Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-122
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (20.08.1998-01.08.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.07.27/47.1
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.06.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.06.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.08.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
Հանրապետության Նախագահի
առարկություններով և առաջարկություններով
23 հունիսի 1997 թ.

 

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

 

Հոդված 1. Ակցիզային հարկը պետական բյուջե վճարվող անուղղակի հարկ է:

 

Հոդված 2. Ակցիզային հարկ վճարում են` ձկան խավիար, գարեջուր, խաղողի և այլ գինիներ, գինենյութ, սպիրտ և սպիրտային խմիչքներ, սիգարներ, սիգարելաներ և սիգարետներ` ծխախոտով կամ դրա փոխարինողներով, բենզին, դիզելային վառելիք, բնական կաշվից հագուստ և հագուստի պարագաներ, բնական մորթի, դրանից պատրաստված իրեր (բացի ոչխարի մորթուց կարված բանվորական և զինվորական կիսավերարկուներից), բյուրեղապակյա և ճենապակյա արտադրանք, ոսկերչական իրեր, զարդեղեն (բիժուտերիա), Հայաստանի Հանրապետությունում արտադրող-իրացնող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծող ֆիզիկական անձինք, իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (այսուհետ` վճարողներ):

Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում չստացած պատվիրատուի կողմից տրված հումքից Հայաստանի Հանրապետության տարածքում պատրաստվող (արտադրվող) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների (արտադրանքի) համար հարկ վճարող է հանդիսանում այդ ապրանքները պատրաստողը (արտադրողը):

(2-րդ հոդվածը փոփ. 06.07.98 ՀՕ-238)

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ ԵՎ ՀԱՐԿՎՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 3. Ակցիզային հարկը վճարվում է հարկման ենթակա ապրանքների իրացման հասույթից:

Ակցիզային հարկով հարկման ենթակա` Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների համար հարկվող օբյեկտ է հանդիսանում դրանց իրացման շրջանառությունը` բացթողման գներով (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի):

Ակցիզային հարկով հարկման ենթակա` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար հարկվող օբյեկտ է հանդիսանում այդ ապրանքները ներմուծողի (հայտարարատուի) կողմից հայտարարագրված մաքսային արժեքը (առանց ավելացված արժեքի հարկի և մաքսատուրքի):

Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներով աշխատանքի բնեղեն վարձատրության, դրանց փոխանակության, անհատույց (մասնակի հատուցմամբ) տրամադրման դեպքերում հարկվող շրջանառությունը հաշվարկվում է` ելնելով տվյալ հարկ վճարողի գործունեությամբ ձևավորված բացթողման գներից (դրանց բացակայության դեպքում` սովորաբար կիրառվող գներից):

 

Հոդված 4. Ակցիզային հարկով չեն հարկվում`

ա) Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների իրացումը.

բ) դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների պաշտոնական օգտագործման նպատակով ներմուծվող կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները.

գ) քաղաքացիների կողմից ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները` օրենքով սահմանված կարգով բնաիրային կամ գումարային չափը չգերազանցելու դեպքում.

դ) Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող ապրանքները.

ե) օրենսդրությամբ սահմանված կարգով մարդասիրական օգնության շրջանակներում և բարեգործական նպատակներով ներմուծվող ապրանքները.

զ) օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային հսկողության ներքո Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծվող ապրանքները.

է) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից ժամանակավորապես արտահանված ներմուծվող ապրանքները:

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Հոդված 5. Սահմանել ակցիզային հարկի հետևյալ դրույքաչափերը.

Արտադրանքի ծածկագիրը
ըստ ԱՏԳ ԱԱ

Ապրանքախմբի անվանումը

Դրույքաչափը (%)

1

2

3

1604  30  100 ձկան խավիար

200

2203 գարեջուր

50

2204, 2205, 2206 խաղողի և այլ գինիներ, գինենյութ

50

2207, 2208 սպիրտ և սպիրտային խմիչքներ

125

2402 սիգարներ, սիգարելաներ և սիգարետներ`
ծխախոտով կամ դրա փոխարինողներով

100

2710  00  270 բենզին

35

2710  00  290    
2710  00  320    
2710  00  340    
2710  00  360    
2710  00  690 դիզելային վառելիք

10

4203 հագուստ և հագուստի պարագաներ
բնական կաշվից

25

43 01, 43 02, 43 03 բնական մորթի, դրանից պատրաստած իրեր

25

4303 10 300 այդ թվում` ոչխարի մորթուց կարված
բանվորական և զինվորական կիսավերարկուներ

0

6911, 7013  31 բյուրեղապակյա և ճենապակյա արտադրանք

25

7113, 7114, 7115,
7116, 7117
ոսկերչական իրեր, զարդեղեն (բիժուտերիա)

15

Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար օրենքով կարող են սահմանվել ակցիզային հարկի հաստատագրված վճարներ:

(5-րդ հոդվածը փոփ. 24.09.97 ՀՕ-140, 06.07.98 ՀՕ-238)

 

Գ Լ ՈՒ Խ  IV

 

ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Հոդված 6. Ակցիզային հարկի վճարվելիք գումարը հաշվարկվում է վճարողի կողմից ինքնուրույն, ելնելով`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացման շրջանառությունից և սահմանված դրույքաչափերից.

բ) ակցիզային հարկով հարկման ենթակա` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքից և սահմանված դրույքաչափերից: Ընդ որում, 2203 ծածկագրին դասվող ապրանքների յուրաքանչյուր լիտրի համար ակցիզային հարկի գումարը չպետք է պակաս լինի 0,35 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարից, 2204, 2205 և 2206 ծածկագրերին դասվող ապրանքների յուրաքանչյուր լիտրի համար` 0,5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարից, 2207 ծածկագրին դասվող ապրանքների 100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկված յուրաքանչյուր լիտրի համար` 1.2 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամից, 2208 ծածկագրին դասվող ապրանքների 100 տոկոսանոց սպիրտի յուրաքանչյուր լիտրի համար` 3.75 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարից, 2710 00 270, 2710 00 290, 2710 00 320, 2710 00 340 և 2710 00 360 ծածկագրերին դասվող ապրանքների յուրաքանչյուր տոննայի համար` 60 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարից, իսկ 2710 00 690 ծածկագրին դասվող ապրանքների յուրաքանչյուր տոննայի համար` 15 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարից:

(6-րդ հոդվածը փոփ. 24.09.97 ՀՕ-140)

 

Հոդված 7. Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող-իրացնող վճարողներն ակցիզային հարկ վճարում են արտադրանքի իրացմանը հաջորդող տասը աշխատանքային օրվա ընթացքում: Պետական գնումները և պետական պատվերը կարգավորող օրենքներին կամ իրավական այլ ակտերին համապատասխան արտադրանքի մատակարարման գծով ակցիզային հարկը վճարվում է այդ արտադրանքի դիմաց վճարմանը հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում:

Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ակցիզային հարկի վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան մաքսային մարմիններում, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, ներմուծման օրվանից տասը օրվա ընթացքում:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող` ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման կարգ: Այդ դեպքում ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը դիտվում է որպես ակցիզային հարկի կանխավճար:

(7-րդ հոդվածը լրաց. 18.03.98 ՀՕ-205)

 

Հոդված 8. Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող-իրացնող վճարողների կողմից Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց սույն օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարը պակասեցվում է նրանց կողմից վճարման ենթակա ակցիզային հարկի ընդհանուր գումարից:

Արտադրող-իրացնող չհանդիսացող իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կամ անհատ ձեռներեցների կողմից արտահանվող ապրանքների դիմաց Հայաստանի Հանրապետությունում վճարված, ինչպես նաև արտադրող-իրացնողների կողմից սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգով հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումարները վերադարձվում են նրանց կամ հաշվանցվում նրանց այլ հարկային պարտավորությունների հաշվին` հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 9. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններին ակցիզային հարկի վճարման ամսական հաշվարկները վճարողների կողմից ներկայացվում են միայն ակցիզային հարկով հարկման ենթակա` Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ից ոչ ուշ:

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 10. Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը ընդունում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը, իսկ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մասով` Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1992 թվականի հունիսի 6-ի «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:

 

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 1-ից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
24 հունիսի 1997 թ.
ՀՕ-122