Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.05.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
22.04.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

Վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Մ-6169/21

Նախագահող դատավոր՝  Լ. Աբգարյան

 

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

 Ս. Օհանյանի

 

22 ապրիլի 2022 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 24-ի որոշման դեմ մեղադրյալ Նաիրա Կիմի Գրիգորյանի պաշտպան Լ.Սապաժեանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2020 թվականի ապրիլի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի պետ Ն.Պողոսյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով թույլատրել Նաիրա Գրիգորյանի նկատմամբ իրականացնել «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան) 2020 թվականի ապրիլի 20-ին բավարարել է ներկայացված միջնորդությունը և թույլատրել Նաիրա Գրիգորյանի նկատմամբ երկու ամսով իրականացնել «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում:

3. Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Ն.Գրիգորյանի պաշտպան Լ.Սապաժեանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2021 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ թողնվել է առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

4. Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 24-ի որոշման դեմ պաշտպան Լ.Սապաժեանը վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 24-ի որոշման համաձայն. «(...) 2021 թվականի հունիսի 21-ին Վերաքննիչ դատարանում ստացվել է պաշտպան Լիլիթ Ներսեսյանի վերաքննիչ բողոք[ը] (...), որին կից Բողոքաբերը ներկայացրել է ապացույց առ այն, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն իրեն հասու է դարձել 2021 թվականի մայիսի 21-ին: Հետևաբար դատական ակտի բողոքարկման 10-օրյա ժամկետի վերջին օրը եղել է 2021 թվականի մայիսի 31-ը, մինչդեռ Բողոքաբերն Առաջին ատյանի դատարանի վերոգրյալ որոշման դեմ վերաքննիչ բողոքը փոստային ծառայության է հանձնել 2021 թվականի հունիսի 1-ին: (...)

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Բողոքաբերը վերաքննիչ բողոքը ներկայացրել է դատական ակտը ստանալուց հետո 10-օրյա ժամկետի խախտմամբ, հետևաբար բացակայում է բողոքարկման ժամկետի բացթողումն իրավունքի ուժով (ex jure) հարգելի ճանաչելու հիմքը (...)»1:

6. Մեղադրյալ Ն.Գրիգորյանի պաշտպան Լ.Սապաժեանն Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի ապրիլի 20-ի որոշման դեմ ներկայացրած վերաքննիչ բողոքում քրեական գործի նյութերի ստացման օր է նշել 2021 թվականի մայիսի 21-ը2:

7. Պաշտպան Լ.Սապաժեանը վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է քրեական գործի նյութերը պաշտպանին հանձնելու մասին արձանագրության պատճենը, որի համաձայն՝ պաշտպանը ծանոթացման համար քրեական գործի նյութերը էլեկտրոնային տարբերակով տրամադրելու մասին միջնորդությունը նախաքննության մարմնին ներկայացրել է 2021 թվականի մայիսի 21-ին3, իսկ նյութերը նրան տրամադրվել են 2021 թվականի մայիսի 22-ին4:

8. Սույն գործի նյութերում առկա փոստային անդորրագրի պատճենի համաձայն, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի ապրիլի 20-ի որոշման դեմ պաշտպան Լ.Սապաժեանի վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 2021 թվականի հունիսի 1-ին5։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակը նշել է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական նորմերի խախտումներ, որպիսի պայմաններում կայացված դատական ակտը խաթարել է արդարադատության բուն էությունը: Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2.2-րդ և 2.3-րդ մասերը, ինչի արդյունքում թույլ է տվել Ն.Գրիգորյանի դատական պաշտպանության իրավունքի խախտում։

9.1. Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները չեն բխում գործով ձեռք բերված նյութերից։ Ըստ բողոքաբերի՝ քրեական գործի նյութերը պաշտպանության կողմին հասանելի են դարձել 2021 թվականի մայիսի 22-ին, ինչը հաստատվում է նաև ծանոթացման համար քրեական գործի նյութերը ներկայացնելու արձանագրությամբ: Ուստի Առաջին ատյանի դատարանի դատական ակտի բողոքարկման՝ օրենքով սահմանված 10-օրյա ժամկետը պահպանված է եղել:

10. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է վերացնել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 24-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի ապրիլի 20-ի որոշման դեմ մեղադրյալ Ն.Գրիգորյանի պաշտպան Լ.Սապաժեանի վերաքննիչ բողոքը ժամկետանց է:

12. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝

«Պաշտոնատար անձանց կողմից սահմանված ժամկետը պահպանելը հաստատվում է դատավարական փաստաթղթերում` համապատասխան նշումով: Քրեական դատավարությանը մասնակցող անձանց հանձնման ենթակա փաստաթղթերի ստացման փաստը հաստատվում է գործին կցված նրանց ստորագրությամբ»:

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի համաձայն՝ «1. Վերաքննիչ բողոք բերվում են՝

(...)

3) առաջին ատյանի դատարանի՝ կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման մասին որոշումները՝ հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը՝ հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում»6:

15. ՀՀ Սահմանադրական դատարանը, 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, դատական մատչելիության իրավունքի վերաբերյալ նշել է.

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման7:

16. Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարևորելով անձի՝ դատարանի մատչելիության իրավունքի բացառիկ նշանակությունն անձի իրավունքների պաշտպանության իրավական համակարգում՝ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշումներ է ձևավորել այն մասին, որ վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող ձևական բնույթի չափանիշների և պահանջների չպահպանումը չպետք է այնպես մեկնաբանվի, որ անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը ենթարկվի անհամաչափ սահմանափակման՝ հանգեցնելով այդ իրավունքի բուն էության խաթարմանը: Այլ կերպ` բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը պետք է հիմնված լինի վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող ձևական բնույթի չափանիշների և պահանջների պահպանված չլինելու մասին փաստերի բովանդակային գնահատման վրա՝ ապահովելու համար բողոքարկման իրավունքի սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև համարժեք հարաբերակցությունը։ Մասնավորապես, անձի կողմից դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացման, այն է` իր շահերին առնչվող դատական ակտի դեմ հիմնավոր բողոք բերելու համար անհրաժեշտ է, որ անձն իր ձեռքի տակ ունենա վիճարկվող դատական ակտը։ Այսինքն, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում առկա՝ «հրապարակման պահից» բառակապակցությունը պետք է մեկնաբանվի, իսկ վերաքննիչ բողոք բերելու ժամկետը պետք է հաշվարկվի՝ որպես ելակետ ընդունելով դատարանի որոշումը բողոք բերելու իրավունք ունեցող համապատասխան դատավարության մասնակցին հանձնելու պահը8:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- պաշտպան Լ.Սապաժեանը վերաքննիչ բողոքում քրեական գործի նյութերի ստացման օր է նշել 2021 թվականի մայիսի 219,

- պաշտպան Լ.Սապաժեանին քրեական գործի նյութերը տրամադրվել են 2021 թվականի մայիսի 22-ին10,

- պաշտպանի վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 2021 թվականի հունիսի 1-ին11,

- Վերաքննիչ դատարանը 2021 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ պաշտպան Լ.Սապաժեանի բողոքը թողել է առանց քննության՝ փաստելով, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը պաշտպանական կողմին հասու է դարձել 2021 թվականի մայիսի 21-ին, ուստի որոշման բողոքարկման՝ օրենքով սահմանված 10-օրյա ժամկետն ավարտվել է 2021 թվականի մայիսի 31-ին, մինչդեռ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 2021 թվականի հունիսի 1-ին12:

18. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքների վերլուծությունից բխում է, որ չնայած պաշտպան Լ.Սապաժեանը վերաքննիչ բողոքում քրեական գործի նյութերի ստացման օր է նշել 2021 թվականի մայիսի 21-ը, սակայն դրանք պաշտպանին տրամադրվել են 2021 թվականի մայիսի 22-ին։ Այսինքն, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի ապրիլի 20-ի որոշումը մեղադրյալ Ն.Գրիգորյանի պաշտպան Լ.Սապաժեանին հասու է դարձել 2021 թվականի մայիսի 22-ին, սակայն այդ հանգամանքը հիմնավորող ապացույցը՝ քրեական գործի նյութերին ծանոթանալու վերաբերյալ արձանագրությունը, Վերաքննիչ դատարանը պատշաճ չի ուսումնասիրել: Այսպիսով, վերաքննիչ բողոք բերելու ժամկետը հաշվարկելով 2021 թվականի մայիսի 22-ից, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 2021 թվականի հունիսի 1-ի դրությամբ վերաքննիչ բողոքարկման ժամկետները պահպանված են եղել։

19. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ հիմնավորված չէ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի ապրիլի 20-ի որոշման դեմ մեղադրյալ Ն.Գրիգորյանի պաշտպան Լ.Սապաժեանի վերաքննիչ բողոքը ժամկետանց է:

20. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից պաշտպան Լ.Սապաժեանի բողոքն առանց քննության թողնելու պայմաններում, մեղադրյալ Ն.Գրիգորյանը զրկվել է իր իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտումները վիճարկելու հնարավորությունից, դատական պաշտպանության իրավունքի իրացման ժամանակային սահմանափակումները կիրառվել են ոչ իրավաչափորեն, ինչի արդյունքում անձի իրավունքների սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև արդարացի հավասարակշռությունը չի ապահովվել:

21. Հաշվի առնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ն.Գրիգորյանի պաշտպան Լ.Սապաժեանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 24-ի որոշումն օրինական և հիմնավորված չէ: Այդ որոշումը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 5-րդ մասի, 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն` հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար13:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 4151-րդ, 418.1-րդ 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Մեղադրյալ Նաիրա Կիմի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի օգոստոսի 24-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

__________________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 2 թերթ 38:

2 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 30:

3 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 31։

4 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 32:

5 Տե՛ս նյութեր, հատոր 2 թերթ 14:

6 Դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում դատական ակտի բողոքարկման իրավունքի իրացման ժամկետային սահմանափակումների վերաբերյալ առավել մանրամասն տե՛ս Սահմանադրական դատարանի՝ 2012 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ ՍԴՈ-1052 որոշումը, Վճռաբեկ դատարանի՝ Տիգրան Հովհաննիսյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0066/11/12 որոշումը:

7 Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշումը, 4.1-րդ կետը:

8 Տե'ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Տիգրան Հովհաննիսյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0066/11/12 որոշումը, Վարդան Գրիգորյանի գործով 2018 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ3/0030/06/17 որոշումը, Անդրանիկ Խաչատրյանի գործով 2019 թվականի փետրվարի 7-ի թիվ ՇԴ2/0049/01/17 որոշումը:

9 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

10 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

11 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

12 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

13 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

 

Նախագահող`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական: