Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.03.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.03.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.03.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Քաղաքացիական գործ թիվ Տ-2628/2006 թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-459(ՏԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Ե. Խունդկարյան

 

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ

Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

 

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի մարտի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ժաննա Ղազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 16.11.2006 թվականի վճռի դեմ՝ ըստ Թագուշ Պետրոսյանի հայցի ընդդեմ Ժաննա Ղազարյանի՝ «Բիզնես կենտրոն» ԲԲԸ-ի (այսուհետ նաև՝ Ընկերություն) բաժնետոմսերի 16.08.2004 թվականի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, և ըստ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ Ցոլակ Միլիտոսյանի հայցի ընդդեմ Թագուշ Պետրոսյանի և Ժաննա Ղազարյանի՝ Ընկերության բաժնետոմսերի 16.08.2004 թվականի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1.Գործի դատավարական նախապատմությունը.

Հայցվոր Թ.Պետրոսյանը դիմելով դատարան՝ պահանջել է անվավեր ճանաչել իր և պատասխանող Ժ.Ղազարյանի միջև 16.08.2004 թվականին կնքված բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիրը։

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ Ց.Միլիտոսյանը դիմելով դատարան՝ նույնպես պահանջել է անվավեր ճանաչել վերը նշված պայմանագիրը։

ՀՀ տնտեսական դատարանի 16.11.2006 թվականի վճռով Թ.Պետրոսյանի հայցը մերժվել է, իսկ Ց.Միլիտոսյանի հայցը՝ բավարարվել։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ժ.Ղազարյանի ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել։

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը,փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) ՀՀ տնտեսական դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ և 201-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածը և ՀՀ կառավարության 31.10.1996 թվականի թիվ 351 որոշումը, որոնք պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Եթե համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված բաժնետոմսերի նկատմամբ հայցվորի ամուսինը համատեղ սեփականության իր իրավունքը չի գրանցել բաժնետերերի ռեեստրում, ապա հնարավոր անբարենպաստ հետևանքների ռիսկը պետք է կրի ինքը, քանի որ պատասխանողը, հիմք ընդունելով ռեեստրի տվյալները և օբյեկտիվորեն բաժնետոմսերի սեփականատեր համարելով Թ.Պետրոսյանին, պատշաճ կարգով նրանից ձեռք է բերել բաժնետոմսերը՝ չիմանալով բաժնետոմսերի նկատմամբ այլ համասեփականատիրոջ առկայության մասին, հետևաբար նաև բաժնետոմսերի առուվաճառքի գործարքի կնքման հարցում վերջինիս համաձայնության կամ անհամաձայնության մասին։

Նման դեպքում հնարավոր հետևանքների ռիսկը պետք է կրի առուվաճառքի գործարքը կնքած ամուսինը և ոչ թե գնորդը, քանի որ վերջինս ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի համաձայն՝ հանդիսանում է բաժնետոմսերի բարեխիղճ ձեռքբերող։ Մինչդեռ Թ.Պետրոսյանը և նրա ամուսին՝ Ց.Միլիտոսյանը չեն պահպանել ՀՀ կառավարության վերը նշված որոշման պահանջները՝ իրենց իրավունքները պատշաճ կարգով չեն գրանցել ռեեստրում։

 

Բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 16.11.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 01.08.1972 թվականին գրանցվել է Ցոլակ Միլիտոսյանի և Թագուշ Պետրոսյանի ամուսնությունը։ Ամուսնությունը լուծված չէ։

2) Թագուշ Պետրոսյանը պետական բաժնետոմսերի մասնավորեցման 29.11.2002 թվականի թիվ 157-Մ պայմանագրով ձեռք է բերել Ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը։

3) Թագուշ Պետրոսյանը 16.08.2004 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրով Ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը առանց ամուսնու՝ Ց.Միլիտոսյանի համաձայնության, վաճառել է Ժաննա Ղազարյանին։

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքները նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

1) Ժ.Ղազարյանի բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն՝ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն՝ ամուuնության ընթացքում ամուuինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ uեփականությունն է, եթե այլ բան նախատեuված չէ նրանց միջև կնքված պայմանագրով։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ համատեղ uեփականության մաuնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնoրինելու գործարքներ, եթե այլ բան նախատեuված չէ նրանց համաձայնությամբ։ Համատեղ uեփականության մաuնակիցներից մեկի կողմից կնքված՝ ընդհանուր uեփականության տնoրինման գործարքը կարող է անվավեր ճանաչվել մնացած մաuնակիցների պահանջով՝ գործարք կնքող մաuնակցի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուu կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ մաuին։

Նույն օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այլ անձի անունից գործելու լիազորության բացակայությամբ կամ նման լիազորությունների uահմանազանցմամբ գործարքը կնքված է համարվում այն կնքած անձի անունից և ի շահ նրա, եթե մյուu անձը (ներկայացվողը) հետագայում ուղղակի հավանություն չի տալիu տվյալ գործարքին։

Վերը հիշատակված նորմերի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք սերտորեն փոխկապակցված են և իրավակիրառական պրակտիկայում դրանցից յուրաքանչյուրը պետք է մեկնաբանվի մյուսների բովանդակության և տրամաբանության տիրույթում։

Մինչդեռ սույն գործով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի հիման վրա բաժնետոմսերը դիտարկելով որպես ամուսինների համատեղ սեփականություն, և ապացուցված համարելով այն հանգամանքը, որ Ժաննա Ղազարյանը իմացել է Թագուշ Պետրոսյանի և Ցոլակ Միլիտոսյանի ամուսիններ հանդիսանալու հանգամանքի մասին, տնտեսական դատարանը այդ հանգամանքը բավարար է համարել եզրակացնելու համար, որ Ժ.Ղազարյանը իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար բաժնետոմսերի՝ Թ.Պետրոսյանի և Ց.Միլիտոսյանի համատեղ սեփականությունն հանդիսանալու և Թ.Պետրոսյանի մոտ բաժնետոմսերի առուվաճառքի գործարքի կնքման համար անհրաժեշտ լիազորության բացակայության մասին։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված դրույթն այն մասին, որ համատեղ uեփականության մաuնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնoրինելու գործարքներ, եթե այլ բան նախատեuված չէ նրանց համաձայնությամբ։ Սույն գործի փաստերի համաձայն՝ ամուսիններ Թ.Պետրոսյանի և Ց.Միլիտոսյանի միջև այլ բան նախատեսող համաձայնություն չի եղել։ Այսինքն, Թ.Պետրոսյանը՝ որպես համատեղ սեփականության մասնակից, ունեցել է համատեղ սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը տնօրինելու իրավունք։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ց.Միլիտոսյանի կողմից բաժնետոմսերի առուվաճառքի գործարքը անվավեր ճանաչելու պահանջը դատարանի կողմից կարող էր բավարարվել միայն Թ.Պետրոսյանի մոտ վիճելի գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայության և դրա մասին գործարքի մյուս կողմի՝ գնորդ Ժ.Ղազարյանի կողմից իմանալու կամ դրա մասին ողջամտորեն ենթադրելու ակնհայտ հնարավորության առկայության փաստը ապացուցված համարելու դեպքում։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ համատեղ uեփականության մաuնակիցներից մեկի կողմից կնքված՝ ընդհանուր uեփականության տնoրինման գործարքն անվավեր ճանաչելու համար բավարար չէ համատեղ սեփականության մասնակիցների (Թ.Պետրոսյանի և Ց.Միլիտոսյանի) ամուսիններ հանդիսանալու մասին գնորդի (Ժ.Ղազարյանի) տեղեկացված լինելը։ Թ.Պետրոսյանի և Ց.Միլիտոսյանի իմանալը և այդ հիմքով բաժնետոմսերի՝ ամուսինների համատեղ սեփականություն հանդիսանալու մասին Ժ.Ղազարյանի կողմից իմանալու հնարավորությունը բավարար համարելով, տնտեսական դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները՝ հետևյալ պատճառաբանությամբ։

Դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ Ժ.Ղազարյանն իմացել է կամ պետք է իմանար այն մասին, որ Թ.Պետրոսյանը բաժնետոմսերը օտարելու լիազորություն չի ունեցել, հետևաբար կնքված վիճելի գործարքը հակասում է օրենքի պահանջներին։ Մինչդեռ ՀՀ տնտեսական դատարանի վճռում վկայակոչված փաստերով կարելի էր միայն հիմնավորված համարել, որ Ժ.Ղազարյանն իմացել է կամ պարտավոր էր իմանալ, որ Ց.Միլիտոսյանը և Թ.Պետրոսյանն ամուսիններն են։ Սակայն, Վճռաբեկ դատարանը հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի վերը նշված կարգավորումը, գտնում է, որ միայն այդ փաստի հաստատումը բավարար հիմք չէ ենթադրելու, որ Թ.Պետրոսյանը համատեղ գույքը տնօրինելու լիազորություն չի ունեցել, քանի որ համասեփականատերերից յուրաքանչյուրն իրավունք ունի տնօրինելու համատեղ գույքը, եթե համասեփականատերերից ոչ մեկը չի առարկում նրա նման գործողությունների դեմ, ընդ որում ընդհանուր սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված՝ ընդհանուր սեփականության տնօրինման գործարքը մնացած մասնակիցների պահանջով կարող է անվավեր ճանաչվել միայն այն դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ մասին։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի դատաքննությամբ չի ապացուցվել այն հանգամանքը, որ Ժ.Ղազարյանը իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար համասեփականատերերի միջև համաձայնության բացակայության մասին։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն՝ գործին մաuնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները։ Մինչդեռ, սույն գործով վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Ցոլակ Միլիտոսյանը Թագուշ Պետրոսյանի՝ վիճելի գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայության, և այդ մասին գործարքի մյուս կողմի՝ գնորդ Ժ.Ղազարյանի կողմից իմանալու կամ իմանալու ակնհայտ հնարավորության առկայությունը հիմնավորող որևէ հիմնավոր ապացույց չի ներկայացրել դատարանին։

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ համատեղ uեփականության մաuնակիցներից մեկի կողմից կնքված՝ ընդհանուր uեփականության տնoրինման գործարքն անվավեր ճանաչելու համար բավարար չէ համատեղ սեփականության մասնակիցների՝ ամուսիններ հանդիսանալու մասին գործարքի մյուս կողմի, մասնավորապես, գնորդի տեղեկացված լինելու փաստը։ Նման պահանջը դատարանի կողմից կարող է բավարարվել միայն, եթե միաժամանակ առկա են երկու պայմաններ՝

1) համատեղ uեփականության մասնակցի մոտ վիճելի գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայություն.

2) գործարքի մյուս կողմի՝ այդ մասին իմանալը կամ դրա մասին ողջամտորեն ենթադրելու ակնհայտ հնարավորության առկայությունը։

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի կիրառելիության մասին սույն բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ։

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի առաջին մասի՝ եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այդ գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր և չէր կարող իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա սեփականատերն իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջել միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը կամ այն անձը, ում այդ գույքի սեփականատերը հանձնել է տիրապետման, կամ այն հափշտակվել է մեկից կամ մյուսից, կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով՝ անկախ նրանց կամքից։

Նշված հոդվածը վերաբերվում է բարեխիղճ ձեռք բերողից գույքը հետ պահանջելու հարաբերություններին, որպիսի պահանջ սույն գործով ներկայացված չէ։

 

Ինչ վերաբերում է բողոք բերած անձի կողմից ՀՀ կառավարության 31.10.1996 թվականի թիվ 351 որոշման 7-րդ և 10-րդ կետերի վկայակոչմանը, ապա պետք է ասել, որ նշված կարգի դրույթները տարածվում են այն թողարկողների նկատմամբ, որոնց ռեեստրի վարումը հանձնված չէ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային։ Մինչդեռ Ընկերության հաշվետու թողարկող հանդիսանալու կամ չհանդիսանալու հանգամանքը սույն գործի դատաքննությամբ չի պարզվել։ Հետևաբար, սույն վեճի նկատմամբ ՀՀ կառավարության վերը նշված որոշման կիրառելիության վերաբերյալ սույն բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանը նույնպես անհիմն է համարում։

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի համաձայն՝ դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը բեկանում և փոփոխում է uտորադաu դատարանի դատական ակտը, եթե uտորադաu դատարանի կողմից հաuտատված փաuտական հանգամանքները հնարավորություն են տալիu նման փոփոխության, և դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու վճռաբեկ դատարանի լիազորությունը՝ հետևյալ հիմնավորմամբ։

Սույն գործով վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Ցոլակ Միլիտոսյանը Թագուշ Պետրոսյանի մոտ վիճելի գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայության և այդ մասին գործարքի մյուս կողմի՝ գնորդ Ժ.Ղազարյանի կողմից իմանալու կամ իմանալու ակնհայտ հնարավորության առկայությունը հիմնավորող որևէ հիմնավոր ապացույց չի ներկայացրել դատարանին։ Նման պայմաններում Ց.Միլիտոսյանի հայցը տնտեսական դատարանի կողմից ենթակա էր մերժման ։

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն բողոքի հիմքը մասնակի հիմնավոր համարելով՝ դրա առկայությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 31.07.2006 թվականի վճիռը բեկանելու և փոփոխելու բավարար հիմք է դիտում։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1.Ժաննա Ղազարյանի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 16.11.2006 թվականի վճիռը Ցոլակ Միլիտոսյանի հայցը բավարարելու մասով և այդ մասով վճիռը փոփոխել։ Ցոլակ Միլիտոսյանի հայցը մերժել։

2.Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

 

Է. Հայրիյան

 

Ս. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան