ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի հոկտեմբերի 8-ին
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. | ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ |
1. Սույն օրենքը կարգավորում է հրապարակային աճուրդների միջոցով գույքի, գույքային իրավունքների, մտավոր գործունեության արդյունքների և դրանց նկատմամբ իրավունքների իրացման, ինչպես նաև հրապարակային մրցույթների կազմակերպման հետ կապված հարաբերությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Սույն օրենքով չեն կարգավորվում փակ սակարկությունների կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն օրենքը չի տարածվում պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) ընթացքում սակարկությունների կազմակերպման, ինչպես նաև պետության և համայնքների կարիքների համար իրականացվող գնումների հետ կապված հարաբերությունների վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
3. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի անվճարունակության (սնանկության) առնչությամբ կազմակերպվող հրապարակային սակարկությունների առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:
4. Սույն օրենքը չի տարածվում օտարերկրյա արժույթի հրապարակային վաճառքի հետ կապված հարաբերությունների վրա: Օտարերկրյա արժույթի հրապարակային վաճառքն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած կարգով:
5. Սույն օրենքը չի տարածվում ֆոնդային և ապրանքային բորսաների միջոցով հրապարակային սակարկությունների կազմակերպման վրա, ինչպես նաև արժեթղթերի հրապարակային վաճառքի հետ կապված հարաբերությունների վրա, բացառությամբ հարկադիր աճուրդների կազմակերպման դեպքերի:
6. Սույն օրենքը չի տարածվում էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների վրա:
Հոդված 2. | ՕՐԵՆՔում օԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.
հրապարակային սակարկություններ կամ սակարկություններ` աճուրդի (մրցույթի) կազմակերպման միջոցով պայմանագրերի կնքման գործընթաց, որին կարող է մասնակցել սույն օրենքով նախատեսված պայմաններին բավարարող անձանց անորոշ շրջանակ.
աճուրդ` սակարկությունների ձև, որի ընթացքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն առաջարկել է առավել բարձր գին.
մրցույթ` սակարկությունների ձև, որի ընթացքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ առաջարկել է լավագույն պայմաններ.
հրապարակային սակարկությունների առաջարկող կամ առաջարկող` գույքի սեփականատեր կամ գույքային իրավունքների տիրապետող, որն անմիջականորեն չի կազմակերպում հրապարակային սակարկությունների անցկացումը.
հրապարակային սակարկությունների կազմակերպիչ կամ կազմակերպիչ` աճուրդ (մրցույթ) անցկացնող գույքի սեփականատեր, գույքային իրավունքների տիրապետող, ինչպես նաև պայմանագրով կամ օրենքով հրապարակային սակարկություններ կազմակերպելու լիազորություններով օժտված անձ կամ մարմին.
աճուրդի (մրցույթի) կանոնակարգ` հրապարակային սակարկությունների կազմակերպչի սահմանած փաստաթուղթ, որում նախատեսվում են սույն օրենքի համապատասխան կազմակերպչի կողմից սահմանման ենթակա դրույթներ.
հրապարակային սակարկությունների մասնակիցներ կամ մասնակիցներ` սույն օրենքով սահմանված կարգով նախավճար վճարած և հրապարակային սակարկությունների միջոցով համապատասխան պայմանագիր կնքելու ցանկություն հայտնած անձինք.
աճուրդի (մրցույթի) պայմաններ` օրենքին համապատասխան աճուրդ (մրցույթ) առաջարկողի և (կամ) կազմակերպչի կողմից նախատեսված սակարկություններով կնքվող պայմանագրի էական պայմանների համալիր.
լոտ` աճուրդով վաճառվող կամ մրցույթով առաջարկվող գույք կամ իրավունք, որն ունի համապատասխան նկարագրություն, սույն օրենքով նախատեսված այլ տվյալներ, իսկ աճուրդի դեպքում` նաև մեկնարկային գին:
Լոտը կարող է լինել կատարման ենթակա աշխատանք կամ մատուցման ենթակա ծառայություն.
աճուրդավար` անձ, որն անմիջականորեն վարում է աճուրդը.
մեկնարկային գին` լոտի վաճառքի համար նախատեսված գին, որն աճուրդի սկզբում առաջարկվում է աճուրդի մասնակիցներին.
գնային հայտի ներկայացում` աճուրդի ընթացքում մասնակցի կողմից կատարված գնային առաջարկ, որի չափը չի կարող պակաս լինել սակարկության կազմակերպչի կողմից նախապես սահմանված նվազագույն հավելման չափից, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով.
գնման գին` աճուրդում հաղթող ճանաչված մասնակցի ներկայացրած վերջին ամենաբարձր գնային հայտ.
աճուրդի (մրցույթի) ծախսեր` աճուրդի (մրցույթի) կազմակերպչի կատարած ծախսերը` կապված աճուրդի (մրցույթի) կազմակերպման ու անցկացման հետ:
Հոդված 3. | ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ |
1. Սակարկությունների մասնակից կարող են հանդիսանալ ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները:
2. Սակարկություններին չեն կարող մասնակցել սակարկությունների կազմակերպիչը, իրավաբանական անձ համարվող կազմակերպչի հիմնադիրները (մասնակիցները), կազմակերպչի աշխատակիցները, իսկ մրցույթների դեպքում` նաև մրցութային հանձնաժողովի անդամները:
Սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի երեխաները, ծնողները, ամուսինը, տատը, պապը, եղբայրները և քույրերը, ինչպես նաև աճուրդավարի ամուսնու ծնողները, տատը, պապը, եղբայրները և քույրերը:
3. Սակարկությունների մասնակից չեն կարող լինել այն անձինք, որոնք սակարկություններով վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք:
Հոդված 4. | ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ |
1. Եթե սակարկություններով վաճառվելիք լոտն անշարժ կամ շարժական գույք է, որի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, ապա սակարկություններում հաղթողի հետ արձանագրության ստորագրման պահից նրան են անցնում համապատասխան լոտի վերաբերյալ առուվաճառքի մասին պայմանագիր կնքելու իրավունքը:
2. Եթե լոտն իրավունք է, այդ թվում` աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու առաջարկ, ինչպես նաև օգտագործման իրավունք, ապա սակարկություններում հաղթողի հետ արձանագրությունը ստորագրելու պահից նրան է անցնում համապատասխան պայմանագիր կնքելու իրավունքը:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված դեպքերում համապատասխան պայմանագրեր կնքելիս պայմանագրերի էական պայմանները պետք է համապատասխանեն սակարկությունների մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված պայմաններին:
4. Սակարկությունների ընթացքում վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության դրամով:
Գ Լ ՈՒ Խ 2.
ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
Հոդված 5. | ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ |
1. Աճուրդը պետք է սկսվի ժամը 9.00-19.00 ընկած ժամանակահատվածում, բացառությամբ սեփականատիրոջ (իրավատիրոջ) կողմից կազմակերպվող աճուրդների, որոնք պետք է սկսվեն ժամը 8.00-23.00 ընկած ժամանակահատվածում:
Լոտի վաճառքը պետք է ավարտվի հրապարակային ծանուցման մեջ նշված օրը:
2. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է կատարվի զանգվածային լրատվության միջոցով կամ էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ:
Աճուրդի կազմակերպիչը պետք է աճուրդի կայացման վայրում ցուցատախտակի վրա զետեղի աճուրդի մասին հրապարակային ծանուցումը` աճուրդի կայացման օրվանից առնվազն մեկ օր առաջ:
3. Աճուրդին, աճուրդի կանոնակարգով նախատեսված կարգով, կարող են ներկա գտնվել աճուրդի մասնակից չհամարվող այն անձինք, ովքեր վճարել են մուտքի վճարը (այսուհետ` մասնակից չհամարվող անձինք):
Աճուրդի մասնակիցները և մասնակից չհամարվող անձինք աճուրդի անցկացման դահլիճում զբաղեցնում են առանձին նստատեղեր:
4. Աճուրդի մասնակիցները և մասնակից չհամարվող անձինք պարտավոր են չխոչընդոտել աճուրդի անցկացմանն ու ենթարկվել աճուրդի կանոնակարգով սահմանված կանոններին:
Հոդված 6. | ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ |
1. Եթե աճուրդն անցկացվելու է սեփականատեր կամ իրավունքի տիրապետող չհամարվող անձի կողմից, ապա առաջարկողի և կազմակերպչի միջև կնքվում է աճուրդի անցկացման մասին գրավոր պայմանագիր:
2. Աճուրդի անցկացման մասին պայմանագիրը պետք է ներառի`
1) առաջարկողի և կազմակերպչի անունները (անվանումները) և գտնվելու վայրերը (բնակության վայրերը).
2) աճուրդին ներկայացվելիք լոտի անվանումը.
3) լոտի մեկնարկային գինը.
4) սույն օրենքով նախատեսված այլ դրույթներ:
3. Եթե կազմակերպիչը լիազորված է նվազեցնելու լոտի մեկնարկային գինը, ապա աճուրդ անցկացնելու մասին պայմանագիրը պետք է պարունակի նաև համապատասխան դրույթներ` նշելով մեկնարկային գինը նվազեցնելու թույլատրելի սահմանները:
4. Լոտը կազմակերպչին ի պահ հանձնելու դեպքում պայմանագիրը պետք է պարունակի պահատվությանը վերաբերող դրույթներ:
Հոդված 7. | ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ |
1. Կազմակերպչի կողմից աճուրդի կազմակերպման դեպքում կազմակերպչի վարձատրության կարգը և պայմանները սահմանվում են աճուրդի անցկացման մասին պայմանագրով:
2. Լուծարվող իրավաբանական անձի գույքի վաճառքի դեպքում վարձատրության չափը առաջարկողի և աճուրդի կազմակերպչի միջև կնքված պայմանագրով չի կարող գերազանցել վաճառվող գույքի մեկնարկային գնի տասը տոկոսը:
Հոդված 8. | ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ |
1. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի աճուրդի մասին հետևյալ տեղեկությունները.
1) աճուրդի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը.
2) աճուրդի կազմակերպչի անունը (անվանումը).
3) աճուրդի կազմակերպման վայրը (հասցեն).
4) աճուրդի ձևը և անցկացման կարգը.
5) աճուրդի պայմանները, այդ թվում` լոտի (լոտերի) անվանումը, լոտի նկատմամբ սահմանափակումները, եթե լոտն առարկա է, ապա նրա ֆիզիկական վիճակը (մաշվածությունը) և (կամ) արտադրման տարեթիվը, լոտի մեկնարկային գինը, լոտի իրավունք լինելու դեպքում` այդ իրավունքի գործողության ժամկետը, ինչպես նաև էական այլ պայմանները.
6) աճուրդին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
7) աճուրդում հաղթողին որոշելու կարգը.
8) կազմակերպչի կողմից սահմանված նախավճարի չափը, ինչպես նաև վճարման կարգը և ժամկետները.
9) լոտն ուսումնասիրելու ամսաթիվը, ժամանակը և վայրը.
10) ընդհանուր աճուրդի դեպքում` լոտերի վաճառքի հերթականությունը.
11) աճուրդի կանոնակարգին ծանոթանալու վայրը և կանոնակարգի պատճենը տրամադրելու կարգը:
Աճուրդի կանոնակարգը տրամադրելու համար կազմակերպիչը կարող է պահանջել միայն կանոնակարգի պատճենահանման համար կատարած ծախսերը:
2. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է կատարվի աճուրդի բացումից առնվազն տասնհինգ օր առաջ:
3. Շուտ փչացող ապրանքների դեպքում աճուրդի մասին հրապարակային ծանուցումը կարող է կատարվել աճուրդի բացման օրվանից առնվազն մեկ օր առաջ:
4. Անշարժ գույքի վաճառքի, ինչպես նաև այլ դեպքերում օրենքով կարող են սահմանվել աճուրդի մասին հրապարակային ծանուցման առավել երկար ժամկետներ:
Հոդված 9. | ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ |
1. Այն պայմանները և տեղեկությունները, որոնք նշվել են աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ, ենթակա չեն փոփոխման, բացառությամբ այն դեպքերի, երբ փոփոխություններ են տեղի ունեցել աճուրդով վաճառվելիք լոտի նկատմամբ սահմանափակումների մասով կամ փոփոխություններ են տեղի ունեցել` կապված լոտի ֆիզիկական վիճակի հետ, կամ աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նախատեսվել է փոփոխությունների հնարավորությունը:
Սույն մասով նախատեսված դեպքում աճուրդի կազմակերպիչը պարտավոր է մինչև նախորդող երեք օրը կատարել աճուրդի մասին հրապարակային ծանուցման փոփոխություններ և լրացումներ (այսուհետ` հրապարակային ծանուցման փոփոխություն) այն ձևով, ինչպես կատարվել էր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը:
2. Եթե հրապարակային ծանուցման փոփոխությունը չի կատարվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում և կարգով, ապա աճուրդի կազմակերպիչը կրում է մասնակիցների կրած իրական վնասների ռիսկը:
3. Աճուրդի մասին հրապարակային ծանուցում կատարելուց հետո թույլատրվում է հրապարակային ծանուցման փոփոխությամբ կատարել ցանկացած լրացում, եթե դրանով չեն փոփոխվում աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված էական պայմանները:
Հոդված 10. | ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ |
1. Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք, աճուրդի մասին ծանուցման մեջ սահմանված չափով, ժամկետներում և կարգով, մուծում են նախավճար, որի չափը չի կարող գերազանցել աճուրդում վաճառվող ամենաբարձր մեկնարկային գին ունեցող լոտի գնի մինչև հինգ տոկոսը:
2. Նախավճարը մուծվում է աճուրդի կազմակերպչին: Նախավճարը կարող է վճարվել կանխիկ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
3. Նախավճարը վճարվելու դեպքում աճուրդի կազմակերպիչը պարտավոր է մասնակցին տրամադրել մասնակցի վկայական, որտեղ նշվում է աճուրդի կազմակերպչի անվանումը, վճարված նախավճարի չափը, աճուրդի անցկացման վայրը (հասցեն) և ժամանակը:
4. Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի կանոնակարգով կարող է սահմանվել մուտքի վճար, որի չափը չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը:
5. Աճուրդի մասնակիցներին մասնակցի վկայականներ տրամադրելը, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձանց տոմսերի վաճառքը պետք է դադարի աճուրդի բացումից առնվազն երեսուն րոպե առաջ, եթե աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ այլ ժամկետ սահմանված չէ:
Հոդված 11. | ԼՈՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄԸ |
1. Նախքան աճուրդի բացումը, մասնակիցները պետք է հնարավորություն ունենան ծանոթանալ աճուրդի մասին ծանուցման մեջ նշված վաճառվելիք լոտին (լոտերին):
2. Լոտն ուսումնասիրելու կարգն ու ժամկետները սահմանվում են աճուրդի կանոնակարգով` հաշվի առնելով շարժական գույքի պահվելու կամ անշարժ գույքի գտնվելու վայրը:
Աճուրդի կազմակերպիչը ծանուցման պահից պարտավոր է հնարավորություն ընձեռել լոտի (լոտերի) ուսումնասիրման համար:
3. Անշարժ գույքի զննության անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև այլ տեղերում պահվող շարժական գույքի ուսումնասիրման համար աճուրդի կազմակերպիչը նախատեսում է համապատասխան օրեր և ժամեր ու պարտավոր է նշված ժամանակահատվածում ապահովել լոտի (լոտերի) ամբողջական ուսումնասիրման հնարավորությունը ցանկացողների համար:
4. Լոտի (լոտերի) ուսումնասիրման համար ընդհանուր ժամաքանակը չի կարող պակաս լինել անշարժ գույքի համար քառասուն ժամից, շարժական գույքի համար` տասը ժամից:
5. Եթե վաճառվող լոտն իրավունք է, ապա սույն հոդվածի համաձայն պետք է հնարավորություն տրվի ուսումնասիրելու համապատասխան օբյեկտը, որի նկատմամբ գոյություն ունի իրավունքը, ինչպես նաև համապատասխան իրավահաստատող փաստաթղթերը:
Հոդված 12. | ԱՃՈՒՐԴԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ |
1. Աճուրդի բացմանը նախորդող երեք օրվա ընթացքում աճուրդից հրաժարվելու դեպքում աճուրդի կազմակերպիչը պարտավոր է հատուցել մասնակիցների կրած իրական վնասը:
Սեփականատիրոջ (իրավատիրոջ) մեղքով աճուրդից հրաժարվելու հետևանքով կրած վնասները կազմակերպիչը կարող է վերականգնել հետադարձ պահանջի կարգով:
2. Եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա կազմակերպիչն աճուրդից պարտավոր է հրաժարվել, եթե`
1) առկա է սեփականատիրոջ (իրավատիրոջ) գրավոր դիմումն աճուրդից հրաժարվելու վերաբերյալ, եթե աճուրդի անցկացման մասին պայմանագրով այլ բան նախատեսված չէ.
2) լոտը կամ դրա մի մասը ներառված է սնանկության հետևանքով լուծարվող իրավաբանական անձի կամ անվճարունակ ճանաչված ֆիզիկական անձի գույքի կազմում.
3) առկա է դատարանի որոշումը լոտի վաճառքի սահմանափակման վերաբերյալ:
3. Կազմակերպիչը կարող է աճուրդից հրաժարվել, եթե աճուրդ առաջարկողը`
1) աճուրդի մասին պայմանագրով սահմանված կարգով ու չափով չի վճարել նախատեսված վարձատրությունը.
2) խոչընդոտներ է ստեղծում լոտն ուսումնասիրելու համար:
4. Աճուրդից հրաժարվելու մասին ծանուցումը պետք է արվի այնպես, ինչպես կատարվել էր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը:
Հոդված 13. | ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՃՈՒՐԴՆԵՐԸ |
1. Ընդհանուր աճուրդ է համարվում այն աճուրդը, որի ընթացքում վաճառվում է մեկից ավելի լոտ:
2. Աճուրդի կազմակերպիչը պարտավոր է պահպանել ծանուցման մեջ նշված լոտերի վաճառքի հերթականությունը:
Հոդված 14. | ԱՃՈՒՐԴԻ ԸՆԹԱՑՔԸ |
1. Նախքան աճուրդի սկսվելը կազմակերպիչը գրանցում է աճուրդի մասնակիցներին` ստուգելով նրանց ինքնությունը, լիազորությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված այլ փաստաթղթեր:
2. Աճուրդը բացվում է հայտարարությամբ: Հայտարարության մեջ նշվում է աճուրդում վաճառվելիք լոտի անվանումը և նկարագրությունը, դրա մեկնարկային գինը, լոտի նկատմամբ սահմանափակումները, ինչպես նաև աճուրդի անցկացման ձևը, այդ թվում` գնային հայտեր ներկայացնելու կարգը:
3. Աճուրդավարը մասնակիցներին առաջարկում է մեկնարկային գնով գնել լոտը: Ցանկացած մասնակից իրավունք ունի, նախքան աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածը, ներկայացնել նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային հայտը` նվազագույն հավելման չափով:
4. Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից:
5. Եթե մի քանի մասնակից միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդավարը վիճակահանության միջոցով որոշում է հաղթող մասնակցին:
6. Աճուրդի անցկացման այլ ընթացակարգային պայմանները կարող են նախատեսվել աճուրդի մասին կանոնակարգով, որի դրույթներին կազմակերպիչը պարտավոր է մասնակիցներին ծանոթացնել նախքան աճուրդի սկսվելը:
7. Լոտի (լոտերի) վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը, և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված:
Հոդված 15. | ՉԿԱՅԱՑԱԾ ԱՃՈՒՐԴՆԵՐԸ |
1. Եթե լոտը չի վաճառվում, այդ թվում` ոչ մի գնորդ չներկայանալու դեպքում, ինչպես նաև եթե հաղթող ճանաչված անձը և (կամ) աճուրդի կազմակերպիչը հրաժարվում է սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելուց, ապա տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է չկայացած:
2. Տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը հայտարարվում է չկայացած` սույն հոդվածի 1-ին մասում նշված հանգամանքները վրա հասնելու հաջորդ օրը:
3. Աճուրդը չկայացած համարվելու դեպքում հաջորդ աճուրդի պայմանները, այդ թվում` մեկնարկային գինը, կարող են փոփոխվել:
4. Յուրաքանչյուր հաջորդ աճուրդ կազմակերպվում և անցկացվում է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
Հոդված 16. | ԱՆՎԱՎԵՐ ԱՃՈՒՐԴՆԵՐԸ |
1. Լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր կարող է ճանաչվել միայն դատական կարգով:
2. Սույն օրենքի 3-5-րդ, 8-9-րդ և 14-րդ հոդվածներով նախատեսված կանոնների խախտմամբ անցկացված աճուրդը, շահագրգիռ անձի պահանջով, դատարանը կարող է ճանաչել անվավեր:
3. Լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր ճանաչելը հանգեցնում է դրանում հաղթած անձի հետ կնքված պայմանագրի անվավերության:
4. Աճուրդն անվավեր ճանաչելու դեպքում նոր աճուրդը կազմակերպվում և անցկացվում է սույն օրենքով սահմանված կարգով:
5. Լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր ճանաչելու դեպքում նոր աճուրդի պայմանները կարող են փոփոխվել, եթե աճուրդի անվավերությունը կապված է եղել նախնական որևէ պայմանի հետ, ինչպես նաև եթե տեղի է ունեցել լոտի վիճակի փոփոխություն, այդ թվում` կապված դրա վերաբերյալ իրավունքների և պարտականությունների փոփոխման հետ:
Հոդված 17. | ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ |
1. Աճուրդի արդյունքների մասին արձանագրության մեջ նշվում են`
1) աճուրդի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը և ժամանակը.
2) լոտի անվանումը, լոտի վերաբերյալ իրավունքներն ու պարտականությունները և այլ սահմանափակումներ, ինչպես նաև լոտի վիճակը (արտադրության տարին, ֆիզիկական մաշվածության աստիճանը և այլն).
3) լոտի մեկնարկային գինը.
4) աճուրդի կազմակերպչի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրը.
5) հաղթող ճանաչված մասնակցի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրը.
6) լոտի գնման գինը:
2. Արձանագրությունն ստորագրում են աճուրդն անցկացնելու օրը` հաղթող մասնակիցը և աճուրդի կազմակերպիչը:
3. Եթե հաղթող ճանաչված մասնակիցն արձանագրության վերաբերյալ առարկություններ ունի, ապա դրանք նշվում են արձանագրության մեջ:
4. Ընդհանուր աճուրդի դեպքում արձանագրությունը կարող է կազմվել սակարկությունների ընթացքում: Լոտն աճուրդում վաճառելուց հետո տվյալ լոտի նկատմամբ հաղթող ճանաչված մասնակիցը հրավիրվում է արձանագրությունն ստորագրելու:
Հոդված 18. | ԼՈՏԻ ԳՆԻ ՎՃԱՐՈՒՄԸ |
1. Աճուրդի մասին հրապարակային ծանուցմամբ, աճուրդի արդյունքների մասին արձանագրությամբ կամ պայմանագրով այլ ժամկետ սահմանված չլինելու դեպքում աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցն աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելու օրվանից տասն օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի գինը` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը:
2. Աճուրդում գոյացած գինը նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը չգերազանցելու դեպքում վճարվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրության ստորագրման օրը:
3. Լոտի գնման գնի վճարման պարտավորությունը ենթակա չէ հաշվանցման:
4. Սեփականատեր (իրավատեր) չհամարվող աճուրդի կազմակերպիչը փոխանցում է լոտի գինը սեփականատիրոջը (իրավատիրոջը)` աճուրդի կազմակերպման մասին պայմանագրին համապատասխան հաշվանցելով իր կատարած ծախսերը:
5. Աճուրդի կազմակերպիչը նախավճարը` աճուրդը կայանալուց կամ չկայացած հայտարարվելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում, վերադարձնում է աճուրդում չհաղթած մասնակիցներին, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ:
Հոդված 19. | ԱՃՈՒՐԴԻ ՁևԵՐԸ |
1. Աճուրդի անցկացման որոշակի ձևը, ինչպես նաև սույն օրենքով չնախատեսված ընթացակարգային այլ պայմանները սահմանվում են աճուրդի կանոնակարգով` աճուրդի կազմակերպչի կողմից:
2. Աճուրդն սկսելու պահից երեսուն րոպե առաջ կազմակերպիչը պարտավոր է հնարավորություն ընձեռել մասնակիցներին ծանոթանալու աճուրդի կանոնակարգին` մասնակիցների համար հասանելի տեղում կանոնակարգը փակցնելու միջոցով:
Գ Լ ՈՒ Խ 3.
ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
Հոդված 20. | ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ |
1. Եթե մրցույթն անցկացնելու է մրցույթի կազմակերպիչը, ապա նրա և առաջարկողի միջև կնքվում է գրավոր պայմանագիր:
2. Մրցույթի անցկացման մասին պայմանագիրը պետք է ներառի`
1) առաջարկողի և կազմակերպչի անունները (անվանումները) և գտնվելու վայրը (բնակության վայրը).
2) նշում այն մասին, թե ում անունից պետք է հանդես գա մրցույթի կազմակերպիչը.
3) մրցույթում առաջարկվող լոտի նկարագրությունը և (կամ) մրցույթի պայմանները.
4) կազմակերպչի վարձատրության չափը և վճարման կարգը, բացառությամբ անվճար մրցույթներ անցկացնելու դեպքերի:
3. Մրցույթի մասին պայմանագրից բխող պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել գրավով, տուժանքով, նախավճարով և այլ միջոցներով:
Հոդված 21. | ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ |
1. Եթե օրենքով այլ բան սահմանված չէ, ապա մրցույթի կազմակերպիչը մրցույթի անցկացման մասին կատարում է հրապարակային ծանուցում` մրցույթն սկսվելուց առնվազն 30 օր առաջ:
2. Մրցույթի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.
1) մրցույթի կազմակերպչի անունը (անվանումը).
2) մրցույթի կազմակերպման վայրը (հասցեն).
3) մրցույթի հայտերի ընդունման ժամանակահատվածը` նշելով ժամերն ըստ օրերի.
4) մրցույթի ձևը և անցկացնելու կարգը.
5) մրցույթի լոտի նկարագրությունը (անվանումը), մրցույթի պայմանները.
6) մրցույթին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
7) մրցույթում հաղթողին որոշելու կարգը.
8) մրցույթին մասնակցելու նախավճարի չափը, ինչպես նաև վճարելու կարգը և ժամկետները.
9) մրցույթում ծածկագրեր կիրառելու կարգը.
10) մրցույթի հայտերը բացելու, ինչպես նաև մրցույթի հայտերն ամփոփելու նիստերի օրը և ժամը.
11) մրցույթի կանոնակարգին ծանոթանալու վայրը և կանոնակարգի պատճենը տրամադրելու կարգը:
Մրցույթի կանոնակարգը տրամադրելու համար կազմակերպիչը կարող է պահանջել միայն կանոնակարգի պատճենահանման համար կատարած ծախսերը:
3. Մրցույթի հայտերը բացելու նիստի օրը կարող է նշանակվել մրցույթի հայտերն ընդունելու վերջին օրվանից առնվազն երեք օր հետո:
Հոդված 22. | ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ |
1. Մրցույթի պայմանների փոփոխման դեպքում կազմակերպիչը պարտավոր է անհապաղ կատարել մրցույթի մասին հրապարակային ծանուցման համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ (այսուհետ` հրապարակային ծանուցման փոփոխություն) այն ձևով, ինչպես կատարվել էր մրցույթի մասին հրապարակային ծանուցումը:
2. Եթե հրապարակային ծանուցման փոփոխությունը կատարվել է մինչև մրցույթի հաղթողին որոշելու օրը` երեսուն օրվա ընթացքում, ապա կազմակերպիչը կրում է մասնակիցների կողմից կրած իրական վնասների ռիսկը, եթե օրենքով կամ մրցույթի մասին հրապարակային ծանուցմամբ այլ բան նախատեսված չէ:
3. Հրապարակային ծանուցման փոփոխությամբ թույլատրվում է կատարել ցանկացած լրացում, եթե դրանով չեն փոփոխվում մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված էական պայմանները:
Հոդված 23. | ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ |
1. Մրցույթի կազմակերպիչը, նախքան մրցույթի մասին ծանուցումը հրապարակելը, ստեղծում է առնվազն երեք անձից բաղկացած մրցութային հանձնաժողով:
Մրցութային հանձնաժողովի անդամ չեն կարող լինել օրենքով սահմանված կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք:
2. Մրցութային հանձնաժողովը հաստատում է մրցույթի մասին հրապարակային ծանուցման տեքստը, բացում և գնահատում է մրցույթի հայտերը, ինչպես նաև որոշում է մրցույթի հաղթողին:
3. Մրցութային հանձնաժողովը որոշումներ է ընդունում ձայների պարզ մեծամասնությամբ, եթե մրցույթի կանոնակարգով այլ կարգ չի սահմանվում:
Մրցույթի կանոնակարգով սահմանվում է նաև մրցութային հանձնաժողովի գործունեության ընթացակարգը:
Հոդված 24. | ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ |
1. Մրցույթին մասնակցել ցանկացող անձինք, մրցույթի մասին հրապարակային ծանուցման պահանջներին համապատասխան, կազմակերպչին են ներկայացնում մրցույթի հայտերը:
2. Մրցույթի հայտում ներառվող տեղեկությունների և փաստաթղթերի ցանկը մրցույթի մասին հրապարակային ծանուցման տվյալների հիման վրա սահմանվում է մրցույթի կանոնակարգով:
3. Մրցույթի հայտերը ներկայացնում են սոսնձված, կնքված և (կամ) ստորագրված ծրարով:
Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված թվով կրկնօրինակներից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «կրկնօրինակ» բառերը:
Մրցույթի կանոնակարգով նախատեսված դեպքում ծրարի վրա կարող են կատարվել հետևյալ գրառումները.
1) մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված մրցույթի հայտի ներկայացման վայրը (հասցեն).
2) մրցույթի ծածկագիրը.
3) «չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը» բառերը:
4. Մրցույթի հայտը գրանցվում է առանձին գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը:
Կազմակերպիչը մասնակցին տալիս է տեղեկանք` մրցույթի հայտն ընդունելու մասին:
5. Սույն օրենքի պահանջներին չհամապատասխանող մրցույթի հայտերը, ինչպես նաև մրցույթի հայտեր ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո տրված մրցույթի հայտերն առանց բացվելու մերժվում են և վերադարձվում են ներկայացնողին:
6. Մրցույթի մասնակիցները, մինչև մրցույթի հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտը, կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտերը:
Մրցույթի հայտի փոփոխությունը կատարվում է սույն օրենքով մրցույթի հայտ ներկայացնելու համար նախատեսված կարգով` ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը:
7. Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են մրցույթի հայտերը կազմակերպչին ուղարկել պատվիրված նամակով:
Մասնակիցները կարող են նույն կարգով հետ վերցնել մրցույթի հայտը:
8. Մասնակիցները հրապարակային ծանուցմամբ նախատեսված կարգով, չափով և ժամկետներում մուծում են նախավճար:
Հոդված 25. | ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ և աՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ |
1. Մրցույթի հայտերը բացվում են մրցույթի մասին հրապարակային ծանուցմամբ նախատեսված օրը և ժամին, մրցութային հանձնաժողովի հատուկ նիստում:
2. Մրցույթի հայտերի բացման նիստում հրապարակվում են`
1) մրցույթի հայտը ներկայացրած յուրաքանչյուր անձի ծածկանունը, իսկ եթե տվյալ անձը չի առարկում, ապա նաև` նրա անունը (անվանումը).
2) մրցույթի հայտեր ներկայացնելու համապատասխանությունը սույն օրենքի և մրցույթի մասին հրապարակային ծանուցման պահանջներին.
3) ամփոփ տվյալներ` մրցույթի հայտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
3. Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:
Նրանք կարող են ծանոթանալ մրցույթի նիստերի արձանագրություններին` մրցույթի կանոնակարգով նախատեսված կարգով:
4. Մրցույթի հայտերն ամփոփելու օրը մրցութային հանձնաժողովը կազմում է մրցույթի արդյունքների մասին արձանագրություն, որտեղ նշում է`
1) մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման վայրը, ամսաթիվը և ժամը, ինչպես նաև մրցութային հանձնաժողովի անդամների անունները և ազգանունները.
2) մրցույթի մասնակիցների անունները (անվանումները) և գտնվելու (բնակության) վայրը.
3) տեղեկություններ` մրցույթի հայտերի վերաբերյալ հարցումների և դրանց պատասխանների մասին.
4) մրցույթում հաղթողի անունը (անվանումը).
5) այլ անհրաժեշտ տեղեկություններ:
Մրցութային հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը ներկայացվում է գրավոր, որը կցվում է արձանագրությանը և համարվում է դրա անբաժանելի մասը:
5. Մրցույթի արդյունքներն ամփոփելու և մրցույթում հաղթողին ճանաչելու օրը կազմակերպիչը և մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցը ստորագրում են մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը:
Հոդված 26. | ՍԱԿԱՐԿՎՈՂ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ |
1. Մրցույթի կազմակերպիչը կարող է անցկացնել սակարկվող մրցույթներ, այն է` մասնակիցներին առաջարկել իրեն վաճառելու միևնույն հատկանիշներով օժտված լոտերը:
Սակարկություններում հաղթողին որոշելու համար նշանակություն ունի միայն մասնակիցների կողմից վաճառվող կամ առաջարկվող լոտերի գնային պայմանը:
2. Սակարկվող մրցույթը կազմակերպվում և անցկացվում է մրցույթների համար սույն օրենքով նախատեսված ընթացակարգով, եթե այլ բան չի բխում սակարկվող մրցույթի էությունից:
Սակարկվող մրցույթների ընթացակարգային այլ պայմանները սահմանվում են սակարկվող մրցույթի կանոնակարգով:
3. Սակարկվող մրցույթի մասնակիցները սակարկվող մրցույթի մասին հրապարակային ծանուցմամբ նախատեսված տեղում, օրը և ժամին ներկայացնում են առաջարկություններ իրենց կողմից վաճառվող լոտերի գնի վերաբերյալ:
Առավել ցածր գին առաջարկած մասնակիցը ճանաչվում է մրցույթի հաղթող:
4. Եթե մի քանի մասնակիցների կողմից կատարվում է միևնույն չափով գնի առաջարկ, ապա հաղթողը որոշվում է վիճակահանությամբ:
5. Սակարկվող մրցույթում հաղթողին որոշելու օրը հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկվող մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը:
Հոդված 27. | ՉԿԱՅԱՑԱԾ և ԱՆՎԱՎԵՐ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ |
1. Մրցութային հանձնաժողովը չկայացած է համարում մրցույթը, եթե`
1) ոչ մի հայտ չի ներկայացվել.
2) ներկայացված հայտերից ոչ մեկը չի համապատասխանում մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված պահանջներին, ինչպես նաև եթե հայտեր ներկայացնելը չի համապատասխանել սույն օրենքի և մրցույթի մասին հրապարակային ծանուցման պահանջներին.
3) արտակարգ իրավիճակների պատճառով անհնար է դառնում մրցույթով նախատեսված աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը:
2. Սույն օրենքի 21-26-րդ հոդվածների պահանջների խախտմամբ կազմակերպված և անցկացված մրցույթը դատական կարգով կարող է ճանաչվել անվավեր:
3. Մրցույթն անվավեր ճանաչելը հանգեցնում է մրցույթի արդյունքների հիման վրա կնքված պայմանագրի անվավերությանը:
Հոդված 28. | ՄՐՑՈՒՅԹԻ ՁևԵՐԸ |
1. Մրցույթի անցկացման որոշակի ձևը, ինչպես նաև սույն օրենքով չնախատեսված ընթացակարգային այլ պայմանները սահմանվում են մրցույթի կանոնակարգով` մրցույթի կազմակերպչի կողմից:
2. Մրցույթի մասին հրապարակային ծանուցման պահից մրցույթի կազմակերպիչը պարտավոր է հնարավորություն ընձեռել, որ ցանկացողները ծանոթանան մրցույթի կանոնակարգին, ինչպես նաև պարտավոր է նրանց տրամադրել կանոնակարգի պատճենը` սույն օրենքով նախատեսված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 4.
ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴՆԵՐԸ
Հոդված 29. | ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ |
1. Հարկադիր է ճանաչվում այն աճուրդը, որն անցկացվում է կատարողական թերթին համապատասխան:
2. Հարկադիր աճուրդի լոտ կարող է դառնալ ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում` գույքային իրավունքներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
3. Հարկադիր աճուրդը կազմակերպում և անցկացնում է հարկադիր կատարողը:
4. Շուտ փչացող, ինչպես նաև սակավարժեք (սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հիսնապատիկի չափով) լոտը կարող է իրացվել սակարկություններով կամ առևտրային կազմակերպությունների միջոցով` պայմանագրային հիմունքներով:
Հոդված 30. | ԼՈՏԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ |
1. Հարկադիր աճուրդում վաճառվող լոտի մեկնարկային գինը սահմանվում է կատարողական թերթի կատարման օրը գործող շուկայական գնի 75 տոկոսի չափով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
2. Հարկադիր կատարողը, ինչպես նաև պահանջատերը կամ պարտապանը, լոտի մեկնարկային գինը որոշելու համար իրավունք ունեն նշանակել փորձագետ:
Լոտի սահմանված մեկնարկային գնի վաղեմությունը չի կարող գերազանցել վեցամսյա ժամկետը:
3. Պահանջատերը ողջամիտ սահմաններում իրավունք ունի որոշելու բռնագանձված գույքից լոտում ընդգրկվող գույքի կազմը և քանակը:
Հոդված 31. | ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ |
1. Հարկադիր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է կատարվի դա անցկացնելու օրվանից առնվազն տասն օր առաջ` սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված կարգով:
2. Բացի սույն օրենքով նախատեսված տեղեկություններից, հարկադիր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի ցուցում` աճուրդի հարկադիր լինելու հանգամանքի մասին:
3. Հարկադիր աճուրդի անցկացման մասին հարկադիր կատարողի որոշումը, ինչպես նաև աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ ներառված տվյալներն աճուրդն անցկացնելուց առնվազն տասն օր առաջ ուղարկվում են պարտապանին և պարտատիրոջը:
Հոդված 32. | ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ |
1. Հարկադիր աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձինք աճուրդի մասին հրապարակային ծանուցման պահից մինչև աճուրդի անցկացման նախորդ օրը` ժամը 16.00-ն, հայտ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (այսուհետ` ծառայություն) ստորաբաժանում:
2. Հայտին կից ներկայացվում է հայտով նախատեսված լոտի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով (բացառությամբ սույն օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված դեպքերի) համապատասխան փաստաթուղթ` ծառայության ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին նախավճար մուծելու մասին:
3. Մինչև սակարկությունների սկսվելը լոտն աճուրդից հանվում է օրենքով նախատեսված դեպքերում:
4. Աճուրդի մասնակիցների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:
5. Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած մասնակցի կանխիկ մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց անմիջապես հետո, իսկ ծառայության դեպոզիտ հաշվին փոխանցվածը` երեք բանկային օրվա ընթացքում:
Աճուրդի չկայանալու դեպքում` երեք օրվա ընթացքում, նախավճարը ենթակա է վերադարձման:
6. Լոտի զննման, պահպանության, գնահատման (այդ թվում` փորձագետի միջոցով), ծառայության շինությունների պահպանման, սակարկությունների կազմակերպման ու անցկացման այլ ծախսերն իրականացվում են իրացվող լոտի գնման գնի հինգ տոկոսի, իսկ սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկից ավելի արժողությամբ լոտի դեպքում` գնման գնի երեք տոկոսի չափով` պարտապանից գանձվող գումարների հաշվին:
Հոդված 33. | ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻ ԸՆԹԱՑՔԸ |
1. Հարկադիր աճուրդն անցկացվում է սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-7-րդ մասերով սահմանված կարգով:
2. Աճուրդի մասնակիցների համար, ելնելով լոտի մեկնարկային գնից, սահմանվում են մեկնարկային գնի նվազագույն հավելման հետևյալ չափերը.
1) լոտի մեկնարկային գնի մինչև 50.000 դրամի դեպքում նվազագույն հավելման չափ չի սահմանվում.
2) լոտի մեկնարկային գնի 50.001-100.000 դրամի դեպքում` 500 դրամ.
3) լոտի մեկնարկային գնի 100.001-500.000 դրամի դեպքում` 1.000 դրամ.
4) լոտի մեկնարկային գնի 500.001-1.000.000 դրամի դեպքում` 10.000 դրամ.
5) լոտի մեկնարկային գնի 1.000.001-10.000.000 դրամի դեպքում` 50.000 դրամ.
6) լոտի մեկնարկային գնի 10.000.000-ից ավելիի դեպքում` 100.000 դրամ:
3. Աճուրդում հաղթած մասնակիցը և հարկադիր կատարողն աճուրդն անցկացնելու օրը ստորագրում են դրա արդյունքների վերաբերյալ արձանագրությունը:
Եթե աճուրդում հաղթած մասնակիցը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը:
Եթե հարկադիր կատարողը չի ստորագրում արձանագրությունը, ապա աճուրդում հաղթած մասնակցին երեք բանկային օրվա ընթացքում վերադարձվում է նախավճարի կրկնապատիկը, ինչպես նաև հատուցվում են աճուրդին մասնակցելու հետևանքով նրա կրած վնասները:
4. Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում հարկադիր կատարման ծառայության ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին մուծել լոտի գնման գինը` հաշվանցելով նախօրոք մուծած նախավճարը: Գնման գինը չմուծելու դեպքում նախավճարը չի վերադարձվում և մնում է հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշվում:
5. Աճուրդում հաղթած մասնակցի կողմից գնման գինը ծառայության ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին մուծելուց հետո` եռօրյա ժամկետում, հարկադիր կատարողը նրա հետ կնքում է առուվաճառքի պայմանագիր:
6. Լոտի վաճառքից ստացված գումարը եռօրյա ժամկետում փոխանցվում կամ հանձնվում է պարտատիրոջը:
Հոդված 34. | ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ և ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ |
1. Հարկադիր աճուրդը հարկադիր կատարողի կողմից չկայացված է հայտարարվում`
1) սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում.
2) հաղթող ճանաչված և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրած մասնակցի կողմից սահմանված ժամկետում լոտի գնման գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում:
2. Հարկադիր աճուրդը պետք է չկայացած հայտարարվի ոչ ուշ, քան նշված հանգամանքների վրա հասնելու հաջորդ օրը:
3. Սույն օրենքի 30-33-րդ հոդվածներով նախատեսված կանոնների խախտմամբ անցկացված աճուրդը, շահագրգիռ անձի պահանջով, դատարանը կարող է ճանաչել անվավեր:
Հարկադիր աճուրդն անվավեր ճանաչելու դեպքում կազմակերպվում է նոր հարկադիր աճուրդ` սույն օրենքով սահմանված կարգով:
Հոդված 35. | ԵՐԿՐՈՐԴ և ՀԵՏԱԳԱ ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴՆԵՐԸ |
1. Յուրաքանչյուր չկայացած հարկադիր աճուրդից ոչ ուշ, քան երեսուն օրվա ընթացքում, անցկացվում է կրկնակի հարկադիր աճուրդ:
2. Աճուրդը սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքերով չկայացած հայտարարվելու դեպքում երկրորդ կամ յուրաքանչյուր հերթական հարկադիր աճուրդ կազմակերպելու դեպքում վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի մեկնարկային գնի տասը տոկոսի չափով:
3. Աճուրդը սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով չկայացած հայտարարվելու դեպքում մեկնարկային գնի իջեցում տեղի չի ունենում, իսկ աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է լոտի մեկնարկային գնի քսան տոկոսի չափով:
4. Հինգերորդ աճուրդից հետո անշարժ գույքի գնի իջեցում չի կատարվում վեց ամսվա ընթացքում, որից հետո աճուրդային գործընթացը շարունակվում է սույն օրենքով սահմանված կարգով:
5. Երկրորդ և յուրաքանչյուր հերթական հարկադիր աճուրդի մասին առնվազն յոթ օր առաջ կատարվում է աճուրդի մասին հրապարակային ծանուցում:
6. Երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում դա առաջարկվում է պարտատիրոջը` տվյալ աճուրդի մեկնարկային գնով, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտատեր են Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական մարմինները` հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների գծով:
7. Պահանջատերը լոտն իրեն հանձնելու վերաբերյալ իր գրավոր համաձայնությունը կարող է հայտնել ծառայությանը մինչև աճուրդի անցկացման նախորդ երրորդ օրվա ժամը 16.00-ն:
Եթե պահանջատերը հրաժարվում է լոտն ստանալուց, ապա աճուրդային գործընթացը շարունակվում է:
8. Եթե միևնույն պարտապանի գույքի նկատմամբ կան բռնագանձման մասին երկու կամ ավելի կատարողական թերթեր, ապա լոտը պահանջատերերին առաջարկվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-71-րդ հոդվածներով սահմանված կարգով:
9. Եթե պահանջատերը համաձայնվում է ստանալ գույքը (լոտ), ապա նրա և հարկադիր կատարողի միջև կնքվում է գույքը հանձնելու մասին համապատասխան պայմանագիր: Գույքը (լոտ) պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից աճուրդի ծախսերը ծառայությանը վճարելուց հետո:
10. Եթե լոտի մեկնարկային գինը գերազանցում է դատական ակտով որոշված պարտքի չափը, ապա պահանջատերը, մինչև պայմանագիրը կնքելը և լոտը հանձնելը, պարտավոր է պարտապանին վճարել հանձնվող լոտի մեկնարկային գնի ու դատական ակտով որոշված պարտքի միջև եղած տարբերությունը:
(35-րդ հոդվածը լրաց. 04.05.05 ՀՕ-90-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 36. | ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ |
Սակարկությունների կազմակերպիչը պարտավոր է վարել փաստաթղթային գրառումներ և պահպանել աճուրդի հետ կապված փաստաթղթերը (պայմանագրերը, արձանագրությունները և այլն) սակարկությունների ավարտից երեք տարվա ընթացքում:
Հոդված 37. | ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ |
1. Սակարկությունների կազմակերպիչը պատասխանատվություն է կրում լոտի այն թերությունների համար, որոնց մասին տեղյակ է եղել կամ պետք է տեղյակ լիներ, սակայն չի զգուշացրել սակարկությունների մասնակիցներին:
2. Սակարկությունների կազմակերպիչը պատասխանատվություն է կրում իր տիրապետման տակ գտնվող լոտի վնասվածքների համար և կրում է լոտի պատահական կորստի ռիսկը, եթե սակարկությունների կազմակերպման մասին պայմանագրով այլ բան սահմանված չէ:
3. Սակարկությունների կազմակերպիչը պարտավոր է ապահովել լոտերի պահպանումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարական և այլ պարտադիր նորմերին համապատասխան:
Հոդված 38. | ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
Սույն օրենքով նախատեսված կանոնները տարածվում են նաև այն սակարկությունների կազմակերպման և անցկացման վրա, որոնց մասին հրապարակային ծանուցումը կատարվել է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:
Հոդված 39. | ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|