Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-69
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (10.05.1998-26.11.2001)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ 1996/12(1112) հոդ. 154, 30 հունիսի 1996
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
30.06.1996
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.06.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.08.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
30 հունիսի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետ` Կենտրոնական բանկ) իրավաբանական անձ է, որի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է: Կենտրոնական բանկը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

2. Կենտրոնական բանկը միասնական կենտրոնացված համակարգ է, որը ներառում է բանկի գլխավոր գրասենյակը և տարածքային ստորաբաժանումները: Կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակի գտնվելու վայրը Երևան քաղաքն է:

3. Կենտրոնական բանկի տարածքային ստորաբաժանումները նրա մասնաճյուղերն ու ներկայացուցչություններն են: Կենտրոնական բանկը և նրա տարածքային ստորաբաժանումներն ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանով և իրենց անվանումով կնիք:

4. Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրագործելու նպատակով կարող է իր անունից`

- կնքել պայմանագրեր, ձեռք բերել իրավունքներ, ստանձնել պարտավորություններ, այդ թվում` վերցնել վարկեր.

- հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող.

- սույն օրենքով նախատեսված դեպքերում ձեռք բերել, տիրապետել, օգտագործել և օտարել գույք, գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ:

5. Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից:

6. Կենտրոնական բանկը և կառավարությունը միմյանց պարտավորությունների համար պատասխանատվություն չեն կրում, եթե այդպիսիք չեն ստանձնել:

 

Հոդված 2.

Կենտրոնական բանկի իրավասությունը

 

1. Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրագործելու նպատակով իրականացնում է օրենքով իրեն վերապահված լիազորություններ:

2. Կենտրոնական բանկը վարում է իր ակտերի գրանցումների մատյանը:

3. Կենտրոնական բանկն իր իրավասության սահմաններում ընդունում է նորմատիվ և անհատական բնույթի իրավական ակտեր:

4. Կենտրոնական բանկի ընդունած կարգավորման ռեժիմը խստացնող, լրացուցիչ կամ ավելի խիստ պատասխանատվություն սահմանող նորմատիվ բնույթի ակտերը հետադարձ ուժ չունեն:

 

Հոդված 3.

Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերի գրանցումը և հրապարակումը

 

1. Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերը գրանցում է նորմատիվ ակտերը գրանցող պետական լիազորված մարմինը` դրանք ստանալու պահից 15 օրվա ընթացքում:

2. Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերը հրապարակվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

 

Հոդված 4.

Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը

 

1. Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում գների կայունության ապահովումն է: Իր հիմնական խնդիրն իրագործելու նպատակով Կենտրոնական բանկը մշակում, հաստատում և իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը:

2. Եթե Կենտրոնական բանկի մյուս խնդիրները հակասում են իր հիմնական խնդրին, Կենտրոնական բանկն առաջնություն է տալիս հիմնական խնդրին և ղեկավարվում է դրա իրագործման անհրաժեշտությամբ:

 

Հոդված 5.

Կենտրոնական բանկի խնդիրները

 

1. Կենտրոնական բանկի խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունության, իրացվելիության, վճարունակության և բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելը.

բ) գործուն վճարահաշվարկային համակարգ ստեղծելն ու զարգացնելը:

2. Իր խնդիրներն իրագործելու նպատակով Կենտրոնական բանկը սույն օրենքով սահմանված կարգով`

ա) թողարկում է Հայաստանի Հանրապետության արժույթը.

կազմակերպում և կարգավորում է դրամաշրջանառությունը.

բ) իրականացնում է կառավարության բանկային սպասարկումը.

գ) հանդիսանում է կառավարության ֆինանսական գործակալն ու խորհրդատուն.

դ) լիցենզավորում է բանկերը, օրենքով նախատեսված դեպքերում` նաև այլ անձանց, կարգավորում և վերահսկում է դրանց գործունեությունը.

ե) որպես վերջին ատյանի վարկատու վարկեր է տրամադրում բանկերին.

զ) կարգավորում և վերահսկում է վճարահաշվարկային համակարգի գործունեությունը.

է) տիրապետում, օգտագործում և տնօրինում է Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստները:

 

Հոդված 6.

Դրամավարկային քաղաքականության ծրագիրը

 

1. Յուրաքանչյուր տարի, պետական բյուջեն հաստատվելուց հետո 10 օրվա ընթացքում, Կենտրոնական բանկն Ազգային ժողով է ներկայացնում և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու ժամկետում հրապարակում է առաջիկա տարվա դրամավարկային քաղաքականության ծրագիրը:

2. Դրամավարկային քաղաքականության ծրագիրը ներառում է`

- տնտեսական իրավիճակի վերլուծությունը և կանխատեսումը` կապված Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման և պետական բյուջեի ցուցանիշների հետ.

- շրջանառության մեջ գտնվող դրամական զանգվածի և վարկային ներդրումների առավելագույն սահմանաքանակը.

- տոկոսադրույքների և փոխարժեքի մակարդակը.

- դրամավարկային կարգավորման մեթոդները.

- օրենքով սահմանված խնդիրների իրականացման համար Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված անհրաժեշտ այլ դրույթներ:

(6-րդ հոդվածը խմբ. 18.03.98 ՀՕ-209)

 

Հոդված 7.

Պետական մարմինների հետ համագործակցությունը

 

1. Իր խնդիրներն իրականացնելիս Կենտրոնական բանկը համագործակցում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ:

2. Կենտրոնական բանկի նախագահը կամ նրա տեղակալը պարբերաբար պարզաբանումներ կամ բացատրություններ են տալիս Ազգային Ժողովին և նրա հանձնաժողովներին` Կենտրոնական բանկի քաղաքականության մասին:

3. Կենտրոնական բանկը մասնակցում է կառավարության տնտեսական և ֆինանսական ծրագրերի մշակմանը, ինչպես նաև աջակցում է դրանց իրականացմանը, եթե դա չի հակասում Կենտրոնական բանկի խնդիրներին: Դրամավարկային քաղաքականության ծրագրի մշակման ընթացքում Կենտրոնական բանկը խորհրդակցում է կառավարության հետ:

4. Կենտրոնական բանկի նախագահը կարող է խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել կառավարության բաց նիստերին և գրավոր կարծիք ներկայացնել քննարկվող հարցերի վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչը կարող է խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել Կենտրոնական բանկի խորհրդի բաց նիստերին և գրավոր կարծիք ներկայացնել քննարկվող հարցերի վերաբերյալ:

 

Հոդված 8.

Միջազգային համագործակցությունը

 

Կենտրոնական բանկն իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության շահերը միջազգային ֆինանսական կազմակերպություններում, միջազգային և օտարերկրյա բանկերում, ինչպես նաև այլ երկրների կենտրոնական և այլ բանկերի հետ հարաբերություններում, օրենքով սահմանված կարգով կնքում է միջազգային պայմանագրեր:

 

Հոդված 9.

Ավանդային և վարկային գործառնությունները

 

1. Կենտրոնական բանկը կարող է դրամով կամ արտարժույթով ցպահանջ կամ ժամկետային ավանդներ ընդունել կամ նյութական այլ արժեքներ ի պահ ընդունել միայն Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից և բանկերից, օտարերկրյա պետությունների կենտրոնական և այլ բանկերից, միջազգային ֆինանսական և վարկային կազմակերպություններից, իսկ բացառիկ դեպքերում` Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ, նաև այլ անձանցից, այնպես էլ նրանց հանձնարարությամբ կամ համաձայնությամբ տիրապետել և օգտագործել ավանդներն ու նյութական արժեքները:

2. Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրագործելու նպատակով կարող է միջազգային ֆինանսական կազմակերպություններից, այլ պետությունների կառավարություններից, կենտրոնական և առաջնակարգ այլ բանկերից ստանալ վարկեր:

 

Հոդված 10.

Բաց շուկայական գործառնությունները

 

1. Կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականություն իրականացնելու նպատակով սույն օրենքով սահմանված կարգով կարող է ֆինանսական շուկայում վերավաճառելու պայմանով ձեռքբերել և օտարել ինչպես պետական, այնպես էլ հուսալի այլ արժեթղթեր:

2. Կենտրոնական բանկը չի կարող առաջնային տեղաբաշխման ընթացքում իր հաշվին ձեռքբերել Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթեր: Պետական արժեթղթերի առաջնային տեղաբաշխման ընթացքում Կենտրոնական բանկը կարող է ձեռքբերել դրանք այլ պետությունների Կենտրոնական կամ առաջնակարգ բանկերի հանձնարարությամբ և նրանց հաշվին:

3. Ելնելով իր հիմնական խնդրից` Կենտրոնական բանկը բաց շուկայական գործառնություններ իրականացնելու նպատակով կարող է թողարկել կարճաժամկետ` մինչև մեկ տարի մարման ժամկետով արժեթղթեր` կառավարության լիազորված մարմնի հետ համաձայնեցված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  2

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 11.

Կենտրոնական բանկի կապիտալը

 

1. Կենտրոնական բանկի կապիտալը ներառում է կանոնադրական կապիտալը, գլխավոր պահուստը, արտարժույթի, թանկարժեք մետաղների, արժեթղթերի, հիմնական միջոցների և այլ ակտիվների վերագնահատման պահուստները և չբաշխված շահույթը:

2. Կենտրոնական բանկի կանոնադրական կապիտալը կազմում է հարյուր միլիոն հայկական դրամ:

3. Կենտրոնական բանկի կանոնադրական կապիտալը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է և չի կարող գրավ դրվել, բռնագանձվել կամ այլ կերպ օտարվել Հայաստանի Հանրապետության պարտավորությունների դիմաց:

4. Կենտրոնական բանկի հաշվեկշռում, ֆինանսական տարվա արդյունքում առաջացած վնասը պահուստների հանրագումարը գերազանցելու դեպքում, հաշվեկշռի հրապարակման պահից 30 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը` գերազանցող գումարի չափով, օրենքով սահմանված կարգով, որպես ներդրում Կենտրոնական բանկի կապիտալում, Կենտրոնական բանկին է տրամադրում շուկայական տոկոսադրույքով անժամկետ պետական պարտատոմսեր: Այդ պարտատոմսերի մարումը կատարվում է պետական բյուջեի հաշվին կամ սույն օրենքի 12 հոդվածի համաձայն: Մինչև այդ պարտատոմսերի լրիվ մարումը յուրաքանչյուր ֆինանսական տարվա ընթացքում` մինչև դեկտեմբերի 15-ը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը իրականացնում է վերոհիշյալ պարտատոմսերի գծով հաշվարկված տոկոսների վճարումը Կենտրոնական բանկին` ելնելով ընթացիկ շուկայական տոկոսադրույքից:

 

Հոդված 12.

Կենտրոնական բանկի շահույթի հաշվարկումն ու բաշխումը

 

1. Կենտրոնական բանկի շահույթը հաշվարկվում է յուրաքանչյուր տարվա համար, հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշներին համապատասխան` որպես տվյալ ֆինանսական տարվա ընթացքում ստացված բոլոր եկամուտների և կատարված բոլոր ծախսերի (ներառյալ կորուստների) տարբերություն:

2. Կենտրոնական բանկի շահույթից կատարվում են հետևյալ մասհանումները`

ա) շահույթի 20 տոկոսն ուղղվում է գլխավոր պահուստի համալրմանը` մինչև դրա ընդհանուր չափը կազմի առկա դրամական զանգվածի 25 տոկոսը.

բ) ուղղվում է սույն օրենքի 11 հոդվածով նախատեսված պարտատոմսերի մարմանը, դրա համար անհրաժեշտ գումարի չափով:

3. Նշված մասհանումները կատարելուց հետո ֆինանսական տարվա արդյունքում ստացված շահույթի մնացորդը փոխանցվում է պետական բյուջե:

 

Հոդված 13.

Կենտրոնական բանկի եկամուտները, ծախսերը և կապիտալ ներդրումները

 

1. Կենտրոնական բանկի եկամուտներն են սույն օրենքով սահմանված գործունեության արդյունքում ստացված եկամուտները, այդ թվում`

ա) տրամադրված վարկերի, տեղաբաշխված դեպոզիտների, արժեթղթերի, թղթակցային հաշիվների մնացորդների դիմաց հաշվարկված տոկոսները.

բ) բանկային գործառնությունների իրականացման ընթացքում ստացված բոլոր տեսակի կոմիսիոն վճարները.

գ) օրենքով սահմանված կարգով Կենտրոնական բանկի գրանցած բանկերից և այլ հաճախորդներից գանձված տույժերը և տուգանքները.

դ) արտարժույթի և թանկարժեք մետաղների հաշվեկշռային արժեքից բարձր գնով վաճառքից ստացված եկամուտները.

ե) հիմնական միջոցների և այլ գույքի` հաշվեկշռային մնացորդային արժեքից բարձր գնով իրացումից ստացված եկամուտները.

զ) բանկային ծառայությունների իրականացման դիմաց ստացված վճարները.

է) նախկինում դուրս գրված վարկերի, դրանց տոկոսների և անհուսալի դեբիտորական պարտքերի մարման դիմաց ստացված գումարները.

ը) ստացված նվիրատվությունները.

թ) սույն օրենքով նախատեսված գործունեության ընթացքում ստացված այլ մուտքերը:

2. Կենտրոնական բանկն իր եկամուտները պլանավորում է ինքնուրույն: Կենտրոնական բանկի եկամուտները ենթակա չեն հաստատման Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից:

3. Կենտրոնական բանկի ծախսերն են`

ա) գործառնական ծախսերը, այն է`

- ներգրավված դեպոզիտների, ստացված վարկերի, թողարկված արժեթղթերի, հաճախորդների հաշիվների մնացորդների դիմաց հաշվարկված տոկոսները.

- թղթադրամի և մետաղադրամի թողարկման, փոխադրման, պահպանման հետ կապված ծախսերը.

- բանկային գործառնությունների իրականացման ընթացքում վճարված բոլոր տեսակի կոմիսիոն վճարները.

- արտարժույթի և թանկարժեք մետաղների` հաշվեկշռային արժեքից ցածր գնով վաճառքից առաջացած կորուստները.

- հիմնական միջոցների և այլ գույքի` հաշվեկշռային մնացորդային արժեքից ցածր գնով իրացումից առաջացած կորուստները.

- չմարված վարկերը և անհուսալի դեբիտորական պարտքերը` հաշվեկշռից դուրս գրելու դեպքում.

- հիմնական միջոցների մաշվածքը.

- բանկի գործունեության հետ կապված բոլոր տեսակի ծառայությունների դիմաց վճարները.

- վճարային համակարգերի սպասարկման հետ կապված ծախսերը.

- միջազգային պահուստների կառավարման հետ կապված ծախսերը.

- պետական ներքին և արտաքին պարտքի սպասարկման գծով ծախսերը.

- Կենտրոնական բանկի այլ ակտիվների` շենքերի, շինությունների, հիմնական միջոցների և այլ գույքի պահպանման և սպասարկման հետ կապված ծախսերը.

- Կենտրոնական բանկի առջև դրված խնդիրների իրականացման հետ կապված այլ ծախսերը.

- աուդիտի և խորհրդատվական ծառայությունների դիմաց վճարները.

բ) վարչական ծախսերը, այն է`

- ապարատի պահպանման ծախսերը (աշխատակիցների աշխատավարձ, պարգևատրում և նյութական խրախուսում, սոցիալական ապահովագրության մուծումներ, անձնակազմի ուսուցում և վերապատրաստում, գործուղման և ներկայացուցչական ծախսեր, ծառայողական փոխադրամիջոցների շահագործում և սպասարկում).

- լրատվական տեղեկատվության և մասնագիտական գրականության ձեռքբերման ծախսերը.

- փոքրարժեք և արագամաշ առարկաների դուրս գրման հետ կապված ծախսերը.

- ծառայողական նպատակներով օգտագործվող կապի միջոցների հետ կապված ծախսերը.

- չնախատեսված ծախսեր (ծախսերի պահուստ):

4. Կենտրոնական բանկի կապիտալ ներդրումները ներառում են`

ա) բանկի հիմնական գործունեության ապահովման նպատակով իրականացվող կապիտալ ներդրումները, այն է`

- աշխատանքային շենքեր, շինությունների կառուցում, ձեռքբերում և կապիտալ վերանորոգում.

- համակարգչային տեխնիկայի, գրասենյակային գույքի, կապի միջոցների և բանկի հիմնական գործունեությանն առնչվող այլ հիմնական միջոցների ձեռքբերում.

- Կենտրոնական բանկի խնդիրների հետ ուղղակիորեն առնչվող իրավաբանական անձանց կապիտալում ներդրումներ,

բ) վարչական նպատակներով իրականացվող կապիտալ ներդրումները`

- Կենտրոնական բանկի աշխատակիցների հանգստի, բուժսպասարկման և կենցաղային պայմանների բարելավման և ապահովման հետ կապված կապիտալ ներդրումներ (նշված նպատակներով շենքերի, շինությունների, սարքերի և սարքավորումների ձեռքբերում և կապիտալ վերանորոգում).

- ծառայողական փոխադրամիջոցների ձեռքբերման և կապիտալ վերանորոգման գծով կապիտալ ներդրումներ.

- ոչ գործառնական նպատակների համար ծառայող հեռահաղորդակցային սարքավորումների և կապի միջոցների ձեռքբերում և կապիտալ վերանորոգում:

 

Հոդված 14.

Կենտրոնական բանկի տարեկան ծախսերի և կապիտալ ներդրումների հաստատումը

 

1. Կենտրոնական բանկի խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը հաստատում է Կենտրոնական բանկի հաջորդ տարվա կապիտալ ներդրումների ծրագիրը և ծախսերի նախահաշիվը, որը ներառում է Կենտրոնական բանկի վարչական ծախսերը և գործառնական ծախսերի կանխատեսումը: Կենտրոնական բանկի ծախսերի նախահաշիվը և կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը հաստատում է Ազգային Ժողովը պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ:

2. Կենտրոնական բանկի ծախսերի նախահաշիվը և կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը պետք է ապահովեն Կենտրոնական բանկի խնդիրներն իրականացնելու հնարավորությունը, այդ թվում`

ա) դրամավարկային քաղաքականության միջոցով գների կայունությունը ապահովելու և սղաճը կանխելու (զսպելու).

