Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-118
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (15.01.2001-01.09.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.06.21/14
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
14.05.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.06.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
14 մայիսի 1997 թ.

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

Բ Ա Ժ Ի Ն  I

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

 

Հոդված 1. Ավելացված արժեքի հարկը (այսուհետ` ԱԱՀ) անուղղակի հարկ է, որը սույն օրենքի համաձայն վճարվում (գանձվում) է պետական բյուջե` ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց արտադրության ու շրջանառության, ինչպես նաև ծառայությունների մատուցման բոլոր փուլերում:

 

Հոդված 2. ԱԱՀ վճարողներ են համարվում օրենքով սահմանված կարգով ինքնուրույն տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն վարող և սույն օրենքի 6 հոդվածում թվարկված գործարքներ (գործառնություններ) իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (այսուհետ` անձինք):

Ձեռնարկատիրական գործունեություն է համարվում շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով պարբերաբար իրականացվող տնտեսական գործունեությունը: Տնտեսական գործունեություն է համարվում ցանկացած գործունեություն, որն իրականացվում է որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց:

Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա այն քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետ` ֆիզիկական անձինք), ովքեր գործատուների հետ կնքված պայմանագրերի համաձայն հանդիսանում են վարձու աշխատողներ և միաժամանակ չեն իրականացնում սույն օրենքի 6 հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով սահմանված գործարքներ (գործառնություններ) ԱԱՀ վճարող չեն հանդիսանում:

Ֆիզիկական անձինք դառնում են ԱԱՀ վճարողներ և նրանցից սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով գանձվում է ԱԱՀ Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքներ ներմուծելիս, եթե նրանց կողմից ներմուծվող ապրանքների քանակը կամ արժեքը գերազանցում է օրենքով սահմանված չափերը:

(2-րդ հոդվածը փոփ. 26.12.97 ՀՕ-177)

 

Հոդված 3. Սույն օրենքի 6 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված գործարքներ (գործառնություններ) իրականացնող այն անձինք, որոնց ընթացիկ եռամսյակին անմիջապես նախորդող չորս եռամսյակների ընթացքում այդ գործարքների իրացումից ստացված հասույթի ընդհանուր ծավալը պակաս է երեք միլիոն դրամից, հարկ վճարող են համարվում այն պահից, երբ որևէ գործարքի իրականացմամբ տվյալ եռամսյակի և դրան նախորդող երեք եռամսյակների ընթացքում այդ գործարքների իրացումից ստացված հասույթի ընդհանուր ծավալը գերազանցում է երեք միլիոն դրամը: Այդ պահից ԱԱՀ հաշվարկվում և վճարվում է երեք միլիոն դրամը գերազանցող մասի համար:

Անկախ սույն հոդվածի առաջին մասի դրույթներից` այն անձինք, ովքեր հարկային տեսչության համապատասխան մարմին կներկայացնեն հայտարարություն` ԱԱՀ վճարող ճանաչվելու վերաբերյալ, կհամարվեն այդպիսին տվյալ հաշվետու եռամսյակում` հայտարարությունը ներկայացնելու օրվանից, և այդ եռամսյակին հաջորդող մեկ տարվա ընթացքում` անկախ այդ ժամանակահատվածում ստացած հասույթի ծավալներից:

Հասույթ է համարվում տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն իրականացնող անձանց տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեության ընդհանուր արդյունքը` առանց կատարված ծախսերի (այդ թվում` ապրանքների ձեռքբերման գծով ծախսերի) պակասեցման: Առևտրի ոլորտում այն հավասարեցվում է ապրանքաշրջանառությանը:

(3-րդ հոդվածը խմբ. 26.12.97 ՀՕ-177, փոփ., խմբ. 28.12.98 ՀՕ-276)

 

Հոդված 4. Մեկից ավելի անձինք կարող են լինել մեկ` կենտրոնացված ԱԱՀ վճարող: Այդպիսի կենտրոնացված ԱԱՀ վճարողների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

 Բ Ա Ժ Ի Ն  II

 

ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ ԵՎ ՀԱՐԿՎՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 5. ԱԱՀ-ով հարկվող օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում ԱԱՀ վճարողների կողմից իրականացվող սույն օրենքի 6 հոդվածով սահմանված բոլոր գործարքների (գործառնությունների) ամբողջ արժեքը (շրջանառությունը), եթե օրենքով այլ բան չի նախատեսված:

 

Հոդված 6. ԱԱՀ-ով հարկվող գործարքներ (գործառնություններ) են համարվում`

1) ապրանքների մատակարարումը` գործարք, որն իրականացվում է ապրանքների (այդ թվում` արտադրանքի և անշարժ գույքի) սեփականության իրավունքը` հատուցման դիմաց այլ անձի փոխանցելու միջոցով:

Ֆիզիկական անձանց անձնական գույքի օտարումը, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի, ապրանքների մատակարարում չի համարվում.

2) ծառայությունների մատուցումը` ապրանքների մատակարարում չհամարվող գործարք (գործառնություն), որն իրականացվում է որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց, ներառյալ ոչ նյութական ակտիվների իրացումը (փոխանցումը): Ծառայությունների մատուցում է համարվում նաև ապրանքների և անշարժ գույքի վարձակալությունը.

3) անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառումը` սույն օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող անձանց կողմից ապրանքների անհատույց հատկացում կամ ծառայությունների անհատույց մատուցում տվյալ անձանց կամ այլ անձանց կամ նրանց ապրանքների մատակարարում և ծառայությունների մատուցում` տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորաբար կիրառվող գներից էականորեն ցածր գներով, բացառությամբ օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում իրավական այլ ակտով սահմանված դեպքերի.

4) ապրանքների ներմուծումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Հայաստանի Հանրապետության ներքին տարածք ներմուծվող ապրանքներից ԱԱՀ հաշվարկվում և գանձվում է մաքսային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության սահմանին, բացառությամբ`

ա) իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների կողմից Հայաստանի Հանրապետության ներքին տարածք ներմուծվող այն ապրանքների, որոնց համար մաքսատուրքի դրույքաչափն օրենքով սահմանված է զրո տոկոս, և որոնք ենթակա չեն ակցիզային հարկով հարկման.

բ) Հայաստանի Հանրապետության ներքին տարածք ներմուծվող այն ապրանքների, որոնց շրջանառությունը սույն օրենքի 15 հոդվածի 19-րդ և 20-րդ կետերի համաձայն ազատված է ԱԱՀ-ից:

(6-րդ հոդվածը լրաց. 08.09.97 ՀՕ-141, խմբ. 26.12.97 ՀՕ-177)

 

Հոդված 7. ԱԱՀ-ով չեն հարկվում (հարկման օբյեկտ չեն համարվում)`

1) այն ծառայությունները, որոնց համար գանձվում է պետական տուրք.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա`

ա) պետական փակ բաժնետիրական ընկերությունների գույքի անհատույց փոխանցումն այլ պետական փակ բաժնետիրական ընկերություններին կամ բյուջետային հիմնարկներին (այդ թվում` տեղական ինքնակառավարման մարմիններին).

բ) հարկ վճարողների կողմից անհատույց կամ մասնակի հատուցմամբ ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը.

3) իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների` Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաբաշխված ստորաբաժանումների միջև ապրանքների և ծառայությունների փոխանցումը (ներքին շրջանառություն).

4) իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության նկատմամբ սեփականության իրավունքի փոփոխման (այդ թվում սեփականաշնորհման), ինչպես նաև ապապետականացման գործարքները.

5) իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության` օրենքով սահմանված կարգով վերակազմավորման գործարքները.

6) պետական ձեռնարկությունների հիման վրա ստեղծված վարձակալական ձեռնարկությունների վարձակալության գործարքները.

7) իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի անվճարունակ ճանաչելու դեպքում` օրենքով սահմանված կարգով դատարանի որոշմամբ վերջիններիս պատկանող գույքի իրացման գործարքները.

8) օրենքով սահմանված կարգով բռնագանձված գույքի (այդ թվում գրավի առարկայի) իրացման գործարքները.

9) տիրազուրկ, ժառանգության իրավունքով պետությանն անցած արժեքների, գանձերի և պետության կողմից գնված արժեքների իրացման շրջանառությունը.

10) դրամական ձևով տրվող ֆինանսական օգնությունը և շահաբաժինները.

11) Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների կողմից ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը` այն մասով, որից հասույթն ամբողջությամբ հաշվեգրվել է պետական կամ համայնքների բյուջեների օգտին.

12) ֆիզիկական անձանց կողմից օրենքով սահմանված անձնական օգտագործման իրերի ներմուծումը.

13) Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության մեկնող քաղաքացիների անձնական գույքի ներմուծումը:

14) Հայաստանի Հանրապետության տարածքում վերամշակման և հետագայում արտահանման նպատակով հանրապետություն ներկրվող օտարերկրյա պատվիրատուների սեփականություն համարվող ապրանքների ներմուծումը` դրանց վերամշակումից հետո պայմանագրով նախատեսված արտահանման ժամկետներում, բայց ոչ ավելի, քան մեկ տարվա ընթացքում այդ ապրանքների արտահանման պարտավորագրի առկայության դեպքում: Նշված ժամկետում այդ ապրանքները փաստացի չարտահանելու դեպքում ԱԱՀ գումարը, ներառյալ` դրա վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերի գանձումը, իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

(7-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 26.12.97 ՀՕ-177, լրաց. 06.07.98 ՀՕ-242, խմբ. 28.12.98 ՀՕ-276)

 

Հոդված 8. ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է հետևյալ կարգով.

1) ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման դեպքերում ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում դրանց արժեքը դրամական արտահայտությամբ (ներառյալ` այդ արժեքին օրենքով միացվող այլ վճարումները)` առանց ԱԱՀ-ի, որը գնորդը պետք է վճարի մատակարարին որպես հատուցում: Շրջանառելի` բազմակի օգտագործման տարայի արժեքը չի ներառվում ԱԱՀ-ով հարկվող շրջանառության մեջ, բացառությամբ այն դեպքի, երբ տարան իրացնում է անմիջական արտադրողը.

2) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ներմուծման պահին ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում դրանց` օրենքով սահմանված կարգով որոշվող մաքսային արժեքի և գանձվող ակցիզային հարկի գումարը.

3) ԱԱՀ վճարող անձանց կողմից մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով վերամշակման կամ նորոգման նպատակով Հայաստանի Հանրապետության ներքին տարածքից արտահանված ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում դրանց վերամշակման կամ նորոգման արժեքը, որը որպես հատուցում պետք է վճարվի օտարերկրյա իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին կամ օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` օտարերկրյա ֆիզիկական անձանց), իսկ այդ արժեքի որոշման անհնարինության դեպքում` ապրանքների վերամշակումից կամ նորոգումից հետո ներմուծման մաքսային արժեքի և դրանց արտահանման ժամանակ հայտարարագրված մաքսային արժեքի տարբերությունը.

4) Հայաստանի Հանրապետությունում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող չգրանցված և հարկ վճարողի հաշվառման համար չունեցող օտարերկրյա իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կամ օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից ապրանքների մատակարարմանը կամ ծառայությունների մատուցմանը Հայաստանի Հանրապետությունում ԱԱՀ վճարող անձանց մասնակցելու և նրանց անունից կամ հաշվին հանդես գալու դեպքում` (այդ թվում` հանձնուրդային (կոմիսիոն), աճուրդային վաճառքի հիմունքներով), Հայաստանի Հանրապետությունում ԱԱՀ վճարող այդ անձինք համարվում են այդ ապրանքների մատակարարը կամ ծառայություն մատուցողը և նշված անձանց փոխարեն հարկային պարտավորություններ են կրում ԱԱՀ-ի վճարման գծով: Այդ ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման ժամանակ հարկվող շրջանառություն է համարվում դրանց արժեքը դրամական արտահայտությամբ (ներառյալ` այդ արժեքին օրենքով միացվող այլ վճարները)` առանց ԱԱՀ-ի.

5) միջնորդական ծառայությունների մատուցման դեպքում հարկվող շրջանառություն է համարվում միջնորդավճարը (գանձույթ, պարգևավճար և հատուցման համանման այլ ձևեր)` առանց ԱԱՀ-ի, եթե օրենքով կամ այլ իրավական ակտերով այլ բան չի նախատեսված.

6) ապրանքների անհատույց մատակարարման, ծառայությունների անհատույց մատուցման, ինչպես նաև այն դեպքում, երբ մատակարարվող ապրանքների ու մատուցվող ծառայությունների համար նախատեսվում է տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորաբար կիրառվող գներից էականորեն ավելի ցածր գներ, հարկվող շրջանառություն է համարվում այդ ապրանքների մատակարարման ու ծառայությունների մատուցման պահին դրանց սովորաբար կիրառվող գինը` առանց` ԱԱՀ-ի.

7) փոխանակման գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառությունը որոշվում է ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման համար սույն օրենքով սահմանված կարգով` հիմք ընդունելով այդ ապրանքների մատակարարման ու ծառայությունների մատուցման պահին դրանց սովորաբար կիրառվող գինը` առանց ԱԱՀ-ի.

8) ակցիզային հարկով հարկվող ապրանքների մատակարարման դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառության մեջ ներառվում է նաև ակցիզային հարկի գումարը:

(8-րդ հոդվածը լրաց. 26.12.97 ՀՕ-177)

 

Բ Ա Ժ Ի Ն  III

 

ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Հոդված 9. ԱԱՀ-ի դրույքաչափը սահմանվում է 20 տոկոս` ապրանքների ու ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ:

Ապրանքների ու ծառայությունների լրիվ արժեքով հատուցման գումարի մեջ (ներառյալ 20 տոկոս դրույքաչափը) ԱԱՀ-ի գումարը որոշվում է 16,67 տոկոս հաշվարկային դրույքաչափով:

 

Հոդված 10. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ է սահմանվում սույն օրենքի 16 հոդվածում նշված ապրանքների և ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ

 

Հոդված 11. ԱԱՀ առանձին վճարողների, նրանց խմբերի, գործարքների և գործառնությունների առանձին տեսակների համար օրենքով կարող են սահմանվել ԱԱՀ-ը փոխարինող հաստատագրված վճարումներ:

 

Բ Ա Ժ Ի Ն  IV

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՎԱՅՐԸ

 

Հոդված 12. Ապրանքների մատակարարման վայր է համարվում ապրանքների գտնվելու տեղը, որտեղից դրանք փաստացի մատակարարվում են: Ապրանքները համարվում են մատակարարված Հայաստանի Հանրապետությունում, եթե դրանք`

ա) առաքվել կամ հանձնվել են գնորդին (պատվիրատուին) Հայաստանի Հանրապետության տարածքում.

բ) արտահանվել են Հայաստանի Հանրապետությունից:

Ներմուծված ապրանքները համարվում են մատակարարված Հայաստանի Հանրապետությունում դրանց ներմուծման պահից:

 

Հոդված 13. Ծառայությունը համարվում է մատուցված Հայաստանի Հանրապետությունում, եթե ծառայությունների մատուցման վայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:

Ծառայությունների մատուցման վայր է համարվում այն տեղը, որտեղ ծառայություն մատուցող անձը իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, իսկ այդպիսի վայրի բացակայության կամ որոշման անհնարինության դեպքում` նշված անձի գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն կամ բնակության վայրը, բացառությամբ սույն օրենքի 14 հոդվածով սահմանված դեպքերի):

 

Հոդված 14. Անշարժ գույքի հետ կապված ծառայությունների համար, այդ թվում` վարձակալության, առք ու վաճառքի գործակալների և փորձագետների ծառայությունների, շինարարության նախապատրաստման և իրականացման ծառայությունների (ներառյալ նախագծման, հետախուզման, վերահսկողության և այլ հարակից ծառայությունները) մատուցման վայր է համարվում այն վայրը, որտեղ գտնվում է անշարժ գույքը կամ նախատեսվում է դրա կառուցումը:

Տրանսպորտային ծառայությունների համար մատուցման վայր է համարվում այն տեղը, որտեղից սկսվում է բեռների, փոստի, ուղևորների և ուղեբեռների փոխադրումը: Հայաստանի Հանրապետության տարածքում սկսվող և չընդհատվող երթուղով բեռների, փոստի, ուղևորների և ուղեբեռների միասնական միջազգային փաստաթղթերով ձևակերպված փոխադրումների (այսուհետ` միջազգային փոխադրումներ) մատուցման վայրը Հայաստանի Հանրապետության տարածքում չի գտնվում:

Մշակույթի, արվեստի, սպորտի, գիտության, կրթության և առողջապահության ոլորտներում մատուցվող ծառայությունների (ներառյալ դրանց կազմակերպման համար անհրաժեշտ ծառայությունները), օժանդակ տրանսպորտային ծառայությունների (ապրանքների բեռնումը, բեռնաթափումը, բեռների մշակումը, պահպանումը և այլ ծառայություններ), շարժական գույքի գնահատման, նորոգման, տեղակայման և համանման այլ ծառայությունների մատուցման վայր է համարվում այն վայրը, որտեղ այդ ծառայությունները փաստացի մատուցվում են:

Արտոնագրերի, լիցենզիաների, հեղինակային իրավունքի, ապրանքանշանների և համանման այլ իրավունքների` այլ անձանց փոխանցման, գովազդային խորհրդատվական, ինժեներական, իրավաբանական, հաշվապահական, փորձագիտական, թարգմանչական և համանման այլ ծառայություններ, ինչպես նաև տվյալների մշակման, ծրագրային ապահովման իրականացման և տեղեկատվության հաղորդման ծառայություններ, բանկային, ֆինանսական և ապահովագրական (բացառությամբ չհրկիզվող պահարանների վարձակալության), շարժական գույքի վարձակալության (բացառությամբ բոլոր տեսակների փոխադրամիջոցների վարձակալության) ծառայություններ օտարերկրյա իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կամ օտարերկրյա ֆիզիկական անձանց` Հայաստանի Հանրապետությունում գրանցված անձանց կողմից (կամ հակառակը) մատուցման դեպքում ծառայության մատուցման վայր է համարվում այն վայրը, որտեղ ծառայությունն ստացող անձն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն կամ ունի մշտական հաստատություն, որին մատուցվում են նշված ծառայությունները, իսկ դրանց բացակայության դեպքում` նրա իրավաբանական հասցեն կամ բնակության վայրը:

Փոխադրամիջոցների վարձակալության դեպքում ծառայության մատուցման վայր է համարվում այն վայրը, որտեղ վարձատուն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն կամ դրա բացակայության դեպքում` նրա իրավաբանական հասցեն կամ բնակության վայրը:

Հայաստանի Հանրապետության տարածքից օտարերկրյա պետության տարածք մատուցվող փոստային և էլեկտրակապի ծառայությունների համար ծառայության մատուցման վայր է համարվում այդ պետության տարածքը: Օտարերկրյա պետության տարածքից Հայաստանի Հանրապետության տարածք մատուցվող փոստային և էլեկտրակապի ծառայությունների համար ծառայության մատուցման վայր է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքը:

(14-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-276)

 

Բ Ա Ժ Ի Ն  V

 

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԶՐՈՅԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՐԿՈՒՄ

 

Հոդված 15. ԱԱՀ-ից ազատելը` հարկվող շրջանառության նկատմամբ այն չհաշվարկելն է: ԱԱՀ-ից ազատվում են սույն օրենքի 6 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված հետևյալ գործարքները և գործառնությունները`

1) քաղաքային մարդատար էլեկտրատրանսպորտով (տրոլեյբուս, տրամվայ, մետրո և ճոպանուղի) ուղևորների փոխադրման ծառայությունները.

2) հանրակրթական դպրոցները, պրոֆտեխնիկական ուսումնարանները, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունները` ուսման վարձի մասով.

3) դպրոցական գրերի և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրոցական գրականության, դպրոցական ուսումնական հրատարակությունների իրացումը, բուհերի մասնագիտացված գիտական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած գիտական և ուսումնական հրատարակությունների իրացումը.

4) գիտահետազոտական աշխատանքները.

5) մանկական սննդի իրացումը.

6) անասնաբուժական դեղամիջոցների իրացումը, գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունում օգտագործվող թունաքիմիկատների, պարարտանյութերի, գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների սերմացուների և տնկանյութի իրացումը` գյուղատնտեսական արտադրանք արտադրողներին.

7) արտադրողի կողմից Հայաստանի Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումը.

8) նախադպրոցական հիմնարկներում երեխաներին պահելու, տուն-ինտերնատների, մանկատների, արատներ ունեցող երեխաներ կամ հաշմանդամներ խնամող հաստատությունների, ծերանոցներում գտնվող անձանց խնամքի հետ կապված ծառայությունները, ինչպես նաև խնամվողների կողմից այնտեղ պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը.

9) ռադիոհաղորդումները և սպառողների կողմից չհատուցվող հեռուստատեսային հաղորդումները, ներառյալ այդ հաղորդումները իրականացնելու համար երրորդ անձանցից միջոցների ստացումը.

10) թերթերի և ամսագրերի իրացումը.

11) թաղման բյուրոների, գերեզմանատների, ինչպես նաև մահվան և հուղարկավորության հետ կապված ծիսական բնույթի այլ ծառայությունների մատուցումը և համապատասխան պարագաների իրացումը.

12) կրոնական ծիսակատարությունները, կրոնական կազմակերպություններին մատակարարվող կրոնական պարագաների, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների կողմից այդ պարագաների իրացումը.

13) փոստային ծառայությունների, փոստային դրոշմանիշների, փոստային բացիկների ու ծրարների, ինչպես նաև պետական տուրքային դրոշմանիշների անվանական արժեքով իրացումը.

14) վիճակախաղերի տոմսերի անվանական արժեքով իրացումը.

15) ապահովագրական և վերաապահովագրական գործառնությունները, ներառյալ` դրանց հետ կապված ապահովագրական միջնորդների և գործակալների կողմից մատուցվող ծառայությունները.

16) կենսաթոշակային ապահովման գործառնությունները ներառյալ դրանց հետ կապված միջնորդների և գործակալների կողմից մատուցվող ծառայությունները.

17) ֆինանսական հետևյալ գործառնությունները և ծառայությունները`

- ցպահանջ, ժամկետային, խնայողական և նման այլ ավանդների ընդունումը, բանկային և ինվեստիցիոն հաշիվների բացումը, վարումը ու սպասարկումը, այդ թվում նաև վճարահաշվարկային ծառայությունների մատուցումը.

- վարկերի (փոխառությունների) տրամադրումը, այդ թվում` պարտքերը կամ առևտրային գործարքների ֆինանսավորումը, ֆակտորինգային այլ գործառնությունները.

- երաշխավորությունների, բանկային երաշխիքների տրամադրումը, ակրեդիտիվների բացումը.

- արժեթղթերի թողարկումը, տեղաբաշխումը, գնումը, վաճառքը, այդ թվում` վերավաճառելու նպատակով կամ պայմանով գնումը, ի պահ ընդունումը և հաշվառումը.

- մուրհակների, չեկերի, վճարագրերի, վճարային այլ արժեթղթերի, վճարային փաստաթղթերի, քարտերի և այլ գործիքների թողարկումը, գնումը, զեղչումը, փոխանցումը, զիջումը կամ սպասարկումը.

- արտարժույթի (թղթադրամի և մետաղադրամի, բացառությամբ դրամագիտական նշանակություն ունեցող և այդ նպատակով օգտագործվող մետաղադրամների և բանկային տոմսերի) գնումը, վաճառքը ու փոխանակումը, հայկական դրամի և արտարժույթի ֆյուչերսների, օպցիոնների և նման այլ գործարքների կատարումը.

- կանխիկ տրամադրման ծառայությունները.

- բանկերի կողմից ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայությունների մատուցումը.

- լիազորագրային կառավարման կամ այլ ձևով այլ անձանց ներդրումների (ինվեստիցիաների) կառավարումը.

- թանկարժեք մետաղների ստանդարտացված (բանկային) ձուլակտորների գնումը, վաճառքը, դրանցով արտահայտված հաշիվների բացումն ու վարումը, դրանցով այլ գործառնությունների կատարումը.

- ֆինանսական վարձակալության իրականացումը.

- բրոքերային և միջնորդական այլ ծառայություններ.

- բանկի կողմից արժեթղթերի, թանկարժեք մետաղների, քարերի, ոսկերչական իրերի, այլ արժեքների և փաստաթղթերի ի պահ ընդունումը.

- օրենքով սահմանված կարգով բանկի սեփականություն դարձած գրավի առարկայի իրացումը` եթե վերջինս կատարվել է գրավի առարկան բանկի սեփականություն դառնալու պահից մեկ տարվա ընթացքում. 

- գումարների (հասույթների, պարտադիր, կոմունալ և այլ վճարների) ընդունման, ինչպես նաև աշխատավարձի, թոշակների, նպաստների, ապահովագրական և այլ վճարների կատարման ծառայությունները` կնքված պայմանագրերի համաձայն.

ԱԱՀ-ից չեն ազատվում սույն կետով նախատեսված ծառայությունների հետ կապված քաղվածքների և այլ տեղեկությունների ձևակերպումը և տրամադրումը, արժեթղթերի, չեկերի, վճարագրերի, վճարային փաստաթղթերի, քարտերի, թղթադրամի, մետաղադրամի, բանկային ոսկու պատրաստումը, ֆաքսիմիլային ծառայությունները:

18) պետական, համայնքային և գերատեսչական բնակարանային ֆոնդի վարձակալությունը, սեփականաշնորհված բնակարանների սեփականատերերից գանձվող սպասարկման վարձը, հանրակացարաններում բնակվելու վարձը, համատիրությունների, բնակարանային-շինարարական կոոպերատիվների` իրենց անդամներին մատուցված օրենսդրությամբ սահմանված ծառայությունները.

19) դոնորային արյան, մայրական կաթի, դեղամիջոցների, դեղանյութերի, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, բժշկական տեխնիկայի և պարագաների, բուժօգնության, բուժսպասարկման (այդ թվում կանխարգելիչ և ախտորոշման) ծառայությունների, բուժկանխարգելիչ ձեռնարկություններում ու կազմակերպություններում բուժման հետ կապված և այդ բուժօգնության շրջանակներում հիվանդների կողմից պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը.

20) օտարերկրյա պետությունների, միջազգային միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, միջազգային, օտարերկրյա և Հայաստանի Հանրապետության հասարակական (ներառյալ բարեգործական), կրոնական և նմանատիպ բնույթի ոչ պետական այլ կազմակերպությունների, առանձին բարերարների կողմից ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը մարդասիրական օգնության և բարեգործական (համանման այլ հասարակական և սոցիալական) ծրագրերի (գործունեության) շրջանակներում, ինչպես նաև նման ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը Հայաստանի Հանրապետությունում ԱԱՀ վճարողների կողմից:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ մարդասիրական օգնության և բարեգործական ու տեխնիկական (այլ) բնույթի, ինչպես նաև սույն հոդվածի դրույթների համաձայն ԱԱՀ-ից ազատվող ապրանքների և ծառայությունների շրջանակները որոշվում են Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնությունը կոորդինացնող լիազորված մարմնի կողմից:

21) միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկային կամ շնորհային ծրագրերի նախապատրաստման միջոցների հաշվին ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

22) հասարակական (այդ թվում` բարեգործական) և կրոնական կազմակերպությունների կողմից անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառումը և ապրանքների ու ծառայությունների` տարվա ընթացքում միանգամյա կամ ոչ պարբերական իրացումը.

23) արտոնագրերի, հեղինակային իրավունքի, լիցենզիաների ստացման և հանձնման հետ կապված գործառնությունները.

24) հացի իրացումը.

25) մազութի իրացումը:

26) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում նշված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի իրացումը:

  (15-րդ հոդվածը լրաց. 30.09.97 ՀՕ-146, խմբ. 21.10.97 ՀՕ-152, լրաց., խմբ., փոփ. 26.12.97 ՀՕ-177, փոփ., լրաց. 28.12.98 ՀՕ-276, լրաց. 13.12.00 ՀՕ-137)

 

Հոդված 16. Զրոյական դրույքաչափով հարկումը` ապրանքների ու ծառայությունների արտահանման նկատմամբ արտահանող երկրի տարածքում և սույն հոդվածով սահմանված այլ դեպքերում ԱԱՀ-ով չհարկելն է և ապրանքներ ու ծառայություններ արտահանող անձին արտահանվող ապրանքների և ծառայությունների համար վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների լրիվ փոխհատուցումը (հաշվանցումը):

ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափը կիրառվում է`

1) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանից դուրս մատակարարվող (արտահանվող) ապրանքների հարկվող շրջանառության նկատմամբ, ինչպես նաև միջազգային երթուղիներով թռիչքներ իրականացնող օդանավերի լցավորման համար վառելանյութի ու ամբողջ երթուղու ընթացքում օդանավերում անձնակազմի և ուղևորների սպառման համար նախատեսվող ապրանքների մատակարարման նկատմամբ.

Օտարերկրյա անձանց կողմից հանրապետությունում ձեռք բերված ապրանքներն արտահանելիս դրանց համար հանրապետության տարածքում վճարված ԱԱՀ-ի գումարները վերադարձվում են նրանց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

2) օդանավակայաններում մաքսային և անձնագրային հսկողության տարածքից հետո հատուկ առանձնացված վայրերում միջազգային երթուղիներով մեկնող ուղևորներին ապրանքների մանրածախ վաճառքի նկատմամբ, եթե այդ ապրանքները մինչև վաճառքի դրվելը անցել են մաքսային ձևակերպում ներքին տարածքից ապրանքների արտահանման համար Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) սույն հոդվածի 1-2-րդ կետերում նշված մատակարարումների հետ անմիջականորեն կապված ծառայությունների (բեռնում, փոխադրում, բեռնաթափում, պահպանում և այլն) հարկվող շրջանառության նկատմամբ.

4) բոլոր փոխադրամիջոցներով ուղևորների, ուղեբեռների, բեռների և փոստի միջազգային փոխադրման ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ` հանրապետության տարածքից դուրս իրականացվող փոխադրումների մասով.

5) միջազգային երթուղիներով փոխադրումներ իրականացնող փոխադրամիջոցների մատակարարման, սպասարկման (ներառյալ աէրոնավիգացիոն, թռիչք-վայրէջքի), նորոգման, վերասարքավորման և վարձակալության ծառայությունների, ինչպես նաև միջազգային երթուղիներով փոխադրվող ուղևորների, ուղեբեռների, բեռների և փոստի սպասարկման ծառայությունների և փոխադրման ընթացքում ուղևորներին մատուցվող ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ.

6) այն ծառայությունների (այդ թվում` գործակալական, միջնորդական) հարկվող շրջանառության նկատմամբ, որոնք անմիջականորեն կապված են և ապահովում են սույն հոդվածի 4-րդ և 5-րդ կետերում նշված ծառայությունների մատուցումը.

7) օտարերկրյա իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կամ օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից տրված հումքից, նյութերից ու կիսաֆաբրիկատներից իրենց պատվերով Հայաստանի Հանրապետության տարածքում այն արտադրանքի մշակման կամ հավաքման, շարժական գույքի նորոգման, արդիականացման և համանման այլ ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ, որոնք արտահանվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանից դուրս` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում.

8) այն ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ, որոնց մատուցման վայրը, համաձայն սույն օրենքի, չի գտնվում Հայաստանի Հանրապետության ներքին տարածքում.

9) Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հատուկ մաքսային ռեժիմով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և այլ առարկաների հարկվող շրջանառության նկատմամբ.

10) (10-րդ կետը հանվել է 28.12.98 ՀՕ-276)

11) դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների պաշտոնական օգտագործման նպատակով ներմուծվող կամ հանրապետության տարածքում ձեռք բերվող ապրանքների, նրանց մատուցվող ծառայությունների նկատմամբ.

12) հանրապետության տարածքով օտարերկրյա բեռների տարանցիկ փոխադրումների նկատմամբ.

Զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման դեպքում ԱԱՀ վճարողների մոտ դրանց հետ կապված ձեռք բերված ապրանքների և մատուցված ծառայությունների գծով մատակարարների կողմից ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերադարձման (հաշվանցման) սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

(16-րդ հոդվածը փոփ. 26.12.97 ՀՕ-177, 28.12.98 ՀՕ-276)

 

Հոդված 17. Առանձին օրենքներով կարող են սահմանվել ԱԱՀ-ից ազատման և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված այլ արտոնություններ:

(17-րդ հոդվածը խմբ. 26.12.97 ՀՕ-177) 

 

Բ Ա Ժ Ի Ն  VI

 

ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ


Ենթաբաժին
 I. Հաշվարկային փաստաթղթերի լրացման կարգը

 

Հոդված 18. Սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարողներն ավելացված արժեքի հարկով հարկվող ապրանքներ մատակարարելու և ծառայություններ մատուցելու դեպքում պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվներ: Հարկային հաշիվ է համարվում ապրանքների մատակարարումը կամ ծառայությունների մատուցումը հաստատող սահմանված կարգի հաշվարկային փաստաթուղթը` լրացված սույն օրենքի 20 հոդվածի համաձայն:

(18-րդ հոդվածը խմբ. 26.12.97 ՀՕ-177)

 

Հոդված 19. Հարկային հաշիվներ դուրս չեն գրվում`

1) ԱԱՀ վճարող չհանդիսացող անձանց կողմից.

2) այն ապրանքների և ծառայությունների համար, որոնք օրենքով ազատված են ԱԱՀ-ից.

3) սույն օրենքի համաձայն հարկման օբյեկտ չհանդիսացող կամ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների (գործառնությունների) համար:

Վերը նշված դեպքերում հարկային հաշվի փոխարեն լրացվում (կազմվում) են ընդհանուր կարգով սահմանված այլ հաշվարկային (այդ թվում` բեռնաառաքման) և վճարային փաստաթղթեր:

 

Հոդված 20. Հարկային հաշվի մեջ պարտադիր նշվում են հետևյալ տվյալները`

ա) հաշվի հերթական համարը և դուրսգրման ամսաթիվը.

բ) ապրանք առաքող կամ ծառայություն մատուցող անձի անվանումը և իրավաբանական հասցեն, ֆիզիկական անձի անունը և ազգանունը, բնակության վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

գ) ապրանքներ կամ ծառայություններ ստացող անձի անվանումը և իրավաբանական հասցեն, ֆիզիկական անձի անունը և ազգանունը, բնակության վայրը.

դ) ապրանքների անվանումը և քանակը կամ ծառայությունների տեսակը և ծավալը.

ե) ապրանքների գինը և ընդհանուր արժեքը կամ մատուցվող ծառայությունների սակագինը և հատուցման ընդհանուր գումարը` առանց ԱԱՀ-ի.

զ) հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (առանձին տողով).

է) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսված այլ տեղեկություններ:

Որպես հարկային հաշիվ կարող են ծառայել նաև առևտրի և սպասարկումների ոլորտում գործունեություն իրականացնող անձանց կողմից տրված ապրանքների (մատուցված ծառայությունների) գնման չեկերը (կտրոնները), եթե դրանք պարունակում են սույն հոդվածի «ա» և «բ» կետերում նշված տվյալները, ինչպես նաև ապրանքների և մատուցված ծառայությունների ընդհանուր արժեքն ու դրանում ներառված ԱԱՀ-ի գումարը: Առանձին տվյալների բացակայության դեպքում դրանք պետք է արտացոլվեն չեկին կցվող սահմանված կարգով լրացված հարկային հաշվում:

ԱԱՀ վճարող չհանդիսացող օտարերկրյա ֆիզիկական անձանց համար մանրածախ հարկային հաշիվ (չեկ) դուրս է գրվում կապված Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված ապրանքներն արտահանելիս` դրանց համար վճարված ԱԱՀ-ի գումարները նրանց վերադարձնելու հետ:

Մանրածախ առևտրի և սպասարկման ոլորտում ապրանքների գնման կամ ծառայությունների ձեռքբերման դեպքում գնորդների (հաճախորդների) պահանջով ԱԱՀ վճարող հանդիսացող անձինք պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվ` սույն հոդվածում նշված տվյալներով:

(20-րդ հոդվածը լրաց., փոփ. 26.12.97 ՀՕ-177)

 

Հոդված 21. Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից ԱԱՀ-ի հաշվարկումը և գանձումը հիմնավորվում է մաքսային ձևակերպման ժամանակ լրացվող մաքսային հայտարարագրերով և վճարային փաստաթղթերով (վճարման հանձնարարագիր, անդորրագիր կամ վճարումը հաստատող այլ փաստաթղթեր):

 

Հոդված 22. Սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարող անձինք պարտավոր են ժամանակագրական կարգով հաշվառել և դուրսգրման օրվան հաջորդող առնվազն երեք տարի պահպանել իրենց կողմից տրված բոլոր հարկային հաշիվների պատճենները, ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման ժամանակ ԱԱՀ-ի վճարումը հաստատող հաշիվները, ապրանքների ներմուծման ժամանակ մաքսային մարմիններին ԱԱՀ-ի վճարումը հաստատող հայտարարագրերը, ինչպես նաև ԱԱՀ-ի հաշվարկմանը և վճարմանը վերաբերող այլ փաստաթղթեր:

 

Ենթաբաժին II. ԱԱՀ-ի հաշվարկման կարգը 

 

Հոդված 23. Սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարող անձինք հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում իրականացված հարկվող գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը, որից հաշվանցվում (պակասեցվում) են`

1) արտադրական և այլ առևտրային նպատակներով հանրապետության ներքին տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների (ներառյալ` հիմնական միջոցները, ոչ նյութական ակտիվների և մատուցված ծառայությունների մատակարարների կողմից` սույն օրենքի VI բաժնի I ենթաբաժնում սահմանված կարգով ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարի չափով:

Հիմնական միջոցների ձեռքբերման ժամանակ մատակարարների` հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում (պակասեցվում) են դրանց ձեռքբերման պահից`

ա) միանվագ, եթե դրանց ձեռքբերման արժեքը (առանց ԱԱՀ-ի գումարի) չի գերազանցում տասը միլիոն դրամը.

բ) վեց ամսվա ընթացքում հավասար չափերով, եթե դրանց ձեռքբերման արժեքը (առանց ԱԱՀ-ի գումարի) գերազանցում է տասը միլիոն դրամը:

2) հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար, օրենքով սահմանված կարգով և չափերով, Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գանձված (գանձման ենթակա) ԱԱՀ-ի գումարների չափով, եթե սույն օրենքով նախատեսված է ԱԱՀ-ի գանձում ապրանքների ներմուծման պահին:

 

Հոդված 24. Բնական գազի, էլեկտրական և ջերմային էներգիայի, խմելու և ոռոգման ջրի արտադրության, տեղափոխման և վաճառքի գործարքների և գործառնությունների, կեղտաջրերի հեռացման և մաքրման, աղբահանության և սանմաքրման ծառայությունների, լարային ռադիոհաղորդումների ծառայությունների, երկաթուղային փոխադրումների, ինչպես նաև պետական գնումները և պետական պատվերը կարգավորող օրենքներին կամ իրավական այլ ակտերին համապատասխան ապրանքներ մատակարարելու և ծառայություններ մատուցելու գծով ավելացված արժեքի հարկի պարտավորության ծագման (բյուջեի օգտին ԱԱՀ հաշվարկման) պահը որոշվում է ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) դիմաց վճարման պահով` անկախ իրացման հասույթի որոշման մեթոդներից:

Սույն հոդվածի կիրառման նպատակով հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե վճարման ենթակա է այդ ժամանակաշրջանում իրականացվող հարկվող գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված և գնորդներից (պատվիրատուներից) ստացված ԱԱՀ-ի գումարը, որից հաշվանցվում (պակասեցվում) են ԱԱՀ-ի այն գումարները, որոնք նույն հաշվետու ժամանակաշրջանում վճարվել են`

1) արտադրական և առևտրային այլ նպատակներով հանրապետության ներքին տարածքում ձեռք բերված ապրանքների (ներառյալ` հիմնական միջոցները), ոչ նյութական ակտիվների և մատուցված ծառայությունների մատակարարներին` սույն օրենքի VI բաժնի I ենթաբաժնում սահմանված կարգով ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարի չափով.

2) հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար, օրենքով սահմանված կարգով և չափերով, Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների գանձած ԱԱՀ-ի գումարների չափով, եթե սույն օրենքով նախատեսված է ավելացված արժեքի հարկի գանձումն ապրանքներ ներմուծելու պահին:

(24-րդ հոդվածը լրաց. 04.11.97 ՀՕ-156, խմբ. 26.12.97 ՀՕ-177)

 

Հոդված 25. Հաշվետու ժամանակաշրջանում սույն օրենքի 23 և 24 հոդվածներով սահմանված կարգով հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից հաշվանցման («ըստ վճարման (դրամարկղային)» մեթոդը օգտագործողների համար` պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարների առաջացող տարբերությունը (գերազանցող գումարը, այդ թվում` ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառման հետևանքով) հաշվանցվում (պակասեցվում) է ԱԱՀ վճարողների կողմից հետագա հաշվետու ժամանակաշրջաններում վճարման ենթակա ԱԱՀ-ի հաշվին (կամ այլ հարկատեսակների գծով առկա հարկային պարտավորությունների հաշվին) կամ հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկների արդյունքներով վերադարձվում է վճարողներին` վերջիններիս դիմումի և գումարը հիմնավորող համապատասխան տեղեկանքի հիման վրա` 30 օրվա ընթացքում:

(25-րդ հոդվածը փոփ. 26.12.97 ՀՕ-177, 28.12.98 ՀՕ-276)

 

Հոդված 26. Սույն օրենքի 23 և 24 հոդվածներում նշված դեպքերում մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցման (պակասեցման) ենթակա չեն`

1) ԱԱՀ վճարող չհամարվող անձանց կողմից.

2) սույն օրենքի 7 հոդվածի համաձայն հարկվող օբյեկտ չհամարվող և 15 հոդվածի համաձայն ԱԱՀ-ից ազատված գործարքների (գործառնությունների) գծով: Սույն կետում նշված դեպքերում մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները միացվում են ապրանքները ձեռք բերելու գնին կամ արտադրության շրջանառության ծախքերին:

Սույն կետով սահմանված կարգը տարածվում է նաև շրջանառելի` բազմակի օգտագործման տարան անմիջական արտադրողից ձեռք բերողների վրա` այդ տարայի մասով, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ԱԱՀ-ը փոխարինող հաստատագրված վճարումներ կատարողների վրա.

3) ոչ արտադրական (ոչ առևտրային) նպատակներով ձեռք բերված ապրանքների և ծառայությունների գծով, բացառությամբ ապրանքների ու ծառայությունների անհատույց (մասնակի հատուցմամբ) հատկացման դեպքերի:

Սույն կետում նշված դեպքերում մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները վերագրվում են ֆինանսական արդյունքներին:

Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ ձեռք բերված ապրանքները, ինչպես նաև ծառայություններն ինքնարժեքից կամ ձեռքբերման արժեքից (ներառյալ` ակցիզային հարկի գումարը) ցածր արժեքով իրացնելու (հատկացնելու) դեպքում հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված (ստացված) և մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների միջև առաջացող բացասական տարբերությունը վերագրվում է ԱԱՀ վճարողի շահույթին (եկամտին) և հաշվանցման կամ վերադարձման ենթակա չէ:

Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքները ձեռքբերման արժեքից (ներառյալ` մաքսային մարմինների գանձած ակցիզային հարկի գումարը) ցածր արժեքով իրացնելու (հատկացնելու) դեպքում հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված (ստացված) և Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների գանձած (գանձման ենթակա) ԱԱՀ-ի գումարների միջև առաջացող բացասական տարբերությունը ենթակա է հաշվանցման` ապրանքների ձեռքբերման արժեքի նկատմամբ հաշվարկային եղանակով որոշված և մաքսային մարմինների գանձած (գանձման ենթակա) հարկի գումարների տարբերության մասով: Ապրանքների իրացումից հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված և ապրանքների ձեռքբերման արժեքի նկատմամբ հաշվարկային եղանակով որոշված հարկի գումարների միջև առաջացած բացասական տարբերությունը վերագրվում է ԱԱՀ վճարողի շահույթին (եկամտին) և հաշվանցման կամ վերադարձման ենթակա չէ:

Ներմուծման պահին օրենքով սահմանված կարգով ԱԱՀ-ով չհարկվող ապրանքները ձեռքբերման արժեքից ցածր արժեքով իրացնելու (հատկացնելու) դեպքում ԱԱՀ-ի հաշվարկման նպատակով հիմք է ընդունվում ապրանքների ձեռքբերման արժեքի նկատմամբ հաշվարկային եղանակով որոշված ԱԱՀ-ի գումարը: Հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված և հաշվարկային եղանակով որոշված ԱԱՀ-ի գումարների միջև առաջացող բացասական տարբերությունը վերագրվում է ԱԱՀ վճարողի շահույթին (եկամտին) (շահույթ ստանալու նպատակ չհետապնդող հասարակական կազմակերպությունների նպատակային ֆինանսավորման միջոցներին):

(26-րդ հոդվածը խմբ. 26.12.97 ՀՕ-177)

 

Հոդված 27. Եթե սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարող անձինք միաժամանակ իրականացնում են հարկվող և ԱԱՀ-ից ազատված (ինչպես նաև հարկման օբյեկտ չհանդիսացող) գործարքներ (գործառնություններ), ապա նրանք կարող են հաշվանցել (պակասեցնել պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարից) միայն հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման համար ձեռք բերված ապրանքներին և ծառայություններին վերաբերող (այդ թվում` մաքսային մարմինների կողմից գանձված) ԱԱՀ-ի գումարները: Այդ նպատակով ԱԱՀ վճարողները պարտավոր են վարել հարկվող և ԱԱՀ-ից ազատված (ինչպես նաև հարկման օբյեկտ չհանդիսացող) գործառնությունների, ինչպես նաև դրանց իրականացման համար ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների առանձնացված հաշվառում: Եթե նման առանձնացված հաշվառման իրականացումն անհնար է, ապա յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարը հաշվարկվում է` ելնելով նույն հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների (գործառնությունների) ընդհանուր շրջանառության մեջ (առանց ԱԱՀ-ի) հարկվող գործարքների (գործառնությունների, այդ թվում` զրոյական դրույքաչափով հարկվող) շրջանառության (առանց ԱԱՀ-ի) տեսակարար կշռից: Ֆինանսական տարվա յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջում կատարվում է վերոհիշյալ կարգով հաշվարկված հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարի վերահաշվարկ: Ֆինանսական տարվա վերջում իրականացվում է վերջնահաշվարկ` ելնելով տարեկան արդյունքների հիման վրա սույն հոդվածով սահմանված կարգով որոշված հարկվող և բոլոր գործարքների (գործառնությունների) հարաբերակցությունից, եթե հնարավոր չէ այդ տարբերակումն իրականացնել ուղղակի կամ այլ` ավելի ճշգրիտ եղանակով: Տարեկան վերջնահաշվարկի վերաբերյալ համապատասխան տեղեկանքը սույն օրենքի VI բաժնի III ենթաբաժնում սահմանված կարգով ներկայացվում է հարկային տեսչության մարմին` տարվա արդյունքներով ներկայացվող հաշվարկի հետ մեկտեղ: Հարկային տեսչության մարմիններն իրավասու են սահմանված կարգով կատարել ուսումնասիրություններ` նշված վերջնահաշվարկի, ինչպես նաև սույն օրենքի 25 հոդվածով նախատեսված դեպքում` վճարողների դիմումի հիման վրա վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարների ճշտությունը (հավաստիությունը) ստուգելու նպատակով:

(27-րդ հոդվածը փոփ. 28.12.98 ՀՕ-276)

 

Հոդված 28. Եթե սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարող ֆիզիկական անձինք ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնում իրենց բնակության վայրում սեփական սպառման հետ միաժամանակ և ձեռք բերված ապրանքների, ծառայությունների համար վճարել (ձևակերպել) են ԱԱՀ, ապա հաշվանցման (պակասեցման) ենթակա են միայն ԱԱՀ-ի այն գումարները, որոնք վճարվել (ձևակերպվել) են անմիջականորեն ձեռնարկատիրական գործունեության իրականացման նպատակով ձեռք բերված ապրանքների ծառայությունների համար:

 

Հոդված 29. Սույն օրենքի 19 հոդվածի պահանջները խախտելու և հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում ԱԱՀ վճարողը պարտավոր է հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը սահմանված ընդհանուր կարգով վճարել բյուջե` հաշվանցելով (պակասեցնելով) մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում և մաքսային փաստաթղթերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները:

Գնորդներին (պատվիրատուներին) դուրս գրված հարկային հաշիվներում կատարված խախտումների հետևանքով ավել (սխալ) հաշվարկված ԱԱՀ-ի գումարները վերահաշվարկման (բյուջեից վերադարձման) ենթակա չեն:

 

Ենթաբաժին III. ԱԱՀ-ի վճարման և հաշվարկների ներկայացման կարգը և ժամկետները

 

Հոդված 30. Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման դեպքում դրանց համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ԱԱՀ վճարվում է ներմուծման օրվանից տասը օրվա ընթացքում: Եթե նախապես հայտարարված մաքսային ռեժիմը (որի համաձայն մաքսային սահմանով բացթողման ժամանակ ապրանքներից ԱԱՀ չի գանձվում) փոխարինվում է ազատ շրջանառության համար բացթողման (ներմուծման) ռեժիմով, ապա վճարողները (կամ մաքսային օրենսդրությամբ սահմանված վճարումների համար պատասխանատու այլ անձինք) պարտավոր են ԱԱՀ-ի չգանձված գումարները վճարել ներմուծման մաքսային ռեժիմով ապրանքների վերահայտարարագրման կամ այդ մասին հայտնի դառնալու օրվանից հետո տասնօրյա ժամկետում:

 

Հոդված 31. ԱԱՀ վճարողների կողմից հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման դեպքում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառման, ինչպես նաև դրա հետ կապված հարկային պարտավորության (ԱԱՀ-ի հաշվարկման) ծագման պահ է համարվում այն պահը, երբ տեղի է ունեցել ներքոհիշյալ դեպքերից որևէ մեկը`

1) ապրանքները առաքվել կամ հանձնվել են գնորդներին կամ ծառայությունները մատուցվել են պատվիրատուներին.

2) սույն օրենքի 24 հոդվածում նշված կարգով ԱԱՀ վճարողների համար` ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գծով գնորդներից (պատվիրատուներից) ստացվել է հատուցում (հաշվի առնելով հատուցման չափը).

3) անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառման հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման օրը (այդ թվում` սույն օրենքի 24 հոդվածում նշված ԱԱՀ վճարողների համար):

(31-րդ հոդվածը փոփ. 26.12.97 ՀՕ-177)

 

 Հոդված 32. Սույն օրենքի 23 և 24 հոդվածների համաձայն հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարումները պետական բյուջե կատարվում են յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար:

Սույն օրենքի իմաստով ԱԱՀ-ի վճարման հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր եռամսյակը` բացառությամբ սույն հոդվածի երրորդ մասով սահմանված դեպքի:

ԱԱՀ վճարողների կողմից հարկային տեսչության համապատասխան մարմին ամսական ԱԱՀ վճարող ճանաչվելու մասին Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության սահմանած ձևով հայտարարություն ներկայացնելու դեպքում` հաշվետու եռամսյակին հաջորդող մեկ տարվա ընթացքում ԱԱՀ վճարողի համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր ամիսը:

Հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարումները պետական բյուջե կատարվում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:

Հաշվետու տարվա համար ԱԱՀ-ի վճարումները կատարվում են մինչև հաշվետու տարվան հաջորդող փետրվարի 25-ը ներառյալ:

(32-րդ հոդվածը խմբ. 28.12.98 ՀՕ-276)

 

Հոդված 33. ԱԱՀ վճարողները սույն օրենքի 32 հոդվածով սահմանված ժամկետներում իրենց գրանցման վայրի հարկային տեսչության մարմին են ներկայացնում պետական բյուջե ԱԱՀ-ի վճարման համար համապատասխան հաշվարկներ` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից սահմանված ձևով:

 

Բ Ա Ժ Ի Ն  VII

 

ԱԱՀ-Ի ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 34. Զբոսաշրջիկության բնագավառում ծառայություններ մատուցող անձանց (այսուհետ` գործակալություններ) համար, որոնք իրականացնում են այլ անձանց ուղեգրերի (մատուցվող ծառայությունների) վաճառքը քաղաքացիներին, հարկվող շրջանառություն է համարվում զբոսաշրջիկների կողմից գործակալություններին վճարվող ամբողջ գումարի և այլ անձանց կողմից մատուցվող ծառայությունների արժեքի տարբերությունը (մասնավորապես փաստաթղթերի ձևակերպման և համանման այլ ծախսերի կատարման նպատակով վճարվող գումարը):

Եթե զբոսաշրջիկության հետ կապված ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումն ամբողջությամբ իրականացվում է հանրապետության տարածքից դուրս, ապա գործակալությունների կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ, համաձայն սույն օրենքի 16 հոդվածի, կիրառվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ, իսկ եթե այդ ծառայությունները մատուցվում են ինչպես հանրապետության տարածքում, այնպես էլ նրանից դուրս, ապա զրոյական դրույքաչափով հարկվում է միայն ծառայությունների այն մասը, որը կապված է ներքին տարածքից դուրս իրականացվող գործարքների (գործառնությունների) հետ:

 

Հոդված 35. Քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց պատկանող անձնական գույքի սահմանված կարգով հանձնուրդային (կոմիսիոն) վաճառքի դեպքում առևտրական գործունեություն իրականացնողի համար հարկվող շրջանառություն է համարվում հանձնուրդավճարի (կոմիսիոն գանձույթի) գումարը` պայմանով, որ նշված գույքի հաշվառումն իրականացվում է նոր (ոչ կոմիսիոն) ապրանքների հաշվառումից առանձնացված կարգով` հանձնուրդային (կոմիսիոն) առևտրի կանոնների պահպանմամբ:

 

Հոդված 36. Ապրանքների աճուրդային վաճառքի դեպքում աճուրդի կազմակերպչի համար հարկվող շրջանառություն է համարվում վաճառվող ապրանքների սեփականատիրոջ (կամ անձի) կողմից միջնորդավճարի (պարգևավճարի, տոկոսի և այլն) գումարը, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 37. Հայաստանի Հանրապետության տարածքում կապի ծառայությունների մատուցման ժամանակ հարկվող շրջանառություն է համարվում դրանց արժեքը` ելնելով սահմանված սակագներից:

Հայաստանի Հանրապետության և էլեկտրակապի միջազգային միության (ԷՄՄ) անդամ մյուս երկրների միջև միջազգային կապի ծառայությունների գծով փոխհաշվարկների արդյունքում ԷՄՄ անդամ երկրների կողմից Հայաստանի Հանրապետությունում կապի ծառայություններ մատուցող անձանց վճարվող գումարները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային փոստային միության անդամ մյուս երկրների միջև փոստային ծառայությունների գծով փոխհաշվարկների արդյունքում Համաշխարհային փոստային միության անդամ երկրների կողմից Հայաստանի Հանրապետությունում փոստային ծառայություններ մատուցող անձանց վճարվող գումարները համարվում են որպես արտահանված ծառայությունների դիմաց ստացվող փոխհատուցում, և դրանց նկատմամբ կիրառվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ:

(37-րդ հոդվածը լրաց. 26.12.97 ՀՕ-177)

 

Հոդված 38. Գրավի հետ կապված գործառնությունների իրականացման դեպքում, բացառությամբ սույն օրենքի 7 հոդվածի 8-րդ կետում նշված դեպքի, հարկվող շրջանառություն է համարվում`

1) շրջանառության մեջ գտնվող ապրանքներով (ներառյալ անշարժ գույքի գրավի (հիպոթեքի) առարկայի իրացման դեպքում` սույն օրենքի 8 հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով որոշվող հարկվող շրջանառությունը.

2) շրջանառությունից դուրս եկած (օգտագործման մեջ եղած) ապրանքներով գրավի առարկայի իրացման դեպքում` դրանց փաստացի բավարարման պահին ստացված լրիվ ծավալով պահանջի, ներառյալ տոկոսները, գրավի մասին պայմանագրով նախատեսված պարտավորության կատարումն ուշացնելու հետևանքով վնասի փոխհատուցումը, տուգանք, տույժ, գրավ դրված գույքը պահելու և գրավով ապահովված պահանջը կատարելու հետ կապված ծախսերի և իրացման (վաճառքի) գների տարբերությունը:

Սույն հոդվածով սահմանված դեպքերում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում է գրավատուն:

(38-րդ հոդվածը խմբ. 28.12.98 ՀՕ-276)

 

Հոդված 39. Սույն օրենքի 15 հոդվածի 20-րդ կետում նշված արտոնության կիրառման առումով մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրեր իրագործողները սահմանված կարգով նշումներ պետք է կատարեն Հայաստանի Հանրապետությունում գտնվող մատակարարների հետ կնքվող պայմանագրերում: Մատակարարված ապրանքների գծով ստացված հասույթները կամ ստացված (առանց ԱԱՀ-ի) ապրանքները և ծառայությունները կանոնադրական (ծրագրային) նպատակներով չօգտագործելու դեպքում նշված ծրագրի (գործունեության) որակավորումն` որպես մարդասիրական օգնության կամ բարեգործականի կարող է փոփոխվել կամ կասեցվել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնությունը կոորդինացնող լիազորված մարմնի կողմից, որը հանգեցնում է նշված արտոնությունների գործունեության դադարմանը կամ կասեցմանը:

 

Հոդված 40. ԱԱՀ վճարող իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների լուծարման, ինչպես նաև անհատ ձեռներեցների գործունեության դադարեցման ընթացքում դրանց կողմից գույքի օտարումը (իրացումը) ենթակա է հարկման ԱԱՀ-ով` սույն օրենքով սահմանված կարգով: Այդ դեպքերում նշված անձինք պարտավոր են իրենց գրանցման (գտնվելու, բնակության) վայրի հարկային տեսչության մարմին ներկայացնել ԱԱՀ-ի գծով վերջնական հաշվարկ և հասանելիք ԱԱՀ-ը վճարել բյուջե` լուծարքային ակտի ստորագրումից առաջ:

 

Բ Ա Ժ Ի Ն  VIII

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Հոդված 41. Սույն օրենքը խախտելու համար ԱԱՀ վճարողները և նրանց պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 42. Սույն օրենքի 20 հոդվածով սահմանված կարգի խախտումով հարկային հաշիվների լրացման համար վճարողներից գանձվում է տուգանք այդ փաստաթղթերում հաշվարկված ԱԱՀ-ի տասը տոկոսի չափով:

 

Հոդված 43. ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը թաքցնելու կամ պակաս ցույց տալու, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված կարգի խախտումով ապրանքների և ծառայությունների դիմաց վճարված ԱԱՀ-ի գումարները պակասեցնելու (հաշվանցելու) հետևանքով բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար վճարողներից գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված ԱԱՀ-ի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 30 տոկոսի չափով: Այդ տուգանքը կիրառվում է նաև այն դեպքում, երբ հարկային տեսչության մարմինների կողմից կատարվող ստուգման արդյունքում բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար չի առաջանում` հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարները հաշվարկված ԱԱՀ-ի գումարները գերազանցելու հետևանքով:

 

Հոդված 44. (44-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.97 ՀՕ-177)

 

Հոդված 45. Եթե ինքնուրույն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձինք սույն օրենքի 3 հոդվածի պահանջներին համապատասխան պարտավոր էին, սակայն չեն վճարել ԱԱՀ` իրականացնելով հարկվող գործարքներ (գործառնություններ), ապա դա առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

Բ Ա Ժ Ի Ն  IX

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 46. Սույն օրենքի դրույթներին վերաբերող հրահանգները, ինչպես նաև դրանց վերաբերյալ պարզաբանումները հաստատում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, ինչպես նաև`

 - օրենքի 15 հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթների վերաբերյալ պարզաբանումները` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ.

- օրենքի 15 հոդվածի 5 - 7-րդ կետերի դրույթների վերաբերյալ պարզաբանումները` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության հետ.

- օրենքի 15 հոդվածի 8-րդ կետի դրույթների վերաբերյալ պարզաբանումները` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության հետ.

- օրենքի 15 հոդվածի 13-րդ կետի դրույթների վերաբերյալ պարզաբանումները` Հայաստանի Հանրապետության կապի նախարարության հետ.

- օրենքի 15 հոդվածի 18-րդ կետի և 16 հոդվածի 10-րդ կետի (շինարարական և հարակից աշխատանքների գծով) դրույթների վերաբերյալ պարզաբանումները` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության հետ.

- օրենքի 15 հոդվածի 19-րդ կետի դրույթների վերաբերյալ պարզաբանումները` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ:

 Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման ժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գանձվող ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման կարգին վերաբերող դրույթների մասով համապատասխան հրահանգը, ինչպես նաև դրանց վերաբերյալ պարզաբանումները հաստատում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարյությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության հետ:

 

Հոդված 47. Եթե Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

 

Հոդված 48. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 1-ից:

Օրենքը ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հունիսի 30-ի օրենքը:

Սույն օրենքի 15 հոդվածի 24-րդ կետն ուժի մեջ է մինչև 1997 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Սույն օրենքի 15 հոդվածի 25-րդ կետն ուժի մեջ է մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

(48-րդ հոդվածը լրաց. 30.09.97 ՀՕ-146)

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
16 հունիսի 1997 թ.
 ՀՕ-118

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.10.2016, ՀՕ-165-Ն 01.01.2018, ՀՕ-118
25.10.2017, ՀՕ-180-Ն 23.11.2017, ՀՕ-118
29.06.2016, ՀՕ-136-Ն 28.07.2016, ՀՕ-118
17.03.2016, ՀՕ-31-Ն 31.03.2016, ՀՕ-118
21.12.2015, ՀՕ-201-Ն 09.01.2016, ՀՕ-118
24.11.2015, ՀՕ-160-Ն 01.01.2016, ՀՕ-118
07.05.2015, ՀՕ-41-Ն 01.07.2015, ՀՕ-118
26.02.2015, ՀՕ-7-Ն 19.03.2015, ՀՕ-118
17.12.2014, ՀՕ-243-Ն 02.01.2015, ՀՕ-118
19.11.2014, ՀՕ-186-Ն 01.01.2015, ՀՕ-118
17.12.2014, ՀՕ-221-Ն 31.12.2014, ՀՕ-118
20.11.2014, ՀՕ-174-Ն 27.12.2014, ՀՕ-118
21.06.2014, ՀՕ-129-Ն 01.10.2014, ՀՕ-118
27.04.2010, ՀՕ-57-Ն 01.01.2014, ՀՕ-118
12.11.2013, ՀՕ-110-Ն 01.01.2014, ՀՕ-118
12.11.2013, ՀՕ-111-Ն 01.01.2014, ՀՕ-118
19.12.2012, ՀՕ-240-Ն 01.01.2013, ՀՕ-118
05.12.2012, ՀՕ-230-Ն 01.01.2013, ՀՕ-118
12.11.2012, ՀՕ-210-Ն 29.12.2012, ՀՕ-118
19.03.2012, ՀՕ-89-Ն 19.04.2012, ՀՕ-118
06.12.2011, ՀՕ-334-Ն 01.01.2012, ՀՕ-118
23.06.2011, ՀՕ-212-Ն 23.07.2011, ՀՕ-118
25.05.2011, ՀՕ-188-Ն 25.06.2011, ՀՕ-118
25.05.2011, ՀՕ-194-Ն 25.06.2011, ՀՕ-118
15.04.2011, ՀՕ-126-Ն 14.05.2011, ՀՕ-118
22.12.2010, ՀՕ-3-Ն 20.01.2011, ՀՕ-118
22.12.2010, ՀՕ-269-Ն 09.01.2011, ՀՕ-118
22.12.2010, ՀՕ-213-Ն 01.01.2011, ՀՕ-118
22.12.2010, ՀՕ-208-Ն 01.01.2011, ՀՕ-118
08.12.2010, ՀՕ-192-Ն 01.01.2011, ՀՕ-118
07.10.2010, ՀՕ-129-Ն 01.01.2011, ՀՕ-118
07.12.2010, ՀՕ-179-Ն 01.01.2011, ՀՕ-118
27.10.2010, ՀՕ-151-Ն 04.12.2010, ՀՕ-118
20.05.2010, ՀՕ-80-Ն 03.07.2010, ՀՕ-118
25.02.2010, ՀՕ-28-Ն 25.03.2010, ՀՕ-118
29.10.2009, ՀՕ-203-Ն 01.01.2010, ՀՕ-118
10.07.2009, ՀՕ-165-Ն 15.08.2009, ՀՕ-118
11.06.2009, ՀՕ-154-Ն 09.07.2009, ՀՕ-118
08.06.2009, ՀՕ-138-Ն 02.07.2009, ՀՕ-118
19.03.2009, ՀՕ-69-Ն 16.04.2009, ՀՕ-118
19.03.2009, ՀՕ-65-Ն 16.04.2009, ՀՕ-118
26.12.2008, ՀՕ-246-Ն 09.01.2009, ՀՕ-118
25.09.2002, ՀՕ-420-Ն 01.01.2009, ՀՕ-118
27.11.2008, ՀՕ-218-Ն 01.01.2009, ՀՕ-118
21.08.2008, ՀՕ-146-Ն 01.01.2009, ՀՕ-118
26.05.2008, ՀՕ-101-Ն 12.07.2008, ՀՕ-118
11.10.2007, ՀՕ-211-Ն 17.11.2007, ՀՕ-118
09.04.2007, ՀՕ-157-Ն 20.05.2007, ՀՕ-118
09.04.2007, ՀՕ-147-Ն 20.05.2007, ՀՕ-118
25.12.2006, ՀՕ-42-Ն 03.02.2007, ՀՕ-118
27.11.2006, ՀՕ-189-Ն 01.01.2007, ՀՕ-118
23.05.2006, ՀՕ-87-Ն 28.12.2006, ՀՕ-118
13.06.2006, ՀՕ-129-Ն 22.07.2006, ՀՕ-118
22.03.2006, ՀՕ-44-Ն 06.05.2006, ՀՕ-118
16.12.2005, ՀՕ-261-Ն 01.01.2006, ՀՕ-118
16.12.2005, ՀՕ-259-Ն 01.01.2006, ՀՕ-118
04.10.2005, ՀՕ-182-Ն 12.11.2005, ՀՕ-118
03.10.2005, ՀՕ-181-Ն 12.11.2005, ՀՕ-118
19.05.2005, ՀՕ-117-Ն 04.07.2005, ՀՕ-118
24.11.2004, ՀՕ-152-Ն 28.06.2005, ՀՕ-118
19.05.2005, ՀՕ-104-Ն 27.06.2005, ՀՕ-118
24.12.2004, ՀՕ-194-Ն 01.01.2005, ՀՕ-118
08.12.2004, ՀՕ-193-Ն 01.01.2005, ՀՕ-118
24.12.2004, ՀՕ-179-Ն 01.01.2005, ՀՕ-118
06.12.2004, ՀՕ-166-Ն 01.01.2005, ՀՕ-118
25.12.2003, ՀՕ-54-Ն 26.01.2004, ՀՕ-118
03.12.2003, ՀՕ-45-Ն 01.01.2004, ՀՕ-118
11.12.2002, ՀՕ-478-Ն 01.01.2003, ՀՕ-118
19.11.2002, ՀՕ-461-Ն 01.01.2003, ՀՕ-118
20.05.2002, ՀՕ-347-Ն 26.06.2002, ՀՕ-118
14.12.2001, ՀՕ-288 01.01.2002, ՀՕ-118
26.07.2001, ՀՕ-210 01.09.2001, ՀՕ-118
13.12.2000, ՀՕ-137 15.01.2001, ՀՕ-118
26.12.2000, ՀՕ-126 01.01.2001, ՀՕ-118
28.12.1998, ՀՕ-276 01.01.1999, ՀՕ-118
06.07.1998, ՀՕ-242 20.08.1998, ՀՕ-118
04.11.1997, ՀՕ-156 01.01.1998, ՀՕ-118
21.10.1997, ՀՕ-152 01.01.1998, ՀՕ-118
26.12.1997, ՀՕ-177 31.12.1997, ՀՕ-118
30.09.1997, ՀՕ-146 08.11.1997, ՀՕ-118
08.09.1997, ՀՕ-141 24.10.1997, ՀՕ-118
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան