Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-107
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (31.12.1998-01.01.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.05.20/11
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
14.04.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.05.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից

14 ապրիլի 1997 թ.

 

ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում հարկի հասկացությունը և հարկերի տեսակները, հարկային վեճերի լուծման կարգը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության (այսուհետ` հարկային օրենսդրություն) և հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերի խախտումների համար պատասխանատվությունը, ինչպես նաև այն սկզբունքները, որոնց վրա հիմնվում են հարկերի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը և հարկային հարաբերություններ կարգավորող մյուս իրավական ակտերը:

 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորվում են`

ա) հարկային օրենսդրությամբ, որը բաղկացած է սույն օրենքից և առանձին հարկատեսակների մասին օրենքներից.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով` հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում և սահմաններում.

գ) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության (այսուհետ` հարկային տեսչություն), ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում պետական կառավարման այլ մարմինների կողմից ընդունված ակտերով` հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված դեպքերում և սահմաններում:

 

Հոդված 3. Հարկը պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով համապարտադիր և անհատույց վճար է, որը գանձվում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից` հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով, չափերով և սահմանված ժամկետներում:

 

Հոդված 4. Սույն օրենքով սահմանված հարկերը վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ:

 

Հոդված 5. Հայաստանի Հանրապետությունում գործում է միասնական հարկային համակարգ: Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (այսուհետ` հարկ վճարողներ) պարտավոր են վճարել հարկեր, եթե հարկային օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության առանձին հարկատեսակների մասին օրենքներով սահմանված դեպքերում հարկի վճարման պարտավորությունը կարող է դրվել հարկային գործակալի վրա:

Հարկային գործակալը հարկ վճարողներին եկամուտներ վճարող (հատկացնող կամ բնամթերային ձևով տրամադրող) իրավաբանական անձն է (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումը), իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը, ինչպես նաև անհատ ձեռներեցը, որի վրա, օրենքի համաձայն, դրված է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս (հատկացնելիս կամ տրամադրելիս) նրանց եկամուտներից հարկերը հաշվարկելու, պահելու (գանձելու) և բյուջե վճարելու պարտավորությունը:

 

Հոդված 7. Հարկ վճարողների հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հարկ վճարողների հաշվառումն իրականացնում է հարկային տեսչությունը:

 

Հոդված 8. Հարկի դրույքաչափի փոփոխությունը, հարկի սահմանումը կամ վերացումը կատարվում է միայն ֆինանսական տարվա սկզբից (հաշվետու ֆինանսական տարվա ընթացքում պետական բյուջեի հաստատման դեպքում` հաստատման պահից), եթե առանձին հարկատեսակի մասին օրենքով այլ բան սահմանված չէ:

 

Հոդված 9. Հարկվող միևնույն օբյեկտը հաշվետու ժամանակաշրջանում նույն տեսակի հարկով կարող է հարկվել միայն մեկ անգամ:

 

Հոդված 10. Հարկերը վճարվում են հայկական դրամով` հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով:

(10-րդ հոդվածը խմբ. 28.12.98 ՀՕ-273)

 

Հոդված 11. Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարողների` Հայաստանի Հանրապետությունից դուրս ստացված եկամտի (շահույթի) գումարը, սեփականության իրավունքով նրանց պատկանող գույքի արժեքը ներառվում են Հայաստանի Հանրապետությունում հարկման ենթակա եկամտի (շահույթի) ընդհանուր գումարի, գույքի ընդհանուր արժեքի մեջ և հաշվի են առնվում հարկերի չափը որոշելիս, եթե հարկային օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարողների եկամտի (շահույթի) գումարից, սեփականության իրավունքով նրանց պատկանող գույքի արժեքից գանձվող հարկերը նվազեցվում են հարկերի այն գումարների չափերով, որոնք Հայաստանի Հանրապետության հարկ վճարողներից գանձվել են օտարերկրյա պետություններում` դրանց օրենսդրությանը համապատասխան: Ընդ որում, նվազեցվող գումարների չափը չի կարող գերազանցել օտարերկրյա պետություններում ստացված եկամտից (շահույթից), այդ պետություններում գտնվող գույքի արժեքից Հայաստանի Հանրապետությունում վճարման ենթակա հարկի գումարները:

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

Հոդված 12. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են հարկերի հետևյալ տեսակները`

շահութահարկ,

եկամտահարկ,

ակցիզային հարկ,

ավելացված արժեքի հարկ,

գույքահարկ,

հողի հարկ:

 

Հոդված 13. Հարկային օրենսդրությամբ կարող են սահմանվել հարկային արտոնությունների հետևյալ տեսակները`

հարկվող օբյեկտի նվազեցում,

հարկի դրույքաչափի նվազեցում,

հարկի նվազեցում,

հարկի հաշվարկման ժամկետի հետաձգում,

հարկի վճարման ժամկետի հետաձգում,

հարկային օրենսդրությունը և Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերից և տուգանքներից ազատում, նվազեցում, վճարման ժամկետների հետաձգում:

Հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով հարկ վճարողներին փոխհատուցվում է վճարված (գանձված) հարկի գումարը:

Հարկային արտոնությունները սահմանվում են օրենքով, եթե առանձին հարկատեսակների մասին օրենքներով այլ բան նախատեսված չէ:

Գործող հարկային արտոնության դադարեցման կամ փոփոխման դեպքում սահմանվում է տվյալ արտոնությունից օգտվող հարկ վճարողների նկատմամբ դրա կիրառման կարգը:

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

 

Հոդված 14. Հարկ վճարողն իրավունք ունի`

ա) ծանոթանալ իր գործունեության ստուգումների ակտերին.

բ) հարկային տեսչություն ներկայացնել բացատրություններ հարկերի հաշվարկման ու վճարման և ստուգումների արդյունքների վերաբերյալ,

գ) օրենքով սահմանված կարգով գանգատարկել հարկային տեսչության պաշտոնատար անձանց գործողությունները.

դ) առանձին հարկատեսակի մասին օրենքով նախատեսված դեպքերում սահմանված կարգով դիմել հարկային արտոնություն ստանալու համար:

 

Հոդված 15. Հարկ վճարողը պարտավոր է`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով իրականացնել հաշվապահական հաշվառում (հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում` նաև այլ հաշվառում և (կամ) գրանցումներ), կազմել հաշվետվություններ` իր ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ.

բ) հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում ինքնուրույն հաշվարկել սահմանված հարկերի գումարները և իրականացնել դրանց վճարումը բյուջե.

գ) սահմանված ժամկետներում հարկային տեսչություն ներկայացնել հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթեր և տեղեկություններ.

դ) ժամանակին վճարել օրենքով սահմանված հարկերը` հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում սահմանված կարգով կատարելով նաև դրանց կանխավճարային մուծումները.

ե) անհրաժեշտ պայմաններ ապահովել հարկային տեսչության կողմից իրականացվող ստուգումների (ուսումնասիրությունների) համար.

զ) ներկայացնել հարկային արտոնությունների իր իրավունքը հաստատող փաստաթղթերը.

է) հարկային տեսչության ստուգումների (ուսումնասիրությունների) հետևանքով բացահայտված, թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի գումարի չափով ուղղումներ (ճշգրտումներ) կատարել հաշվապահական հաշվառման (հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում` նաև այլ հաշվառմանը և (կամ) գրանցումներին վերաբերող) փաստաթղթերում.

ը) հարկային տեսչության կազմած ստուգման ակտի փաստերի հետ չհամաձայնելու դեպքում ներկայացնել ակտը չստորագրելու պատճառների վերաբերյալ գրավոր բացատրություն, որը կազմում է ակտի անբաժանելի մասը:

Իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, անհատ ձեռներեցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցում (լիցենզիա) ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում պարտավոր են հաշվառման կանգնել հարկային տեսչությունում և ստանալ հարկ վճարողների հաշվառման համարներ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

Հոդված 16. Հարկային պարտավորությունը ներառում է հարկերի (այդ թվում` թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված), ինչպես նաև հարկային օրենսդրությունը և Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարների վճարումը:

Հարկային պարտավորությունը դադարում է դրա կատարման, հարկի վերացման, հարկից ազատելու արտոնության սահմանման, ինչպես նաև հարկային օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում, իսկ ֆիզիկական անձի համար` նաև նրա մահվան դեպքում, եթե օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

Իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության վերակազմավորման (վերակառուցման) դեպքում չկատարված հարկային պարտավորությունը կրում է նրանց իրավահաջորդը (իրավահաջորդները):

Իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության լուծարման կամ անհատ ձեռներեցի գործունեության դադարեցման վերաբերյալ որոշումներ ընդունող լիազորված մարմինները լուծարման (գործունեության դադարեցման) որոշման ընդունման մասին յոթնօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում են հարկային տեսչության մարմիններին:

Իրավաբանական անձի լուծարումից հետո հարկային պարտավորությունների հայտնաբերման դեպքում, հարկային տեսչության ներկայացրած հայցի հիման վրա, դրանք դատարանի որոշմամբ կարող են դրվել այդ իրավաբանական անձի որոշումների ընդունման վրա ազդելու հնարավորություն ունեցող սեփականատերերի և (կամ) ղեկավար մարմնի անդամների վրա` լուծարմանը նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային տեսչությունից թաքցրած հարկման օբյեկտներից վճարման ենթակա հարկային պարտավորությունների չափով, եթե նշված պարտավորությունները ծագել են այդ անձանց գործողությունների կամ անգործության հետևանքով:

Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության լուծարումից կամ անհատ ձեռներեցի գործունեության դադարումից հետո հարկային պարտավորությունների հայտնաբերման դեպքում, հարկային տեսչության ներկայացրած հայցի հիման վրա, դրանք դատարանի որոշմամբ կարող են դրվել այդ ձեռնարկության սեփականատերերի կամ անհատ ձեռներեցի վրա` լուծարմանը նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային տեսչությունից թաքցրած հարկման օբյեկտներից վճարման ենթակա հարկային պարտավորությունների չափով:

(16-րդ հոդվածը լրաց. 21.10.97 ՀՕ-153)

 

Հոդված 17. Հարկերի հաշվարկման և վճարման կարգի նկատմամբ հսկողությունն իրականացնում է հարկային տեսչությունը, իսկ հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը:

 

Հոդված 18. Հարկերի հաշվարկման հսկողության և գանձման ընթացքում օրենքի խախտմամբ հարկ վճարողների վերաբերյալ ձեռք բերված տեղեկությունները չեն կարող հիմք հանդիսանալ հարկային պարտավորությունների հաշվարկման և գանձման համար:

 

Հոդված 19. Որևէ տեղեկություն հիմք չի հանդիսանում հարկ վճարողի հարկային պարտավորության հաշվարկման և գանձման համար, քանի դեռ նա հնարավորություն չի ունեցել ծանոթանալ դրան և տալ համապատասխան բացատրություններ:

 

Հոդված 20. Իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները և անհատ ձեռներեցները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են հարկային տեսչություն տեղեկություններ հաղորդել հարկ վճարողների հետ կատարված գործառնությունների, ինչպես նաև իրենց կողմից և իրենց հաշվին ֆիզիկական անձանց վճարված եկամուտների և պահված հարկերի, հարկման նպատակով անհրաժեշտ տվյալների մասին` Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

Բանկային և առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային տեսչությանը տրամադրվում են օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցում (լիցենզավորում) իրականացնող լիազորված մարմինները դրանց գրանցման (լիցենզավորման), ինչպես նաև դրանց հետ կապված համապատասխան փոփոխությունների մասին տվյալներ են հայտնում հարկային տեսչություն` Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  IV

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հոդված 21. Հարկային օրենսդրության խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

 

Հոդված 22. Հարկերը ճիշտ հաշվարկելու, ժամանակին վճարելու և հարկային օրենսդրության մյուս պահանջները պահպանելու պատասխանատվությունը, հարկային օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում, կրում են հարկ վճարողները և դրանց (ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պաշտոնատար անձինք:

Եթե հարկ վճարողը չի ներկայացնում հարկվող օբյեկտների գծով հաշվապահական հաշվառման (հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում` նաև այլ հաշվառման և (կամ) գրանցումների վերաբերող) սահմանված փաստաթղթերը կամ դրանք վարում է սահմանված կարգի կոպիտ խախտումներով, կամ ակնհայտ կեղծ տվյալներ է մտցնում հարկային տեսչություն ներկայացրած հաշվետվություններում, հաշվարկներում, հայտարարագրերում և այլ փաստաթղթերում, որի հետևանքով անհնար է դառնում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկել հարկ վճարողի հարկային պարտավորությունը, ապա հարկվող օբյեկտները և հարկային պարտավորությունները հաշվարկում է հարկային տեսչությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, մասնավորապես, հիմնվելով`

հարկ վճարողի ակտիվների,

հարկ վճարողի իրացման շրջանառության ծավալների,

հարկ վճարողի արտադրության և շրջանառության ծախսերի,

գույքագրման և չափագրման տվյալների,

օրենքով սահմանված կարգով երրորդ անձից ստացված տեղեկությունների,

համանման պայմաններում գործող այլ սուբյեկտների միջև կիրառված գների և այլ ցուցանիշների,

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ նորմերի վրա:

 

Հոդված 23. Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողից (հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալից) գանձվում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0,2 տոկոսի չափով:

(2-րդ մասը հանվել է 28.12.98 ՀՕ-273)

Նշված չափերով օրական տույժերը կիրառվում են, եթե հարկային օրենսդրությամբ ավելի նվազ չափ սահմանված չէ:

Վերոհիշյալ տույժը կիրառվում է ժամանակին չմուծված հարկի գումարների (այդ թվում նաև հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալի կողմից չվճարված), հարկերի կանխավճարային մուծումների գումարների, ստուգման արդյունքներով հայտնաբերված (պակաս ցույց տրված) հարկվող օբյեկտի գծով հարկի գումարի նկատմամբ` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

(23-րդ հոդվածը լրաց. 21.10.97 ՀՕ-153, խմբ., փոփ. 28.12.98 ՀՕ-273)

 

Հոդված 24. Հարկ վճարողների կողմից հարկային տեսչություն ներկայացվող հաշվարկը (հայտարարագիրը) հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետից երկու ամսից ավել ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 օրվա համար հարկ վճարողից գանձվում է տուգանք` դրա հետևանքով չմուծված հարկի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան այդ հարկի ընդհանուր գումարն է:

 

Հոդված 25. Հաշվապահական հաշվառում (հարկային օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում` նաև այլ հաշվառում և (կամ) գրանցումներ) չվարելու կամ սահմանված կարգի խախտումներով այն վարելու, հաշվապահական հաշվետվությունները, հաշվարկները, հայտարարագրերը և հարկային օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերն ու տեղեկությունները սխալ կազմելու համար հարկ վճարողից գանձվում է տուգանք` այդ խախտումների հետևանքով բյուջե չմուծված կամ պակաս մուծված հարկերի գումարի 10 տոկոսի չափով:

 

Հոդված 26. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված կամ լիցենզիա չունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, ձեռնարկատիրական, բանկային կամ լիցենզավորման ենթակա այլ գործունեությամբ զբաղվելու դեպքում հարկային պարտավորություններ են կրում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հարկային օրենսդրության կիրառման առումով ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում քաղաքացիների անձնական գույքի (ներառյալ նաև անշարժ) և իրերի օտարումը:

 

Հոդված 27. Հարկվող օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում հարկ վճարողներից սույն օրենքով սահմանված կարգով գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված (հարկային տեսչության կողմից հաշվարկված) հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 50 տոկոսի չափով, իսկ հարկային տեսչության կողմից խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում նույն հարկատեսակի գծով հարկվող օբյեկտը կրկին թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում` տուգանք` հարկի ամբողջ գումարի չափով, եթե հարկային օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

Հարկվող օբյեկտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը` հարկային տեսչություն ներկայացված տվյալ հարկատեսակի հաշվարկներում (հայտարարագրերում) հարկվող օբյեկտը ցույց չտալը, պակաս ցույց տալը կամ էլ գործունեություն չիրականացնելու (հարկվող օբյեկտներ չառաջանալու) մասին կեղծ տվյալներ ներկայացնելն է:

Գործունեություն չիրականացնելու, ինչպես նաև հարկվող օբյեկտ հանդիսացող գույք չունենալու մասին հայտարարությունը հարկային տեսչություն ներկայացվող հաշվարկի (հայտարարագրի) ամփոփ ձևն է:

 

Հոդված 28. Ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու, այսինքն` առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքը, ապրանքները, ինչպես նաև կատարվող աշխատանքները և մատուցվող ծառայությունները (այսուհետ մինչև հոդվածի վերջը` ձեռնարկատիրական գործունեության առարկաներ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով չգրանցելու դեպքում հարկ վճարողներից գանձվում է`

տուգանք` ձեռնարկատիրական գործունեության չգրանցված առարկաների վաճառքի (իրացման) գներով արտահայտված (հաշվարկված) ամբողջ արժեքի 25 տոկոսի չափով, այդ թվում` վաճառված (իրացված) մասի համար: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային տեսչության կողմից խախտման փաստն արձանագրվելուց հետո` տասնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:

Հարկային տեսչության կողմից խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու կրկնական փաստ արձանագրելու դեպքում գանձվում է`

տուգանք` ձեռնարկատիրական գործունեության չգրանցված առարկաների վաճառքի (իրացման) գներով արտահայտված (հաշվարկված) ամբողջ արժեքի 50 տոկոսի չափով, այդ թվում` վաճառված (իրացված) մասի համար: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային տեսչության կողմից կրկնական խախտման փաստն արձանագրվելուց հետո` տասնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:

Ձեռնարկատիրական գործունեության առարկաները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով գրանցված գներից թանկ վաճառելիս (իրացնելիս) հարկ վճարողից գանձվում է`

տուգանք` տարբերության գումարի 25 տոկոսի չափով, այդ թվում` նաև չվաճառված (չիրացված) ձեռնարկատիրական գործունեության առարկաների մնացորդների համար: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային տեսչության կողմից խախտման փաստն արձանագրվելուց հետո` տասնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:

Հարկային տեսչության կողմից խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, ձեռնարկատիրական գործունեության առարկաները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով գրանցված գներից թանկ վաճառելու (իրացնելու) կրկնական փաստ արձանագրելու դեպքում գանձվում է`

տուգանք` տարբերության գումարի 50 տոկոսի չափով, այդ թվում` նաև չվաճառված (չիրացված) ձեռնարկատիրական գործունեության առարկաների մնացորդների համար: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային տեսչության կողմից կրկնական խախտման փաստն արձանագրվելուց հետո` տասնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:

Սույն հոդվածով նախատեսված տուգանքները չեն կիրառվում, եթե խախտումները կատարվել են այն հաշվետու ժամանակաշրջանում, որի համար սահմանված կարգով հարկ վճարողի կողմից ներկայացված են հաշվապահական հաշվետվություններ (հայտարարագրեր) կամ իրացման շրջանառությունից (համախառն եկամտից) բխող հարկային պարտավորություններն արտացոլող` հարկային օրենսդրությամբ և հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր:

Սույն հոդվածում նշված խախտումներ հայտնաբերելու դեպքում (այդ թվում` նաև այն հաշվետու ժամանակաշրջանների առումով, որոնց համար արդեն ներկայացվել են հաշվապահական հաշվետվություններ (հայտարարագրեր) կամ իրացման շրջանառությունից (համախառն եկամտից) բխող հարկային պարտավորություններն արտացոլող` հարկային օրենսդրությամբ և հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր) հարկային տեսչությունը կարող է օգտվել սույն օրենքի 22 հոդվածի երկրորդ մասով սահմանված իրավունքից:

Սույն հոդվածով նախատեսված տուգանքների կիրառումը հարկ վճարողին չի ազատում սահմանված հարկային պարտավորությունների կատարումից:

(28-րդ հոդվածը խմբ. 28.09.98 ՀՕ-251)

 

Հոդված 29. Հարկ վճարողները թաքցրած կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար հարկի գումարը, ինչպես նաև սույն օրենքի 23-28 հոդվածների համաձայն հաշվարկված տույժերը և տուգանքները բյուջե են վճարում հարկային տեսչության կողմից համապատասխան ակտ ներկայացվելուց հետո 10-օրյա ժամկետում:

 

Հոդված 30. Հարկային պարտավորությունների գծով գումարների մուծումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում հարկային տեսչությունն իրավունք ունի սահմանված կարգով դատարան ներկայացնել հայցադիմում` հարկ վճարողի գույքի բռնագանձման համար:

Որպես հարկային պարտքը բռնագանձելու մասին դատարանի վճռի հարկադիր կատարման միջոց` հարկային տեսչությունը հարկ վճարողների գույքի վրա դնում է արգելանք և ապահովում դրա իրացումը:

 

Հոդված 301.  Հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո:

Սույն հոդվածի առաջին մասով սահմանված վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե հարկ վճարողի, հարկ վճարողի պաշտոնատար անձանց բացակայության կամ խոչընդոտող այլ գործողությունների հետևանքով ստուգման կամ այլ կերպ հարկային պարտավորությունների հաշվարկման հարկային մարմինների փորձը ձախողվել է` ձախողման փաստը հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով արձանագրվելու պահից: Սույն մասով նախատեսված կասեցման հիմքերի դադարեցումից հետո վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է, եթե հարկային մարմինը կամ հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձը գիտեր կամ կարող էր իմանալ կասեցման հիմքերի դադարեցման մասին:

(301-րդ հոդվածը լրաց. 21.10.97 ՀՕ-153)

 

Հոդված 31. Եթե հարկային տեսչությունն ունի փաստեր այն մասին, որ չմարված հարկային պարտավորություններ ունեցող հարկ վճարողները վերացնում (լուծարում) են եկամուտ (շահույթ) առաջացնող իրենց օբյեկտները կամ թաքցնում են եկամուտը (շահույթը), որի հետևանքով հնարավոր չի դառնում գանձել հարկային օրենսդրությամբ սահմանված հարկերը, ապա հարկային տեսչությունը կարող է միջոցներ ձեռնարկել մինչև հաշվետու ժամանակը դրանք գանձելու ուղղությամբ: Այդ դեպքում հարկային տեսչությունը կարող է պահանջել հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվետվությունները, հաշվարկները, հայտարարագրերը և հարկային օրենսդրությամբ նախատեսված մյուս փաստաթղթերը` մինչև հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետի լրանալը:

 

Հոդված 32. Առանձին հարկատեսակի մասին օրենքով նախատեսված դեպքերում առանձին հարկ վճարողների կամ հարկ վճարողների խմբի համար, ինչպես նաև առանձին հարկատեսակի գծով` հարկային օրենսդրությունը խախտելու դեպքում կարող են կիրառվել տուգանքների այլ տեսակներ և չափեր, դրանց հաշվարկման, մուծման (գանձման) այլ կարգ, քան նախատեսված է սույն օրենքով:

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՎԵԼ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 33. Հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված որևէ հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարները (գերավճարները) հարկային տեսչության կողմից հաշվանցվում են հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին կամ վերադարձվում են ոչ ուշ, քան վերադարձման մասին հարկ վճարողի դիմումը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում:

Հարկային պարտավորությունների սահմանված չափից ավել վճարված գումարները հաշվանցվում են հարկ վճարողի հաշվարկված տույժերի, տուգանքների` ապա հարկերի գումարների հաշվին:

Հարկային օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում հաշվարկված հարկային պարտավորությունների սահմանված չափից ավել վճարված գումարները վերադարձվում են այն դեպքերում, եթե հարկ վճարողի կողմից կատարվել են սույն օրենքի 16 հոդվածում նշված հարկային պարտավորությունները:

Հաշվարկված հարկային պարտավորությունների սահմանված չափից ավել վճարված գումարները հարկ վճարողին վերադարձնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:

Անուղղակի հարկերի (ավելացված արժեքի հարկ, ակցիզային հարկ) գծով հարկային պարտավորությունների սահմանված չափից ավել վճարված գումարների վերադարձման առանձին կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հոդված 34. Եթե գործատուները աշխատանքային պայմանագրով աշխատող անձանցից (վարձու աշխատողներից) ժամանակին չեն պահել (գանձել) հարկի գումարները, ապա դրանք վարձու աշխատողներից պահվում (գանձվում) են այդ մասին հայտնի դառնալուց ոչ ավել, քան վերջին երեք ամսվա համար, իսկ մնացած հարկային պարտավորությունները դրվում են գործատուի վրա:

Հարկերի սահմանված չափից ավել գանձված գումարները վարձու աշխատողներին վերադարձվում են այդ մասին հայտնի դառնալու օրվանից մեկ ամսվա ընթացքում սահմանված չափից ավել գանձման օրվան հաջորդող երեք տարվա համար: Սահմանված չափից ավել վճարված գումարները վերադարձնելու մասին հարկ վճարողի դիմումը կասեցնում է նշված ժամկետի ընթացքը:

 

Հոդված 35. Հարկային տեսչության կողմից պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով հարկ վճարողներին պատճառված վնասը (ներառյալ` բաց թողնված եկամուտը) հատուցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  VI

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒՄԸ

 

Հոդված 36. Հարկային տեսչության պաշտոնատար անձանց գործողությունները 30 օրվա ընթացքում կարող են գանգատարկվել հարկային տեսչության այն մարմին, որին անմիջականորեն ենթակա են նրանք: Գանգատները հարկային տեսչության մարմնի կողմից քննության են առնվում և դրանց մասին որոշումներ են ընդունվում ոչ ուշ, քան գանգատը ստացվելու օրվանից 30 օրվա ընթացքում: Ընդունված որոշումները կարող են գանգատարկվել հարկային տեսչության վերադաս մարմին գանգատարկողի կողմից որոշման կրկնօրինակը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում կամ` դատարան:

Հարկ վճարողը և (կամ) նրա կողմից լիազորված անձը իրավունք ունեն մասնակցել գանգատի քննարկմանը:

Հարկային տեսչության պաշտոնատար անձանց այն գործողությունների գանգատարկումը, որոնք կապված են վարչական տուգանքի նշանակման հետ, կատարվում է վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 37. Հարկային տեսչության պաշտոնատար անձանց գործողությունների գանգատարկումը չի դադարեցնում հարկերի գանձումը: Գանգատը քննության առնող հարկային մարմինը (հարկային տեսչության վերադաս մարմնի համաձայնությամբ) իրավունք ունի մինչև գանգատի լուծումը դադարեցնել հարկի գանձումը:

 

Գ  Լ ՈՒ Խ  VII

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

Հոդված 38. Եթե Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Գ Լ ՈՒ Խ  VIII

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 39. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության 1992 թվականի ապրիլի 19-ի օրենքը` հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:

 

Հոդված 40. Սույն օրենքի 8 հոդվածի դրույթները չեն գործում 1997 թվականի ընթացքում և չեն կիրառվում հարկային արտոնությունների սահմանման կամ վերացման առումով:

 

Հոդված 41. Սույն օրենքի 11 հոդվածի դրույթները տարածվում են նաև հողի հարկի վրա:

 

Հոդված 42. Սույն օրենքի 23 հոդվածում նշված տույժերը կիրառվում են, և դրանց ժամկետի հաշվարկը սկսվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսի 1-ից: Մինչ այդ գործում է նախկինում սահմանված կարգը:

 

Հոդված 43. Հարկի վճարումը հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում 1997 թվականի ընթացքում այդ գումարները իրավաբանական անձանց բանկային հաշիվներից հարկային տեսչության կողմից գանձվում են անվիճելի կարգով:

Սույն հոդվածի առաջին մասում նշված հարկային տեսչության պաշտոնատար անձանց այն գործողությունների գանգատարկումը, որոնք կապված են իրավաբանական անձանց բանկային հաշիվներից անվիճելի կարգով գումարների գանձման հետ, կատարվում են սույն օրենքի 36 և 37 հոդվածներով սահմանված` կամ դատական կարգով:

 

Հոդված 44. Սույն օրենքի 38 հոդվածի դրույթները գործում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության անունից կնքված միջազգային պայմանագրերի նկատմամբ, իսկ մինչ այդ կնքված միջազգային պայմանագրերի համար գործում է նախկինում սահմանված կարգը:

 

Հոդված 45. Սույն օրենքի 23 հոդվածի չորրորդ մասով նախատեսված ժամկետը կիրառվում է (ժամկետի հաշվարկի սկիզբ է համարվում) 1997 թվականի հուլիսի 1-ից:

Սույն օրենքի 301 հոդվածն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 1-ից:

(45-րդ հոդվածը լրաց. 21.10.97 ՀՕ-153)



 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան
   

Երևան
12 մայիսի 1997 թ.
ՀՕ-107

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.10.2016, ՀՕ-165-Ն 01.01.2018, ՀՕ-107
24.11.2015, ՀՕ-154-Ն 01.01.2018, ՀՕ-107
25.10.2017, ՀՕ-181-Ն 23.11.2017, ՀՕ-107
15.12.2016, ՀՕ-251-Ն 09.01.2017, ՀՕ-107
16.05.2016, ՀՕ-80-Ն 25.06.2016, ՀՕ-107
12.05.2016, ՀՕ-69-Ն 18.06.2016, ՀՕ-107
17.12.2015, ՀՕ-198-Ն 09.01.2016, ՀՕ-107
24.11.2015, ՀՕ-146-Ն 01.01.2016, ՀՕ-107
13.11.2015, ՀՕ-127-Ն 05.12.2015, ՀՕ-107
17.12.2014, ՀՕ-274-Ն 01.10.2015, ՀՕ-107
07.05.2015, ՀՕ-39-Ն 01.07.2015, ՀՕ-107
19.11.2014, ՀՕ-185-Ն 01.01.2015, ՀՕ-107
29.09.2014, ՀՕ-152-Ն 08.11.2014, ՀՕ-107
21.06.2014, ՀՕ-134-Ն 01.10.2014, ՀՕ-107
21.06.2014, ՀՕ-109-Ն 09.08.2014, ՀՕ-107
05.12.2013, ՀՕ-140-Ն 07.01.2014, ՀՕ-107
19.12.2012, ՀՕ-237-Ն 01.01.2013, ՀՕ-107
21.03.2012, ՀՕ-96-Ն 28.04.2012, ՀՕ-107
19.03.2012, ՀՕ-60-Ն 28.04.2012, ՀՕ-107
21.03.2012, ՀՕ-110-Ն 26.04.2012, ՀՕ-107
07.12.2011, ՀՕ-308-Ն 01.01.2012, ՀՕ-107
23.06.2011, ՀՕ-225-Ն 30.07.2011, ՀՕ-107
23.06.2011, ՀՕ-218-Ն 25.07.2011, ՀՕ-107
11.05.2011, ՀՕ-154-Ն 13.06.2011, ՀՕ-107
26.10.2010, ՀՕ-150-Ն 01.03.2011, ՀՕ-107
22.12.2010, ՀՕ-267-Ն 09.01.2011, ՀՕ-107
08.12.2010, ՀՕ-197-Ն 06.01.2011, ՀՕ-107
22.12.2010, ՀՕ-207-Ն 01.01.2011, ՀՕ-107
08.12.2010, ՀՕ-181-Ն 01.01.2011, ՀՕ-107
08.12.2010, ՀՕ-177-Ն 01.01.2011, ՀՕ-107
20.05.2010, ՀՕ-79-Ն 03.07.2010, ՀՕ-107
24.06.2010, ՀՕ-101-Ն 01.07.2010, ՀՕ-107
27.04.2010, ՀՕ-51-Ն 05.06.2010, ՀՕ-107
26.04.2010, ՀՕ-46-Ն 20.05.2010, ՀՕ-107
25.02.2010, ՀՕ-30-Ն 01.04.2010, ՀՕ-107
27.10.2009, ՀՕ-194-Ն 01.01.2010, ՀՕ-107
29.10.2009, ՀՕ-200-Ն 12.12.2009, ՀՕ-107
26.12.2008, ՀՕ-253-Ն 09.01.2009, ՀՕ-107
21.08.2008, ՀՕ-143-Ն 01.01.2009, ՀՕ-107
13.11.2007, ՀՕ-267-Ն 22.12.2007, ՀՕ-107
11.10.2007, ՀՕ-212-Ն 17.11.2007, ՀՕ-107
27.11.2006, ՀՕ-188-Ն 01.01.2007, ՀՕ-107
08.12.2005, ՀՕ-5-Ն 12.01.2006, ՀՕ-107
16.12.2005, ՀՕ-260-Ն 01.01.2006, ՀՕ-107
26.05.2005, ՀՕ-133-Ն 01.01.2006, ՀՕ-107
24.12.2004, ՀՕ-55-Ն 01.04.2005, ՀՕ-107
08.12.2004, ՀՕ-173-Ն 09.01.2005, ՀՕ-107
14.12.2004, ՀՕ-185-Ն 01.01.2005, ՀՕ-107
22.11.2004, ՀՕ-130-Ն 01.01.2005, ՀՕ-107
25.12.2003, ՀՕ-53-Ն 26.01.2004, ՀՕ-107
11.12.2002, ՀՕ-484-Ն 01.02.2003, ՀՕ-107
14.12.2001, ՀՕ-289 01.01.2002, ՀՕ-107
06.11.2001, ՀՕ-257 12.12.2001, ՀՕ-107
26.12.2000, ՀՕ-129 01.01.2001, ՀՕ-107
05.06.2000, ՀՕ-63 02.07.2000, ՀՕ-107
05.05.1998, ՀՕ-220 01.01.1999, ՀՕ-107
28.12.1998, ՀՕ-273 31.12.1998, ՀՕ-107
28.09.1998, ՀՕ-251 20.11.1998, ՀՕ-107
21.10.1997, ՀՕ-153 08.12.1997, ՀՕ-107
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան