Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1652
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.05.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.30-2022.06.12 Պաշտոնական հրապարակման օրը 01.06.2022
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
31.05.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
31.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.2022

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

31 մայիսի 2022 թ.

 

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

ՀՀ կառավարության ներկայացուցիչ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռ. Խաչատրյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

ՀՀ կառավարությունն իր` 2022 թվականի մարտի 24-ի N 378-Ա որոշմամբ հավանություն է տվել 2018 թվականի նոյեմբերի 2-ին ստորագրված` «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Կառավարության՝ 2022 թվականի մարտի 28-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 2-ին` խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում բազմակողմ համագործակցության իրավական և կազմակերպական հիմքերը սահմանելու, ինչպես նաև համատեղ տիեզերական գործունեության որոշակի ուղղությունների մասով համաձայնագրեր ու այլ պայմանավորվածություններ մշակելու և դրանք Կողմերի ու համատեղ գործունեության մասնակիցների միջև կնքելու համար իրավական հիմքի ստեղծմանն աջակցելու նպատակով:

 

2. Կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 378-Ա որոշման Հավելվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը վավերացնում է Համաձայնագիրը վերապահումով՝ պայմանով, որ Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում առանձին որոշում կայացնելու «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագրի դրույթների տարածման վերաբերյալ այն պետությունների նկատմամբ, որոնք միացել են Համաձայնագրին 2018 թվականի նոյեմբերի 2-ից հետո:

 

3. Համաձայնագիրն ունի անբաժանելի մաս կազմող 3 հավելված` Հավելված 1. «Կանոնակարգ Տիեզերքի հարցերով միջպետական խորհրդի մասին», Հավելված 2. «Մտավոր սեփականությունը և գործնական խորհրդապահական տեղեկատվությունը» և Հավելված 3. «Արտադրատեսակների և տեխնոլոգիաների պահպանությանն ուղղված միջոցները»:

Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունն իրականացվում է Կողմերի ներպետական օրենսդրության համապատասխան և միջազգային իրավունքի՝ համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքների ու նորմերի պահպանմամբ:

Համաձայնագրի շրջանակներում համագործակցության կոնկրետ ծրագրերի և նախագծերի իրականացման կազմակերպական, ֆինանսական, իրավական և տեխնիկական պայմանները համատեղ գործունեության մասնակիցների միջև առանձին համաձայնագրերի (պայմանագրերի) կամ (անհրաժեշտության դեպքում՝ նաև հաշվի առնելով Կողմերի պետությունների միջազգային պարտավորությունները) անմիջապես Կողմերի միջև առանձին համաձայնագրերի առարկա են (այսուհետ՝ առանձին համաձայնագրեր):

 

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության հիման վրա ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարված լինելու մասին ծանուցումն ուղարկելու հետ միաժամանակ Համաձայնագրի ավանդապահին տեղեկացնել նշանակված ՀՀ իրավասու մարմինների մասին և գրավոր ծանուցել ՀՀ իրավասու մարմինների փոփոխությունների մասին (հոդված 7, կետ 1),

- Համաձայնագիրը կիրարկելիս համատեղ գործունեության ֆինանսավորումն իրականացնել շահագրգիռ հայկական և մյուս Կողմի համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների համար նախատեսվող բյուջեի միջոցների սահմաններում, ինչպես նաև արտաբյուջետային աղբյուրներից (հոդված 8, կետ 1),

- ապահովել Համաձայնագրի շրջանակներում ստեղծվող կամ օգտագործվող՝ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների համարժեք և արդյունավետ պահպանություն՝ ՀՀ օրենսդրությանը, ՀՀ միջազգային պարտավորություններին և Համաձայնագրի դրույթներին համապատասխան (հոդված 9, կետ 1),

- ՀՀ իրավասու մարմինների միջոցով աջակցել համատեղ գործունեությանն առնչվող տեղեկատվության փոխադարձ փոխանակմանը՝ Համաձայնագրին և ՀՀ օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև ապահովել և երաշխավորել, որ համատեղ գործունեության ՀՀ մասնակիցները կապահովեն մյուս Կողմերի և դրանց համատեղ գործունեության մասնակիցների համար գիտական հետազոտությունների և աշխատանքների արդյունքների հասանելիությունը (հոդված 10, կետ 1),

- հաշվի առնելով ՀՀ օրենսդրությունը` ապահովել մյուս Կողմերից և նրանց համատեղ գործունեության մասնակիցներից յուրաքանչյուրի շահերի պաշտպանումը, որոնք կապված են համատեղ գործունեության շրջանակներում ՀՀ տարածքում գտնվող նրանց գույքի իրավական և ֆիզիկական պաշտպանության հետ, այդ թվում՝ ապրանքների փոխադարձաբար նախատեսված կատեգորիաների պաշտպանություն առգրավման ցանկացած ձևի և տեսակի կամ կատարողական վարույթի նկատմամբ (հոդված 11, կետ 1),

- այն ապրանքները, որոնց ներմուծումը և (կամ) արտահանումն իրականացվում են Համաձայնագրի շրջանակներում, ազատել մաքսային մարմինների կողմից գանձվող մաքսատուրքերից և հարկերից, եթե դա նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ և միջազգային այն պայմանագրերի շրջանակներում ունեցած պարտավորություններով, որոնց մասնակից է Հայաստանի Հանրապետությունը (հոդված 13, կետ 1, պարբերություն 1),

- Կողմերի հետ փոխադարձ հիմունքներով հրաժարվել պատասխանատվության և վնասի փոխհատուցման վերաբերյալ ցանկացած պահանջ միմյանց ներկայացնելուց, և համապատասխանաբար` փոխադարձ հիմունքներով, ցանկացած մյուս Կողմի և նրա համատեղ գործունեության մասնակիցներին չներկայացնել որևէ դժգոհություն՝ կապված ՀՀ սեփական անձնակազմի անձանց և (կամ) սեփական գույքին վնաս հասցնելու հետ՝ Համաձայնագրի շրջանակներում համատեղ գործունեությանն այդպիսի անձանց մասնակցության և այդպիսի գույքի օգտագործման առնչությամբ (հոդված 14, կետ 1),

- ՀՀ օրենսդրությանը համապատասխան` աջակցություն ցուցաբերել ցանկացած մյուս Կողմի պետության այն քաղաքացիների գործունեությանը, որոնք ՀՀ տարածք մուտք են գործում և Հայաստանի Հանրապետությունում գտնվում են Համաձայնագրի շրջանակներում համատեղ գործունեություն իրականացնելու համար (հոդված 15),

- որպես ընդունող պետություն հանդես գալու պարագայում ապահովել, որ Տիեզերքի հարցերով միջպետական խորհրդի և դրա աշխատանքային մարմինների նիստերի անցկացումը կազմակերպելու հետ կապված ծախսերը կատարվեն ՀՀ համապատասխան պետական մարմինների միջոցների հաշվին (հավելված 1, կետ VI, ենթակետ 6.1., պարբերություն 1),

- ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին համապատասխան` ապահովել համագործակցության շրջանակներում ստեղծվող կամ օգտագործվող՝ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների արդյունավետ պաշտպանությունը, ինչը Համաձայնագրի և Համաձայնագրի 7-րդ հոդվածի 4-րդ կետում նախատեսված առանձին համաձայնագրերի առարկա է (հավելված 2, նախաբանի 1-ին պարբերություն),

- ապահովել, որ համատեղ գործունեության ՀՀ մասնակիցները համատեղ գործունեության մյուս մասնակիցներին ժամանակին տեղեկացնեն մտավոր գործունեության բոլոր արդյունքների մասին, որոնք, որպես մտավոր սեփականության օբյեկտ, ենթակա են իրավական պաշտպանության, և անհապաղ փոխգործակցեն այդ պաշտպանությունն ապահովելուն ուղղված այլ ֆորմալ գործընթացների գրանցման և կատարման նպատակներով (հավելված 2, նախաբանի 2-րդ պարբերություն),

- մտավոր գործունեության՝ համատեղ ստեղծված արդյունքների նկատմամբ իրավունքների բաշխման և մտավոր սեփականության օգտագործման մասով կիրառել և ապահովել, որ համատեղ գործունեության ՀՀ մասնակիցները կիրառեն Համաձայնագրի 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 1-ին կետում սահմանված հիմնական սկզբունքները (հավելված 2, բաժին 2, կետ 1),

- ՀՀ իրավասու և լիազորված մարմինների միջոցով ապահովել, որ պահպանվող արտադրատեսակների և տեխնոլոգիաների մասով ցանկացած համատեղ գործունեություն ՀՀ ներկայացուցիչների կողմից իրականացվի արտադրատեսակների և տեխնոլոգիաների պահպանության պլաններով նախատեսված ընթացակարգերի համաձայն, և որ այդպիսի պլանները դիտարկվեն որպես պահպանվող արտադրատեսակների և տեխնոլոգիաների պահպանվածության ու անվտանգության ապահովման միջոցների հաշվառման համակարգի անբաժանելի մաս (հավելված 3, բաժին 2, կետ 1),

- Համաձայնագրի կատարման կարգի համաձայն` ապահովել համատեղ գործունեության իրականացման շրջանակներում պահպանվող արտադրատեսակների և տեխնոլոգիաների վերջնական օգտագործման համապատասխանությունն այն դիմումներին, որոնք համատեղ գործունեության մասնակիցները, որպես ներմուծողներ և վերջնական օգտագործողներ, տրամադրում են ՀՀ իրավասու և (կամ) լիազորված մարմիններին (հավելված 3, բաժին 4, կետ 1),

- Կողմերի պետություններում տրամադրված արտահանման լիցենզիաների և (կամ) ՀՀ կողմից տրամադրված թույլտվությունների կատարման պայմանների մշտական պահպանումն ապահովելու համար համապատասխան հարցման առկայության դեպքում խորհրդապահությունը պահպանելու դեպքում փոխադարձ հիմունքներով ընձեռել պահպանվող արտադրատեսակների և տեխնոլոգիաների հետ առնչվելու կարգի հետ կապված տեսչական ստուգում անցկացնելու հնարավորություն, որի օպերատիվ կերպով անցկացնելու ղեկավար սկզբունքները և մանրամասն գործընթացները համաձայնեցվում են Կողմերի իրավասու և (կամ) լիազորված մարմինների կողմից բեռն առաքողների հետ համատեղ (հավելված 3, բաժին 5, կետ 1),

- ՀՀ իրավասու և լիազորված մարմինների միջոցով միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու համար, որ համատեղ գործունեության միայն այն մասնակիցները, որոնց` պահպանվող արտադրատեսակներին և տեխնոլոգիաներին առնչվելու ընթացակարգեր իրականացնելու իրավունքը հաստատված է արտահանող Հայաստանի Հանրապետությունում գործող կարգով, շուրջօրյա հսկվեն արտահանվող պահպանվող արտադրատեսակների և տեխնոլոգիաների հասանելիությունը դրանց տրանսպորտային փոխադրման, պահպանման, դրանց հետ կապված ցանկացած տեխնոլոգիական աշխատանքի կատարման ամբողջ ընթացքում, համապատասխան դեպքերում՝ ներառյալ պահպանվող արտադրատեսակների և տեխնոլոգիաների վերադարձն արտահանող Հայաստանի Հանրապետության տարածք կամ արտահանող Հայաստանի Հանրապետության կողմից հաստատված այլ վայր՝ պահպանվող արտադրատեսակների և տեխնոլոգիաների մասով Հայաստանի Հանրապետությունում տրված արտահանման լիցենզիաների (թույլտվությունների) և (կամ) այլ թույլտվությունների պայմաններին համապատասխան (հավելված 3, բաժին 5, կետ 3, պարբերություն 2),

- ապահովել, որ ներմուծող Կողմի պետության մաքսային մարմիններին տրամադրվեն արտահանող ՀՀ լիազորված մարմնի գրավոր երաշխիքներն այն մասին, որ կնքված բեռնարկղերում և այլ փաթեթվածքներում չի պարունակվում որևէ բեռ, որը չի վերաբերում Համաձայնագրի շրջանակներում համատեղ գործունեությանը և, որպես այդպիսին, հայտարարագրված չէ (հավելված 3, բաժին 9, պարբերություն 2),

- որպես արտահանող Կողմ` ապահովել, որ արտահանող ՀՀ ներկայացուցիչներն աջակցեն օրենսդրությամբ սահմանված միջոցառումների օպերատիվ կերպով անցկացմանը և դրանց նպատակների ապահովմանը (հավելված 3, բաժին 12, կետ 2):

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

 

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

ՆԱԽԱԳԱՀող

Ա. ԴիլանՅԱՆ

 

31 մայիսի 2022 թվականի

ՍԴՈ-1652

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հունիսի 2022 թվական:

       

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1652 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2022 թվականի մայիսի 31-ի ՍԴՈ-1652 որոշմամբ որոշել է, որ «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2022 թվականի մայիսի 31-ի ՍԴՈ-1652 որոշմանը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ հատուկ կարծիքը։

Նախ՝ հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության որոշումը» վերտառությամբ 74-րդ հոդվածի 6-րդ մասում նշված որոշումներից որևէ մեկն ընդունելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան ներկայացված դիմում։ Հակառակ դեպքում, եթե առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված դիմում կամ այն չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա Սահմանադրական դատարանն իրավասու չէ ըստ էության որոշում ընդունել միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։

Ինչպես վերը նշվեց, Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1652 որոշմամբ «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Հարկ եմ համարում ընդգծել, որ սույն հատուկ կարծիքի շրջանակներում նշված որոշմանը բովանդակային առումով անդրադառնալը հնարավոր և անհրաժեշտ չեմ համարում, քանի որ այդ որոշմանն իմ անհամաձայնության հիմքում ընկած է թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմումի բացակայությունը, որպիսի պայմաններում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ըստ էության որոշում ընդունել՝ անկախ այդ որոշման բովանդակությունից։

Այսպես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում:

Միաժամանակ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է դիմումին ներկայացվող պահանջները և Սահմանադրական դատարան դիմումի ներկայացման եղանակը։

Վերոգրյալ իրավական նորմերից հետևում է, որ Սահմանադրական դատարանում գործերի քննության միակ հնարավոր առիթը դիմումն է, որը պետք է ներկայացվի իրավասու անձի կողմից, համապատասխանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին և ներկայացված լինի թույլատրելի եղանակով։

Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով մինչև միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը, իսկ Սահմանադրության 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքում Սահմանադրական դատարան դիմում է Կառավարությունը1։

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որպես կողմի ի պաշտոնե ներկայացուցիչ՝ կարող են հանդես գալ Սահմանադրական դատարան դիմած մարմնի ղեկավարը, վիճարկվող ակտն ընդունած մարմնի ղեկավարը, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակված անձը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դիմումը Սահմանադրական դատարան է ներկայացվում գրավոր՝ իրավասու անձի կողմից ստորագրված։ Դիմումը ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Ընդ որում, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ նույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված էլեկտրոնային եղանակով դիմումները Սահմանադրական դատարան կարող են ներկայացվել Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում:

Վերը նշված իրավակարգավորումները թույլ են տալիս կատարել հետևյալ դատողությունները.

- մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը.

- այդ հարցով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը պետք է լինի իրավասու անձի կողմից ստորագրված.

- այդ հարցով դիմումը կարող է թղթային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան առանց նախապայմանների.

- այդ հարցով դիմումը կարող է էլեկտրոնային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա են համապատասխան տեխնիկական հնարավորություններ։

Կարծում եմ, որ գործող իրավակարգավորումների պայմաններում Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայությունը և դրանով պայմանավորված՝ էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու, դրանց հիման վրա գործեր քննելու Սահմանադրական դատարանի իրավասությունը պետք է հավաստվեն Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտով։ Այսինքն՝ Սահմանադրական դատարան դիմող հնարավոր սուբյեկտները (դրա իրավունքն ունեցող անձինք) Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտից պետք է իրազեկվեն, որ Սահմանադրական դատարանում առկա են էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, ինչպես նաև տեղեկանան էլեկտրոնային այն հարթակի մասին, որով Սահմանադրական դատարանն ընդունելու է էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, և միայն այդ պայմաններում անձինք կարող են էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան։

Ասվածի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ առանց համապատասխան իրավական հիմքի հնարավոր չէ միանշանակ եզրահանգում կատարել այն մասին, թե Սահմանադրական դատարանում առկա են արդյոք էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, և թե Սահմանադրական դատարանն էլեկտրոնային որ հարթակով է դիմումներ ընդունում. նման եզրահանգման հիմքում պետք է ընկած լինի Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտը։

Ավելին, Սահմանադրական դատարանի կայքում նշված է Սահմանադրական դատարանի էլեկտրոնային փոստի հասցեն, նշված են նաև Սահմանադրական դատարանի դատավորների էլեկտրոնային փոստի հասցեները։ Եթե կարելի է էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան, և վերջինս իրավասու է նման դիմումների հիման վրա գործեր քննել նաև Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտի բացակայության պայմաններում, ապա ինչպե՞ս է Սահմանադրական դատարան դիմող անձի համար պարզ լինելու, թե արդյոք նա կարող է դիմումը նաև ներկայացնել՝ այն ուղարկելով Սահմանադրական դատարանի կամ Սահմանադրական դատարանի դատավորի էլեկտրոնային փոստի հասցեով, և նման դիմումներն արդյոք Սահմանադրական դատարանը համարելու է գործի քննության առիթ։

Վերոգրյալը ևս վկայում է Սահմանադրական դատարան էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելու հնարավորության վերաբերյալ համապատասխան իրավական ակտի անհրաժեշտության մասին, որում նշված կլինի նաև էլեկտրոնային այն հարթակը, որի միջոցով դիմումների ներկայացումը Սահմանադրական դատարանը համարելու է ընդունելի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների այն գործիքակազմը, որի միջոցով Սահմանադրական դատարանում իրականացվելու է էլեկտրոնային փաստաթղթում առկա էլեկտրոնային ստորագրության իսկության ստուգումը։ Դրա միջոցով Սահմանադրական դատարան դիմող անձանց համար հստակ և կանխատեսելի կլինի ոչ միայն այն, թե Սահմանադրական դատարանի կողմից որ հարթակի միջոցով են ընդունվում էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, այլև այն, թե տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների ինչ գործիքակազմով է Սահմանադրական դատարանում պարզվում ստացված դիմումի՝ իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը։ Այսինքն՝ Սահմանադրական դատարան դիմող անձանց համար պետք է պարզ լինի նաև, թե ինչ միջոցների կիրառմամբ է Սահմանադրական դատարանում հաստատվում կամ հերքվում ներկայացված էլեկտրոնային փաստաթղթի՝ իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը, ինչը հնարավորություն կտա Սահմանադրական դատարան դիմող անձանց նախքան էլեկտրոնային եղանակով էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելը կանխատեսել, թե ինչ գնահատական է տրվելու դրանում առկա էլեկտրոնային ստորագրությանը։

Ավելին, կարծում եմ, որ անձանց համար պետք է գործնականում ապահովվեն Սահմանադրական դատարան դիմելու համանման պայմաններ, և պետք է բացառվի Սահմանադրական դատարան դիմող անձանց նկատմամբ անհավասար վերաբերմունքը՝ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու եղանակների ընտրության հարցում։ Մասնավորապես՝ էլեկտրոնային եղանակով Սահմանադրական դատարան դիմումներ ներկայացնելու հնարավորության ապահովումը կոչված է խթանելու սահմանադրական արդարադատության փաստացի մատչելիությունը՝ խնայելով Սահմանադրական դատարան դիմումներ ներկայացնելու համար ծախսվող նյութական և ժամանակային ռեսուրսները։ Սահմանադրական դատարան դիմումների ներկայացման էլեկտրոնային հարթակի գործարկումը կարող է ապահովել դրանց ներկայացման առավել պարզ և արագ ընթացակարգ։ Հետևաբար Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելու հնարավորությունը պետք է ապահովվի Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր անձանց համար։

Ըստ այդմ, եթե Սահմանադրական դատարանն ընդունելի է համարում էլեկտրոնային եղանակով դիմումների ներկայացումը (որն անվերապահորեն ընդունելի է նաև իմ կողմից), ապա այդ հնարավորությունը պետք է հավասարապես վերագրելի լինի Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր անձանց, այսինքն՝ կա՛մ Սահմանադրական դատարանում առկա չեն համապատասխան տեխնիկական հնարավորություններ, և որևէ անձ չի կարող դիմումը ներկայացնել էլեկտրոնային եղանակով, կա՛մ նման տեխնիկական հնարավորություններ առկա են, և Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր անձինք կարող են դիմում ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով՝ Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտում նշված՝ էլեկտրոնային մեկ կամ մի քանի հարթակների միջոցով։

Տվյալ դեպքում սույն գործի նյութերում առկա է թղթային տարբերակով դիմում, որի վրա առկա չէ դիմողի ստորագրություն։ Միաժամանակ պարզվել է, որ Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումը ներկայացվել է «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգով այն դեպքում, երբ առկա չէ Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության մասին Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտ, որում նշված կլինի նաև, որ Սահմանադրական դատարանն ընդունելի է համարում «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումը։ Ընդ որում, այդ դեպքում էլեկտրոնային որևէ հարթակի միջոցով Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու հնարավորությունը պետք է ապահովվեր Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր, այդ թվում՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար։

Միաժամանակ հաշվի առնելով, որ սույն գործի նյութերում առկա դիմումի թղթային օրինակում բացակայում է որևէ ստորագրություն և Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումի վրա առկա է էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված լինելու մասին նշում, հարկ եմ համարում անդրադառնալ Սահմանադրական դատարան էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելու հարցին։

Այսպես՝ էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման ընթացքում ծագող իրավահարաբերությունները կարգավորվում են «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքով։

Նշված օրենքի 2-րդ հոդվածով սահմանված են այդ իրավական ակտում օգտագործվող, ի թիվս այլնի, հետևյալ հիմնական հասկացությունները.

Էլեկտրոնային փաստաթուղթ՝ տեղեկություն գրանցված նյութական կրիչի վրա էլեկտրոնային եղանակով, վավերացված էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Էլեկտրոնային փաստաթուղթը ստեղծվում, մշակվում և պահպանվում է տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների օգտագործմամբ.

էլեկտրոնային թվային ստորագրություն՝ էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման տվյալների և տվյալ էլեկտրոնային փաստաթղթի տեղեկատվության կրիպտոգրաֆիկական փոխակերպությունների միջոցով ստացված և էլեկտրոնային թվային ձևով ներկայացված պայմանանշանների եզակի հաջորդականություն, որը կցված կամ տրամաբանորեն կապված է էլեկտրոնային փաստաթղթի հետ և օգտագործվում է ստորագրող անձին նույնականացնելու, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթուղթը կեղծիքներից ու աղավաղումներից պաշտպանելու համար.

էլեկտրոնային փաստաթուղթը ստորագրող անձ (այսուհետ՝ ստորագրող անձ)՝ ֆիզիկական անձ, որի (կամ այն անձի, որին նա ներկայացնում է) անունով տրամադրվել է էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը.

էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալներ (այսուհետ՝ ստուգման տվյալներ)՝ պայմանանշանների ուրույն հաջորդականություն, որն օգտագործվում է յուրաքանչյուր էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը հաստատելու համար.

էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման միջոցներ՝ ապարատային և/կամ ծրագրային միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս ստուգել էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը` օգտագործելով էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալները.

էլեկտրոնային թվային ստորագրության իսկություն՝ էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.

Նույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթն ունի նույն իրավական նշանակությունը, ինչ որ անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, եթե հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը և չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար, իսկ նույն հոդվածի 3-րդ պարբերության համաձայն՝ պետական, տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք, կազմակերպությունները պարտավոր չեն ընդունել էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթղթեր, եթե նրանք չունեն համապատասխան տեխնիկական միջոցներ:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի վկայակոչված իրավական նորմերի վերլուծության արդյունքում կարելի է արձանագրել, որ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված, էլեկտրոնային փաստաթուղթ համարվող դիմումն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի իրավասու անձի կողմից ձեռագիր ստորագրված դիմումը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, այսինքն՝ առկա է էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման հնարավորություն և կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.

- չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:

Վերոգրյալի հաշվառմամբ կարծում եմ, որ «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումն ընդունելի համարելու պայմաններում անգամ սույն դեպքում գործի քննության առիթ համարված դիմումին կարող էր տրվել դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն միայն վերը նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումն իսկապես ստորագրվել է դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ Սահմանադրական դատարանում էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը ստուգելու տեխնիկական հնարավորությունների առկայության մասին իրավական ակտի բացակայության պայմաններում կարծում եմ, որ ներկայացված դիմումը պետք է համարվեր իրավասու անձի կողմից չստորագրված, ուստի պետք է վրա հասնեին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, այն է՝ դիմողը պետք է եռօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվեր դիմումի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածին անհամապատասխանության մասին, ինչի արդյունքում դիմողը նաև կկարողանար օգտվել դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու օրենսդրական հնարավորությունից։

Միաժամանակ, եթե Սահմանադրական դատարանը համարել է, որ սույն դեպքում առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, որն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, ապա կարծում եմ, որ նման եզրահանգում կատարելու համար սույն գործում առնվազն պետք է առկա լիներ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից կազմված փաստաթուղթ այն մասին, որ տվյալ դեպքում իսկապես առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, և Սահմանադրական դատարանի աշխատակազմը ստուգել է ստորագրության իսկությունը՝ պարզելով, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ սույն գործում նման փաստաթղթի բացակայության պայմաններում անհասկանալի է, թե ինչպես է սույն գործի քննության առիթ համարված դիմումին տրվել դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն, այլ կերպ՝ ներկայացված փաստաթուղթն ինչ հիմքով է համարվել իրավասու անձի կողմից ստորագրված։

Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ սույն գործով առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմում, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ընդունել ըստ էության որոշում։ Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նաև առկա չէին ինչպես գործի քննությունը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքեր։ Կարծում եմ, որ տվյալ դեպքում սահմանադրական դատավարության կողմը չի կարող զրկվել սահմանադրական արդարադատություն ստանալու իրավունքից, քանի որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից նրան պետք է տրամադրվեր օրենքով սահմանված ժամկետը՝ առկա թերությունները շտկելու և դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար։

__________________

1 Համանման իրավական կարգավորում է սահմանում նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասը։

                

ԴԱՏԱՎՈՐ՝

 Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

      

«31» մայիսի 2022 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունիսի 2022 թվական: