ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ՇԴ/0026/01/19 | ||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Ե. Դանիելյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
22 ապրիլի 2022 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Գարեգին Աշոտի Ֆրանգուլյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում՝ 2018 թվականի մայիսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 68104918 քրեական գործը։ 2018 թվականի մայիսի 17-ին քրեական գործը վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում:
Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի մայիսի 18-ի որոշմամբ Գ․Ֆրանգուլյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Նույն օրը վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
2. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2018 թվականի մայիսի 18-ի որոշմամբ ամբաստանյալ Գ․Ֆրանգուլյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
3․ 2018 թվականի մայիսի 30-ին Գ․Ֆրանգուլյանն ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժին։ Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։
4․ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի հունիսի 1-ի որոշմամբ Գ․Ֆրանգուլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատվել է, որը հետագայում մի քանի անգամ երկարացվել է։
5․ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 3-ի որոշմամբ քրեական գործն ըստ մեղադրանքի Գարեգին Ֆրանգուլյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով ընդունվել է դատարանի վարույթ և 2019 թվականի մայիսի 17-ի որոշմամբ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը պահպանվել է։
6․ Պաշտպաններ Լ․Սահակյանը և Ե․Վարոսյանը ներկայացրել են միջնորդություն՝ Գ․Ֆրանգուլյանի նկատմամբ ընտրված կալանավորումը վերացնելու և այն այլ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ, որն Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հունիսի 8-ի որոշմամբ մերժվել է։
7. Պաշտպան Ե․Վարոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2021 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակիորեն, բեկանել է Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հունիսի 8-ի որոշումը և Գ․Ֆրանգուլյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխարինել է գրավով՝ գրավի գումար սահմանելով 7․000․000 (յոթ միլիոն) ՀՀ դրամի չափով։
8. Վերաքննիչ դատարանի վերոգրյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։ Վճռաբեկ դատարանը 2022 թվականի մարտի 31-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9. Գարեգին Ֆրանգուլյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել հետևյալի համար. «2018թ. մայիսի 17-ին ժամը 15-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տերյան փողոցի 141 հասցեի տարածքում տեղակայված կրպակում Գարեգին Ֆրանգուլյանի, Հակոբ Ֆրանգուլյանի և Կամո Կարապետյանի միջև առաջացած վիճաբանության և կռվի կապակցությամբ, Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի 170, 180 բնակելի տների և նախկին սրբիչի գործարանի դիմացի խաչմերուկում պարզաբանումներ կատարելու ժամանակ Տելման և Վարդան Կարապետյաններին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր հետ նախապես հանդիպման վայր տարած, ապօրինի կերպով ձեռք բերած, պահած և կրած, ռազմամթերք հանդիսացող 5,45 մմ տրամաչափի փամփուշտներով լիցքավորված հրազենից՝ ինքնաձիգից, շատերի՝ Կ.Կարապետյանի, Ա.Հովհաննիսյանի, դեպքի վայրին հարակից տարածքում և բնակելի տներում գտնվող բնակիչների կյանքի համար վտանգավոր եղանակով Գ.Ֆրանգուլյանը կրակահերթ է արձակել Տելման և Վարդան Կարապետյանների ուղղությամբ և վերջիններին պատճառելով հրազենային բազմաթիվ վնասվածքներ, սպանել է նրանց»1:
10. Առաջին ատյանի դատարանը, մերժելով Գ․Ֆրանգուլյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու կամ այլ խափանման միջոցով փոխելու վերաբերյալ պաշտպաններ Լ․Սահակյանի և Ե․Վարոսյանի միջնորդությունը, նշել է. «(…) Դատարանը փաստում է, որ ամբաստանյալին վերագրվող ենթադրյալ հանցագործությունների՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ hոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերի և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի բնույթը, դրանց վտանգավորության աստիճանը՝ դասվում են, համապատասխանաբար, առանձնապես ծանր և միջին ծանրության հանցագործությունների շարքին, որոնցից մեկի համար նախատեսվում է միայն պատիժ ազատազրկման ձևով՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ, իսկ մյուսինը` առավելագույնը երեք տարի ժամկետով, ինչն էականորեն բարձրացնում է ամբաստանյալի կողմից քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը, քանի որ անձին մեղսագրվող հանցանքի ծանրությունն ու ակնկալվող պատժի խստությունը էական նշանակություն ունի ազատության մեջ գտնվող ամբաստանյալի վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում և այդ հանգամանքը գնահատվել է գործում առկա մնացած՝ մասնավորապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասում մատնանշված հանգամանքների համատեքստում:
Անդրադառնալով ամբաստանյալ Գ.Ֆրանգուլյանի կալանավորման հիմքերին՝ Դատարանը գտնում է, որ տվյալ փուլում շարունակում են առկա լինել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի մայիսի 17-ի որոշմամբ մատնանշած հիմքերը, մասնավորապես՝ (...) Մեղադրյալը կարող է թաքնվել քննությունից ու խոչընդոտել դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու ճանապարհով: Դատարանի հետևությունները բխում են նաև այն փաստական տվյալներից, որ դեպքից հետո վերջինս փոխել է բնակության վայրը և ըստ էության թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, որպիսի պայմաններում նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց դատարանի որոշմամբ կիրառվել կալանավորումը: Բացի այդ, սույն քրեական գործով Դատարանում դեռևս չեն հարցաքննվել վկաները, ուստի մեծ է հավանականությունը, որ ամբաստանյալը կարող է խոչընդոտել դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով:
Այսպիսով, հաշվի առնելով սույն գործով Գ.Ֆրանգուլյանին մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը (վերագրվում է կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործության կատարում, որն ըստ բնույթի և վտանգավորության աստիճանի` դասվում է առանձնապես ծանր հանցագործությունների թվին, վերագրվում է հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործության կատարում, որն ըստ բնույթի և վտանգավորության աստիճանի` դասվում է միջին ծանրության հանցագործությունների թվին) և գործի նյութերից բխող վերը նշված հանգամանքները միասին հնարավորություն են տալիս հիմնավոր ենթադրություններ անել, որ ամբաստանյալը կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից և/կամ կարող է խոչընդոտել դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու ճանապարհով, Դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում հանրային շահը գերակայում է ամբաստանյալի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ և առավել խիստ խափանման միջոց ընտրված կալանավորման պահպանմամբ է հնարավոր ապահովել ամբաստանյալի պատշաճ վարքագիծը (...):
Դատարանի համոզմամբ, Դատարանում քրեական գործը մեկ տարուց ավելի քննվելը, դատական նիստերը տարբեր պատճառներով չկայանալը և հետաձգվելը, ինչպես նաև Գ.Ֆրանգուլյանի՝ ընտանիքի միակ կերակրող լինելու հանգամանքը, որպես ընթացող դատաքննությանը ներկայանալու երաշխիք, բավարար չեն հանգելու այն համոզման, որ ամբաստանյալ Գ.Ֆրանգուլյանը, ազատ արձակվելու և նրա նկատմամբ անազատության հետ կապված խափանման միջոց կիրառելու պարագայում, կդրսևորի պատշաճ վարքագիծ` կներկայանա Դատարան և չի խոչընդոտի արդարադատության իրականացմանը (...)»2։
11. Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի սեպտեմբերի 15-ի որոշման համաձայն` «(...) Վերաքննիչ դատարանի համար ընդունելի չէ առաջին ատյանի դատարանի այն եզրահանգումը, համաձայն որի՝ մնալով ազատության մեջ ամբաստանյալ Գարեգին Ֆրանգուլյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով:
Վերաքննիչ դատարանը նման եզրահանգման է գալիս՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով քրեական դատավարությանը մասնակցող այն անձինք՝ վկաները, որոնց վրա առերևույթ կարող է անօրինական ազդեցություն գործադրել ամբաստանյալ Գ.Ֆրանգուլյանը, նախաքննության ընթացքում չեն տվել նրան մերկացնող ցուցմունքներ:
Վերաքննիչ դատարանը հատկանշական է համարում այն հանգամանքը, որ Գ.Ֆրանգուլյանի վերաբերյալ քրեական գործը մեկ տարուց ավել գտնվում է առաջին ատյանի դատարանի վարույթում, սակայն բազմաթիվ անգամ դատական նիստերը հետաձգվել են՝ տարբեր պատճառաբանություններով (շատ դեպքերում մեղադրողի բացակայության պատճառով), ինչի արդյունքում առաջին ատյանի դատարանը հնարավորություն չի ունեցել դատարանում հարցաքննել սույն գործով վկաներին:
Ինչ վերաբերում է ամբաստանյալի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու՝ առաջին ատյանի դատարանի մտավախությանը, ապա հաշվի առնելով Գ.Ֆրանգուլյանի կողմից նախաքննության մարմին ինքնակամ ներկայանալու, ինչպես նաև իրեղեն ապացույց ճանաչված հրազենը ներկայացնելու փաստը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նշված հանգամանքն էականորեն նվազեցնում է առաջին ատյանի դատարանի կողմից մատնանշված կալանավորման հիմքը (...)։
Վերաքննիչ դատարանը` գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները, արձանագրում է, որ ամբաստանյալ Գարեգին Ֆրանգուլյանի անձը հայտնի է, նա ունի մշտական բնակության վայր, երիտասարդ է, նախկինում դատապարտված չի եղել, երեք տարուց ավել գտնվում է կալանքի տակ:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հասարակության ընդհանուր շահի և անհատի հիմնարար իրավունքների միջև արդարացի հավասարակշռության տեսանկյունից, որը պետք է բխի անձի՝ ազատությունից, սույն գործում առկա նյութերի ուսումնասիրությունը թույլ է տալիս գալ հետևության, որ սույն որոշումը կայացնելու պահին բացակայում են կալանավորումը գրավով փոխարինելն անթույլատրելի ճանաչելու հիմքերը, և գրավը, կարող է գործուն երաշխիք հանդիսանալ ամբաստանյալ Գարեգին Ֆրանգուլյանի պատշաճ վարքագիծն ապահովելու համար, այն համաչափ է հասարակության ընդհանուր շահի և ամբաստանյալ Գարեգին Ֆրանգուլյանի ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունքի հավասարակշռման տեսանկյունից»3։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
12. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը Գ․Ֆրանգուլյանի նկատմամբ խափանման միջոց գրավ կիրառելով և վերջինիս կալանքից ազատելով թույլ է տվել դատական սխալ, որի արդյունքում կայացրել է անօրինական, չհիմնավորված և չպատճառաբանված որոշում։
Մասնավորապես, բողոքի հեղինակը նշել է, որ դատաքննության ներկա փուլում, երբ դեպքի փաստական հանգամանքների վերաբերյալ ցուցմունքներ տված որևէ անձ դատաքննությամբ դեռևս չի հարցաքննվել, խիստ բարձր է հավանականությունը, որ ազատության մեջ գտնվելու պայմաններում ամբաստանյալ Գ.Ֆրանգուլյանը կխոչընդոտի դատաքննությանը՝ գործով անցնող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով:
12.1 Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, Գ․Ֆրանգուլյանի նկատմամբ խափանման միջոց գրավ կիրառելիս հաշվի չի առել վերջինիս մեղսագրվող արարքի բնույթն ու հասարակական վտանգավորության բարձր աստիճանը, ինչպես նաև քրեական գործի փաստական հանգամանքները: Վերաքննիչ դատարանը Սամվել Մարգարյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշման մեջ արտահայտված դիրքորոշումներին համահունչ չի գնահատել մեղսագրվող արարքի կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը և արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը բնութագրող այլ հանգամանքները։
12․2 Ինչ վերաբերում է Գ․Ֆրանգուլյանի անձը բնութագրող տվյալներին, ապա թեև, իրոք հայտնի է Գ․Ֆրանգուլյանի անձը, նա ունի մշտական բնակության վայր, երիտասարդ է, նախկինում դատապարտված չի եղել, սակայն դժվար է համաձայնել դատարանի բերած այն փաստարկին, որ վերջինիս նկատմամբ կիրառված գրավը կարող է որպես բավարար և ողջամիտ միջոց հաղթահարել նրա կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու մտավախությունը:
13. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 15-ի որոշումը՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հունիսի 8-ի որոշումը։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք գրավի կիրառմամբ Գ․Ֆրանգուլյանի պատշաճ վարքագծի ապահովման հնարավորության մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները։
15. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով՝
(…)
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով. (…)»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով uահմանված կարգով.
(…)
գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կաuկածի առկայության դեպքում նրան իրավաuու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու համար. (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` «1.Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և անձնական ազատության իրավունք:
2. Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով: (…)»:
Նույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատարանը (…) խափանման միջոց կարող [է] կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է՝
1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.
2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.
3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.
4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.
5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը»:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում`
1) վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը.
2) կասկածյալի կամ մեղադրյալի անձը. (…)»:
16. Մեջբերված նորմերի վերլուծության շրջանակներում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է անձի ազատության իրավունքի հիմնարար ու անօտարելի բնույթը և հետևողականորեն ամրապնդել ու զարգացրել քրեական դատավարության ընթացքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս անձի ազատության իրավունքի կամայական կամ անհիմն սահմանափակումը բացառելուն ուղղված երաշխիքները: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ կալանավորման օրինականության և հիմնավորվածության ապահովման տեսանկյունից կարևոր է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված կալանավորման հիմքերից որևէ մեկի կամ մի քանիսի վերաբերյալ դատական ակտում ողջամիտ հետևությունների առկայությունը` հիմնավորված վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով4:
Ընդ որում, Վճռաբեկ դատարանն Արամ Ճուղուրյանի վերաբերյալ գործով որոշմամբ փաստել է. «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը սահմանել է կալանավորման կիրառման օրինականությունն ու հիմնավորվածությունն ապահովող մի շարք երաշխիքներ, որոնց մեջ առաջին հերթին կարևորվում ու առանձնանում են կալանավորման հիմքերը: Դրանք օրենքով նախատեսված այն հանգամանքներն են, որոնք հաստատվում են ապացույցների որոշակի ամբողջությամբ և հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել այն մասին, որ անձը, կալանքի տակ չգտնվելով, կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ և խոչընդոտել քրեական դատավարության խնդիրների իրականացմանը:
(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված` մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ կասկածների կամ ենթադրությունների վրա: Դա նշանակում է, որ կալանավորման կիրառման հիմքում բոլոր դեպքերում պետք է դրվեն որոշ փաստական տվյալներ»5:
17. Վճռաբեկ դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի շրջանակներում անդրադառնալով անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս նրան վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը հաշվի առնելու կարևորությանը, իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ թեև մեղադրյալին վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը չեն կարող գնահատվել որպես կալանավորման հիմնավորվածությունը հաստատելու ինքնուրույն հիմք, այնուամենայնիվ դրանք էական նշանակություն ունեն խափանման միջոցի տեսակն ընտրելիս: Մեղսագրվող հանցանքի ծանրությունը և հետևաբար նաև ակնկալվող պատժի խստությունը հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր և գործի նյութերից բխող մյուս հանգամանքների հետ միասին հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել անձի ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին6:
18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Գ․Ֆրանգուլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով,
- Առաջին ատյանի դատարանը, օրենքով սահմանված կարգով գործը վարույթ ընդունելուց հետո, պաշտպաններ Լ․Սահակյանի և Ե․Վարոսյանի միջնորդության կապակցությամբ անդրադառնալով ամբաստանյալ Գ․Ֆրանգուլյանի խափանման միջոցի հարցին, 2021 թվականի հունիսի 8-ի որոշմամբ մերժել է կալանավորումը վերացնելու կամ այլ խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը և ամբաստանյալի նկատմամբ կիրառված կալանավորումը թողել է անփոփոխ` եզրահանգելով, որ բարձր է հավանականությունը, որ նա կարող է դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելով կամ վարույթն իրականացնող մարմնի կանչով՝ առանց հարգելի պատճառների չներկայանալու միջոցով խոչընդոտել գործի քննությանը, ինչպես նաև կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից7,
- Վերաքննիչ դատարանն անընդունելի է համարել Առաջին ատյանի դատարանի այն եզրահանգումը, որ Գ․Ֆրանգուլյանը կարող է ապօրինի ազդեցություն գործադրել դատավարության մասնակիցների նկատմամբ և թաքնվել վարույթն իրականացնող մարմնից։ Արձանագրելով, որ գործով վկաները նախաքննության ընթացքում չեն տվել ամբաստանյալին մերկացնող ցուցմունքներ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ նրանց նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու մտավախությունը բացակայում է, իսկ վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը Վերաքննիչ դատարանը դիտարկել է նվազ՝ մատնանշելով վարույթն իրականացնող մարմին Գ․Ֆրանգուլյանի ինքնակամ ներկայանալու և իրեղեն ապացույց ճանաչված հրազենը ներկայացնելու փաստերը8։
19. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-17-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Գ․Ֆրանգուլյանի նկատմամբ ընտրված կալանավորումն անփոփոխ թողնելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափությունը ստուգելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատման չի ենթարկել որոշ հանգամանքներ:
Մասնավորապես, խափանման միջոցի հարցը լուծելիս, Առաջին ատյանի դատարանը, հանդես գալով որպես գործով վարույթն իրականացնող մարմին, գնահատման է ենթարկել ամբաստանյալի կողմից գործի քննության ընթացքում ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու, այն է` դատավարության մասնակիցների վրա ապօրինի ազդեցություն գործադրելու, առանց հարգելի պատճառների վարույթն իրականացնող մարմնի կանչով չներկայանալու և վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հնարավոր ռիսկերը:
Վերոգրյալի համատեքստում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ գործով վկաները դատարանում դեռևս չէին հարցաքննվել, ուստի նրանց նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու հավանականությունը դատարանի կողմից գնահատվել էր բարձր։ Վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականության մասով, Առաջին ատյանի դատարանն ընդգծել էր այն հանգամանքը, որ դեպքից հետո Գ․Ֆրանգուլյանը փոխել էր բնակության վայրը, ըստ էության թաքնվելով վարույթն իրականացնող մարմնից, ինչի արդյունքում նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում և խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։
Միևնույն ժամանակ, Գ․Ֆրանգուլյանին մեղսագրվում է երկու հանցագործություն, որոնց թվում առանձնապես ծանր՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված երկու անձի սպանություն։ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային դիրքորոշումներում բազմիցս նշել է, որ մեղսագրվող հանցավոր արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը և ակնկալվող պատժի խստությունը, գործի նյութերից բխող մյուս հանգամանքների համատեքստում, հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր:
Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի հետևությունների հետ։ Այլ կերպ ասած, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի փաստական հանգամանքների պայմաններում Առաջին ատյանի դատարանի` ամբաստանյալի հնարավոր ոչ պատշաճ վարքագծի կանխման առումով բացառապես կալանավորման անհրաժեշտության մասին եզրահանգումը հիմնավոր է և բխում է գործի՝ գնահատման ենթակա տվյալների ամբողջությունից:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ տվյալ գործի փաստական հանգամանքների պայմաններում գրավը կարող է լինել արդյունավետ միջոց՝ զսպելու համար ազատության մեջ գտնվելու դեպքում ամբաստանյալ Գ․Ֆրանգուլյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը, հիմնավոր չէ։
Այս առումով, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև կրկնել նախկինում արտահայտված դիրքորոշումն առ այն, որ որպես վարույթն իրականացնող մարմին հանդես եկող Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելիս, Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը պետք է հիմնված լինի ծանրակշիռ փաստական հանգամանքների վրա և ունենա պատճառաբանվածության առավել բարձր աստիճան։ Հակառակ մոտեցումը, Վճռաբեկ դատարանի համոզմամբ, կարող է իր բացասական ազդեցությունը թողնել առաջին ատյանի դատարանում քրեական գործի քննության բնականոն ընթացքի վրա` դրանով իսկ սահմանափակելով առաջին ատյանի դատարանի ներքին անկախությունը9։
20. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ որոշում կայացնելիս հաշվի է առնում նաև ամբաստանյալի անձը, ապա Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված՝ ամբաստանյալի անձը հայտնի լինելը, մշտական բնակության վայր ունենալը, նախկինում դատապարտված չլինելը, սույն որոշմամբ արձանագրված փաստական տվյալների պայմաններում, չեն կարող բացառել ազատության մեջ գտնվելու դեպքում Գ․Ֆրանգուլյանի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու հավանականությունը։
21. Ընդհանրացնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը և Գ․Ֆրանգուլյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով գրավը, պատշաճ վերլուծության չի ենթարկել վերջինիս մեղսագրվող արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, որը սույն գործի նյութերից բխող տվյալների համատեքստում ողջամտորեն կարող է վկայել ամբաստանյալի պատշաճ վարքագծի ապահովման տեսանկյունից կալանավորման այլընտրանքի բացակայության մասին:
22. Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի պահանջների խախտում, որն իր բնույթով էական է և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն` հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գ․Ֆրանգուլյանի նկատմամբ կալանավորումն անփոփոխ թողնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, Առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահատման և վերլուծության է ենթարկել գործի փաստական հանգամանքների ամբողջությունը, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հունիսի 8-ի որոշմանը10՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Ամբաստանյալ Գարեգին Աշոտի Ֆրանգուլյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի սեպտեմբերի 15-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2021 թվականի հունիսի 8-ի որոշմանը` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_______________________________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 124:
2 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 127-128:
3 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 169-170 և 172-173։
4 Տե՛ս, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի` թիվ ՎԲ-132/07, ԱՎԴ/0022/06/08, ԼԴ/0197/06/08, ԵԿԴ/0580/06/09, ԵԿԴ/0678/06/10, ՏԴ/0052/06/14, ԵԱՔԴ/0386/06/15 և այլ գործերով կայացված որոշումները:
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արամ Ճուղուրյանի գործով 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-132/07 որոշումը:
6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Վահագն Պողոսյանի գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԿԴ1/0062/06/12 որոշումը:
7 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
8 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արման և Արքա Մադաթյանների գործով 2020 թվականի մայիսի 26-ի թիվ ԱՐԴ/0152/01/19 որոշումը։
10 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի վերաբերյալ գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:
Նախագահող` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆ |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Ե. Դանիելյան | |
Լ. Թադևոսյան | |
Ա. ՊՈՂՈՍՅԱՆ | |
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական: