Գլխավոր տեղեկություն
Համար
N 386-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.06.2022-17.09.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.04.26/26(1301) Հոդ.420
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.04.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 ապրիլի 2017 թվականի N 386-Ն

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎՈՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1370-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա», «դ», «ե» և «է» պարբերություններով նախատեսված ներքոհիշյալ պատվիրատուները բաց մրցույթով, բացառությամբ երկու փուլով մրցույթի, գնանշման հարցման ձևով և օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով գնումներն իրականացնում են էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով`

ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման մարմիններ, պետության հիմնարկներ, «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ,

բ. մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով գնումներ իրականացնող Հայաստանի Հանրապետության համայնքներ,

գ․ պետության՝ հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններ, «Երևանի ավտոբուս», «Երևանտրանս» և «Նորք Մարաշ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություններ,

դ. պետության կողմից ստեղծված հիմնադրամներ կամ ձևավորված միավորումներ (միություններ),

ե. այն հիմնադրամները կամ ձևավորված միավորումները (միությունները), որոնք ստեղծվել են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով գնումներ իրականացնող Հայաստանի Հանրապետության համայնքների կողմից,

զ. պետության հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից ստեղծված հիմնադրամներ կամ ձևավորված միավորումներ (միություններ),

է. պետական ոչ առևտրային կամ պետության՝ հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների վերակազմակերպման միջոցով վերակազմավորված հիմնադրամներ,

ը. Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն.

2) սույն որոշման պահանջները չեն տարածվում մինչև որոշումն ուժի մեջ մտնելն սկսած և դեռևս չավարտված գնման գործընթացների վրա:

(2-րդ կետը խմբ., լրաց. 24.12.20 N 2158-Ն, խմբ. 10.02.22 N 142-Ն)

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից քսանօրյա ժամկետում հաստատել էլեկտրոնային ձևով իրականացվող գնումների կատարման ուղեցույցը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի «Էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի N 1904-Ն որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1916-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1370-Ն որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի ապրիլի 25-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. ապրիլի 20

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

ապրիլի 6-ի N 386-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎՈՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են էլեկտրոնային ձևով գնումների կատարման հետ կապված հարաբերությունները:

2. Էլեկտրոնային գնումների համակարգը պարունակում է էլեկտրոնային սարքավորումներ, գործիքներ և ծրագրեր, որոնք հեռակարգավորման, հեռահաղորդագրման և էլեկտրոնային եղանակով տվյալների փոխանակման հնարավորություն են տալիս: Բոլոր սարքավորումները տեղադրվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից սահմանված վայրում:

3. Էլեկտրոնային ձևով գնումների կատարման դեպքում գործում են գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները՝ հաշվի առնելով սույն կարգով սահմանված առանձնահատկությունները:

4. Էլեկտրոնային ձևով իրականացվող գնումների կատարման ուղեցույցը հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը:

5. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝

1) համակարգ` www.armeps.am կայքի միջոցով էլեկտրոնային գնումների իրականացումն ապահովող համակարգ.

2) պատվիրատու (համակարգում պայմանագրային պատվիրատու)՝ էլեկտրոնային գնում իրականացնող և համակարգում գրանցված պատվիրատու.

3) մասնակից (համակարգում՝ տնտեսական օպերատոր)` պատվիրատուի հետ պայմանագիր կնքելու նպատակով էլեկտրոնային գնմանը մասնակցելու ցանկություն ունեցող և համակարգում գրանցված մասնակից.

4) հայտ՝ հրավերի հիման վրա մասնակցի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացվող առաջարկ.

5) լիազորված մարմին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.

6) տեխնիկական սպասարկող՝ համակարգի տեխնիկական սպասարկումն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից ընտրված իրավաբանական անձ.

7) օգտվողներ՝ համակարգի շահագործման և դրանից օգտվելու թույլտվություն ունեցող պատվիրատուի աշխատակիցներ կամ պատվիրատուի կողմից լիազորված անձինք:

6. Էլեկտրոնային գնումների համակարգն ունի հայտ ներկայացրած մասնակիցների տվյալները կոդավորելու և մինչև հայտերի բացման պահն այդ տվյալների ապակոդավորման անհնարինությունն ապահովելու հնարավորություն:

7. Մասնակիցը, գնումներին մասնակցելիս, իրավունք ունի էլեկտրոնային եղանակով`

1) ստանալու հրավեր.

2) ստանալու ծանուցում.

3) ներկայացնելու հայտ.

4) ներկայացնելու պարզաբանում ստանալու պահանջ:

8. Էլեկտրոնային գնումը ներառում է էլեկտրոնային եղանակով գնման ընթացակարգի իրականացումը և ծանուցումների տրամադրումը:

9. Համակարգից օգտվողներն են՝

1) պատվիրատուի ղեկավարը (համակարգում՝ ՊՊԳՀ), ով համակարգում գրանցում է նոր օգտվողներ և համակարգի միջոցով հաստատում է գնահատման մասին հաշվետվությունը.

2) գնահատող հանձնաժողովը (համակարգում՝ ՊՊԳՊ).

3) գնումների համակարգող (համակարգում՝ ՊՊԳՀԱ):

10. Էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով գնման գործընթացի կազմակերպման ժամանակ գնահատող հանձնաժողովը բաղկացած է առնվազն հինգ անդամից` երկու բացող (համակարգում՝ ԲԱ) և առնվազն երեք գնահատող անդամից (համակարգում՝ ԳԱ): Ընդ որում, գնահատող անդամներից մեկը հանձնաժողովի նախագահն է (համակարգում՝ ԳԱՊ): Գնահատող հանձնաժողովն ունի քարտուղար (համակարգում՝ ՄՀՄ), որը հանձնաժողովի անդամ չէ:

11. Պատվիրատուն համակարգում գրանցվելու և այն շահագործելու նպատակով գրավոր եղանակով լիազորված մարմին է ներկայացնում պատվիրատուի`

1) անվանումը` հայերենով, ռուսերենով և անգլերենով.

2) գործունեության հասցեն` հայերենով, ռուսերենով և անգլերենով.

3) ղեկավարի անունը, ազգանունը, պաշտոնը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:

12. Լիազորված մարմինը սույն կարգով նախատեսված փաստաթղթերն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուին գրանցում է համակարգում և գրավոր պատվիրատուի ղեկավարին տրամադրում է համակարգում գրանցված մուտքանունն ու նախնական գաղտնաբառը: Ընդ որում`

1) պատվիրատուի ղեկավարը և վերջինիս կողմից սահմանված օգտվողներն առաջին անգամ համակարգ մուտք գործելիս տրամադրված նախնական գաղտնաբառը պարտավոր են փոխարինել նոր գաղտնաբառով, որը պետք է բաղկացած լինի առնվազն 8 նիշից, այդ թվում` 8 նիշում առնվազն մեկ տառից և մեկ թվանշանից.

2) օգտվողներին մուտքանուններ և նախնական գաղտնաբառեր տրամադրում է պատվիրատուի ղեկավարը.

3) համակարգում սույն կետում նշված անձանց գրանցումն ավտոմատ եղանակով համարվում է չեղյալ, եթե համակարգում գրանցվելու օրվանից հաշված 30 օրացուցային օրվա ընթացքում նրանք մուտք չեն գործում համակարգ կամ մուտք են գործում, սակայն համակարգ չեն մուտքագրում գրանցումը հաստատելուց հետո ավտոմատ եղանակով իրենց էլեկտրոնային փոստին ստացված թիվը: Այս պարագայում իրականացվում է գրանցման նոր գործընթաց:

13. Համակարգում որպես մասնակից գրանցվելու նպատակով մասնակիցը մուտք է գործում www.armeps.am կայք և լրացնում համապատասխան պահանջվող տեղեկատվությունը, որից հետո գրանցումը հաստատելու նպատակով էլեկտրոնային փոստի միջոցով ստացված թվի և (կամ) տառերի կոմբինացիան (այսուհետ` տեղեկատվություն) մուտքագրում է համակարգ: Տեղեկատվությունը ճիշտ մուտքագրելուց հետո մասնակիցը համարվում է համակարգում գրանցված, ինչի մասին ավտոմատ եղանակով ստանում է ծանուցում: Մասնակցի գրանցումն ավտոմատ եղանակով համարվում է չեղյալ, եթե համակարգում գրանցվելու օրվանից հաշված 30 օրացուցային օրվա ընթացքում վերջինս մուտք չի գործում համակարգ կամ մուտք է գործում, սակայն համակարգ չի մուտքագրում տեղեկատվությունը: Այս պարագայում իրականացվում է գրանցման նոր գործընթաց:

14. Պատվիրատուն սույն կարգի համաձայն գնում կատարելու համար համակարգում հրապարակում է գնման ընթացակարգի մասին հայտարարության և հրավերի տեքստերը:

(14-րդ կետը խմբ. 19.05.22 N 702-Ն)

15. Գնահատող հանձնաժողովի կողմից հաստատվող գնման հայտարարությունը և հրավերը պարտադիր պարունակում է տեղեկատվություն տվյալ գնման ընթացակարգը` էլեկտրոնային եղանակով իրականացման, ինչպես նաև հայտերի` էլեկտրոնային եղանակով ներկայացման վերաբերյալ:

16. (կետն ուժը կորցրել է 19.05.22 N 702-Ն)

17. Համակարգում հանձնաժողովի բացող անդամների գործառույթներն աստիճանակարգված են: Աստիճանակարգումը որոշվում է գնահատող հանձնաժողովի նախագահի կողմից: Գնահատող հանձնաժողովի առաջին բացող անդամն իր կատարած նշումներով երկրորդ բացող անդամի դիտարկմանն է ներկայացնում բացման ենթակա այն հայտերի ցուցակը, որոնց համակարգը դիտել է որպես ներկայացված (պիտանի) հայտեր, որից հետո երկրորդ բացող անդամը հաստատում է իրեն ներկայացված հայտերի ցուցակը: Հաստատումից հետո բեռնվում է հայտերի բացման մասին արձանագրությունը (համակարգում՝ հաշվետվություն), որը հայտերի բացման օրը հանձնաժողովի քարտուղարը համակարգի միջոցով ուղարկում է մասնակիցների էլեկտրոնային փոստերին:

18. Ընտրված և այդպիսին չճանաչված մասնակիցների որոշման նպատակով գնահատող հանձնաժողովի նախագահն ավտոմատ եղանակով ստեղծում է հայտերի գնահատման մասին արձանագրություն, որը համակարգում հաստատվում է գնահատող հանձնաժողովի անդամների կողմից` համակարգում նշում կատարելու միջոցով:

(18-րդ կետը փոփ. 19.05.22 N 702-Ն)

19. Ընտրված մասնակցին որոշելու նիստի ավարտին հաջորդող աշխատանքային օրը գնահատող հանձնաժողովի քարտուղարը՝

1) համակարգում նշում է ընթացակարգի բավարար գնահատված մասնակիցներին՝ նրանց դասակարգելով ըստ գնահատման արդյունքների և գնային առաջարկների.

2) համակարգի միջոցով ընթացակարգի մասնակիցների էլեկտրոնային փոստին ուղարկում է գնահատման արդյունքների մասին հանձնաժողովի նիստի արձանագրությունը:

20. Պայմանագիր կնքելու մասին պատվիրատուի ծանուցումն ընտրված մասնակցին ուղարկելու օրը գնահատող հանձնաժողովի քարտուղարը համակարգի միջոցով ընտրված մասնակցի էլեկտրոնային փոստին ուղարկում է ծանուցում` պայմանագիր կնքելու առաջարկը տրամադրված լինելու մասին:

21. Պայմանագիր կնքելու վերաբերյալ պատվիրատուի առաջարկն ստացած մասնակիցը համակարգի միջոցով ընդունում կամ մերժում է իրեն ներկայացված առաջարկը:

22. Պայմանագիրը կնքվելուն հաջորդող աշխատանքային օրը գնահատող հանձնաժողովի քարտուղարը համակարգում ավարտում է ընթացակարգը:

23. Պատվիրատուն գնման ընթացակարգի վերաբերյալ արձանագրությունը կազմում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(հավելվածը խմբ., փոփ. 19.05.22 N 702-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան