Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 86-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.30-2022.06.12 Պաշտոնական հրապարակման օրը 09.06.2022
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
31.05.2022
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
03.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

31 մայիսի 2022 թվականի

թիվ 86-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի ԹԻՎ 79-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով կարգավորել վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանն ուղղված վճարումների ընդունման նպատակով վարչական տույժերի (տուգանքների) հետ կապված համապատասխան տվյալները Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության վարչական տույժերի տեղեկատվական շտեմարանից հասանելի տվյալների հետ նախապես ստուգելու գործընթացը,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 5-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության վարչական տույժերի, տուգանքների հաշվառման տեղեկատվական համակարգից տվյալներ ստանալու և վճարումների կատարման համար այդ տվյալները պարտադիր ստուգելու մասին կարգը և պայմանները» հաստատելու մասին թիվ 79-Ն որոշման Հավելվածում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» վարչական տույժերի, տուգանքների հաշվառման տեղեկատվական համակարգից տվյալներ ստանալու և վճարումների կատարման համար այդ տվյալները պարտադիր ստուգելու մասին կարգը և պայմանները» հաստատելու մասին թիվ 79-Ն որոշման մեջ և Կարգում «Ճանապարհային ոստիկանություն» բառերը իր հոլովաձևերով փոխարինել ««Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն» բառերով՝ իր համապատասխան հոլովաձևերով։

2) Կարգի 3-րդ կետը 17-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ ենթակետով.

«18) Վճարային հաղորդագրություն՝ Կենտրոնական բանկի «Էլեկտրոնային վճարումների համակարգի» կանոններով դրամական միջոցների փոխանցման համար սահմանված էլեկտրոնային ֆինանսական հաղորդագրություններ, որոնց ձևավորման և կիրառման կարգը սահմանված է Կենտրոնական բանկի կողմից:»,

3) Կարգի 5-րդ կետի 3-րդ ենթակետը «գ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» պարբերությամբ.

«դ. Ճանապարհային ոստիկանություն ծառայության կողմից համապատասխան որոշումը Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը ներկայացված լինելու դեպքում, Ֆինանսական կազմակերպության հարցմանը ի պատասխան՝ ուղարկվում է տեղեկացում այդ մասին:»,

4) Կարգի 5-րդ կետը 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.

«5) Ֆինանսական կազմակերպությունը, սույն կարգով սահմանված ծառայությունը մատուցելու դեպքում՝ իր կողմից շահագործվող համապատասխան տեխնիկածրագրային համակարգերում, այդ թվում՝ վճարային տերմինալներում, պետք է ապահովի հարցում կատարելու համար կարգի 28-րդ կետի 5-րդ ենթակետով նշված բոլոր տարբերակների կիրառման հնարավորությունը:»,

5) Կարգի 6-րդ կետում «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «Հարկադիր կատարումը ապահովող ծառայությանը ուղարկված կամ» բառերը,

6) Կարգը 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1 կետով.

«9.1 Ֆինանսական կազմակերպությունը չի կրում պատասխանատվություն հաճախորդի կողմից տրամադրված սխալ կոնտակտային տվյալների՝ բջջային հեռախոսահամարի կամ էլեկտրոնային փոստի տվյալների համար, որը տրամադրվելու է «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգին»։ Միևնույն ժամանակ, ֆինանսական կազմակերպությունը պատասխանատու չէ հաճախորդի կողմից տրամադրված այդ կոնտակտային տվյալներին տեղեկատվության ուղարկման գործընթացի համար։ Ընդ որում.

ա. Ֆինանսական կազմակերպությունը այդ մասին տեղեկացնում է հաճախորդին՝ առերես սպասարկման ժամանակ, իսկ

բ. Հաճախորդին՝ հեռահար սպասարկման ժամանակ, այդ թվում՝ տերմինալներով հաճախորդի սպասարկման դեպքում, կոնտակտային տվյալների մասին նշված զգուշացումը կատարվում է Ֆինանսական կազմակերպության համար նախընտրելի տեխնիկածրագրային միջոցներով։»,

7) Կարգի 12-րդ կետում «անմիջապես հետո» բառերից հետո լրացնել «սակայն ոչ ուշ, քան հաջորդ գործառնական օրը» բառերը,

8) Կարգի 12-րդ կետի վերջում լրացնել հետևյալ բառերը՝ «Ֆինանսական կազմակերպությունը թիվ 3 հաղորդագրությունը ուղարկում է միայն առցանց հարցում կատարելու արդյունքում, ըստ ստացված թիվ 2 հաղորդագրության տվյալների, վճարումը ընդունելուց հետո։»,

9) Կարգը 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1 կետով.

«12.1 Թիվ 1 հաղորդագրության կիրառմամբ Հաղորդագրությունների փոխանցման ավտոմատացված ծառայության միջոցով «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգին» հարցում կատարելու անհնարինության կամ թիվ 2 պատասխան հաղորդագրությունը չստանալու դեպքում, այդ մասին Ավտոմատացված համակարգի կողմից ի պատասխան Ֆինանսական կազմակերպությանը տրվում է համապատասխան տեղեկացում սխալի մասին, նշելով հարցում կատարելու անհնարինության պատճառը, (ըստ անհրաժեշտության, պատճառները նշելու համար կարող են կիրառվել համապատասխան կոդեր): Ընդ որում, սույն տեղեկացումը Ֆինանսական կազմակերպությանը տրվում է Հաղորդագրությունների փոխանցման ավտոմատացված ծառայության միջոցով, ըստ վերջինիս գործունեության ընթացակարգի: Միաժամանակ, Ավտոմատացված համակարգի կողմից պետք է ապահովվի սխալի մասին տրամադրվող տեղեկացման մեջ համապատասխան կապը՝ թիվ 1 հաղորդագրության մեջ ֆինանսական կազմակերպության կողմից նշված բացառիկ համարին։»,

10) Կարգը 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1 կետով.

«13.1 Ֆինանսական կազմակերպության կողմից թիվ 3 հաղորդագրության ուղարկման հետ կապված իրականացվում են նաև հետևյալ գործընթացները.

1) «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգի» կողմից թիվ 3 հաղորդագրության ընդունման դեպքում, վերջինիս կողմից Ֆինանսական կազմակերպությանը տրամադրվում է հաստատում (տեղեկացում) այդ մասին։

2) Այն դեպքում, երբ «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգի» կողմից թիվ 3 հաղորդագրությունը չի ընդունվել կամ Հաղորդագրությունների փոխանցման ավտոմատացված ծառայություն կողմից այն չի ուղարկվել ՃՈ-ին, ապա համակարգի կողմից ի պատասխան` Ֆինանսական կազմակերպությանը տրվում է տեղեկացում այդ մասին։

3) Այն դեպքում, երբ Ֆինանսական կազմակերպությունը «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգից» չի ստացել հաստատում (տեղեկացում) թիվ 3 հաղորդագրության ընդունման մասին, ապա ոչ ուշ, քան հաջորդ գործառնական օրը Ֆինանսական կազմակերպությունը պետք է ապահովի թիվ 3 հաղորդագրության կրկնակի ուղարկումը։ Ընդ որում՝ պետք է ապահովի որպեսզի կրկնակի ուղարկվող հաղորդագրության բացառիկ համարը լինի չկրկնվող։»,

11) Կարգի 28-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) Հարցում կատարելու համար պահանջվող տվյալները, ըստ «ա» կամ «բ» կամ «գ» ենթակետերի դասակարգման.

ա. Տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ ՏՄ) նույնականացնող տվյալները (միաժամանակ պետք է լրացվեն ա1 և ա2-ով նշված բոլոր տվյալները).

ա1. ՏՄ-ի պետական համարանիշը և

ա2. ՏՄ-ի տեխնիկական անձնագրի համարը,

բ. Վարչական տույժ, տուգանք նշանակելու մասին որոշման համարը (հարցման սույն տարբերակը կիրառվում է «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից նշանակվող վարչական տույժի, տուգանքի, այդ թվում հետիոտնի տուգանքի, տվյալների ստացման նպատակով),

գ. Վարչական տույժ, տուգանք նշանակելու մասին որոշման համաձայն տուգանված անձի (այսուհետ՝ քաղաքացի) անձը հաստատող փաստաթղթի կամ Հանրային ծառայությունների համարանիշի (այսուհետ՝ ՀԾՀ-ի) հետ կապված տվյալները: Սույն տարբերակներից որևէ մեկը կարող է կիրառվել հարցում կատարելու ժամանակ՝ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից (վարորդի, հետիոտնի նկատմամբ) նշանակվող վարչական տույժերի, տուգանքների տվյալների ստացման նպատակով։ Ընդ որում.

գ1. ՀՀ քաղաքացու (անձի) տույժի, տուգանքի նույնականացման համար կարող են կիրառվել անձը հաստատող հետևյալ տեսակի փաստաթղթերի տվյալները՝ դրանց առկայության դեպքում (կիրառվում է նշված փաստաթղթերից որևէ մեկը, ինչպես նաև համապատասխան կոդով տարանջատվում են այդ փաստաթղթերի տեսակները).

գ1.1. Անձնագրի տվյալները (անձնագրի սերիան և համարը), կամ

գ1.2. Բիոմետրիկ անձնագրի տվյալները (անձնագրի սերիան և համարը), կամ

գ1.3. Նույնականացման քարտի համարը,

գ2. ՀՀ քաղաքացու (անձի) տույժի, տուգանքի նույնականացման համար կարող է կիրառվել ՀԾՀ-ի վերաբերյալ հետևյալ տվյալներից մեկը (առկայության դեպքում)

գ2.1. Հանրային ծառայությունների համարանիշը, կամ

գ2.2. ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը,

գ3. Օտարերկրյա քաղաքացու (անձի) տուգանքի, տույժի նույնականացման համար կարող են կիրառվել վերջինիս անձնագրի տվյալները (անձնագրի սերիան և համարը):»,

12) Կարգի 28-րդ կետը 5-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով.

«6) թիվ 1 հաղորդագրության բացառիկ համարը, որը ձևավորվում է Ֆինանսական կազմակերպության կողմից, յուրաքանչյուր հարցումը ուղարկելու համար։ Հաղորդագրության բացառիկ համարը ձևավորվում է հետևյալ սկզբունքով.

ա. հաղորդագրության բացառիկ համարը կարող է ունենալ մինչև 35 նիշ երկարություն,

բ.առաջին հինգ նիշը բնութագրում է Կենտրոնական բանկի կողմից Ֆինանսական կազմակերպությանը տրամադրված նույնականացման կոդը՝ 5 նիշ,

գ.թիվ 1 հաղորդագրության ձևավորման ամսաթիվը՝ 6 նիշ (օր, ամիս, տարի),

դ.բացառիկ համարում 12-ից մինչև 35-րդ նիշերը հանդիսանում են Ֆինանսական կազմակերպության կողմից լրացվող հերթական համարը կամ կարող են հանդիսանալ այդ կազմակերպության կողմից կիրառվող սկզբունքով սահմանված նիշեր՝ ապահովելով դրանց բացառիկությունը,

13) Կարգի 29-րդ կետի 6-րդ ենթակետում գ) պարբերությունից հանել «այդ թվում.» բառերը,

14) Կարգի 29-րդ կետի 6-րդ ենթակետում ուժը կորցրած ճանաչել գ1) և գ2) պարբերությունները,

15) Կարգի 29-րդ կետի 7-րդ ենթակետում «ճանապարհային ոստիկանության համակարգում» բառերը փոխարինել «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգում» բառերով,

16) Կարգի 29-րդ կետը 7-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ ենթակետով.

«8) Վճարումը ընդունելու գործառույթի հետ կապված՝ Ֆինանսական կազմակերպությանը, ինչպես նաև Հաճախորդին ուղղված տեղեկատվություն: Ընդ որում, լրացնում է սույն ենթակեում նշված գործընթացներից որևէ մեկը, որոնցից յուրաքանչյուրի համար կիրառվում են առանձին դաշտեր (անհրաժեշտության դեպքում՝ սույն ենթակեում նշված յուրաքանչյուր գործընթացի նկարագրության հետ կապված, վերջինիս նույնականացման համար կարող է կիրառվել համապատասխան կոդ).

ա. Սույն որոշման դիմաց վճարումը պետք է կատարվի նշված «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության գանձապետական հաշվին (հաճախորդի վճարումը կարող է ընդունվել), կամ

բ. Սույն որոշումը ուղարկվել է Հարկադիր կատարումը ապահովող ծառայություն, ուստի վճարումը չի կարող փոխանցվել Ճանապարհային ոստիկանություն ծառայության գանձապետական հաշվին: Ընդ որում՝ սույն տարբերակի լրացման դեպքում, ձևավորվող թիվ 2 հաղորդագրության մեջ Գանձապետական հաշվեհամարի, ինչպես նաև Վճարման ենթակա փաստացի պարտավորության վերաբերյալ դաշտերում համապատասխան տվյալների փոխարեն լրացվում է զրո, կամ

գ. Սույն որոշման դիմաց պարտավորությունը մարված է։»,

17) Կարգի 30-րդ կետի առաջին պարբերության մեջ «կազմակերպության կողմից» բառերից հետո լրացնել «յուրաքանչյուր ընդունված վճարման համար, որտեղ յուրաքանչյուր հաղորդագրության մեջ նշվում են մեկ վարչական տույժի, տուգանքի հետ կապված տվյալներ» բառերը,

18) Կարգի 30-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) Խախտման ունիկալ իդենտիֆիկատորը «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգում», ըստ թիվ 2 հաղորդագրության: Այս դաշտում լրացվում է.

Հարցմանն ի պատասխան, Ճանապարհային ոստիկանությունից ստացված թիվ 2 էլեկտրոնային հաղորդագրության մեջ նշված խախտման ունիկալ իդենտիֆիկատորը:»,

19) Կարգի 30-րդ կետի 7-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ և 9-րդ ենթակետերով.

«8) Վարչական տույժի (տուգանքի) նույնականացման համար նշվում են հետևյալ տվյալները (նշված տվյալներից բոլորը միաժամանակ պետք է լրացվեն), ըստ համապատասխան դաշտերի.

ա) Վարչական տույժ նշանակելու մասին Որոշման համարը,

բ) Որոշման ամսաթիվը:

9) Հաճախորդի կողմից տրամադրված՝ մեկ կոնտակտային տվյալը, ըստ ստորև նշված տեսակների, որի միջոցով ցանկանում է Ճանապարհային ոստիկանությունից ստանալ տեղեկացում՝ «Հաճախորդի նախաձեռնած վճարումը Ճանապարհային ոստիկանություն ծառայության կողմից մշակվելու մասին»։ (Ճանապարհային ոստիկանությունը սույն տեղեկացումը կոնտակտային տվյալին ուղարկում է իր համակարգում այդ ծառայությունը մատուցելու դեպքում։) Հաճախորդի կողմից կոնտակտային տվյալների տրամադրման դեպքում, այս դաշտում լրացվում է.

ա. Հաճախորդի կողմից նշված (տրամադրված) բջջային հեռախոսահամարը (այդ թվում՝ երկրի միջազգային կոդը), կամ

բ. Հաճախորդի կողմից նշված (տրամադրված) ինտերնետ-էլեկտրոնային փոստի հասցեն:»,

20) Կարգը 30-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 30.1 կետով.

«30.1 Սույն կարգով սահմանված հաղորդագրություններում կարող են կիրառվել համապատասխան նույնացուցիչներ՝ ստորև նշված տարանջատումը իրականացնելու համար (կարող են կիրառվել համապատասխան կոդեր, ըստ դրանց անհրաժեշտության), ընդ որում.

1) Սույն կարգի 4-րդ կետով նշված տուգանքների տեսակների նույնականացում։

2) Նշանակված տուգանքների տարանջատված նույնականացում՝ ըստ հետիոտնի, վարորդի։»,

21) Կարգի 34.2-րդ կետում «Հետիոտնի» բառը փոխարինել «քաղաքացու» բառով:

22) Կարգի 35.2-րդ և 35.3-րդ կետերում «սև արկղ» բառերը իր հոլովաձևերով փոխարինել «իրադարձությունների էլեկտրոնային գրանցամատյան» բառերով՝ իր համապատասխան հոլովաձևերով:

23) Կարգի 6-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԳԼՈՒԽ 6. ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ

 

36. Հաճախորդի կողմից Վարչական տույժի որոշման համարը և ամսաթիվը ներկայացվելու դեպքում Ֆինանսական կազմակերպությունը կարող է ընդունել վճարումը և փոխանցել դեպի գանձապետարան, առանց «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգի» հետ սույն կարգով սահմանված ստուգումները կատարելու և հաղորդագրություններն ուղարկելու, եթե անհնար է Ավտոմատացված համակարգով հաղորդագրությունների ուղարկումը և ստացումը՝ առաջացած տեխնիկածրագրային խափանման պատճառով, որտեղ.

Տեխնիկածրագրային խափանումը կապված է Հաղորդագրությունների փոխանցման ավտոմատացված ծառայության և (կամ) «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգում» առաջացած խնդիրների հետ: Միաժամանակ պետք է հիմնավորվի, որ տվյալ խափանումը կապված չէ Ֆինանսական կազմակերպության կողմից կիրառվող (շահագործվող) տեխնիկածրագրային միջոցների խափանման հետ։

37. Սույն կարգով սահմանված Ավտոմատացված համակարգով հարցում կատարելու և տեղեկատվություն ստանալու հետ կապված (այդ թվում, կարգի 36-րդ կետի դեպքում).

1) Ֆինանսական կազմակերպության մոտ պետք է առկա լինի Ավտոմատացված համակարգի «իրադարձությունների էլեկտրոնային գրանցամատյան»։

2) Ֆինանսական կազմակերպությունը «իրադարձությունների էլեկտրոնային գրանցամատյանում» ապահովում է Ավտոմատացված համակարգով ուղարկված և դրանց ի պատասխան ստացված հաղորդագրությունների (տեղեկացումների) վերաբերյալ գրառումների վարումը, այդ թվում՝ դրանց ուղարկումը և ստացումը փաստող գրառումները, ինչպես նաև բովանդակությունը։

38. Սույն Կարգի 4-րդ կետի «բ»-ից «զ» ենթակետերի՝ իրավական ակտերով սահմանված տուգանքների, տույժերի դիմաց տեղեկատվությունը «ՃՈ տույժերի, տուգանքների համակարգում» հաշվառվելու (գրանցվելու) արդյունքում՝ դրանց դիմաց վճարումների ընդունումը իրականացվում է սույն կարգի դրույթների համաձայն, այն ամսաթվից, որը համաձայնեցվում է Կենտրոնական բանկի և Ճանապարհային ոստիկանության ծառայության միջև: Նշված ամսաթվի վերաբերյալ Կենտրոնական բանկը ֆինանսական կազմակերպություններին ներկայացնում է համապատասխան պաշտոնական գրություն:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

3. Սույն որոշմամբ նախատեսված լրացումները և փոփոխությունները համակարգում ենթակա են ապահովման և կիրառման սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամիս հետո։

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահի տեղակալ

Հ. Խաչատրյան

 

2022 թ. հունիսի 3

 Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հունիսի 2022 թվական: