Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (08.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 21.06.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
08.04.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

             

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

        

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/1659/02/19

2022 թ.    

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/1659/02/19

Նախագահող դատավոր՝  Ա. Խառատյան

Դատավորներ՝ 

 Ս. Թորոսյան

 Դ. Սերոբյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

  

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

             

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի ապրիլի 08-ին

   

գրավոր ընթացակարգով քննելով Անիկ Մանուկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Անիկ Մանուկյանի ընդդեմ Օլգա Շչերբակովայի՝ անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու և այդ մասով պատասխանողի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Օլգա Շչերբակովայի ընդդեմ Անիկ Մանուկյանի՝ գույքի ապօրինի տիրապետումը դադարեցնելու պահանջի մասին

 

Պ Ա Ր Զ Ե Ց

      

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Անիկ Մանուկյանը պահանջել է  ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 115 հասցեում գտնվող 11-003-0134-0082 կադաստրային ծածկագրի տակ հաշվառված թիվ 002 կոդով գրառված Անիկ Մանուկյանի կողմից կառուցված 36,59քմ մակերեսով բնակելի տան, թիվ 0036 կոդով գրառված 21,27քմ մակերեսով շվաքարանի և դրան կից գտնվող 138քմ մակերեսով հողամասի նկատմամբ և որպես հետևանք այդ մասով անվավեր ճանաչել Օլգա Շչերբակովայի անվամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Օլգա Շչերբակովան պահանջել է դադարեցնել վեճի առարկա գույքի ապօրինի տիրապետումը Անիկ Մանուկյանի կողմից՝ այն վերադարձնելով գույքի սեփականատեր Օլգա Շչերբակովային, պահանջել է նաև դատական ակտ կայացնելիս անդրադառնալ դատական ծախսերի բաշխման հարցին և հակընդդեմ հայցով պատասխանող Անիկ Մանուկյանից հօգուտ Օլգա Շչերբակովայի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ի. Բաղմանյան) (այսուհետ` Դատարան) 14.07.2020 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել։

 ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.11.2020 թվականի որոշմամբ Անիկ Մանուկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.07.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անիկ Մանուկյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 60-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 11-րդ, 66-րդ, 378-րդ, 379-րդ, 381-րդ  հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 172-րդ, 187-րդ, 274-րդ, 297-րդ, 280-րդ  հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի որոշումն ապօրինի է և անարդար, այն չի բխում արդարադատության շահերից, հիմնված է թերի և ոչ օբյեկտիվ քննությամբ հանգած սխալ ու միակողմանիորեն արված եզրահանգումների, համադրությունների ու պարզաբանումների վրա, որի արդյունքում Վերաքննիչ դատարանը հայցվորին զրկել է դեռևս 1994 թվականին իր իսկ կառուցած տանից  ու դարձրել է անօթևան: Վերաքննիչ դատարանը խախտել է հայցվորի սահմանադրական և քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները և զրկել է տանից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 115 հասցեում գտնվող և վեճի առարկա հանդիսացող այդ տնատիրությունը՝ բնակելի երկու տներն ու դրանց կից հողամասերը  բարեխղճորեն, բացահայտանընդմեջ  շուրջ 23 տարի կառավարել, օգտագործել ու տիրապետել է ու տիրապետում է մինչ օրս, որպիսի հանգամանքը փաստել է թաղամասի բնակչությունը, որոնցից Անուշ Հարությունյանը, Սիրանուշ Սանթրոսյանը, Սվետլանա Օհանյանը, Վասիլի Սեմյոնովը դեռևս 2020 թվականի ապրիլի 27-ին տվել են հայտարարությունները, որոնք ներկայացվել են Դատարան:

Վերաքննիչ դատարանն իր հետազոտությունների արդյունքում կրկնել է Դատարանի պատճառաբանությունները և հանգել է նույն հետևությանը։ Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև գործում առկա այն փաստական հանգամանքները, որ դեռևս 1980-ական թվականների վերջերին և 1990-ական թվականի սկզբներին, Դիլիջանի քաղխորհրդի գործկոմի որոշմամբ վիճելի տնատիրության տարածքը և դրան հարող հողատարածքները հատկացվել են թիվ 3-րդ դպրոցին՝ շինարարության համար, իսկ Շչերբակովներին տրվել է փոխհատուցում՝ այլ վայրերում հատկացնելով բնակարաններ։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.11.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Թիվ 1449947 սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենի համաձայն՝ քաղաք Դիլիջան, Կալինին փողոց թիվ 115 հասցեում գտնվող տնատիրությունը՝ 11-003-134-082 կադաստրային ծածկագրով 0,0475 հա հողամասը, 11-003-134-082-001 կադաստրային ծածկագրով 90,1 քմ մակերեսով բնակելի տունը, 134-082-002 կադաստրային ծածկագրով 30 քմ մակերեսով գոմը, 134-082-003 կադաստրային ծածկագրով 20քմ մակերեսով ծածկը սեփականության իրավունքով պատկանել է Իվան Շչերբակովին (Հիմք՝ ժառանգության իրավունքի վկայագիր, սեղ. 1-525, 10.04.1986թ.) (հատոր 1-ին, գ.թ 9-10):

2) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 14092017-11-0009 վկայականի համաձայն՝ Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան, Կալինինի փողոց, թիվ 115 հասցեում գտնվող 11-003-134-082 կադաստրային ծածկագրով 0,0475 հա հողամասի, 11-003-134-082-001 կադաստրային ծածկագրով 107քմ մակերեսով բնակելի տան, 11-003-0134-082-002-000 կադաստրային ծածկագրով 30քմ մակերեսով անասնաշենքի, 11-003-0134-082-003 կադաստրային ծածկագրով 20քմ մակերեսով ծածկի նկատմամբ գրանցված է Օլգա Պավելի Շչերբակովայի սեփականության իրավունքը (Հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, սեղ. թիվ 1632, 11.09.2017թ.) (հատոր 1-ին, գ.թ 11)

3) Դիլիջանի քաղխորհրդի գործկոմի  թիվ 17 թաղային կոմիտեի նախագահ Թ. Հակոբյանի կողմից 04.04.2013 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝  Անիկ Մանուկյանը 1994 թվականից մինչև 2009 թվականը փաստացի համատեղ  ամուսնությամբ բնակվել է Բորիս Վասիլիի Շչերբակովի հետ Կալինինի փողոցի թիվ 115 հասցեում: Բորիս Շչերբակովը 2006 թվականին տարել է ծանր վիրահատություն, որի ընթացքում  նրան խնամել է Անիկ Մանուկյանը կատարելով  նաև բոլոր ծախսերը: 2009 թվականին Բորիս Շչերբակովը վախճանվել է: Թաղման բոլոր ծախսերը հոգացել է կինը՝ Անիկ Մանուկյանը՝ կառուցելով նաև գերեզմանը և շիրմաքարը (հատոր 1-ին, գ.թ 33):

4) Դիլիջանի քաղխորհրդի գործկոմի  թիվ 17 թաղային կոմիտեի նախագահ Թ. Հակոբյանի կողմից 04.04.2013 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝  Անիկ Մանուկյանը (ծնված 1961թ.) 1994 թվականից մինչև 2009 թվականը փաստացի բնակվել է Կալինինի փողոցի թիվ 115 հասցեում Բորիս Վասիլի Շչերբակովի հետ համատեղ ամուսնությամբ, իրենց համատեղ կյանքի  ընթացքում կառուցած տանը: Նրանք վարել են  համատեղ տնտեսություն մինչև Բորիս Շչերբակովի մահը: Ամուսնու մահից հետո Անիկ Մանուկյանը շարունակում է բնակվել Կալինինի փողոցի թիվ 115 հասցեում (հատոր 1-ին, գ.թ 34):

5) Թիվ ԱԱ167468 մահվան վկայականի համաձայն՝ Բորիս Շչերբակովը մահացել է 11.05.2009 թվականին (հատոր 1-ին, գ.թ 14):

6) Չափագրող  Արմեն Մանուչարյանի կողմից 28.02.2020 թվականին տրված եզրակացության համաձայն՝ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 115  հասցեի սեփականության իրավունքի վկայականի տվյալները մասնակի չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես  վկայականում նշված անասնաշենքն իրականում բնակելի տուն է, որտեղ բնակվում է Անիկ Մանուկյանը: Վկայականում նշված 11-003-0134-082-002-000 կադաստրային ծածկագրով 30 քմ մակերեսով անասնաշենքի փոխարեն առկա է բնակելի տուն 6.51քմ, 16.92քմ, 8.12 քմ մակերեսով սենյակներ,  5.04 քմ սանհանգույց և 21.27 քմ շվաքարան (հատոր 2-րդ, գ.թ 64-72):

7) Գործում առկա ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի  բնակիչներ Անուշ Հարությունյանի, Սվետլանա Օհանյանի, Սիրանուշ Սանթրոսյանի, Վասիլի Սեմյոնովի կողմից 2020 թվականին տրված և Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի կողմից հաստատված հայտարարության համաձայն՝ Անիկ Մանուկյանը դեռևս 1994 թվականից  գտնվել է փաստական ամուսնական հարաբերությունների մեջ Կալինինի փողոցի թիվ 115 հասցեի տան բնակիչ Բորիս Շչերբակովի հետ: Ամուսիններով այդ նույն հասցեում կառուցել են բնակելի տուն: Ամուսինը մահացել է 2009 թվականին, որից հետո Անիկ Մանուկյանը  շարունակել է բնակվել նույն հասցեում, բարեխղճորեն ու բացահայտ տիրապետել ու օգտագործել է ամբողջ տնատիրությունը, խնամել ու պահպանել է բնակելի տներն ու հողամասը, որպես իր սեփական գույք (հատոր 2-րդ, գ.թ 121):

8) Անիկ Լադիկի Մանուկյանը և Բորիս Շչերբակովը 1994 թվականից գտնվել են փաստական ամուսնական հարաբերությունների մեջ: Անիկ Մանուկյանը 1994 թվականից մինչև Բորիս Շչերբակովի մահը՝ 11.05.2009 թվականը, բնակվել է և առ այսօր բնակվում է Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան, Կալինինի փողոց թիվ 115 հասցեում գտնվող տնատիրության 11-003-0134-082-002-000 կադաստրային ծածկագրով 30քմ մակերեսով անասնաշենքի վրա կառուցված բնակելի տանը, օգտագործում 11-003-0134-082-003 կադաստրային ծածկագրով 20քմ մակերեսով ծածկը և 11-003-134-082 կադաստրային ծածկագրով 0,0475 հա հողամասից 138քմ մակերեսով հողամասը (անվիճելի փաստեր)։

9) ՀՀ Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան, Կալինինի փողոց թիվ 115 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր Օլգա Շչերբակովան 2019 թվականին դիմել է ոստիկանություն՝ Անիկ Մանուկյանին իրեն պատկանող անշարժ գույքից վտարելու պահանջով (անվիճելի փաստ), իսկ 06052020 թվականին ներկայացրել է հակընդդեմ հայցադիմում:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից սխալ է մեկնաբանվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետը, ինչպես նաև թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ բարեխղճության պայմանի դրսևորման առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումները։

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մաuին գրավոր հայտարարելով կամ այնպիuի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, oգտագործումից և տնoրինումից նրա մեկուuացման մաuին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն)։

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց։

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը։ Մասնավորապես դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ։ Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս։ Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման։ Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով։ Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում։ Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ։ Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի։ Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե´ս, Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պայմանների վերաբերյալ իր նախկին դիրքորոշումը, անդրադարձել է այդ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին և արձանագրել է, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:\

Ըստ էության, օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:

Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը` որպես սեփականությունից հրաժարվելու հիմք, կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև` սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):

Անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը:

ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին:

Բարեխղճության ծագումը, ինչպես և մյուս պայմանները կարևորվում են գույքի փաստացի տիրապետման անցնելու պահին: Այդուհանդերձ, առանձին դեպքերում բարեխղճությունը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այլ կերպ` գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին այն ձեռք բերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը և ծագել ավելի ուշ: Նման դեպքերում ինքնին չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքը սկսվում է ոչ թե գույքի փաստացի տիրապետմանն անցնելու պահից, այլ՝ տիրապետման ընթացքում բարեխիղճ դառնալու պահից: Վերջինս էլ ըստ էության նշանակում է, որ գույքն այդ պահից է անցել անձի տիրապետմանը, և անցման պահին անձը եղել է բարեխիղճ (տե՛ս, Նունե Մովսեսյանն ընդդեմ Վարդանուշ և Լուսինե Թորոսյանների, Օֆելյա Բոդուրյանի թիվ ԵԿԴ/0532/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ  միայն այն հանգամանքը, որ Անիկ Մանուկյանը 1994 թվականից մինչև Բորիս Շչերբակովի մահվան ժամանակը՝ 2009 թվականը, վերջինիս հետ գտնվել է փաստական ամուսնական հարաբերությունների մեջ, նրա հետ միասին զբացեցրել և օգտագործել է վեճի առարկա անշարժ գույքը, բավարար չէ գնահատելու, որ նրա մոտ ևս առկա է եղել հիմնավորված համոզմունք, որ ինքը ևս հանդիսանում է վեճի առարկա անշարժ գույքի բարեխիղճ տիրապետող, քանի որ վեճի առարկա անշարժ գույքն ի սկզբանե Բորիս Շչերբակովի տիրապետմանն անցնելու պայմաններում նման համոզմունք կարող էր ձևավորվել միայն վերջինիս մոտ: Դատարանը նաև գտել է, որ Անիկ Մանուկյանի մոտ վիճելի անշարժ գույքը տիրապետելու բարեխղճությունը կարող էր ձևավորվել առնվազն 2011 թվականից սկսած, երբ գույքի սեփականատեր Իվան Շչերբակովը, Հայաստանի Հանրապետություն ժամանելով, արդեն իսկ տեղյակ է եղել, որ իրեն պատկանող անշարժ գույքի մի մասն օգտագործվում և տիրապետվում է Անիկ Մանուկյանի կողմից, սակայն նման պայմաններում Անիկ Մանուկյանը վեճի առարկա անշարժ գույքը չի տիրապետել տասը տարի և անընդմեջ այնքանով, որքանով Օլգա Շչերբակովան 14.09.2017 թվականին դառնալով վիճելի գույքի գրանցված սեփականատեր, 2019 թվականին դիմել է ոստիկանություն՝ Անիկ Մանուկյանին վեճի առարկա անշարժ գույքից վտարելու պահանջով:

Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով  Դատարանի եզրահանգումները, նույնաբովանդակ պատճառաբանությամբ մերժել է Անիկ Մանուկյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել   անփոփոխ:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունի գույքի սեփականատիրոջ կողմից անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելու հանգամանքը: Սեփականատիրոջ կողմից իր գույքից հրաժարվելու մասին կարող է վկայել ոչ միայն նրա կողմից այդ գույքից հրաժարվելու մասին գրավոր ապացույցը, այլև դրա բացակայության դեպքում վեճի առարկա գույքի սեփականատիրոջ հետագա գործողությունները (անգործությունը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հատկապես ընդգծել, որ թիվ ԵԿԴ/0532/02/15 քաղաքացիական գործով 27.12.2017 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին:

Վերաքննիչ դատարանի եզրահանգումներից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը կարևորել է, որ Իվան Շչերբակովը՝ 2011 թվականին ժամանելով Հայաստանի Հանրապետություն տեղեկացել է, որ իրեն պատկանող անշարժ գույքի մի մասն օգտագործվում և տիրապետվում է Անիկ Մանուկյանի կողմից: Մինչդեռ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ վերը վկայակոչված որոշմամբ արտահայտած դիրքորոշումները վկայում են այն մասին, որ Վերաքննիչ դատարանի կողմից պետք է արժևորվեր այն հանգամանքը, թե Իվան Շչերբակովը 1994 թվականից գույքը հանձնելով եղբորը՝  Բորիս Շչերբակովին, ձեռնարկել՞ է արդյոք միջոցներ՝ ուղղված նրան պատկանող գույքի պահպանությանը և դրսևորել՞ է արդյոք վերջինս՝ որպես սեփականատեր  իր գույքի հանդեպ հետևողական վերաբերմունք, թե՝ ոչ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից հաշվի չի առնվել ՀՀ վճռաբեկ դատարանի՝ վերը վկայակոչված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումն առ այն, որ վեճի առարկա գույքը տիրապետողի բարեխղճությունը կարող է պայմանավորվել գույքի սեփականատիրոջ անգործությամբ, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, գույքի սեփականատիրոջ վարքագիծը և վիճելի գույքը տիրապետողի գործողությունների նկատմամբ դրսևորված վերաբերմունքը գնահատելու փոխարեն կարևորել է հայցվորի և հանգուցյալ Բորիս Շչերբակովի  փաստական ամուսիններ լինելու հանգամանքը։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդյունքում Վերաքննիչ դատարանը պատշաճ կերպով չի գնահատել սույն գործով ներկայացված ապացույցները: Այսպես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ Անիկ Մանուկյանը և Բորիս Շչերբակովը 1994 թվականից գտնվել են փաստական ամուսնական հարաբերությունների մեջ: Անիկ Մանուկյանը 1994 թվականից մինչև Բորիս Շչերբակովի մահը՝ 11.05.2009 թվականը, բնակվել և առ այսօր բնակվում է Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան, Կալինինի փողոց թիվ 115 հասցեում գտնվող տնատիրության 11-003-0134-082-002-000 կադաստրային ծածկագրով 30քմ մակերեսով անասնաշենքի վրա կառուցված բնակելի տանը, օգտագործում 11-003-0134-082-003 կադաստրային ծածկագրով 20քմ մակերեսով ծածկը և 11-003-134-082 կադաստրային ծածկագրով 0,0475 հա հողամասից 138քմ մակերեսով հողամասը։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները գործում առկա ապացույցները չեն ենթարկել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման՝ հաշվի առնելով դրանց համակցությունը, փոխադարձ կապը և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, որի արդյունքում սույն գործով չի պարզվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով սահմանված՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման անհրաժեշտ բոլոր պայմանների առկայությունը կամ բացակայությունը, ուստի առկա է սույն գործի նոր քննության անհրաժեշտություն։

 

 Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու։

 

 Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը համապատասխան ստորադաս ատյան նոր քննության ուղարկելու լիազորությունը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով սահմանված՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման անհրաժեշտ բոլոր պայմանների առկայությունը կամ բացակայությունը սույն որոշմամբ արտահայտած դիրքորոշումների համատեքստում պարզելու համար:

  

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

  

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

  

Ո Ր Ո Շ Ե Ց

   

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19112020 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

           

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

  

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

08.04.2022թ.

  

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՏԴ/1659/02/19 քաղաքացիական գործով 08.04.2022 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

     Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), գրավոր ընթացակարգով քննելով Անիկ Մանուկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2020  թվականի որոշման դեմ՝ Անիկ Մանուկյանն ընդդեմ Օլգա Շչերբակովայի՝ անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու և այդ մասով պատասխանողի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Օլգա Շչերբակովայի ընդդեմ Անիկ Մանուկյանի՝ գույքի ապօրինի տիրապետումը դադարեցնելու պահանջի մասին, որոշել է. «Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2020  թվականի որոշումը և  գործն ուղարկել ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության»:

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Մ. Դրմեյանս համաձայն չլինելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 08.04.2022 թվականին թիվ ՏԴ/1659/02/19 քաղաքացիական գործով կայացված որոշման (այսուհետ՝ Որոշում) պատճառաբանական և եզրափակիչ մասերում կատարված եզրահանգումների հետ, ղեկավարվելով  ՀՀ քաղաքացիական  դատավարության  օրենսգրքի  27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիքը Որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Անիկ Մանուկյանը պահանջել է  ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 115 հասցեում գտնվող 11-003-0134-0082 կադաստրային ծածկագրի տակ հաշվառված թիվ 002 կոդով գրառված Անիկ Մանուկյանի կողմից կառուցված 36,59քմ մակերեսով բնակելի տան, թիվ 0036 կոդով գրառված 21,27քմ մակերեսով շվաքարանի և դրան կից գտնվող 138քմ մակերեսով հողամասի նկատմամբ և որպես հետևանք այդ մասով անվավեր ճանաչել Օլգա Շչերբակովայի անվամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Օլգա Շչերբակովան պահանջել է դադարեցնել վեճի առարկա գույքի ապօրինի տիրապետումը Անիկ Մանուկյանի կողմից՝ այն վերադարձնելով գույքի սեփականատեր Օլգա Շչերբակովային, պահանջել է նաև դատական ակտ կայացնելիս անդրադառնալ դատական ծախսերի բաշխման հարցին և հակընդդեմ հայցով պատասխանող Անիկ Մանուկյանից հօգուտ Օլգա Շչերբակովայի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ի. Բաղմանյան) (այսուհետ` Դատարան) 14.07.2020 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել։

 ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.11.2020 թվականի որոշմամբ Անիկ Մանուկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.07.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անիկ Մանուկյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 60-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 11-րդ, 66-րդ, 378-րդ, 379-րդ, 381-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ,  172-րդ, 187-րդ, 274-րդ, 297-րդ, 280-րդ  հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի որոշումն ապօրինի է և անարդար, այն չի բխում արդարադատության շահերից, հիմնված է թերի և ոչ օբյեկտիվ քննությամբ հանգած սխալ ու միակողմանիորեն արված եզրահանգումների, համադրությունների ու պարզաբանումների վրա, որի արդյունքում Վերաքննիչ դատարանը հայցվորին զրկել է դեռևս 1994 թվականին իր իսկ կառուցած տանից  ու դարձրել է անօթևան: Վերաքննիչ դատարանը խախտել է հայցվորի սահմանադրական և քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները և զրկել է տանից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 115 հասցեում գտնվող և վեճի առարկա հանդիսացող այդ տնատիրությունը՝ բնակելի երկու տներն ու դրանց կից հողամասերը  բարեխղճորեն, բացահայտ,  անընդմեջ  շուրջ 23 տարի կառավարել, օգտագործել ու տիրապետել է ու տիրապետում է մինչ օրս, որպիսի հանգամանքը փաստել է թաղամասի բնակչությունը, որոնցից Անուշ Հարությունյանը, Սիրանուշ Սանթրոսյանը, Սվետլանա Օհանյանը, Վասիլի Սեմյոնովը դեռևս 2020 թվականի ապրիլի 27-ին տվել են հայտարարությունները, որոնք ներկայացվել են Դատարան:

Վերաքննիչ դատարանն իր հետազոտությունների արդյունքում կրկնել է Դատարանի պատճառաբանությունները և հանգել է նույն հետևությանը։ Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև գործում առկա այն փաստական հանգամանքները, որ դեռևս 1980-ական թվականների վերջերին և 1990-ական թվականի սկզբներին, Դիլիջանի քաղխորհրդի գործկոմի որոշմամբ վիճելի տնատիրության տարածքը և դրան հարող հողատարածքները հատկացվել են թիվ 3-րդ դպրոցին՝ շինարարության համար, իսկ Շչերբակովներին տրվել է փոխհատուցում՝ այլ վայրերում հատկացնելով բնակարաններ։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.11.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։

 

3. Սույն գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Թիվ 1449947 սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենի համաձայն՝ քաղաք Դիլիջան, Կալինին փողոց թիվ 115 հասցեում գտնվող տնատիրությունը՝ 11-003-134-082 կադաստրային ծածկագրով 0,0475 հա հողամասը, 11-003-134-082-001 կադաստրային ծածկագրով 90,1 քմ մակերեսով բնակելի տունը, 134-082-002 կադաստրային ծածկագրով 30 քմ մակերեսով գոմը, 134-082-003 կադաստրային ծածկագրով 20քմ մակերեսով ծածկը սեփականության իրավունքով պատկանել է Իվան Շչերբակովին (Հիմք՝ ժառանգության իրավունքի վկայագիր, սեղ. 1-525, 10.04.1986թ.) (հատոր 1-ին, գ.թ 9-10):

2) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 14092017-11-0009 վկայականի համաձայն՝ Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան, Կալինինի փողոց, թիվ 115 հասցեում գտնվող 11-003-134-082 կադաստրային ծածկագրով 0,0475 հա հողամասի, 11-003-134-082-001 կադաստրային ծածկագրով 107քմ մակերեսով բնակելի տան, 11-003-0134-082-002-000 կադաստրային ծածկագրով 30քմ մակերեսով անասնաշենքի, 11-003-0134-082-003 կադաստրային ծածկագրով 20քմ մակերեսով ծածկի նկատմամբ գրանցված է Օլգա Պավելի Շչերբակովայի սեփականության իրավունքը (Հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, սեղ. թիվ 1632, 11.09.2017թ.) (հատոր 1-ին, գ.թ 11)

3) Դիլիջանի քաղխորհրդի գործկոմի  թիվ 17 թաղային կոմիտեի նախագահ Թ. Հակոբյանի կողմից 04.04.2013 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝  Անիկ Մանուկյանը 1994 թվականից մինչև 2009 թվականը փաստացի համատեղ  ամուսնությամբ բնակվել է Բորիս Վասիլիի Շչերբակովի հետ Կալինինի փողոցի թիվ 115 հասցեում: Բորիս Շչերբակովը 2006 թվականին տարել է ծանր վիրահատություն, որի ընթացքում  նրան խնամել է Անիկ Մանուկյանը կատարելով  նաև բոլոր ծախսերը: 2009 թվականին Բորիս Շչերբակովը վախճանվել է: Թաղման բոլոր ծախսերը հոգացել է կինը՝ Անիկ Մանուկյանը՝ կառուցելով նաև գերեզմանը և շիրմաքարը (հատոր 1-ին, գ.թ 33):