բ) Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստները պատշաճ կառավարելու և հայկական դրամի փոխարժեքը կարգավորելու.

գ) միջազգային չափանիշներին համապատասխանող, ամբողջական և գործուն բանկային վերահսկողությունը և կարգավորումը ապահովելու.

դ) հայկական դրամը պատրաստելու, պահպանելու, թղթադրամի և մետաղադրամի օգտագործման անվտանգությունն ապահովելու.

ե) միջազգային չափանիշներին համապատասխանող, գործուն վերահաշվարկային համակարգ ստեղծելու, զարգացնելու և պահպանելու.

զ) միջազգային կազմակերպություններում պատշաճ ներկայացուցչություն ապահովելու, ինչպես նաև վերոհիշյալ խնդիրներն իրականացնելու համար անհրաժեշտ որակավորում ունեցող աշխատակիցներին Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում վարձատրության միջին չափին համապատասխան աշխատավարձ վճարելու:

 

Հոդված 15.

Հաշվապահական հաշվառումն ու ֆինանսական հաշվետվությունը

 

1. Կենտրոնական բանկում հաշվապահական հաշվառումը վարվում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված կարգով` հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշներին համապատասխան:

2. Կենտրոնական բանկը յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար կազմում է ֆինանսական հաշվետվություն հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշներին համապատասխան: Ֆինանսական հաշվետվությունները ներառում են` տարեկան հաշվեկշիռը, եկամուտների և ծախսերի, շահույթի բաշխման վերաբերյալ հաշվետվությունները, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված այլ դրույթներ:

 

Հոդված 16.

Արտաքին աուդիտը

 

Կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունը յուրաքանչյուր տարի վերստուգվում է միջազգային ճանաչում ունեցող անկախ աուդիտորական կազմակերպությունների կողմից: Արտաքին աուդիտորական կազմակերպությունը կամ կազմակերպությունները յուրաքանչյուր տարի ընտրվում են Կենտրոնական բանկի խորհրդի կողմից:

 

Հոդված 17.

Տարեկան և եռամսյակային հաշվետվությունները

 

1. Կենտրոնական բանկը, մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու ժամկետում հրապարակում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված` նախորդ ֆինանսական տարվա տարեկան հաշվետվությունը, որը ներառում է`

ա) աուդիտորական կազմակերպության կողմից հաստատված ֆինանսական հաշվետվությունը.

բ) հաշվետու ժամանակաշրջանի մակրոտնտեսական իրավիճակի վերլուծությունը.

գ) Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված այլ դրույթներ:

2. Կենտրոնական բանկը պարբերաբար, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ հրապարակում է Կենտրոնական բանկի նախորդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվեկշիռը և Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված իր խնդիրների իրագործմանը վերաբերող այլ տեղեկատվություն:

(17-րդ հոդվածը խմբ. 18.03.98 ՀՕ-209)

 

Գ Լ ՈՒ Խ  3

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 18.

Կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալը

 

1. Կենտրոնական բանկի նախագահը Կենտրոնական բանկի բարձրագույն պաշտոնատար անձն է: Կենտրոնական բանկի նախագահը պատասխանատու է սույն օրենքով սահմանված Կենտրոնական բանկի խնդիրների իրագործման համար: Կենտրոնական բանկի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը, իսկ տեղակալի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում` Կենտրոնական բանկի խորհրդի տարիքով ավագ անդամը:

2. Կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալը նշանակվում են Ազգային Ժողովի կողմից` Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ` յոթ տարի ժամկետով:

3. Կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալը չեն կարող լինել որևէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ, զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

4. Կենտրոնական բանկի նախագահը`

ա) կոորդինացնում և ապահովում է Կենտրոնական բանկի, նրա խորհրդի և խորհրդի անդամների բնականոն աշխատանքը.

բ) նախագահում է Կենտրոնական բանկի խորհրդի նիստերը, ստորագրում է Կենտրոնական բանկի խորհրդի ակտերը և խորհրդի նիստերի արձանագրությունները.

գ) կազմակերպում է Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ ակտերի կատարումը.

դ) ներկայացնում է Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.

ե) տալիս է լիազորագրեր.

զ) հաստատում է Կենտրոնական բանկի աշխատակիցների հաստիքացուցակը.

է) բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի նշանակում և ազատում է աշխատանքից Կենտրոնական բանկի ստորաբաժանումների ղեկավարներին և մյուս աշխատակիցներին.

ը) իրականացնում է օրենքով Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությանը չվերապահված այլ լիազորություններ:

 

Հոդված 19.

Կենտրոնական բանկի խորհուրդը

 

1. Կենտրոնական բանկի խորհուրդը Կենտրոնական բանկի կառավարման բարձրագույն մարմինն է: Կենտրոնական բանկի խորհուրդը կազմված է. Կենտրոնական բանկի նախագահից, նրա տեղակալից և հինգ անդամներից:

2. Կենտրոնական բանկի խորհրդի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` հինգ տարի ժամկետով: Խորհրդի անդամների պաշտոնավարման ժամկետները հետևյալն են`

մեկ անդամը` մեկ տարի,

մեկ անդամը` երկու տարի,

մեկ անդամը` երեք տարի,

մեկ անդամը` չորս տարի,

մեկ և հետագայում նշանակված բոլոր անդամները` հինգ տարի:

Կենտրոնական բանկի խորհրդում թափուր տեղ առաջանալու դեպքում խորհրդի նոր անդամը նշանակվում է ազատված պաշտոնավարման չլրացած ժամկետով:

3. Կենտրոնական բանկի խորհրդի անդամը պատասխանատվություն է կրում Կենտրոնական բանկի խորհրդի կողմից գործունեության կոնկրետ ոլորտներում իրեն վերապահված պարտականությունների կատարման համար:

4. Կենտրոնական բանկի խորհրդի անդամ կարող են լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք իրենց մասնագիտական կարողություններով ի վիճակի են ապահովել սույն օրենքի 20 հոդվածով սահմանված իրավասությունների կատարումը: Կենտրոնական բանկի խորհրդի անդամ չեն կարող լինել այն անձինք, ովքեր`

ա) դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ են ճանաչվել կամ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել են դիտավորությամբ կատարված հանցագործության համար.

բ) օրենքով սահմանված կարգով որակազրկվել են կամ զրկվել են որոշակի պաշտոն վարելու իրավունքից:

5. Կենտրոնական բանկի խորհրդի անդամները չեն կարող լինել որևէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ, զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

Կենտրոնական բանկի խորհրդի անդամները չեն կարող Կենտրոնական բանկում այլ պաշտոններ զբաղեցնել:

 

Հոդված 20.

Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությունը

 

Կենտրոնական բանկի խորհուրդը`

ա) հաստատում է Կենտրոնական բանկի կանոնադրությունը.

բ) հաստատում է Հայաստանի Հանրապետության դրամավարկային քաղաքականության ծրագիրը.

գ) հաստատում է Կենտրոնական բանկի կողմից իրականացվող բաց շուկայի գործառնությունների սահմանները, Կենտրոնական բանկի ներգրաված ավանդների և տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սահմանաքանակները.

դ) հաստատում է բանկերի կողմից Կենտրոնական բանկում պահվող պարտադիր պահուստների տեսակները, չափերը և դրանց դիմաց վճարվող տոկոսադրույքները.

ե) ընդունում է Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերը.

զ) Կենտրոնական բանկի նախագահի առաջարկությամբ որոշում և հաստատում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամների միջև պարտականությունների բաշխումը.

է) սահմանում է Հայաստանի Հանրապետության արժույթի (թղթադրամի ու մետաղադրամի) անվանական արժեքն ու ձևը, թողարկման և շրջանառությունից հանելու կարգն ու պայմանները, որոշում է կայացնում թղթադրամ ու մետաղադրամ թողարկելու և շրջանառությունից հետ կանչելու և հանելու մասին սահմանելով շրջանառությունից հետ կանչելու և հանելու ժամկետները.

ը) որոշում է միջազգային կազմակերպություններում Կենտրոնական բանկի անդամակցության հարցը.

թ) հաստատում է Կենտրոնական բանկի կողմից ներկայացվող հաշվետվություններն ու եզրակացությունները.

ժ) հաստատում է Կենտրոնական բանկի կողմից կառավարության վարկավորման կարգը.

ժա) հաստատում է Կենտրոնական բանկի կողմից բանկերի վարկավորման կարգը.

ժբ) հիմնադրում և լուծարում է Կենտրոնական բանկի տարածքային ստորաբաժանումները.

ժգ) հաստատում է Կենտրոնական բանկի տարեկան ծախսերի նախահաշիվը, տարեկան և այլ հաշվետվությունները.

ժդ) սահմանում է այն արժեթղթերի ցանկը, որոնք Կենտրոնական բանկը կարող է ձեռքբերել, պահել և օտարել, ինչպես նաև դրանք ձեռքբերելու, պահելու և օտարելու կարգը.

ժե) սահմանում է Կենտրոնական բանկի կողմից թողարկվող կարճաժամկետ պետական արժեթղթերի տեսակները, դրանց թողարկման և մարման կարգը.

ժզ) օրենքով սահմանված կարգով տալիս է բանկային գործունեության և այլ լիցենզիաներ, ուժը կորցրած է ճանաչում դրանք կամ անվավեր ճանաչելու հայցով դատարան դիմելու մասին որոշում է կայացնում, սահմանում է բանկերի և այլ անձանց լիցենզավորման կարգը.

ժէ) «Բանկերի սնանկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հարուցում է անվճարունակ բանկի սնանկացման ընթացակարգը, հաստատում է նախնական խնամակալի ներկայացրած եզրակացությունը.

ժը) հաստատում է Կենտրոնական բանկի խորհրդի աշխատանքի կանոնակարգը.

ժթ) հաստատում է բանկերի գործունեությունը կարգավորող նորմատիվները և դրանց հաշվարկման կարգը:

ի) համաձայնություն է տալիս բանկերի կանոնադրական հիմնադրամում նշանակալից և 50 տոկոսից ավելի մասնակցություն ձեռքբերելու համար.

իա) սահմանում է բանկերում ստուգումներ անցկացնելու կարգն ու հաճախականությունը, որոշում է կայացնում բանկերում արտահերթ ստուգումներ իրականացնելու մասին.

իբ) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

 

Հոդված 21.

Կենտրոնական բանկի խորհրդի նիստերը

 

1. Կենտրոնական բանկի խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության նախագահի, նրա տեղակալի կամ խորհրդի առնվազն երեք անդամի պահանջով, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Կենտրոնական բանկի խորհրդի նիստերն արձանագրվում են:

2. Կենտրոնական բանկի խորհրդի փակ նիստեր կարող են գումարվել, եթե քննարկվում են առանձին բանկերի հետ կապված հարցեր, որոնք բանկային գաղտնիք են պարունակում կամ քննարկվում են խորհրդի անդամներին վերաբերող հարցեր: Կենտրոնական բանկի փակ նիստերին կարող են մասնակցել միայն Կենտրոնական բանկի խորհրդի անդամները և խորհրդի հրավերն ունեցող անձինք:

3. Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումներ ընդունել, եթե նիստին ներկա են խորհրդի անդամներից առնվազն հինգը, այդ թվում` Կենտրոնական բանկի նախագահը կամ նրա տեղակալը: Որոշումը համարվում է ընդունված, եթե կողմ են քվեարկել նիստին ներկա գտնվող անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Ձայների հավասարության դեպքում Կենտրոնական բանկի նախագահի, իսկ վերջինիս բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության նրա տեղակալի ձայնը որոշիչ է:

4. Կառավարության լիազոր ներկայացուցիչը, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի ընդունած որոշմանը դեմ քվեարկած անդամը կարող են պահանջել նիստի արձանագրության մեջ իրենց կարծիքի մանրամասն արտացոլումը:

 

Հոդված 22.

Կենտրոնական բանկի խորհրդի անդամներին պաշտոնից ազատելու հիմքերը

 

1. Կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալը կարող են պաշտոնից ազատվել կամովին` ազատվելու օրվանից մեկ ամիս առաջ գրավոր տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության Նախագահին և Ազգային Ժողովին:

Կենտրոնական բանկի խորհրդի մյուս անդամները կարող են պաշտոնից ազատվել կամովին` ազատվելու օրվանից մեկ ամիս առաջ գրավոր տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության Նախագահին:

2. Ազգային Ժողովը` Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ պաշտոնից ազատում է Կենտրոնական բանկի նախագահին, նրա տեղակալին, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահը` խորհրդի մյուս անդամներին, եթե նրանք`

ա) դադարել են Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինել.

բ) դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ են ճանաչվել կամ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել են դիտավորությամբ կատարված հանցագործության համար.

գ) թերացել են պաշտոնեական պարտականությունները կատարելիս.

դ) օրենքով սահմանված կարգով որակազրկվել են կամ զրկվել են որոշակի պաշտոն վարելու իրավունքից.

ե) հիվանդության կամ այլ պատճառով վեց ամսից ավելի չեն կատարել իրենց պաշտոնեական պարտականությունները.

զ) մեկ տարվա ընթացքում ավելի քան հինգ անգամ անհարգելի բացակայել են խորհրդի նիստերից:

 

Հոդված 23.

Կենտրոնական բանկի խորհրդի անդամների եկամուտների և շահերի մասին հայտարարությունը

 

1. Կենտրոնական բանկի նախագահը, նախագահի տեղակալը և խորհրդի մյուս անդամները առաջադրվելիս և նշանակվելիս, իսկ նշանակումից հետո յուրաքանչյուր տարին մեկ պարտավոր են հրապարակել տեղեկատվություն իրենց եկամտի աղբյուրների, ինչպես նաև իրենց և իրենց հետ ընդհանուր տնտեսություն վարող անձանց բոլոր էական ֆինանսական շահերի մասին:

2. Կենտրոնական բանկի խորհրդում սույն հոդվածով նախատեսված շահերի հետ առնչվող որևէ հարցի քննարկման դեպքում խորհրդի շահագրգռված անդամը քննարկումն սկսելուց առաջ պարտավոր է հայտարարել իր շահագրգռվածության մասին և չմասնակցել քննարկմանն ու տվյալ հարցի վերաբերյալ քվեարկությանը:

 

Հոդված 24.

Կենտրոնական բանկի աշխատակիցները

 

1. Կենտրոնական բանկի աշխատակիցները Կենտրոնական բանկի ծառայողներն են և սպասարկող անձնակազմը:

Կենտրոնական բանկի ծառայողներ են համարվում Կենտրոնական բանկի խնդիրների իրագործման բնագավառում ուղղակիորեն ընդգրկված և Կենտրոնական բանկի կանոնադրությամբ և հաստիքացուցակով հաստատված պաշտոն զբաղեցնող անձինք:

2. Կենտրոնական բանկում ծառայության ընթացքում Կենտրոնական բանկի ծառայողներն առանց Կենտրոնական բանկի նախագահի համաձայնության չեն կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Կենտրոնական բանկի ծառայողները չեն կարող աշխատել բանկերում կամ լինել դրանց կառավարման մարմինների անդամներ:

3. Կենտրոնական բանկի նախագահին, նրա տեղակալին, խորհրդի անդամներին, Կենտրոնական բանկի ծառայողներին արգելվում է անձամբ կամ իրենց հետ փոխկապակցված անձանց միջոցով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով բանկերից ստանալ առևտրային վարկեր: Նշված անձինք պարտավոր են Կենտրոնական բանկին հայտնել իրենց կողմից ստացված սույն մասով չնախատեսված բոլոր այն վարկերի մասին, որոնք Կենտրոնական բանկի կողմից չեն տրամադրված: Այդպիսի վարկերը հաշվառվում են Կենտրոնական բանկում:

4. Կենտրոնական բանկի սպասարկող անձնակազմը ներառում է Կենտրոնական բանկի այն աշխատակիցներին, որոնց պարտականություններն ուղղակիորեն չեն առնչվում Կենտրոնական բանկի խնդիրների կատարման հետ, այդ թվում` օժանդակ տնտեսության սպասարկման բնագավառում ընդգրկված աշխատակիցները: Կենտրոնական բանկի սպասարկող անձնակազմի հաստիքացուցակը, պարտականությունները, վարձատրության չափը և աշխատանքային պայմանները սահմանում է Կենտրոնական բանկի նախագահը:

 

Հոդված 25.

Վերստուգիչ խումբը և գլխավոր վերստուգիչը

 

1. Կենտրոնական բանկի վերստուգիչ խումբը Կենտրոնական բանկի հատուկ կառուցվածքային ստորաբաժանում է, որը բաղկացած է հինգ անդամից` ներառյալ գլխավոր վերստուգիչը: Գլխավոր վերստուգիչը ղեկավարում է վերստուգիչ խմբի աշխատանքը: Գլխավոր վերստուգիչին և վերստուգիչ խմբի անդամներին Կենտրոնական բանկի նախագահի առաջարկով նշանակում և ազատում է աշխատանքից Կենտրոնական բանկի խորհուրդը:

2. Կենտրոնական բանկի վերստուգիչ խումբը`

ա) վերահսկողություն է իրականացնում Կենտրոնական բանկի ստորաբաժանումների գործունեության նկատմամբ.

բ) վերստուգում է Կենտրոնական բանկի ծախսերի նախահաշվի կատարումը, հաշվապահական հաշվառումը ու հաշիվները.

գ) վերստուգում է Կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունը, այլ նման փաստաթղթերը և վավերացնում է դրանք:

3. Կենտրոնական բանկի վերստուգիչ խումբը հաշվետու է Կենտրոնական բանկի խորհրդին: Կենտրոնական բանկի վերստուգիչ խումբը պարտավոր է բացահայտված խախտման կամ թերացման յուրաքանչյուր փաստի մասին տեղեկացնել Կենտրոնական բանկի նախագահին և խորհրդին:

 

Հոդված 26.

Կենտրոնական բանկի խորհրդի անդամների և ծառայողների վարձատրության չափը

 

1. Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալի և խորհրդի մյուս անդամների վարձատրության չափը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

2. Կենտրոնական բանկի ծառայողների վարձատրության չափը սահմանում է Կենտրոնական բանկի նախագահը` ելնելով սույն օրենքի 14 հոդվածի երկրորդ մասի դրույթներից: Վարձատրության չափի հաշվարկում ընդգրկվում է ինչպես աշխատավարձը, այնպես էլ Կենտրոնական բանկի կողմից տրվող լրացուցիչ վարձատրությունը:

 

Հոդված 27.

Շահերի բախումը

 

1. Կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալը, խորհրդի մյուս անդամները և ծառայողներն իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս առաջնորդվում են օրենքով և Կենտրոնական բանկի խնդիրների իրագործման անհրաժեշտությունից բխող շահերով:

2. Կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալը, խորհրդի մյուս անդամները և Կենտրոնական բանկի ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված անձինք չեն կարող պաշտոնավարման կամ ծառայության ընթացքում բանկերում բաժնեմաս ձեռքբերել կամ խորհուրդ տալ բանկերում բաժնեմաս ձեռքբերել:

 

Հոդված 28.

Ծառայողական գաղտնիքը

 

1. Կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալը, խորհրդի մյուս անդամները և աշխատակիցները չեն կարող հրապարակել կամ այլ կերպ տարածել ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաև օգտագործել նման տեղեկությունները շահադիտական նպատակներով:

2. Կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալը, խորհրդի մյուս անդամները և աշխատակիցները կարող են, իսկ օրենքով նախատեսված դեպքերում պարտավոր են հայտնել ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ`

ա) Կենտրոնական բանկի նախագահը կամ խորհրդի գրավոր թույլտվությամբ, կամ այն անձի, կամ կազմակերպության համաձայնությամբ, որին այդ տեղեկությունը վերաբերում է, եթե տվյալ գաղտնիքը հանդիսանում է բացառապես տվյալ անձի կամ կազմակերպության իրավունքը կամ արտոնությունը.

բ) օրենքով սահմանված իր պարտավորությունը կամ պարտքը, ներառյալ` դատարանի որոշումը կատարելիս, ինչպես նաև լիազորված այլ մարմինների` իրենց իրավասության սահմաններում ընդունած որոշման հիման վրա:

գ) Կենտրոնական բանկի վերստուգիչ խմբին և արտաքին աուդիտ իրականացնող կազմակերպությանը` բացառությամբ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված տեղեկությունների.

դ) Կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի մյուս անդամի կամ աշխատակցի շահերը դատավարության կամ այլ վարույթի ընթացքում պաշտպանելու նպատակով:

3. Սույն օրենքի իմաստով ծառայողական գաղտնիք են կազմում Կենտրոնական բանկի աշխատակիցներին իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելու կապակցությամբ հայտնի դարձած տեղեկությունները, այդ թվում` Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության իրականացման համար նախատեսված կոնկրետ գործիքների կիրառման հնարավորության, ժամկետների և ծրագրերի, ինչպես նաև բանկային վերահսկողության տվյալների վերաբերյալ, բացառությամբ`

ա) հրապարակված կամ այլ կերպ տարածված տեղեկությունների.

բ) բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների, որոնց բովանդակությունը, բացահայտման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

4. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների ցանկը և գաղտնիության տարբեր աստիճանները, ինչպես նաև դրանց օգտագործման և հրապարակման կարգը:

 

Հոդված 29.

Կենտրոնական բանկի կանոնադրությունը

 

Կենտրոնական բանկի կանոնադրությունը սահմանում է Կենտրոնական բանկի կառուցվածքը, կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը, դրանց ղեկավարների և ծառայողների իրավասության շրջանակը, տարածքային ստորաբաժանումներ հիմնելու, լուծարելու և դրանց գործունեության կարգը, ինչպես նաև Կենտրոնական բանկի ներքին կառավարմանը վերաբերող այլ հարցեր:

 

Գ Լ ՈՒ Խ  4

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ

 

Հոդված 30.

Կառավարության բանկային սպասարկումը

 

Կենտրոնական բանկի օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով անվճար իրականացնում է կառավարության բանկային սպասարկումը:

 

Հոդված 31.

Խորհրդատվությունը

 

Պետական բյուջեի նախագիծը կազմելիս կառավարությունը կամ նրա լիազորված պետական կառավարման մարմինը խորհրդակցում է Կենտրոնական բանկի հետ` պետական բյուջեի նախագծին առնչվող հարցերի շուրջ, այդ թվում` նախատեսվող ներքին և արտաքին պետական փոխառությունների, դրանց աղբյուրների, ծավալների, ժամկետների և պայմանների, ինչպես նաև փոխառու միջոցների օգտագործման ուղղությունների և նպատակների վերաբերյալ: Կենտրոնական բանկը պետական բյուջեի նախագծի վերաբերյալ կառավարությանը պաշտոնական եզրակացություն է ներկայացնում: Կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությունը պետական բյուջեի նախագծին կից ներկայացվում է Ազգային Ժողովի քննարկմանը` օրենքներով սահմանված կարգով:

 

Հոդված 32.

Ֆինանսական գործակալը

 

Կենտրոնական բանկը, կառավարության լիազորված մարմնի հետ համատեղ սահմանած կարգով և պայմաններով, կառավարության ֆինանսական գործակալն է`

ա) կառավարության լիազորած մարմնի կողմից թողարկված պարտատոմսերի և այլ արժեթղթերի բաշխման, գրանցման և փոխանցման, ինչպես նաև արժեթղթերի հիմնական գումարի, տոկոսների կամ սահմանված այլ վճարումների իրականացման գծով.

բ) պետական բյուջեի և ներքին ու արտաքին պետական պարտքի սպասարկման հետ կապված գործառնությունների, ինչպես նաև վճարային այլ գործառնությունների իրականացման գծով.

գ) Կենտրոնական բանկի խնդիրներին չհակասող այլ գործառնությունների գծով:

 

Հոդված 33.

Տեղեկատվությունը

 

1. Կենտրոնական բանկը կառավարության լիազորած մարմնի հետ համաձայնեցված կարգով տրամադրում է կառավարությանը դրամավարկային և սույն օրենքով իր իրավասությանը վերապահված այլ հարցերին առնչվող տեղեկություններ:

2. Բանկային գաղտնիքը կազմող տեղեկությունները տրամադրվում են օրենքով սահմանված կարգով:

3. Կառավարությունը Կենտրոնական բանկի հետ համաձայնեցված կարգով Կենտրոնական բանկին է տրամադրում տեղեկություններ`

ա) պետական բյուջեի կատարման, դրա ընթացիկ ծավալների և եկամուտների վերաբերյալ.

բ) պետական փոխառությունների մասին, այդ թվում` դրանց աղբյուրների, ծավալի, տոկոսադրույքի, մարման ժամկետների, այլ պայմանների, փոխառու միջոցների օգտագործման ուղղությունների և նպատակների վերաբերյալ.

գ) վճարային հաշվեկշռի, ֆինանսական և տնտեսական այլ հարցերի վերաբերյալ:

4. Պետական գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրվում են օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 34.

Կառավարության վարկավորումը

 

1. Կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ այլ պետական մարմիններին ուղղակիորեն կամ անուղղակիորեն վարկավորելը կամ այլ կերպ ֆինանսավորելն արգելվում է` բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

2. Կենտրոնական բանկը կարող է սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված սահմաններում հայկական դրամով վարկեր տրամադրել կամ վարկային գիծ բացել կառավարության համար` պետական բյուջեի դեֆիցիտը ծածկելու նպատակով: Այդ վարկերը որպես կանոն տրվում են երեք ամսով, բայց ոչ ավելի, քան մեկ տարով:

3. Կենտրոնական բանկի կողմից կառավարությանը տրամադրված բոլոր վարկերի և երաշխիքների հանրագումարը չի կարող գերազանցել նախորդ ֆինանսական տարվա պետական բյուջեի տարեկան եկամտի 15 տոկոսը:

4. Կառավարությանը վարկեր տրամադրվում են Կենտրոնական բանկի և կառավարության կամ նրա կողմից լիազորված պետական կառավարման մարմնի միջև կնքված վարկային պայմանագրերի հիման վրա, որոնք պետք է սահմանեն վարկի հիմնական գումարը, տոկոսադրույքը, մարման ժամկետները, ինչպես նաև էական այլ պայմաններ, ընդ որում` վարկի տոկոսադրույքը չի կարող ցածր լինել վարկը տրամադրելու պահին գոյություն ունեցող միջին շուկայական տոկոսադրույքից:

5. Կենտրոնական բանկից ստացված յուրաքանչյուր վարկի դիմաց կառավարությունը կամ պետական կառավարման լիազորված մարմինը հայկական դրամով արտահայտված պետական պարտատոմսեր է թողարկում և տրամադրում Կենտրոնական բանկին` վարկի տրամադրման պայմաններով: Կենտրոնական բանկը կարող է իրացնել այդ պետական պարտատոմսերը երկրորդային շուկայում` կառավարության կողմից լիազորված մարմնի հետ փոխհամաձայնեցված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  5

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ

 

Հոդված 35.

Բանկերի և Կենտրոնական բանկից լիցենզիա ստացած այլ անձանց հետ փոխհարաբերությունները

 

1. Կենտրոնական բանկը նպաստում է բանկերի և Կենտրոնական բանկից լիցենզիա ստացած այլ անձանց գործունեությանը, կայուն զարգացմանը և դրանց համար ազատ մրցակցության հավասար պայմանների ստեղծմանը ձեռնարկելով օրենքով նախատեսված միջոցները:

2. Կենտրոնական բանկը չի կարող միջամտել բանկերի և իրենից լիցենզիա ստացած այլ անձանց ընթացիկ գործունեությանը` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

 

Հոդված 36.

Բանկային գործունեության կարգավորումը և լիցենզավորումը: Այլ անձանց լիցենզավորումը

 

1. Կենտրոնական բանկը, օրենքին համապատասխան, սահմանում է բանկերի գործունեության նորմատիվները, դրանց հաշվարկման կարգը և կապիտալի հաշվարկման կանոնները:

2. Կենտրոնական բանկն օրենքով սահմանված կարգով լիցենզավորում է բանկային գործունեությունը, վերահսկում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի գործունեությունը, սահմանում է դրանց կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների և տեղեկանքների ձևերը և դրանք ներկայացնելու կարգը: Բանկերի գործունեության վերահսկողությունը Կենտրոնական բանկի բացառիկ իրավասությունն է: Կենտրոնական բանկն օրենքով նախատեսված դեպքերում կարող է բանկերի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել:

3. Կենտրոնական բանկն այլ անձանց լիցենզիա է տրամադրում օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 37.

Բանկերի պարտադիր պահուստները

 

1. Կենտրոնական բանկը սահմանում է բանկերի կողմից ներգրավված ցպահանջ, ժամկետային և խնայողական ավանդների և այլ պարտավորությունների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների չափը, պահուստավորման և պահուստավորված միջոցների օգտագործման կարգը:

2. Նույնանման գործունեություն իրականացնող բոլոր բանկերի, ինչպես նաև բանկերի կողմից ստանձնած նույնանման բոլոր պարտավորությունների համար սահմանվում է պարտադիր պահուստավորման նույն կարգը:

3. Կենտրոնական բանկը կարող է օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի համար սահմանել պարտադիր պահուստավորման հատուկ կարգ, որը պետք է տարածվի օտարերկրյա բանկերի բոլոր մասնաճյուղերի վրա:

4. Պարտադիր պահուստավորման ենթակա միջոցների, ինչպես նաև պարտադիր պահուստավորման ենթակա միջոցների չափը գերազանցող մասի դիմաց վճարվող տոկոսադրույքների չափը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

Սույն մասով սահմանված տոկոսադրույքների չափը պետք է նույնը լինի նույնանման գործունեություն իրականացնող բոլոր բանկերի, ինչպես նաև բանկերի կողմից ստանձնած նույնանման բոլոր պարտավորությունների համար:

5. Պարտադիր պահուստավորումը սահմանված կարգով չկատարելու դեպքում Կենտրոնական բանկը խախտման յուրաքանչյուր օրվա համար բանկից տույժ է գանձում` Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված չափով, բայց յուրաքանչյուր ուշացած օրվա համար ոչ ավելի, քան չպահուստավորված գումարի մեկ տոկոսը:

 

Հոդված 38.

Բանկերի վարկավորումը

 

1. Կենտրոնական բանկը, որպես վերջին ատյանի վարկատու, կարող է իր կողմից սահմանված կարգով վեց ամիս մարման ժամկետը չգերազանցող վարկեր տրամադրել բանկերին:

Բացառիկ դեպքերում, Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի` ամբողջությամբ վերցրած միասնականությունը և սահունությունը պահպանելու նպատակով Կենտրոնական բանկը կարող է տրամադրել մինչև մեկ տարի մարման ժամկետ ունեցող վարկեր:

2. Կենտրոնական բանկի կողմից բանկերին տրամադրվող վարկերը պետք է ապահովված լինեն`

ա) պետական արժեթղթերով.

բ) ոչ ավելի, քան ինը ամիս մարման ժամկետ ունեցող հուսալի չեկերով և մուրհակներով.

գ) Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` այլ արժեթղթերով.

դ) ոսկուց և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամներով և ստանդարտացված ձուլակտորներով.

ե) Կենտրոնական բանկում, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ այլ բանկերում` հայկական դրամով, կայուն արտարժույթով կամ սույն մասի «ա», «բ», «գ» և «դ» կետերում թվարկված արժեթղթերով և թանկարժեք մետաղներով ներդրված ավանդներով:

3. Առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի` ամբողջությամբ վերցրած կայունությունն ու զարգացումն ապահովելու նպատակով Կենտրոնական բանկն իր խորհրդի կողմից սահմանված կարգով կարող է բանկերին տրամադրել այլ միջոցներով ապահովված կամ առանց ապահովման (բանկային) վարկեր:

4. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է առանձին տեսակի վարկերի համար վարկավորման տարբերակված տոկոսադրույքներ և վարկավորման հատուկ կարգ և պայմաններ սահմանել:

5. Առանձին դեպքերում Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է երաշխավորել բանկերի պարտավորությունները` դրանց զարգացման և հատուկ այլ ծրագրերի իրագործման նպատակով բանկերից և այլ ներդրողներից փոխառություններ ձեռքբերելու համար, եթե`

ա) տվյալ փոխառության համար բանկի կողմից վճարվող տոկոսադրույքը էականորեն ցածր է Հայաստանի Հանրապետությունում նման փոխառության միջին շուկայական տոկոսադրույքից.

բ) տվյալ փոխառությունը երկարաժամկետ է.

գ) տվյալ փոխառության օգտագործման ծրագիրն արժանացել է Կենտրոնական բանկի խորհրդի հավանությանը: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է երաշխիքների տրամադրման լրացուցիչ պայմաններ սահմանել:

 

Հոդված 39.

Համագործակցությունը բանկային միությունների և ասոցիացիաների հետ

 

1. Կենտրոնական բանկը համագործակցում է բանկային միությունների և ասոցիացիաների հետ բանկային գործունեությանը վերաբերող հարցերի շուրջ, այդ թվում` մինչև բանկային համակարգի և բանկերի գործունեության վրա էապես ազդող ակտերի ընդունումը խորհրդակցում է նրանց հետ և տալիս է անհրաժեշտ բացատրություններ:

2. Բանկային միությունների և ասոցիացիաների հետ համագործակցության և բանկային գործունեության հետ կապված խնդիրների ուսումնասիրության և կարգավորման նպատակով Կենտրոնական բանկը կարող է մասնակցել բանկային միությունների և ասոցիացիաների աշխատանքային խմբերի և այլ կառույցների աշխատանքին:

Գ Լ ՈՒ Խ  6

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺՈՒՅԹԸ

 

Հոդված 40.

Հայաստանի Հանրապետության արժույթը

 

 1. Հայաստանի Հանրապետության արժույթը հայկական դրամն է: Մեկ դրամը հավասար է հարյուր լումայի: Հայկական դրամը թողարկվում է (շրջանառության մեջ է դրվում) թղթադրամի և մետաղադրամի, իսկ լուման` մետաղադրամի ձևով:

2. Սույն օրենքի համաձայն թողարկված և շրջանառությունից չհանված թղթադրամն ու մետաղադրամը հանդիսանում են Կենտրոնական բանկի անվերապահ պարտավորությունը և ապահովված են նրա բոլոր միջոցներով:

 

Հոդված 41.

Օրինական վճարամիջոցը

 

Կենտրոնական բանկի կողմից թողարկված և շրջանառությունից չհանված թղթադրամն ու մետաղադրամը գույքի, գույքային իրավունքների, ծառայությունների և աշխատանքների դիմաց օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության տարածքում` փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց:

 

Հոդված 42.

Թղթադրամ և մետաղադրամ թողարկելու և շրջանառությունից հանելու իրավասությունը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց հանդիսացող թղթադրամ և մետաղադրամ թողարկելը և շրջանառությունից հետ կանչելն ու հանելը Կենտրոնական բանկի իրավասությունն է:

2. Կենտրոնական բանկը կազմակերպում և ապահովում է թղթադրամի տպագրումը և մետաղադրամի հատումը, Կենտրոնական բանկում առկա թղթադրամի և մետաղադրամի անվտանգ պահպանումը, ինչպես նաև օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքում դրանց ոչնչացումը:

 

Հոդված 43.

Հայաստանի Հանրապետության արժույթի պահուստներն ու թողարկման ծրագիրը

 

Կենտրոնական բանկն արտացոլում է իր հաշվեկշռում և կառավարում է Հայաստանի Հանրապետության արժույթի պահուստները, կազմում է Հայաստանի Հանրապետության արժույթի թողարկման ծրագիր և ապահովում թղթադրամի և մետաղադրամի կանոնավոր մատակարարումը` ելնելով դրամավարկային քաղաքականության տարեկան ծրագրից և տնտեսության պահանջից:

 

Հոդված 44.

Թողարկված թղթադրամի և մետաղադրամի հաշվապահական հաշվառումը

 

Թողարկված թղթադրամի և մետաղադրամի ամբողջական հանրագումարը հաշվառվում է Կենտրոնական բանկի հաշվեկշռում` որպես Կենտրոնական բանկի պարտավորություն: Պահուստում գտնվող թղթադրամը և մետաղադրամը Կենտրոնական բանկի պարտավորություն չեն հանդիսանում և հաշվառվում է արտահաշվեկշռային հաշիվներում:

 

Հոդված 45.

Հայկական դրամի հատկանիշները

 

Կենտրոնական բանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության օրինական վճարամիջոց հանդիսացող թղթադրամի և մետաղադրամի անվանական արժեքը, չափը, կշիռը, պատկերներով ու մակագրություններով էսքիզը, պաշտպանական և վճարունակության հատկանիշները: Հայաստանի Հանրապետության օրինական վճարամիջոց հանդիսացող թղթադրամների վրա պետք է լինեն Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահի և կառավարության լիազորած մարմնի ղեկավարի ստորագրությունները:

 

Հոդված 46.

Թղթադրամի և մետաղադրամի փոխանակումը

 

1. Կենտրոնական բանկն իր կողմից սահմանված կարգով անվճար փոխանակում է ներկայացված թղթադրամն ու մետաղադրամը` առանց գումարային սահմանափակումների:

2. Կենտրոնական բանկի կողմից սահմանված թղթադրամի և մետաղադրամի պաշտպանության և վճարունակության հատկանիշներին չհամապատասխանող արժույթը հանվում է շրջանառությունից, ոչնչացվում և փոխարինվում է Կենտրոնական բանկի կողմից այլ թղթադրամով կամ մետաղադրամով:

3. Կենտրոնական բանկը չի հատուցում կորցրած թղթադրամը կամ մետաղադրամը:

 

Հոդված 47.

Թղթադրամը և մետաղադրամը շրջանառությունից հետ կանչելը և հանելը

 

1. Կենտրոնական բանկը կարող է թողարկված ցանկացած թղթադրամը կամ մետաղադրամը շրջանառությունից հետ կանչել և հանել` փոխանակման համար թողարկելով համարժեք գումարով այլ թղթադրամ կամ մետաղադրամ` այն դեպքում, եթե հետ կանչվող կամ շրջանառությունից հանվող թղթադրամը կամ մետաղադրամը չի համապատասխանում Կենտրոնական բանկի կողմից սահմանված պաշտպանական կամ վճարունակության հայտանիշներին կամ թողարկվում է նոր անվանական արժեքով թղթադրամ կամ մետաղադրամ:

Թղթադրամը կամ մետաղադրամը շրջանառությունից հետ կանչելը և հանելը սույն մասով չնախատեսված դեպքերում իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

Կենտրոնական բանկը սահմանում է շրջանառությունից հետ կանչված թղթադրամը կամ մետաղադրամը փոխանակելու համար ներկայացնելու ժամկետը, որը չի կարող մեկ տարուց պակաս լինել: Փոխանակման համար ներկայացվող թղթադրամի կամ մետաղադրամի քանակը և գումարը չեն կարող սահմանափակվել:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված ժամկետի ավարտից հետո շրջանառությունից հետ կանչված թղթադրամը կամ մետաղադրամը դադարում է օրինական վճարամիջոց լինելուց, սակայն ենթակա է փոխանակման առանց սահմանափակումների:

 

Գ Լ ՈՒ Խ  7

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ

 

Հոդված 48.

Կենտրոնական բանկը որպես արժութային գործակալ

 

1. Կենտրոնական բանկը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության արժութային գործակալը և լիազորված է իրականացնելու արժութային քաղաքականություն:

2. Համաձայն սույն օրենքի դրույթների` Կենտրոնական բանկը կարող է հանդես գալ հայտարարություններով և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն` իր կողմից իրականացվող արժութային քաղաքականության վերաբերյալ:

 

Հոդված 49.

Արտարժութային կարգավորում

 

1. Կենտրոնական բանկը սահմանում է արտարժութային գործառնությունների իրականացման, արտարժույթի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքի որոշման, արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորման կարգը:

2. Կենտրոնական բանկն իրավունք ունի`

ա) սահմանել արժութային գործառնությունների իրականացման կարգն ու պայմանները, ընդունել արժութային գործառնությունները կարգավորող որոշումներ և կանոններ.

բ) հսկել և կարգավորել արժութային գործառնություններ իրականացնող դիլերների, ներառյալ բանկերի, գործունեությունը.

գ) սահմանել արժութային դիլերների, ներառյալ բանկերի, արտարժույթի տնօրինման նորմատիվը.

դ) սահմանել հայկական դրամի փոխարժեքի որոշման մեթոդները:

 

Հոդված 50.

Արտարժութային գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունը

 

1. Կենտրոնական բանկի և կառավարության լիազորած մարմնի լիցենզավորված արժութային դիլերներից, ներառյալ բանկերից, Կենտրոնական բանկը կարող է պահանջել պարբերական հաշվետվություններ նրանց գործառնությունների վերաբերյալ, այդ թվում` արտարժույթի տնօրինման չափն ամեն մի արժույթի գծով:

2. Կենտրոնական բանը սահմանում է արտարժութային գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունների ձևերը և դրանց ներկայացման կարգը:

 

Հոդված 51.

Կենտրոնական բանկի արժութային գործառնությունները

 

1.Կենտրոնական բանկը կարող է տիրապետել, օգտագործել և տնօրինել`

ա) ոսկուց և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամներ և ստանդարտացված ձուլակտորներ.

բ) արտարժույթ.

գ) այլ պետությունների, կենտրոնական և այլ առաջնակարգ բանկերի, միջազգային ֆինանսական կազմակերպությունների, ինչպես նաև օտարերկրյա առաջնակարգ բանկերի թողարկած կամ երաշխավորած արժեթղթեր:

2. Կենտրոնական բանկը կարող է սահմանել այն փոխարժեքը, որով գնում կամ վաճառում է արտարժույթը, կամ այլ գործարքներ է իրականացնում արտարժույթով:

 

Հոդված 52.

Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստները

 

1. Կենտրոնական բանկը իր հաշվեկշռում արտացոլում է Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստները, որոնք կարող են ներառել հետևյալ միջոցները.

ա) ոսկուց և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամներ և ստանդարտացված ձուլակտորներ.

բ) արտարժույթով արտահայտված թղթադրամ և մետաղադրամ, ինչպես նաև օտարերկրյա առաջնակարգ բանկերի հաշվեկշիռներում պահվող արտարժութային մնացորդներ.

գ) այլ պահուստային միջոցներ, ներառյալ` Միջազգային Արժութային Հիմնադրամի փոխառության հատուկ իրավունքները.

դ) արտարժույթով արտահայտված հասարակ և փոխանցվող մուրհակներ.

ե) այլ պետությունների, կենտրոնական կամ այլ առաջնակարգ բանկերի, կամ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից թողարկված, կամ երաշխավորված պարտատոմսեր, ինչպես նաև արտարժույթով արտահայտված նրանց կողմից կնքված, կամ երաշխավորված ֆորվարդային, կամ հետադարձ գնման համաձայնագրեր:

2. Պահուստային միջոցների տեղաբաշխման առաջնային չափանիշը` տեղաբաշխվող միջոցների անվտանգությունն ու իրացվելիությունն է: Կենտրոնական բանկը միջազգային պահուստները պահպանում է այն մակարդակի վրա, որը համապատասխանում է դրամավարկային քաղաքականության իրականացմանն ու ապահովում է Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների անխոչընդոտ կատարումը:

3. Կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակը մեկ կառավարությանն է ներկայացնում միջազգային պահուստների վիճակի և կազմի մասին տեղեկատվություն և հրապարակում է այն: Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների մակարդակը նվազում է, կամ ըստ Կենտրոնական բանկի, առկա է դրա նվազման այնպիսի միտում, որի հետևանքով կարող է վտանգվել դրամավարկային քաղաքականության իրականացումը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների անխոչընդոտ կատարումը, ապա Կենտրոնական բանկն արտահերթ տեղեկատվություն է ներկայացնում կառավարությանը միջազգային պահուստների վիճակի, դրանց մակարդակի նվազման կամ հնարավոր նվազման պատճառների, ինչպես նաև ստեղծված իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ և այդ մասին տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության Նախագահին և Ազգային Ժողովին:

 

Հոդված 53.

Արտարժութային հասույթները և կորուստները

 

1. Ֆինանսական տարվա ընթացքում հայկական դրամի փոխարժեքի փոփոխության հետևանքով ոսկու, հատուկ փոխառության իրավունքների, արտարժույթի և դրանցով արտահայտված արժեքների Կենտրոնական բանկի հաշվեկշռում վերագնահատման արդյունքը արտացոլվում է Կենտրոնական բանկի պահուստների վերակազմավորման հաշվում:

2. Ֆինանսական տարվա վերջում պահուստների վերագնահատման հաշվում առաջացած բացասական մնացորդը արտացոլվում է Կենտրոնական բանկի վնասների հաշվում:

 

Գ Լ ՈՒ Խ  8

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 54.

Կենտրոնական բանկի առաջնահերթության իրավունքը

 

Կենտրոնական բանկն առաջնահերթության իրավունք ունի իր պարտապանի` Կենտրոնական բանկում պահվող դրամական և այլ միջոցների հաշվին բավարարել տվյալ պարտապանի հանդեպ իր պահանջները, բացառությամբ այն դեպքերի, երբ`

ա) այդ միջոցներն ընդունելու պահին Կենտրոնական բանկը տեղյակ է եղել կամ պարտավոր է տեղյակ լինել տվյալ միջոցները գրավադրված լինելու կամ դրանց նկատմամբ երրորդ անձանց այլ իրավունքների մասին.

բ) Կենտրոնական բանկի հետ կնքված պայմանագրով այլ բան է նախատեսված:

 

Հոդված 55.

Հարկերը, տուրքերը և մաքսային վճարումները

 

Կենտրոնական բանկն ազատվում է բոլոր տեսակի հարկերից, տուրքերից և մաքսային վճարումներից:

 

Հոդված 56.

Կենտրոնական բանկի այլ գործարքներ

 

Կենտրոնական բանկը կարող է կատարել հետևյալ գործարքները`

ա) ներդրումներ կատարել այն իրավաբանական անձանց կապիտալում, որոնց գործունեությունն ուղղակիորեն առնչվում է Կենտրոնական բանկի խնդիրների հետ: Այդ ներդրումների հանրագումարը չի կարող գերազանցել Կենտրոնական բանկի կապիտալի հինգ տոկոսը.

բ) կապիտալի խնդիրներն իրականացնելու համար ձեռքբերել կամ վարձակալել անհրաժեշտ անշարժ գույք.

գ) իր հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց ձեռքբերել, տիրապետել, օգտագործել և օտարել գույք և գույքային իրավունքներ: Կենտրոնական բանկը օտարում է հիշյալ գույքը և գույքային իրավունքները հնարավոր կարճ ժամկետներում.

դ) իր կողմից սահմանված կարգով վարկեր տրամադրել Կենտրոնական բանկի նախագահին, նախագահի տեղակալին, խորհրդի մյուս անդամներին և ծառայողներին, որոնց ընդհանուր գումարը չպետք է գերազանցի Կենտրոնական բանկի կապիտալի մեկ տոկոսը:

 

Հոդված 57.

Կենտրոնական բանկի գործողությունների և որոշումների գանգատարկումը

 

Կենտրոնական բանկի գործողությունները, նորմատիվ և անհատական ակտերը, ինչպես նաև Կենտրոնական բանկի պաշտոնատար անձանց գործողությունները կարող են գանգատարկվել դատարան: Կենտրոնական բանկի նորմատիվ և անհատական ակտերի գործողությունը կասեցվում է միայն դատարանի վճռով:

 

Հոդված 58.

Կենտրոնական բանկի վերակազմավորումը

 

Կենտրոնական բանկի վերակազմավորումը կատարվում է օրենքով: Կենտրոնական բանկի նկատմամբ սնանկացման վարույթ հարուցվել չի կարող:

 

Գ Լ ՈՒ Խ  9

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 59.

Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 60 օր հետո:

2. Կենտրոնական բանկի նախագահը իրականացնում է սույն օրենքով իրեն վերապահված լիազորությունները` մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը:

3. Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալը իրականացնում է սույն օրենքով Կենտրոնական բանկի նախագահի տեղակալին վերապահված լիազորությունները` մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը:

4. Սույն օրենքն ունի մեջ մտնելու պահից Կենտրոնական բանկի վարչության անդամների լիազորությունները դադարում են:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահը նշանակում է Կենտրոնական բանկի խորհրդի հինգ անդամներին:

6. 1996 թվականի ֆինանսական տարվա արդյունքում առաջացած շահույթից, սույն օրենքի 12 հոդվածով նախատեսված կարգով, Կենտրոնական բանկի գլխավոր պահուստը համալրելուց հետո մասհանումներ են կատարվում սույն օրենքի 11 հոդվածում սահմանված չափով կանոնադրական կապիտալը համալրելու նպատակով:

Կենտրոնական բանկի գլխավոր պահուստի համալրումից հետո, եթե շահույթի ազատ մնացորդը չի բավարարում սույն օրենքի 11 հոդվածով սահմանված չափով կանոնադրական կապիտալը համալրելու համար, ապա ֆինանսական տարվա ավարտից հետո 30 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը` չբավարարող գումարի չափով, օրենքով սահմանված կարգով, որպես Կենտրոնական բանկի կապիտալում ներդրում, Կենտրոնական բանկին է տրամադրում շուկայական տոկոսադրույքով անժամկետ պետական պարտատոմսեր: Այդ պարտատոմսերի մարումը կատարվում է պետական բյուջեի հաշվին կամ սույն օրենքի 12 հոդվածով սահմանված կարգով: Մինչև այդ պարտավորությունների լրիվ մարումը յուրաքանչյուր ֆինանսական տարվա ընթացքում` մինչև դեկտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է վերոհիշյալ պարտատոմսերի գծով հաշվարկված տոկոսների վճարումը Կենտրոնական բանկին` ելնելով տվյալ տարվա շուկայական տոկոսադրույքից:

7. 1997 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում Կենտրոնական բանկի կողմից կառավարությանը տրված վարկերի դիմաց հաշվարկված տոկոսների հաշվանցման ճանապարհով մարում նախատեսելու դեպքում սույն օրենքի 12 հոդվածով նախատեսված բաշխումն իրականացվում է Կենտրոնական բանկի շահույթի և պետական բյուջե հաշվանցված գումարի տարբերության չափով:

8. Կենտրոնական բանկը, սույն օրենքի ընդունման պահից երկու ամսվա ընթացքում, ընդունում է իր իրավասությանը վերապահված, սույն օրենքը կիրառելու համար անհրաժեշտ նորմատիվ ակտեր:

9. Մինչև 1999 թվականը պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքներով կարող է սահմանվել Հայաստանի Հանրապետության կառավարության վարկավորման այլ կարգ, քան սահմանված է սույն օրենքի 34 հոդվածով:

10. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1993 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

11. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1995 թվականի փետրվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշումը:

12. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից «Բանկերի սնանկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում «Կենտրոնական բանկի վարչության» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի խորհուրդ» բառերով:


Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


30 հունիսի 1996 թվականի,
քաղ. Երևան
ՀՕ-69

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.05.2024, ՀՕ-244-Ն 20.06.2024, ՀՕ-69
01.03.2023, ՀՕ-63-Ն 06.04.2023, ՀՕ-69
30.06.2021, ՀՕ-288-Ն 25.07.2021, ՀՕ-69
03.03.2021, ՀՕ-97-Ն 31.05.2021, ՀՕ-69
25.03.2020, ՀՕ-186-Ն 15.04.2020, ՀՕ-69
13.12.2017, ՀՕ-313-Ն 09.04.2018, ՀՕ-69
23.03.2018, ՀՕ-258-Ն 09.04.2018, ՀՕ-69
21.03.2018, ՀՕ-197-Ն 09.04.2018, ՀՕ-69
23.03.2018, ՀՕ-247-Ն 30.03.2018, ՀՕ-69
21.12.2017, ՀՕ-282-Ն 01.01.2018, ՀՕ-69
12.11.2015, ՀՕ-133-Ն 05.12.2015, ՀՕ-69
22.12.2010, ՀՕ-281-Ն 09.01.2011, ՀՕ-69
24.06.2010, ՀՕ-110-Ն 24.07.2010, ՀՕ-69
18.05.2010, ՀՕ-66-Ն 26.06.2010, ՀՕ-69
07.10.2009, ՀՕ-183-Ն 05.11.2009, ՀՕ-69
30.04.2009, ՀՕ-114-Ն 13.06.2009, ՀՕ-69
22.10.2008, ՀՕ-189-Ն 26.05.2009, ՀՕ-69
17.06.2008, ՀՕ-132-Ն 23.01.2009, ՀՕ-69
26.05.2008, ՀՕ-83-Ն 31.08.2008, ՀՕ-69
26.05.2008, ՀՕ-99-Ն 12.07.2008, ՀՕ-69
11.10.2007, ՀՕ-200-Ն 29.02.2008, ՀՕ-69
24.10.2007, ՀՕ-226-Ն 29.11.2007, ՀՕ-69
09.04.2007, ՀՕ-183-Ն 30.09.2007, ՀՕ-69
25.12.2006, ՀՕ-7-Ն 17.06.2007, ՀՕ-69
25.12.2006, ՀՕ-44-Ն 25.01.2007, ՀՕ-69
25.12.2006, ՀՕ-36-Ն 25.01.2007, ՀՕ-69
23.05.2006, ՀՕ-76-Ն 08.07.2006, ՀՕ-69
23.05.2006, ՀՕ-70-Ն 08.07.2006, ՀՕ-69
08.12.2005, ՀՕ-245-Ն 01.01.2006, ՀՕ-69
14.12.2004, ՀՕ-17-Ն 22.03.2005, ՀՕ-69
24.11.2004, ՀՕ-147-Ն 07.01.2005, ՀՕ-69
25.12.2003, ՀՕ-49-Ն 01.01.2005, ՀՕ-69
11.05.2004, ՀՕ-73-Ն 19.06.2004, ՀՕ-69
03.03.2004, ՀՕ-45-Ն 24.04.2004, ՀՕ-69
23.10.2002, ՀՕ-427-Ն 24.11.2002, ՀՕ-69
29.05.2002, ՀՕ-371-Ն 04.07.2002, ՀՕ-69
06.11.2001, ՀՕ-256 12.12.2001, ՀՕ-69
23.10.2001, ՀՕ-243 26.11.2001, ՀՕ-69
18.03.1998, ՀՕ-209 10.05.1998, ՀՕ-69
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան