ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
17 հունիս 2022 թ․ |
N 02-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 15-րդ մասը և 40.2-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթները՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշում է.
1. Սահմանել աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները` hամաձայն Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ Հավելվածի 40-րդ կետի 3)-րդ ենթակետի դ. և ե. պարբերությունների, որոնք ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
Հանձնաժողովի նախագահ` |
Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Երևան |
Հավելված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի hունիսի 17-ի N 02-Ն որոշման |
ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները (այսուհետ՝ Կարգ) կարգավորում են կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների (այսուհետ՝ տարեկան հաշվետվություն) պարտադիր աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգի հետ կապված հարաբերությունները, սահմանում են աուդիտորական կազմակերպություններին ներկայացվող պահանջները։
2. Պարտադիր աուդիտի (այսուհետ՝ աուդիտ) ենթակա կուսակցությունների ցանկը որոշվում է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 28-րդ հոդվածի հիման վրա։
3. Աուդիտորական կազմակերպությունների ընտրությունն իրականացվում է բաց մրցույթով (այսուհետ՝ մրցույթ)` Օրենքով, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով և սույն որոշմամբ սահմանված Կարգով։ Յուրաքանչյուր մրցույթ անցկացվում է առանձին ծածկագրի ներքո, որը կազմված է «Կուսակցության տարեկան հաշվետվության բաց մրցույթի ծածկագիր» բառերի հապավումից (ԿՏՀԲՄԾ), մրցույթի անցկացման տարեթվից և մրցույթի անցկացման հերթական համարից՝ ըստ մրցույթների անցկացման հերթականության։
4. Յուրաքանչյուր կուսակցության տարեկան հաշվետվության աուդիտի նպատակով անցկացվում է առանձին մրցույթ, որն իրականացվում է սույն Կարգին համապատասխան: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) որոշմամբ մրցույթը կարող է անցկացվել նաև առանձին չափաբաժիններով՝ մրցույթ անցկացնելու վերաբերյալ մեկ հայտարարության մեջ ներառելով աուդիտի ենթակա երկու կամ ավելի կուսակցությունների վերաբերյալ տվյալներ։ Յուրաքանչյուր չափաբաժին համարվում է առանձին մրցույթ, որի համար սահմանվում է առանձին ծածկագիր։
5. Մրցույթն անցկացվում է, եթե դիմել է առնվազն մեկ աուդիտորական կազմակերպություն։
6. Մրցույթը չկայացած կամ անվավեր ճանաչվելու դեպքում անցկացվում է նոր մրցույթ՝ Օրենքով, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով և սույն որոշմամբ սահմանված Կարգով։
7. Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներից։ Աուդիտի ենթակա և պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունների աուդիտի ֆինանսավորման գումարը նվազեցվում է կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությանը հատկացվող պետական ընդհանուր ֆինանսավորման գումարից։
ԳԼՈՒԽ 2
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
8. Աուդիտորական կազմակերպությունների ընտրության համար անցկացվող բոլոր մրցույթների կազմակերպման և անցկացման նպատակով Հանձնաժողովում ձևավորվում է մեկ միասնական Մրցութային հանձնաժողով, որի անհատական կազմը սահմանվում է Հանձնաժողովի նախագահի՝ Մրցութային հանձնաժողովի ձևավորման մասին հրամանով (այսուհետ՝ Հրաման):
9. Մրցութային հանձնաժողովը ձևավորվում է երեք անդամից։
10. Մրցութային հանձնաժողովի նախագահը, ինչպես նաև մյուս անդամները նշանակվում են Հրամանով:
11. Մրցութային հանձնաժողովը՝
1) որոշում է յուրաքանչյուր կուսակցության տարեկան հաշվետվության աուդիտի իրականացման համար աուդիտորական կազմակերպությունների ընտրության մրցույթի օրը,
2) օրինակելի ձևի (Ձև 1) հիման վրա հաստատում է կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի կազմակերպման նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության բաց մրցույթի մասին հայտարարությունը (այսուհետ՝ Հայտարարություն),
3) գնահատում է մրցութային առաջարկները,
4) որոշում է մրցույթի հրապարակային վիճակահանության փուլին մասնակցության իրավունք ստացող կազմակերպություններին, ինչպես նաև՝ հրապարակային վիճակահանության արդյունքների հիման վրա՝ իր որոշմամբ, սահմանում է մրցույթի վերջնական հաղթողին,
5) մրցույթը հայտարարում է չկայացած,
6) իրականացնում է սույն Կարգով սահմանված այլ գործառույթներ:
12. Մրցութային հանձնաժողովի աշխատանքներին աջակցելու նպատակով Հրամանով նշանակվում է Մրցութային հանձնաժողովի քարտուղար։ Քարտուղարը Մրցութային հանձնաժողովի անդամ չէ։
13. Մրցութային հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով։
14. Մրցութային հանձնաժողովի որոշումներն ընդունվում են Մրցութային հանձնաժողովի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ։ Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ։
15. Մրցութային հանձնաժողովի նիստերը տեսաձայնագրվում և արձանագրվում են։
16. Մրցութային հանձնաժողովի անդամը կամ քարտուղարը չի կարող մասնակցել Մրցութային հանձնաժողովի աշխատանքներին, եթե Մրցութային հանձնաժողովի գործունեության ընթացքում պարզվում է, որ մրցույթին մասնակցելու դիմում է ներկայացրել այն աուդիտորական կազմակերպությունը՝
1) որը հիմնադրված է Մրցութային հանձնաժողովի անդամի կամ քարտուղարի կողմից, կամ
2) որում Մրցութային հանձնաժողովի անդամը կամ քարտուղարն ունի բաժնեմաս (փայաբաժին), կամ
3) որը հիմնադրված է Մրցութային հանձնաժողովի անդամի կամ քարտուղարի հետ փոխկապակցված անձի կողմից, կամ
4) որի գործադիր մարմնի ղեկավարը հանդիսանում է Մրցութային հանձնաժողովի անդամի կամ քարտուղարի հետ փոխկապակցված անձ, կամ
5) որում Մրցութային հանձնաժողովի անդամի կամ քարտուղարի հետ փոխկապակցված անձն ունի բաժնեմաս (փայաբաժին):
17. Սույն Կարգի իմաստով Մրցութային հանձնաժողովի անդամի կամ քարտուղարի հետ փոխկապակցված անձինք են վերջինիս ամուսինը, զավակը, ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը (այդ թվում՝ որդեգրողը), քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, մորեղբայրը, քրոջ, եղբոր զավակները, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր, մորեղբոր զավակները, քրոջ, եղբոր, զավակի ամուսինները:
18. Մրցութային հանձնաժողովի աշխատանքներին չի կարող մասնակցել նաև Մրցութային հանձնաժողովի այն անդամը կամ քարտուղարը, որը Մրցութային հանձնաժողովի ձևավորմանը նախորդող երեք տարում աշխատանքային պայմանագրի կամ քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատել կամ ծառայություններ է մատուցել մրցույթին մասնակցելու դիմում ներկայացրած աուդիտորական կազմակերպությանը։
19. Սույն Կարգի 16-րդ և 18-րդ կետերով նախատեսված հանգամանքներն ի հայտ գալուց անմիջապես հետո Մրցութային հանձնաժողովի՝ շահերի բախում ունեցող անդամը կամ քարտուղարը ինքնաբացարկ է հայտնում տվյալ մրցույթից։ Մրցութային հանձնաժողովի անդամի կամ քարտուղարի ինքնաբացարկ հայտնելու դեպքում վերջիններիս փոխարեն նշանակվում է Մրցութային հանձնաժողովի նոր անդամ կամ քարտուղար սույն Կարգի 10-րդ կետով սահմանված կարգով:
20. Մրցութային հանձնաժողովի գործունեությունը դադարում է աուդիտի ենթակա բոլոր կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրությանն ուղղված մրցույթների անցկացումից հետո՝ մրցույթի արդյունքում վերջին պայմանագիրը կնքելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրվանից։
ԳԼՈՒԽ 3
ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
21. Մրցույթին կարող են մասնակցել այն աուդիտորական կազմակերպությունները՝
1) որոնք գրանցված են «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքով սահմանված կարգով հավատարմագրված մասնագիտացված կառույցի՝ աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների ռեեստրում,
2) որոնց պատասխանատու աուդիտորը հանդիսանում է աուդիտոր «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի իմաստով և ունի աուդիտորական ծառայությունների մատուցման ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ:
22. Աուդիտորական կազմակերպությունները մրցույթին կարող են մասնակցել նաև համատեղ գործունեության կարգով՝ համատեղ գործունեության պայմանագրի (կոնսորցիումի) հիման վրա։ Մրցույթին համատեղ գործունեության կարգով մասնակցության դեպքում մրցութային առաջարկի գնահատման ժամանակ հաշվի են առնվում համատեղ գործունեության պայմանագրի բոլոր կողմերի որակավորումները միասին։
23. Կուսակցության տարեկան հաշվետվության աուդիտի պատասխանատու աուդիտոր չի կարող հանդիսանալ այն անձը, որը՝
1) հանդիսանում է որևէ կուսակցության անդամ, կամ
2) որևէ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կամ այլ ղեկավար մարմնի անդամ է եղել աուդիտը սկսելուն նախորդող երեք տարվա ընթացքում, կամ
3) այլ կարգավիճակով հաշվետու տարում մասնակցություն է ունեցել տվյալ կուսակցության ֆինանսական փաստաթղթերի կազմմանը կամ ստուգմանը (հաշվապահ, աուդիտոր և այլն), կամ
4) մրցութային առաջարկը ներկայացնելուն նախորդող երեք տարվա ընթացքում Օրենքի 24-րդ հոդվածի իմաստով որևէ նվիրատվություն է կատարել կուսակցությանը կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքում ընդգրկված լինելու դեպքում՝ այդ դաշինքի) նախընտրական հիմնադրամին կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքում ընդգրկված լինելու դեպքում՝ այդ դաշինքի) որևէ թեկնածուի նախընտրական հիմնադրամին, կամ
5) հաշվետու տարվան նախորդող երեք հաշվետու տարիներին անընդմեջ հանդիսացել է տվյալ կուսակցության տարեկան հաշվետվության աուդիտորական առաջադրանքի պատասխանատու աուդիտորը։
24. Սույն Կարգի իմաստով «աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտոր» է համարվում աուդիտորական կազմակերպության աուդիտորական եզրակացությունը ստորագրող աուդիտորը։
25. Սույն Կարգի իմաստով «աուդիտորական խումբ» է համարվում աուդիտորական կազմակերպության այն աշխատակիցների, ներառյալ՝ քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատող անձանց խումբը, որն անմիջականորեն ընդգրկված է կուսակցության տարեկան հաշվետվության աուդիտի իրականացման աշխատանքներում։
26. Սույն Կարգի իմաստով հաշվետու տարի է համարվում այն տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածը, որի վերաբերյալ կուսակցությունը պետք է ներկայացնի տարեկան հաշվետվություն՝ համաձայն Օրենքի 27-րդ հոդվածի։
ԳԼՈՒԽ 4
ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
27. Մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն աուդիտորական կազմակերպությունները՝
1) որոնք հանդիսանում են կուսակցության հետ փոխկապակցված անձ «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի 8-րդ հոդվածի իմաստով, կամ
2) որոնք մրցութային առաջարկը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, կամ
3) որոնց գործադիր մարմնի ղեկավարը մրցութային առաջարկը ներկայացնելու օրվան նախորդող hինգ տարվա ընթացքում դատապարտված է եղել ահաբեկչության ֆինանսավորման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգի կամ շահագործման, հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ դրան մասնակցելու, կաշառք ստանալու, կաշառք տալու կամ կաշառքի միջնորդության և օրենքով նախատեսված տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է, կամ
4) որոնց պաշտոնատար անձանց վերաբերյալ գնումների ոլորտում հակամրցակցային համաձայնության, գերիշխող դիրքի չարաշահման կամ անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվություն սահմանող վարչական ակտը մրցութային առաջարկը ներկայացվելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում դարձել է անբողոքարկելի կամ դատական կարգով բողոքարկված լինելու դեպքում թողնվել է անփոփոխ և առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, կամ
5) որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող երկրների՝ գնումների մասին օրենսդրության համաձայն հրապարակված գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, կամ
6) որոնք մրցութային առաջարկը ներկայացնելու օրվա դրությամբ «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով ներառվել են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, կամ
7) որոնք սույն Կարգի 30-րդ կետի համաձայն ներառվել են մրցույթին մասնակցության իրավունքը կասեցված մասնակիցների ցուցակում, կամ
8) որոնք մրցութային առաջարկը ներկայացնելուն նախորդող երեք տարվա ընթացքում Օրենքի 24-րդ հոդվածի իմաստով որևէ նվիրատվություն են կատարել տվյալ կուսակցությանը կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքում ընդգրկված լինելու դեպքում՝ այդ դաշինքի) նախընտրական հիմնադրամին կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքում ընդգրկված լինելու դեպքում՝ այդ դաշինքի) որևէ թեկնածուի նախընտրական հիմնադրամին։
28. Մասնակիցը համարվում է մրցույթին մասնակցության իրավունքը կասեցված մասնակիցների ցուցակում ներառված, եթե՝
1) խախտել է մրցույթի շրջանակներում ստանձնած կամ պայմանագրով նախատեսված պարտավորությունը, որը հանգեցրել է մրցույթին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը կամ մրցույթի կազմակերպչի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը, կամ
2) որպես մրցույթի վերջնական հաղթող հրաժարվել կամ զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից։
29. Մրցույթի մասնակիցը սույն Կարգով նախատեսված՝ մրցույթին մասնակցության իրավունքը կասեցված մասնակիցների ցուցակում ընդգրկվում է ցուցակում ներառվելու օրվան հաջորդող օրվանից երկու տարի ժամկետով։
30. Մրցույթի մասնակիցը մրցույթին մասնակցության իրավունքը կասեցված մասնակիցների ցուցակում ընդգրկվում է Մրցութային հանձնաժողովի որոշմամբ, իսկ Մրցութային հանձնաժողովի գործունեությունը դադարած լինելու դեպքում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշմամբ։ Սույն կետում նշված որոշումը կայացվում է համապատասխան հիմքերն ի հայտ գալուց հետո՝ տասն օրվա ընթացքում:
31. Արգելվում է սույն Կարգով սահմանված փոխկապակցված իրավաբանական անձանց և (կամ) միևնույն անձի (անձանց) կողմից հիմնադրված կամ ավելի քան հիսուն տոկոս միևնույն անձի (անձանց) պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցությունը մրցույթին, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք մասնակցում են համատեղ գործունեության կարգով։
ԳԼՈՒԽ 5
ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
32. Մրցութային հանձնաժողովի քարտուղարը սույն Կարգի Ձև 1-ի հիման վրա կազմում և Մրցութային հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում Հայտարարությունը։
33. Հանձնաժողովի կողմից որոշված աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրի գինը (այսուհետ՝ պայմանագրի գին) ենթակա է ներառման Հայտարարության մեջ:
34. Պայմանագրի գնի որոշման համար կուսակցություններից ստացված՝ աուդիտի կազմակերպման նպատակով անհրաժեշտ տեղեկությունները Հանձնաժողովի կողմից տրամադրվում են «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքով սահմանված կարգով հավատարմագրված մասնագիտական կառույցներին (այսուհետ՝ մասնագիտական կառույցներ)՝ վերջիններիս անդամակցող աուդիտորական կազմակերպություններից աուդիտի ենթակա յուրաքանչյուր կուսակցության համար գնային առաջարկներ ստանալու նպատակով։
35. Գնային առաջարկներ ստանալու համար սահմանվում է նվազագույնը 1 շաբաթյա ժամկետ։
36.Պայմանագրի գինը որոշվում է հիմք ընդունելով սահմանված ժամկետում աուդիտորական կազմակերպություններից ստացված գնային առաջարկների միջնարժեքը (մեդիանը), որը հավասար է ստացված գնառաջարկների՝ ըստ աճման կարգավորված շարքի հավասար մասերի բաժանման արդյունքում զույգ թվով շարքի դեպքում՝ 2 կենտրոնական արժեքների միջին թվաբանականին, իսկ կենտ թվով շարքի դեպքում՝ կենտրոնական արժեքին (կիսորդին)։
37. Հայտարարությունը հաստատելուց հետո Հանձնաժողովն այն հրապարակում է իր պաշտոնական կայքէջում՝ միաժամանակ առաջարկելով մասնագիտական կառույցներին Մրցույթի մասին տեղեկացնել աուդիտորական կազմակերպություններին։
ԳԼՈՒԽ 6
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
38.Մրցութային առաջարկները ներկայացվում են ծրարով՝ գրավոր եղանակով՝ թղթային տարբերակով։ Մրցութային առաջարկում ներառվող փաստաթղթերում առկա այն տվյալները, որոնք ներկայացվում են թվային արտահայտությամբ, գրվում են միաժամանակ թվերով և տառերով:
39.Մրցութային առաջարկը պարունակող ծրարի վրա նշվում են՝
1) մրցույթի կազմակերպչի անվանումը և մրցութային առաջարկի ներկայացման հասցեն,
2) մրցույթի ծածկագիրը,
3) աուդիտորական կազմակերպության անվանումը, գործունեության վայրի հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:
40.Մրցութային առաջարկի վերաբերյալ ծրարում ներառվում են.
1) սույն Կարգի Ձև 2-ին համապատասխան դիմում, որը ներառում է՝
ա. աուդիտորական կազմակերպության գործունեության վայրի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը,
բ. սույն Կարգի Գլուխ 3-ով նախատեսված՝ աուդիտորական կազմակերպություններին ներկայացվող պահանջների համապատասխանության մասին փաստաթղթեր,
գ. հայտարարություն սույն Կարգի Գլուխ 4-ով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
դ. հայտարարություն` տվյալ մրցույթի շրջանակներում անբարեխիղճ մրցակցության, գերիշխող դիրքի չարաշահման և հակամրցակցային համաձայնության բացակայության մասին,
ե. հայտարարություն՝ տվյալ մրցույթին իրեն՝ սույն Կարգով սահմանված՝ փոխկապակցված անձանց և (կամ) իր կողմից հիմնադրված և (կամ) ավելի քան հիսուն տոկոս իրեն պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցության բացակայության մասին,
զ. հայտարարություն՝ կուսակցության տարեկան հաշվետվության աուդիտն իրականացնող պատասխանատու աուդիտորի և աուդիտորական խմբում ընդգրկված այլ անձանց՝ սույն Կարգով սահմանված՝ աուդիտին մասնակցությունը բացառող հիմքերի բացակայության մասին,
է. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի հիման վրա իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող իրավաբանական անձի դեպքում՝ հղում մրցույթին մասնակցող իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ պարունակող կայքէջին,
2) hամատեղ գործունեության կարգով մրցույթին մասնակցության դեպքում` համատեղ գործունեության պայմանագրի պատճենը,
3) տեխնիկական առաջարկը՝ համաձայն սույն Կարգի Ձև 3-ի, որին կցվում են՝
ա. հավատարմագրված մասնագիտացված կառույցին անդամակցությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
բ. աուդիտորական կազմակերպության միջազգային ճանաչումը, միջազգային համագործակցության և կապերի առկայությունը հավաստող փաստաթղթերի պատճենները` միջազգային խմբին անդամակցություն, մասնագիտական կառույցներին անդամակցություն, միջազգային կապերի և համագործակցության վերաբերյալ այլ տեղեկություններ (առկայության դեպքում),
գ. աուդիտորական խմբում ներգրավված անձանց աշխատանքային կենսագրությունները (CV), ինչպես նաև՝ որակավորումը և փորձը հավաստող փաստաթղթերը (գործատուի կողմից տրված տեղեկանք),
դ. աուդիտորական կազմակերպության կողմից նախկինում կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի իրականացման փորձը հավաստող պայմանագրերի պատճենները (առկայության դեպքում),
ե. պատասխանատու աուդիտորի կողմից նախկինում կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի իրականացման փորձը հավաստող տեղեկություններ (առկայության դեպքում), մասնակցի հայեցողությամբ՝ անհրաժեշտ այլ փաստաթղթեր։
41. Աուդիտորական կազմակերպության կողմից ներկայացվող տեղեկությունների հավաստիության համար պատասխանատվություն է կրում տվյալ աուդիտորական կազմակերպությունը:
42. Մրցութային առաջարկը ներկայացվում է մինչև Հայտարարությամբ նախատեսված վերջնաժամկետը։ Փոստով ուղարկված առաջարկները համարվում են ժամկետում ստացված, եթե դրանք ստացվել են մինչև Հայտարարությամբ նախատեսված վերջնաժամկետը:
43. Համատեղ գործունեության պայմանագրի (կոնսորցիումի) կողմերը չեն կարող նույն մրցույթին մասնակցելու համար ներկայացնել առանձին մրցութային առաջարկներ։
44. Մրցութային առաջարկների ներկայացման ժամկետը հաշվարկվում է Հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող օրվանից մինչև Հայտարարությամբ սահմանված վերջնաժամկետը:
45. Մրցույթի մասնակիցը կարող է փոփոխություններ կատարել մրցութային առաջարկում մինչև մրցութային առաջարկների ներկայացման վերջնաժամկետը։
46. Մրցութային առաջարկի փոփոխման մասին ծանուցումն ուղարկվում է սույն գլխով սահմանված կարգով՝ ծրարի վրա ավելացնելով «Մրցութային առաջարկի փոփոխում» բառերը։
47. Մրցույթի մասնակիցը կարող է հետ վերցնել մրցութային առաջարկը մինչև մրցութային առաջարկների ներկայացման վերջնաժամկետը։
48. Ներկայացված մրցութային առաջարկը վավեր է մինչև սույն որոշմամբ սահմանված կարգով պայմանագրի կնքումը, մասնակցի կողմից մրցութային առաջարկը հետ վերցնելը, մրցութային առաջարկը մերժելը կամ մրցույթը չկայացած հայտարարելը։
ԳԼՈՒԽ 7
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ
49. Մրցութային առաջարկները բացվում են Հայտարարության մեջ նշված օրը, ժամին և վայրում` առաջարկների բացման նիստում: Առաջարկների բացման օրը և ժամը պետք է համընկնեն դրանք ներկայացնելու վերջնաժամկետին:
50. Մրցութային հանձնաժողովը մրցութային առաջարկների բացման և գնահատման նիստերում ստուգում է մրցութային առաջարկների համապատասխանությունը սույն Կարգի 6-րդ Գլխով սահմանված պահանջներին։ Անհամապատասխանության հայտնաբերման դեպքում Մրցութային հանձնաժողովը կայացնում էի որոշում՝ մրցութային առաջարկի անհամապատասխանության վերաբերյալ, որի մասին ծանուցում է մասնակցին էլեկտրոնային փոստի միջոցով՝ որոշման մեջ մանրամասն նշելով հայտնաբերված անհամապատասխանությունները, իսկ նիստը հետաձգվում երկու աշխատանքային օրով՝ առաջարկելով մասնակցին մինչև հետաձգման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունները։ Եթե մասնակիցը սահմանված ժամկետում չի շտկում անհամապատասխանությունները և կրկին ներկայացնում այն, ապա մրցութային առաջարկը մերժվում է։
51. Մրցութային առաջարկների վերադարձի դեպքում մասնակիցները Մրցութային հանձնաժողովի կողմից մատնանշված անհամապատասխանությունները շտկելիս չեն կարող ներկայացնել այնպիսի տեղեկություններ կամ փաստաթղթեր, որոնց բովանդակությունն էապես կհակասի նախորդիվ ներկայացված մրցութային առաջարկների բովանդակությանը: Մրցութային առաջարկների վերադարձման դեպքում մասնակիցներն իրավասու են, Մրցութային հանձնաժողովի կողմից նշված անհամապատասխանությունների շտկման պահանջին համապատասխան, շտկել տեխնիկական խնդիրները կամ Մրցութային առաջարկը լրացնել այնպիսի տեղեկություններով, որոնք նախապես առկա են եղել, սակայն չեն կցվել սկզբնական մրցութային առաջարկին:
52. Մրցութային առաջարկների բացման նիստում Մրցութային հանձնաժողովի նախագահը նիստը հայտարարում է բացված, հրապարակում է ներկայացված մրցութային առաջարկների քանակը և, հնարավորության դեպքում, դրանք ներկայացրած աուդիտորական կազմակերպություններին, բացման նիստում ի հայտ եկած հանգամանքներով վերադարձված մրցութային առաջարկների քանակը և, հնարավորության դեպքում, դրանք ներկայացրած աուդիտորական կազմակերպություններին, ինչպես նաև տեղեկություններ է ներկայացնում հետ վերցված մրցութային առաջարկների մասին։
53. Մինչև մրցութային առաջարկների բացման համար Մրցութային հանձնաժողովի կողմից սահմանված օրվա աշխատանքային ժամի ավարտը մրցութային առաջարկների բացումը չավարտվելու դեպքում նիստը կարող է ընդհատվել և շարունակվել հաջորդ աշխատանքային օրը (օրերին)՝ մինչև բոլոր մրցութային առաջարկների բացման ավարտը։
54. Մրցութային առաջարկները գնահատվում են Մրցութային հանձնաժողովի նիստում՝ Մրցութային հանձնաժողովի կողմից նախապես սահմանված օրը և ժամին։ Մինչև մրցութային առաջարկների գնահատման համար Մրցութային հանձնաժողովի կողմից սահմանված օրվա աշխատանքային ժամի ավարտը մրցութային առաջարկների գնահատումը չավարտվելու դեպքում նիստն ընդհատվում և շարունակվում է հաջորդ աշխատանքային օրը (օրերին)՝ մինչև բոլոր մրցութային առաջարկների գնահատման ավարտը։ Մրցութային հանձնաժողովի կողմից՝ անհամապատասխանությունները վերացնելու համար մասնակիցներին վերադարձված մրցութային առաջարկների դեպքում ընդհատված նիստը շարունակվում է սույն Կարգի 50-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո:
55. Մրցութային առաջարկներ ներկայացրած աուդիտորական կազմակերպությունների ցանկը հրապարակվում է Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում:
56. Մրցութային հանձնաժողովի նախագահը գնահատման նիստում ներկայացնում է տեխնիկական առաջարկները և կից փաստաթղթերը։ Տեխնիկական առաջարկները գնահատվում են բոլոր տեխնիկական առաջարկները Մրցութային հանձնաժողովի նիստում ներկայացվելուց հետո՝ Մրցութային հանձնաժողովի անդամներին հնարավորություն տալով գնահատումն իրականացնել ներկայացված առաջարկները միմյանց հետ համեմատելուց հետո։
57. Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ Մրցութային հանձնաժողովի նիստում գնահատում է տեխնիկական առաջարկի յուրաքանչյուր չափանիշ, գնահատման արդյունքներն արտացոլում գնահատման թերթիկում և իր ստորագրությամբ հաստատում դրանք։
58. Տեխնիկական առաջարկին վերաբերող յուրաքանչյուր չափանիշ գնահատվում է 0-5 բալային համակարգով:
59. Տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքներն ամրագրվում են տեխնիկական առաջարկի գնահատման թերթիկում՝ համաձայն սույն Կարգի Ձև 4-ի։
60. Մրցութային առաջարկների գնահատումից և արդյունքների ամփոփումից առավելագույնը 1 աշխատանքային օրվա ընթացքում Մրցութային հանձնաժողովի նախագահը հրապարակում է գնահատման վերջնական արդյունքները։
61. Մրցութային հանձնաժողովը կարող է պատճառաբանված որոշման դեպքում ստուգել մասնակցի ներկայացրած տվյալների իսկությունը` օգտագործելով պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալներ կամ դրանց մասին ստանալով իրավասու մարմինների գրավոր եզրակացությունը: Նշված դեպքում համապատասխան նիստը մրցութային հանձնաժողովի որոշմամբ կարող է հետաձգվել առավելագույնը երկու շաբաթով: Եթե մասնակցի ներկայացրած տվյալների իսկության ստուգման արդյունքում տվյալները որակվում են իրականությանը չհամապատասխանող, ապա տվյալ մասնակցի մրցութային առաջարկը մերժվում է։
62. Մրցութային հանձնաժողովի կողմից որպես մրցույթի հրապարակային վիճակահանության փուլին մասնակցության իրավունք ստացող կազմակերպություններ ընտրվում են մրցութային առաջարկների վերջնական գնահատման արդյունքում առավելագույն միավորներ ստացած երեք աուդիտորական կազմակերպությունները, որոնք իրավունք են ստանում մասնակցելու հրապարակային վիճակահանությանը:
63. Եթե գնահատման արդյունքում առավելագույն հավասար միավորներ են ստացել երեքից ավելի աուդիտորական կազմակերպություններ, ապա հրապարակային վիճակահանությանը մասնակցելու իրավունք ստացող մասնակիցներին որոշելու նպատակով մրցութային առաջարկների գնահատման նիստում անցկացվում է նախնական վիճակահանություն՝ սույն Կարգի 70-73-րդ կետերով նախատեսված կարգով:
64. Մրցույթի վերջնական հաղթողը որոշվում է հրապարակային վիճակահանության միջոցով:
65. Եթե Մրցույթին մասնակցել է մեկ մասնակից, որի մրցութային առաջարկը չի մերժվել, ապա տվյալ մասնակիցը գնահատման փուլից հետո Մրցութային հանձնաժողովի որոշմամբ ճանաչվում է վերջնական հաղթող:
66. Մրցութային հանձնաժողովի գնահատման նիստի ժամանակ մրցութային առաջարկների մերժման մասին որոշման կայացման դեպքում աուդիտորական կազմակերպությունները ծանուցվում են իրենց կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեով` մրցութային առաջարկի մերժումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում։
ԳԼՈՒԽ 8
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՄԲ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
67. Մրցութային հանձնաժողովի կողմից կուսակցության տարեկան հաշվետվության աուդիտի իրականացման համար ընտրված՝ մրցույթի հրապարակային վիճակահանության փուլին մասնակցության իրավունք ստացած կազմակերպությունների թվից վերջնական հաղթողին ընտրելու նպատակով անցկացվում է հրապարակային վիճակահանություն։
68. Բացի Մրցութային հանձնաժողովի անդամներից, քարտուղարից, վիճակահանությանը կարող են ներկա գտնվել վիճակահանությանը մասնակցող աուդիտորական կազմակերպությունների առավելագույնը երկուական ներկայացուցիչներ, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ (մեկ օպերատոր և մեկ լրագրող), հասարակական կազմակերպությունների մեկական ներկայացուցիչ։
69. Վիճակահանությունն անցկացվում է Մրցութային հանձնաժողովի նիստում։
70. Մրցութային հանձնաժողովի նախագահը վիճակահանության նպատակով պատրաստում է վիճակահանությանը մասնակցող աուդիտորական կազմակերպությունների թվին հավասար քանակով և իրարից չտարբերվող թերթիկներ, որոնցից յուրաքանչյուրի վրա նշվում է վիճակահանությանը մասնակցող մեկ աուդիտորական կազմակերպության անվանում:
71. Մրցութային հանձնաժողովի նախագահը բոլոր թերթիկները նույն եղանակով դասավորելուց հետո դրանք տեղավորում է վիճակահանության արկղի մեջ։
72. Մրցութային հանձնաժողովի քարտուղարը վիճակահանության արկղից հանում է մեկ թերթիկ և տալիս Մրցութային հանձնաժողովի նախագահին։
73. Մրցութային հանձնաժողովի նախագահը բացում է վիճակահանության արկղից դուրս բերված թերթիկը, բարձրաձայն ընթերցում թերթիկում նշված աուդիտորական կազմակերպության անվանումը և թերթիկը տեսանելի ձևով ցուցադրում Մրցութային հանձնաժողովի անդամներին, քարտուղարին և վիճակահանությանը ներկա գտնվող այլ անձանց։
74. Վիճակահանության արկղից դուրս բերված թերթիկում նշված աուդիտորական կազմակերպությունը համարվում է տվյալ մրցույթի վերջնական հաղթող։
75. Մրցույթի վերջնական հաղթողին որոշելուց հետո սույն Կարգի 72-74-րդ կետերով սահմանված կարգով որոշվում են մրցույթի արդյունքում երկրորդ և հաջորդաբար մյուս տեղերը զբաղեցրած մասնակիցները (հաղթողները), որոնցից յուրաքանչյուրին պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացվում է միայն նախորդի հետ՝ սույն Կարգով սահմանված դեպքերում պայմանագիր չկնքվելու դեպքում։
76. Վիճակահանության արդյունքում վերջնական հաղթողի և հաջորդաբար մյուս տեղերը զբաղեցրած մասնակիցների (հաղթողների) վերաբերյալ Մրցութային հանձնաժողովը կայացնում է որոշում:
77. Վիճակահանության արդյունքները Մրցութային հանձնաժողովի քարտուղարի կողմից գրառվում են նիստի արձանագրության մեջ։
ԳԼՈՒԽ 9
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ
78. Պայմանագիրը կնքվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման հիման վրա՝ սույն հավելվածի Ձև 5-ի օրինակով: Պայմանագիրը կնքվում է սույն Կարգի համաձայն հրապարակային վիճակահանության արդյունքում ընտրված աուդիտորական կազմակերպության կամ սույն Կարգի 65-րդ կետի համաձայն վերջնական հաղթող ճանաչված աուդիտորական կազմակերպության հետ:
79. Հրապարակային վիճակահանության արդյունքում ընտրված մասնակցին Հանձնաժողովը հինգ աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է կնքել աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագիր:
80. Պայմանագիրը կնքվում է գրավոր՝ կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով՝ երկու օրինակից, որոնցից մեկը տրամադրվում է հրապարակային վիճակահանության արդյունքում ընտրված կազմակերպությանը։
81. Եթե հրապարակային վիճակահանության արդյունքում ընտրված աուդիտորական կազմակերպությունը պայմանագիր կնքելու առաջարկը և պայմանագրի նախագիծը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում չի ստորագրում պայմանագիրը, ապա զրկվում է պայմանագիր կնքելու իրավունքից։
82. Պայմանագիր կնքելու իրավունքից զրկվելու կամ պայմանագիր կնքելուց հրաժարվելու դեպքերում պայմանագիր կնքելու առաջարկը ներկայացվում է վիճակահանության արդյունքում ընտրված հաջորդ աուդիտորական կազմակերպությանը։
83.Հանձնաժողովը պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում իր պաշտոնական կայքէջում հայտարարություն է հրապարակում պայմանագիր կնքելու մասին, որն ամփոփ տեղեկություններ է պարունակում տվյալ աուդիտորական կազմակերպության անվանման, գտնվելու վայրի, պայմանագրի կնքման ամսաթվի, պայմանագրի գնի և մրցութային առաջարկների գնահատման արդյունքում ստացած միավորների մասին։
ԳԼՈՒԽ 10
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՈՒԴԻՏԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ
84. Կուսակցությունների տարեկան հաշվետվության աուդիտն իրականացվում է Օրենքով, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով, այդ օրենքներին համապատասխան ընդունված իրավական ակտերով, սույն որոշմամբ, ինչպես նաև «Աուդիտորական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով։
85.Կուսակցությունների տարեկան հաշվետվության աուդիտի ընթացքում իրականացվում է կուսակցության տարեկան հաշվետվության արժանահավատության և Օրենքի ու այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխանության ստուգում: Մասնավորապես, ստուգվում է՝
1) կուսակցության կողմից դրամական վճարումների՝ անկանխիկ եղանակով կատարված լինելու փաստը,
2) կուսակցությանն օրենքով սահմանված դրամական հատկացումների՝ անկանխիկ եղանակով կատարված լինելու փաստը,
3) կուսակցության մուտքի վճարների աղբյուրների համապատասխանությունն Օրենքին,
4) կուսակցության անդամավճարների աղբյուրների համապատասխանությունն Օրենքին,
5) կուսակցության օգտին կատարված նվիրատվությունների աղբյուրների համապատասխանությունն Օրենքին,
6) Օրենքով չթույլատրված աղբյուրներից նվիրատվությունների բացակայությունը,
7) յուրաքանչյուր անդամավճարի՝ Օրենքով սահմանված տարեկան սահմանաչափի պահպանվածությունը,
8) յուրաքանչյուր նվիրատվության՝ Օրենքով սահմանված տարեկան սահմանաչափը գերազանցելու դեպքում սահմանված չափը գերազանցող մասը Օրենքով սահմանված ժամկետում նվիրատուին, իսկ դրա անհնարինության դեպքում պետական բյուջե փոխանցված լինելու փաստը,
9) Օրենքով սահմանված չթույլատրված աղբյուրներից նվիրատվությունների ստացման դեպքում Օրենքով սահմանված ժամկետում նվիրատվությունը, իսկ բնեղենով նվիրատվության դեպքում՝ համարժեք դրամական գումարը՝ պետական բյուջե փոխանցված լինելու փաստը,
10) կուսակցությանը սեփականության իրավունքով անշարժ գույքի անհատույց փոխանցման (նվիրատվության) դեպքում տարեկան հաշվետվության մեջ նշված յուրաքանչյուր անշարժ գույքի շուկայական արժեքի արժանահավատությունը, իսկ շուկայական արժեքը նշված չլինելու կամ շուկայական արժեքից էականորեն ցածր նշված լինելու դեպքում գնահատվում է յուրաքանչյուր անշարժ գույքի՝ գործարքի պահին գործող շուկայական արժեքը,
11) կուսակցությանն անշարժ գույքը անհատույց օգտագործման հանձնելու դեպքում՝ տարեկան հաշվետվության մեջ նշված յուրաքանչյուր անշարժ գույքի օգտագործման հանձնելու (վարձակալության) շուկայական արժեքի արժանահավատությունը, իսկ շուկայական արժեքը նշված չլինելու կամ շուկայական արժեքից էականորեն ցածր նշված լինելու դեպքում գնահատվում է յուրաքանչյուր անշարժ գույքի օգտագործման հանձնելու (վարձակալության)՝ տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ շուկայական արժեքը,
12) կուսակցությանը սեփականության իրավունքով անշարժ գույքի հատուցմամբ փոխանցման դեպքում տարեկան հաշվետվության մեջ նշված յուրաքանչյուր անշարժ գույքի՝ գործարքով սահմանված գնի արժանահավատությունը, իսկ գործարքի պահին գործող շուկայական արժեքից էականորեն ցածր նշված լինելու դեպքում գնահատվում է յուրաքանչյուր անշարժ գույքի՝ գործարքի պահին գործող շուկայական արժեքը,
13) գույքի տեսքով բնեղենով յուրաքանչյուր նվիրատվության՝ Օրենքով սահմանված տարեկան սահմանաչափի պահպանվածությունը,
14) գույքի տեսքով բնեղենով յուրաքանչյուր նվիրատվության՝ Օրենքով սահմանված տարեկան սահմանաչափը գերազանցելու դեպքում սահմանված չափը գերազանցող մասին համարժեք դրամական գումարը նվիրատուին, իսկ դրա անհնարինության դեպքում պետական բյուջե փոխանցված լինելու փաստը,
15) Օրենքով սահմանված չթույլատրված աղբյուրներից գույքի տեսքով բնեղենով նվիրատվությունների ստացման դեպքում՝ օրենքով սահմանված ժամկետում նվիրատվությունը կամ դրան համարժեք դրամական գումարը՝ պետական բյուջե փոխանցված լինելու փաստը,
16) մեկ ֆիզիկական անձի կողմից կուսակցությանը մեկ տարվա ընթացքում տրված մուտքի վճարի, անդամավճարի և նվիրատվության, ներառյալ՝ բնեղենով նվիրատվության ընդհանուր չափի՝ Օրենքով սահմանված տարեկան սահմանաչափի պահպանվածությունը,
17) կուսակցությանը տրված մուտքի վճարների, անդամավճարների և նվիրատվությունների, ներառյալ՝ բնեղենով նվիրատվությունների ընդհանուր չափի՝ Օրենքով սահմանված ընդհանուր տարեկան սահմանաչափին համապատասխանությունը,
18) կուսակցությանը տրված մուտքի վճարների, անդամավճարների և նվիրատվությունների, ներառյալ՝ բնեղենով նվիրատվությունների ընդհանուր չափը` դրամական արտահայտությամբ Օրենքով սահմանված ընդհանուր տարեկան սահմանաչափը գերազանցելու դեպքում նվիրատվությունը կամ դրա գերազանցող մասը (բնեղենով նվիրատվության դեպքում՝ նվիրատվությունը կամ համարժեք դրամական գումարը) նվիրատուին կամ պետական բյուջե փոխանցված լինելու փաստը,
19) կուսակցության կողմից աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա ծառայությունների մատուցման վճարների վերաբերյալ տվյալների արժանահավատությունը,
20) հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարումների վերաբերյալ տվյալների արժանահավատությունը,
21) կոմունալ վճարների վերաբերյալ տվյալների արժանահավատությունը,
22) ապրանքանյութական այլ արժեքների ձեռքբերման համար կատարված վճարումների արժանահավատությունը,
23) տրանսպորտային ծախսերի վերաբերյալ տվյալների արժանահավատությունը,
24) գործուղման ծախսերի վերաբերյալ տվյալների արժանահավատությունը,
25) տարեկան հաշվետվության մեջ նշված՝ կուսակցության այլ մուտքերի և ելքերի վերաբերյալ (քաղաքացիաիրավական այլ գործարքներ և այլն) տվյալների արժանահավատությունը։
86. Սույն Կարգի իմաստով բնեղենով նվիրատվություններ են համարվում Օրենքի 24-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված նվիրատվությունները։
87. Բնեղենով նվիրատվությունների սահմանաչափը գնահատելիս հիմք է ընդունվում բնեղենով նվիրատվության վերաբերյալ՝ կուսակցության տարեկան հաշվետվության մեջ նշված արժեքը, բացառությամբ՝ սույն Կարգի 88-89-րդ կետերով նախատեսված դեպքերի։
88. Սույն Կարգի 85-րդ կետի 10)-րդ և 12)-րդ ենթակետերով սահմանված դեպքերում անշարժ գույքի շուկայական արժեքը որոշելիս որպես շուկայական արժեք հիմք է ընդունվում տվյալ անշարժ գույքի կադաստրային արժեքը։
89. Սույն Կարգի 85-րդ կետի 11)-րդ ենթակետով սահմանված դեպքում անշարժ գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու շուկայական արժեքը որոշելիս, որպես շուկայական արժեք, հիմք է ընդունվում տվյալ անշարժ գույքի կադաստրային արժեքի 2.5 տոկոսը՝ հաշվարկված տարեկան կտրվածքով։
90. Աուդիտի շրջանակներում ստուգման ենթակա չէ Օրենքի 24-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված՝ կուսակցության օգտին աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման տեսքով բնեղենով նվիրատվությունների, ինչպես նաև Օրենքի 24-րդ հոդվածի 11-14-րդ մասերով նախատեսված՝ վարկային և բանկային ավանդի մասին պայմանագրերի պայմանների վերաբերյալ սահմանված պահանջների պահպանվածությունը:
ԳԼՈՒԽ 11
ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ ԵՎ ՆՈՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
91. Մրցութային հանձնաժողովը տվյալ մրցույթը հայտարարում է չկայացած, եթե՝
1) ոչ մի մրցութային առաջարկ չի ներկայացվել,
2) ներկայացված բոլոր մրցութային առաջարկները մերժվել են,
3) մասնակիցների կողմից ներկայացված տեխնիկական առաջարկներից բոլորն ստացել են 0 միավոր,
4) մրցույթի մասնակիցները հրաժարվել են մրցույթին հետագա մասնակցությունից,
5) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված միակ մասնակիցը հրաժարվել է պայմանագիր կնքելուց։
92. Մրցույթը չկայացած ճանաչելու մասին որոշում ընդունելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, հայտարարվում է նոր մրցույթ։
93. Նոր մրցույթի անցկացման դեպքում իրենց լիազորությունները շարունակում են իրականացնել Մրցութային հանձնաժողովը և նախորդ մրցույթի ընթացքում նշանակված քարտուղարը:
94. Նոր մրցույթն անցկացվում է սույն Կարգով սահմանված կարգով։
95. Նոր մրցույթ անցկացնելու դեպքում կարող է հաստատվել նոր Հայտարարություն:
96. Նոր մրցույթ անցկացվում է նաև հաղթող ճանաչելու մասին Մրցութային հանձնաժողովի կողմից կայացված որոշումն անվավեր ճանաչվելու դեպքում։
97. Մրցութային հանձնաժողովի կողմից Օրենքով, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով և սույն Կարգի խախտմամբ՝ հաղթող ճանաչելու մասին կայացված որոշումը կարող է անվավեր ճանաչվել դատական կարգով։
ԳԼՈՒԽ 12
ՄՐՑՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
98. Մրցույթի արդյունքում պայմանագիր կնքելուց կամ մրցույթը չկայացած հայտարարելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Մրցութային հանձնաժողովի քարտուղարը կազմում է մրցույթի վերաբերյալ արձանագրություն։
99. Մրցույթի վերաբերյալ արձանագրությունում նշվում են մրցույթի ընթացքի վերաբերյալ տեղեկությունները, այդ թվում՝
1) մրցութային առաջարկներ ներկայացրած կազմակերպությունների տվյալները,
2) մրցութային առաջարկների գնահատման արդյունքները,
3) հրապարակային վիճակահանության ընթացքի և արդյունքների վերաբերյալ տեղեկություններ,
4) տեղեկություններ մերժված մրցութային առաջարկների և մերժման հիմքերի վերաբերյալ,
5) մրցույթի ընթացքում հակաօրինական գործողություններ հայտնաբերվելու դեպքում դրանց և դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկություններ,
6) մրցույթը չկայացած համարվելու դեպքում՝ հիմքերը:
100. Մրցույթի վերաբերյալ արձանագրությանը կցվում է նաև Հայտարարության պատճենը, պայմանագրի պատճենը, ինչպես նաև մրցույթին վերաբերելի այլ փաստաթղթեր։ Մրցույթի վերաբերյալ արձանագրությունը ստորագրում են Մրցութային հանձնաժողովի նախագահը, անդամները և քարտուղարը:
ԳԼՈՒԽ 13
ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
101. Մրցույթի հետ կապված հարաբերությունները վարչական հարաբերություններ չեն և կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ։
102. Յուրաքանչյուր շահագրգիռ անձ իրավունք ունի բողոքարկելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Մրցութային հանձնաժողովի՝ մրցույթի հետ կապված գործողությունները (անգործությունը) և որոշումները, ինչպես նաև պահանջելու հատուցում վերջիններիս գործողության կամ անգործության հետևանքով պատճառված վնասների համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ձև 1
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՈՒԴԻՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ
ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
Սույն Հայտարարությունը հաստատված է Մրցութային հանձնաժողովի
« » որոշմամբ
Բաց մրցույթի ծածկագիրը` ԿՏՀԲՄԾ «»
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) հայտարարում է բաց մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ)՝ «կուսակցության անվանումը» կուսակցության տարեկան հաշվետվության պարտադիր աուդիտի իրականացման համար աուդիտորական կազմակերպության ընտրության նպատակով։
Մրցույթի իրականացման կարգը և պայմանները սահմանվում են «Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 17-ի N 02-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) Հավելվածով։
Մրցույթին մասնակցելու համար աուդիտորական կազմակերպություններին ներկայացվող պահանջները սահմանվում են Որոշման Հավելվածի Գլուխ 3-ով:
Մրցույթին մասնակցելու սահմանափակումները սահմանվում են Որոշման Հավելվածի Գլուխ 4-ով:
Մրցութային առաջարկների պատրաստման և ներկայացման կարգը, ներկայացման ժամկետը, ներկայացվող փաստաթղթերի ցանկը սահմանվում են Որոշման Հավելվածի Գլուխ 6-ով:
Մրցույթին մասնակցելու համար դիմումի ձևը սահմանվում է Որոշման Հավելվածի Ձև 2-ով:
Մրցույթի տեխնիկական առաջարկի ձևը սահմանվում է Որոշման Հավելվածի Ձև 3-ով:
Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի իրականացման շրջանակները սահմանվում են Որոշման Հավելվածի Գլուխ 10-ով:
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին կառաջարկվի կնքել աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագիր: Աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրի արժեքը կազմում է «__________________» ՀՀ դրամ: Աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը սահմանվում է Որոշման Հավելվածի Ձև 5-ով:
Սույն հայտարարությունը կազմվել է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 40.2-րդ հոդվածի, Որոշման և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
Մրցույթի հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը։ Մրցույթի հետ կապված վեճերը ենթակա են քննության Հայաստանի Հանրապետության դատարաններում։
Մրցութային առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել «հասցե» հասցեով, թղթային ձևով, մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված «»-րդ օրը՝ «»-ը ներառյալ՝ ժամը «»-ը:
Մրցութային առաջարկները ներկայացվում են հայերենով։
Մրցութային առաջարկների բացումը տեղի կունենա «» հասցեում, «» -ին` ժամը «»-ին։
Աուդիտորական ծառայությունները պետք է մատուցվեն, իսկ աուդիտորական եզրակացությունը պետք է ներկայացվի մինչև սույն թվականի «»:
Մրցութային հանձնաժողովի նախագահ՝
Մրցութային հանձնաժողովի անդամներ՝
Ձև 2
ԿՏՀԲՄԾ ----/-- ծածկագրով
Բաց մրցույթի հայտարարության
ԴԻՄՈՒՄ
Աուդիտորական կազմակերպությունների ընտրության համար անցկացվող բաց մրցույթին մասնակցելու
-------------------------------------------------------------- (այսուհետ՝ Մասնակից)
(մասնակցի անվանումը) հայտնում է, որ ցանկություն ունի մասնակցելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից ——-———------------------------------------------------------------------------------ (կուսակցության անվանումը)
կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվության (այսուհետ՝ տարեկան հաշվետվություն) պարտադիր աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության համար ԿՏՀԲՄԾ ----/-- ծածկագրով հայտարարված բաց մրցույթին: Մասնակիցը հայտնում և հավաստում է, որ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ: Մասնակցի՝ 1) գործունեության վայրի հասցեն է` _____________________________________________________________________ 2) հարկ վճարողի հաշվառման համարն է` _____________________________________________________________________ 3) էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարն է՝ _____________________________________________________________________
Սույնով Մասնակիցը հայտարարում և հավաստում է, որ՝ 1) բավարարում է «Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 17-ի N 02-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) Հավելվածի Գլուխ 3-ով նախատեսված՝ աուդիտորական կազմակերպություններին ներկայացվող պահանջներին և բացակայում են Որոշման Հավելվածի Գլուխ 4-ով նախատեսված՝ մրցույթին մասնակցելու սահմանափակումները, 2) «_____» ծածկագրով բաց մրցույթին մասնակցելու շրջանակում` ● թույլ չի տվել և (կամ) թույլ չի տալու անբարեխիղճ մրցակցություն, գերիշխող դիրքի չարաշահում և հակամրցակցային համաձայնություն, ● բացակայում է Որոշման Հավելվածով սահմանված` տվյալ Մասնակցին փոխկապակցված անձանց և (կամ) Մասնակցի կողմից հիմնադրված կամ ավելի քան հիսուն տոկոս Մասնակցին պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցության դեպք, 3) կուսակցության տարեկան հաշվետվության աուդիտն իրականացնող պատասխանատու աուդիտորի և աուդիտորական խմբում ընդգրկված այլ անձանց վերաբերյալ բացակայում են Որոշման Հավելվածով սահմանված` աուդիտին մասնակցությունը բացառող հանգամանքները։ Ստորև ներկայացնում է Մասնակցի իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ պարունակող կայքէջին հղումը՝ -----------------------------------------------: ___________________________________________ Մասնակցի անվանումը ___________________________________________ Ղեկավարի պաշտոնը, անունը, ազգանունը ___________________________________________ Ստորագրությունը Կ. Տ. |
Ձև 3
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿ
1. Աուդիտորական կազմակերպության՝ աուդիտորական ծառայությունների մատուցման փորձը
1.1. Աուդիտորական ծառայությունների մատուցման փաստացի ժամանակահատվածը՝ սկիզբ՝ _________________, ավարտ՝_______________
1.2. Մրցութային առաջարկը ներկայացվելու օրվան նախորդող հինգ տարվա ընթացքում աուդիտորական ծառայության գծով հաճախորդ կազմակերպությունների (ծրագրերի) ցանկ (առավելագույնը 15 կազմակերպություն/ծրագիր)
N |
Կազմակերպության (ծրագրի) անվանումը |
Ոլորտը |
Լրացուցիչ տեղեկություններ |
1. |
|||
2. |
|||
3. |
|||
2. Աուդիտորական կազմակերպության միջազգային ճանաչումը, միջազգային համագործակցության և կապերի առկայությունը (միջազգային խմբին անդամակցություն, մասնագիտական կառույցներին անդամակցություն, միջազգային կապերի և համագործակցության վերաբերյալ այլ տեղեկություններ)
|
3. Աուդիտորական կազմակերպության կողմից նախկինում կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի իրականացման փորձը
N |
Կուսակցության անվանումը |
Հաշվետու ժամանակաշրջանը (տարին) |
Կարծիք |
Լրացուցիչ տեղեկություններ |
1. |
||||
2. |
||||
4. Աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորի որակավորումը և փորձը (աշխատանքային կենսագրությունը (CV) կցվում է)
Անուն, ազգանուն, հայրանուն |
Մասնագիտական որակավորումներ |
Մասնագիտական փորձառություն |
Լրացուցիչ տեղեկություններ |
5. Աուդիտորական խմբում ընդգրկված այլ անձանց որակավորումը և փորձը (աշխատանքային կենսագրությունները (CV) կցվում են)
Անուն, ազգանուն, հայրանուն |
Մասնագիտական որակավորումներ |
Մասնագիտական փորձառություն |
Լրացուցիչ տեղեկություններ |
6. Պատասխանատու աուդիտորի կողմից նախկինում կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի իրականացման փորձը
N |
Կուսակցության անվանումը |
Հաշվետու ժամանակաշրջանը (տարին) |
Կարծիք |
Լրացուցիչ տեղեկություններ |
1. |
||||
2. |
||||
7. Աուդիտորական կազմակերպության վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների առկայությունը, որոնք ընդգծում են աուդիտորական կազմակերպության առավելությունը մրցույթի այլ մասնակիցների նկատմամբ (որակի կառավարման համակարգի առկայություն, անձնակազմի փոխարինելիության քաղաքականություն և այլն)
|
Ձև 4
Տեխնիկական առաջարկի գնահատման թերթիկ
Տեխնիկական առաջարկի գնահատումը | |
Աուդիտորական կազմակերպության անվանումը, մրցութային առաջարկի գրանցման համարը |
Մրցութային հանձնաժողովի անդամի անունը, ազգանունը |
Գնահատման չափանիշը |
Գնահատման արդյունքները | |
1. |
Աուդիտորական կազմակերպության՝ աուդիտորական ծառայությունների մատուցման փորձը |
|
2. |
Աուդիտորական կազմակերպության միջազգային ճանաչումը, միջազգային համագործակցության և կապերի առկայությունը |
|
3. |
Աուդիտորական կազմակերպության կողմից նախկինում կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի իրականացման փորձը |
|
4. |
Աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորի որակավորումը և փորձը |
|
5. |
Աուդիտորական խմբում ընդգրկված այլ անձանց որակավորումը և փորձը |
|
6. |
Պատասխանատու աուդիտորի կողմից նախկինում կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի իրականացման փորձը |
|
7. |
Աուդիտորական կազմակերպության վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների առկայությունը, որոնք ընդգծում են աուդիտորական կազմակերպության առավելությունը մրցույթի այլ մասնակիցների նկատմամբ |
___________________________________________________
(մրցութային հանձնաժողովի անդամի ստորագրությունը)
___________________________________________________
(գնահատման ամսաթիվը)
Ձև 5
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ
ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
N___________________
ք. ___________ |
«_____» ____________ 20 թ. |
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ի դեմս -------------------------ի, որը գործում է ------------- կանոնադրության հիման վրա (այսուհետ՝ Պատվիրատու), մի կողմից, և ------------------ն, ի դեմս տնօրեն ------------------------ի, որը գործում է ------------------- կանոնադրության հիման վրա (այսուհետ՝ Կատարող), մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին։
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1. Պատվիրատուն հանձնարարում է, իսկ Կատարողը պարտավորվում է իրականացնել «Կուսակցության անվանումը» կուսակցության՝ (այսուհետ՝ Կուսակցություն) «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) համաձայն պատրաստված 202x թվականի տարեկան ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի վերաբերյալ տարեկան հաշվետվության (այսուհետ՝ տարեկան հաշվետվություն) ֆինանսական և Օրենքի ու այլ իրավական ակտերի պահանջների համապատասխանության աուդիտ։
1.2. Տարեկան հաշվետվության աուդիտն իրականացվում է Օրենքին, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին օրենքին, վերջիններիս հիման վրա ընդունված իրավական ակտերին, սույն պայմանագրով սահմանված պահանջներին, ինչպես նաև աուդիտորական գործունեությունը կարգավորող իրավական ակտերին համապատասխան։
1.3. Սույն պայմանագրով սահմանված աուդիտորական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն) մատուցվում և աուդիտորական եզրակացությունը ներկայացվում է 20__ թվականի _______-ի __-ից մինչև 20__ թվականի _______-ի __-ը ընկած ժամանակահատվածում։
2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. Պատվիրատուն իրավունք ունի.
2.1.1. Աուդիտի տարբեր փուլերում Կատարողից ստանալու տեղեկություններ աուդիտի ընթացքի, հայտնաբերված թերությունների և խախտումների վերաբերյալ։ Այդ նպատակով Կատարողը աուդիտորական հաշվետվության նախագիծը պատրաստելուց հետո, սակայն ոչ ուշ, քան պայմանագրի ավարտից առնվազն 10 օր առաջ Պատվիրատուին տրամադրում է աուդիտորական հաշվետվության նախագիծը՝ Պատվիրատուի դիտարկումները ստանալու նպատակով։ Աուդիտորական հաշվետվության նախագծի վերաբերյալ Պատվիրատուի դիտարկումները ներկայացվում են նախագիծը ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում։
2.1.2. Կատարողից ստանալու տեղեկություններ աուդիտորի կողմից կատարվող նշումների և եզրահանգումների հիմքերի վերաբերյալ:
2.1.3. Եթե մատուցվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն պայմանագրով սահմանված պահանջներին չհամապատասխանող ծառայություն կամ խախտվել է ծառայության մատուցման ժամկետը, Պատվիրատուն իրավունք ունի՝
ա) չընդունելու ծառայությունը՝ իր հայեցողությամբ սահմանելով ողջամիտ ժամկետ անպատշաճ որակի ծառայությունը պայմանագրին համապատասխանող ծառայությամբ անհատույց փոխարինելու համար և պահանջելու Կատարողից վճարել պայմանագրի 5.2 ենթակետով նախատեսված տուգանքը, ինչպես նաև 5.3 ենթակետով նախատեսված տույժը, կամ
բ) հրաժարվելու սույն պայմանագիրը կատարելուց և պահանջելու վերադարձնել ծառայության համար վճարված գումարը և պահանջել Կատարողից վճարելու սույն պայմանագրի 5.2 ենթակետով նախատեսված տուգանքը:
2.2. Պատվիրատուն պարտավոր է.
2.2.1. Քննարկել և ընդունել պայմանագրին համապատասխան մատուցված ծառայության արդյունքը, իսկ ծառայության արդյունքում թերություններ հայտնաբերելու դեպքերում` այդ մասին անհապաղ գրավոր հայտնել Կատարողին,
2.2.2. Ծառայության արդյունքն ընդունելու դեպքում Կատարողին վճարել վերջինիս վճարման ենթակա` պայմանագրի 4.1-ին կետով նախատեսված գումարը, պայմանով, որ ծառայությունը մատուցված է պատշաճ որակով և պայմանագրով սահմանված ժամկետում, իսկ վճարման ժամկետի խախտման դեպքում` վճարել նաև պայմանագրի 5.5 ենթակետով նախատեսված տույժը։
2.3. Կատարողն իրավունք ունի.
2.3.1. Պատվիրատուից պահանջելու վճարել իրեն վճարման ենթակա գումարները, իսկ Պատվիրատուի կողմից պայմանագրի 4.3-րդ ենթակետում նշված ժամկետի խախտման դեպքում` նաև պայմանագրի 5.5-րդ ենթակետով նախատեսված տույժը:
2.3.2. Աուդիտի իրականացման ընթացքում Կուսակցությունից պահանջել աուդիտին առնչվող անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկատվությունը:
2.3.3. Աուդիտի ենթարկվող կուսակցության կողմից ստանալ աուդիտի հետ կապված գրավոր հայտարարություններ:
2.3.4. Գրավոր հարցման միջոցով երրորդ կողմից ստանալու աուդիտի իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ:
2.3.5. Պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման համար ներգրավելու լրացուցիչ մասնագետների, խորհրդատուների կամ փորձագետների:
2.4. Կատարողը պարտավոր է.
2.4.1. Պայմանագրով սահմանված պայմաններով ապահովել ծառայության մատուցումը` ղեկավարվելով գործող օրենսդրությամբ և աուդիտի միջազգային ստանդարտներով,։
2.4.2. Աուդիտի ընթացքում օգտագործել օրինական մեթոդներ և միջոցներ։
2.4.3. Աուդիտի ընթացքում ստացված տեղեկությունները և տվյալները հրապարակել կամ տրամադրել աուդիտում չներգրաված երրորդ կողմին՝ միայն Պատվիրատուի գրավոր համաձայնությամբ։
2.4.4. Տեղեկացնել Պատվիրատուին, երբ աուդիտի իրականացման ընթացքում առկա սահմանափակումների պատճառով առաջանում է էական խեղաթյուրումների չհայտնաբերման ռիսկ,
2.4.5. Պայմանագրի 1.3-րդ ենթակետով նախատեսված ժամկետում Պատվիրատուին ներկայացնել աուդիտորական եզրակացությունը՝ կից տարեկան հաշվետվությամբ, իսկ ղեկավարությանն ուղղված հաշվետվություն (նամակ ղեկավարությանը) ներկայացված լինելու դեպքում՝ նաև այդ հաշվետվությունը։
2.4.6. Պայմանագրով նախատեսված դեպքերում վճարել պայմանագրի 5.2-րդ և 5.3-րդ ենթակետերով նախատեսված տուգանքը և տույժը։
2.4.7. Պայմանագրի գործողության ընթացքում լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու դեպքում դրա մասին նախապես գրավոր տեղեկացնել Պատվիրատուին։
3. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
3.1. Մատուցված ծառայությունն ընդունվում է Պատվիրատուի և Կատարողի միջև հանձնման-ընդունման արձանագրության ստորագրմամբ: Մինչև պայմանագրով ծառայության մատուցման համար նախատեսված ժամկետի ավարտը Կատարողը Պատվիրատուին է տրամադրում իր կողմից ստորագրված` հանձնման-ընդունման արձանագրության _______ օրինակ և կցում անհրաժեշտ փաստաթղթերը՝ համաձայն պայմանագրի հավելվածի:
3.2. Հանձնման-ընդունման արձանագրությունն ստորագրվում է, եթե մատուցված ծառայությունը համապատասխանում է պայմանագրի պայմաններին։ Հակառակ դեպքում պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքները չեն ընդունվում, իսկ հանձնման-ընդունման արձանագրությունը չի ստորագրվում և Պատվիրատուն հարցի կարգավորման համար ձեռնարկում է նման իրավիճակի համար պայմանագրով նախատեսված միջոցները։
3.3. Պատվիրատուն հանձնման-ընդունման արձանագրությունը ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից հաշված աշխատանքային օրվա ընթացքում Կատարողին է ներկայացնում իր կողմից ստորագրված հանձնման-ընդունման արձանագրության մեկ օրինակը կամ ծառայությունը չընդունելու պատճառաբանված մերժումը։
3.4. Եթե պայմանագրի 3.3-րդ ենթակետով սահմանված ժամկետում Պատվիրատուն չի մերժում մատուցված ծառայության ընդունումը, ապա մատուցված ծառայությունը համարվում է ընդունված, և պայմանագրի 3.3-րդ ենթակետով սահմանված վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրը Պատվիրատուն Կատարողին է տրամադրում իր կողմից հաստատված հանձնման-ընդունման արձանագրությունը:
3.5. Կուսակցության տարեկան հաշվետվության աուդիտի արդյունքում կազմված եզրակացությունը Կատարողի կողմից մեկ օրինակից տրամադրվում է նաև Կուսակցությանը:
4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ
4.1. Սույն պայմանագրով Կատարողի կողմից մատուցման ենթակա ծառայության գինը կազմում է __________ (տառերով______________________________________) ՀՀ դրամ: Գինը ներառում է Կատարողի կողմից իրականացվող բոլոր ծախսերը` այդ թվում հարկերը, տուրքերը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ վճարները։
4.2. Ծառայության մատուցման գինը կայուն է, և Կատարողն իրավունք չունի պահանջելու ավելացնել, իսկ Պատվիրատուն նվազեցնել այդ գինը։
4.3. Պատվիրատուն իրեն մատուցած ծառայության դիմաց վճարում է ՀՀ դրամով, անկանխիկ եղանակով` դրամական միջոցները Կատարողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով։ Դրամական միջոցների փոխանցումը կատարվում է հանձնման-ընդունման արձանագրությունը ստորագրելուց հետո՝ 15-օրյա ժամկետում՝ հաշիվ ապրանքագրի հիման վրա։
5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
5.1. Կատարողը պատասխանատվություն է կրում ծառայության մատուցման` պայմանագրի պահանջների պահպանման համար։
5.2. Պայմանագրի պահանջներին չհամապատասխանող ծառայություն մատուցելու յուրաքանչյուր դեպքում Կատարողից գանձվում է տուգանք` պայմանագրի 4.1 կետում նախատեսված գումարի 0,15 (զրո ամբողջ տասնհինգ հարյուրերորդական) տոկոսի չափով: Ընդ որում, տուգանքը հաշվարկվում է նաև ծառայությունը սույն պայմանագրով սահմանված ժամկետում մատուցելու, սակայն պատվիրատուի կողմից այն չընդունվելու դեպքում: Նշվածը վերաբերում է այն դեպքերին, երբ մատուցված ծառայությունը չի համապատասխանում պայմանագրի պայմաններին, այսինքն՝ կատարվել է ոչ պատշաճ:
5.3. Պայմանագրով նախատեսված ծառայության մատուցման ժամկետը խախտելու դեպքում Կատարողից յուրաքանչյուր ուշացված աշխատանքային օրվա համար գանձվում է տույժ` մատուցման ենթակա, սակայն չմատուցված ծառայության գնի 0,05 (զրո ամբողջ հինգ հարյուրերորդական) տոկոսի չափով։
5.4. Պայմանագրի 5.2-րդ և 5.3-րդ կետերով նախատեսված տուգանքը և տույժը հաշվարկվում և հաշվանցվում են ծառայություն մատուցելու արդյունքում Կատարողին վճարման ենթակա գումարների հետ։
5.5. Պատվիրատուի կողմից պայմանագրի 4.3-րդ կետով նախատեսված ժամկետի խախտման դեպքում Պատվիրատուի նկատմամբ յուրաքանչյուր ուշացված աշխատանքային օրվա համար հաշվարկվում է տույժ` վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի 0,05 (զրո ամբողջ հինգ հարյուրերորդական) տոկոսի չափով։
5.6.Պայմանագրով չնախատեսված դեպքերում կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվության են ենթարկվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
5.7. Տույժերի և (կամ) տուգանքի վճարումը Կողմերին չի ազատում իրենց պայմանագրային պարտավորությունները լրիվ կատարելու պարտականությունից։
6. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
Սույն պայմանագրով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են՝ երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը։ Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։
7. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
7.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև կողմերի՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունների ողջ ծավալով կատարումը:
7.2. Կողմի՝ պայմանագրից ծագած վճարային պարտավորությունը չի կարող դադարել այլ պայմանագրից ծագած՝ հակընդդեմ պարտավորության հաշվանցով, առանց կողմերի գրավոր և կնիքով հաստատված համաձայնության։ Պայմանագրից ծագած պահանջի իրավունքը չի կարող փոխանցվել այլ անձի, առանց պարտապան կողմի գրավոր համաձայնության։
7.3. Այն դեպքում, երբ օրենքով նախատեսված կարգով օրենքի պահանջների կատարման նկատմամբ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ մրցութային գործընթացում, մինչև պայմանագրի կնքումը, Կատարողը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ վերջինիս հաղթող ճանաչելու մասին որոշումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո Պատվիրատուն միակողմանիորեն կարող է լուծել պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հիմք կհանդիսանային պայմանագիրը չկնքելու համար։ Ընդ որում, Պատվիրատուն չի կրում պայմանագրի միակողմանի լուծման հետևանքով Կատարողի համար առաջացող վնասների, այդ թվում՝ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ վերջինս պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով Պատվիրատուի կրած վնասներն այն ծավալով, որի մասով պայմանագիրը լուծվել է։
7.4. Պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել միայն Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ համաձայնագիր կնքելու միջոցով, որը կհանդիսանա պայմանագրի անբաժանելի մասը։ Արգելվում է պայմանագրում կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք հանգեցնում են պայմանագրի գնի փոփոխման։
7.5. Եթե պայմանագիրն իրականացվում է համատեղ գործունեության (կոնսորցիումի) պայմանագիր կնքելու միջոցով, ապա այդ պայմանագրի մասնակիցները կրում են համապարտ պատասխանատվություն: Ընդ որում, կոնսորցիումի անդամի` կոնսորցիումից դուրս գալու դեպքում պայմանագիրը միակողմանիորեն լուծվում է և կոնսորցիումի անդամների նկատմամբ կիրառվում են պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցները:
7.6. Ծառայության մատուցման ժամկետը կարող է երկարաձգվել Կատարողի առաջարկության առկայության դեպքում` պայմանով, որ Պատվիրատուի մոտ չի վերացել ծառայության օգտագործման պահանջը, իսկ Կատարողի առաջարկությունը ներկայացվել է ոչ ուշ, քան պայմանագրով ի սկզբանե ծառայությունների մատուցման համար սահմանված ժամկետը լրանալուց առնվազն 5 օրացուցային օր առաջ: Ընդ որում, սույն ենթակետով սահմանված դեպքում ծառայության մատուցման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ մինչև 30 օրացուցային օրով, բայց ոչ ավել քան պայմանագրով սահմանված ժամկետն է:
7.7. Պայմանագրի պատշաճ կատարման պայմաններում կողմերի (Կատարող կամ Պատվիրատու) օգուտները (խնայողություններ) կամ կրած վնասները տվյալ կողմի օգուտը կամ կրած վնասն են։ Պայմանագրի կողմերի` երրորդ անձանց նկատմամբ պարտավորությունները՝ ներառյալ պայմանագրի կատարման շրջանակում Կատարողի կնքած այլ գործարքները և դրանցից բխող պարտավորությունները, դուրս են պայմանագրի կարգավորման դաշտից և չեն կարող ազդել պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու վրա։ Այդ գործարքների և դրանցից բխող պարտավորությունների կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմերով, և դրանց համար պատասխանատու է Կատարողը։
7.8. Պայմանագիրը լուծելու մասին ծանուցումը Պատվիրատուն ուղարկվում է Կատարողի էլեկտրոնային փոստին:
7.9. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են ՀՀ դատարաններում։
7.10. Սույն պայմանագիրը կազմված է ____ էջից, կնքվում է երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ։ Սույն պայմանագրի հավելվածը հանդիսանում է պայմանագրի անբաժանելի մասը։ Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ։
7.11. Սույն պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը։
8. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՊԱՏՎԻՐԱՏՈՒ |
ԿԱՏԱՐՈՂ |
Պատվիրատուի ներկայացուցչի անունը, ազգանունը՝ _____________________________________ Հասցե՝ ______________________________ Բանկ՝ _______________________________ _____________________________________ (ստորագրություն)
Կ.Տ. |
Կազմակերպության ներկայացուցչի անունը, ազգանունը՝ _____________________________________ Հասցե՝ ______________________________
Բանկ՝ _______________________________
_____________________________________ (ստորագրություն)
Կ.Տ. |
Հավելված «օր» «ամիս» «տարի» թ. կնքված ծածկագրով պայմանագրի |
ԿԱՏԱՐՈՂ ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
______________________________ ______________________________ Գտնվելու վայրը՝ _______________ հ.հ.` __________________________ ՀՎՀՀ՝ ________________________ |
______________________________ ______________________________ Գտնվելու վայրը՝ _______________ հ.հ.`__________________________ ՀՎՀՀ՝ ________________________ |
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ
ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ
«օր» «ամիս» «տարի»
Աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագիր /այսուհետ` Պայմանագիր/ _________________________________________________________________
Պայմանագրի կնքման ամսաթիվը` «____» «__________________» 20__ թ.
Պայմանագրի համարը` __________
Պատվիրատուն և Կատարողը կազմեցին սույն արձանագրությունը հետևյալի մասին.
Պայմանագրի շրջանակներում Կատարողն իրականացրել է «Կուսակցության անվանումը» կուսակցության 20__ թվականի տարեկան հաշվետվության ֆինանսական և համապատասխանության աուդիտ և դրա վերաբերյալ ներկայացրել է աուդիտորական եզրակացություն։
Սույն արձանագրության երկկողմ հաստատման համար հիմք հանդիսացած աուդիտորական եզրակացությունը և կուսակցության տարեկան հաշվետվությունը, իսկ ղեկավարությանն ուղղված հաշվետվություն (նամակ ղեկավարությանը) ներկայացված լինելու դեպքում՝ նաև այդ հաշվետվությունը հանդիսանում են սույն արձանագրության բաղկացուցիչ մասը և կցվում են:
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՁՆԵՑ |
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ |
___________________________ ստորագրություն |
___________________________ ստորագրություն |
___________________________ ազգանուն, անուն |
___________________________ ազգանուն, անուն |
Կ.Տ. |
Կ.Տ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|