4) Դիլիջանի քաղխորհրդի գործկոմի  թիվ 17 թաղային կոմիտեի նախագահ Թ. Հակոբյանի կողմից 04.04.2013 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝  Անիկ Մանուկյանը (ծնված 1961թ.) 1994 թվականից մինչև 2009 թվականը փաստացի բնակվել է Կալինինի փողոցի թիվ 115 հասցեում Բորիս Վասիլի Շչերբակովի հետ համատեղ ամուսնությամբ,  իրենց համատեղ կյանքի  ընթացքում կառուցած տանը: Նրանք վարել են  համատեղ տնտեսություն մինչև Բորիս Շչերբակովի մահը: Ամուսնու մահից հետո Անիկ Մանուկյանը շարունակում է բնակվել Կալինինի փողոցի թիվ 115 հասցեում (հատոր 1-ին, գ.թ 34):

5) Թիվ ԱԱ167468 մահվան վկայականի համաձայն՝ Բորիս Շչերբակովը մահացել է 11.05.2009 թվականին (հատոր 1-ին, գ.թ 14):

6) Չափագրող  Արմեն Մանուչարյանի կողմից 28.02.2020 թվականին տրված եզրակացության համաձայն՝ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 115  հասցեի սեփականության իրավունքի վկայականի տվյալները մասնակի չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես վկայականում նշված անասնաշենքն իրականում բնակելի տուն է, որտեղ բնակվում է Անիկ Մանուկյանը: Վկայականում նշված 11-003-0134-082-002-000 կադաստրային ծածկագրով 30 քմ մակերեսով անասնաշենքի փոխարեն առկա է բնակելի տուն 6.51քմ, 16.92քմ, 8.12 քմ մակերեսով սենյակներ,  5.04 քմ սանհանգույց և 21.27 քմ շվաքարան (հատոր 2-րդ, գ.թ 64-72):

7) Գործում առկա ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի  բնակիչներ Անուշ Հարությունյանի, Սվետլանա Օհանյանի, Սիրանուշ Սանթրոսյանի, Վասիլի Սեմյոնովի կողմից 2020 թվականին տրված և Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի կողմից հաստատված հայտարարության համաձայն՝ Անիկ Մանուկյանը դեռևս 1994 թվականից  գտնվել է փաստական ամուսնական հարաբերությունների մեջ Կալինինի փողոցի թիվ 115 հասցեի տան բնակիչ Բորիս Շչերբակովի հետ: Ամուսիններով այդ նույն հասցեում կառուցել են բնակելի տուն: Ամուսինը մահացել է 2009 թվականին, որից հետո Անիկ Մանուկյանը  շարունակել է բնակվել նույն հասցեում, բարեխղճորեն ու բացահայտ տիրապետել ու օգտագործել է ամբողջ տնատիրությունը, խնամել ու պահպանել է բնակելի տներն ու հողամասը, որպես իր սեփական գույք (հատոր 2-րդ, գ.թ 121):

8) Անիկ Լադիկի Մանուկյանը և Բորիս Շչերբակովը 1994 թվականից գտնվել են փաստական ամուսնական հարաբերությունների մեջ: Անիկ Մանուկյանը 1994 թվականից մինչև Բորիս Շչերբակովի մահը՝ 11.05.2009 թվականը, բնակվել է և առ այսօր բնակվում է Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան, Կալինինի փողոց թիվ 115 հասցեում գտնվող տնատիրության 11-003-0134-082-002-000 կադաստրային ծածկագրով 30քմ մակերեսով անասնաշենքի վրա կառուցված բնակելի տանը, օգտագործում 11-003-0134-082-003 կադաստրային ծածկագրով 20քմ մակերեսով ծածկը և 11-003-134-082 կադաստրային ծածկագրով 0,0475 հա հողամասից 138քմ մակերեսով հողամասը (անվիճելի փաստեր)։

9) ՀՀ Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան, Կալինինի փողոց թիվ 115 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր Օլգա Շչերբակովան 2019 թվականին դիմել է ոստիկանություն՝ Անիկ Մանուկյանին իրեն պատկանող անշարժ գույքից վտարելու պահանջով (անվիճելի փաստ), իսկ 06052020 թվականին ներկայացրել է հակընդդեմ հայցադիմում:

 

4. Հատուկ կարծիքը հիմնավորող պատճառաբանությունները.

Վճռաբեկ դատարանը Որոշմամբ բավարարել է վճռաբեկ բողոքը և բեկանել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2020 թվականի որոշումը՝ գործն ուղարկելով  ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության հետևյալ պատճառաբանությամբ. «(…) Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ  միայն այն հանգամանքը, որ Անիկ Մանուկյանը 1994 թվականից մինչև Բորիս Շչերբակովի մահվան ժամանակը՝ 2009 թվականը, վերջինիս հետ գտնվել է փաստական ամուսնական հարաբերությունների մեջ, նրա հետ միասին զբաղեցրել և օգտագործել է վեճի առարկա անշարժ գույքը, բավարար չէ գնահատելու, որ նրա մոտ ևս առկա է եղել հիմնավորված համոզմունք, որ ինքը ևս հանդիսանում է վեճի առարկա անշարժ գույքի բարեխիղճ տիրապետող, քանի որ վեճի առարկա անշարժ գույքն ի սկզբանե Բորիս Շչերբակովի տիրապետմանն անցնելու պայմաններում նման համոզմունք կարող էր ձևավորվել միայն վերջինիս մոտ: Դատարանը նաև գտել է, որ Անիկ Մանուկյանի մոտ վիճելի անշարժ գույքը տիրապետելու բարեխղճությունը կարող էր ձևավորվել առնվազն 2011 թվականից սկսած, երբ գույքի սեփականատեր Իվան Շչերբակովը, Հայաստանի Հանրապետություն ժամանելով, արդեն իսկ տեղյակ է եղել, որ իրեն պատկանող անշարժ գույքի մի մասն օգտագործվում և տիրապետվում է Անիկ Մանուկյանի կողմից, սակայն նման պայմաններում Անիկ Մանուկյանը վեճի առարկա անշարժ գույքը չի տիրապետել տասը տարի և անընդմեջ այնքանով, որքանով Օլգա Շչերբակովան 14.09.2017 թվականին դառնալով վիճելի գույքի գրանցված սեփականատեր, 2019 թվականին դիմել է ոստիկանություն՝ Անիկ Մանուկյանին վեճի առարկա անշարժ գույքից վտարելու պահանջով:

Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով Դատարանի եզրահանգումները, նույնաբովանդակ պատճառաբանությամբ մերժել է Անիկ Մանուկյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել   անփոփոխ»:

 

«(…) Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հատկապես ընդգծել, որ թիվ ԵԿԴ/0532/02/15 քաղաքացիական գործով 27.12.2017 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին: Վերաքննիչ դատարանի եզրահանգումներից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը կարևորել է, որ Իվան Շչերբակովը՝ 2011 թվականին ժամանելով Հայաստանի Հանրապետություն տեղեկացել է, որ իրեն պատկանող անշարժ գույքի մի մասն օգտագործվում և տիրապետվում է Անիկ Մանուկյանի կողմից: Մինչդեռ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ վերը վկայակոչված որոշմամբ արտահայտած դիրքորոշումները վկայում են այն մասին, որ Վերաքննիչ դատարանի կողմից պետք է արժևորվեր այն հանգամանքը, թե Իվան Շչերբակովը 1994 թվականից գույքը հանձնելով եղբորը՝  Բորիս Շչերբակովին, ձեռնարկել՞ է արդյոք միջոցներ՝ ուղղված նրան պատկանող գույքի պահպանությանը և դրսևորել՞ էր արդյոք վերջինս՝ որպես սեփականատեր  իր գույքի հանդեպ հետևողական վերաբերմունք, թե՝ ոչ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից հաշվի չի առնվել ՀՀ վճռաբեկ դատարանի՝ վերը վկայակոչված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումն առ այն, որ վեճի առարկա գույքը տիրապետողի բարեխղճությունը կարող է պայմանավորվել գույքի սեփականատիրոջ անգործությամբ, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, գույքի սեփականատիրոջ վարքագիծը և վիճելի գույքը տիրապետողի գործողությունների նկատմամբ դրսևորված վերաբերմունքը գնահատելու փոխարեն կարևորել է հայցվորի և հանգուցյալ Բորիս Շչերբակովի  փաստական ամուսիններ լինելու հանգամանքը։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդյունքում Վերաքննիչ դատարանը պատշաճ կերպով չի գնահատել սույն գործով ներկայացված ապացույցները: Այսպես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ Անիկ Մանուկյանը և Բորիս Շչերբակովը 1994 թվականից գտնվել են փաստական ամուսնական հարաբերությունների մեջ: Անիկ Մանուկյանը 1994 թվականից մինչև Բորիս Շչերբակովի մահը՝ 11.05.2009 թվականը, բնակվել և առ այսօր բնակվում է Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան, Կալինինի փողոց թիվ 115 հասցեում գտնվող տնատիրության 11-003-0134-082-002-000 կադաստրային ծածկագրով 30քմ մակերեսով անասնաշենքի վրա կառուցված բնակելի տանը, օգտագործում 11-003-0134-082-003 կադաստրային ծածկագրով 20քմ մակերեսով ծածկը և 11-003-134-082 կադաստրային ծածկագրով 0,0475 հա հողամասից 138քմ մակերեսով հողամասը»։

Սույն գործով բողոքարկվող որոշմամբ Վերաքննիչ դատարանը մերժելով վերաքննիչ բողոքը՝ արձանագրել է. «(…) Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները գործում առկա ապացույցները չեն ենթարկել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման՝ հաշվի առնելով դրանց համակցությունը, փոխադարձ կապը և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, որի արդյունքում սույն գործով չի պարզվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով սահմանված՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման անհրաժեշտ բոլոր պայմանների առկայությունը կամ բացակայությունը, ուստի առկա է սույն գործի նոր քննության անհրաժեշտություն»։

  Վերաքննիչ դատարանն իր կայացրած որոշմամբ փաստել է, որ «հայցվորը, որպես բարեխղճության պայմանի առկայության վերաբերյալ փաստարկ, նշել է, որ Իվան Շչերբակովը 1988 թվականից վեճի առարկա անշարժ գույքը հանձնել է եղբորը՝ Բորիս Շչերբակովին, իսկ 1992 թվականից մեկնել Ռուսաստանի Դաշնություն՝ մշտական բնակության: Ինչպես Իվան Շչերբակովը, այնպես էլ նրա կինը վեճի առարկա անշարժ գույքի նկատմամբ 1988 թվականից մինչև 2011 թվականը ցուցաբերել են անտարբերություն: Անիկ Մանուկյանը և Բորիս Շչերբակովը փաստական ամուսնական հարաբերությունների մեջ են գտնվել 1994 թվականից, Անիկ Մանուկյանը 1994 թվականից մինչև Բորիս Շչերբակովի մահը՝ 11.05.2009 թվականը, բնակվել է և առ այսօր բնակվում է Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Կալինինի փ., թիվ 115 հասցեում գտնվող տնատիրության 11-003-0134-082-002-000 կադաստրային ծածկագրով 30 քմ մակերեսով անասնաշենքի վրա իր և Բորիս Շչերբակովի կողմից 1994 թվականին կառուցված բնակելի տանը, օգտագործում է թիվ 11-003-0134-082-003 կադաստրային ծածկագրով 20 քմ մակերեսով ծածկը և 11-003-134-082 կադաստրային ծածկագրով 0,0475 հա հողամասից 138 քմ մակերեսով հողամասը»։

Փաստորեն Վերաքննիչ դատարանը համաձայնելով Դատարանի դիրքորոշմանը ևս արձանագրել է, որ միայն այն հանգամանքը, թե Անիկ Մանուկյանը 1994 թվականից մինչև Բորիս Շչերբակովի մահվան ժամանակը՝ 2009 թվականը, վերջինիս հետ գտնվել է փաստական ամուսնական հարաբերությունների մեջ, նրա հետ միասին զբացեցրել և օգտագործել է վեճի առարկա անշարժ գույքը՝ բավարար չէ հայցվորի մոտ բարեխղճության պայմանը հաստատված համարելու համար այն պարզ պատճառով, որ վեճի առարկա անշարժ գույքն ի սկզբանե Բորիս Շչերբակովի տիրապետմանն անցնելու պայմաններում նման համոզմունք կարող էր ձևավորվել միայն վերջինիս մոտ: Անիկ Մանուկյանի մոտ վիճելի անշարժ գույքը տիրապետելու բարեխղճությունը կարող էր ձևավորվել առնվազն 2011 թվականից, մասնավորապես, գույքի սեփականատեր Բորիս Շչերբակովը 2011 թվականին Հայաստանի Հանրապետություն ժամանելով արդեն իսկ տեղյակ է եղել, որ իրեն պատկանող անշարժ գույքի մի մասն օգտագործվում և տիրապետվում է Անիկ Մանուկյանի կողմից, ուստի վերջինիս կողմից դրսևորած անգործությունը Դատարանի գնահատմամբ Անիկ Մանուկյանի մոտ կարող էր ձևավորել համոզմունք, որ նա վեճի առարկա անշարժ գույքը տիրապետում և օգտագործում է որպես սեփական: Սակայն այս դեպքում էլ բացակայում է տասը տարի և անընդմեջ տիրապետելու պայմանն այնքանով, որքանով գործով հիմնավորվել է, որ Օլգա Շչերբակովան 14.09.2017 թվականին դառնալով վիճելի գույքի գրանցված սեփականատեր՝ 2019 թվականին դիմել է ոստիկանություն Անիկ Մանուկյանին վեճի առարկա անշարժ գույքից վտարելու պահանջով, իսկ 2020 թվականի մայիսի 06-ին ներկայացրել է հակընդդեմ հայցադիմում՝ գույքի ապօրինի տիրապետումը դադարեցնելու պահանջով: Այսինքն, գույքի սեփականատիրոջ կողմից տասը տարվա ժամանակահատվածում իրականացվել են գույքը վերադարձնելուն ուղղված գործողությունները, որով բացառվել է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը փաստել է, որ «չնայած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքը տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը, սակայն տվյալ դեպքում Անիկ Մանուկյանը Բորիս Շչերբակովի հետ գտնվել է փաստական ամուսնական հարաբերությունների մեջ և վերջինիս իրավահաջորդ չի հանդիսանում: Այսինքն, Անիկ Մանուկյանը չի կարող վիճելի անշարժ գույքի՝ իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, երբ գույքը տիրապետել է Բորիս Շչերբակովը»:

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Մ. Դրմեյանս, համաձայնելով Դատարանի և Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին և եզրահանգումներին (այլևս դրանց չեմ անդրադառնում) և չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտած կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

Ծանոթանալով գործի փաստական հանգամանքներին, բողոքարկվող դատական ակտի հիմնավորումներին և վճռաբեկ բողոքում ներկայացված հիմքերին ու հիմնավորումներին՝ գտնում եմ, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

Գտնում եմ, որ Վճռաբեկ դատարանն իր իրավական հարցադրման հետ միաժամանակ պետք է անդրադառնար հետևյալ խնդրին. արդյո՞ք ինքնակամ կառույցի նկատմամբ դատական կարգով ձեռքբերման վաղեմության ուժով կարող է ճանաչվել անձի սեփականության իրավունքը։

 

Վճռաբեկ դատարանն իր մի շարք նախադեպային որոշումներում անդրադարձել է ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հարցին։ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին պարբերությունը և ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշումը, արձանագրել է, որ դատական կարգով ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման իրավական հիմքը բացակայում է:

Միաժամանակ, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը, արձանագրել է, որ ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման մասով վեճը ենթակա չէ դատարանում քննության, իսկ գործի վարույթը ենթակա է կարճման (տես, ըստ Մկրտիչ և Գյուլխանում Գասպարյանների հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Էրեբունու տարածքային ստորաբաժանման` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի  քաղաքացիական գործով թիվ 3-106 (ՎԴ) որոշումը) և (ըստ հայցի Գրիշա Գալստյանի ընդդեմ Մանվել Զոհրաբյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Կադաստրի` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի 04.03.2011 թվականի  քաղաքացիական գործով թիվ ԵՄԴ/0090/02/10  որոշումը)։

Հետևաբար ինքնակամ կառույց է համարվում oրենքով և այլ իրավական ակտերով uահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամաuում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ uահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:

Բացի այդ, ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունք կարող է ճանաչվել միայն, երբ այն օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ դառնում է օրինական: Նման ընթացակարգ են նախատեսում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը և դրան համապատասխան ընդունված 18.05.2006 թվականի ՀՀ կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշումը: Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջներից ելնելով, մասնավորապես` նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջի համաձայն` ինքնակամ կառույցները ենթակա են քանդման: Հետևաբար ինքնակամ կառույցի նկատմամբ չի կարող ճանաչվել անձի  սեփականության իրավունքը,  քանի դեռ  այն, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի համաձայն, չի ճանաչվել օրինական։ Ինչպես նաև  ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների (Երևանում` Երևանի քաղաքապետի), համայնքի վարչական տարածքներից դուրս` մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով:

Բացի այդ, սույն գործի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերի 6-րդ կետի համաձայն՝ չափագրող  Արմեն Մանուչարյանի կողմից 28.02.2020 թվականին տրված եզրակացության համաձայն՝ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 115  հասցեի սեփականության իրավունքի վկայականի տվյալները մասնակի չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես վկայականում նշված անասնաշենքն իրականում բնակելի տուն է, որտեղ բնակվում է Անիկ Մանուկյանը: Վկայականում նշված 11-003-0134-082-002-000 կադաստրային ծածկագրով 30 քմ մակերեսով անասնաշենքի փոխարեն առկա է բնակելի տուն 6.51քմ, 16.92քմ, 8.12 քմ մակերեսով սենյակներ,  5.04 քմ սանհանգույց և 21.27 քմ շվաքարան:

Այսինքն, ըստ էության վիճելի կառույցների մի մասն ինքնակամ են և ձեռքբերման վաղեմության ուժով չի կարող ճանաչվել անձի սեփականության իրավունքը։

 

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ գտնում եմ, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար: Հետևաբար, սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

5. Հատուկ կարծիքի եզրահանգումները.

Հատուկ կարծիքում շարադրված հիմնավորումներից և պատճառաբանություններից ելնելով՝ գտնում եմ, որ վճռաբեկ բողոքը ենթակա էր մերժման, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2020  թվականի որոշումը պետք է թողնվեր անփոփոխ:

         

Դատավոր

Մ. Դրմեյան

           

Հատուկ կարծիք

   

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՏԴ/1659/02/19 քաղաքացիական գործով 08.04.2022 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

   

08.04.2022 թվական

   

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի ապրիլ 08-ին գրավոր ընթացակարգով քննելով Անիկ Մանուկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Անիկ Մանուկյանի ընդդեմ Օլգա Շչերբակովայի՝ անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու և այդ մասով պատասխանողի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Օլգա Շչերբակովայի ընդդեմ Անիկ Մանուկյանի՝ գույքի ապօրինի տիրապետումը դադարեցնելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19112020 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս և Ա. Մկրտչյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Անիկ Մանուկյանը պահանջել է  ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 115 հասցեում գտնվող 11-003-0134-0082 կադաստրային ծածկագրի տակ հաշվառված թիվ 002 կոդով գրառված Անիկ Մանուկյանի կողմից կառուցված 36,59քմ մակերեսով բնակելի տան, թիվ 0036 կոդով գրառված 21,27քմ մակերեսով շվաքարանի և դրան կից գտնվող 138քմ մակերեսով հողամասի նկատմամբ և որպես հետևանք այդ մասով անվավեր ճանաչել Օլգա Շչերբակովայի անվամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Օլգա Շչերբակովան պահանջել է դադարեցնել վեճի առարկա գույքի ապօրինի տիրապետումը Անիկ Մանուկյանի կողմից՝ այն վերադարձնելով գույքի սեփականատեր Օլգա Շչերբակովային, պահանջել է նաև դատական ակտ կայացնելիս անդրադառնալ դատական ծախսերի բաշխման հարցին և հակընդդեմ հայցով պատասխանող Անիկ Մանուկյանից հօգուտ Օլգա Շչերբակովայի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ի. Բաղմանյան) (այսուհետ` Դատարան) 14.07.2020 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել։

 ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.11.2020 թվականի որոշմամբ Անիկ Մանուկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.07.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անիկ Մանուկյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»։

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 60-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 11-րդ, 66-րդ,    378-րդ, 379-րդ, 381-րդ  հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 172-րդ, 187-րդ, 274-րդ, 297-րդ, 280-րդ  հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի որոշումն ապօրինի է և անարդար, այն չի բխում արդարադատության շահերից, հիմնված է թերի և ոչ օբյեկտիվ քննությամբ հանգած սխալ ու միակողմանիորեն արված եզրահանգումների, համադրությունների ու պարզաբանումների վրա, որի արդյունքում Վերաքննիչ դատարանը հայցվորին զրկել է դեռևս 1994 թվականին իր իսկ կառուցած տանից  ու դարձրել է անօթևան: Վերաքննիչ դատարանը խախտել է հայցվորի սահմանադրական և քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները և զրկել է տանից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 115 հասցեում գտնվող և վեճի առարկա հանդիսացող այդ տնատիրությունը՝ բնակելի երկու տներն ու դրանց կից հողամասերը  բարեխղճորեն, բացահայտանընդմեջ  շուրջ 23 տարի կառավարել, օգտագործել ու տիրապետել է ու տիրապետում է մինչ օրս, որպիսի հանգամանքը փաստել է թաղամասի բնակչությունը, որոնցից Անուշ Հարությունյանը, Սիրանուշ Սանթրոսյանը, Սվետլանա Օհանյանը, Վասիլի Սեմյոնովը դեռևս 2020 թվականի ապրիլի 27-ին տվել են հայտարարությունները, որոնք ներկայացվել են Դատարան:

Վերաքննիչ դատարանն իր հետազոտությունների արդյունքում կրկնել է Դատարանի պատճառաբանությունները և հանգել է նույն հետևությանը։ Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև գործում առկա այն փաստական հանգամանքները, որ դեռևս 1980-ական թվականների վերջերին և 1990-ական թվականի սկզբներին, Դիլիջանի քաղխորհրդի գործկոմի որոշմամբ վիճելի տնատիրության տարածքը և դրան հարող հողատարածքները հատկացվել են թիվ 3-րդ դպրոցին՝ շինարարության համար, իսկ Շչերբակովներին տրվել է փոխհատուցում՝ այլ վայրերում հատկացնելով բնակարաններ։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.11.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Թիվ 1449947 սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենի համաձայն՝ քաղաք Դիլիջան, Կալինին փողոց թիվ 115 հասցեում գտնվող տնատիրությունը՝ 11-003-134-082 կադաստրային ծածկագրով 0,0475 հա հողամասը, 11-003-134-082-001 կադաստրային ծածկագրով 90,1 քմ մակերեսով բնակելի տունը, 134-082-002 կադաստրային ծածկագրով 30 քմ մակերեսով գոմը, 134-082-003 կադաստրային ծածկագրով 20քմ մակերեսով ծածկը սեփականության իրավունքով պատկանել է Իվան Շչերբակովին (Հիմք՝ ժառանգության իրավունքի վկայագիր, սեղ. 1-525, 10.04.1986թ.) (հատոր 1-ին, գ.թ 9-10):

2) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 14092017-11-0009 վկայականի համաձայն՝ Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան, Կալինինի փողոց, թիվ 115 հասցեում գտնվող 11-003-134-082 կադաստրային ծածկագրով 0,0475 հա հողամասի, 11-003-134-082-001 կադաստրային ծածկագրով 107քմ մակերեսով բնակելի տան, 11-003-0134-082-002-000 կադաստրային ծածկագրով 30քմ մակերեսով անասնաշենքի, 11-003-0134-082-003 կադաստրային ծածկագրով 20քմ մակերեսով ծածկի նկատմամբ գրանցված է Օլգա Պավելի Շչերբակովայի սեփականության իրավունքը (Հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, սեղ. թիվ 1632, 11.09.2017թ.) (հատոր 1-ին, գ.թ 11)

3) Դիլիջանի քաղխորհրդի գործկոմի թիվ 17 թաղային կոմիտեի նախագահ Թ. Հակոբյանի կողմից 04.04.2013 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ Անիկ Մանուկյանը 1994 թվականից մինչև 2009 թվականը փաստացի համատեղ  ամուսնությամբ բնակվել է Բորիս Վասիլիի Շչերբակովի հետ Կալինինի փողոցի թիվ 115 հասցեում: Բորիս Շչերբակովը 2006 թվականին տարել է ծանր վիրահատություն, որի ընթացքում նրան խնամել է Անիկ Մանուկյանը կատարելով  նաև բոլոր ծախսերը: 2009 թվականին Բորիս Շչերբակովը վախճանվել է: Թաղման բոլոր ծախսերը հոգացել է կինը՝ Անիկ Մանուկյանը՝ կառուցելով նաև գերեզմանը և շիրմաքարը (հատոր 1-ին, գ.թ 33):

4) Դիլիջանի քաղխորհրդի գործկոմի  թիվ 17 թաղային կոմիտեի նախագահ Թ. Հակոբյանի կողմից 04.04.2013 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ Անիկ Մանուկյանը (ծնված 1961թ.) 1994 թվականից մինչև 2009 թվականը փաստացի բնակվել է Կալինինի փողոցի թիվ 115 հասցեում Բորիս Վասիլի Շչերբակովի հետ համատեղ ամուսնությամբ, իրենց համատեղ կյանքի  ընթացքում կառուցած տանը: Նրանք վարել են  համատեղ տնտեսություն մինչև Բորիս Շչերբակովի մահը: Ամուսնու մահից հետո Անիկ Մանուկյանը շարունակում է բնակվել Կալինինի փողոցի թիվ 115 հասցեում (հատոր 1-ին, գ.թ 34):

5) Թիվ ԱԱ167468 մահվան վկայականի համաձայն՝ Բորիս Շչերբակովը մահացել է 11.05.2009 թվականին (հատոր 1-ին, գ.թ 14):

6) Չափագրող  Արմեն Մանուչարյանի կողմից 28.02.2020 թվականին տրված եզրակացության համաձայն՝ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 115  հասցեի սեփականության իրավունքի վկայականի տվյալները մասնակի չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես վկայականում նշված անասնաշենքն իրականում բնակելի տուն է, որտեղ բնակվում է Անիկ Մանուկյանը: Վկայականում նշված 11-003-0134-082-002-000 կադաստրային ծածկագրով 30 քմ մակերեսով անասնաշենքի փոխարեն առկա է բնակելի տուն 6.51քմ, 16.92քմ, 8.12 քմ մակերեսով սենյակներ,  5.04 քմ սանհանգույց և 21.27 քմ շվաքարան (հատոր 2-րդ, գ.թ 64-72):

7) Գործում առկա ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի  բնակիչներ Անուշ Հարությունյանի, Սվետլանա Օհանյանի, Սիրանուշ Սանթրոսյանի, Վասիլի Սեմյոնովի կողմից 2020 թվականին տրված և Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի կողմից հաստատված հայտարարության համաձայն՝ Անիկ Մանուկյանը դեռևս 1994 թվականից  գտնվել է փաստական ամուսնական հարաբերությունների մեջ Կալինինի փողոցի թիվ 115 հասցեի տան բնակիչ Բորիս Շչերբակովի հետ: Ամուսիններով այդ նույն հասցեում կառուցել են բնակելի տուն: Ամուսինը մահացել է 2009 թվականին, որից հետո Անիկ Մանուկյանը  շարունակել է բնակվել նույն հասցեում, բարեխղճորեն ու բացահայտ տիրապետել ու օգտագործել է ամբողջ տնատիրությունը, խնամել ու պահպանել է բնակելի տներն ու հողամասը, որպես իր սեփական գույք (հատոր 2-րդ, գ.թ 121):

8) Անիկ Լադիկի Մանուկյանը և Բորիս Շչերբակովը 1994 թվականից գտնվել են փաստական ամուսնական հարաբերությունների մեջ: Անիկ Մանուկյանը 1994 թվականից մինչև Բորիս Շչերբակովի մահը՝ 11.05.2009 թվականը, բնակվել է և առ այսօր բնակվում է Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան, Կալինինի փողոց թիվ 115 հասցեում գտնվող տնատիրության 11-003-0134-082-002-000 կադաստրային ծածկագրով 30քմ մակերեսով անասնաշենքի վրա կառուցված բնակելի տանը, օգտագործում 11-003-0134-082-003 կադաստրային ծածկագրով 20քմ մակերեսով ծածկը և 11-003-134-082 կադաստրային ծածկագրով 0,0475 հա հողամասից 138քմ մակերեսով հողամասը (անվիճելի փաստեր)։

9) ՀՀ Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան, Կալինինի փողոց թիվ 115 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր Օլգա Շչերբակովան 2019 թվականին դիմել է ոստիկանություն՝ Անիկ Մանուկյանին իրեն պատկանող անշարժ գույքից վտարելու պահանջով (անվիճելի փաստ), իսկ 06052020 թվականին ներկայացրել է հակընդդեմ հայցադիմում»:

 

4. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից սխալ է մեկնաբանվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետը, ինչպես նաև թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ բարեխղճության պայմանի դրսևորման առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումները։

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մաuին գրավոր հայտարարելով կամ այնպիuի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, oգտագործումից և տնoրինումից նրա մեկուuացման մաuին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն)։

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց։

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը։ Մասնավորապես դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ։ Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս։ Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման։ Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով։ Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում։ Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ։ Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի։ Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե´ս, Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պայմանների վերաբերյալ իր նախկին դիրքորոշումը, անդրադարձել է այդ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին և արձանագրել է, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:\

Ըստ էության, օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:

Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը` որպես սեփականությունից հրաժարվելու հիմք, կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև` սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):

Անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը:

ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին:

Բարեխղճության ծագումը, ինչպես և մյուս պայմանները կարևորվում են գույքի փաստացի տիրապետման անցնելու պահին: Այդուհանդերձ, առանձին դեպքերում բարեխղճությունը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այլ կերպ` գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին այն ձեռք բերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը և ծագել ավելի ուշ: Նման դեպքերում ինքնին չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքը սկսվում է ոչ թե գույքի փաստացի տիրապետմանն անցնելու պահից, այլ՝ տիրապետման ընթացքում բարեխիղճ դառնալու պահից: Վերջինս էլ ըստ էության նշանակում է, որ գույքն այդ պահից է անցել անձի տիրապետմանը, և անցման պահին անձը եղել է բարեխիղճ (տե՛ս, Նունե Մովսեսյանն ընդդեմ Վարդանուշ և Լուսինե Թորոսյանների, Օֆելյա Բոդուրյանի թիվ ԵԿԴ/0532/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ  միայն այն հանգամանքը, որ Անիկ Մանուկյանը 1994 թվականից մինչև Բորիս Շչերբակովի մահվան ժամանակը՝ 2009 թվականը, վերջինիս հետ գտնվել է փաստական ամուսնական հարաբերությունների մեջ, նրա հետ միասին զբաղեցրել և օգտագործել է վեճի առարկա անշարժ գույքը, բավարար չէ գնահատելու, որ նրա մոտ ևս առկա է եղել հիմնավորված համոզմունք, որ ինքը ևս հանդիսանում է վեճի առարկա անշարժ գույքի բարեխիղճ տիրապետող, քանի որ վեճի առարկա անշարժ գույքն ի սկզբանե Բորիս Շչերբակովի տիրապետմանն անցնելու պայմաններում նման համոզմունք կարող էր ձևավորվել միայն վերջինիս մոտ: Դատարանը նաև գտել է, որ Անիկ Մանուկյանի մոտ վիճելի անշարժ գույքը տիրապետելու բարեխղճությունը կարող էր ձևավորվել առնվազն 2011 թվականից սկսած, երբ գույքի սեփականատեր Իվան Շչերբակովը, Հայաստանի Հանրապետություն ժամանելով, արդեն իսկ տեղյակ է եղել, որ իրեն պատկանող անշարժ գույքի մի մասն օգտագործվում և տիրապետվում է Անիկ Մանուկյանի կողմից, սակայն նման պայմաններում Անիկ Մանուկյանը վեճի առարկա անշարժ գույքը չի տիրապետել տասը տարի և անընդմեջ այնքանով, որքանով Օլգա Շչերբակովան 14.09.2017 թվականին դառնալով վիճելի գույքի գրանցված սեփականատեր, 2019 թվականին դիմել է ոստիկանություն՝ Անիկ Մանուկյանին վեճի առարկա անշարժ գույքից վտարելու պահանջով:

Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով  Դատարանի եզրահանգումները, նույնաբովանդակ պատճառաբանությամբ մերժել է Անիկ Մանուկյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել   անփոփոխ:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունի գույքի սեփականատիրոջ կողմից անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելու հանգամանքը: Սեփականատիրոջ կողմից իր գույքից հրաժարվելու մասին կարող է վկայել ոչ միայն նրա կողմից այդ գույքից հրաժարվելու մասին գրավոր ապացույցը, այլև դրա բացակայության դեպքում վեճի առարկա գույքի սեփականատիրոջ հետագա գործողությունները (անգործությունը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հատկապես ընդգծել, որ թիվ ԵԿԴ/0532/02/15 քաղաքացիական գործով 27.12.2017 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին:

Վերաքննիչ դատարանի եզրահանգումներից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը կարևորել է, որ Իվան Շչերբակովը՝ 2011 թվականին ժամանելով Հայաստանի Հանրապետություն տեղեկացել է, որ իրեն պատկանող անշարժ գույքի մի մասն օգտագործվում և տիրապետվում է Անիկ Մանուկյանի կողմից: Մինչդեռ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ վերը վկայակոչված որոշմամբ արտահայտած դիրքորոշումները վկայում են այն մասին, որ Վերաքննիչ դատարանի կողմից պետք է արժևորվեր այն հանգամանքը, թե Իվան Շչերբակովը 1994 թվականից գույքը հանձնելով եղբորը՝  Բորիս Շչերբակովին, ձեռնարկել՞ է արդյոք միջոցներ՝ ուղղված նրան պատկանող գույքի պահպանությանը և դրսևորել՞ է արդյոք վերջինս՝ որպես սեփականատեր  իր գույքի հանդեպ հետևողական վերաբերմունք, թե՝ ոչ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից հաշվի չի առնվել ՀՀ վճռաբեկ դատարանի՝ վերը վկայակոչված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումն առ այն, որ վեճի առարկա գույքը տիրապետողի բարեխղճությունը կարող է պայմանավորվել գույքի սեփականատիրոջ անգործությամբ, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, գույքի սեփականատիրոջ վարքագիծը և վիճելի գույքը տիրապետողի գործողությունների նկատմամբ դրսևորված վերաբերմունքը գնահատելու փոխարեն կարևորել է հայցվորի և հանգուցյալ Բորիս Շչերբակովի  փաստական ամուսիններ լինելու հանգամանքը։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդյունքում Վերաքննիչ դատարանը պատշաճ կերպով չի գնահատել սույն գործով ներկայացված ապացույցները: Այսպես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ Անիկ Մանուկյանը և Բորիս Շչերբակովը 1994 թվականից գտնվել են փաստական ամուսնական հարաբերությունների մեջ: Անիկ Մանուկյանը 1994 թվականից մինչև Բորիս Շչերբակովի մահը՝ 11.05.2009 թվականը, բնակվել և առ այսօր բնակվում է Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան, Կալինինի փողոց թիվ 115 հասցեում գտնվող տնատիրության 11-003-0134-082-002-000 կադաստրային ծածկագրով 30քմ մակերեսով անասնաշենքի վրա կառուցված բնակելի տանը, օգտագործում 11-003-0134-082-003 կադաստրային ծածկագրով 20քմ մակերեսով ծածկը և 11-003-134-082 կադաստրային ծածկագրով 0,0475 հա հողամասից 138քմ մակերեսով հողամասը։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները գործում առկա ապացույցները չեն ենթարկել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման՝ հաշվի առնելով դրանց համակցությունը, փոխադարձ կապը և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, որի արդյունքում սույն գործով չի պարզվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով սահմանված՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման անհրաժեշտ բոլոր պայմանների առկայությունը կամ բացակայությունը, ուստի առկա է սույն գործի նոր քննության անհրաժեշտություն։

 

 Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու։

 

 Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի   2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը համապատասխան ստորադաս ատյան նոր քննության ուղարկելու լիազորությունը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով սահմանված՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման անհրաժեշտ բոլոր պայմանների առկայությունը կամ բացակայությունը սույն որոշմամբ արտահայտած դիրքորոշումների համատեքստում պարզելու համար»։

 

Վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս և Ա. Մկրտչյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 364-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր, կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ (…)

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Տվյալ դեպքում օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ու նույն օրենսգրքի 364-րդ հոդվածի և 365-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում՝ դատական ակտի բեկանման հիմք է համարում նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքի առկայությամբ՝ նշելով, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը։

Բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանը, բավարար համարելով վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը, Վերաքննիչ դատարանի 19.11.2020 թվականի որոշումը բեկանել է և գործն ուղարկել է ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Դրանից ելնելով անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ բացառապես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին՝ պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարող էին բավարար հիմք հանդիսանալ բողոքի քննության արդյունքներով նման եզրահանգումների գալու համար։

Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը որպես այդպիսի շարժառիթներ, ըստ էության, նշել է, որ՝

- Վերաքննիչ դատարանի կողմից հաշվի չի առնվել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԵԿԴ/0532/02/15 քաղաքացիական գործով 27.12.2017 թվականին կայացված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումն առ այն, որ վեճի առարկա գույքը տիրապետողի բարեխղճությունը կարող է պայմանավորվել գույքի սեփականատիրոջ անգործությամբ,

- Վերաքննիչ դատարանը գույքի սեփականատիրոջ վարքագիծը և վիճելի գույքը տիրապետողի գործողությունների նկատմամբ դրսևորված վերաբերմունքը գնահատելու փոխարեն կարևորել է հայցվորի և հանգուցյալ Բորիս Շչերբակովի  փաստական ամուսիններ լինելու հանգամանքը,

- Վերաքննիչ դատարանը պատշաճ կերպով չի գնահատել սույն գործով ներկայացված ապացույցներն այն մասին, որ Անիկ Մանուկյանը և Բորիս Շչերբակովը 1994 թվականից գտնվել են փաստական ամուսնական հարաբերությունների մեջ, Անիկ Մանուկյանը 1994 թվականից մինչև Բորիս Շչերբակովի մահը՝ 11.05.2009 թվականը, բնակվել և առ այսօր բնակվում է Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան, Կալինինի փողոց թիվ 115 հասցեում գտնվող տնատիրության 11-003-0134-082-002-000 կադաստրային ծածկագրով 30քմ մակերեսով անասնաշենքի վրա կառուցված բնակելի տանը, օգտագործում 11-003-0134-082-003 կադաստրային ծածկագրով 20քմ մակերեսով ծածկը և 11-003-134-082 կադաստրային ծածկագրով 0,0475 հա հողամասից 138քմ մակերեսով հողամասը։

Արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ «ստորադաս դատարանները գործում առկա ապացույցները չեն ենթարկել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման՝ հաշվի առնելով դրանց համակցությունը, փոխադարձ կապը և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, որի արդյունքում սույն գործով չի պարզվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով սահմանված՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման անհրաժեշտ բոլոր պայմանների առկայությունը կամ բացակայությունը, ուստի առկա է սույն գործի նոր քննության անհրաժեշտություն»:

Նախ ցանկանում ենք կարծիք հայտնել այն մասին, որ մեր կողմից վերը վկայակոչված իրավական նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումներ թույլ տալու ոչ բոլոր դեպքերում է, որ  դատական ակտը ենթակա է բեկանման. պարտադիր պայման է նման նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, Վերաքննիչ դատարանին վերագրելով նյութական և դատավարական իրավունքի նորմերի համապատասխան խախտումներ, իր որոշման մեջ չի բացահայտել, թե որքանով է նման խախտումը հանգեցրել գործի սխալ լուծման: Այսինքն՝ Վճռաբեկ դատարանի որոշման մեջ բացակայում է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու՝ օրենսդրի կողմից սահմանված պարտադիր պայմանի առկայության վերաբերյալ վերլուծությունը:

Ավելին՝ Վճռաբեկ դատարանը գործի նոր քննության անհրաժեշտությունը պայմանավորել է նրանով, որ անհրաժեշտ է պարզել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով սահմանված՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման համար անհրաժեշտ բոլոր պայմանների առկայությունը կամ բացակայությունը: Այսինքն՝ չնայած, որ Վճռաբեկ դատարանը որոշում է կայացնում ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու մասին, սակայն իր հերթին դեռևս հաստատապես ձևավորված դիրքորոշում չունի այն մասին, թե արդյոք սույն գործով առկա են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով սահմանված՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման համար անհրաժեշտ բոլոր պայմանները, որը համարում ենք անթույլատրելի:

Նման պայմաններում, կարծում ենք, որ միայն վերը նշված շարժառիթները չէին կարող բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի  187-րդ հոդվածի 1-ին կետի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ այնպիսի խախտում թույլ տալը վերագրելու համար, որի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը,  իսկ դրա հիմքով՝ դատական ակտը բեկանելու համար:

       

Դատավորներ`

Գ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

           

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հունիսի 2022 թվական: