին՝ արձանագրելով, որ Դատարանն այս հարցին ևս չի անդրադարձել, չի պարզվել նաև խմբաքանակների նույնական լինել-չլինելու հարցը:
Ի վերջո Վճռաբեկ դատարանն անտեսել է նաև այն, որ Վերաքննիչ դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ Դատարանի վճռի պատճառաբանական մասն ամբողջությամբ վերցված է պատասխանող վարչական մարմնի ներկայացրած դիրքորոշումից և չի պարունակում որևէ դիտարկում, որը Դատարանը կատարել է գործի քննության ժամանակ ուսումնասիրած ապացույցների հիման վրա:
Գտնում ենք, որ վերոգրյալ պատճառաբանություններն ինքնին բավարար հիմք են հանդիսացել Դատարանի վճիռը բեկանելու և գործն ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու իրավաչափ եզրահանգման գալու համար: Ըստ այդմ՝ իրավաչափ է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ գործի նոր քննության ընթացքում անհրաժեշտ է իրականացնել գործի լրիվ ծավալով քննություն` գնահատական տալով նաև հայցվորի կողմից ներկայացված փաստարկներին և դրանց հնարավոր ազդեցությանը սույն վեճի լուծման հարցում։
Այլ կերպ ասած՝ Վերաքննիչ դատարանն իրավացիորեն է եզրահանգել, որ Դատարանի կողմից չի իրականացվել գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, ինչի արդյունքում չեն պարզվել վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները, մինչդեռ Վճռաբեկ դատարանը, անտեսելով այդ հանգամանքը, Վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկ բողոքում ներկայացված պահանջների սահմաններում վերանայելու և Վերաքննիչ դատարանին վերագրվող դատավարական իրավունքի նորմի խախտման մասին բողոք բերող անձի փաստարկներին իրավական գնահատական տալու փոխարեն բեկանել է Վերաքննիչ դատարանի որոշումն ու օրինական ուժ է տվել Դատարանի վճռին՝ փաստացի իրականացնելով գործի ըստ էության քննություն:
Այսպիսով, գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Դատարանի վճիռը և գործն ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելով, կայացրել է օրինական և հիմնավորված դատական ակտ, իսկ վճռաբեկ բողոքով ներկայացված փաստարկները բավարար չեն Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, որպիսի պարագայում կիրառման է ենթակա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված վճռաբեկ բողոքը մերժելու և դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
Դատավոր |
Դատավոր |
Ռ. Հակոբյան |
Ա. Մկրտչյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|