Գլխավոր տեղեկություն
Համար
N 446-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.04.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 446-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Հաստատել Պետական բյուջետային ծրագրերի գնահատման համակարգի ներդրման հայեցակարգը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Գնահատման գործընթացի և հաշվետվության որակի համապատասխանության ստուգաթերթը՝ համաձայն N 2 հավելվածի։

3. Հաստատել Գնահատման արդյունքների վերաբերյալ պետական մարմինների արձագանքի ամփոփաթերթը՝ համաձայն N 3 հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

28.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

N 446-Ա որոշման

 

Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ

 

ԵՐԵՎԱՆ, 2022

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

1. Ներածություն

2. Գնահատման համակարգի նպատակները և խնդիրները

3. Հիմնական հասկացությունները

4. Գնահատման առարկան և ծածկույթը

5. Գնահատման հիմնական տեսակները և փուլերը

6. Համակարգի ինստիտուցիոնալ կառուցվածքը և կառավարումը

7. Գնահատման խորհրդի և գնահատման հանձնաժողովի կազմն ու լիազորությունները

8. Գնահատման մեթոդաբանությունը

9. Արդյունքների օգտագործումը

10. Համակարգի ներդրման ժամանակացույցը և գնահատման հաճախականությունը

11. Գնահատման փորձարկումը, մեթոդաբանական շտկումներ և կանոնավոր գործընթացների ներդրում

 

1. Ներածություն

 

1. Բյուջետային ծրագրի գնահատումը ենթադրում է ծրագրի վերաբերյալ տեղեկատվության ստացման, վերլուծության և օգտագործման համակարգված եղանակ, որի նպատակն է պատասխանել ծրագրի համապատասխանության, նպատակների հասանելիության, արդյունավետության, ազդեցության և արդյունքների կայունության վերաբերյալ հարցադրումներին:

2. Հայաստանում բյուջետային ծրագրերի գնահատման միասնական պետական համակարգի ներդրումն այսօր կարևոր և արդիական խնդիր է։ Այն մեծ օգուտներ կբերի ռեսուրսների օգտագործման, կառավարության գործունեության արդյունավետության բարձրացման և հասարակության կարիքների բավարարման տեսանկյուններից։ Բյուջետային ծրագրերի պարբերական և կանոնավոր գնահատման գործընթացի ներդրումը հիմքեր կստեղծի Ծրագրային բյուջետավորման (ԾԲ) բարեփոխումների շրջանակներում բյուջետային ծրագրերի վերանայման և ռազմավարական պլանավորման համակարգի ներդաշնակեցման գործընթացների առաջմղման համար։

3. Սկզբնական փուլում համակարգի բարձր արդյունավետության ապահովումը կպահանջի որոշակի ջանքեր և հետևողականություն։ Այն մեզանում նոր մոտեցում է և պահանջում է համապատասխան վերլուծական կարողությունների ներդրում։ Սակայն նոր համակարգը չպետք է հանգեցնի անօգուտ գործողությունների ավելացման կամ բյուրոկրատական բեռի ծանրացման։ Ուստի նոր համակարգը պետք է նախագծված լինի այնպես, որ համապատասխանի առկա կարիքներին և լավագույն փորձին։ Այս իմաստով կարևոր են՝

1) գործընթացների նպատակների և ներկայացվող պահանջների հստակությունը.

2) կազմակերպական և ինստիտուցիոնալ կառուցվածքի համարժեքությունը.

3) մեթոդաբանության հստակությունը.

4) արդյունքների որակը, անաչառությունը և հանրային վստահելիության աստիճանը.

5) արդյունքների գործնական օգտագործման և կիրառելիության հանգամանքները.

6) բյուջետային գործընթացներում ինտեգրման աստիճանը.

7) կայունության և արդյունավետության երաշխիքները։

 

2. Գնահատման համակարգի նպատակները և խնդիրները

 

4. Պետական բյուջետային ծրագրերի գնահատման համակարգի նպատակն է ինստիտուցիոնալ և օբյեկտիվ հիմքեր ստեղծել Հայաստանում իրականացվող և իրականացվելիք բյուջետային ծրագրերի արդյունավետության շարունակական բարձրացման համար։ Մասնավորապես՝ համակարգի խնդիրներն են աջակցել և նպաստել`

1) բյուջետային միջոցների բաշխման արդյունավետությանը և վերահսկողությանը.

2) բյուջետային ծրագրերի, դրանց կառուցվածքի, կատարողական ցուցանիշների և նպատակադրումների բարելավմանը.

3) առանձին գերատեսչությունների և նախարարությունների գործունեության և կատարողականի գնահատմանը.

4) պետական քաղաքականությունների և զարգացման ռազմավարությունների իրականացմանը.

5) հանրային իրազեկվածության, կառավարության թափանցիկության և հաշվետվողականության աճին։

5. Պետական բյուջետային ծրագրերի գնահատման համակարգը ինքնուրույն գործող, անկախ նոր համակարգ է, որը հանդիսանալով հանրային ֆինանսների կառավարման համակարգի ինտեգրալ բաղկացուցիչը, թույլ է տալու որոշակի պարբերականությամբ հետևել համակարգին, տալ ազդակներ և նախանշել որոշումներ, որոնք օբյեկտիվ են, ամբողջական և անաչառ, բխում են տարբեր շահառուների տեսակետների բազմակողմ վերլուծությունից։

 

3. Հիմնական հասկացությունները

 

6. Գնահատում՝ սկսվող, ընթացող կամ ավարտված բյուջետային ծրագրի, միջոցառման կամ քաղաքականության կառուցվածքի կարևորության, իրականացման ընթացքի և արդյունքների համակարգային, անկողմնակալ ուսումնասիրություն-գնահատում։ Ուղղված է որոշելու ծրագրի համապատասխանությունը և նպատակների իրագործման աստիճանը, իրականացման արդյունավետությունը, ազդեցությունը և արդյունքների կայունությունը: Պետք է ապահովի վստահելի և օգտակար տեղեկատվություն, հնարավորություն տա դասեր քաղելու և բարելավելու որոշումները։

7. Գնահատման խորհուրդ՝ ՀՀ վարչապետի կողմից ձևավորված խորհուրդ, որը կայացնում է բյուջետային ծրագրերի գնահատումների հետ կապված հիմնական որոշումները՝ գնահատման պլանի հաստատում, գնահատման հանձնաժողովի անդամների ձևավորում, արդյունքների օգտագործում և հանրայնացում:

8. Գնահատման հանձնաժողով՝ գնահատման խորհրդի կողմից ստեղծված հանձնաժողով, որը կազմվում է առանձին ծրագրերի և միջոցառումների գնահատման նպատակով և իր մեջ ներառում է ծրագիրն իրականացնող մարմնի, ԱԺ ոլորտային հանձնաժողովների, քաղաքացիական հասարակության և մասնագիտացած կառույցների ներկայացուցիչների: Գնահատման հանձնաժողովը իրականացնում է գնահատման ենթակա կոնկրետ ծրագրերի ընտրությանը մասնակցություն, գնահատման տեխնիկական առաջադրանքի հաստատում, գնահատման արդյունքների և որակի քննություն, շահագրգիռ կողմերի և գործընկերների հետ համագործակցություն:

9. Գնահատման կազմակերպիչ կամ քարտուղարություն՝ ՀՀ ՖՆ-ի կամ ՀՀ վարչապետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանում, որը կազմակերպում է գնահատման գործընթացը, մշակում է տեխնիկական առաջադրանքները, նախագծում է գնահատման տարեկան ժամանակացույցերը, անհրաժեշտության դեպքում իրականացնում է նախնական գնահատումներ-վերլուծություններ:

10. Գնահատող՝ սահմանված մեթոդաբանությամբ ծրագրի գնահատումն իրականացնող ՀՀ ՖՆ-ի՝ համապատասխան փորձառություն ունեցող մասնագիտացված աշխատանքային խումբ, ստորաբաժանում կամ խորհրդատվական և հետազոտական կազմակերպություններ, որոշ գնահատումների դեպքերում (երբ վիճակագրական հարցումներ և տեղեկատվության հավաքագրման բարդ համակարգերի անհրաժեշտությունը բացակայում է)` նաև համապատասխան որակավորում ունեցող փորձագետներ:

11. Գնահատման հաշվետվություն՝ գնահատողի կողմից մշակված, սույն փաստաթղթով սահմանված մեթոդաբանական պահանջներին համապատասխան գնահատման արդյունքները և առաջարկները ներկայացնող հաշվետվություն:

12. Ճյուղային մարմնի արձագանք՝ գնահատման արդյունքների և գնահատողի կողմից ներկայացված առաջարկությունների վերաբերյալ ճյուղային գլխադաս մարմնի արձագանք, որով պետական մարմինը հաստատում կամ մերժում է գնահատողի կողմից կատարված բարելավումների առաջարկությունները, ներկայացնում ծրագրի բարելավմանն ուղղված գործողությունների իր մոտեցումը:

13. Գնահատման չափանիշներ՝ ծրագրի բովանդակության, գործընթացների արդյունավետության, սպասվող ազդեցությունների սահմանումները և (կամ) ստանդարտներն են: Ներառում են ծրագրի բովանդակային այն ուղղությունները, որոնք գնահատման գործընթացում ենթակա են քննության:

14. Ծրագրի գնահատականներ՝ ըստ առանձին գնահատման չափանիշների՝ գնահատման արդյունքում ծրագրի վաստակած գումարային միավոր, գնահատական:

 

4. Գնահատման առարկան և ծածկույթը

 

15. Ընդհանուր առմամբ` բոլոր պետական բյուջետային ծրագրերը և առանձին միջոցառումները հանդիսանում են գնահատման առարկա։

16. Գնահատման ենթակա բյուջետային ծրագրերն ընտրվում են որոշակի պարբերականությամբ` ելնելով որոշակի առաջնահերթություններից, մշակվում են գնահատման ժամանակացույցեր՝ տարեկան պլաններ։

17. Գնահատման տարեկան պլանը մշակվում է՝ հաշվի առնելով ոլորտում իրականացված տարբեր ներքին և արտաքին վերահսկողական գործողությունների արդյունքում ներկայացված եզրակացությունները, նախորդ տարիների գնահատման արդյունքները՝ առաջնահերթ համարելով ստորև ներկայացված մարմինների կողմից բյուջետային ծրագրերի հաշվեքննության, աուդիտի, այլ վերահսկողական գործողությունների արդյունքում ձևավորված պահանջները.

1) ՀՀ հաշվեքննիչ պալատ.

2) ՀՀ պետական վերահսկողական ծառայություն.

3) ՀՀ ՖՆ-ի ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչություն.

4) ԱԺ ոլորտային հանձնաժողովներ.

5) քաղաքացիական հասարակություն և այլ մասնակցային ինստիտուտներ:

18. Տարեկան պլանն անհրաժեշտության դեպքում կարող է տարվա ընթացքում վերանայվել և համալրվել նոր ծրագրերով:

19. Գնահատման պլանում կարող են ընդգրկվել՝

1) բոլոր տեսակի և բնույթի պետական բյուջետային ծրագրերը կամ միջոցառումները.

2) նոր նախաձեռնությունները և գործող ծրագրերը.

3) պետական բյուջեի բոլոր ծրագրերը՝ անկախ ֆինանսավորման աղբյուրից:

20. Գնահատման նշված համակարգի ներդրմամբ և գնահատման ստացված արդյունքների օգտագործմամբ հնարավոր կլինի նաև զուգահեռաբար իրականացնել գնահատված բյուջետային ծրագրերի համեմատական վարկանշում։ Թեև դա համակարգի հիմնական նպատակը չէ, սակայն նման նոր վարկանիշները թույլ կտան արդեն պատասխանատու գերատեսչության շրջանակներում համեմատել, դասակարգել ծրագրերի և կատարված աշխատանքների արդյունքները՝ ծրագրի կատարման վերաբերյալ ձևավորել փաստարկված հանրային կարծիք:

 

5. Գնահատման հիմնական տեսակները և փուլերը

 

21. Բյուջետային ծրագրերի գնահատումները կարող են իրականացվել տարբեր փուլերում և ամբողջականության տարբեր աստիճաններով։ Ընդհանուր առմամբ առանձնացնում ենք՝

1) սկզբնական (նախնական) գնահատում.

2) ընթացիկ (միջանկյալ) գնահատում.

3) վերջնական գնահատում։

22. Ի լրումն՝ ծրագրի գնահատումները բովանդակային իմաստով կարելի է դասակարգել երեք հիմնական տեսակների՝

1) նպատակների գնահատումներ.

2) գործընթացների գնահատումներ և

3) ազդեցության գնահատումներ։

23. Ի վերջո, գնահատման առարկա կարող են հանդիսանալ՝

1) նոր նախաձեռնությունները.

2) ընթացիկ ծրագրերը և

3) ավարտված ծրագիրը։

24. Սկզբնական (նախնական) գնահատում. այս գնահատումներն ըստ էության նպատակ ունեն առավել օպերատիվ կերպով տեղեկատվություն ստանալու՝ նոր նախաձեռնությունների վերաբերյալ։ Դրանք առավել արագ և օպերատիվ բնույթ ունեն և բյուջետային հայտերի քննության փուլում լրացուցիչ տեղեկությունների ստացման աղբյուր են։ Սովորաբար իրականացվում են բյուջետային հայտերի քննության փուլում, ՀՀ ՖՆ-ի կողմից։

25. Որպես կանոն, կարող են ներառել նպատակների գնահատումներ, որոշ դեպքերում՝ նաև գործընթացների վերլուծություն։ Օգտակար են օպերատիվ, տարեկան կտրվածքով որոշումների կայացման և բյուջետային հայտերի քննության փուլում։

26. Ընթացիկ (միջանկյալ) գնահատում. այս գործողությունները վերաբերում են ընթացիկ կամ շարունակական իրականացվող ծրագրերին՝ պարզելու համար դրանց ազդեցության և բարելավման հնարավորությունները։ Ընթացիկ գնահատումների համար հիմք կարող են հանդիսանալ ծրագրի իրականացման ընթացքում ծագած ռիսկերը, ընթացիկ մոնիտորինգի արդյունքները և այլն:

27. Վերջնական գնահատում. այս գործողությունները վերաբերում են արդեն ավարտված կամ ենթադրյալ վերջնարդյունքներին հասած ծրագրերի ավարտական (ex-post) գնահատմանը։

28. Ընդ որում՝ որևէ ծրագիր կարող է ենթարկվել ինչպես նախնական, այնպես էլ միջանկյալ և հետագայում նաև՝ վերջնական գնահատման։

29. Հաշվի առնելով ծրագրերի առանձնահատկությունները և ելնելով գնահատման հիմնական խնդրից՝ յուրաքանչյուր ծրագրի գնահատման համար պահանջվում է մշակել համապատասխան մեթոդաբանական շրջանակ և հատուկ տեխնիկական առաջադրանք։

30. Ծրագրի գնահատումներն ըստ հիմնական տեսակների.

1) Նպատակների գնահատումներ. նպատակների վրա հիմնված գնահատումների դեպքում գնահատվում է ծրագրի առջև դրված նպատակների հստակությունը, համապատասխանությունը և դրանց ձեռքբերման առաջընթացը: Սրանք հաճախ կարող են վերաբերել բյուջետային հայտերի քննության փուլին, որի դեպքում պետք է պատասխան ստանան հետևյալ հիմնական հարցադրումները.

ա. Ինչպե՞ս են սահմանված ծրագրի նպատակը և վերջնական արդյունքները, արդյո՞ք դրանք հստակ և պատշաճ կերպով են սահմանված: Արդյո՞ք գործընթացներն արդյունավետ են և բխում են նպատակից,

բ. Արդյո՞ք ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումները, գործողությունները և ուղղակի արդյունքները միտված են նպատակներին կամ վերջնական արդյունքներին,

գ. Առկա՞ են արդյոք լավ ձևակերպված արդյունքային ցուցանիշներ՝ ծրագրի նպատակներին հասնելու առաջընթացը գնահատելու համար,

դ. Ինչպիսի՞ն է ծրագրի առաջընթացը՝ նպատակներին հասնելու իմաստով,

ե. Արդյո՞ք հնարավոր է հասնել սահմանված նպատակին սահմանված ժամկետներում, եթե՝ ոչ, ապա՝ ինչու,

զ. Արդյո՞ք անձնակազմն ունի անհրաժեշտ ռեսուրսներ (գումար, սարքավորումներ, տարածք, կարողություններ և այլն)՝ նպատակին հասնելու համար,

է. Արդյո՞ք կարիք կա փոխելու ծրագրի կառուցվածքը՝ նպատակների վրա կենտրոնացման համար,

ը. Արդյո՞ք պետք է վերանայել նպատակը և ինչու.

2) Գնահատման այս տեսակը կարող է իրականացվել նաև ծրագրի իրականացման ընթացքում՝ միջանկյալ գնահատման, ինչպես նաև ծրագրերի ավարտից հետո՝ վերջնական գնահատման ընթացքում։ Վաղ փուլերում միջանկյալ գնահատումները կարող են ապահովել օգտակար հետադարձ տեղեկատվություն՝ ծրագրի կառուցվածքի (դիզայնի) վերաբերյալ, ինչպես նաև զգուշացնել նպատակների ձևակերպման հստակության, ռեսուրսների, միջոցառումների և նպատակների միջև հնարավոր անհամապատասխանությունների մասին: Այն կարող է հիմք հանդիսանալ ծրագրերի առաջընթացի, հնարավոր վերանայումների և, ավարտված ծրագրերի դեպքում՝ եզրափակիչ դիտարկումների և քաղաքականությունների գնահատման համար.

3) Գործընթացների գնահատումներ. Գործընթացների գնահատումներն ուղղված են հասկանալու, թե ինչպես են փաստացի իրականացվում ծրագրային գործողությունները և թե արդյոք ծրագրի իրականացման գործընթացներն արդյունավետ են: Մասնավորապես, կարող են հասցեագրվել հետևյալ հարցադրումները.

ա. Արդյո՞ք իրականացվում են պատշաճ ընթացակարգեր՝ որակյալ ծառայությունների ժամանակին մատուցման համար,

բ. Արդո՞ք առկա են համապատասխան միջոցներ (գումար, սարքավորումներ, տարածք, կարողություններ և այլն)՝ ծառայությունների ժամանակին տրամադրումն ապահովելու համար,

գ. Արդո՞ք առկա են համապատասխան համակարգեր (մարդկային ռեսուրսներ, ֆինանսական, կառավարման տեղեկատվություն և այլն)՝ ծրագրի իրականացմանն օժանդակելու համար,

դ. Արդյո՞ք ծրագրի շահառուներն ստանում են որակյալ ապրանքներ և ծառայություններ,

ե. Արդյո՞ք ծրագրի շահառուները բավարարված են մատուցվող ծառայություններից,

զ. Առկա՞ են ծրագրի իրականացման ռիսկեր և խնդիրներ,

է. Արդյո՞ք ծրագրի հասցեական իրականացումն ապահովված է,

ը. Ծրագրի իրականացման այլընտրանքային ուղիների առկայության դեպքում ո՞րն է ամենաարդյունավետը,

թ. Իրականացվո՞ւմ են և առկա են արդյո՞ք ծրագրի իրազեկման համապատասխան գործողություններ՝ թիրախային բնակչության ընդգրկման ցանկալի մակարդակ ապահովելու համար.

4) Ազդեցության գնահատումներ. ազդեցության գնահատումներն իրականացվում են հասկանալու համար, թե արդյոք ծրագիրն ապահովել է նախատեսված վերջնական արդյունքները՝ թիրախավորված շահառու խմբերին համապատասխան և որակյալ ուղղակի արդյունքներ և ծառայություններ մատուցելու միջոցով։ Վերջնական արդյունքները սովորաբար վերաբերում են ծրագրի շահառուների կյանքի բարելավումներին և բարեկեցության աճին։ Ազդեցության գնահատման ժամանակ պետք է պատասխան ստանան հետևյալ հիմնական հարցադրումները.

ա. Արդյո՞ք ծրագիրը կամ քաղաքականությունն ունի թիրախավորված ազդեցություններ շահառուների վրա,

բ. Արդյո՞ք գրանցված փոփոխությունները վերագրելի են ծրագրին, թե՞ դրանք անկախ են տվյալ ծրագրի իրականացումից,

գ. Առկա՞ են արդյոք չնախատեսված դրական կամ բացասական ազդեցություն-ներ շահառուների համար,

ե. Արդյո՞ք ծրագրի ծախսերը հիմնավորված են արձանագրված ազդեցությունների համեմատ.

5) Ազդեցության գնահատման արդյունքները ծրագրի ծախսերի վերլուծության հետ միասին լրացուցիչ գնահատման գործիք են ապահովում ծախսերի արդյունավետության վերլուծությունների համար և թույլ են տալիս քաղաքականություն մշակողներին տեղեկացված որոշումներ կայացնել և ռեսուրսներն ուղղել առավել արդյունավետ միջամտություններին.

6) Ելնելով տվյալ ծրագրի գնահատման խնդրից՝ միջանկյալ և վերջնական գնահատումները կարող են ներառել թե՛ նպատակների, թե՛ գործընթացների և թե՛ ազդեցությունների գնահատումներ։

 

Գնահատման հիմնական տեսակների ամփոփագիր

 

 

Նպատակների գնահատումներ

Գործընթացների գնահատումներ

Ազդեցության գնահատումներ

Հիմնական հարցադրումները

 Արդյո՞ք քաղաքականությունները կամ ծրագրերն ունեն հստակ նպատակներ:

 Արդյո՞ք ծրագրի ձևակերպումն այնպիսին է, որ թույլ է տալիս հասնել նպատակներին:

Որքանո՞վ են իրագործվել ծրագրի նպատակները:

 Որո՞նք են ծառայության մատուցման համար իրականացվող գործողությունները: Որքանո՞վ են դրանք համապատասխանում արդյունքների ձեռքբերմանը:

 Արդյո՞ք այդ գործողություններն արդյունավետ են:

 Արդյո՞ք ներդրվել են համապատասխան ռեսուրսներ և համակարգեր:

 Արդյո՞ք ծրագրի մասնակիցներն ստանում են որակյալ և ցանկալի ծառայություններ:

 Ինչպես է փոփոխվել շահառուների բարեկեցությունը ծրագրի իրականացման արդյունքում:

 Կա՞ն արդյոք չնախատեսված ազդեցություններ՝ դրական կամ բացասական:

 Արդյո՞ք ծրագրի իրականացման ծախսերը հիմնավորված են ազդեցությունների համեմատ:

Գնահատման իրականացման ժամանակը

Կարող է իրականացվել ծրագրի իրականացման վաղ փուլերում ՝ միջնաժամկետ վերանայման համար, կամ ծրագրի ավարտին:

 Կարող է իրականացվել ցանկացած ժամանակ մեկ անգամ կամ պարբերաբար՝ համոզվելու համար, որ իրականացումը ճիշտ ընթացքում է, կամ որ առկա են կոնկրետ գործառնական խնդիրներ:

 Հատկապես արդյունավետ են քաղաքականության հարցադրումներին արձագանքելու, կամ նորարարական և պիլոտային մոտեցումները ստուգելու համար։

Տվյալների հավաքման և վերլուծության մեթոդները

 Փաստաթղթային ուսումնասիրություններ

 Մոնիտորինգային տվյալների վերլուծություն

 Հարցումներ

 Դաշտային այցեր

 Ծրագրի անձնակազմի և շահառուների հետ խառը հարցազրույցներ

 Առկա գրառումների ուսումնասիրություններ

 Ֆոկուս խմբային քննարկումներ

 Մոնիտորինգի տվյալների վերլուծություն

 Ընտրանքային հետազոտությունների և վարչական տվյալների վիճակագրական և էկոնոմետրիկ վերլուծություններ

 Որակական հետազոտությունների համադրում

Պահանջվող հմտությունները

□ Քաղաքականության և ծրագրերի վերլուծություններ, պարզ քանակական մեթոդներ

□ Գործընթացների վերլուծություններ, քանակական և որակական մեթոդներ

 Վիճակագրական և էկոնոմետրիկ վերլուծություններ, որակական մեթոդներ

Պահանջվող ժամանակը

 1-3 ամիս

 1-6 ամիս

 Առնվազն 6 ամիս (ռետրոսպեկտիվ գնահատում)

 Առնվազն 12-18 ամիս (հեռանկարային

գնահատում)

Ծախսերի գնահատականը

 Հիմնականում ցածր

 Ցածր-միջին

 Միջինից բարձր

 

6. Համակարգի ինստիտուցիոնալ կառուցվածքը և կառավարումը

 

31. Պետական բյուջետային ծրագրերի գնահատման համակարգերը տարբերվում են իրենց բնույթով և ուղղվածությամբ։ Նախ դրանք տարբերվում են ըստ արդյունքների օգտագործման, որոնք կարող են ունենալ ընդհանուր խորհրդատվական բնույթ կամ, մեկ այլ դեպքում՝ կիրառման համար լինեն պարտադիր։ Ինստիտուցիոնալ կազմակերպաձևերի իմաստով գնահատման պետական մարմինները կարող են տարբերվել անկախ արտաքին միավորներից՝ մինչև բյուջետային լիազոր մարմնի ներքո գործող խիստ կենտրոնացված միավորներ կամ խիստ ապակենտրոնացված միավորներ։

32. Ելնելով սահմանված խնդիրներից և պահանջներից, հիմք ընդունելով նաև միջազգային փորձը և տեղային առանձնահատկությունների, ինչպես նաև նոր ենթկառուցվածքների և ինստիտուտների ձևավորման ռեսուրսային սահմանափակումները՝ ՀՀ պետական բյուջետային ծրագրերի գնահատման համակարգի հիմքում ընտրվել է «կենտրոնացված մոդելը»՝ ՀՀ վարչապետի անմիջական հսկողության ներքո։

33. Սա ենթադրում է, որ՝

1) գնահատման հիմնական գործառույթներն իրականացվում են ՀՀ ՖՆ-ի կամ ՀՀ վարչապետի աշխատակազմի, իսկ ղեկավարումը՝ ՀՀ վարչապետի կողմից՝ ծրագրերի գնահատման խորհրդի միջոցով.

2) գնահատման համակարգի առօրյա կառավարումը, տեխնիկական առաջադրանքների մշակումը և մրցույթների կազմակերպումը, ինչպես նաև արդյունքների օգտագործումն իրականացնում է ՀՀ ՖՆ-ն կամ ՀՀ վարչապետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը.

3) գնահատման աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի, միջազգային դոնոր կազմակերպությունների և օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին.

4) գնահատման աշխատանքներն իրականացվում են ՀՀ ՖՆ-ի համապատասխան փորձառություն ունեցող աշխատողների, ստորաբաժանման, անհրաժեշտության դեպքում նաև խորհրդատվական և ակադեմիական կազմակերպությունների, որոշ գնահատումների դեպքերում (երբ վիճակագրական հարցումներ և տեղեկատվության հավաքագրման բարդ համակարգերի անհրաժեշտությունը բացակայում է)` նաև համապատասխան որակավորում ունեցող փորձագետների կողմից.

5) գնահատման վերջնական արդյունքներն ամփոփվում են ՀՀ ֆինանսների նախարարությունում կամ ՀՀ վարչապետի աշխատակազմում:

 

7. Գնահատման խորհրդի և գնահատման հանձնաժողովի կազմն ու լիազորությունները

 

34. Գնահատման խորհուրդը ձևավորվում է ՀՀ վարչապետի որոշմամբ՝ հետևյալ կազմով.

1) տնտեսական ոլորտի համակարգումն իրականացնող ՀՀ փոխվարչապետ (խորհրդի նախագահ).

2) ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ.

3) ՀՀ ֆինանսների նախարար (փոխնախարար)։

35. Գնահատման հանձնաժողովը ձևավորվում է գնահատման խորհրդի կողմից՝ հետևյալ կազմով.

1) ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ՝ մշտական անդամներ.

2) համապատասխան ճյուղային նախարարության ներկայացուցիչ՝ ժամանակավոր անդամ.

3) համապատասխան ՀՀ ԱԺ ոլորտային հանձնաժողովի ներկայացուցիչ՝ ժամանակավոր անդամ.

4) անկախ անդամներ, որոնք կներկայացնեն ակադեմիական, փորձագիտական հանրությունը և (կամ) քաղաքացիական հասարակությունը՝ մշտական անդամներ։

36. Անկախ անդամների մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքներում պետք է համարվի սկզբունքային։

37. Խորհուրդը գումարվում է ըստ անհրաժեշտության, սակայն տարեկան առնվազն 3 անգամ։ Որոշումները կայացվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Որոշումները համարվում են իրավաչափ, եթե դրան մասնակցել են անկախ անդամներից առնվազն 2-ը։

38. Գնահատման խորհրդի հիմնական գործառույթներն են՝

1) ձևավորել գնահատման հանձնաժողովի անդամների կազմը.

2) հաստատել գնահատման տարեկան պլանը.

3) հաստատել գնահատման տեխնիկական առաջադրանքները և մրցութային հրավերների տեխնիկական պայմանները.

4) հաստատել գնահատման հաշվետվության և գնահատման գործընթացների համապատասխանության արդյունքները.

5) հանրայնացնել գնահատման արդյունքները.

6) գնահատման գործընթացի արդյունքում կայացնել համապատասխան որոշումներ։

39. Գնահատման հանձնաժողովի հիմնական գործառույթներն են՝

1) հաստատել գնահատման տարեկան պլանի նախագիծը ներկայացնել գնահատման խորհրդի հաստատմանը.

2) սահմանել գնահատման ենթակա կոնկրետ ծրագրերի գնահատման իրականացման ժամկետները.

3) քննել գնահատման քարտուղարության կողմից ներկայացված գնահատման տեխնիկական առաջադրանքները և ներկայացնել գնահատման խորհրդի հաստատմանը.

4) հաստատել գնահատման մրցույթների արդյունքները.

5) հաստատել կոնկրետ ծրագրերի գնահատման համար ներկայացված մեթոդաբանությունները.

6) իրականացնել գնահատման արդյունքների և որակի քննություն (համաձայն N 1 հավելվածում ներկայացվող ստուգաթերթի).

7) ապահովել շահագրգիռ կողմերի և գործընկերների հետ համագործակցություն:

40. Միջազգային զարգացման գործակալությունների և (կամ) առանձին դոնորների կամ այլ կերպ համագործակցաբար իրականացվող ծրագրերի դեպքում տվյալ մարմինների ներկայացուցիչները կարող են խորհրդակցական ձայնի իրավունքով ընդգրկվել գնահատման հանձնաժողովում:

 

8. Գնահատման մեթոդաբանությունը

 

41. Բյուջետային ծրագրերի գնահատումն իրականացվում է «Բյուջետային ծրագրերի գնահատման մեթոդական ուղեցույցի» հիման վրա, որը հաստատվում է ՀՀ ՖՆ-ի կողմից։

42. Յուրաքանչյուր բյուջետային ծրագրի գնահատման դեպքում նախապես մշակվում է համապատասխան տեխնիկական առաջադրանք, որում առաջնորդվելով վերոնշյալ ուղեցույցով՝ ներկայացվում են տվյալ ծրագրի համար համապատասխանեցված մեթոդական շրջանակ և պահանջներ։

43. Ընդհանուր առմամբ, գնահատման համար հիմք պետք է ծառայեն լայնորեն կիրառվող գնահատման հետևյալ 5 ստանդարտ չափանիշները՝

1) համապատասխանություն.

2) նպատակների հասանելիություն.

3) արդյունավետություն.

4) ազդեցություն.

5) արդյունքների կայունություն։

44. Ի լրումն հիմնական այս չափանիշների՝ կարող են կիրառվել նաև լրացուցիչ չափանիշներ և չափորոշիչներ (միջոլորտային կամ խաչվող)՝ այլ ազդեցությունների գնահատման և վերլուծության համար:

45. Գնահատման վերջնական մեթոդաբանությունը մշակվում է գնահատողի կողմից, որը ենթակա է համաձայնեցման գնահատման հանձնաժողովի կողմից։

46. Ծրագրի գնահատման ընթացքում գնահատողը պետք է համապատասխան տեղեկատվական և կազմակերպական աջակցություն ստանա ծրագրի պատասխանատու և (կամ) իրականացնող պետական մարմնի(ների) կողմից։

47. Գնահատողը պարտավոր է չհրապարակել և չտրամադրել գործունեության ընթացքում կամ արդյունքում իրեն հայտնի դարձած տեղեկությունները` բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

 

9. Արդյունքների օգտագործումը

 

48. Գնահատման հանձնաժողովի կողմից գնահատման հաշվետվության հաստատումից հետո ուղարկում է տվյալ բյուջետային ծրագրի (միջոցառման) պատասխանատու պետական մարմնին՝ գնահատման արդյունքների արձագանք ստանալու նպատակով։ Այդ նպատակով տվյալ մարմինը ներկայացնում է գնահատման արդյունքների վերաբերյալ պետական մարմնի արձագանքի ամփոփաթերթը (հավելված N 2):

49. ՀՀ ՖՆ-ն, հաշվի առնելով ըստ առանձին չափանիշների գնահատումների արդյունքները, գնահատման համապատասխանության արդյունքները և պետական մարմնի արձագանքը, կարող է իրականացնել ծրագրի ամփոփ գնահատականների հաշվարկ՝ ըստ գնահատման սահմանված չափանիշների, և ծրագրի վարկանշում:

50. Ծրագրի գնահատման փաթեթը, այն է՝ գնահատման հաշվետվությունը, գնահատման գործընթացի և հաշվետվության համապատասխանության ստուգաթերթը և գնահատման արդյունքների վերաբերյալ պետական մարմինների արձագանքի ամփոփաթերթը, համապատասխան ուղեկցող գրությամբ և անհրաժեշտ մեկնաբանություններով և առաջարկներով ներկայացվում է ՀՀ վարչապետին, համապատասխան գերատեսչություններին և ՀՀ ԱԺ, ինչպես նաև դառնում է հասանելի ՀՀ ՖՆ-ի կայքում։ Դրանք հիմք են ծառայում համապատասխան որոշումների կայացման համար։

 

10. Համակարգի ներդրման ժամանակացույցը և գնահատման հաճախականությունը

 

51. Գնահատման համակարգի ներդրման առաջին փուլով (2024-2028 թթ.) սկզբնական՝ նախնական գնահատում կանցնեն բոլոր նոր նախաձեռնությունները, ընթացիկ ծրագրերը կգնահատվեն ըստ անհրաժեշտության, արդյունավետության և ազդեցության գնահատում կանցնեն բոլոր ավարտվող ծրագրերը։

52. 2029 թվականից պետական բյուջետային բոլոր ծրագրերի համար գնահատման գործընթացը կդառնա պարտադիր: Հաջորդող տասը տարիների ընթացքում կգնահատվեն պետական բյուջեի բոլոր ծրագրերը:

53. Վարկային և գրանտային ծրագրերը կարող են գնահատման չենթարկվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դոնոր կառույցների և պետական մարմինների պահանջով այդպիսի ծրագրերի իրականացման ընթացքում և ավարտից հետո սովորաբար ենթակա են պարտադիր գնահատումների:

54. Այլ հավասար պայմաններում, այսինքն՝ վերոնշյալ մարմինների կողմից այս ծրագրերի գնահատման պահանջի առկայության դեպքում, դրանք ևս ենթակա են գնահատման:

 

11. Գնահատման փորձարկումը, մեթոդաբանական շտկումներ և կանոնավոր գործընթացների ներդրում

 

55. Գնահատման համակարգի և գնահատման մեթոդաբանության նախագծի փորձարկման, հնարավոր թերությունների բացահայտման և հետագա կատարելագործման նպատակով՝ ՀՀ ՖՆ-ի կողմից կիրականացվեն առնվազն 3 բյուջետային ծրագրերի պիլոտային գնահատումներ:

56. Գնահատման ենթակա բյուջետային ծրագրերը կընտրվեն տարբեր ոլորտներից, չեն կրկնվի կառուցվածքի և բովանդակության առումով, կտարբերվեն ֆինանսավորման ծավալներով և այլ պարամետրերով:

57. Բյուջետային ծրագրերի պիլոտային գնահատումների արդյունքները հիմք կհանդիսանան գնահատման մեթոդաբանության նախագծի վերանայման և անհրաժեշտության դեպքում առանձին ծրագրերի առանձնահատկությունների սահմանման համար:

 

Բյուջետային ծրագրերի պատասխանատու պետական մարմիններում ծրագրերի գնահատման գործընթացի ներդրման ժամանակացույց

 

 

Միջոցառումներ

Ժամկետներ

1.

Բյուջետային ծրագրերի գնահատման մեթոդաբանության մշակում

2022 թ. մարտի 3-րդ տասնօրյակ

2.

Ընտրված առնվազն 3 բյուջետային ծրագրերի պիլոտային գնահատումների իրականացում

2022 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

3.

Գնահատման մեթոդաբանության նախագծի վերանայում և ճշգրտումներ, ծրագրերի բացահայտված առանձնահատկությունների ինտեգրում

2022 թ. հոկտեմբեր դեկտեմբեր

4.

Բյուջետային ծրագրերի գնահատման պատասխանատու ստորաբաժանումը համալրված է, մասնագետները վերապատրաստված են և ունեն համապատասխան կարողություններ։ Գնահատման ընթացակարգերն առկա են։

2023 թ. հունվար - դեկտեմբեր


Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

29.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

N 446-Ա որոշման

 

ՍՏՈՒԳԱԹԵՐԹ

 

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ

 

Գնահատվող ծրագրի անվանումը՝ _______________________________________________

 

Ստուգաթերթի լրացման ամսաթիվը՝ _______________________________________________

 

Գնահատման հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իրականացնում է ներկայացված գնահատման հաշվետվության քննություն և գնահատման որակի չափանիշներին համապատասխանության ստուգում՝ համաձայն հետևյալ գնահատման որակի ստուգման չափանիշների: Հանձնաժողովն այնուհետ ստացված բոլոր արդյունքների միջինացված տվյալներն ամփոփում է մեկ ստուգաթերթում։

 

 

Գնահատման որակի ստուգման չափանիշներ/ հարցադրումներ

Այո, լիովին

Այո, մասամբ

Ոչ

 

Կարիքների հասցեագրում

     

1.

Գնահատման հաշվետվությունը ճշգրտորեն նկարագրում է գնահատման առարկան՝ ներառյալ միջնորդության տրամաբանությունը և դրա նկարագրությունը

     

2.

Այն ընդգրկում է համապատասխան ժամանակահատվածը, թիրախային խմբերն ու ոլորտները

     

3.

Այն պատասխանում է տեխնիկական առաջադրանքի բոլոր հարցադրումներին

     

 

Մեթոդաբանության համապատասխանություն

     

4.

Գնահատման մեթոդաբանությունը նկարագրված է բավականաչափ մանրամասն

     

5.

Մեթոդաբանությունը համապատասխանում է ծրագրին

     

6.

Առկա են հստակ սահմանված չափելի, իրատեսական, իրագործելի չափորոշիչներ/հարցադրումներ

     

7.

Հաշվետվությունը մատնանշում է գնահատման մեթոդի հետ կապված սահմանափակումները և ռիսկերը

     

 

Տվյալների վստահելիություն

     

8.

Տվյալների հավաքագրման մոտեցումը հստակ բացատրված է և համահունչ է ընդհանուր գնահատմանը

     

9.

Տեղեկատվության աղբյուրները հստակ ներկայացված են

     

10.

Տվյալների հավաքագրման մեթոդները և գործիքները կիրառված են ստանդարտներին համապատասխան

     

11.

Բացատրվել և քննարկվել են տվյալների հավաքագրման սահմանափակումները

     

 

Վերլուծության հավաստիություն

     

12.

Վերլուծությունը հիմնված է հավաքագրված տվյալների և փաստերի վրա, կենտրոնացած է առավել կարևոր պատճառների, հետևանքների և ենթադրությունների վրա

     

13.

Ծրագրային համատեքստն ամբողջովին հաշվի է առնված

     

14.

Սահմանափակումները հայտնաբերված են, քննարկվել և ներկայացվել են զեկույցում

     

15.

Խաչվող ազդեցությունները և խնդիրները ներկայացված են առանձին ենթաբաժնով

     

 

Վավեր եզրակացություններ

     

16.

Արդյունքներն ամբողջովին ստացվել են առկա տվյալներից և վերլուծություններից

     

17.

Մեկնաբանություններն արդարացված են և հիմնավորված փաստարկներով

     

18.

Քննարկված է արդյունքների ընդհանրացման հնարավորությունը

     

19.

Եզրակացությունները համահունչ են, տրամաբանորեն կապված են վերլուծությունների հետ

     

20.

Եզրակացությունները զերծ են անձնական կամ քաղաքական նկատառումներից

     

21.

Ներկայացված առաջարկություններն օգտակար են

     

22.

Առաջարկությունները համահունչ են եզրակացություններին

     

23.

Առաջարկությունները գործնական, իրատեսական և բավականաչափ հստակ են՝ գործողությունների ուղեցույց մշակելու համար

     

 

Պարզ հաշվետվություն

     

24.

Հաշվետվությունը համապատասխանում է ներկայացվող պահանջներին՝ կառուցվածքի և ծավալի առումով

     

25.

Հաշվետվությունը բավարար պարզ է՝ լեզվի տեսանկյունից, և կարող է ներկայացվել տարբեր լսարանների

     

 

Գնահատման գործընթացի և հաշվետվության որակի համապատասխանության ստուգաթերթը լրացրած՝ գնահատման հանձնաժողովի անդամներ՝

 

 

Անուն, ազգանուն

Ստորագրություն

1.

   

2.

   

3.

   

...

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

29.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 3

ՀՀ վարչապետի

N 446-Ա որոշման

 

ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

 

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԻ

 

Պետական մարմնի անվանումը՝ __________________________________________________

 

Ամփոփաթերթի կազմման ամսաթիվը՝  ____________________________________________

 

#

Գնահատման հաշվետվությամբ ներկայացված առաջարկներ

1) լիովին ընդունելի են

2) մասամբ ընդունելի են

3) ընդունելի չեն

Մեկնաբանել, եթե մասամբ կամ լիովին ընդունելի չեն

Եթե լիովին կամ մասամբ ընդունելի են, ապա նշել համապատասխան որոշումները, գործողությունները և իրականացման ժամկետները

1

2

3

4

5

 

 

1)

2)

3)

 

 

 

 

1)

2)

3)

 

 

 

 

1)

2)

3)

 

 

 

 

1)

2)

3)

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

29.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