Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.05.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.03.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

Վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԱՐԱԴ1/0001/14/18

ԱՐԱԴ1/0001/15/18

Նախագահող դատավոր՝  Մ. Հարությունյան

 

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

 Ս. Օհանյանի

 

29 մարտի 2022 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հուլիսի 18-ի որոշումների դեմ Արթուր Ավագի Մնացականյանի պաշտպան Ա.Ներսիսյանի վճռաբեկ բողոքները,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի դեկտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է թիվ 29173117 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ Արթուր Մնացականյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով: Նույն օրը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել` ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննության մարմնի` 2018 թվականի մայիսի 8-ի որոշմամբ հարուցվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ և նույն օրը Ա.Մնացականյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է:

2. 2018 թվականի մայիսի 11-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ նաև Առաջին ատյանի դատարան) նախաքննության մարմնի միջնորդության հիման վրա Ա.Մնացականյանին ճանաչել է անգործունակ:

Առաջին ատյանի դատարանի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ հաստատվել է Ա.Մնացականյանին հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու անվտանգության միջոցի կիրառումը: 

3. Նշված որոշումների դեմ Ա.Մնացականյանի պաշտպանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի հուլիսի 18-ի որոշումներով բողոքները մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի որոշումները թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշումների դեմ Ա.Մնացականյանի պաշտպան Ա.Ներսիսյանը վճռաբեկ բողոքներ է բերել, որոնք Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունվարի 25-ի որոշմամբ ընդունվել են վարույթ և միացվել մեկ վարույթում:

5. Վճռաբեկ դատարանը 2020 թվականի մայիսի 26-ի որոշմամբ դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան (այսուհետ՝ Սահմանադրական դատարան) միջնորդելով որոշելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 451-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 67-րդ և 78-րդ հոդվածներին, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 458-րդ հոդվածի 1-ին մասի և 459-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրության 27-րդ և 78-րդ հոդվածներին համապատասխանության հարցը։

Սահմանադրական դատարանը 2020 թվականի հունիսի 22-ի թիվ ՍԴԱՈ-132 որոշմամբ գործն ընդունել է քննության:

Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մայիսի 24-ի ՍԴԱՈ-89 որոշմամբ գործի վարույթը կարճվել է։

6. Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 12-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքների քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել:

7. Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ հաստատվել է, որ Ա.Մնացականյանն անմեղսունակության վիճակում կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված արարքը և նա ազատվել է քրեական պատասխանատվությունից ու պատժից։ Միաժամանակ, Ա.Մնացականյանի նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց` բնակության վայրի հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում1:

 

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Արթուր Մնացականյանի վերաբերյալ ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի եզրակացության համաձայն` «(...) Ա.Մնացականյանը տառապում է «Օրգանական զառանցական (շիզոֆրենանման) խանգարում» խրոնիկ հոգեկան հիվանդությամբ: Որպես խրոնիկական հոգեկան հիվանդությամբ տառապող անձ, իրեն մեղսագրվող արարքը կատարելու ժամանակ նա չէր կարող հասկանալ իր գործողությունների փաստացի բնույթը և հասարակական վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Ուստի Ա.Մնացականյանին հարկ է կատարածի համար ճանաչել անմեղսունակ: Հաշվի առնելով կատարած իրավախախտման առաջնակի բնույթը, կոնկրետ անձի նկատմամբ ուղղված զառանցական մտքերի բացակայությունը, նա նվազ սոցիալական վտանգ է ներկայացնում շրջապատի համար և կարիք ունի հարկադրական բուժման ընդհանուր հսկողության հոգեբուժական ստացիոնարի պայմաններում: Իր ներկա հոգեկան վիճակով նա կարող է հայտնել որոշ արտաքին նկարագրական տեղեկություններ, դեպքերի որոշ հանգամանքներ, սակայն չի կարող հասկանալ քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքները և տալ ճշմարտացի ցուցմունքներ, չի կարող օգտվել իր դատավարական իրավունքներից և մասնակցել դատաքննչական գործողություններին»2: 

9. Առաջին ատյանի դատարանը, հիմք ընդունելով քրեական օրենքով արգելված ենթադրյալ արարքը կատարելու պահին Ա.Մնացականյանի` անմեղսունակության վիճակում գտնվելու վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը, նրան անգործունակ ճանաչելու որոշմամբ փաստել է. «(…) Հաշվի առնելով, որ Ա.Մնացականյանի նկատմամբ իրականացվում է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ, իր հոգեկան վիճակի պատճառով չի կարող մասնակցել գործի վարույթին, որի մասին կազմված է արձանագրություն, ուստի նման պայմաններում Ա.Մնացականյանին հարկ է ճանաչել անգործունակ։

Ինչ վերաբերում է պաշտպանի դիրքորոշմանն այն մասին, որ մինչև եզրակացություն ստանալը առկա է եղել քրեական հետապնդումը բացառող հանգամանք, քանի որ տուժողը հայտնել է, որ բողոք կամ պահանջ չունի, որի պայմաններում քննիչը պետք է որոշում կայացներ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, դատարանը գտնում է, որ այն անհիմն է, քանի որ տվյալ փուլում այդ հարցը քննարկման ենթակա չէ դատարանում հաշվի առնելով, որ Արթուր Մնացականյանի նկատմամբ իրականացվում է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ, ավելին սույն նյութերում բացակայում է հաշտության հիմքով քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու համաժամանակյա պայմանները տուժողի և մեղադրյալի կամավոր և փոխադարձ համաձայնությունը միմյանց հետ հաշտվելու մասին, ինչի վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել Աշոտ Սիմոնի Բաբայանի գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԱՔԴ/0157/01/10 որոշմամբ»3:

10. Առաջին ատյանի դատարանի՝ Ա.Մնացականյանի նկատմամբ որպես անվտանգության միջոց` հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու վերաբերյալ որոշումը հաստատելու մասին որոշման համաձայն՝ «(...) Դատարանը, լսելով միջնորդությունը ներկայացրած քննիչին, քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած անձին, նրա օրինական ներկայացուցչին և պաշտպանին, ծանոթանալով ներկայացված նյութերին, այդ թվում՝ ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության թիվ 117/18 եզրակացությանը և նկատի ունենալով, որ Ա.Մնացականյանը ներկա հոգեկան վիճակով չի կարող օգտվել իր դատավարական իրավունքներից և մասնակցել դատաքննչական գործողություններին, նա նվազ սոցիալական վտանգ է ներկայացնում շրջապատի համար և կարիք ունի հարկադրական բուժման ընդհանուր հսկողության հոգեբուժական ստացիոնարի պայմաններում, գտնում է, որ քննիչի որոշումը ենթակա է հաստատման»4։

11. Վերաքննիչ դատարանը, ևս հիմք ընդունելով Ա.Մնացականյանի հոգեկան առողջության վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը, Առաջին ատյանի դատարանի՝ նրան անգործունակ ճանաչելու մասին որոշման իրավաչափությունը ստուգելիս փաստել է. «(…) Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետևության: Տվյալ դեպքում առկա է Ա.Մնացականյանի[ն անգործունակ ճանաչելու] պայմանները և հիմքերը, (...) [նա] չի կարող օգտվել իր դատավարական իրավունքներից և մասնակցել դատաքննչական գործողություններին, ինչպես նաև հարուցված է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ և կազմվել է համապատասխան արձանագրություն, որը ներկայացվել է դատարանին:

(…) [Ա]նդրադառնալով ներկայացված հիմնական փաստարկին առ այն, որ մինչև անմեղսունակության վարույթ հարուցելը վարույթն իրականացնող մարմինն ունեցել է քրեական հետապնդումը բացառող հանգամանք, սակայն շարունակել է քրեական գործի վարույթը և նշանակել համապատասխան փորձաքննություն, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ նշված հանգամանքը սույն դատական գործի շրջանակներում մինչդատական վարույթի նկատմամբ նախնական դատական վերահսկողության առարկա չի հանդիսանում և այն կարող է քննության առարկա հանդիսանալ մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության շրջանակներում: Բացի այդ, ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոքում բերված հետևությունը պաշտպանի կողմից ձևավորվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված իրավակարգավորումների լույսի ներքո և որպես փաստական հիմք նշվել է այն, որ դիմողը (տուժողը) հայտնել է, որ որևէ բողոք կամ պահանջ չունի, իսկ Ա.Մնացականյանը որպես մեղադրյալ հայտնել է գործի բոլոր հանգամանքները և ընդունել է մեղքը: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ տուժող Արման Մնացականյանը հայտնել է, որ բողոք կամ պահանջ չունի, բայց ցանկանում է, որ Արթուր Մնացականյանը ստանա համապատասխան բուժում: (…) Տվյալ դեպքում, Վերաքննիչ դատարանին ներկայացված նյութերից երևում է, որ առերևույթ բացակայում է համապատասխան քրեական հետապնդումը բացառող հանգամանքը»5:

12. Ա.Մնացականյանի նկատմամբ որպես անվտանգության միջոց` հոգեբուժական հաստատությունում տեղավորելը կիրառելու՝ Առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափությունը ստուգելիս Վերաքննիչ դատարանը նշել է. «(…) Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետևության։ Մասնավորապես, տվյալ դեպքում առկա է Ա.Մնացականյանի նկատմամբ համապատասխան անվտանգության միջոց կիրառելու պայմանները և հիմքերը և այն հետապնդում է (…) իրավակարգավորումներով սահմանված իրավաչափ նպատակ։ Մասնավորապես, առկա է քրեական օրենքով չթույլատրված ենթադրյալ արարքի հետ Ա.Մնացականյանի օբյեկտիվ կապը հաստատող բավարար տվյալներ, քրեական օրենքով չթույլատրված ենթադրյալ արարքի ենթադրաբար կատարման պահին Ա.Մնացականյանը ենթադրաբար չի կարողացել գիտակցել իր գործողության վտանգավորությունը կամ ղեկավարել դա և Ա.Մնացականյանը որոշակի սոցիալական վտանգ է ներկայացնում շրջապատի համար և համաձայն՝ վերը նշված փորձագիտական եզրակացության՝ կարիք ունի հարկադրական բուժման ընդհանուր հսկողության հոգեբուժական ստացիոնարի պայմաններում։ Ի դեպ, հարկ է նշել, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 459-րդ հոդվածում նշված «վտանգ» բառը պետք է հասկանալ համապատասխան վտանգը իր բոլոր դրսևորումներով՝ նվազից մինչև առավելագույնը (…)։

[Ա]նդրադառնալով ներկայացված հիմնական փաստարկին առ այն, որ մինչև անմեղսունակության վարույթ հարուցելը վարույթն իրականացնող մարմինն ունեցել է քրեական հետապնդումը բացառող հանգամանք, սակայն շարունակել է քրեական գործի վարույթը և նշանակել համապատասխան փորձաքննություն, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ նշված հանգամանքը սույն դատական գործի շրջանակներում մինչդատական վարույթի նկատմամբ նախնական դատական վերահսկողության առարկա չի հանդիսանում և այն կարող է քննության առարկա հանդիսանալ մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության շրջանակներում: Բացի այդ, ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոքում բերված հետևությունը պաշտպանի կողմից ձևավորվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված իրավակարգավորումների լույսի ներքո և որպես փաստական հիմք նշվել է այն, որ դիմողը (տուժողը) հայտնել է, որ որևէ բողոք կամ պահանջ չունի, իսկ Ա.Մնացականյանը որպես մեղադրյալ հայտնել է գործի բոլոր հանգամանքները և ընդունել է մեղքը: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ տուժող Արման Մնացականյանը հայտնել է, որ բողոք կամ պահանջ չունի, բայց ցանկանում է, որ Արթուր Մնացականյանը ստանա համապատասխան բուժում:
(…) Տվյալ դեպքում, Վերաքննիչ դատարանին ներկայացված նյութերից երևում է, որ առերևույթ բացակայում է համապատասխան քրեական հետապնդումը բացառող հանգամանքը»
6։

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

13. Ա.Մնացականյանին անգործունակ ճանաչելու մասին ստորադաս դատարանների դատական ակտերի դեմ ներկայացված վճռաբեկ բողոքում պաշտպան Ա.Ներսիսյանը նշել է, որ թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական և դատավարական նորմերի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Ըստ բողոքաբերի՝ Ա.Մնացականյանին անգործունակ ճանաչելու վերաբերյալ կայացվել է սխալ դատական ակտ, որը բեկանելու անհրաժեշտ և բավարար հիմքեր են առկա: Բողոքաբերը նաև նշել է, որ Ա.Մնացականյանին անգործունակ ճանաչելիս կիրառված նորմերի կապակցությամբ առկա է միատեսակ կիրառության ապահովման և իրավունքի զարգացման խնդիր:

13.1. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Ա.Մնացականյանին անգործունակ ճանաչելու վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերը, և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալ:

14. Ա.Մնացականյանի նկատմամբ որպես անվտանգության միջոց` հոգեբուժական հաստատությունում տեղավորելու որոշումը հաստատելու վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերի դեմ ներկայացված վճռաբեկ բողոքում պաշտպան Ա.Ներսիսյանը նշել է, որ թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական և դատավարական նորմերի խախտումներ, որոնք ազդել են ելքի վրա: Ըստ բողոքաբերի՝ Ա.Մնացականյանի նկատմամբ անվտանգության միջոց կիրառելու մասին կայացվել է սխալ դատական ակտ, որը բեկանելու անհրաժեշտ և բավարար հիմքեր են առկա: Բողոքաբերը նաև նշել է, որ Ա.Մնացականյանի նկատմամբ որպես անվտանգության միջոց՝ հոգեբուժական հաստատությունում տեղավորելու որոշումը հաստատելիս կիրառված նորմերի կապակցությամբ առկա է միատեսակ կիրառության ապահովման և իրավունքի զարգացման խնդիր:

14.1. Միաժամանակ, բողոքաբերն ընդգծել է, որ տվյալ դեպքում առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք՝ նախատեսված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով առաջադրված է եղել մասնավոր մեղադրանք, իսկ տուժողը հայտնել է, որ բողոք և պահանջ չունի։ Ընդ որում, բողոքաբերը նշել է, որ տուժողի կողմից բողոք և պահանջ չունենալու մասին տեղեկատվությունը վարույթն իրականացնող մարմնին հայտնի է դարձել մինչև Ա.Մնացականյանի անմեղսունակության վերաբերյալ փորձագիտական եզրակացության ստացումը։ Նման պայմաններում, բողոքաբերի պնդմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվեր և գործի վարույթը՝ կարճվեր։

14.2. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Ա.Մնացականյանի նկատմամբ որպես անվտանգության միջոց` հոգեբուժական հաստատությունում տեղավորելու որոշումը հաստատելու վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերը, և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալ:

 

Սահմանադրական դատարանում Վճռաբեկ դատարանի դիմումի քննությունը.

15. Վճռաբեկ դատարանը, հղում կատարելով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հիմնարար իրավունքների վերաբերյալ միջազգային չափանիշներին, միջազգային «փափուկ իրավունքի» աղբյուրներին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներին, դիմել է Սահմանադրական դատարան միջնորդելով որոշելու՝

- ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 451-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 67-րդ և 78-րդ հոդվածներին համապատասխանության հարցը` հաշվի առնելով, որ քրեական դատավարությունում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձին անգործունակ ճանաչելու ինստիտուտը, առանց օբյեկտիվ հիմքի և իրավաչափ նպատակի, դատական պաշտպանության, արդար դատաքննության և մեղսագրվող՝ քրեական օրենքով արգելված արարքից պաշտպանվելու հիմնարար իրավունքներից օգտվելու հնարավորությունների առումով տարբերակված մոտեցում է ենթադրում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ՝ հանգեցնելով քրեական վարույթին լիարժեք մասնակցելու և հիմնարար սահմանադրական իրավունքներից օգտվելու երաշխիքների անհամաչափ սահմանափակման,

- ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 458-րդ հոդվածի 1-ին մասի և 459-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրության 27-րդ և 78-րդ հոդվածներին համապատասխանության հարցը` այնքանով, որքանով հասարակության համար վտանգ ներկայացնող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձին հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու և ազատությունից զրկելու այլընտրանքային միջոցի բացակայությունը, ինչպես նաև ազատությունից զրկելու իրավաչափության պարբերական վերանայման ընթացակարգի և առավելագույն ժամկետի բացակայությունը վտանգում են անձնական ազատության սահմանադրական իրավունքի պաշտպանության հիմնարար երաշխիքները7։

16. Ներկայացված դիմումի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը բացատրություն է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ընդգծելով անձին անգործունակ ճանաչելու գործող օրենսդրության անկատարությունը։ Հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներին՝ Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 451-րդ հոդվածի 4-րդ մասի համատեքստում ամրագրված անձին անգործունակ ճանաչելու քրեադատավարական հիմքի սահմանադրականությունը պետք է դիտարկման առարկա դառնա առհասարակ «անգործունակության» ինստիտուտի իրավական բովանդակության, այդ ինստիտուտի անկատարության արդյունքում իբրև հետևանք անձի իրավունքների անհամաչափ սահմանափակման համատեքստում։

Անդրադառնալով բժշկական հաստատությունում տեղավորելու անվտանգության միջոցի կիրառման առավելագույն ժամկետների բացակայության և դատարանի որոշման պարբերական վերանայման խնդիրներին՝ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ օրենսդրական կարգավորման բացակայությունը հանգեցնում է անվտանգության միջոցի հիման վրա անձանց երկար ժամանակ հոգեբուժական հաստատությունում պահելուն՝ առանց դատարանի կողմից բուժման նկատմամբ համապատասխան վերահսկողության։ Նշվածի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանը եզրահանգել է, որ օրենսդրական այս խնդիրներն առաջ են բերում անձի իրավունքների անհամաչափ և շարունակական սահմանափակումներ8։

17. Գործով որպես պատասխանող կողմ ներգրավված ՀՀ Ազգային ժողովը, ներկայացված բացատրությունում հղում կատարելով հայրենական ակադեմիական աղբյուրներին, նշել է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք պետք է օգտվեն իրենց համար սահմանված երաշխիքներից։ Միաժամանակ, Ազգային ժողովը գտել է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձին անգործունակ ճանաչելու ընթացակարգի կիրառման անհրաժեշտությունը ծագում է այն ժամանակ, երբ վերջինս ունակ չէ մասնակցելու գործով վարույթին։

Բացի այդ, անդրադառնալով անձին բժշկական հաստատությունում տեղավորելու առավելագույն ժամկետների և պարբերական դատական վերահսկողության խնդիրներին՝ ներկայացված բացատրությունում նշվել է, որ դիմողի կողմից բարձրացված հարցը ենթակա է լուծման հիմք ընդունելով անձի ազատության իրավունքի սահմանափակման, մասնավորապես՝ կալանքի կիրառման կանոնները։ Հղում կատարելով իրավակիրառ պրակտիկայում կայացված դատական ակտերին՝ ՀՀ Ազգային ժողովը գտել է, որ տվյալ պարագայում ենթակա է կիրառման կալանքի՝ որպես խափանման միջոցի երկամսյա ժամկետը9։

18. Սահմանադրական դատարանը, 2021 թվականի մայիսի 4-ի թիվ ՍԴԱՈ-89 որոշմամբ կարճելով գործի վարույթը, գտել է, որ բարձրացված հարցերը դուրս են գտնվում վճռաբեկ բողոքի քննության սահմաններից։ Սահմանադրական դատարանը նշել է, որ օրենսգրքի վիճարկվող նորմերը ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից չեն կիրառվելու իր վարույթում գտնվող գործը լուծելիս, վճռաբեկ բողոքում բարձրացվել է դատական սխալի հարց, որն ազդել է գործի ելքի վրա։ Հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 398-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին, 406-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, 415-րդ հոդվածի 1-ին մասին, Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ Վճռաբեկ դատարանի կողմից Սահմանադրական դատարանում վիճարկվող դրույթները՝ դիմումում բարձրացրած հարցերի ենթատեքստով, չեն ազդելու իր վարույթում գտնվող գործի լուծման վրա, չեն կիրառվելու Վճռաբեկ դատարանի կողմից, ուստիև՝ վիճարկվող դրույթների սահմանադրականության հարցով վերջինս Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն չունի10:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

19. Վճռաբեկ դատարանը նախևառաջ փաստում է, որ սույն գործերով բողոքները վարույթ են ընդունվել Վճռաբեկ դատարանի՝ օրենքի միատեսակ կիրառության ապահովման և իրավունքի զարգացման գործառույթների իրացման նկատառումներով, որպիսի հիմքերը, դատական սխալի հետ մեկտեղ, ուղղակիորեն նշվել են բողոքաբերի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքներում։

Այս առումով Մարդու իրավունքների պաշտպանի՝ սույն որոշման 16-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ հարկ է նկատի ունենալ, որ ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգրքի ընդունումից հետո, ավելի քան երկու տասնամյակների ընթացքում, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության երաշխիքներն օրենսդրական մակարդակով էական փոփոխության չեն ենթարկվել։ Ավելին, իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության երաշխիքների ապահովման առումով բացակայում է միասնական իրավակիրառ պրակտիկա։ Մինչդեռ, այս ընթացքում Հայաստանի Հանրապետությունը միացել է մի շարք միջազգային պայմանագրերի, ընդունվել են մի շարք միջազգային չափանիշներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը զարգացրել է իր նախադեպային իրավունքը, ընդունվել է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրք, որպիսի պայմաններում նշված ոլորտում իրավունքի զարգացման միտումը հրամայական է դարձնում գործող կարգավորումների համատեքստում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության այնպիսի երաշխիքների ապահովումը, որոնք համահունչ կլինեն այդ միտմանը։

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց անգործունակ ճանաչելու և նրանց նկատմամբ բժշկական հաստատությունում տեղավորելու ձևով անվտանգության միջոց կիրառելու քրեադատավարական կարգի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման և իրավունքի զարգացման խնդիր: Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղենիշային նշանակություն ունենալ նույնաբնույթ գործերով միասնական դատական պրակտիկայի ձևավորման համար:

 

I. Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձին քրեադատավարական ընթացակարգով անգործունակ ճանաչելը.

20. Նկատի ունենալով, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձին քրեադատավարական ընթացակարգով անգործունակ ճանաչելու միակ իրավական հիմքը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 451-րդ հոդվածի 4-րդ մասում, որով էլ ղեկավարվել են ստորադաս դատարանները դատական ակտեր կայացնելիս, սույն գործի վարույթում այն օբյեկտիվորեն չկիրառվել չի կարող։ Ուստի, օրենքի միատեսակ կիրառության ապահովման և իրավունքի զարգացման գործառույթների իրացման շրջանակներում սույն գործով Վճռաբեկ դատարանը նախևառաջ անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցին. Արթուր Մնացականյանին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 451-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ անգործունակ ճանաչելու արդյունքում իրավաչափ է արդյո՞ք նրա՝ քրեական վարույթի ընթացքում դատական պաշտպանության, արդար դատաքննության, մեղսագրվող՝ քրեական օրենքով արգելված արարքից պաշտպանվելու հիմնարար իրավունքներն իրացնելու հնարավորությունների սահմանափակումը։

21. ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի համաձայն` «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի համաձայն` «Հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի`

1) ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրավունք.

2) անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունք.

3) իր պաշտպանությունը նախապատրաստելու և իր ընտրած փաստաբանի հետ հաղորդակցվելու համար բավարար ժամանակ և հնարավորություններ ունենալու իրավունք.

4) իր դեմ ցուցմունք տվող անձանց հարցման ենթարկելու իրավունք, կամ որ այդ անձինք ենթարկվեն հարցման, ինչպես նաև, որ իր օգտին ցուցմունք տվող անձինք կանչվեն և հարցաքննվեն նույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված անձինք.

5) թարգմանչի անվճար ծառայությունից օգտվելու իրավունք, եթե նա չի տիրապետում հայերենին»:

ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»:

ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան»:

21.1. Անձի նկատմամբ խտրական վերաբերմունքի վերաբերյալ Սահմանադրական դատարանը հայտնել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- պետության պոզիտիվ սահմանադրական պարտականությունն է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք նույն կարգավիճակն ունեցող անձանց հավասար հնարավորություն կտան իրացնելու, իսկ խախտման դեպքում՝ պաշտպանելու իրենց իրավունքները, հակառակ դեպքում կխախտվեն ոչ միայն հավասարության, խտրականության արգելման, այլ նաև իրավունքի գերակայության և իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքները11,

- Սահմանադրական դատարանը խտրականության արգելման սկզբունքի շրջանակներում թույլատրելի է համարում օբյեկտիվ հիմքով և իրավաչափ նպատակով պայմանավորված ցանկացած տարբերակված մոտեցում: Խտրականության արգելման սկզբունքը չի նշանակում, որ միևնույն կատեգորիայի անձանց շրջանակում ցանկացած տարբերակված մոտեցում կարող է վերածվել խտրականության: Խտրականության սկզբունքի խախտում է այն տարբերակված մոտեցումը, որը զուրկ է օբյեկտիվ հիմքից և իրավաչափ նպատակից12,

- խտրականությունն առկա է այն դեպքում, երբ նույն իրավական կարգավիճակի շրջանակներում այս կամ այն անձի կամ անձանց նկատմամբ դրսևորվում է տարբերակված մոտեցում, մասնավորապես՝ նրանք զրկվում են այս կամ այն իրավունքներից, կամ դրանք սահմանափակվում են, կամ ձեռք են բերում արտոնություններ13:

21.2. Անդրադառնալով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավական պաշտպանության առարկային` Սահմանադրական դատարանը նշել է, որ այն ներառում է դատարանում լսվելու և դատական քննությանը լիարժեք մասնակցություն ունենալու իրավունքները14։

22. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն` ««Խտրականություն հաշմանդամության պատճառով» նշանակում է` հաշմանդամության պատճառով ցանկացած տարբերակում, բացառում կամ սահմանափակում, որոնց նպատակն է սահմանափակել կամ նվազագույնի հասցնել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ճանաչումը, կիրառումը կամ դրանցից օգտվելը քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կամ ցանկացած այլ ոլորտում` մյուսների հետ հավասար հիմունքներով: Այն ընդգրկում է խտրականության բոլոր ձևերը` ներառյալ անհրաժեշտ հնարավորությունների տրամադրման մերժումը»:

Նույն կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն` «Մասնակից պետությունները պարտավորվում են ապահովել և օժանդակել հաշմանդամություն ունեցող անձանց` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների լիակատար իրականացմանը` առանց հաշմանդամության պատճառով որևէ խտրականության: Այս նպատակով մասնակից պետությունները պարտավորվում են.

ա. ձեռնարկել համապատասխան օրենսդրական, վարչական և այլ միջոցներ սույն Կոնվենցիայով սահմանված իրավունքների իրականացման համար.

բ. ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները, ներառյալ օրենսդրության ընդունումը, փոփոխելու կամ չեղյալ հայտարարելու համար գործող այն օրենքները, կանոնակարգերը, սովորույթները և գործելակերպերը, որոնցում առկա է խտրականություն հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ. (…)»15։

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի` «Հոգեկան հիվանդների մասին» հանձնարարականի համաձայն` դատարանի որոշումները չպետք է ընդունվեն միայն բժշկական փաստաթղթերի հիման վրա, ինչպես այլ անձի, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի համար ևս պետք է լիարժեք երաշխավորվի լսված լինելու իրավունքը16։

Միավորված ազգերի կազմակերպության՝ «Հոգեկան հիվանդների պաշտպանության և հոգեբուժական օգնության բարելավման» բանաձևի համաձայն` հոգեկան հիվանդություն ունեցող յուրաքանչյուր ոք պետք է իրավունք ունենա իրականացնելու բոլոր քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները, որոնք ճանաչված են «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում», «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրում, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրում17։

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ «Հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» հանձնարարականի համաձայն` անդամ պետությունները պետք է երաշխավորեն այնպիսի կառուցակարգերի գոյությունը, որոնք կպաշտպանեն հոգեկան խանգարումներ ունեցող խոցելի անձանց, մասնավորապես այն անձանց, ովքեր համաձայնություն տալու կարողություն չունեն կամ չեն կարող դիմակայել մարդու իրավունքների խախտմանը18։

23. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք (...) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:

Եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածի համաձայն` «Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից»:

Եվրոպական կոնվենցիային կից թիվ 12 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` «1. Օրենքով սահմանված ցանկացած իրավունքից օգտվելը պետք է ապահովվի առանց սեռի, ռասայի, գույնի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ կարծիքի, ազգային կամ սոցիալական ծագման, ազգային փոքրամասնության պատկանելու, սեփականության, ծննդի կամ այլ կարգավիճակի վրա հիմնված խտրականության:

2. Ոչ մեկի նկատմամբ պետական մարմնի կողմից խտրականություն չպետք է դրսևորվի սույն հոդվածի 1-ին կետում նշված որևէ հիմքով»:

23.1. Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց` բժշկական բնույթի իրավական ներգործության միջոցների կիրառման գործընթացում նրանց մասնակցելու իրավունքի կապակցությամբ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- հոգեկան հիվանդություն ունեցող անձը դատավարությունում ունի երկբնույթ դեր, մասնավորապես` նա և՛ շահագրգիռ անձ է, և՛ դատաքննության օբյեկտ: Հետևաբար նրա մասնակցությունն անհրաժեշտ է ոչ միայն գործն անձամբ ներկայացնելու, այլ նաև դատավորին հնարավորություն տալու համար իր անձնական կարծիքը ձևավորել գործի և այդ անձի հոգեկան վիճակի վերաբերյալ19: Դատավորի համար կարևոր է առնվազն հոգեկան հիվանդություն ունեցող անձի հետ կարճ հանդիպում ունենալը և նախընտրելի է նրան հարցեր ուղղելը: Եվրոպական դատարանը գտնում է, որ դատավորի կողմից գործի լուծումը միայն փաստաթղթավորված ապացույցների հիման վրա, առանց տեսնելու կամ լսելու անձին, հանդիսանում է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված մրցակցության սկզբունքի խախտում20,

- Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համատեքստում, եվրոպական դատարանը ելնում է այն հանգամանքից, որ հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց գործերով ներպետական դատարանները նույնպես օժտված են հայեցողության հարաբերական ազատությամբ: Օրինակ` նրանք կարող են ընդունել դատավարական համապատասխան միջոցներ` արդարադատության պատշաճ կազմակերպման, անձի առողջության պահպանման համար և այլն: Սակայն այդպիսի միջոցները չպետք է խաթարեն անձի արդար դատաքննության իրավունքի բուն էությունը` երաշխավորված Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով: Անձի մասնակցությունը բացառող կոնկրետ միջոցի կիրառման անհրաժեշտությունը քննարկելիս Եվրոպական դատարանը հիմք է ընդունում բոլոր համապատասխան հանգամանքները (ինչպիսիք են` ներպետական դատարանների կողմից քննարկվող հարցերի բնույթն ու բարդությունը, անձի համար դրանց կարևորությունը, նրա անմիջական մասնակցության պարագայում այլ անձանց կամ իր համար որևէ վտանգ ներկայացնելը և այլն)21,

- արդարադատության պատշաճ կազմակերպման շահերից ելնելով, անհրաժեշտության դեպքում՝ լրացուցիչ միջոցներ ձեռնարկելով (հոգեբույժի հետ հանդիպում, գործի քննությանը ներկայություն, օրինական ներկայացուցչի, պաշտպանի մասնակցության ապահովում), պետք է ապահովվի հոգեկան հիվանդություն ունեցող անձի կողմից դատավարությունը հասկանալու հնարավորությունը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի իմաստով մեղսագրվող արարքի (մեղադրանքի) բնույթի և պատճառների մասին մանրամասն տեղեկացումը, որը կապահովի դատարանի կողմից կայացվող որոշման արդարացիությունը22։

23.2. Միևնույն ժամանակ, խտրականության արգելքի համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ ոչ բոլոր դեպքերում է տարբերակված մոտեցումը կամ համապատասխանաբար տարբեր իրավիճակներում գտնվող անձանց նկատմամբ տարբերակված մոտեցում չդրսևորելը համարվում խտրականություն, այլ այն դեպքերում, որոնք չունեն օբյեկտիվ հիմք և ողջամիտ արդարացում23։

Վերոգրյալի հետ մեկտեղ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ Եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածի և 12-րդ արձանագրության 1-ին հոդվածի շրջանակը ներառում է նաև խտրականությունը` հիմնված բժշկական պայմանների վրա24։ Դատարանը նշել է, որ ձևավորված է եվրոպական և համաշխարհային կոնսենսուս` պաշտպանելու հաշմանդամություն ունեցող անձանց խտրականությունից25։ Այն ներառում է պետության պոզիտիվ պարտականությունը՝ ապահովելու ողջամիտ պայմաններ` թույլ տալով հաշմանդամություն ունեցող անձանց ամբողջությամբ իրացնել իրենց իրավունքները, որի չապահովումը հավասարազոր է խտրականության26։ Միաժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդգծել է, որ հաշմանդամության վերաբերյալ գործերով հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ իրավական տարբերակված մոտեցում դրսևորելու հայեցողության լուսանցքն էականորեն նեղ է27։

24. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 451-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Եթե անձը, որի նկատմամբ իրականացվում է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ, իր հոգեկան վիճակի պատճառով չի կարող մասնակցել գործով վարույթին, քննիչը կամ դատախազն այդ մասին կազմում են արձանագրություն, որն ուղարկվում է դատավորին` համապատասխան անձին անգործունակ ճանաչելու հարցը լուծելու համար»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 456-րդ հոդվածի համաձայն` «Անձը, որի նկատմամբ իրականացվում է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ, օգտվում է մեղադրյալի բոլոր իրավունքներից: (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 466-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Եթե հոգեկան հիվանդությամբ հիվանդացած անձն առողջական վիճակի պատճառով չի կարող մասնակցել գործով վարույթին, քննիչը, դատախազը դրա մասին պետք է կազմեն արձանագրություն»:

24.1 Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավական պաշտպանությանն ուղղված միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված պահանջները, նրանց իրավական երաշխիքների կապակցությամբ կայուն նախադեպային դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ`

- բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթի ընթացքում քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած անձինք, չհանդիսանալով մեղադրյալ, օգտվում են մեղադրյալի իրավունքներից28,

- անմեղսունակության վիճակում հանրորեն վտանգավոր արարք կատարած անձի իրավավիճակն ընդգրկում է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական փաստաթղթերով երաշխավորված իրավունքները (ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդված, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդված, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդված), այդ թվում` արդար դատաքննության իրավունքը։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 456-րդ հոդվածը նույնպես ամրագրում է, որ անմեղսունակության վիճակում հանրորեն վտանգավոր արարք կատարած անձն օգտվում է մեղադրյալի բոլոր իրավունքներից29։ Նշված պահանջն օրենսդրի կողմից նախատեսվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 456-րդ հոդվածում` հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց իրավունքների նկատմամբ տարբերակված մոտեցումը բացառելու նպատակով30:

25. Գործող քրեական դատավարության օրենսգիրքը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց անգործունակ ճանաչելու ընթացակարգի վերաբերյալ կարգավորում է նախատեսել 451-րդ հոդվածի 4-րդ մասում։ Նշված կարգավորման ուսումնասիրությունից հետևում է, որ օրենսդիրը, հիմք ընդունելով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի կողմից իր վերաբերյալ ընթացող վարույթին հոգեկան վիճակի պատճառով մասնակցելու անհնարինությունը, քննիչի կամ դատախազի կողմից այդ մասին կազմված արձանագրության հիման վրա նախատեսում է նրան անգործունակ ճանաչելու ընթացակարգ։ Այսինքն` հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի` իր վերաբերյալ վարույթին մասնակցելու հնարավորության մեկանգամյա գնահատման արդյունքում քննիչի կամ դատախազի արձանագրությունը հիմք է այդ անձին անգործունակ ճանաչելով, նրա մասնակցությունը վարույթին, ի սկզբանե՝ մինչդատական փուլից սկսած սահմանափակելու համար։ Արդյունքում, վարույթն իրականացնող մարմինն իր իսկ կողմից կազմված արձանագրության հիման վրա հնարավորություն է ստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի մասնակցություն պահանջող քննչական կամ այլ դատավարական գործողություններն իրականացնել առանց նրա մասնակցության ապահովման։

Վերոնշյալ դեպքում, Վճռաբեկ դատարանն օրենքի միատեսակ կիրառության ապահովման իր սահմանադրական գործառույթի իրացման շրջանակներում գտնում է, որ պատճառաբանությունն առ այն, որ հոգեկան առողջության խնդիրներ ունենալու պայմաններում անձն ի վիճակի չէ մասնակցելու իր վերաբերյալ ընթացող դատավարությանը, պարունակում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ առանց օբյեկտիվ հիմքի և իրավաչափ նպատակի ենթադրվող խտրական վերաբերմունք։ Մինչդեռ, սույն որոշման 21-24.1-րդ կետերում վկայակոչված միջազգային չափանիշներից և մեջբերված իրավական դիրքորոշումներից հետևում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց դեպքում կանխավարկածը պետք է լինի ոչ թե հոգեկան հիվանդությամբ տառապելու հիմքով վերջիններիս մասնակցության և իրավունքներից օգտվելու հնարավորությունների սահմանափակումը, այլ ընդհակառակը` լրացուցիչ միջոցառումների ձեռնարկմամբ` հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասնակցության խրախուսումը` իրենց իրավունքներին և օրինական շահերին անմիջականորեն առնչվող վարույթին։ Ուստի, միջազգային չափանիշների հաշվառմամբ` հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք առողջ անձանց հետ հավասար հիմունքներով, լրացուցիչ երաշխիքների տրամադրմամբ, պետք է հնարավորություն ունենան լիարժեք մասնակցություն ունենալու իրենց վերաբերյալ ընթացող վարույթին։

26. Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ բարձրացված հարցի կապակցությամբ իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ, ինչպես սույն գործով, քրեական դատավարությունում բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման վարույթի շրջանակներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձին անգործունակ ճանաչելու հիմքում դրվում է փորձագիտական եզրակացությունն այն մասին, որ «(…) իրեն մեղսագրվող արարքը կատարելու ժամանակ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձը չէր կարող հասկանալ իր գործողությունների փաստացի բնույթը և հասարակական վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Ուստի նրան հարկ է ճանաչել անմեղսունակ (…)»: Արդյունքում, անձի անմեղսունակության վերաբերյալ փորձագետի եզրահանգումը գործող օրենսդրական կարգավորման և ձևավորված պրակտիկայի պայմաններում դրվում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձին քրեադատավարական ընթացակարգով անգործունակ ճանաչելու և առանց նրա մասնակցության քննչական կամ այլ դատավարական գործողությունների կատարումը կազմակերպելու հիմքում31։

Մինչդեռ, պետք է արձանագրել, որ անգործունակությունը քրեական դատավարությունում դատարանի կողմից չի կարող ճանաչվել` հիմքում դնելով անձի անմեղսունակության վերաբերյալ փորձագիտական եզրակացության հետևությունները։ Մասնավորապես, անմեղսունակությունն անձին անգործունակ ճանաչելու պայման չէ։ Ավելին, հարկ է ընդգծել, որ անմեղսունակության և անգործունակության վիճակները համարժեք չեն, կրում են ինքնավար բնույթ և որոշվում են տարբեր բանաձևերով, մեկի առկայությունը չի կարող նախապայման դիտարկվել մյուսը հաստատելու համար։ Եթե մեղսունակությունը որոշվում է ռետրոսպեկտիվ կարգով (անցյալ ժամանակում կատարված) և միայն անհատի կյանքի որոշակի ժամանակաշրջանի նկատմամբ` մեղսագրվող արարքի համատեքստում, ապա գործունակությունը կապված է անձի քննադատական ունակությունների հետ, շատ թե քիչ երկարատև ժամանակի ընթացքում, և ընդգրկում է անհատի սոցիալական գործունեության բոլոր կողմերը, այդ թվում` հեռանկարները։ Այլ կերպ, եթե անմեղսունակությունը վերաբերում է անձի` հոգեկան առողջության անցյալ ժամանակաշրջանին, ապա անգործունակությունը վերաբերում է անձի` հոգեկան առողջության ապագա ժամանակաշրջանին։

Հետևաբար, անմեղսունակության վերաբերյալ փորձագիտական եզրակացությամբ անձը քրեական դատավարությունում չի կարող ճանաչվել անգործունակ և զրկվել համապատասխան գործողություններին մասնակցելու հնարավորությունից։

27. Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, անմեղսունակության վերաբերյալ փորձագիտական եզրակացության հիման վրա անձին անգործունակ ճանաչելու քրեադատավարական ընթացակարգը, առանց օբյեկտիվ հիմքի և իրավաչափ նպատակի, հանգեցնում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի` դատական պաշտպանության, արդար դատաքննության և մեղսագրվող՝ քրեական օրենքով արգելված արարքից պաշտպանվելու իրավունքներից օգտվելու հնարավորությունների անհամաչափ սահմանափակման։ Ընդ որում, նույնիսկ այն բացառիկ դեպքերում, երբ անձի հոգեկան հիվանդությունն օբյեկտիվորեն արգելք է հանդիսանում նրան քննչական կամ այլ դատավարական գործողությանը մասնակից դարձնելու համար, ապա Վճռաբեկ դատարանը, օրենքի միատեսակ կիրառության ապահովման իր սահմանադրական գործառույթի շրջանակներում արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմինը պետք է սահմանափակվի այդ մասին համապատասխան արձանագրության մեջ կատարվող նշմամբ՝ առանց հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձին անգործունակ ճանաչելու ընթացակարգի նախաձեռնման, որի պայմաններում կարող է ապահովվել նրա իրավունքների լիարժեք պաշտպանությունը, որի կարևորությունն ընդգծվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված բացատրություններում32։ Հակառակ պարագայում, անգործունակ ճանաչելու պահից կվերանա այդ անձի` վարույթին մասնակցելու կարողության վերագնահատման հնարավորությունը, նրան որևէ քննչական կամ այլ դատավարական գործողության կատարմանը մասնակից դարձնելու անհրաժեշտությունը և կլեգիտիմացվի առանց վերջինիս մասնակցության նշված գործողությունների կատարումը։

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ առանց անգործունակ ճանաչելու ընթացակարգի նախաձեռնման հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի` իր վերաբերյալ ընթացող վարույթին մասնակցության հարցի լուծման գաղափարն ընդունելի է նաև օրենսդրի կողմից։ Այդ մասին է վկայում անմեղսունակ անձանց և դեպքից հետո հոգեկան հիվանդությամբ հիվանդացած անձանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման վարույթների օրենսդրական կարգավորումների համեմատական ուսումնասիրությունը։ Այսպես, եթե անձին անգործունակ ճանաչելու ինստիտուտը նախատեսված է անմեղսունակ անձանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման վարույթը կանոնակարգող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ գլխի 451-րդ հոդվածի 4-րդ մասում, ապա այդպիսի կարգավորում օրենսդրի կողմից չի նախատեսվել դեպքից հետո հոգեկան հիվանդությամբ հիվանդացած անձանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման վարույթը կանոնակարգող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ գլխի` 466-րդ հոդվածի 3-րդ մասում։ Այդ դեպքում օրենսդիրը նախատեսել է միայն քննիչի կամ դատախազի կողմից համապատասխան արձանագրություն կազմելու կարգավորում` առանց հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձին անգործունակ ճանաչելու ընթացակարգի նախաձեռնման։ Այսինքն` օրենսդիրը, որպես այդպիսին, ընդունելի է համարում բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման վարույթին հոգեկան հիվանդությամբ տառապող անձի մասնակցության հարցի լուծումը նաև առանց նրան անգործունակ ճանաչելու ընթացակարգի։ Ուստի, եթե նշված մոտեցումը կիրառելի է դեպքից հետո հոգեկան հիվանդությամբ հիվանդացած անձանց նկատմամբ, ապա տվյալ դեպքում բացակայում է օբյեկտիվ հիմքն ու իրավաչափ նպատակը` նույն մոտեցումը նաև անմեղսունակ անձանց նկատմամբ չկիրառելու համար։

28. Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներին և միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված չափանիշներին համապատասխան` հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատական պաշտպանության, արդար դատաքննության և մեղսագրվող՝ քրեական օրենքով արգելված արարքից պաշտպանվելու հիմնարար իրավունքներից օգտվելու համար, որպես կանոն պետք է մասնակցություն ունենան իրենց վերաբերյալ ընթացող վարույթին։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, բացառություն կարող են լինել այն դեպքերը, երբ նրանց վարքագիծը, հոգեկան կամ ֆիզիկական վիճակն օբյեկտիվորեն խոչընդոտ են վերջիններիս մասնակցությունը վարույթին ապահովելու համար։ Այսինքն` առանց հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի մասնակցության իր իրավունքներին և օրինական շահերին առնչվող վարույթի անցկացումը պետք է լինի որպես վերջին միջոց (last resort), երբ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի հոգեկան վիճակի գնահատման արդյունքում պարզ կդառնա, որ վերջինս օբյեկտիվորեն ի վիճակի չէ մասնակցելու իրեն առնչվող կոնկրետ գործողությանը։ Այլ կերպ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց` ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային փաստաթղթերով ամրագրված իրավունքներից օգտվելու հնարավորությունը երաշխավորելու համար, նրանց մասնակցությամբ կատարման ենթակա յուրաքանչյուր քննչական կամ այլ դատավարական գործողության ժամանակ պետք է վերագնահատվի նշված անձանց` վարույթին մասնակցելու կարողությունը։ Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նկատել, որ ինչպես արտասահմանյան մի շարք երկրների քրեական դատավարության օրենսգրքերում33, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում34, նախատեսված չէ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձին անգործունակ ճանաչելու ընթացակարգ։

29. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- նախաքննական մարմնի միջնորդության հիման վրա Առաջին ատյանի դատարանը, հիմք ընդունելով քրեական օրենքով արգելված ենթադրյալ արարքը կատարելու պահին Ա.Մնացականյանի` անմեղսունակության վիճակում գտնվելու վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը, նրան ճանաչել է անգործունակ` փաստելով, որ Ա.Մնացականյանի նկատմամբ իրականացվում է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ, իր հոգեկան վիճակի պատճառով նա չի կարող մասնակցել գործի վարույթին, որի մասին կազմված է արձանագրություն35,

- Վերաքննիչ դատարանն օրինական ուժի մեջ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը` նշելով, որ առկա են Ա.Մնացականյանին անգործունակ ճանաչելու պայմանները և հիմքերը, նա չի կարող օգտվել իր դատավարական իրավունքներից և մասնակցել դատաքննչական գործողություններին, ինչպես նաև հարուցված է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ և կազմվել է համապատասխան արձանագրություն, որը ներկայացվել է դատարանին36։

30. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 21-28-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Ա.Մնացականյանին անգործունակ ճանաչելու հիմքում մեխանիկորեն դրվել է փորձագիտական եզրակացության հետևությունն այն մասին, որ «իր ներկա հոգեկան վիճակով նա կարող է հայտնել որոշ արտաքին նկարագրական տեղեկություններ, դեպքերի որոշ հանգամանքներ, սակայն չի կարող հասկանալ քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքները և տալ ճշմարտացի ցուցմունքներ, չի կարող օգտվել իր դատավարական իրավունքներից և մասնակցել դատաքննչական գործողություններին»37։ Սույն գործի փաստական հանգամանքների գնահատումը ցույց է տալիս, որ ստորադաս դատարանների կողմից չի հիմնավորվել, որ Ա.Մնացականյանին անգործունակ ճանաչելու ընթացակարգով գործի վարույթին նրա մասնակցության սահմանափակումը եղել է վերջին միջոց (last resort), և Ա.Մնացականյանը հոգեկան առողջության խնդիրների պատճառով տվյալ պահին օբյեկտիվորեն ի վիճակի չէր մասնակցելու իրեն առնչվող գործողություններին։ Հետևաբար, Ա.Մնացականյանի վերաբերյալ կազմված արձանագրության և անմեղսունակության մասին վկայող փորձագիտական եզրակացության հիման վրա նրան մեխանիկորեն անգործունակ ճանաչելու ընթացակարգը, առանց օբյեկտիվ հիմքի և իրավաչափ նպատակի, սահմանափակելով դատական պաշտպանության, արդար դատաքննության և մեղսագրվող՝ քրեական օրենքով արգելված արարքից պաշտպանվելու հնարավորություններից, հանգեցրել է նրա իրավունքների խախտման։ Իրավակիրառ պրակտիկայում հետագա նմանատիպ դեպքերը բացառելու նկատառումներով Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի շրջանակներում սույն որոշմամբ ձևավորած նախադեպային մոտեցումը, փաստում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հիմնարար իրավունքների պաշտպանության նպատակով վարույթն իրականացնող մարմիններն այսուհետ պետք է ձեռնպահ մնան հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձին անգործունակ ճանաչելու ընթացակարգի նախաձեռնումից։

Ամփոփելով վերոգրյալը, սույն գործի փաստական հանգամանքների համատեքստում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Արթուր Մնացականյանին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 451-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ անգործունակ ճանաչելու արդյունքում նրա՝ քրեական վարույթի ընթացքում դատական պաշտպանության, արդար դատաքննության, մեղսագրվող՝ քրեական օրենքով արգելված արարքից պաշտպանվելու հիմնարար իրավունքներն իրացնելու հնարավորությունների սահմանափակումն իրավաչափ չէ։

 

II. Հոգեբուժական հաստատությունում տեղավորելու անվտանգության միջոցի կիրառման իրավական երաշխիքների ապահովումը.

31. Օրենքի միատեսակ կիրառության ապահովման և իրավունքի զարգացման գործառույթների իրացման շրջանակներում սույն գործով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև հետևյալ իրավական հարցին. Արթուր Մնացականյանի նկատմամբ հոգեբուժական հաստատությունում տեղավորելու անվտանգության միջոցի կիրառման ընթացքում արդյո՞ք ստորադաս դատարանների կողմից ապահովվել են ազատության իրավունքի պաշտպանության անհրաժեշտ իրավական երաշխիքները։

32. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

(…)

6) հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը, ինչպես նաև հոգեկան խանգարում ունեցող, հարբեցող կամ թմրամոլ անձանցից բխող վտանգը կանխելու նպատակով.

(…)

5. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է»:

ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»:

ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան»:

32.1. Ազատության իրավունքի համատեքստում անդրադառնալով դատավարական հարկադրանքի միջոցներից` կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն` Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ.

- կալանավորումը, լինելով խափանման միջոցներից մեկը, ունի այլընտրանք և խափանման բոլոր միջոցների շարքից ընտրվում է այն ժամանակ, երբ խափանման միջոցների կիրառմամբ հետապնդվող նպատակներին հասնելուն առավելապես կարող է նպաստել խափանման միջոցի հենց այս տեսակը՝ հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված բոլոր հանգամանքները38,

- կալանավորումը՝ որպես քրեադատավարական հարկադրանքի վերջին՝ բացառիկ միջոց (ultima ratio), միշտ և պարտադիր կերպով պետք է այլընտրանք ունենա: Քրեադատավարական օրենքում ամրագրվելիք այդ այլընտրանքը պետք է քրեական վարույթն իրականացնող մարմնին փաստացի հնարավորություն ընձեռի և իրավաբանական պարտականություն դնի նրա վրա՝ ի սկզբանե ընտրություն կատարել տարբեր խափանման միջոցների միջև՝ իրավաչափ նպատակին հասնելու համար ընտրելով առավել պիտանի միջոցը: Միևնույն ժամանակ այն պետք է նաև պարտադիր կարգով լինի անձի հիմնական իրավունքները և ազատություններն առավել նվազ սահմանափակողը, այսինքն՝ անհրաժեշտ միջոցը39:

33. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 458-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած, սակայն հասարակության համար վտանգ չներկայացնող անձի անմեղսունակության փաստը հաստատվելու պահից նա կարող է հանձնվել ազգականների, խնամակալների, հոգաբարձուների հսկողությանը` այդ մասին տեղյակ պահելով առողջապահության մարմիններին։

2. Տվյալ միջոցն ընտրելու մասին քննիչը, դատախազը, դատարանը կայացնում են պատճառաբանված որոշում»։

 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 459-րդ հոդվածի համաձայն` «1.Քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած և հասարակության համար վտանգ ներկայացնող անձի անմեղսունակության փաստը հաստատվելու պահից նա կարող է տեղավորվել հոգեբուժական հաստատությունում:

2.Հոգեբուժական հաստատությունում տեղավորելը թույլատրվում է քննիչի պատճառաբանված որոշմամբ, որը հաստատում է դատարանը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 464-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Եթե անձը հասարակության համար մեծ վտանգ չի ներկայացնում և կարիք չունի իր նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցների կիրառման, դատարանը կայացնում է գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում: (…)»։

34. Նախորդ կետում մեջբերված իրավադրույթներից հետևում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման վարույթում կարող է որպես դատավարական հարկադրանքի միջոց նշանակվել ազատությունից զրկելու հետ չկապված ընտանեկան հսկողություն (ազգականների, խնամակալների և հոգաբարձուների հսկողությանը հանձնելու դեպքում) և ազատությունից զրկելու հետ կապված բժշկական հսկողություն (հոգեբուժական հաստատությունում տեղավորվելու դեպքում) անվտանգության միջոցները։ Ընդ որում, օրենսդրական կարգավորումներից հետևում է, որ`

- ընտանեկան հսկողության կիրառման հիմքն անձի` հասարակության համար վտանգ չներկայացնելն է,

- բժշկական հսկողության կիրառման հիմքն անձի` հասարակության համար վտանգ ներկայացնելն է։

Այսինքն` հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ նշված անվտանգության միջոցներից կոնկրետ տեսակի ընտրությունը պայմանավորվում է այն հանգամանքով, թե արդյո՞ք անձը հասարակության համար վտանգ ներկայացնում է, թե ոչ։ Ստացվում է, որ հասարակության համար վտանգ ներկայացնելու դեպքում՝ անկախ դրա աստիճանից, անձի ազատության իրավունքը անվերապահ ենթակա է սահմանափակման՝ բժշկական հսկողություն անվտանգության միջոցի կիրառմամբ` այլընտրանքային միջոցի բացակայության պատճառով։ Մինչդեռ, այդպիսի բացարձակ մոտեցումն ընդունելի լինել չի կարող, այն խաթարում է ազատության իրավունքի էությունը և զրկում դատական ատյանին՝ իրեն բնորոշ՝ գործն ըստ անհատական փաստական հանգամանքների գնահատման ենթարկելու գործառույթը պատշաճ իրացնելու հնարավորությունից։ Ուստի, պետք է արձանագրել, որ ինչպես կալանավորումը, այնպես էլ բժշկական հսկողություն անվտանգության միջոցը, լինելով դատավարական հարկադրանքի վերջին, բացառիկ միջոց, պետք է ունենա անձին ազատությունից զրկելու այլընտրանք։

Նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ հասարակության համար բարձր և նվազ վտանգ ներկայացնող անձանց նկատմամբ միևնույն մոտեցումը մեխանիկորեն կիրառվել չի կարող։ Նրանց նկատմամբ ազատությունից զրկելու դատավարական հարկադրանքի միջոց կիրառելու և իրավունքները նույն ծավալով սահմանափակելն արդարացված լինել չի կարող առնվազն համաչափության սկզբունքից ելնելով։

Ավելին, հաշվի առնելով նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 464-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը` ստացվում է, որ օրենսդիրը մի կողմից հասարակության համար մեծ վտանգ չներկայացնող անձի նկատմամբ, առանց ազատությունից զրկելու հետ չկապված այլընտրանքային միջոցի կիրառման հնարավորության, անվերապահորեն սահմանում է հոգեբուժական հաստատությունում տեղավորելու անվտանգության միջոցը կիրառելու պահանջ, մյուս կողմից` նախատեսում, որ հասարակության համար մեծ վտանգ չներկայացնող անձի նկատմամբ դատարանը գործի վարույթը կարճում է և քրեական հետապնդումը դադարեցնում, եթե բացակայում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների նշանակման կարիքը։ Այլ կերպ՝ հասարակության համար նվազ վտանգ ներկայացնող անձը գործի մինչդատական վարույթում, ազատությունից զրկելու այլընտրանքային միջոցների բացակայության պատճառով, պարտադիր կարգով ենթակա է տեղավորման բժշկական հաստատությունում, այն դեպքում, երբ դատական քննության ընթացքում օրենսդիրը դատարանին համանման պայմաններում լիազորում է գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել, եթե անձը նաև չունի բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների նշանակման կարիք։ Մինչդեռ, տվյալ դեպքում, ընտանեկան հսկողությունը, օրինակ, կարող է դիտարկվել որպես անձին ազատությունից զրկելու հետ կապված անվտանգության միջոցի այլընտրանք։ Ավելին, հաշվի առնելով, որ ընտանեկան հսկողություն անվտանգության միջոցը նաև դատավարական հարկադրանքի միջոց է, ուստի այն ևս պետք է ուղղված լինի անձի հնարավոր ոչ իրավաչափ վարքագծի կանխմանը։ Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման վարույթում այն կարող է ուղղված լինել անձի` հասարակության համար նվազ վտանգ ներկայացնելու հանգամանքից բխող ոչ իրավաչափ վարքագծի կանխմանը։

Վերոգրյալի հիման վրա, օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի շրջանակներում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի` ազատության իրավունքի արդյունավետ երաշխավորման տեսանկյունից` անվտանգության միջոցների կիրառումը պետք է պայմանավորվի ոչ թե հասարակության համար առհասարակ վտանգ ներկայացնելու կամ չներկայացնելու հանգամանքով, այլ` այդպիսի վտանգի աստիճանի գնահատմամբ, որպիսի մոտեցման պայմաններում ընտանեկան հսկողությունը կարող է դիտարկվել որպես ազատությունից զրկելու հետ չկապված այլընտրանքային միջոց` բժշկական հսկողություն անվտանգության միջոցի կիրառելիության հարցը լուծելիս։ Այլ կերպ, նվազ վտանգ ներկայացնելու դեպքում, անձի նկատմամբ ազատության իրավունքի սահմանափակմամբ զուգորդված՝ հոգեբուժական հաստատությունում տեղավորելու հարկադրանքի միջոցը պետք է կիրառվի ընտանեկան հսկողություն անվտանգության միջոցի կիրառման աննպատակահարմարության մասին եզրահանգման գալուց հետո։

35. Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման մինչդատական վարույթում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձին ազատությունից զրկելու հետ կապված` բժշկական հսկողություն անվտանգության միջոցի պարբերական վերանայման և անազատության մեջ պահելու առավելագույն ժամկետների բացակայության խնդրին։ Գործող օրենսդրական կարգավորումներով բացակայում է բժշկական հսկողություն անվտանգության միջոցի կիրառման իրավաչափության դատական պարբերական վերանայման կառուցակարգը և այն կիրառվում է առանց առավելագույն ժամկետների սահմանման։

Մինչդեռ, ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` բժշկական հսկողության պարբերական և ինքնավար դատական վերանայման համակարգը, ինչպես կալանքի դեպքում, հնարավորություն է ստեղծում երաշխավորելու Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված պահանջը40, որի համաձայն` ազատությունից զրկված անձն իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելն անօրինական է: Բացի այդ, հարկ է ընդգծել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անձի «վտանգավորության» հիմքով անժամկետ, առանց ազատազրկման օրինականության պարբերական դատական ստուգման անձին անազատության մեջ պահելն անհամատեղելի է համարում Եվրոպական կոնվենցիայի պահանջների հետ41: Նշված խնդրին անդրադարձել է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը և նշել, որ օրենսդրական կարգավորման նման թերությունները հանգեցնում են այս անվտանգության միջոցի հիման վրա անձանց երկար ժամանակ հոգեբուժական կազմակերպությունում պահելուն՝ առանց դատարանի կողմից բուժման նկատմամբ համապատասխան վերահսկողության42: Այդ պատճառով էլ արտասահմանյան մի շարք երկրներում օրենսդրորեն նախատեսվում են կարգավորումներ, որոնք սահմանում են անձին բժշկական հաստատությունում տեղավորելու անվտանգության միջոցի կիրառման առավելագույն ժամկետ և պարբերական վերանայման հնարավորություն43։ Այդպիսի ընթացակարգը գործում է նաև կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու կանոններն այս անվտանգության միջոցի նշանակման նկատմամբ տարածելու դեպքում։ Նշված տրամաբանությամբ է կառուցվել նաև ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը44, որի կարգավորումներից ենթադրվում է, որ անձին բժշկական հաստատությունում տեղավորելու անվտանգության միջոցը կիրառվում է երկու ամիս ժամկետով և ենթակա է յուրաքանչյուր անգամ վերանայման։

Առանց ժամկետային սահմանափակման անձին բժշկական հաստատությունում տեղավորելու խնդրին անդրադարձել է նաև Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանը` 2018 թվականի մայիսի 24-ի թիվ 20-П որոշմամբ և փաստել, որ անձի` բժշկական հաստատությունում գտնվելու ժամանակահատվածը չի կարող լինել անորոշ, դատարանները պետք է նշեն այն ժամանակահատվածը, որի ընթացքում անձը պետք է ստացիոնար ձևով գտնվի բժշկական հաստատությունում, ըստ անհրաժեշտության երկարացնելով այն` կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու քրեադատավարական կանոնների կիրառմամբ45։

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ազատությունից զրկելու հետ կապված բժշկական հսկողություն անվտանգության միջոցի կիրառման ընթացակարգի նկատմամբ վերաբերելի մասով (mutatis mutandis) պետք է կիրառելի լինեն կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման կանոնները։ Այլ կերպ, այն պետք է ենթակա լինի պարբերական վերանայման և սահմանափակված լինի երկամսյա ժամկետով։ Հարկ է նկատել, որ նշված մոտեցումն ընդունելի է համարվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ Սահմանադրական դատարան ներկայացված բացատրություններում46։

Միաժամանակ, նշվածը նաև ենթադրում է, որ բժշկական հաստատությունում տեղավորելու անվտանգության միջոցի կիրառման շրջանակներում դատարանները պետք է քննարկման առարկա դարձնեն քրեական օրենքով արգելված արարք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության հարցը։ Մասնավորապես, քրեական դատավարությունում անձի ազատության իրավունքի սահմանափակումը չի կարող վերացական լինել, այն մշտապես պայմանավորված է քրեական օրենքով արգելված արարք կատարած լինելու կասկածի հետ, որի բացակայությունը նաև բացառում է ազատության իրավունքի սահմանափակման հնարավորությունը։ Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի կիրառման ողջ գործընթացը քրեական դատավարությունում ածանցվում է անձի կողմից քրեական օրենքով արգելված արարքի կատարման փաստից։ Ուստի, մինչ այդ փաստի վերջնական հաստատումն անձի իրավունքներն ու ազատությունները սահմանափակող դատավարական հարկադրանքի միջոցների կիրառման համար էական նշանակություն ունի անձի` քրեական օրենքով արգելված արարք կատարած լինելու հիմնավոր կասկածի գնահատումը։ Եթե բացակայի իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածը, ապա դատավարական հարկադրանքի միջոց կիրառվել չի կարող։ Նշվածը երաշխիք է անձի իրավունքներն ու ազատությունները սահմանափակող դատավարական հարկադրանքի միջոցների կամայական կիրառումը բացառելու համար։

36. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Առաջին ատյանի դատարանը, հիմք ընդունելով փորձագետի եզրակացությունն այն մասին, որ Ա.Մնացականյանը նվազ սոցիալական վտանգ է ներկայացնում շրջապատի համար, հաստատել է քննիչի` Ա.Մնացականյանին հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու որոշումը` առանց ժամկետի նշման և այլընտրանքային միջոցի կիրառման հնարավորության քննարկման47,

- Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, փաստել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 459-րդ հոդվածում նշված «վտանգ» բառը պետք է հասկանալ համապատասխան վտանգն իր բոլոր դրսևորումներով՝ նվազից մինչև առավելագույնը48։

37. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 32-35-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում ստորադաս դատարաններն Ա.Մնացականյանի նկատմամբ ազատությունից զրկելու հետ կապված անվտանգության միջոց, այն է՝ բժշկական հաստատությունում տեղավորելու հարկադրանքը կիրառելիս քննարկման առարկա չեն դարձրել քրեական օրենքով արգելված արարք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության հարցը։ Բացի այդ, փորձագիտական եզրակացությամբ նվազ վտանգավորություն ներկայացնելու պայմաններում ստորադաս դատարանների կողմից անդրադարձ չի կատարվել այդ վտանգն այլընտրանքային միջոցի կիրառմամբ չեզոքացնելու հնարավորության հարցին։ Ավելին, դատարաններն իրենց որոշումները կայացրել են առանց սահմանելու ժամկետային որևէ սահմանափակում և երաշխավորելու ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափության պարբերական վերանայման հնարավորությունը։

Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Արթուր Մնացականյանի նկատմամբ հոգեբուժական հաստատությունում տեղավորելու անվտանգության միջոցի կիրառման ընթացքում չեն ապահովվել ազատության իրավունքի պաշտպանության անհրաժեշտ իրավական երաշխիքները։

38. Վերոգրյալի հետ մեկտեղ, անդրադառնալով պաշտպանի՝ սույն որոշման 14.1-րդ կետում վկայակոչված խնդրին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կիրառմամբ Արթուր Մնացականյանի նկատմամբ մասնավոր մեղադրանքի շրջանակներում իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու վերաբերյալ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունենալու մասին տեղեկատվության առկայության պայմաններում անձի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն այդ հիմքի կիրառմամբ դադարեցվել չի կարող։ Մասնավորապես, այդ հիմքի կիրառման համատեքստում անհրաժեշտ է ազատ կամահայտնության ունակություն ունեցող և հոգեպես առողջ անձի համաձայնություն, որպիսի պայմանն առերևույթ բացակայում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման վարույթում49։ Այս առումով պետք է նկատի ունենալ, որ սկսած այն պահից, երբ տվյալներ են ստացվում անձի` հոգեկան հիվանդությամբ տառապելու և դրանով պայմանավորված` անձի՝ իր կամ հասարակության համար վտանգ ներկայացնելու հնարավորության մասին, հանրային շահի պաշտպանությունը պահանջում է շարունակել գործի վարույթը և միջոցներ ձեռնարկել այդ վտանգը կանխելու համար` անկախ այն հանգամանքից, որ տուժողն այլևս հետաքրքրված չէ իր մասնավոր շահի պաշտպանությամբ և հայտնում է բողոքի կամ պահանջի բացակայության մասին։

39. Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշվածը հիմք է ստորադաս դատարանի դատական ակտերը բեկանելու համար։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ գործի վարույթն ավարտվել է. հաստատվել է, որ Ա.Մնացականյանն անմեղսունակության վիճակում կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված արարքը և վերջինս ազատվել է քրեական պատասխանատվությունից ու պատժից, Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է համարում բողոքարկված դատական ակտերի բեկանումը:

Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքները պետք է բավարարել մասնակիորեն, ճանաչել Արթուր Մնացականյանի իրավունքների խախտման փաստը, իսկ ստորադաս դատարանի որոշումները թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն։

2. Ճանաչել Արթուր Ավագի Մնացականյանի իրավունքների խախտման փաստը։

3. Արթուր Ավագի Մնացականյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հուլիսի 18-ի որոշումները թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_____________________

1 Տե՛ս www.datalex.am տեղեկատվական համակարգ, թիվ ԱՐԱԴ/0014/01/18 գործը։

2 Տե՛ս թիվ ԱՐԱԴ1/0001/15/18 դատական գործը, թերթեր 18-22:

3 Տե՛ս թիվ ԱՐԱԴ1/0001/15/18 դատական գործը, թերթեր 32-33:

4 Տե՛ս թիվ ԱՐԱԴ1/0001/14/18 դատական գործը, թերթեր 34-35:

5 Տե՛ս թիվ ԱՐԱԴ1/0001/15/18 դատական գործը, թերթեր 77-87:

6 Տե՛ս թիվ ԱՐԱԴ1/0001/14/18 դատական գործը, թերթեր 74-84:

7 Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 3-րդ, թերթ 106:

8 Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 161-167:

9 Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 123-136:

10 Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 198-206:

11 Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2008 թվականի հունվարի 21-ի թիվ ՍԴՈ-731 որոշման 10-րդ կետը։

12 Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2010 թվականի մայիսի 4-ի թիվ ՍԴՈ-881 որոշման 5-րդ կետը։

13 Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2015 թվականի հուլիսի 7-ի թիվ ՍԴՈ-1224 որոշման 22-րդ կետը։

14 Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2015 թվականի ապրիլի 7-ի թիվ ՍԴՈ-1197 որոշման 6-րդ կետը։

15 Տե՛ս Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան։

16 Տե՛ս Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի` «Հոգեկան հիվանդների մասին» 1977 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 818 (1977) հանձնարարականի 17-րդ կետը։

17 Տե՛ս Միավորված ազգերի կազմակերպության՝ 1991 թվականի դեկտեմբերի 17-ի «Հոգեկան հիվանդների պաշտպանության և հոգեբուժական օգնության բարելավման» թիվ 46/119 բանաձևի 1-ին սկզբունքի 5-րդ մասը։

18 Տե՛ս Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ 2004 թվականի սեպտեմբերի 22-ի «Հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» թիվ REC(2004)10 հանձնարարականի 7-րդ հոդվածի 1-ին մասը։

19 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Kovalev v. Russia գործով 2007 թվականի մայիսի 10-ի վճիռը, գանգատ թիվ 78145/01, կետեր 35-37:

20 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Shtukaturov v. Russia գործով 2008 թվականի մարտի 24-ի վճիռը, գանգատ թիվ 4409/05, կետեր 72-73:

21 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Shtukaturov v. Russia գործով 2008 թվականի մարտի 24-ի վճիռը, գանգատ թիվ 4409/05, կետ 68:

22 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Vaudelle v. France գործով 2001 թվականի հունվարի 30-ի վճիռը, գանգատ թիվ 35683/97, կետ 65։

23 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Fabris v. France [GC] գործով 2013 թվականի փետրվարի 7-ի վճիռը, գանգատ թիվ 16574/08, կետ 56, Molla Sali v. Greece [GC] գործով 2018 թվականի դեկտեմբերի 19-ի վճիռը, գանգատ թիվ 20452/14, կետ 135:

24 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Kiyutin v. Russia գործով 2011 թվականի մարտի 10-ի վճիռը, գանգատ թիվ 2700/10, կետ 57:

25 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Glor v. Switzerland գործով 2009 թվականի ապրիլի 30-ի վճիռը, գանգատ թիվ 13444/04, կետ 54:

26 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Cam v. Turkey գործով 2016 թվականի փետրվարի 23-ի վճիռը, գանգատ թիվ 51500/08, կետեր 65-57, Enver Sahin v. Turkey գործով 2018 թվականի հունվարի 30-ի վճիռը, գանգատ թիվ 23065/12, կետեր 67-69:

27 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Glor v. Switzerland գործով 2009 թվականի ապրիլի 30-ի վճիռը, գանգատ թիվ 13444/04, կետ 84:

28 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սերգեյ Ստեփանյանի գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԳԴ5/0014/01/13 որոշումը, կետ 23:

29 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արա Շուշանյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0030/01/15 որոշումը, կետ 14։

30 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Տիգրան Գասպարյանի գործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԳԴ1/0058/01/16 որոշումը, կետ 15։

31 Տե՛ս, ի թիվս այլնի, օրինակ՝ թիվ ԵԿԴ/0098/15/17, ԱՐԱԴ/0025/15/17, ԱՐԱԴ/0026/15/17 գործերը։

32 Տե՛ս սույն որոշման 16-17-րդ կետերը։

33 Տե՛ս, օրինակ, Լատվիայի, Էստոնիայի, Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի քրեական դատավարության օրենսգրքերը։

34 Տե՛ս www.arlis.am կայքը։

35 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

36 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։

37 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

38 Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2009 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ ՍԴՈ-827 որոշումը, կետ 6։

39 Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-1480 որոշումը, կետ 7.4։

40 Տե՛ս Abdulkhakov v. Russia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2012 թվականի հոկտեմբերի 1-ի վճիռը, գանգատ թիվ 14743/11, կետ 209:

41 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` M. v. Germany գործով 2009 թվականի դեկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ թիվ 19359/04, Storck v. Germany գործով 2005 թվականի հունիսի 16-ի վճիռը, գանգատ թիվ թիվ 61603/00, O.H. v. Germany գործով 2011 թվականի նոյեմբերի 24-ի վճիռը, գանգատ թիվ թիվ 4646/08, Kronfeldner v. Germany գործով 2012 թվականի հունվարի 19-ի վճիռը, գանգատ թիվ թիվ 21906/09։

42 Տե՛ս Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի` հոգեկան կազմակերպություններում հոգեկան առողջական խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ 2018 թվականի արտահերթ զեկույցը, էջ 28, ինչպես նաև 2022 թվականի արտահերթ զեկույցը, էջ 26։

43 Տե՛ս Լատվիայի քրեական դատավարության օրենսգրքի 599-րդ հոդվածը, Էստոնիայի քրեական դատավարության օրենսգրքի 395.1-րդ հոդվածը, Մոլդովայի քրեական դատավարության օրենսգրքի 490-րդ հոդվածը, Ուկրաինայի քրեական դատավարության օրենսգրքի 508-րդ հոդվածը։

44 Տե՛ս www.arlis.am, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, հոդված 140:

45 Տե՛ս ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի 435-րդ հոդվածի վերաբերյալ ՌԴ սահմանադրական դատարանի` 2018 թվականի մայիսի 24-ի թիվ 20-П որոշման եզրափակիչ մասի 1-ին կետը։

46 Տե՛ս սույն որոշման 16-17-րդ կետերը։

47 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

48 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:

49 Տե՛ս mutatis mutandis Վճռաբեկ դատարանի` Սերգեյ Ստեփանյանի գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԳԴ5/0014/01/13 որոշումը, որտեղ Վճռաբեկ դատարանը սահմանել է ուղենիշային մոտեցում առ այն, որ համաներման ակտի կիրառման հիմքով քրեական հետապնդումը կարող է դադարեցվել միայն մեղսունակ անձի նկատմամբ:

 

Նախագահող`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան